Ջանքեր. երբ է Եհովան օրհնում դրանք
—ԹՈՂ տուր ինձ, որովհետեւ արշալոյսը ծագեց։
—Չեմ թողիլ քեզ՝ մինչեւ որ ինձ չօրհնես։
—Ի՞նչ է անունդ։
—Յակոբ է։
—Այլ եւս քո անունը Յակոբ չասուի, այլ Իսրայէլ. որովհետեւ Աստուծոյ հետ եւ մարդկանց հետ մարտնչեցիր, եւ յաղթեցիր (Ծննդոց 32։26–28)։
Այս հետաքրքիր խոսակցությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 97–ամյա Հակոբը զարմանալի կերպով ցուցաբերեց իր ատլետիկ ունակությունները։ Աստվածաշնչից չի երևում, որ նա ատլետ է եղել։ Չնայած դրան՝ Հակոբը ողջ գիշեր գոտեմարտեց մի հրեշտակի հետ։ Ի՞նչն էր պատճառը։ Նա խորապես մտահոգված էր այն խոստման համար, որը Եհովան տվել էր իր նախահորը, և որը իր հոգևոր ժառանգության մեջ էր մտնում։
Շատ տարիներ առաջ Հակոբի եղբայր Եսավը մի աման ապուրով նրա հետ փոխանակել էր իր անդրանիկության իրավունքը։ Այժմ Հակոբին լուր էր հասել, որ Եսավը 400 մարդկանցով գալիս է իր մոտ։ Հասկանալի պատճառներով անհանգստացած՝ Հակոբը ցանկանում էր հավաստիանալ, որ Եհովայի խոստումը կկատարվի, և որ նրա ընտանիքը կբարգավաճի Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրում։ Բացի այդ, իր աղոթքներին համապատասխան՝ նա գործնական քայլեր կատարեց։ Հակոբը առատ նվերներ ուղարկեց իր մոտ եկող Եսավին։ Նա նաև պաշտպանական միջոցներ ձեռնարկեց՝ իր հետ եղող մարդկանց երկու մասի բաժանելով և իր կանանց ու երեխաներին Հաբոկ գետի մյուս կողմը անցկացնելով։ Հետո տեսնում ենք, որ նա մեծ ջանքերի գնով ու արցունք թափելով՝ ողջ գիշեր մարտնչեց ինչ–որ հրեշտակի հետ ու «անկէ շնորհք խնդրեց» (Ովսէէ 12։5, Արևմտ. Աստ.; Ծննդոց 32։1–32)։
Քննենք ավելի վաղ տեղի ունեցած մի օրինակ ևս՝ Հակոբի երկրորդ և ամենասիրելի կնոջ՝ Ռաքելի օրինակը։ Նա լավ գիտեր, որ Եհովան խոստացել էր օրհնել Հակոբին։ Նրա քույրը՝ Լիան, որ Հակոբի առաջին կինն էր, ուներ որդիներ, մինչդեռ Ռաքելն անպտուղ էր (Ծննդոց 29։31–35)։ Սեփական անձի հանդեպ խղճահարության զգացումին տրվելու փոխարեն, սակայն, Ռաքելը միշտ աղոթում էր Եհովային և գործում իր աղոթքներին համապատասխան։ Իր նախամայր Սարայի օրինակով՝ նա իր աղախին Բաղղային տալիս է Հակոբին որպես հարճ՝ ասելով «ես էլ նորանից որդիներ ստանամ», ճիշտ ինչպես Սարան վարվեց Հագարի հետ։a Բաղղան երկու տղա է ունենում՝ Դանին և Նեփթաղիմին։ Նեփթաղիմի ծնվելուց հետո Ռաքելի ասած խոսքերից ակնհայտ է դառնում, թե իր թափած ջանքերը զգացական ուժերի ինչպիսի լարում են պահանջել նրանից։ Նա հայտարարում է. «Իմ քրոջ հետ աստուածային ընբշամարտութիւնով մարտնչեցի եւ յաղթեցի»։ Հետագայում Ռաքելն ինքը օրհնվեց երկու որդիներով, դրանք էին՝ Հովսեփն ու Բենիամինը (Ծննդոց 30։1–8; 35։24)։
Ինչո՞ւ Եհովան օրհնեց Հակոբի ու Ռաքելի ջանքերը, որ թե՛ ֆիզիկական և թե՛ զգացական ուժերի լարում էին պահանջում։ Քանի որ նրանց կյանքում ամենագլխավորը Եհովայի կամքն էր, և նրանք բարձր էին գնահատում իրենց հոգևոր ժառանգությունը։ Բացի այդ, նրանք անկեղծ սրտով աղոթում էին Եհովայի օրհնությունը ստանալու համար և դիմում էին գործնական քայլերի՝ Աստծո կամքին ու իրենց խնդրանքներին ներդաշնակ։
Հակոբի ու Ռաքելի նման՝ այսօր շատերը կարող են ասել, որ Եհովայի օրհնությունը ստանալու համար մեծ ջանքեր են հարկավոր։ Այդ ջանքերը կարող են հաճախ ուղեկցվել արցունքներով, վհատությամբ, հիասթափությամբ։ Էլիզաբեթ անունով մի քրիստոնյա կին հիշում է, թե ինչպիսի ջանքեր գործադրեց, որպեսզի երկար բացակայությունից հետո նորից կարողանար կանոնավորապես հաճախել քրիստոնեական հանդիպումներին։ Դա շատ դժվար էր, քանի որ նա ուներ հինգ փոքր տղաներ և իր հավատը չկիսող ամուսին։ Բացի այդ, ամենամոտ Թագավորության սրահը գտնվում էր իրենցից 30 կմ հեռավորության վրա։ «Ժողովներին կանոնավորապես ներկա լինելու համար ինքնադաստիարակություն էր հարկավոր։ Ես գիտակցում էի, որ դա օգտակար էր ոչ միայն իմ, այլև որդիներիս համար։ Դա օգնեց նրանց տեսնելու, որ իբրև կյանքի ուղի արժե ընտրել այդ ճանապարհը»։ Եհովան օրհնեց նրա ջանքերը։ Քրիստոնեական ժողովում ակտիվորեն ծառայող իր երեք տղաներից երկուսը լիաժամ ծառայության մեջ են։ Ուրախանալով իրենց հոգևոր առաջադիմության համար՝ նա ասում է. «Նրանք գերազանցեցին իմ սպասելիքները»։ Ինչպիսի՜ օրհնություն՝ թափված ջանքերի դիմաց։
Ջանքեր, որ Եհովան օրհնում է
Ջանք թափելն ու շատ աշխատելը պարգևատրություն է բերում։ Որքան ավելի շատ ջանք ենք գործադրում տվյալ հանձնարարությունը կատարելու համար, այնքան ավելի ուժեղ է լինում բավարարվածության զգացումը։ Եհովան մեզ այդպես է ստեղծել։ «Ամէն մարդու ուտելն ու խմելը եւ իր բոլոր աշխատութենէն բարիք վայելելը Աստուծոյ պարգեւն է» (Ժողովող 3։13, Արևմտ. Աստ.; 5։18, 19)։ Աստծուց օրհնություն ստանալու համար, սակայն, մենք պետք է համոզվենք, որ մեր ջանքերը ճիշտ ուղղությամբ ենք գործադրում։ Օրինակ՝ մի՞թե խելամիտ կլինի Եհովայից օրհնություն սպասել հոգևոր գործերը կյանքում երկրորդ տեղը դնելու դեպքում։ Կարո՞ղ է նվիրված քրիստոնյան ակնկալել, թե կստանա Եհովայի հավանությունը, եթե համաձայնվում է այնպիսի աշխատանքի, որի պատճառով կանոնավորապես բաց է թողնելու քրիստոնեական հանդիպումները և հետևաբար՝ հավատն ամրացնող շփումն ու ուսուցումը, որ ստանում ենք այնտեղ (Եբրայեցիս 10։23–25)։
Եթե ձգտում ենք կարիերայի կամ նյութական բարեկեցության՝ անելով դա հոգևոր գործերի հաշվին, դժվար կլինի ասել, թե ‘բարիք ենք վայելում’։ Սերմնացանի օրինակով՝ Հիսուսը բացատրեց, թե ինչ հետևանքների կարող են բերել սխալ ուղղությամբ թափված ջանքերը։ «Փշերի մէջ» ցանված սերմի մասին՝ նա ասաց. «[Դա] այն է, որ լսում է խօսքը, բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ» (Մատթէոս 13։22)։ Պողոսն էլ է զգուշացնում նույն ծուղակի մասին՝ ավելացնելով, որ նյութապաշտական ուղի բռնած մարդիկ «ընկնում են փորձութեան, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկութիւնների մէջ, որոնք ընկղմում–տանում են մարդկանց դէպի կործանում եւ դէպի կորուստ»։ Ո՞րն է նման՝ հոգևորապես կործանարար ուղուց խուսափելու միջոցը։ Պողոսը գրում է. ‘Փախի՛ր այդ բաներից և մի՛ ապավինիր սնոտի հարստությանը, այլ՝ Աստծուն, որ մեզ առատապես ամեն ինչ տալիս է վայելելու համար’ (Ա Տիմոթէոս 6։9, 11, 17)։
Անկախ տարիքից և ծառայության մեջ անցկացրած ժամանակից՝ բոլորս էլ կարող ենք օգուտ քաղել Հակոբի ու Ռաքելի օրինակից՝ ընդօրինակելով մեծ ջանքեր գործադրելու նրանց ոգին։ Նրանք փնտրել են Աստծո հավանությունը և երբեք չեն մոռացել իրենց հոգևոր ժառանգության մասին, որքան էլ իրավիճակը ահազդու կամ հուսահատեցնող թվար։ Այն ճնշումներն ու հալածանքները, որոնց հետ այսօր բախվում ենք, կարող են նույնքան ահազդու, հուսահատեցնող և նույնիսկ ընկճող լինել։ Գուցե ցանկություն առաջանա դադարեցնել պայքարը։ Սակայն այդպես մենք կդառնանք Սատանայի հերթական զոհը։ Վերջինս իր նպատակներին հասնելու համար կարող է օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած միջոց՝ զվարճություն, ժամանց, սպորտ, որևէ անձնական հետաքրքրություն, կարիերա, բարեկեցություն։ Պետք է հիշել, որ խոստումներ հաճախ են տրվում, բայց հազվադեպ են իրականացվում։ Հաճախ է պատահել այնպես, որ նման ձգտումներով տարված մարդիկ ի վերջո հիասթափություն են ապրել։ Ուստի հնում ապրած Հակոբի ու Ռաքելի նման եկեք եռանդուն մարտիկի ոգի զարգացնենք ու հաղթահարենք Սատանայի նյութած դավերը։
Սատանայի փափագն է՝ մեզ հաղթված տեսնել։ Նա ցանկանում է, որ մտածենք, թե անհույս վիճակում ենք, թե ոչինչ հնարավոր չէ անել, և թե պայքարելու իմաստ չկա։ Որքան կարևոր է, ուրեմն, որ զգույշ լինենք ու չզարգացնենք պարտվողին հատուկ տրամադրվածություն՝ մտածելով, թե ոչ ոք մեզ չի սիրում, և թե Եհովան մոռացել է մեզ։ Նման մտածելակերպը կործանարար է։ Դա ցույց կտա, որ հանձնվել ենք և մինչև որևէ օրհնություն չստանանք, չենք պատրաստվում շարունակել պայքարը։ Հիշիր՝ Եհովան ջանքերն է օրհնում։
Շարունակիր պայքարել Եհովայի օրհնության համար
Մեր՝ Եհովայի ծառաներիս հոգևոր բարօրությունը մեծապես կախված է մեր կյանքի վերաբերյալ երկու հիմնական ճշմարտությունների գիտակցումից. 1) խնդիրները, տկարություններն ու դժվարությունները միայն մեզ չեն բաժին ընկել. 2) Եհովան լսում է այն անհատների աղաղակը, ովքեր անկեղծորեն նրանից օգնություն և օրհնություն են խնդրում (Ելից 3։7–10; Յակոբոս 4։8, 10; Ա Պետրոս 5։8, 9)։
Որքան էլ դժվար իրավիճակում հայտնվես, և որքան էլ հնարավորություններդ քեզ սահմանափակ թվան՝ մի տրվիր «մեզ դիւրաւ պաշարող» մեղքին՝ հավատի պակասին (Եբրայեցիս 12։1, ԱԹ)։ Շարունակիր պայքարել, մինչև որ ստանաս օրհնությունը։ Համբերություն դրսևորիր՝ հիշելով ծեր Հակոբին, որը օրհնության համար ողջ գիշեր մարտնչեց։ Գարնանը իր սերմը ցանող ու բերքահավաքին սպասող գյուղացու նման համբերությամբ փնտրիր Եհովայի օրհնությունը քո հոգևոր գործունեության մեջ, ինչքան էլ այն փոքր թվա (Յակոբոս 5։7, 8)։ Միշտ հիշիր սաղմոսերգուի խոսքերը. «Արտասուքով ցանողները ցնծութիւնով կ’հնձեն» (Սաղմոս 126։5; Գաղատացիս 6։9)։ Կանգուն եղիր և մնա պայքարողների շարքում։
[ծանոթագրություն]
a Հարճ պահելու սովորությունը գոյություն է ունեցել նախքան Օրենքի ուխտի հաստատումը։ Այն նաև ճանաչվել է Մովսիսական օրենքով։ Մինչև Հիսուս Քրիստոսի հայտնվելը Աստված չի վերականգնել Եդեմի պարտեզում հաստատված մենամուսնության սկզբունքը՝ գտնելով, որ դեռ չի հասունացել դրա ժամանակը։ Բայց նա օրենսդրության միջոցով պաշտպանել է հարճերի իրավունքները։ Տրամաբանական է ենթադրել, որ այդ սովորությունը նպաստել է, որ Իսրայելի ժողովուրդը ավելի արագ բազմանա։