Ժողովող
3 Ամեն ինչ իր ժամանակն ունի:
Երկնքի տակ ամեն գործի համար ժամանակ կա.
2 Ծնվելու* ժամանակ և մահանալու ժամանակ,
Տնկելու ժամանակ և արմատախիլ անելու ժամանակ,
3 Սպանելու ժամանակ և բուժելու ժամանակ,
Քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ,
4 Լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ,
Ողբալու ժամանակ և պարելու ժամանակ,
5 Քարեր դեն նետելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ,
Գրկելու ժամանակ և գրկախառնությունից խուսափելու ժամանակ,
6 Փնտրելու ժամանակ և կորցրածի հետ համակերպվելու ժամանակ,
Պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ,
7 Պատռելու ժամանակ+ և կարելու ժամանակ,
Լռելու ժամանակ+ և խոսելու ժամանակ,+
8 Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ,+
Պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ:
9 Մարդն ի՞նչ օգուտ ունի իր տքնաջան աշխատանքից:+ 10 Ես տեսել եմ այն գործերը, որոնք Աստված տվել է մարդկանց, որ զբաղվեն դրանցով: 11 Ամեն ինչ նա գեղեցիկ* է արել իր ժամանակին:+ Նույնիսկ հավիտենություն է դրել մարդկանց սրտերում, բայց նրանք երբեք սկզբից մինչև վերջ չեն ըմբռնի ճշմարիտ Աստծու գործերը:
12 Ես հասկացել եմ, որ մարդու համար իր կյանքի ընթացքում ուրախանալուց ու բարիք գործելուց ավելի լավ բան չկա,+ 13 և որ մարդ պետք է ուտի, խմի և հաճույք ստանա իր աշխատանքից: Դա պարգև է Աստծուց:+
14 Հասկացել եմ, որ այն ամենը, ինչ ճշմարիտ Աստված անում է, մնալու է հավիտյան: Դրան ոչինչ չկա ավելացնելու և դրանից ոչինչ չկա պակասեցնելու: Ճշմարիտ Աստված այդ ամենն այդպես է արել, որ մարդիկ վախենան իրենից:+
15 Ինչ որ տեղի է ունենում, արդեն տեղի է ունեցել, և ինչ որ լինելու է, արդեն եղել է:+ Բայց ճշմարիտ Աստված իրականացնելու է այն, ինչին մարդիկ հետամուտ են լինում:*
16 Արեգակի տակ ես նաև սա տեսա. որտեղ արդարադատություն պիտի լիներ, չարագործություն էր, և որտեղ արդարություն պիտի լիներ, անօրենություն էր:+ 17 Ինքս ինձ ասացի. «Ճշմարիտ Աստված կդատի թե՛ արդարին, թե՛ չարագործին,+ քանի որ ամեն գործի և ամեն արարքի համար ժամանակ կա»:
18 Մարդկանց վերաբերյալ ինքս ինձ նաև ասացի, որ ճշմարիտ Աստված նրանց ստուգում է և ցույց տալիս, որ նրանք կենդանիների նման են, 19 որովհետև թե՛ մարդու և թե՛ կենդանու վերջը նույնն է:+ Ինչպես մեկն է մեռնում, այնպես էլ մյուսն է մեռնում, և բոլորն էլ մեկ ոգի ունեն:+ Այնպես որ մարդը կենդանուց ոչ մի առավելություն չունի, քանի որ ամեն ինչ փուչ է: 20 Բոլորը նույն տեղն են գնում:+ Բոլորը հողից են ստեղծվել,+ և բոլորը դեպի հողն են հետ դառնում:+ 21 Ո՞վ գիտի, թե արդյոք մարդկանց ոգին վեր է բարձրանում, կամ թե կենդանիների ոգին իջնում է ցած՝ գետնի տակ:+ 22 Եվ ես հասկացա, որ մարդու համար իր աշխատանքից ուրախություն ստանալուց ավելի լավ բան չկա,+ քանի որ դա է նրա վարձատրությունը, որովհետև ո՞վ կարող է նրան ցույց տալ, թե իրենից հետո ինչ է լինելու:+