Հարցնո՞ւմ ես. «Ո՞ւր է Եհովան»
«Հեռացան ինձանից.... Եւ չ’ասեցին թէ Ո՞ւր է Տերը [«Եհովան», ՆԱ]» (ԵՐԵՄԻԱ 2։5, 6)։
1. «Ո՞ւր է Աստված» հարցը տալով՝ ի՞նչ են մարդիկ փորձում հասկանալ։
«Ո՞ՒՐ Է ԱՍՏՎԱԾ»։ Շատերն են տալիս այս հարցը։ Ոմանց պարզապես հետաքրքրում է շատ պարզ մի բան՝ որն է Ստեղծիչի բնակության վայրը։ Ուրիշներ էլ այդ հարցը տալիս են որևէ մեծ աղետից հետո, կամ երբ անհատապես որևէ դժբախտության են հանդիպում և չեն կարողանում հասկանալ, թե ինչու Աստված որևէ ձևով չի միջամտում։ Սակայն կան նաև մարդիկ, որոնց ընդհանրապես չի հետաքրքրում այս հարցի պատասխանը, քանի որ նրանք Աստծո գոյության գաղափարն անգամ չեն ընդունում (Սաղմոս 10։4)։
2. Աստծուն փնտրելու հարցում ովքե՞ր են հաջողության հասել։
2 Անշուշտ, շատերն են ընդունում, որ Աստծո գոյությունն ապացուցող բազմաթիվ փաստեր կան (Սաղմոս 19։1; 104։24)։ Նրանցից ոմանք բավարարվում են լոկ որևէ կրոնի պատկանելով։ Սակայն ամբողջ աշխարհում ապրող միլիոնավոր մարդիկ, ճշմարտության հանդեպ խոր սիրուց մղված, փնտրել են ճշմարիտ Աստծուն։ Այդ նպատակով նրանց թափած ջանքերը ապարդյուն չեն եղել, քանի որ Աստված, ինչպես Աստվածաշնչում է ասվում, «հեռու չէ մեր ամեն մէկիցը» (Գործք 17։26–28)։
3. ա) Որտե՞ղ է Աստծո բնակության վայրը։ բ) Ի՞նչ է նշանակում Սուրբ Գրություններում հանդիպող ‘ո՞ւր է Եհովան’ հարցը։
3 Երբ անհատն իսկապես գտնում է Եհովային, նա ըմբռնում է, որ «Աստուած Հոգի է», անտեսանելի՝ մարդկային աչքի համար (Յովհաննէս 4։24)։ Հիսուսը ճշմարիտ Աստծո մասին խոսելիս ասաց. ‘Իմ Հայրը, որ երկնքում է’։ Ի՞նչ է դա նշանակում։ Ինչպես որ երկինքն է բարձր երկրից, այնպես էլ հոգևոր առումով վեհ ու բարձր է այն ոլորտը, որտեղ բնակվում է մեր երկնային Հայրը (Մատթէոս 12։50; Եսայիա 63։15)։ Թեև մենք չենք կարող տեսնել Աստծուն մեր ֆիզիկական աչքերով, այնուամենայնիվ նա հնարավորություն է տալիս մեզ ճանաչել իրեն և բազում գիտելիքներ ձեռք բերել իր նպատակների մասին (Ելից 33։20; 34։6, 7)։ Աստված պատասխանում է անկեղծ մարդկանց հարցերին. այն մարդկանց, ովքեր փնտրում են կյանքի իմաստը։ Նա վստահելի տեղեկություններ է տալիս մեզ, որպեսզի կարողանանք հասկանալ իր տեսակետը մեր կյանքի կարևոր հարցերի վերաբերյալ, այսինքն՝ հասկանալ, թե ինչպես է նա դիտում այդ հարցերը, և թե արդյոք մեր ցանկությունները համապատասխանում են նրա նպատակներին։ Նա կամենում է, որ մենք հետաքրքրություն հանդես բերենք այդ հարցերի հանդեպ և լրջորեն ջանքեր թափենք ստանալու դրանց պատասխանները։ Երեմիա մարգարեի միջոցով Եհովան հանդիմանեց վաղեմի իսրայելացիներին, քանի որ նրանք թերացան այդպես վարվել։ Նրանք գիտեին Աստծո անունը, բայց չհարցրին՝ «Ո՞ւր է Տերը [«Եհովան», ՆԱ]» (Երեմիա 2։6)։ Եհովայի նպատակները նրանց համար կարևոր չէին։ Նրանք չէին փնտրում Աստծո առաջնորդությունը։ Իսկ դու հարցնո՞ւմ ես, թե ուր է Եհովան, երբ պետք է լինում որոշում կայացնել՝ անկախ այն բանից մեծ է այն, թե փոքր։
Նրանք հարցրին Աստծուն
4. Եհովային հարցնելու վերաբերյալ Դավիթի թողած օրինակից ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել։
4 Դավիթը՝ Հեսսեի որդին, դեռևս պատանի հասակից ամուր հավատ էր մշակել Եհովայի հանդեպ։ Նա ճանաչում էր Եհովային որպես «կենդանի Աստուծոյ» և անձամբ զգացել էր նրա պաշտպանությունը։ Եհովայի անվան նկատմամբ հավատից ու սիրուց մղված՝ Դավիթը սպանեց ամբողջապես սպառազինված փղշտացի հսկա Գողիաթին (Ա Թագաւորաց 17։26, 34–51)։ Նրա այդ հաջողությունը, սակայն, իրեն չափազանց ինքնավստահ չդարձրեց։ Նա չսկսեց մտածել, թե ինչ էլ որ դրանից հետո անի, միևնույն է, Եհովան կօրհնի իրեն։ Հետագա տարիներին որոշումներ կայացնելիս Դավիթը շատ ու շատ անգամ «Տիրոջը հարցրեց» (Ա Թագաւորաց 23։2; 30։8; Բ Թագաւորաց 2։1; 5։19)։ Նա միշտ աղոթում էր. «Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։ Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. քեզ եմ յոյս դրել ամեն օր» (Սաղմոս 25։4, 5)։ Ինչպիսի՜ հիանալի օրինակ մեզ համար։
5, 6. Իր կյանքի տարբեր պահերին Հովսափատը ինչպե՞ս փնտրեց Եհովային։
5 Դավիթի թագավորական շառավղից սերող հինգերորդ թագավորի՝ Հովսափատի օրերում երեք ազգեր միացյալ ուժերով եկան Հուդայի դեմ պատերազմելու։ Ազգի համար այդ վճռական պահին Հովսափատն իր «երեսն ուղղեց Տիրոջը խնդրելու [«փնտռելու», Արևմտ. Աստ.]» (Բ Մնացորդաց 20։1–3)։ Սա առաջին անգամ չէր, որ Հովսափատը Եհովային էր փնտրում։ Նա մերժել էր Բահաղի երկրպագությունը, որ տարածված էր Իսրայելի հավատուրաց հյուսիսային թագավորությունում, և որոշել էր քայլել Եհովայի ճանապարհներով (Բ Մնացորդաց 17։3, 4)։ Ինչպե՞ս ‘Եհովային հարցրեց’ Հովսափատը այս անգամ՝ նման ծանր իրավիճակում գտնվելիս։
6 Այս ծանր իրադրության մեջ Երուսաղեմում մատուցած իր հրապարակավ աղոթքում Հովսափատը նշեց, որ մտաբերել է Եհովայի ամենակալ զորությունը։ Նա խոր կերպով մտածել էր այն մասին, թե հին ժամանակներում ինչպես էր Եհովան իրագործել օտար ազգերին դուրս քշելու և նրանց տարածքները Իսրայել ազգին որպես ժառանգություն տալու իր նպատակը։ Հովսափատը հասկանում էր, որ Եհովայի օգնության կարիքն ունի (Բ Մնացորդաց 20։6–12)։ Այս առիթով թույլ տվե՞ց արդյոք Եհովան, որ Հովսափատը «գտնի իրեն»։ Իհարկե։ Ղևտացի Հազիելի միջոցով Եհովան կոնկրետ առաջնորդություն տվեց, իսկ հաջորդ օրը հաղթանակ պարգևեց իր ժողովրդին (Բ Մնացորդաց 20։14–28)։ Ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ Եհովան քեզ էլ թույլ կտա գտնել իրեն, եթե առաջնորդություն խնդրես։
7. Ո՞ւմ աղոթքներն է Աստված լսում։
7 Եհովան անաչառ է։ Նա բոլոր ազգերի մարդկանց հրավիրում է աղոթքի միջոցով իրեն փնտրել (Սաղմոս 65։2; Գործք 10։34, 35)։ Նա տեղյակ է, թե ինչ կա իրեն աղոթող յուրաքանչյուր մարդու սրտում և վստահեցնում է, որ լսում է արդարների աղոթքը (Առակաց 15։29)։ Եհովան այնպիսի մարդկանց է թույլ տալիս, որ իրեն գտնեն, ովքեր անցյալում անտարբեր են եղել իր հանդեպ, սակայն հիմա հեզությամբ առաջնորդություն են խնդրում իրենից (Եսայիա 65։1)։ Նա նույնիսկ լսում է այն մարդկանց աղոթքը, ովքեր նախկինում չեն պահել իր օրենքները, բայց այժմ խոնարհաբար զղջում են դրա համար (Սաղմոս 32։5, 6; Գործք 3։19)։ Սակայն երբ անհատը իր սիրտը չի հնազանդեցնում Աստծուն, նրա աղոթքները զուր են (Մարկոս 7։6, 7)։ Քննարկենք մի քանի օրինակ։
Նրանք խնդրեցին, բայց չստացան
8. Ի՞նչ պատճառով էին Եհովայի համար անընդունելի Սավուղ թագավորի աղոթքները։
8 Երբ Սամուել մարգարեն Սավուղ թագավորին տեղեկացրեց, որ վերջինս անհնազանդության համար մերժվել է Աստծո կողմից, Սավուղը «երկրպագութիւն արաւ» Եհովային (Ա Թագաւորաց 15։30, 31)։ Բայց դա լոկ ձևականություն էր. Սավուղի նպատակը ոչ թե Աստծուն հնազանդվելն էր, այլ ժողովրդի կողմից պատվի արժանանալը։ Հետագայում, երբ փղշտացիները պատերազմում էին Իսրայելի դեմ, Սավուղը միայն ձևականորեն հարցրեց Եհովային, ու երբ պատասխան չստացավ, նա դիմեց ոգեմիջնորդի օգնությանը՝ իմանալով հանդերձ, որ Եհովան դատապարտում է նման արարքները (Բ Օրինաց 18։10–12; Ա Թագաւորաց 28։6, 7)։ Այդ պատճառով, ամփոփելով այս պատմությունը, Ա Մնացորդաց 10։14–րդ համարը Սավուղի համար ասում է. «[Նա] Տիրոջը չ’հարցրեց»։ Ինչո՞ւ։ Որովհետև նա հավատո՛վ չէր աղոթում, և դա հավասար էր այն բանին, որ Սավուղը կարծես ընդհանրապես աղոթած չլիներ։
9. Ի՞նչն էր սխալ Սեդեկիա թագավորի մատուցած խնդրանքի մեջ, երբ նա Եհովայից առաջնորդություն էր հայցում։
9 Նույնանման կերպով, մինչ մոտենում էր Հուդայի թագավորության վախճանը, ժողովուրդը բազմաթիվ աղոթքներ էր մատուցում Եհովային ու հարցնում նրա մարգարեներին։ Բայց նրանք ձևականորեն էին մեծարում Եհովային և միևնույն ժամանակ էլ կռապաշտությամբ էին զբաղվում (Սոփոնիա 1։4–6)։ Թեև նրանք մեխանիկորեն հարցնում էին Աստծուն, սակայն չէին պատրաստում իրենց սրտերը, որ ենթարկվեն նրա կամքին։ Սեդեկիա թագավորը խնդրեց Երեմիային, որպեսզի վերջինս Եհովային հարցնի իր համար։ Եհովան թագավորին արդեն ասել էր, թե նա ինչ պետք է անի, բայց նա, թերահավատությամբ և մարդավախությամբ լցված, չհնազանդվեց Նրա ձայնին. Եհովան էլ իր հերթին չհայտնեց ոչ մի նոր բան, ինչ թագավորը կցանկանար լսել (Երեմիա 21։1–12; 38։14–19)։
10. Ի՞նչն էր սխալ Յոհանանի՝ Եհովայից առաջնորդություն խնդրելու մեջ, և ի՞նչ դաս ենք քաղում նրա կատարած սխալից։
10 Երբ Երուսաղեմը կործանվեց, և բաբելոնական բանակը հեռացավ՝ տանելով իր հետ հրեա գերիներին, Յոհանանը պատրաստվում էր Եգիպտոս տանել մարդկանց մի փոքր խմբի, որը դեռ մնացել էր Հուդայում։ Նրանք ամեն ինչ արդեն ծրագրել էին, սակայն նախքան մեկնելը Երեմիային դիմեցին, որ իրենց համար աղոթի և Եհովայից առաջնորդություն խնդրի, բայց երբ չստացան իրենց ուզած պատասխանը, վարվեցին այնպես, ինչպես որ ծրագրել էին (Երեմիա 41։16–43։7)։ Այս դեպքերից կարո՞ղ ես քեզ համար օգտակար դասեր քաղել՝ այն, որ երբ Եհովայի ‘երեսը որոնես’, նա թույլ կտա, որ գտնես իրեն։
«Ստուգեցէք»
11. Ինչո՞ւ պետք է կիրառենք Եփեսացիս 5։10–ը։
11 Ճշմարիտ երկրպագու լինելու համար ավելին է հարկավոր, քան միայն մեր նվիրումը ջրի մեջ խորհրդանշելը, ժողովների հաճախելը և քարոզչական ծառայությանը մասնակցելը։ Մեր ամբողջ կենսակերպով պետք է ցույց տանք, որ Աստծո ճշմարիտ երկրպագուներ ենք։ Ամեն օր մենք տարբեր տեսակի ճնշումների ենք ենթարկվում. դրանցից մի քանիսն աննկատելի են, իսկ մի քանիսն էլ բացահայտ։ Այդպիսի ճնշումները կարող են շեղել մեզ աստվածապաշտ ընթացքից։ Ինչպիսի՞ն է մեր արձագանքը։ Եփեսացի հավատարիմ քրիստոնյաներին գրած նամակում Պողոս առաքյալը նրանց հորդորեց. «Փորձեցէք [«Ստուգեցէք», ԷԹ] թէ ինչ է հաճոյ Տիրոջը» (Եփեսացիս 5։10)։ Թե որքանով է խելամիտ հետևել այս հորդորին, կարելի է տեսնել Գրություններում արձանագրված բազմաթիվ դեպքերից։
12. Երբ Դավիթը ուխտի տապանակը տեղափոխում էր Երուսաղեմ, ինչո՞ւ դա բարկացրեց Եհովային։
12 Ուխտի տապանակը վերադարձվել էր Իսրայել և երկար տարիներ պահվել Կարիաթարիմում։ Դավիթ թագավորը ցանկացավ այն տեղափոխել Երուսաղեմ։ Նա խորհրդակցեց ժողովրդի իշխանների հետ և ասաց, որ տապանակը պետք է տեղափոխել, ‘եթե [դա] նրանց հաճո էր, և այդ բանը Տեր Աստվածանից էր’։ Սակայն նա թերացավ բավարար կերպով ստուգել և իմանալ Եհովայի կամքը տվյալ հարցի վերաբերյալ։ Եթե նա այդպես վարվեր, ապա տապանակը երբեք սայլի վրա չէր դնի, այլ Կահաթյան ղևտացիները կտեղափոխեին այն իրենց ուսերի վրա դրած, ինչպես Աստված էր հստակ կերպով պատվիրել։ Չնայած նրան, որ Դավիթը հաճախ էր հարցրել Եհովային, այս դեպքում նա թերացավ այդպես վարվել։ Հետևանքն աղետալի էր։ Հետագայում Դավիթը հասկացավ իր սխալը։ Նա գրեց. «Տէր Աստուածը մեզ հարուած տուաւ, որովհետեւ նորան չ’խնդրեցինք ինչպէս որ կարգն է» (Ա Մնացորդաց 13։1–3; 15։11–13; Թուոց 4։4–6, 15; 7։1–9)։
13. Ինչպիսի՞ հիշեցում էր պարունակում այն երգը, որ ղևտացիները երգում էին ուխտի տապանակը հաջողությամբ տեղափոխելուց հետո։
13 Երբ ղևտացիները տապանակը վերջապես Աբդեդոմի տանից Երուսաղեմ տեղափոխեցին, նրանք Դավիթի հորինած երգը երգեցին։ Երգի տողերում կար հետևյալ սրտաբուխ հիշեցումը. «Տիրոջը խնդրեցէք եւ նորա զորութիւնը. Միշտ նորա երեսը որոնեցէք։ Յիշեցէք նորա հրաշքները որ արավ, Նորա նշանները եւ նորա բերանի իրաւունքը» (Ա Մնացորդաց 16։11, 12)։
14. Ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել Սողոմոնի օրինակից ու դաս քաղել նրա՝ կյանքի վերջին տարիներին գործած սխալներից։
14 Մահանալուց առաջ Դավիթ թագավորը իր որդի Սողոմոնին հետևյալ խորհուրդը տվեց. «Եթէ [Եհովային] որոնես, նա կ’գտնուի քեզանից» (Ա Մնացորդաց 28։9)։ Գահ բարձրանալուց հետո Սողոմոնը գնաց Գաբավոն, որտեղ ժողովքի խորանն էր գտնվում, և զոհեր մատուցեց Եհովային։ Այնտեղ Եհովան Սողոմոնին ասաց. «Խնդրիր թէ քեզ ինչ տամ»։ Ի պատասխան Սողոմոնի խնդրանքին՝ Եհովան նրան մեծ իմաստություն և գիտելիքներ տվեց Իսրայել ազգը դատելու համար. ի լրումն այս ամենի՝ Եհովան Սողոմոնին տվեց նաև պատիվ և հարստություն (Բ Մնացորդաց 1։3–12)։ Օգտագործելով Եհովայի կողմից Դավիթին տրված շինարարական նախագիծը՝ Սողոմոնը մի շքեղ տաճար կառուցեց։ Սակայն ամուսնական կյանքում Սողոմոնը թերացավ փնտրել Եհովային։ Նա ամուսնացավ այնպիսի կանանց հետ, ովքեր Եհովային չէին երկրպագում, և այդ կանայք, երբ Սողոմոնն արդեն ծեր էր, հեռացրին նրա սիրտը Եհովայից (Գ Թագաւորաց 11։1–10)։ Անկախ այն բանից թե որքան հեղինակավոր, իմաստուն ու բանիմաց ենք երևում՝ անչափ կարևոր է, որ ‘ստուգենք, թե ինչ է հաճելի Տիրոջը’։
15. Երբ եթովպացի Զարան եկավ պատերազմելու Հուդայի դեմ, ինչո՞ւ Ասան կարող էր վստահությամբ աղոթել, որ Եհովան ազատի իրենց։
15 Այդպես վարվելու կարևորությունը երևում է նաև Սողոմոնի ծոռ Ասայի թագավորության վերաբերյալ արձանագրությունից։ Ասայի գահ բարձրանալուց տասնմեկ տարի անց եթովպացի Զարան մեկ միլիոնանոց իր բանակով եկավ Հուդայի դեմ պատերազմի։ Կփրկե՞ր արդյոք Եհովան Հուդային։ Ավելի քան հինգ հարյուր տարի առաջ Եհովան հստակ ասել էր, թե իր ժողովուրդը ինչ կարող էր ակնկալել իրենից, եթե լսեր իրեն և պահեր իր պատվիրանները, և ինչ կարող էր ակնկալել չլսելու դեպքում (Բ Օրինաց 28։1, 7, 15, 25)։ Իր իշխանության սկզբում Ասան ամբողջ Հուդայի թագավորության տարածքից վերացրել էր կեղծ երկրպագության մեջ օգտագործվող զոհասեղաններն ու կոթողները։ Նա ժողովրդին հորդորել էր, որ «Տէր Աստուծուն խնդրեն»։ Նա չէր սպասել մինչև մի աղետ պատահի, որ այն ժամանակ նոր Աստծուն փնտրի։ Ասան հավատում էր Աստծուն, ուստի կարող էր խնդրել նրան գործել հօգուտ իրենց։ Արդյո՞ւնքը. Հուդան լիակատար հաղթանակ տարավ (Բ Մնացորդաց 14։2–12, Արևմտ. Աստ.)։
16, 17. ա) Չնայած որ Ասան հաղթանակ տարավ, ի՞նչ հիշեցում տվեց նրան Եհովան։ բ) Երբ Ասան անմտորեն վարվեց, ի՞նչ օգնություն տրվեց իրեն, և ինչպե՞ս նա արձագանքեց։ գ) Ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել՝ քննելով Ասայի կատարած քայլերը։
16 Այնուամենայնիվ, երբ Ասան հաղթանակած վերադարձավ, Եհովան ուղարկեց Ազարիային, որ դիմավորի թագավորին ու նրան ասի. «Լսեցէք ինձ, ով Ասա եւ բոլոր Յուդա եւ Բենիամին. Տէրը ձեզ հետ կ’լինի, քանի որ դուք նրա հետ էք. եւ եթէ դուք նորան որոնէք, կը գտնեք նորան, իսկ եթէ նորան ձգէք, նա էլ ձեզ կ’ձգէ» (Բ Մնացորդաց 15։2)։ Նոր եռանդով Ասան առաջ տարավ ճշմարիտ երկրպագությունը։ Սակայն քսանչորս տարի անց, երբ նա դարձյալ կանգնած էր պատերազմի առջև, թերացավ որոնել Եհովային։ Նա չդիմեց Աստծո Խոսքին և ոչ էլ մտաբերեց այն, ինչ արել էր Եհովան, երբ եթովպական բանակը ներխուժել էր Հուդա։ Ասան անմտաբար դաշինք կապեց ասորիների հետ (Բ Մնացորդաց 16։1–6)։
17 Այդ պատճառով Եհովան ուղարկեց Անանի տեսանողին, որպեսզի նա հանդիմաներ Ասային։ Նույնիսկ այդ պահին, երբ իրեն բացատրվեց Եհովայի տեսակետը, դեռ ուշ չէր, որ Ասան օգուտ քաղեր դրանից։ Բայց դրա փոխարեն՝ նա վիրավորվեց և Անանիին բանտ գցեց (Բ Մնացորդաց 16։7–10)։ Որքա՜ն ցավալի էր Ասայի կատարածը։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել մեր մասին։ Փնտրո՞ւմ ենք Աստծուն, բայց հետո մերժում ընդունել նրա խորհուրդը։ Գնահատո՞ւմ ենք արդյոք տրված օգնությունը, երբ հոգատար և մեզանով մտահոգված երեցը, գործածելով Աստվածաշունչը, մեզ սիրալիր խորհուրդ է տալիս, որպեսզի ‘ստուգենք, թե ո՛րն է հաճելի Տիրոջը’, երբ միջամուխ ենք եղած լինում աշխարհի գործերին։
Մի՛ մոռացեք հարցնել՝ ո՞ւր է Եհովան
18. Ինչպե՞ս կարող ենք օգտվել Եղիուսի այն խոսքերից, որ նա ուղղեց Հոբին։
18 Նույնիսկ այն անհատը, ով երկար տարիներ հավատարմորեն ծառայել է Եհովային, ճնշումների տակ գուցե ինչ–որ սխալ քայլ անի։ Երբ Հոբը կորցրեց իր ամբողջ ունեցվածքը, զավակներին, ստացավ զազրելի հիվանդություն ու բարեկամների կողմից կեղծ մեղադրանքներով զրպարտության ենթարկվեց, նա սկսեց մտածել միայն իր մասին։ Եղիուսը նրան հիշեցրեց. «Մեկը չէ ասում. Ո՞ւր է ինձ ստեղծող Աստուածը» (Յոբ 35։10)։ Հոբը պետք է Եհովայի վրա կենտրոնացներ իր ուշադրությունը և տեսներ, թե ինչպես է Նա դիտում տվյալ իրավիճակը։ Հոբը խոնարհաբար ընդունեց այդ հիշեցումը։ Նրա օրինակը կարող է օգնել մեզ նույն ձևով վարվելու։
19. Ինչո՞ւմ էր հաճախ թերանում Իսրայել ազգը։
19 Իսրայելացիները գիտեին, թե Եհովան ինչպես է վարվել իրենց ազգի հետ։ Սակայն շատ հաճախ իրենց կյանքի կոնկրետ իրավիճակներում նրանք չէին մտաբերում Եհովայի գործերը (Երեմիա 2։5, 6, 8)։ Երբ իրենց կյանքում որոշումներ կայացնելու խնդրի առջև էին կանգնում, նրանք, փոխանակ հարցնելու՝ ո՞ւր է Եհովան, ավելի շուտ նախընտրում էին իրենց անձնական հաճույքը (Եսայիա 5։11, 12)։
Շարունակեք հարցնել՝ ո՞ւր է Եհովան
20, 21. ա) Եհովայից առաջնորդություն փնտրելու հարցում ովքե՞ր են մեր օրերում ցույց տվել Եղիսեի ոգին։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց հավատը և օգուտներ քաղել դրանից։
20 Երբ վերջացավ Եղիայի հանրային ծառայությունը, նրա սպասավորը՝ Եղիսեն, վերցրեց Եղիայի վրայից գետին ընկած վերարկուն, գնաց Հորդանան գետի մոտ, հարվածեց գետի ջրերին և հարցրեց. «Ո՞ւր է Եղիայի Տէր Աստուածը՝ նա ինքը» (Դ Թագաւորաց 2։14)։ Եհովան պատասխանեց Եղիսեին՝ ցույց տալով, որ իր ոգին այժմ նրա հետ է։ Ի՞նչ դաս ենք սովորում այս դեպքից։
21 Նման մի բան տեղի ունեցավ արդի ժամանակներում։ Որոշ օծյալ քրիստոնյաներ, որ ստանձնել էին քարոզչական գործի առաջնորդությունը, «հեռացան երկրային բեմից»։ Նրանք, ում հետո վստահվեց այդ գործի վերակացությունը, քննեցին Գրությունները և աղոթեցին Եհովային առաջնորդություն ստանալու համար։ Նրանք չթերացան հարցնել՝ ո՞ւր է Եհովան։ Եվ արդյունքում Եհովան շարունակեց առաջնորդել իր ժողովրդին ու հաջողություն տալ նրանց իրենց գործունեության մեջ։ Ընդօրինակո՞ւմ ենք արդյոք նրանց ցուցաբերած հավատը (Եբրայեցիս 13։7)։ Եթե այո, ուրեմն մոտ կմնանք Եհովայի կազմակերպությանը, կհետևենք նրա տված առաջնորդությանը և ամբողջական մասնակցություն կբերենք այն գործին, որ կատարում է Եհովայի կազմակերպությունը Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ (Զաքարիա 8։23)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ մղումներով պետք է հարցնենք. ‘Ո՞ւր է Եհովան’։
• Այսօր ինչպե՞ս կարող ենք գտնել ‘ո՞ւր է Եհովան’ հարցի պատասխանը։
• Աստվածային առաջնորդությունը ստանալու հարցում ինչո՞ւ են որոշ աղոթքներ մնում անպատասխան։
• Աստվածաշնչի ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ մենք կարիք ունենք ‘ստուգելու, թե ինչն է հաճելի Տիրոջը’։
[նկար 9–րդ էջի վրա]
Ինչպե՞ս Հովսափատ թագավորը փնտրեց Եհովային
[նկար 10–րդ էջի վրա]
Ինչո՞ւ Սավուղ թագավորը դիմեց ոգեմիջնորդի օգնությանը
[նկարներ 12–րդ էջի վրա]
Աղոթիր, ուսումնասիրություն կատարիր և խորհրդածիր՝ պարզելու համար, թե ‘որտեղ է Եհովան’