Եհովայի ծառաները իրական հույս ունեն
«Յակոբի մնացորդը պիտի շատ ժողովուրդների մէջ Տիրոջ կողմից եկած ցօղին պէս լինի, ....որ.... մարդի որդկանց չէ յուսում» (ՄԻՔԻԱ 5։7)։
1. Ինչպե՞ս է հոգևոր Իսրայելը հոգևոր թարմության աղբյուր հանդիսանում։
ԵՀՈՎԱՆ անձրևի և ցողի մեծ Արարիչն է։ Անիմաստ է հույս դնել այն բանի վրա, որ մարդիկ կկարողանան անձրև կամ ցող առաջ բերել։ Միքիա մարգարեն գրում է. «Յակոբի մնացորդը պիտի շատ ժողովուրդների մէջ Տիրոջ կողմից եկած ցօղին պէս լինի, այն շաղին պէս որ գալիս է խոտի վերայ, որ մարդի չէ սպասում, եւ մարդի որդկանց չէ յուսում» (Միքիա 5։7)։ Ովքե՞ր են մեր օրերի «Յակոբի մնացորդը»։ Դրանք հոգևոր իսրայելացիներն են՝ ‘Աստծո Իսրայելի’ մնացորդը (Գաղատացիս 6։16)։ Երկրի «շատ ժողովուրդների» համար նրանք «Տիրոջ կողմից եկած ցօղին պէս» են, և «այն շաղին պէս որ գալիս է խոտի վերայ»։ Այո, մեր օրերում օծյալ քրիստոնյաները Աստծո կողմից տրված օրհնություն են մարդկանց համար։ Եհովան օգտագործում է նրանց՝ որպես Թագավորության քարոզիչներ՝ մարդկանց տալու իսկական հույսի իր պատգամը։
2. Չնայած մեր շուրջը գտնվող անհանգիստ աշխարհին՝ ինչո՞ւ մենք իրական հույս ունենք։
2 Մեզ չպետք է զարմացնի այն, որ այս աշխարհը չունի իրական հույս։ Քաղաքական անկայունությունը, բարոյականության անկումը, ոճիրը, տնտեսական ճգնաժամը, ահաբեկչությունը, պատերազմները. մենք ակնկալում ենք այսպիսի բաներ Բանսարկու Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհում (Ա Յովհաննէս 5։19)։ Շատերին վախեցնում է այն միտքը, թե ինչ է լինելու ապագայում, սակայն, լինելով Եհովայի վկաներ, մենք չենք վախենում, քանի որ վստահելի հույս ունենք ապագայի նկատմամբ։ Այն իրական հույս է, որովհետև հիմնված է Աստծո Խոսքի վրա։ Մենք հավատում ենք Եհովային և իր Խոսքին, քանի որ այն ամենը, ինչ նա ասում է, միշտ էլ իրականանում է։
3. ա) Ինչո՞ւ էր Եհովան պատրաստվում քայլեր ձեռնարկել Իսրայելի և Հուդայի դեմ։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Միքիայի խոսքերը կիրառվում են նաև մեր օրերում։
3 Աստվածային ներշնչմամբ գրված Միքիայի մարգարեությունը զորացնում է մեզ՝ քայլելու Եհովայի անունով, և իրական հույսի հիմքեր է տալիս։ Երբ Միքիան մարգարեանում էր մ.թ.ա. ութերորդ դարում, Աստծո ուխտյալ ժողովուրդը բաժանված էր երկու ազգի՝ Իսրայել և Հուդա, և երկուսն էլ անտեսում էին Աստծո ուխտը։ Արդյունքը եղավ հետևյալը՝ բարոյականության անկում, հավատուրացություն և չափից դուրս նյութապաշտություն։ Ուստի Եհովան զգուշացրեց, որ քայլեր է ձեռնարկելու իրենց դեմ։ Իհարկե, Աստծո զգուշացումները հասցեագրված էին Միքիայի ժամանակակիցներին, սակայն ներկայիս իրավիճակները այնքան նման են Միքիայի ժամանակներին, որ նրա խոսքերը կիրառվում են նաև մեր օրերում։ Սա մենք ավելի լավ կտեսնենք, երբ քննարկենք որոշ ուշագրավ մտքեր «Միքիա» գրքի յոթ գլուխներից։
Ինչ են հայտնում ուշագրավ մտքերը
4. Ի՞նչ տեղեկություն են պարունակում «Միքիա» գրքի առաջին երեք գլուխները։
4 Եկեք համառոտակի քննարկենք «Միքիա» գրքի պարունակությունը։ Առաջին գլխում Եհովան մերկացնում է Իսրայելի և Հուդայի ապստամբությունը։ Որպես արդյունք իրենց իրավազանցությանը՝ Իսրայելը պիտի կործանվի, իսկ Հուդայի պատիժը պիտի հասնի նույնիսկ մինչև Երուսաղեմի պարիսպները։ Երկրորդ գլուխը հայտնում է այն մասին, որ հարուստ ու զորեղ մարդիկ կեղեքում են թույլին և անօգնականին։ Բայց կա աստվածային մի խոստում՝ Աստծո ժողովուրդը միասնաբար մեկտեղ են հավաքվելու։ Երրորդ գլուխը տեղեկացնում է ազգի առաջնորդների և օրինազանց մարգարեների դեմ Եհովայի դատաստանների մասին։ Առաջնորդները ծռում են իրավունքը, իսկ մարգարեները ստեր են ասում։ Չնայած այս ամենին՝ Միքիան սուրբ ոգու կողմից ուժ ստացած՝ հայտարարում է Եհովայի գալիք դատաստանը։
5. Հիմնականում ինչի՞ մասին են խոսում Միքիա 4–րդ և 5–րդ գլուխները։
5 Չորրորդ գլուխը կանխագուշակում է, որ վերջին օրերում բոլոր ազգերը պիտի գան դեպի Եհովայի տան բարձր լեռը՝ իրենից ուսուցանվելու համար։ Մինչ այդ, Հուդան պետք է գերի տարվի Բաբելոն, բայց Եհովան կազատագրի նրան։ Հինգերորդ գլուխը հայտնում է, որ Մեսիան Հուդայի Բեթլեհեմում է ծնվելու։ Նա հովվելու է իր ժողովրդին և ազատելու է նրանց ազգերի լծից։
6, 7. Ինչպիսի՞ մտքեր են ներկայացված Միքիայի մարգարեության 6–րդ և 7–րդ գլուխներում։
6 Միքիա 6–րդ գլուխը դատական գործի տեսքով տեղեկագրում է իր ժողովրդի դեմ Եհովայի մեղադրանքների մասին։ Ի՞նչ է արել Եհովան, որ նրանք ապստամբում են։ Ոչինչ։ Իրականում նրա պահանջները շատ ողջախոհ են։ Նա ցանկանում է, որ իր երկրպագուները արդարություն գործեն և բարությամբ ու համեստությամբ քայլեն իր հետ։ Բայց այդպես վարվելու փոխարեն՝ Իսրայելը և Հուդան ապստամբ ընթացք են բռնել և արդյունքում կրելու են դրա հետևանքները։
7 Իր մարգարեության վերջին գլխում Միքիան դատապարտում է իր ժամանակակիցների կատարած ամբարշտությունը։ Սակայն ինքն անձամբ չի վհատվում, քանի որ վճռել է ‘հուսալ’ Եհովային (Միքիա 7։7)։ Գիրքը եզրափակվում է վստահություն ներշնչող արտահայտությամբ՝ որ Եհովան կողորմի իր ժողովրդին։ Պատմությունը վկայում է, որ այս հույսը իրականություն դարձավ։ Մ.թ.ա. 537թ.–ին, երբ ամբողջացավ իր ժողովրդին խրատելու ժամանակը, Եհովան ողորմածաբար վերադարձրեց մնացորդին իրենց հայրենի երկիր։
8. Ինչպե՞ս կամփոփեիք «Միքիա» գիրքը։
8 Ինչպիսի՜ հոյակապ տեղեկություն է մեզ հայտնում Եհովա Աստված Միքիայի միջոցով։ Այս ներշնչված գիրքը պարունակում է նախազգուշացնող օրինակներ այն մասին, թե ինչպես է Աստված վարվում նրանց հետ, ովքեր պնդում են, թե ծառայում են իրեն, բայց իրականում անհավատարիմ են նրան։ Այն նախագուշակում է իրադարձություններ, որոնք տեղի են ունենում մեր օրերում։ Գիրքը նաև պարունակում է աստվածային խորհուրդ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մեր վարքը այս դժվարին ժամանակներում, որպեսզի մեր հույսն ամուր մնա։
Գերիշխան Տեր Եհովան է խոսում
9. Ըստ Միքիա 1։2–ի՝ Եհովան ի՞նչ էր պատրաստվում անել։
9 Եկեք այժմ ավելի մանրամասնորեն քննենք «Միքիա» գիրքը։ Միքիա 1։2–ում մենք կարդում ենք. «Լսեցէք, ով բոլոր ժողովուրդներ, ուշադրութիւն արա, ով երկիր եւ նորա բոլոր լրութիւնը. Եւ Տէր Եհովան վկայ լինի ձեզ դէմ, Տէրը իր սուրբ տաճարիցը»։ Եթե ապրելիս լինեիք Միքիայի ժամանակներում, անկասկած այս խոսքերը կգրավեին ձեր ուշադրությունը։ Իսկապես, այս խոսքերը գրավում են մարդու ուշադրությունը, քանի որ Եհովան է խոսում իր սուրբ տաճարից և իր խոսքերն ուղղում է ոչ միայն Իսրայելին ու Հուդային, այլև մարդկանց ամենուր։ Միքիայի օրերում մարդիկ վաղուց արդեն արհամարհում էին Գերիշխան Տեր Եհովային։ Բայց շուտով դա պետք է փոխվեր։ Եհովան հաստատ որոշել էր վճռական քայլեր ձեռնարկել։
10. Մեզ համար ի՞նչ կարևորություն ունեն Միքիա 1։2–ի խոսքերը։
10 Նույնն է պարագան մեր օրերում։ Յայտնութիւն 14։18–20 համարները ցույց են տալիս, որ Եհովան կրկին պատգամներ է ուղարկում իր սուրբ տաճարից։ Նա շուտով վճռական քայլեր կկատարի, և մեծ նշանակություն ունեցող իրադարձությունները նորից կցնցեն ազգերին։ Այս անգամ ամբարիշտները՝ «երկրի այգու խաղողը», կշպրտվեն Եհովայի բարկության հսկայական հնձանը, և արդյունքում վերջնականապես կկործանվի Սատանայի համակարգը։
11. Ի՞նչ են նշանակում Միքիա 1։3, 4 խոսքերը։
11 Այժմ լսեք, թե Եհովան ինչ է անելու։ Միքիա 1։3, 4 համարներն ասում են. «Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, եւ պիտի իջնէ եւ ման գայ երկրի բարձրաւանդակների վերայ։ Եւ սարերը պիտի հալուին նորա տակին, եւ հովիտները պիտի ճեղքուին ինչպէս մոմ կրակի առաջին, ինչպէս ջուր որ իջնում է զառիվայրից»։ Արդյոք կթողնի՞ Եհովան իր երկնային բնակավայրը և կիջնի ու ման կգա Ավետյաց երկրի սարերում ու բարձրավանդակներում։ Ոչ։ Նա դրա կարիքը չունի։ Նա ուղղակի իր ուշադրությունը կդարձնի երկրի վրա, որպեսզի իր կամքը կատարվի։ Ավելին, ոչ թե ֆիզիկական երկրի, այլ երկրի բնակիչների հետ է տեղի ունենալու այն ամենը, ինչ նկարագրված է վերևում։ Երբ Եհովան գործի անցնի, արդյունքը ողբալի կլինի անհավատարիմ մարդկանց համար՝ ասես սարերը մոմի նման հալվել են և հովիտները ճեղքվել են երկրաշարժից։
12, 13. Բ Պետրոս 3։10–12-ին ներդաշնակ՝ ի՞նչն է ամրացնում մեր հույսը։
12 Միքիա 1։3, 4–ի մարգարեական խոսքերը գուցե ձեզ հիշեցնեն մեկ այլ մարգարեություն, որը նույնպես նախագուշակում է երկրի վրա գալիք աղետաբեր իրադարձությունները։ Ինչպես արձանագրված է Բ Պետրոս 3։10–ում, Պետրոս առաքյալը գրում է. «Բայց Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ’գայ. որ նորանում երկինքը շառաչիւնով կ’անցնէ եւ տարերքը կրակով վառուած կ’հալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ’այրուին»։ Ինչպես Միքիայի մարգարեությունը, Պետրոսի խոսքերն էլ չեն վերաբերում բառացի երկնքին ու երկրին։ Դրանք ակնարկում են այս աստվածամերժ համակարգի վրա գալիք մեծ նեղությանը։
13 Չնայած գալիք կործանմանը՝ Միքիայի նման, քրիստոնյաները ևս կարող են ապագայի նկատմամբ վստահություն ունենալ։ Ինչպե՞ս։ Հետևելով Պետրոսի նամակի հաջորդ խորհրդին։ Այնտեղ առաքյալը ոգևորված ասում է. «Ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում։ Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել» (Բ Պետրոս 3։11, 12)։ Ապագայի նկատմամբ մեր հույսը հաստատ կլինի, եթե մենք հնազանդ սիրտ մշակենք և համոզվենք, որ մեր վարքը սուրբ է ու մեր կյանքը՝ աստվածապաշտ գործերով զբաղված։ Որպեսզի մեր հույսը ամուր լինի, մենք պետք է նաև հիշենք, որ Եհովայի օրը անպայման կգա։
14. Ինչո՞ւ էին Իսրայելը և Հուդան արժանի պատժի։
14 Եհովան բացատրում է, թե իր վաղեմի ժողովուրդը ինչու էր արժանի պատժի։ Միքիա 1։5–ն ասում է. «Յակոբի յանցանքի համար է այս ամենը եւ Իսրայէլի տան մեղքերի համար. ո՞վ է Յակոբի յանցանքը, չէ՞ որ Սամարիան. եւ ո՞վ է Յուդայի բարձրաւանդակները, չէ՞ որ Երուսաղէմը»։ Իսրայելը և Հուդան իրենց գոյության համար արդեն իսկ պարտական են Եհովային։ Մինչդեռ նրանք ապստամբել են Աստծո դեմ։ Նրանց ըմբոստությունը հասել է անգամ մինչև իրենց մայրաքաղաքները՝ Սամարիա և Երուսաղեմ։
Առատ՝ ամբարիշտ սովորություններով
15, 16. Միքիայի ժամանակակից մարդիկ ո՞ր ամբարիշտ արարքների համար էին մեղավոր։
15 Միքիայի ժամանակակիցների կատարած ամբարիշտ արարքների օրինակներից մեկը ցայտուն կերպով նկարագրված է Միքիա 2։1, 2 խոսքերում. «Վա՜յ անօրէնութիւն խորհողներին, եւ իրանց անկողինների վերայ չարութիւն գործողներին. նորանք անում են այն՝ առաւօտեան լոյսին, որ իրանց ձեռքն է իրանց ոյժը։ Եւ նորանք ցանկանում են ագարակների եւ յափշտակում, եւ ցանկանում են տների՝ եւ առնում. եւ բռնաբարում են մարդին ու իր տանը եւ մարդին ու նորա ժառանգութեանը»։
16 Ընչաքաղց մարդիկ գիշերով արթնանում են և դավ նյութում, թե ինչպես հափշտակեն իրենց հարևանների արտերն ու տները, իսկ առավոտյան շտապում են իրականացնելու իրենց դավադրությունները։ Նրանք չէին գործի այսպիսի ամբարիշտ արարքներ, եթե հիշեին Եհովայի ուխտը։ Մովսիսական օրենքը աղքատներին պաշտպանելու օրենքներ ուներ, որոնց համաձայն ոչ մի ընտանիք չպետք է անվերադարձ կորցներ իր ժառանգական տարածքները։ Սակայն սա չի հետաքրքրում այս ագահ մարդկանց։ Նրանք արհամարհում են Ղևտացոց 19։18–ի խոսքերը. «Քո ընկերին սիրես քո անձի պէս»։
17. Ի՞նչ կարող է պատահել, երբ նրանք, ովքեր պնդում են, թե Աստծուն են ծառայում, կյանքում առաջին տեղը նյութականին են հատկացնում։
17 Սա ցույց է տալիս, թե ինչ կարող է պատահել, երբ այն մարդիկ, ովքեր պնդում են, թե Աստծուն են պաշտում, իրականում անտեսում են հոգևոր նպատակները և առաջին հերթին նյութականի ետևից են ընկնում։ Պողոսը իր օրերում ապրող քրիստոնյաներին ազդարարեց. «Նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ» (Ա Տիմոթէոս 6։9)։ Երբ մարդ դրամ վաստակելը կյանքում ամեն ինչից վեր է դասում, դա նշանակում է, որ նա պաշտում է կեղծ աստված Մամոնային, կամ՝ հարստությանը, իսկ այս աստվածը չի առաջարկում ապագայի ոչ մի հաստատուն հույս (Մատթէոս 6։24)։
18. Ի՞նչ էր պատահելու Միքիայի օրերի նյութապաշտ մարդկանց։
18 Միքիայի օրերում ապրող շատերը իրենց դառը փորձով հասկացան, որ ունայնություն է լոկ նյութականին վստահելը։ Ըստ Միքիա 2։4–ի՝ Եհովան ասում է. «Այն օրը ձեզ վերայ առակ են խօսելու, եւ ողբալի ողբով ողբալու են ասելով. Բոլորովին փչացանք. իմ ժողովրդի բաժինը նա փոխեց, նա ի՜նչպէս է վեր առնում ինձանից, խոտորողին բաժանում է մեր դաշտերը»։ Այո՛, արտերի և տների այս գողերը կկորցնեն իրենց սեփական ընտանիքին պատկանող ժառանգական տարածքները։ Նրանց կքշեն օտար երկիր, իսկ իրենց ունեցվածքը ավար կդառնա «խոտորողին», կամ՝ ազգերի մարդկանց։ Փայլուն ապագայի բոլոր հույսերը հօդս կցնդեն։
19, 20. Ի՞նչ պատահեց այն հրեաներին, ովքեր վստահեցին Եհովային։
19 Բայց այն մարդիկ, ովքեր Եհովային են վստահում, հուսախաբ չեն լինի։ Եհովան հավատարիմ է Աբրահամի և Դավիթի հետ կապած իր ուխտերին և ողորմած է նրանց նկատմամբ, ովքեր Միքիայի նման սիրում են իրեն և վշտանում՝ տեսնելով, որ իրենց հայրենակիցները օտարացել են Աստծուց։ Հանուն ուղղամիտ մարդկանց՝ Աստծուն հարմար ժամանակ վերականգնում պիտի լինի։
20 Դա տեղի ունեցավ մ.թ.ա. 537 թ.–ին՝ Բաբելոնի անկումից հետո, և երբ հրեաների մնացորդը վերադարձավ հայրենիք։ Այդ ժամանակ Միքիա 2։12–ի խոսքերը իրենց նախնական կատարումն ունեցան։ Եհովան ասում է. «Անպատճառ պիտի ժողովեմ ձեզ ամենիդ, ով Յակոբ, անպատճառ պիտի հաւաքեմ Իսրայէլի մնացորդը Բոսրայի ոչխարներին պէս, ինչպէս մի հօտ իր փարախի մէջ. պիտի աղմուկ հանեն մարդկանց բազմութեան պատճառով»։ Որքա՜ն սիրառատ է Եհովան։ Իր ժողովրդին խրատելուց հետո նա թույլ տվեց, որ մի մնացորդ վերադառնա և ծառայի իրեն այն երկրում, որ Նա տվել էր նրանց նախահայրերին։
Ուշագրավ զուգահեռներ մեր օրերում
21. Ինչպե՞ս են ներկայիս իրավիճակները համապատասխանում Միքիայի օրերին։
21 Երբ քննարկում էինք Միքիայի առաջին երկու գլուխները, ձեզ չզարմացրե՞ց այն փաստը, թե որքան նման են մեր ժամանակները այն օրերին։ Ինչպես Միքիայի օրերում, այսօր էլ շատերը համոզված են, որ Աստծուն են ծառայում։ Սակայն Հուդայի և Իսրայելի նման, նրանք ևս բաժանված են և նույնիսկ պատերազմում են միմյանց դեմ։ Քրիստոնյա աշխարհին պատկանող շատ հարուստ անհատներ կեղեքում են աղքատներին։ Գնալով ավելանում են այն կրոնական առաջնորդների թիվը, ովքեր մատների արանքով են նայում Աստծո կողմից հստակորեն դատապարտված սովորություններին։ Ուստի զարմանալի չէ, որ քրիստոնյա աշխարհը ‘մեծ Բաբելոնի’՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության մնացած մասի հետ միասին շուտով պիտի կործանվի (Յայտնութիւն 18։1–5)։ Միքիայի օրերում կատարվածի նման, սակայն, Եհովան կունենա հավատարիմ ծառաներ, որոնք կմնան երկրի վրա։
22. Ո՞ր երկու խմբերն են իրենց հույսը դրել Աստծո Թագավորության վրա։
22 1919 թ.–ին հավատարիմ օծյալ քրիստոնյաները վերջնականապես առանձնացան քրիստոնյա աշխարհից և սկսեցին հռչակել Թագավորության բարի լուրը բոլոր ազգերին (Մատթէոս 24։14)։ Սկզբում նրանք փնտրում էին հոգևոր Իսրայելի մնացորդին, ապա ‘ուրիշ ոչխարները’ սկսեցին հավաքվել, և այս երկու խմբերը դարձան «մի հօտ եւ մի հովիւ» (Յովհաննէս 10։16)։ Թեպետև նրանք այժմ Աստծուն են ծառայում աշխարհի 234 երկրներում, սակայն Եհովայի այս հավատարիմ երկրպագուները իրականում միավորված են։ Արդեն փարախում գտնվող ոչխարների հոտը ‘աղմուկ է հանում մարդկանցով [«տղամարդկանցով», ՆԱ]’, ինչպես նաև կանանցով ու երեխաներով։ Նրանց հույսը ներկա համակարգը չէ, այլ Աստծո Թագավորությունը, որը շատ շուտով նրանց կառաջնորդի դեպի երկրային դրախտ։
23. Ինչո՞ւ եք համոզված, որ ձեր հույսը վստահելի է։
23 Եհովայի հավատարիմ երկրպագուների առնչությամբ Միքիա 2–րդ գլխի վերջին համարն ասում է. «Նորանց թագաւորը անց է կենում նորանց առաջին, եւ Տէրն էլ նորանց պարագլուխ»։ Այս հաղթական թափորի մեջ, որի ‘պարագլուխը’ հենց ինքը Եհովան է, տեսնո՞ւմ եք արդյոք ձեզ ձեր Թագավորին՝ Հիսուս Քրիստոսին հետևելիս։ Եթե այո, ապա դուք էլ կարող եք ունենալ նույն համոզվածությունը, որ հաղթանակը ապահովված է, և ձեր հույսը վստահելի է։ Սա ավելի ակնհայտ կդառնա, երբ Միքիայի մարգարեությունից հավելյալ ուշագրավ մտքեր քննարկենք։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Միքիայի օրերում ինչո՞ւ Եհովան որոշեց քայլեր ձեռնարկել ընդդեմ Հուդայի և Իսրայելի։
• Ի՞նչ կարող է պատահել, երբ նրանք, ովքեր պնդում են, թե Աստծուն են ծառայում, նյութականը ամեն բանից վեր են դասում։
• Միքիայի առաջին և երկրորդ գլուխները քննարկելուց հետո ինչո՞ւ եք համոզված, որ ձեր ունեցած հույսը իրական է։
[նկար 9–րդ էջի վրա]
Միքիայի մարգարեությունը կարող է մեզ հոգևորապես ամրացնել
[նկարներ 10–րդ էջի վրա]
Ինչպես մ.թ.ա. 537 թ.–ին հրեա մնացորդը, մեր օրերի հոգևոր իսրայելացիները և իրենց համախոհները նույնպես աջակցում են ճշմարիտ երկրպագությանը