Կենսագրություն
Մանկությունից ուսուցանված Եհովայի կողմից
Պատմում է Ռիչարդ Աբրահամսոնը
«Ով Աստուած, դու սովորեցրիր ինձ իմ մանկութիւնիցը, եւ մինչեւ հիմա պատմում եմ քո հրաշքները»։ Կուզեի բացատրել, թե Սաղմոս 71։17–ի այս խոսքերը ինչու ինձ համար հատուկ նշանակություն ունեն։
ՄԱՅՐՍ՝ Ֆանի Աբրահամսոնը, 1924 թվականին սկսեց շփվել Աստվածաշունչ ուսումնասիրողների հետ (այդպես էին կոչվում այն ժամանակ Եհովայի վկաները)։ Ես ընդամենը մեկ տարեկան էի։ Ամեն անգամ, երբ նա Աստվածաշնչից որևէ ճշմարտություն էր իմանում, շտապում էր այդ մասին հայտնել իր հարևաններին։ Նա պատմում էր նաև ինձ, իմ ավագ քրոջն ու եղբորը։ Նախքան կարդալ սովորելը ես արդեն նրա օգնությամբ աստվածաշնչյան շատ խոսքեր էի անգիր սովորել Աստծո Թագավորության օրհնությունների մասին։
20–ական թվականների վերջերին ԱՄՆ–ի Օրեգոն նահանգի Լա Գրանդ քաղաքում, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ, Աստվածաշունչ ուսումնասիրողների խմբակը բաղկացած էր ընդամենը մի քանի կանանցից ու երեխաներից։ Չնայած մեր մեկուսացած լինելուն՝ տարվա մեջ մեկ–երկու անգամ մեզ այցելում էին պիլիգրիմներ՝ շրջագայական ծառայության մեջ գտնվող եղբայրներ։ Նրանք իրենց ելույթներով մեզ քաջալերում էին, ընկերակցում էին տնից տուն ծառայության մեջ և ջերմ հետաքրքրություն էին դրսևորում փոքրերի հանդեպ։ Այդ թանկագին եղբայրներից էին Շիլդ Թութջյանը, Ջին Օրելը ու Ջոն Բութը։
Մեր խմբի անդամներից ոչ ոք չկարողացավ գնալ մասնակցելու 1931 թվականին Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում տեղի ունեցած համաժողովին, որտեղ Աստվածաշունչ ուսումնասիրողները որդեգրեցին նոր անուն՝ Եհովայի վկաներ։ Սակայն համայնքները (այդպես էին կոչվում այն ժամանակ ժողովները) և մեկուսի խմբերը, որ ներկա չէին եղել համաժողովին, իրենց տեղանքում օգոստոս ամսին հավաքվեցին ընդունելու բանաձև՝ կապված կազմակերպության նոր անվան հետ։ Այդպես վարվեց նաև Լա Գրանդի մեր փոքրիկ խումբը։ Այնուհետև երբ 1933 թվականին կազմակերպվեց ծառայողական արշավ՝ «Ճգնաժամ» թերթիկը տարածելու նպատակով, ես աստվածաշնչյան թեմայով մի մատուցում սովորեցի և կյանքում առաջին անգամ մենակ գնացի տնից տուն ծառայության։
30–ական թվականներին աստիճանաբար սկսեցին հակառակություններ ծավալվել մեր գործունեության հանդեպ։ Դրանք հաղթահարելու նպատակով համայնքները միավորվեցին առանձին խմբակցությունների մեջ, որոնց մասշտաբով տարին մեկ–երկու անգամ կազմակերպվում էին փոքրիկ համաժողովներ ու ծառայողական արշավներ՝ հայտնի որպես խմբակցական կամպանիաներ։ Այդ համաժողովների ժամանակ մենք սովորում էինք քարոզչական մեթոդներ և ծանոթանում էինք այն բանին, թե ոստիկանության աշխատակիցների միջամտության դեպքում ինչպես կարող ենք հարգալից վերաբերմունք դրսևորել։ Երբեմն հարկ էր լինում կրկնել «Դատավարական կարգ» կոչվող թերթիկում գտնվող ցուցումները, քանի որ Վկաներին հաճախ էին տանում ոստիկանական բաժանմունք և դատարան։ Այս ամենը օգնում էր, որ կարողանայինք դիմադրել հակառակություններին։
Վաղ հասունացում՝ աստվածաշնչյան ճշմարտության մեջ
Աստիճանաբար մեծանում էր իմ գնահատանքը Աստվածաշնչի ճշմարտության, ինչպես և Աստծո երկնային Թագավորության ներքո երկրի վրա հավիտենական կյանքով ապրելու հիանալի հույսի հանդեպ։ Այն տարիներին մեծ նշանակություն չէր տրվում նրանց մկրտությանը, ովքեր հույս չէին փայփայում երկնքում թագավորել Քրիստոսի հետ միասին (Յայտնութիւն 5։10; 14։1, 3)։ Այնուհանդերձ, ինձ ասվեց, որ եթե սրտումս հաստատ որոշել եմ կատարել Եհովայի կամքը, ապա տեղին կլիներ մկրտվել։ Ես այդպես էլ վարվեցի՝ մկրտվելով 1933 թ. օգոստոսին։
Երբ 12 տարեկան էի, ուսուցչուհիս իմ մեջ հրապարակախոսական ձիրք նկատեց։ Նա մայրիկիս համոզում էր, որ արժե այդ ուղղությամբ լրացուցիչ գիտելիքներ տալ ինձ։ Մայրս համաձայնեց՝ մտածելով, որ դա կարող է օգնել ինձ ավելի լավ ծառայել Եհովային։ Նա իմ դասերի դիմաց վճարեց մի տարի լվացարարություն անելով։ Այդ կրթությունը հետագայում ինձ իրոք պետք եկավ ծառայության մեջ։ Տասնչորս տարեկան հասակում ես ծանր հիվանդացա ռևմատիկ տենդով, որի պատճառով գրեթե մի տարի դպրոց չգնացի։
1939 թ.–ին մեր տարածք եկավ մի լիաժամ ծառայող, անունը՝ Ուորեն Հենշել։a Հոգևոր իմաստով նա ինձ համար եղավ ավագ եղբայր, որն ինձ հետ ամբողջ օրեր էր անցկացնում ծառայության մեջ։ Նրա օգնությամբ շուտով սկսեցի կարճաժամկետ ռահվիրայական ծառայություն (լիաժամ ծառայության ժամանակավոր ձևերից է եղել)։ Այդ ամառ մեր խումբը վերածվեց համայնքի։ Ուորենը նշանակվեց որպես համայնքի ծառայող, իսկ ես՝ «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպումներն անցկացնող։ Երբ Ուորենը հրավիրվեց ծառայելու Բրուքլինի Բեթելում (Եհովայի վկաների գլխավոր վարչությունը, որ գտնվում է Նյու Յորքում), ես դարձա համայնքի ծառայող։
Սկսում եմ ծառայել լիաժամ
Իմ պատասխանատվության մեծացմանը զուգահեռ ավելի էր ուժեղանում լիաժամ ծառայելու ցանկությունս, որն իրականացրի 17 տարեկան հասակում՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո։ Հայրս չէր կիսում մեր կրոնական համոզմունքները, բայց նա լավ հոգ էր տանում ընտանիքի կարիքների մասին և ուներ իր սկզբունքները։ Նա ուզում էր, որ ես ուսումս շարունակեի համալսարանին կից քոլեջում, սակայն ասաց, որ կարող եմ անել այն, ինչ ուզում եմ, բայց այդ դեպքում ուտելիքի ու բնակարանի հարցում իրեն չպիտի դիմեմ։ Եվ այսպես՝ սկսեցի իմ ռահվիրայական ծառայությունը 1940 թվականի սեպտեմբերի 1–ին։
Երբ պատրաստվում էի տնից դուրս գալ, մայրս ինձ խնդրեց կարդալ Առակաց 3։5, 6 համարները. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։ Եվ իրոք, կյանքում ամեն ինչ Եհովայի ձեռքը հանձնելը մեծապես օգնել է ինձ։
Կարճ ժամանակ անց ես միացա Ջո և Մարգարետ Հարթերին, որ ծառայում էին Վաշինգտոն նահանգի հյուսիսային շրջանի կենտրոնական մասում։ Տարածքը շատ բազմազան էր. խոշոր ու մանր եղջերավոր անասունների ֆերմաներ, ամերիկյան հնդկացիների արգելաբնակավայրեր, փոքր գյուղեր ու քաղաքներ։ 1941 թվականի գարնանը ես Վաշինգտոնի Վենաչի քաղաքի ժողովում նշանակվեցի որպես համայնքի ծառայող։
Վաշինգտոնի Վալա Վալա քաղաքում անցկացվող մեր համաժողովներից մեկի ժամանակ ծառայում էի որպես սպասարկու՝ ողջունելով ներս մտնողներին։ Հանկարծ նկատեցի, որ մի երիտասարդ եղբայր ջանում է կարգի գցել բարձրախոսը, բայց դա նրան ոչ մի կերպ չի հաջողվում։ Ես նրան առաջարկեցի, որ կատարի իմ պարտականությունը, իսկ ես նրա փոխարեն կատարեի նրան հանձնարարվածը։ Երբ տարածաշրջանի ծառայող Ալբերտ Հոֆմանը վերադարձավ ու տեսավ, որ ինձ տրված հանձնարարությունը չեմ կատարում, նա ընկերական ժպիտը դեմքին ինձ բացատրեց, թե որքան կարևոր է մնալ նշանակված տեղում, քանի դեռ այլ հանձնարարություն չի տրվել։ Ես այդ խորհուրդը մտապահեցի ողջ կյանքում։
1941 թ. օգոստոսին Եհովայի վկաները մեծ համաժողով կազմակերպեցին Սենտ Լուիսում (Միսսուրի)։ Ջո և Մարգարետ Հարթերը իրենց բեռնատար մեքենայի թափքի վերևում ծածկոց ամրացրին, տեղադրեցին նստարաններ։ Այդ բեռնատարով մենք՝ ինը ռահվիրաներ, 2 400 կիլոմետր ճանապարհ գնացինք, որպեսզի հասնեինք Սենտ Լուիս։ Միայն տեղ հասնելու համար մի շաբաթ ժամանակ պահանջվեց, նույնքան էլ՝ այնտեղից վերադառնալու։ Ոստիկանական ծառայությունների հաշվարկով ներկաների առավելագույն թիվը կազմել էր 115 000։ Թեև ներկաների թիվը հավանաբար դրանից ավելի քիչ էր, այն անշուշտ մեծ չափով գերազանցում էր ԱՄՆ–ում գտնվող Վկաների թվին, որն այն ժամանակ հասնում էր 65 000–ի։ Համաժողովն, ինչ խոսք, շատ զորացրեց մեզ հոգևորապես։
Ծառայություն Բրուքլինի Բեթելում
Վերադառնալով Վենաչի՝ ստացա նամակ, որով հրավիրվում էի ծառայելու Բրուքլինի Բեթելում։ Երբ 1941 թ. հոկտեմբերի 27–ին ես եկա այնտեղ, ինձ ուղեկցեցին տպագրատան վերակացուի՝ Նաթան Նորի աշխատասենյակը։ Նա ինձ սիրալիր ձևով բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում Բեթելը՝ ընդգծելով, որ այնտեղ հաջողության հասնելու համար խիստ կարևոր է Եհովայի հետ սերտ փոխհարաբերությունների մեջ լինելը։ Ապա ինձ ուղեկցեցին դեպի առաքման բաժին ու աշխատանք տվեցին. գրականությունով լի արկղերը փաթեթավորել ու պատրաստել առաքման։
1942 թ. հունվարի 8–ին մահացավ Ջոզեֆ Ռադերֆորդը, որ գլխավորում էր Եհովայի վկաների համաշխարհային եղբայրակցությունը։ Հինգ օր հետո Ընկերության դիրեկտորները նրա փոխարեն ընտրեցին եղբայր Նորին։ Երբ Ուիլյամ վան Ամբուրգը, որ երկար տարիներ եղել էր ընկերության քարտուղար–գանձապահը, այդ մասին հայտնում էր Բեթելի ընտանիքին, այսպիսի խոսքեր ասաց. «Հիշում եմ այն ժամանակները, երբ մահացավ Չառլզ Թեյզ Ռասելը [1916 թ.–ին], և նրա պարտականությունները սկսեց կատարել Ջոզեֆ Ռադերֆորդը։ Տերը շարունակեց առաջ տանել Իր գործը և օրհնել այն։ Ես լիովին վստահ եմ, որ հիմա էլ Նաթան Նորի նախագահությամբ ամեն ինչ առաջ կընթանա, որովհետև սա Տիրոջ գործն է և ոչ մարդկանց»։
1942 թ. փետրվարին հայտարարվեց, որ պետք է սկսվեին «Աստվածապետական ծառայության ընդարձակման դասընթացներ»։ Դասընթացների նպատակն էր սովորեցնել Բեթելում ծառայողներին հմտորեն փնտրտուքներ կատարել Աստվածաշնչի թեմաներով, ճիշտ ձևով կառուցել նյութը և արդյունավետ ձևով այն մատուցել։ Վաղ հասակում իմ ստացած հրապարակախոսական կրթությունը նպաստեց, որ արագորեն առաջադիմեի։
Շատ չանցած նշանակվեցի աշխատելու ծառայողական բաժնում, որի պատասխանատվությունն էր հետևել Վկաների գործունեությանը ԱՄՆ–ի տարածքում։ Նույն տարի, ավելի ուշ, որոշվեց վերականգնել շրջագայական ծառայողների այցելությունները Վկաների համայնքներում։ Ժամանակի ընթացքում շրջագայական ծառայության մեջ գտնվող այս եղբայրները, որ հայտնի էին որպես «եղբայրակցության ծառայողներ», սկսեցին կոչվել «շրջանային վերակացուներ»։ 1942 թ. ամռանը Բեթելում դասընթացներ կազմակերպվեցին՝ եղբայրներին նախապատրաստելու ծառայության այդ ձևին. ես ևս առանձնաշնորհում ունեցա լինելու նրանց թվում։ Հատկապես հիշում եմ դասավանդողներից մեկի՝ եղբայր Նորի ընդգծած հետևյալ միտքը. «Մի՛ աշխատեք մարդկանց հաճեցնել. դրա հետևանքը կլինի այն, որ ձեզ չի հաջողվի գոհացնել ոչ ոքի։ Ձգտեք հաճեցնել Եհովային, և ձեզանից գոհ կլինեն նաև բոլոր նրանք, որ սիրում են Եհովային»։
Շրջագայական ծառայությունը հունի մեջ դրվեց 1942 թվականի հոկտեմբերին։ Բեթելում ծառայողներից մի քանիսս նույնպես որոշ հանգստյան օրերի մասնակցեցինք ծառայության այդ ձևին՝ այցելելով այնպիսի ժողովներ, որ ընկած էին Նյու Յորքից մինչև 400 կիլոմետր հեռավորության վրա։ Մենք աչքի էինք անցկացնում ժողովի քարոզչական գործունեության հաշվետվությունները, հաճախելիությունը, հանդիպումներ էինք անցկացնում պատասխանատու եղբայրների հետ, մեկ–երկու ելույթ ներկայացնում ժողովում, տեղի Վկաների հետ գնում ծառայության։
1944 թ.–ին ես ևս եղա ծառայողական բաժնի այն մի քանի եղբայրների թվում, ովքեր վեց ամիս ժամանակով ուղարկվեցին շրջագայական ծառայության Դելավեր, Մերիլենդ, Փենսիլվանիա ու Վիրջինիա նահանգներում։ Ավելի ուշ ես մի քանի ամիս այցելեցի Քոնեկտիկուտի, Մասաչուսետսի ու Ռոդ Այլենդի ժողովները։ Դրանից հետո, երբ վերադարձա Բեթել, իմ աշխատանքը մասամբ իր մեջ ընդգրկեց նաև համագործակցություն եղբայր Նորի ու նրա քարտուղար Միլթոն Հենշելի հետ։ Մենք աշխատում էինք միևնույն գրասենյակում։ Այստեղ ես հնարավորություն ունեցա մոտիկից ծանոթանալու մեր համաշխարհային գործունեությանը։ Իմ ծառայության մեջ մտնում էր նաև որոշ չափով հաշվապահությունում աշխատելը, որտեղ վերակացուն եղբայր Վան Ամբուրգն էր, իսկ Գրանտ Սյութերը՝ նրա օգնականը։ Այնուհետև 1946թ.–ին նշանակվեցի Բեթելի մի քանի բաժինների վերակացու։
Մեծ փոփոխություններ
1945 թ.–ին ժողովներում ծառայելու ընթացքում Ռոդ Այլենդի Փրովիդենս քաղաքում ես ծանոթացա Ջուլիա Չառնաուսկասի հետ։ 1947 թվականի կեսերին մենք արդեն ամուսնության մտադրություն ունեինք։ Ես շատ էի սիրում Բեթելի ծառայությունը, սակայն այդ ժամանակներում հնարավորություն չկար ամուսնանալուց հետո շարունակել կողակցի հետ միասին ծառայել Բեթելում։ 1948 թ. հունվարին դուրս եկա Բեթելից, և ես ու Ջուլիան ամուսնացանք։ Գտա կես դրույքով աշխատանք Փրովիդենսի մի գերհանրախանութում (supermarket) և մենք միասին սկսեցինք ծառայել որպես ռահվիրա։
1949 թ. սեպտեմբերին ես հրավիրվեցի ծառայելու որպես շրջանային վերակացու Վիսքոնսինի հյուսիս–արևմուտքում։ Իմ ու Ջուլիայի համար մեծ փոփոխություն էր ծառայելը մի այնպիսի տարածքում, որ բաղկացած էր գլխավորապես փոքրիկ քաղաքներից ու գյուղական վայրերից, որտեղ բնակչության հիմնական զբաղմունքը կաթնամշակությունն էր։ Ձմեռները երկարատև էին ու ցրտաշունչ, շաբաթներ շարունակ ջերմաստիճանը –20 և ավելի ցածր էր, ձյունը՝ առատ։ Մենք մեքենա չունեինք, սակայն միշտ գտնվում էր որևէ մեկը, որ մեզ տանում էր հաջորդ ժողովը։
Շրջագայական ծառայությունը սկսելուց կարճ ժամանակ անց մեզ մոտ տեղի ունեցավ շրջանային համաժողով։ Հիշում եմ, թե ինչպես էի մանրազնին ստուգում՝ արդյո՞ք բոլոր աշխատանքները ընթանում էին ճիշտ հունով։ Դա մի քանիսին որոշ չափով ասես լարվածության մեջ էր պահում։ Նկատելով դա՝ Նիկոլաս Կովալակը՝ մարզային վերակացուն, ինձ մեղմորեն բացատրեց, որ տեղի եղբայրները սովոր են որոշ բաներ անել իրենց ձևով, և կարիք չկա այդքան մտահոգված լինել բոլոր մանրամասնություններով։ Այդ խորհուրդը ինձ շատ է օգնել իմ հետագա նշանակումներում։
1950 թ.–ին ժամանակավոր նշանակում ստացա. պետք է մասնակցեի Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում անցկացվելիք առաջին լայնամասշտաբ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ զբաղվելով պատվիրակների բնակարանային հարցերով։ Համաժողովը սկզբից մինչև վերջ անցավ ցնծության մեջ։ Պատվիրակներ կային աշխարհի 67 երկրներից, իսկ մասնակիցների առավելագույն թիվը կազմեց 123 707։ Համաժողովից հետո Ջուլիայի հետ միասին վերադարձանք մեր շրջագայական ծառայությանը։ Ու թեև մենք միանգամայն գոհ էինք մեր ծառայությունից, սակայն որոշեցինք, որ ձգտելու ենք որևէ ուրիշ տեսակի լիաժամ ծառայության։ Դրանից հետո ամեն տարի դիմում էինք լրացնում թե՛ Բեթելի ծառայության համար և թե՛ միսիոներական ծառայության։ 1952 թ.–ին մենք մեծ ուրախությամբ ընդունեցինք «Դիտարանի» աստավածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 20–րդ դասարանում սովորելու հրավերը։ Այնտեղ ստացանք կրթություն, որ անհրաժեշտ էր լինելու միսիոներական ծառայության համար։
Ծառայություն՝ երկրից դուրս
1953 թ.–ին դպրոցն ավարտելուց հետո նշանակվեցինք ծառայության Մեծ Բրիտանիայում, որտեղ ես սկսեցի ծառայել որպես մարզային վերակացու Անգլիայի հարավում։ Մենք անպատմելի ուրախություն էինք ստանում այս ծառայությունից։ Սակայն մի տարի էլ դեռ չէր անցել, երբ անակնկալ ձևով նշանակվեցինք ծառայության Դանիայում։ Անհրաժեշտություն էր առաջացել, որ այնտեղի մասնաճյուղի վերակացությունը ստանձներ նոր անձնավորություն։ Ու քանի որ ես գտնվում էի այդ երկրից ոչ հեռու և ժամանակին Բրուքլինում անցել էի համապատասխան պատրաստություններ, օգնելու համար ուղարկվեցի ես։ Մինչև Նիդերլանդներ գնացինք նավով, այնուհետև գնացքով մինչև Կոպենհագեն (Դանիա)։ Մենք տեղ հասանք 1954 թ. օգոստոսի 9–ին։
Խնդիրներից մեկն այն էր, որ մի քանի պատասխանատու եղբայրներ սկսել էին մերժել Բրուքլինի գլխավոր վարչությունից տրվող առաջնորդությունը։ Բացի դրանից, դանիերեն լեզվի չորս թարգմանիչներից երեքը լքել էին Բեթելը ու հետագայում դադարել Եհովայի վկաների հետ շփվելուց։ Սակայն Եհովան պատասխանեց մեր աղոթքներին. երկու ռահվիրաներ՝ Յորգեն և Աննա Լարսենները, որ նախկինում մասնակիորեն կատարել էին որոշ թարգմանչական աշխատանքներ, պատրաստակամություն հայտնեցին այդ գործով զբաղվելու լիաժամ։ Այնպես որ մեր պարբերագրերի թարգմանությունը դանիերենի շարունակվեց առանց ընդհատումների։ Լարսեն ամուսինները մինչև այժմ էլ Դանիայի Բեթելում են, և Յորգենը ծառայում է որպես մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր։
Այդ տարիներին մեծ քաջալերանք էինք ստանում եղբայր Նորի ժամանակ առ ժամանակ կատարած այցելություններից։ Նա ժամանակ էր տրամադրում մեզանից յուրաքանչյուրին՝ զրուցում էր ու պատմում կյանքից վերցված դեպքեր, և դա օգնում էր գտնել այս կամ այն խնդրի լուծումը։ 1955 թվականի նրա այցելության ժամանակ որոշվեց, որ հարկավոր է կառուցել նոր մասնաճյուղ՝ իր տպարանով, որպեսզի Դանիայի համար պարբերագրերի տպագրությունը իրականացվի տեղում։ Սեփականություն ձեռք բերեցինք Կոպենհագենի հյուսիսային շրջանի արվարձաններից մեկում և 1957 թ.–ին տեղափոխվեցինք նորակառույց շենքը։ Հարրի Ջոնսոնը, որն իր կնոջ՝ Կարինի հետ «Գաղաադ» միսիոներական դպրոցի 26–րդ դասարանը ավատելուց հետո նոր էր եկել Դանիա, օգնեց աշխատեցնել տպարանը։
Մեր եղբայրությունը ամրապնդելու նպատակով Դանիայում մեծ համաժողովներ կազմակերպեցինք։ Համաժողովների կազմակերպման հետ կապված փորձը, որ ձեռք էի բերել ժամանակին Միացյալ Նահանգներում, պետք եկավ։ 1961 թ.–ին Կոպենհագենում մեր կազմակերպած լայնամասշտաբ միջազգային համաժողովին պատվիրակներ հյուրընկալեցինք աշխարհի ավելի քան 30 երկրներից։ Ներկաների թիվը կազմեց 33 513։ 1969 թ.–ին կազմակերպեցինք համաժողով, որը Սկանդինավիայում երբևէ կազմակերպված բոլոր համաժողովներից ամենամեծն էր իր ծավալով։ Ներկաների առավելագույն թիվը կազմեց 42 073։
1963 թ.–ին ես հրավիրվեցի սովորելու «Գաղաադ» դպրոցի 38–րդ դասարանում։ Դա մի տասնամսյա դասընթաց էր և նախատեսված էր հիմնականում մասնաճյուղերի պատասխանատու եղբայրների համար։ Շատ հաճելի էր դարձյալ գտնվել Բրուքլինի Բեթելի ընտանիքում և օգուտներ քաղել այն եղբայրների կենսափորձից, ովքեր արդեն երկար տարիներ պատասխանատու աշխատանքներ էին կատարել գլխավոր վարչությունում։
Դասընթացներից հետո վերադարձա Դանիա՝ իմ պատասխանատվություններին, որոնց գումարվեցին նաև զոնալ վերակացուի պարտականություններ. ես պետք է այցելեի արևմտյան և հյուսիսային Եվրոպայի մասնաճյուղերը՝ պատասխանատու անձնակազմին օգնելու և քաջալերելու նպատակով։ Համեմատաբար վերջերս ես նույն այս աշխատանքը կատարում էի Արևմտյան Աֆրիկայում ու Կարիբյան կղզիներում։
70–ական թվականների վերջերին Դանիայում եղբայրները սկսեցին տեղ փնտրել ավելի մեծ հարմարություններով շինություն կառուցելու համար, քանի որ անհրաժեշտություն կար ընդարձակելու այդ երկրում մեր թարգմանչական–տպագրական գործունեությունը։ Գտնվեց մի հիանալի հողատարածք, որն ընկած էր Կոպենհագենից մոտ 60 կիլոմետր դեպի արևմուտք։ Շատերի հետ միասին ես ևս մասնակցեցի այստեղ կառուցվելիք նոր համալիրի նախագծման գործերին։ Ես ու Ջուլիան անհամբեր սպասում էինք այն օրվան, երբ Բեթելի մեր ընտանիքի հետ միասին կտեղափոխվեինք հիանալի նոր շենքերում բնակվելու։ Սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին։
Վերադարձ դեպի Բրուքլին
1980 թ. նոյեմբերին ես ու Ջուլիան հրավիրվեցինք ծառայելու Բրուքլինի Բեթելում, և 1981 թ. հունվարի սկզբներին մենք արդեն այնտեղ էինք։ Մեզ համար, որ վաղուց արդեն բոլորել էինք կյանքի հինգերորդ տասնամյակը և համարյա կյանքի կեսը անցկացրել Դանիայի մեր սիրելի քույր–եղբայրների հետ, ամենևին հեշտ չէր վերադառնալ Միացյալ Նահանգներ։ Այնուամենայնիվ, փորձեցինք մի կողմ թողնել մեր անձնական նախընտրությունը և մեր ուշադրությունը կենտրոնացնել նոր նշանակումների վրա, ինչ դժվարությունների հետ էլ որ դա լիներ կապված։
Մենք վերադարձանք Բրուքլին և հաստատվեցինք այնտեղ։ Ջուլիան նշանակվեց աշխատելու հաշվապահությունում՝ նույն գործին, որ նա կատարում էր Դանիայում։ Ես նշանակում ստացա գրական բաժնում, որտեղ պետք է օգնեի հրատարակման ժամկետների պլանավորման հարցում։ 80–ական թվականների սկզբում Բրուքլինում փոփոխություններ կատարվեցին՝ կապված այն բանի հետ, որ գրամեքենաների միջոցով կատարվող տպագրությունից անցանք համակարգչային օֆսեթ տպագրության։ Ես համակարգիչների վերաբերյալ գիտելիքներ չունեի, սակայն ունեի որոշակի պատկերացում կազմակերպչական մեթոդների վերաբերյալ ու մարդկանց հետ աշխատելու փորձ։
Կարճ ժամանակ դրանից հետո անհրաժեշտություն առաջացավ լրացուցիչ կազմակերպչական աշխատանքներ կատարել գեղարվեստական ձևավորման բաժնում՝ կապված այն բանի հետ, որ անցել էինք գունավոր օֆսեթ տպագրության և սկսել էինք կիրառել գունավոր պատկերներ ու լուսանկարներ։ Թեև ես նկարչական փորձ չունեի, սակայն դա չխանգարեց, որ կարողանայի օգտակար լինել կազմակերպչական հարցերում։ Այսպիսով՝ ես պատիվ ունեցա վերակացու լինել այդ բաժնում ինը տարի։
1992 թ.–ին նշանակվեցի օգնելու Կառավարիչ մարմնի հրատարակության կոմիտեին, որից հետո տեղափոխվեցի հաշվապահություն։ Մինչև օրս էլ ծառայում եմ այնտեղ՝ զբաղվելով Եհովայի վկաների կազմակերպության ֆինանսական հարցերով։
Ծառայում եմ երիտասարդ տարիներից
Վաղ երիտասարդությանս տարիներից սկսած արդեն 70 տարի է, ինչ հավատարմորեն ծառայում եմ Եհովային, և նա համբերատար կերպով ուսուցանում է ինձ իր Խոսքի՝ Աստվածաշնչի, և իր հրաշալի կազմակերպության մեջ ընդգրկված հասուն եղբայրների միջոցով։ Ավելի քան 63 տարիներ ես անցկացրել եմ լիաժամ ծառայության մեջ, որոնցից 55 տարին իմ հավատարիմ կնոջ՝ Ջուլիայի հետ։ Իսկապես, Եհովան առատ օրհնություններ է ինձ տվել։
Տարիներ առաջ՝ 1940 թ.–ին, երբ ես որոշում կայացրի թողնել մեր տունը և գնալ ծառայելու որպես ռահվիրա, հայրս քմծիծաղով ընդունեց իմ վճիռն ու ասաց. «Տղա՛ ջան, եթե գնում ես նման բաներով զբաղվելու, չկարծե՜ս, թե կարող ես վազել մոտս՝ օգնություն խնդրելու»։ Հետագա տարիների ընթացքում ես երբեք ստիպված չեմ եղել դիմելու նման քայլի։ Եհովան առատաձեռն կերպով հոգացել է իմ բոլոր կարիքները՝ հաճախ դա անելով օգնելու պատրաստ հավատակիցներիս միջոցով։ Հետագայում հայրս սկսեց հարգանքով վերաբերվել մեր գործունեությանը և հասցրեց նույնիսկ որոշ չափով ծանոթանալ Աստվածաշնչի ճշմարտությանը նախքան իր մահը 1972 թ.–ին։ Մայրս, որ երկնային կյանքի հույս էր փայփայում, շարունակեց հավատարմորեն ծառայել Եհովային մինչև 1985 թվականը, երբ նա մահացավ 102 տարեկան հասակում։
Իհարկե, լիաժամ ծառայության մեջ դժվարությունների հանդիպել ենք, սակայն ես ու Ջուլիան որոշել ենք երբեք չլքել մեր նշանակումը։ Եհովան միշտ իր աջակցությունն է ցույց տվել մեր այս վճիռն իրականացնելու հարցում։ Նույնիսկ երբ ծնողներս արդեն ծերացել էին և օգնության կարիք ունեին, մեզ ընդառաջեց քույրս՝ Վիկտորիա Մարլինը, ու սիրով հոգ տարավ նրանց մասին։ Այնքա՜ն երախտապարտ ենք նրան իր սիրառատ աջակցության համար, շնորհիվ որի մենք կարողացանք շարունակել մեր լիաժամ ծառայությունը։
Ջուլիան հավատարմորեն աջակցել է ինձ, ինչ նշանակումներ էլ որ ստացել ենք՝ համարելով դա Եհովային տված իր նվիրման երդումի բաղկացուցիչ մաս։ Թեև արդեն 80 տարեկան եմ և ունեմ որոշ առողջական խնդիրներ, ինձ զգում եմ Եհովայի կողմից առատապես օրհնված։ Ես մեծ քաջալերանք եմ ստանում սաղմոսերգուի հետևյալ խոսքերից, որ նա ասում է այն բանից հետո, երբ հայտնում է, որ Աստված իրեն ուսուցանել է մանկությունից ի վեր։ Նա խնդրում է. «Մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. մինչեւ որ.... պատմեմ.... քո զօրութիւնը բոլոր եկողներին» (Սաղմոս 71։17, 18)։
[ծանոթագրություն]
a Ուորենը Միլթոն Հենշելի ավագ եղբայրն էր։ Վերջինս երկար տարիներ ծառայել է որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։
[նկար 20–րդ էջի վրա]
Մայրիկիս հետ 1940 թ.–ին, երբ սկսեցի իմ ռահվիրայական ծառայությունը
[նկար 21–րդ էջի վրա]
Ջո և Մարգարետ Հարթերը, ում հետ միասին ռահվիրայություն էինք անում
[նկար 23–րդ էջի վրա]
Մեր ամուսնության օրը՝ 1948 թ. հունվարին
[նկար 23–րդ էջի վրա]
«Գաղաադի» համադասարանցիներիս հետ 1953 թ.–ին։ Ձախից աջ՝ Դոն և Վիրջինիա Ուարդերը, Գերտրուդա Ստեհենգան, Ջուլիան և ես
[նկար 23–րդ էջի վրա]
Ֆրեդերիկ Ֆրանցի ու Նաթան Նորի հետ Կոպենհագենում (Դանիա, 1961 թ.)
[նկար 25–րդ էջի վրա]
Ջուլիայի հետ այսօր