«Պատերազմիր հաւատքի բարի պատերազմը»
ԿԱՐՈ՞Ղ ես պատկերացնել զինվորի, որը չի ուրախանում, երբ պատերազմական ժամանակներում հետևյալ հրահանգն է ստանում. «Վերադարձիր տուն և որոշ ժամանակ կնոջդ ու տանեցիների հետ եղիր»։
Իսրայելի Դավիթ թագավորի օրոք մի զինվոր նման հրահանգ ստացավ։ Այդ զինվորին՝ քետացի Ուրիային, թագավորն անձամբ հրավիրեց իր մոտ ու հորդորեց տուն վերադառնալ։ Սակայն Ուրիան տուն չգնաց։ Երբ թագավորը նրան հարցրեց, թե ինչու նա այդպիսի արտասովոր կերպով վարվեց, Ուրիան նախ ասաց, որ Աստծո ներկայությունը պատկերող ուխտի տապանակը, ինչպես նաև իսրայելացիների բանակը պատերազմի դաշտում է գտնվում։ Ապա ավելացրեց. «Եւ ես գնամ իմ տո՞ւնը՝ ուտելու եւ խմելու եւ կնկանս հետ պառկելու»։ Այդ վճռական ժամանակներում Ուրիայի համար դա անհնարին էր (Բ Թագաւորաց 11։8–11)։
Ուրիայի վարվելակերպը մեզ պիտի շատ հետաքրքրի, քանի որ մեր օրերում էլ մի պատերազմ է ընթանում։ Այս կատաղի պատերազմը նման չէ աշխարհում մղվող ոչ մի պատերազմի։ Այն նույնիսկ համեմատելի չէ Համաշխարհային երկու պատերազմների հետ։ Դու անձամբ ներգրավված ես այս պատերազմում։ Այն ծայրաստիճան վտանգավոր է, իսկ թշնամին՝ ահարկու։ Այս պատերազմի ընթացքում չի լսվում ոչ մի կրակոց, չկա ոչ մի ռմբակոծություն, սակայն զորեղ ռազմավարություն է կիրառվում։
Նախքան մարտին միանալը դու պետք է ստույգ իմանաս, թե արդյոք այն բարոյական տեսակետից արդա՞ր է, ի՞նչ նպատակով է այն մղվում, արժե՞ այն մղել։ Այս յուրօրինակ պայքարի նպատակը պարզաբանեց Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված իր նամակում. «Պատերազմիր հաւատքի բարի պատերազմը»։ Այո՛, այս պատերազմի ժամանակ հարկավոր է պաշտպանել ոչ թե որևէ ամրոց, այլ ‘հավատը’՝ Աստվածաշնչում ներկայացված ողջ ճշմարտությունը։ Պարզ է, որ պետք է ամուր հավատ ունենաս այդ ճշմարտությունների հանդեպ, որպեսզի կարողանաս պայքարել ‘հավատի’ համար ու հաղթանակ տանել (Ա Տիմոթէոս 6։12)։
Խելամիտ զինվորը ջանում է լավ ճանաչել իր թշնամուն։ Այս պայքարում մեր թշնամին պատերազմ վարելու տարիների փորձ, ինչպես նաև ամենաբազմազան միջոցներ ու զենքեր ունի։ Նա գերմարդկային էակ է։ Նա չար է, դաժան ու ստոր։ Այդ անձնավորությունը Սատանան է (Ա Պետրոս 5։8)։ Մարդու ձեռքով պատրաստված զենք ու զրահը, ինչպես նաև մարդկային ճարպկությունն ու հնարագիտությունը անզոր են այսպիսի հակառակորդի դեմ (Բ Կորնթացիս 10։4)։ Այդ դեպքում ի՞նչ զենք օգտագործել նրա դեմ պայքարելու համար։
Ամենակարևոր զենքը ‘ոգու սուրն է, որ Աստծո խոսքն է’ (Եփեսացիս 6։17)։ Պողոս առաքյալը նկարագրեց, թե որքան զորեղ է այն. «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները» (Եբրայեցիս 4։12)։ Այս զենքը, որ այն աստիճան սուր է ու կտրուկ, որ կարող է թափանցել մինչև անհատի միտքն ու մղումները, հարկավոր է գործածել վարպետորեն և զգուշությամբ։
Հավանաբար գիտես, որ եթե բանակն իր տրամադրության տակ ամենալավ զենքերն ունենա, սակայն զինվորները չկարողանան այդ զենքերից հմտորեն օգտվել, դրանք անօգուտ կլինեն։ Նրանց նման՝ դու էլ ուսուցման կարիք ունես, որպեսզի կարողանաս արդյունավետ կերպով կիրառել քո ձեռքի ‘սուրը’։ Քեզ համար ուրախալի կլինի իմանալ, որ քեզ կարող են մարզել ամենափորձառու զինվորները։ Նրանց Հիսուսն անվանեց «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» և հանձնարարեց ժամանակին հոգևոր կերակուր տալ, այսինքն՝ կրթել իր հետևորդներին (Մատթէոս 24։45)։ Դու կարող ես բնորոշել այդ «ծառա» դասակարգին՝ քննելով, թե ինչպիսի ջանքեր է նա ներդնում մյուսներին սովորեցնելու, ինչպես նաև թշնամու մարտավարության մասին ժամանակին նախազգուշացնելու համար։ Ակներև է, որ այդ «ծառան» Եհովայի վկաների քրիստոնեական ժողովի սուրբ ոգով օծված անդամներն են (Յայտնութիւն 14։1)։
Այս «ծառա» դասակարգը ոչ միայն ուսուցանում է, այլ նաև Պողոս առաքյալի ոգին է դրսևորում, որը Թեսաղոնիկեի ժողովին գրեց. «Հեզահոգի եղանք ձեր մէջ ինչպէս որ մի դայեակ սնուցանում է իր երեխաներին։ Այնպէս էլ մենք խանդակաթ սէր ունենալով դէպի ձեզ, հաճեցանք ոչ թէ միայն Աստուծոյ աւետարանը տալ ձեզ, այլ մեր անձներն էլ, որովհետեւ մեր սիրելիներն եղաք» (Ա Թեսաղոնիկեցիս 2։7, 8)։ Այս սիրառատ կերպով մատուցվող ուսուցումից օգտվելը յուրաքանչյուր քրիստոնյա զինվորի պատասխանատվությունն է։
Սպառազինվի՛ր
Պաշտպանվելու համար քո տրամադրության տակ կա սպառազինություն՝ «զենքեր», որոնք թվարկվում են Եփեսացիս 6։13–18-ում։ Աչալուրջ զինվորը մարտի դուրս չի գա, եթե իր հոգևոր սպառազինության մի մասը բացակայում է կամ էլ վերանորոգման կարիք ունի։
Թեև քրիստոնյան պաշտպանողական բոլոր զենքերի կարիքն ունի, սակայն մեծ վահանը հատկապես կարևոր է։ Ահա թե ինչու Պողոս առաքյալը գրեց այսպես. «Եւ ամենի վերայ [«նախևառաջ», ՆԱ] հաւատքի [«մեծ», ՆԱ] վահանն առէք. որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել» (Եփեսացիս 6։16)։
Մեծ վահանը, որ կարող է ծածկել զինվորի գրեթե ողջ մարմինը, ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի հավատը։ Դու պետք է լիովին վստահես Եհովայի առաջնորդությանը՝ առանց որևէ կասկածի հավատալով, որ նրա բոլոր խոստումները կկատարվեն։ Այնպիսի զգացում պետք է ունենաս, որ Աստծո այդ խոստումներն արդեն կատարվել են։ Նույնիսկ մի ակնթարթ անգամ չկասկածես, որ Սատանային պատկանող այս չար աշխարհը շուտով կոչնչանա, որ երկիրը դրախտի կվերածվի, որ Աստծուն նվիրված անհատները կատարելության կհասնեն (Եսայիա 33։24; 35։1, 2; Յայտնութիւն 19։17–21)։
Սակայն այս անկրկնելի պայքարում դու մի կարևոր բանի կարիք էլ ունես՝ ընկերոջ։ Պատերազմի ժամանակ զինվորները սիրտ են տալիս ու պաշտպանում են իրար, երբեմն նույնիսկ փրկում մահից, ինչի շնորհիվ միմյանց միջև ամուր ընկերություն է հաստատվում։ Չնայած նման մարտընկերները բարձր են գնահատվում, այս պայքարում կենդանի մնալու համար անհրաժեշտ է ընկերանալ հենց Եհովայի հետ։ Այդ իսկ պատճառով Պողոսը «զենքերի» թվարկումն ավարտեց այս խոսքերով. «Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով» (Եփեսացիս 6։18)։
Մեզ հաճելի է լինել մեր ընկերոջ կողքին։ Մենք ուրախությամբ նրա հետ ժամանակ ենք անցկացնում։ Եթե աղոթքի միջոցով կանոնավորաբար խոսենք Եհովայի հետ, ապա նա մեզ համար կդառնա իրական, հուսալի ընկեր։ Հակոբոս աշակերտը հորդորում է մեզ. «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» (Յակոբոս 4։8)։
Թշնամու մարտավարությունը
Այս աշխարհի դեմ պայքարելիս երբեմն, ասես, ականադաշտով քայլելիս լինենք։ Բացի այդ, թշնամին կարող է ցանկացած տեղից հարձակվել՝ ընդ որում ձգտելով հանկարծակիի բերել քեզ։ Սակայն միշտ վստահ եղիր. Եհովան տվել է այն ամենը, ինչը հարկավոր է քո պաշտպանության համար (Ա Կորնթացիս 10։13)։
Թշնամին կարող է «ռմբակոծել» այն աստվածաշնչյան ճշմարտությունները, որոնք քո հավատի հիմքն են հանդիսանում։ Հավատուրացները իրենց շողոքորթություններով, գեղեցիկ խոսքերով ու աղավաղված փաստարկներով կարող են քո հավատը կոտրելու փորձ կատարել։ Նրանց ամենևին էլ չի մտահոգում քո բարօրությունը։ Ահա թե ինչ ենք կարդում Առակաց 11։9–ում. «Կեղծաւորն [«հավատուրացը», ՆԱ] իր բերանովը կ’փչացնէ իր հարեւանին, բայց արդարները կ’ազատուին գիտութիւնով»։
Սխալ կլինի մտածել, որ հավատուրացների փաստարկները հերքելու համար հարկավոր է լսել նրանց կամ էլ կարդալ նրանց գրականությունը։ Հավատուրացների աղավաղված ու կործանարար դատողությունները կարող են հոգևոր վնասներ բերել և արագ տարածվող գանգրենայի պես՝ աստիճանաբար սպանել քո հավատը (Բ Տիմոթէոս 2։16, 17 ՆԱ)։ Ուշադրություն դարձրու, թե Աստված ինչպես է վերաբերվում հավատուրացներին, և վարվիր նրա նման։ Եհովայի մասին Հոբն ասաց հետևյալը. «Կեղծաւորը [«հավատուրացը», ՆԱ] նորա առաջին չի գալ» (Յոբ 13։16)։
Թշնամին կարող է մեկ այլ մարտավարության դիմել՝ մի տակտիկայի, որը կիրառելիս նա որոշակի հաջողությունների է հասել։ Եթե զինվորներին հաջողվի հրապուրել անբարոյությամբ ու անառակությամբ, բանակը հնարավոր կլինի քայքայել։
Աշխարհում տիրող զվարճությունները՝ անբարո ֆիլմերը, հեռուստաշոուներն ու խելագար երաժշտությունը զորեղ խայծեր են։ Ոմանք ասում են, որ անբարո տեսարաններ դիտելն ու նման գրականություն ընթերցելը ոչ մի ազդեցություն չի թողնում նրանց վրա։ Սակայն մի մարդ, որը կանոնավորաբար դիտում էր այնպիսի ֆիլմեր, որոնցում եղել են սեքսին վերաբերող բաց տեսարաններ, անկեղծորեն խոստովանում է. «Դու երբեք չես մոռանում այդ տեսարանները։ Որքան ավելի ես մտածում դրանց մասին, այնքան ավելի ես ցանկանում այդպես վարվել... Ֆիլմը ստիպում է քեզ մտածել, որ դու զրկվում ես ինչ–որ բանից»։ Արժե՞ ռիսկի դիմել ու խոցվել նման խորամանկ հարձակման ժամանակ։
Թշնամու զինանոցում գտնվող «նետերից» մեկն էլ նյութապաշտությունն է։ Այս հարձակման վտանգը դժվար է նկատել, քանի որ բոլորս էլ նյութական կարիքներ ունենք։ Մեզ հարկավոր է տուն, կերակուր և հագուստ, իսկ հաճելի իրեր ձեռք բերելու մեջ ոչ մի վատ բան չկա։ Վտանգը կայանում է նրանում, թե նյութականը անհատի կյանքում որ տեղում է։ Դրամը կարող է ավելի կարևոր դառնալ, քան հոգևորը։ Մենք կարող ենք փողասեր դառնալ։ Լավ կլինի, որ ինքներս մեզ հիշեցնենք՝ ունեցվածքը սահմանափակ օգուտներ է տալիս, քանզի վաղանցիկ է՝ ի տարբերություն հոգևոր հարստության, որը մնայուն է (Մատթէոս 6։19, 20)։
Եթե բանակի մարտական ոգին կոտրված է, հաղթելու հավանականությունը նվազում է։ «Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կ’լինի» (Առակաց 24։10)։ Վհատության զգացումը նույնպես Սատանայի զենքերից է, որը նա հաջողությամբ կիրառում է։ Եթե «փրկութեան յոյսի սաղաւարտը» հագնենք, կկարողանանք պայքարել այդ զգացման դեմ (Ա Թեսաղոնիկեցիս 5։8)։ Ձգտիր, որ հույսդ Աբրահամի տածած հույսի պես ամուր լինի։ Երբ նրան ասվեց որպես զոհ մատուցել իր միակ որդուն՝ Իսահակին, Աբրահամը չվարանեց։ Նա հավատում էր, որ Աստված կիրականացնի իր խոստումը և բոլոր ազգերը կօրհնվեն նրա սերնդի միջոցով, և որ անհրաժեշտության դեպքում Աստված կարող է Իսահակին հարություն տալ, որպեսզի ի կատար ածի իր այդ նպատակը (Եբրայեցիս 11։17–19)։
Մի՛ հանձնվիր
Ոմանք, որ երկար տարիներ արիաբար մարտնչել են, այժմ թերևս հոգնել են ու չեն պայքարում նույն զգոնությամբ։ Ուրիայի օրինակը, որ նշված է հոդվածի սկզբում, կարող է օգնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս պայքարում, պահպանելու ճիշտ տրամադրվածություն։ Մեր քրիստոնյա «զինակիցներից» շատերը զրկանքներ են կրում, վտանգների են բախվում, ապրում են ցուրտ պայմաններում կամ էլ սովի դեմ են պայքարում։ Ուրիային նմանվելով՝ մենք չենք ուզում կենտրոնանալ կյանքի բոլոր հաճույքների կամ էլ հեշտ կյանք վարելու վրա։ Մենք ցանկանում ենք մնալ Եհովային հավատարիմ զինվորներից բաղկացած համաշխարհային բանակի մեջ և պայքարել այնքան ժամանակ, մինչև որ չստանանք այն հրաշալի օրհնությունները, որոնք պահված են մեզ համար (Եբրայեցիս 10։32–34)։
Վտանգավոր է մեր զգոնությունը կորցնելը, օրինակ՝ մտածելով, որ վճռական հարձակումը հեռու ապագայում կլինի։ Դավիթ թագավորի օրինակը բացահայտում է այդ վտանգը։ Ինչ–որ պատճառով նա իր զորքի մեջ չէր գտնվում, երբ այն պատերազմելու էր դուրս եկել։ Արդյունքում Դավիթը լուրջ մեղք գործեց, որի պատճառով նա մինչև իր կյանքի վերջը զրկանքներ կրեց ու տառապեց (Բ Թագաւորաց 12։10–14)։
Արժե՞ արդյոք մասնակցել այս պատերազմին՝ կռվի դժվարությունները կրելով, ծաղրանքին դիմանալով ու մերժելով այս աշխարհի անբարո հաճույքները։ Նրանք, ովքեր հաջողությամբ շարունակում են պայքարը, համամիտ են, որ այն, ինչ առաջարկում է աշխարհը, կարող է հրապուրիչ լինել ու կեղծ ոսկեթելի պես փայլել։ Սակայն ուշադիր զննելով այն՝ պարզ է դառնում, որ այդ ոսկեթելը գրեթե արժեք չունի (Փիլիպպեցիս 3։8)։ Ավելին, այդ հաճույքներն իրենց հետ հաճախ ցավ ու հիասթափություն են բերում։
Հոգևոր պայքար մղող քրիստոնյաները վայելում են մտերիմ փոխհարաբերություններ իսկական ընկերների հետ, ունեն մաքուր խիղճ, ինչպես նաև հիասքանչ հույս։ Սուրբ ոգով օծված քրիստոնյաներն ակնկալում են ստանալ երկնային անմահ կյանք ու վայելել այն Հիսուս Քրիստոսի կողքին (Ա Կորնթացիս 15։54)։ Իսկ քրիստոնյա զինվորների մեծամասնությունը երկրային դրախտում կատարյալ կյանքով ապրելու հույս ունի։ Իրոք, այսպիսի մրցանակ շահելու համար արժե ցանկացած զոհողությունների գնալ։ Քանի դեռ հավատարմորեն շարունակում ենք պայքարել, վստահ ենք, որ այս պատերազմում կհաղթենք, ինչը չի կարելի ասել մյուս պատերազմների համար (Եբրայեցիս 11։1)։ Իսկ Սատանայի իշխանության տակ գտնվող այս համակարգը ամբողջովին կոչնչանա (Բ Պետրոս 3։10)։
Շարունակելով այս պայքարը՝ հիշիր Հիսուսի խոսքերը. «Քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Յովհաննէս 16։33)։ Նա հաղթեց, որովհետև պահպանեց զգոնությունն ու անարատությունը փորձությունների ներքո։ Մենք էլ կարող ենք նույնպես վարվել։
[մեջբերում]
Այս պատերազմի ընթացքում չի լսվում ոչ մի կրակոց, չկա ոչ մի ռմբակոծություն, սակայն զորեղ ռազմավարություն է կիրառվում։
[մեջբերում]
Քանի դեռ հավատարմորեն շարունակում ենք պայքարել, վստահ ենք, որ այս պատերազմում կհաղթենք
[նկար 26–րդ էջի վրա]
Փրկության սաղավարտը մեզ կօգնի հաղթահարել վհատության զգացումը
Պինդ բռնիր հավատի մեծ վահանը, որպեսզի ետ մղես Սատանայի «կրակոտ նետերը»
[նկար 28–րդ էջի վրա]
«Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ»
[նկար 29–րդ էջի վրա]
Մենք պետք է հավատանք, որ Աստծո տված խոստումները կկատարվեն