‘Նրանց սովորեցրեք, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն’
«Ուրեմն գնացէք.... աշակերտեցէք [աշակերտ դարձրէ՛ք, ԷԹ] .... նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (Մատթեոս 28։19, 20)։
1. Ի՞նչ խոսակցություն տեղի ունեցավ Փիլիպպոս աշակերտի ու եթովպացու միջև։
ԱՅԴ եթովպացի մարդը երկար ճանապարհ էր կտրել Երուսաղեմ հասնելու համար։ Այնտեղ նա երկրպագեց իր սիրելի Աստծուն՝ Եհովային։ Նա ակներևաբար սիրում էր նաև Աստծո ներշնչյալ Խոսքը։ Կառքով տուն վերադառնալիս նա կարդում էր Եսայիա մարգարեի գիրքը, և այդ ժամանակ Քրիստոսի աշակերտներից մեկը՝ Փիլիպպոսը, հանդիպեց նրան։ Փիլիպպոսը եթովպացուն հարցրեց. «Հասկանո՞ւմ ես արդեօք կարդացածդ»։ Մարդը պատասխանեց. «Ի՞նչպէս կ’կարողանամ, եթէ մէկը չ’առաջնորդէ ինձ»։ Փիլիպպոսը ձեռնամուխ եղավ օգնելու Գրություններն ուսումնասիրող այս ազնվասիրտ մարդուն դառնալ Քրիստոսի աշակերտ (Գործք 8։26–39)։
2. ա) Ինչո՞վ էր իմաստալից եթովպացու պատասխանը։ բ) Քրիստոսի՝ աշակերտ պատրաստելու հանձնարարության հետ կապված ի՞նչ հարցեր ենք քննարկելու։
2 Եթովպացու պատասխանը անչափ հետաքրքիր էր։ Նա ասաց. «Ի՞նչպէս կ’կարողանամ, եթէ մէկը չ’առաջնորդէ ինձ»։ Այո, նա կարիք ուներ առաջնորդողի՝ մի անձնավորության, որը կօգներ իրեն։ Նրա պատասխանն ինքնին շեշտում է այն հատուկ պատվերի կարևորությունը, որը Հիսուսն ընդգրկեց աշակերտ պատրաստելու հանձնարարության մեջ։ Ի՞նչ պատվեր։ Պատասխանը գտնելու համար եկեք շարունակենք խորհել Հիսուսի խոսքերի շուրջ՝ գրված Մատթէոս 28–րդ գլխում։ Նախորդ հոդվածում ուշադրություն դարձրեցինք «ինչո՞ւ» և «որտե՞ղ» հարցերի վրա։ Այժմ կքննարկենք ևս երկու հարց, որոնք առնչություն ունեն Քրիստոսի՝ աշակերտ պատրաստելու պատվերի հետ։ Դրանք են՝ «ի՞նչ» ու «ե՞րբ»։
«Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ.... պահեն»
3. ա) Ինչպե՞ս է անհատը դառնում Հիսուս Քրիստոսի աշակերտ։ բ) Ի՞նչը սովորեցնելն է մտնում աշակերտ պատրաստելու գործի մեջ։
3 Ի՞նչ պետք է սովորեցնենք մարդկանց, որպեսզի նրանք կարողանան դառնալ Քրիստոսի աշակերտներ։ Հիսուսը իր հետևորդներին պատվիրեց. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք [աշակերտ դարձրէ՛ք, ԷԹ], նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (Մատթէոս 28։19, 20)։ Ուրեմն՝ մենք պետք է սովորեցնենք Քրիստոսի պատվիրած բաները։a Սակայն ի՞նչ կարելի է անել, որ Հիսուսի պատվերները սովորող անհատը ոչ միայն դառնա աշակերտ, այլև այդպիսին մնա։ Այս հարցի հետ կապված մի կարևոր հանգամանք կարելի է նկատել Հիսուսի՝ մանրակրկիտ ձևով ընտրված բառերում։ Ուշադրություն դարձրեք, որ նա պարզապես չասաց. «Սովորեցրեք նրանց ամեն ինչ, որ ես ձեզ պատվիրեցի»։ Նա ասաց. «Նորանց սովորեց[րեք], որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (Մատթէոս 19։17)։ Ի՞նչ է դա նշանակում։
4. ա) Ի՞նչ է նշանակում պատվերը պահել։ բ) Բացատրե՛ք, թե ինչպես ենք սովորեցնում անհատին պահելու Քրիստոսի պատվերները։
4 Պատվերը պահել նշանակում է վարվել այդ պատվերի համաձայն՝ ենթարկվել, հնազանդվել դրան։ Ուրեմն, ինչպե՞ս ենք սովորեցնում անհատին, որ պահի՝ հնազանդվի այն բաներին, որ Քրիստոսը պատվիրել է։ Դիտարկենք մի օրինակ, թե ինչպես է վարորդական դասընթացների ուսուցիչը սովորեցնում իր աշակերտներին պահել ճանապարհային երթևեկության կանոնները։ Նա կարող է իր աշակերտներին այդ կանոնները սովորեցնել դասասենյակում։ Բայց որպեսզի սովորեցնի, թե ինչպես պահել կանոնները, նա պետք է հրահանգներ տա, երբ նրանք մեքենա են վարում ու ջանում են իրենց սովորածը գործնականում կիրառել։ Նմանապես, երբ մարդկանց հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, նրանց սովորեցնում ենք Քրիստոսի պատվերները։ Սակայն մենք պետք է նաև առաջնորդենք նրանց, երբ նրանք ջանում են Քրիստոսի պատվերները կիրառել առօրյա կյանքում և ծառայության մեջ (Յովհաննէս 14։15; Ա Յովհաննէս 2։3)։ Ուրեմն՝ Քրիստոսի՝ աշակերտ պատրաստելու պատվերն ամբողջությամբ իրագործելու համար մենք պետք է լինենք թե՛ ուսուցիչ, թե՛ առաջնորդող։ Այս ձևով մենք կընդօրինակենք Հիսուսին ու հենց Եհովային (Սաղմոս 48։14; Յայտնութիւն 7։17)։
5. Ինչո՞ւ անհատը, որի հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, գուցե վարանի հնազանդվել Քրիստոսի՝ աշակերտ պատրաստելու պատվերին։
5 Մարդկանց սովորեցնել, որ պահեն Հիսուսի պատվերները, նշանակում է նրանց օգնել, որ կատարեն աշակերտ պատրաստելու պատվերը։ Ոմանք, որոնց հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, գուցե վարանեն դա անել։ Նույնիսկ եթե նրանք մի ժամանակ քրիստոնեական աշխարհի ինչ–որ եկեղեցու ակտիվ անդամներ են եղել, քիչ հավանական է, որ նրանց նախկին կրոնական ուսուցիչները երբևէ սովորեցրած լինեն նրանց, որ հարկավոր է գնալ ու աշակերտներ պատրաստել։ Որոշ եկեղեցական ղեկավարներ անկեղծորեն ընդունում են, որ քրիստոնեական աշխարհի եկեղեցիները բացարձակապես ձախողվում են իրենց հոտին ավետարանել սովորեցնելու հարցում։ Աստվածաշնչագետ Ջոն Սթոթը, մեկնաբանելով Հիսուսի պատվերը՝ գնալ աշխարհ ու օգնել ամեն տեսակ մարդկանց, որ դառնան աշակերտներ, նշում է. «Այն, որ մենք ձախողվել ենք այդ պատվերին հնազանդվելու հարցում, ավետարանչական քրիստոնյաների մեծագույն թուլությունն է ներկայիս ավետարանչության գործում»։ Նա ավելացնում է. «Մենք հակված ենք մեր պատգամը հեռվից հռչակելու։ Երբեմն այնպիսի մարդկանց տպավորություն ենք թողնում, որոնք ափից՝ ապահով տեղից, բղավելով խորհուրդ են տալիս խեղդվող մարդուն, թե ինչ անի, որ փրկվի։ Մենք չենք նետվում փրկելու նրան։ Մենք վախենում ենք թրջվելուց»։
6. ա) Աստվածաշունչ ուսումնասիրողին օգնելիս ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Փիլիպպոսին։ բ) Ինչպե՞ս կարող ենք հոգատարություն դրսևորել Աստվածաշունչ ուսումնասիրողի հանդեպ, երբ նա սկսում է մասնակցել քարոզչությանը։
6 Եթե ինչ–որ մեկը, որի հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, նախկինում եղել է մի կրոնում, որի անդամները «վախենում են թրջվելուց», ապա նրա համար գուցե դժվար լինի հաղթահարել իր, այսպես ասած, ջրավախությունը ու հնազանդվել Քրիստոսի՝ աշակերտներ պատրաստելու պատվերին։ Նա օգնության կարիք ունի։ Ուստի մենք պետք է համբերատար լինենք, մինչ նրան ուսուցում և առաջնորդություն ենք տալիս, որոնք խորացնում են նրա հասկացողությունը ու մղում նրան գործերի, ճիշտ ինչպես Փիլիպպոսի տված ուսուցումը լուսավորեց եթովպացուն ու մղեց նրան մկրտվելու (Յովհաննէս 16։13; Գործք 8։35–38)։ Բացի այդ, քանի որ ցանկանում ենք սովորեցնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին պահել աշակերտներ պատրաստելու պատվերը, ուստի նրանց կողքին կլինենք, երբ նրանք առաջին քայլերն անեն Թագավորության քարոզչության գործում (Ժողովող 4։9, 10; Ղուկաս 6։40, ԱՆԹ)։
«Ամեն ինչ»
7. Երբ մարդկանց սովորեցնում ենք ‘պահել ամեն ինչ’, դրա մեջ ո՞ր պատվիրանները սովորեցնելն է մտնում։
7 Մենք չենք սահմանափակվում միայն նոր աշակերտներին սովորեցնելով, թե ինչպես աշակերտներ պատրաստեն։ Հիսուսը հանձնարարել է մեզ մարդկանց սովորեցնել, որ ‘ամեն ինչ, որ նա պատվիրել է, պահեն’։ Այդ հանձնարարության մեջ, անշուշտ, մտնում են երկու մեծագույն պատվիրանները՝ սիրել Աստծուն և սիրել մերձավորին (Մատթէոս 22։37–39)։ Ինչպե՞ս կարող ենք սովորեցնել նոր աշակերտներին պահել այս պատվիրանները։
8. Բացատրեք, թե ինչպես կարող է նոր աշակերտը սովորել սեր ցուցաբերելու պատվերը։
8 Վերադառնանք վարորդական դասընթացների օրինակին։ Աշակերտը մեքենան երթևեկության ընդհանուր հոսքի մեջ վարելիս սովորում է ոչ միայն լսելով իր ուսուցչին, որը նստած է իր կողքին, այլև դիտելով մյուս վարորդների գործողությունները։ Օրինակ՝ ուսուցիչը կարող է աշակերտի ուշադրությունը հրավիրել այն վարորդի վրա, որը բարյացակամորեն ճանապարհը զիջում է մեկ ուրիշին, կամ այն վարորդի վրա, որը, քաղաքավարություն հանդես բերելով, ավտոմեքենայի լույսերը փոխում է, որպեսզի չկուրացնի դիմացից եկող մեքենաների վարորդներին, կամ այն վարորդի վրա, որը պատրաստակամորեն օգնություն է առաջարկում իր ծանոթին, որի մեքենան փչացել է։ Նման օրինակներն աշակերտին արժեքավոր դասեր են սովորեցնում, որոնք նա կարող է կիրառել մեքենա վարելիս։ Նույն կերպով էլ նոր աշակերտը, որը գնում է կյանք տանող ճանապարհով, սովորում է ոչ միայն իր ուսուցչից, այլև այն քրիստոնյաների հրաշալի օրինակներից, որ տեսնում է ժողովում (Մատթէոս 7։13, 14)։
9. Ինչպե՞ս է նոր աշակերտը սովորում, թե ինչ է նշանակում պահել սեր ցուցաբերելու պատվերը։
9 Օրինակ՝ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատը գուցե տեսնի միայնակ ծնողի, որը մեծ ջանքեր է թափում իր խնամքի տակ գտնվող երեխաների հետ Թագավորության սրահ գալու համար։ Կամ գուցե նկատի վհատված անձնավորության, որը հավատարմորեն ներկա է լինում հանդիպումներին՝ չնայած դեպրեսիային, տարեց այրու, որը քաջալերում է ժողովի անդամներին, դեռահասի, որը մասնակցում է Թագավորության սրահի մաքրությանը։ Ուսումնասիրողը կարող է նկատել, թե ինչպես է ժողովի երեցը հավատարմորեն առաջնորդություն վերցնում քարոզչական ծառայության մեջ՝ ժողովում ունեցած իր բազմաթիվ պատասխանատվությունների հետ մեկտեղ։ Նա գուցե հանդիպի Վկայի, որը տկարության պատճառով տնից դուրս գալ չի կարող, բայց հոգևոր քաջալերանքի աղբյուր է բոլոր իրեն այցելողների համար։ Աստվածաշունչ ուսումնասիրողը միգուցե տեսնի ամուսինների, որոնք մեծ փոփոխություններ են անում իրենց կյանքում, որպեսզի հոգ տանեն իրենց ծեր ծնողներին։ Տեսնելով նման բարի, օգնության հասնելու պատրաստ ու վստահելի քրիստոնյաների՝ նոր աշակերտը օրինակներով սովորում է, թե ինչ է նշանակում հնազանդվել Քրիստոսի պատվերին, որն է՝ սիրել Աստծուն և մերձավորին ու հատկապես հավատակիցներին (Առակաց 24։32; Յովհաննէս 13։35; Գաղատացիս 6։10; Ա Տիմոթէոս 5։4, 8; Ա Պետրոս 5։2, 3)։ Ահա այսպես քրիստոնեական ժողովի յուրաքանչյուր անդամ կարող է լինել ու պետք է լինի ուսուցիչ և առաջնորդող (Մատթէոս 5։16)։
«Մինչեւ աշխարհքի վերջը»
10. ա) Որքա՞ն դեռ պետք է զբաղված լինենք աշակերտներ պատրաստելու գործով։ բ) Հանձնարարությունները կատարելու առումով ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։
10 Մինչև ե՞րբ մենք պետք է զբաղված լինենք աշակերտներ պատրաստելու գործով։ Այն ամբողջ ժամանակ, քանի դեռ չի եկել «աշխարհքի», այսինքն՝ այս համակարգի «վերջը» (Մատթէոս 28։20)։ Կկարողանա՞նք իրագործել Հիսուսի հանձնարարության այս երեսակը։ Մենք՝ որպես համաշխարհային ժողով, վճռականորեն տրամադրված ենք դա անել։ Անցած տարիներին մենք ուրախությամբ մեր ժամանակը, ուժն ու միջոցները նվիրեցինք՝ գտնելու նրանց, ովքեր ճիշտ են տրամադրված եղել հավիտենական կյանքի հանդեպ (Գործք 13։48, ՆԱ)։ Ներկայումս ամբողջ աշխարհում Եհովայի վկաները միջին հաշվով օրական ավելի քան երեք միլիոն ժամ են հատկացնում Թագավորության քարոզչության ու աշակերտներ պատրաստելու գործին։ Մենք դա անում ենք, քանի որ հետևում ենք Հիսուսի օրինակին։ Նա ասաց. «Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ, եւ նորա գործը կատարեմ [«իր լրումին հասցնեմ», ԱՆԹ]» (Յովհաննէս 4։34)։ Դա նաև մեր սրտի ցանկությունն է (Յովհաննէս 20։21)։ Մենք ցանկանում ենք մեզ վստահված գործը սկսելուց ավելին անել. մենք ցանկանում ենք այդ գործն «իր լրումին»՝ ավարտին հասցնել (Մատթէոս 24։13; Յովհաննէս 17։4, ԱՆԹ)։
11. Ի՞նչ է պատահում մեր հավատակիցներից ոմանց, և ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ։
11 Սակայն մենք տխրում ենք՝ տեսնելով, որ մեր հավատակիցներից ոմանք հոգևորապես թուլացել են ու որպես հետևանք դանդաղեցրել են իրենց ընթացքը Քրիստոսի՝ աշակերտներ պատրաստելու պատվերը կատարելու գործում կամ ընդհանրապես դադարել են կատարել այդ պատվերը։ Կա՞ որևէ ելք օգնելու նրանց, որ վերականգնեն իրենց շփումը ժողովի հետ ու դարձյալ բաժին ունենան աշակերտ պատրաստելու գործում (Հռովմայեցիս 15։1; Եբրայեցիս 12։12)։ Այն, թե ինչ կերպով Հիսուսն օգնեց իր առաքյալներին, երբ նրանք ժամանակավորապես գտնվում էին թուլացած վիճակում, մատնանշում է, թե ինչ կարող ենք մենք անել այսօր։
Հոգատարություն ցույց տուր
12. ա) Հիսուսի մահվանից առաջ ի՞նչ արեցին նրա առաքյալները։ բ) Ինչպե՞ս Հիսուսը վերաբերվեց առաքյալներին, չնայած որ նրանք լրջորեն թերացան։
12 Երբ Հիսուսի երկրային ծառայությունն ավարտվում էր, և նրա մահն անխուսափելի էր, առաքյալները «նորան թողեցին փախան»։ Հիսուսի կանխագուշակածի համաձայն՝ նրանք ‘ցրվեցին իրենց տեղերը’ (Մարկոս 14։50; Յովհաննէս 16։32)։ Ինչպե՞ս Հիսուսը վարվեց իր՝ հոգևորապես թուլացած ընկերների հետ։ Իր հարությունից կարճ ժամանակ անց Հիսուսն իր հետևորդներից մի քանիսին ասաց. «Մի վախենաք. գնացէք իմ եղբայրներին ասեցէք, որ գնան Գալիլեա, եւ այնտեղ կ’տեսնեն ինձ» (Մատթէոս 28։10)։ Չնայած որ առաքյալները լրջորեն թերացել էին, Հիսուսը, այնուամենայնիվ, նրանց անվանեց ‘իմ եղբայրներ’ (Մատթէոս 12։49)։ Նա չդադարեց նրանց վստահելուց։ Հիսուսը դրանով ցույց տվեց իր ողորմածությունն ու ներողամտությունը, ճիշտ ինչպես որ Եհովան է ողորմած ու ներող (Դ Թագաւորաց 13։23)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։
13. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց, ովքեր հոգևորապես թուլացել են։
13 Մենք պետք է մեծ հոգատարություն ցույց տանք մեր այն հավատակիցների հանդեպ, որոնք քարոզչական գործում դանդաղեցրել են իրենց ընթացքը կամ դադարել են քարոզել։ Մենք մինչև հիմա հիշում ենք սիրո այն գործերը, որ նրանք արել են նախկինում, իսկ նրանցից ոմանք՝ տասնամյակներ շարունակ (Եբրայեցիս 6։10)։ Մենք իսկապես զգում ենք նրանց պակասը (Ղուկաս 15։4–7; Ա Թեսաղոնիկեցիս 2։17)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր հոգատարությունը նրանց հանդեպ։
14. Ընդօրինակելով Հիսուսին՝ ինչպե՞ս կարող ենք օգնել հոգևորապես թուլացած անհատին։
14 Հիսուսը վհատված առաքյալներին ասաց, որ գնան Գալիլեա, որտեղ և տեսնելու էին իրեն։ Փաստորեն, կարելի է ասել, որ Հիսուսը նրանց հրավիրում էր մի հատուկ հանդիպման (Մատթէոս 28։10)։ Նմանապես այսօր, հոգևորապես թուլացած անձանց մենք հրավիրում ենք այցելել քրիստոնեական ժողովի հանդիպումներին, ու գուցե հարկ լինի, որ դա անենք ոչ մեկ անգամ։ Ինչ վերաբերում է առաքյալներին, Հիսուսի հրավերը արդյունավետ եղավ, քանզի «տասնեւմէկ աշակերտները գնացին Գալիլեա այն սարը որ Յիսուսը նորանց հրամայել էր» (Մատթէոս 28։16)։ Ի՜նչ ուրախություն ենք զգում, երբ թույլերը նման ձևով են արձագանքում մեր ջերմ հրավերներին ու դարձյալ սկսում են հաճախել քրիստոնեական հանդիպումներին (Ղուկաս 15։6)։
15. Ինչպե՞ս կարող ենք Հիսուսի օրինակին հետևել թույլերին ողջունելու հարցում, երբ նրանք գալիս են ժողովի հանդիպման։
15 Ինչպե՞ս կարձագանքենք, երբ հոգևորապես թուլացած քրիստոնյան գա Թագավորության սրահ։ Ի՞նչ արեց Հիսուսը, երբ հանդիպման վայրում տեսավ իր առաքյալներին, որոնց հավատը մի որոշ ժամանակ թուլացել էր։ «Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց» (Մատթէոս 28։18)։ Նա հեռվում կանգնած չնայեց նրանց, այլ մոտեցավ։ Պատկերացրեք, թե ի՜նչ թեթևացում պետք է որ ապրած լինեին առաքյալները, երբ Հիսուսն այդպես վարվեց։ Թող որ մենք նույնպես նախաձեռնությունը մեզ վրա վերցնենք ու ջերմորեն ողջունենք հոգևորապես թուլացած անհատներին, որոնք ջանքեր են թափում վերադառնալու քրիստոնեական ժողով։
16. ա) Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես Հիսուսը վերաբերվեց իր հետևորդներին։ բ) Ինչպե՞ս կարող ենք մենք էլ Հիսուսի տեսակետն ունենալ թույլերի մասին (տե՛ս ծանոթագրությունը)։
16 Ուրիշ ի՞նչ արեց Հիսուսը։ Նախ՝ նա հետևյալը հայտնեց. «Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ»։ Երկրորդ՝ նա հանձնարարություն տվեց. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք [«աշակերտ դարձրէ՛ք», ԷԹ]»։ Երրորդ՝ նա խոստացավ. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում»։ Բայց նկատեցի՞ք, թե ինչ չարեց Հիսուսը։ Նա չկշտամբեց աշակերտներին թերացումների ու կասկածների համար (Մատթէոս 28։17)։ Արդյունավետ եղա՞վ նման մոտեցումը։ Այո։ Երկար ժամանակ չէր անցել, որ առաքյալները դարձյալ ‘սովորեցնում և ավետարանում’ էին (Գործք 5։42)։ Հետևելով Հիսուսի օրինակին այն հարցում, թե ինչ տեսակետ պետք է ունենալ թույլերի մասին ու ինչպես վերաբերվել նրանց՝ մենք կարող ենք ուրախություն պատճառող նույնպիսի արդյունքներ տեսնել մեր ժողովումb (Գործք 20։35)։
«Ես ձեզ հետ եմ ամեն օր»
17, 18. Ի՞նչ զորացուցիչ մտքեր են պարունակում Հիսուսի՝ «ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» խոսքերը։
17 Հիսուսի հանձնարարության մեջ նրա եզրափակիչ խոսքերը՝ «ես ձեզ հետ եմ բոլոր օրերում», բովանդակում են մի միտք, որը զորացնում է բոլոր նրանց, ովքեր ջանում են կատարել նրա՝ աշակերտ պատրաստելու պատվերը։ Ինչպիսի հակառակություն էլ որ թշնամիները ցույց տան Թագավորության քարոզչության գործին ու ինչ ձևով էլ որ զրպարտեն, մենք վախենալու պատճառ չունենք։ Ինչո՞ւ։ Հիսուսը՝ մեր Առաջնորդը, որն ունի ‘ամեն իշխանություն երկնքում և երկրում’, մեզ հետ է ու մեզ կպաշտպանի։
18 Հիսուսի՝ «ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» խոստումը նաև մեծ մխիթարության աղբյուր է։ Ջանալով կատարել Քրիստոսի՝ աշակերտ պատրաստելու պատվերը՝ մենք տեսնում ենք ոչ միայն ուրախության, այլև տխրության օրեր (Բ Մնացորդաց 6։29)։ Մեզանից ոմանք վշտալից օրեր են անցկացնում, երբ սգում են անչափ սիրելի անձնավորության մահը (Ծննդոց 23։2; Յովհաննէս 11։33–36)։ Մյուսները դիմագրավում են ծերության հետ կապված դժվարությունները, երբ առողջությունը վատանում է, ուժերը՝ նվազում (Ժողովող 12։1–6)։ Ոմանք էլ տեսնում են այնպիսի օրեր, երբ դեպրեսիան է գլուխ բարձրացնում (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱՆԹ)։ Բացի այդ, շատ–շատերս պայքարում ենք տնտեսական դժվարությունների դեմ։ Այդուհանդերձ, չնայած նման դժվարություններին՝ մենք հաջողությամբ կատարում ենք մեր ծառայությունը, քանի որ Հիսուսը մեզ հետ է «բոլոր օրերում», այդ թվում մեր կյանքի ամենադառն օրերում (Մատթէոս 11։28–30)։
19. ա) Հիսուսի՝ աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը ի՞նչ հրահանգներ է պարունակում։ բ) Ի՞նչն է մեզ հնարավորություն տալիս կատարելու Քրիստոսի հանձնարարությունը։
19 Ինչպես տեսանք այս ու նախորդ հոդվածներում, Հիսուսի՝ աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը շատ երեսակներ ունի։ Հիսուսն ասում է մեզ, թե ինչո՛ւ և որտե՛ղ պետք է իր պատվերը կատարենք։ Նա նաև ասում է, թե ի՛նչ պետք է սովորեցնենք ու մինչև ե՛րբ պետք է դա անենք։ Իհարկե, այս մեծ հանձնարարությունը կատարելը հեշտ չէ։ Բայց Քրիստոսը աջակցում է մեզ իր իշխանությամբ ու մեր կողքին է, ուստի մենք կարող ենք այդ առաջադրանքը կատարել, այդպես չէ՞։
[ծանոթագրություններ]
a Մի աշխատություն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Հիսուսն ասաց՝ «մկրտելով. ....նորանց սովորեցնելով», և ոչ թե՝ «մկրտելով ու նրանց սովորեցնելով»։ Հետևաբար մկրտելու և սովորեցնելու պատվերը «անպայման չէ, որ.... իրար հաջորդող գործողություններ» լինեն։ «Սովորեցնելը շարունակական գործընթաց է, որը մասամբ նախորդում է մկրտությանը.... և մասամբ հաջորդում է մկրտությանը»։
b Այն մասին, թե ինչ տեսակետ պետք է ունենալ հոգևորապես թույլերի մասին ու թե ինչպես օգնել նրանց, լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել «Դիտարանի» 2003 թ. փետրվարի 1–ի համարում (էջ 15–18)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս ենք մարդկանց սովորեցնում, որ պահեն Հիսուսի պատվերները։
• Նոր աշակերտն ի՞նչ կարող է սովորել ժողովի մյուս անդամներից։
• Ի՞նչ կարող ենք անել՝ օգնելու նրանց, ովքեր հոգևորապես թուլացել են։
• Ինչպե՞ս է Հիսուսի՝ «ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» խոստումը զորացնում ու մխիթարում մեզ։
[նկարներ 15–րդ էջի վրա]
Մենք պետք է լինենք թե՛ ուսուցիչներ, թե՛ առաջնորդողներ
[նկարներ 17–րդ էջի վրա]
Նոր աշակերտները արժեքավոր դասեր են քաղում մյուսների օրինակից