Ընթերցողների հարցերը
Արդյոք Սոփոնիա 2։3–ում «գուցէ» բառը նշանակո՞ւմ է, որ Աստծու ծառաները չեն կարող վստահ լինել, որ հավիտենական կյանք կստանան։
Այդ համարում գրված է. «Խնդրեցէք Տիրոջը, ով երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում էք նորա իրաւունքը, որոնեցէք արդարութիւն, որոնեցէք խոնարհութիւն, գուցէ ծածկուած պահուիք Տիրոջ բարկութեան օրը»։ Ինչո՞ւ է այս համարում օգտագործված «գուցէ» բառը։
Հասկանալու համար, թե Եհովան ինչպես կվարվի իր հավատարիմների հետ Արմագեդոնին, օգտակար է հիշել՝ ինչ է Աստվածաշունչն ասում այն մասին, թե Աստված ինչ է նախատեսել այն անհատների համար, ովքեր մահանում են նախքան այդ դատաստանը։ Որոշ մահացածներ հարություն են առնում որպես ոգեղեն էակներ և անմահ կյանք ստանում երկնքում, մինչդեռ մյուսները հարություն կառնեն երկրի վրա և Դրախտում հավիտյան ապրելու հեռանկարը կունենան (Յովհաննէս 5։28, 29; Ա Կորնթացիս 15։53, 54)։ Եթե Եհովան հիշում և պարգևատրում է իր այն հավատարիմներին, որոնք մահանում են նախքան Արմագեդոնը, ապա նա, անշուշտ, նույն ձևով կվարվի իր այն ծառաների հետ, ովքեր կենդանի կլինեն իր բարկության օրը։
Պետրոս առաքյալի ներշնչյալ խոսքերը նույնպես քաջալերական են։ Նա գրեց. «[Աստված խնայեց] Նոյին, որ ութերորդն էր [«փրկելով միայն ութ հոգու, այդ թւում նաեւ Նոյին», ԷԹ], այն արդարութեան քարոզչին՝ պահեց երբոր ամբարիշտների աշխարհքի վերայ ջրհեղեղը ածեց. եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց.... եւ փրկեց արդար Ղովտին.... Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից, եւ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար» (Բ Պետրոս 2։5–9)։ Երբ Աստված անցյալում կործանում բերեց ամբարիշտների վրա, նա պահեց Նոյի ու Ղովտի կյանքը, որոնք հավատարմորեն ծառայել էին իրեն։ Եհովան աստվածապաշտներին կազատի նաև այն ժամանակ, երբ Արմագեդոնին կործանի ամբարիշտներին։ Արդար մարդկանց «մեծ բազմությունը» կփրկվի (Յայտնութիւն 7։9, 14)։
Ուստի, թվում է, որ Սոփոնիա 2։3–ում «գուցէ» բառը օգտագործված չէ այն պատճառով, որ պարզ չէ, թե արդյոք Աստված ի վիճակի է պահպանելու իր հավանությունն ունեցող մարդկանց կյանքը։ Այդ բառն ավելի շուտ օգտագործված է՝ ցույց տալու համար զուտ հավանականություն, որ այն անհատը, որը նոր–նոր է սկսել որոնել արդարություն և խոնարհություն, Եհովայի բարկության օրը ‘ծածկված կպահվի’։ Փրկությունը կախված կլինի անհատի՝ արդարություն և խոնարհություն որոնելու շարունակական ջանքերից (Սոփոնիա 2։3)։
[նկար 31–րդ էջի վրա]
«Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձանքից»