«Լիակատար զգոնություն պահպանեք»
«Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը» (ԱՌԱԿԱՑ 14։15)։
1, 2. ա) Ի՞նչ ենք սովորում այն ամենից, ինչ պատահեց Ղովտին Սոդոմում։ բ) Ի՞նչ է նշանակում «զգոնություն» թարգմանված հունարեն բառը։
ԵՐԲ Աբրահամը առաջարկեց Ղովտին առաջինը ընտրություն կատարել, վերջինս իր հայացքն ուղղեց դեպի մի ջրառատ տարածք, որը «Եհովայի դրախտի պէս» էր։ Թերևս Ղովտը մտածեց, որ այդ վայրը իդեալական էր ընտանիքով բնակություն հաստատելու համար, քանզի «Ղովտը Յորդանանի բոլոր շրջակայքը [ընտրել էր] իր համար» և «իր վրանը Սոդոմի մօտ [էր բացել]»։ Սակայն աչքի տեսածը խաբուսիկ էր, քանի որ մոտակայքում ապրող «Սոդոմի մարդիկը շատ չար ու մեղաւոր էին Եհովային առաջին» (Ծննդոց 13։7–13)։ Ժամանակի ընթացքում Ղովտն ու իր ընտանիքը մեծ տառապանքներ կրեցին։ Վերջ ի վերջո, նա իր դուստրերի հետ սկսեց ապրել քարանձավում (Ծննդոց 19։17, 23–26, 30)։ Այն, ինչ նրա աչքին սկզբում լավ էր երևում, ի վերջո վատ դուրս եկավ։
2 Ղովտի մասին այս ցավալի պատմությունը կարևոր դաս է պարունակում Աստծու ժամանակակից ծառաների համար։ Եթե մենք որոշում կայացնելու առջև ենք կանգնած, ապա պետք է կանխատեսենք հնարավոր վտանգները և զգուշանանք առաջին տպավորությունից խաբվելուց։ Շատ տեղին կերպով Աստծու Խոսքը մեզ հորդորում է. «Լիակատար զգոնություն պահպանեք» (Ա Պետրոս 1։13, ՆԱ)։ Աստվածաշնչագետ Ռ. Լենսկին ասում է, որ «զգոնություն» թարգմանված հունարեն բառը նշանակում է «մտքի հանգիստ և կայուն վիճակ, ինչի շնորհիվ անհատը կարողանում է ճիշտ ձևով իրերը կշռադատել, արժևորել և այդպիսով ճիշտ որոշում կայացնել»։ Եկեք քննենք մի քանի իրավիճակներ, որտեղ անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել։
Երբ գործարք են առաջարկում
3. Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք, եթե մեզ գործարք են առաջարկում։
3 Ենթադրենք՝ մի հարգված անձնավորություն, հնարավոր է՝ քո հավատակիցներից մեկը, քեզ գործարք է առաջարկում։ Նա մեծ լավատեսությամբ է լցված և խրախուսում է քեզ արագորեն գործել՝ հնարավորությունը բաց չթողնելու համար։ Դու սկսում ես պատկերացնել, որ քո և ընտանիքիդ կյանքը բարելավվել է, և նույնիսկ մտածում ես, որ դա քեզ հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել հոգևոր գործերին։ Բայց Առակաց 14։15–ը զգուշացնում է. «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը»։ Նոր գործ ձեռնարկելիս մարդիկ հաճախ ոգևորվում են և այդ պատճառով թերագնահատում կորուստներ կրելու հավանականությունը, անտեսում են վտանգները և մինչև վերջ չեն քննում գործարքի հետ կապված անորոշությունները (Յակոբոս 4։13, 14)։ Նման իրավիճակում շատ կարևոր է լիակատար զգոնություն պահպանել։
4. Ինչպե՞ս կարող ենք ‘քննել մեր քայլերը’ կապված գործարար առաջարկի հետ։
4 Շրջահայաց անձնավորությունը նախքան որոշում կայացնելը ուշադրությամբ քննում է գործարար առաջարկը (Առակաց 21։5)։ Նման քննությունը հաճախ բացահայտում է թաքնված վտանգները։ Դիտարկենք մի այսպիսի իրավիճակ։ Անհատը մտադիր է պարտքով փող վերցնել իր գործարար պլաններն իրականացնելու համար։ Նա քեզանից որոշակի գումար է խնդրում և խոստանում, որ այն կվերադարձնի բարձր տոկոսներով։ Առաջին հայացքից՝ գուցե վատ առաջարկ չէ, բայց չկա՞ն արդյոք վտանգներ։ Օրինակ՝ համաձա՞յն է պարտք վերցնողը վերադարձնել գումարը՝ անկախ իր ձեռնարկած գործի արդյունքից, թե՞ մտադիր է դա անել միայն հաջողության հասնելու դեպքում։ Այլ խոսքով՝ պատրա՞ստ ես կորցնել գումարդ, եթե այդ գործը ձախողվի։ Կարող ես նաև հարցնել. «Ինչո՞ւ է նա առանձին անհատից պարտք խնդրում։ Արդյոք բանկերը համարո՞ւմ են, որ նման ձեռնարկումը չափազանց մեծ ռիսկ է պարունակում»։ Եթե ժամանակ տրամադրես վտանգները ծանրութեթև անելուն, ապա կկարողանաս իրատեսորեն մոտենալ տվյալ առաջարկին (Առակաց 13։16; 22։3)։
5. ա) Ի՞նչ իմաստուն քայլ արեց Երեմիան, երբ ագարակ գնեց։ բ) Ինչո՞ւ է օգտակար բոլոր գործարքների համար պաշտոնական գրավոր համաձայնություն կազմել։
5 Երեմիա մարգարեն, երբ ագարակ գնեց իր զարմիկից, որը նույնպես Եհովայի երկրպագու էր, վկաների ներկայությամբ գրավոր արձանագրություն կազմեց գործարքի մասին (Երեմիա 32։9–12)։ Այսօր ևս իմաստուն անձնավորությունը կհավաստիանա, որ իր բոլոր գործարքները, այդ թվում նրանք, որոնք կնքվում են բարեկամների և հավատակիցների հետ, փաստագրվեն պաշտոնական գրավոր համաձայնությամբ։a Ճշգրիտ, լավ մտածված գրավոր համաձայնությունը կանխում է թյուրիմացությունները Եհովայի ծառաների միջև և պահպանում նրանց միությունը։ Բայց եթե չկա գրավոր համաձայնություն, ապա դա հաճախ ավելի է բարդացնում իրավիճակը։ Որքան էլ որ ցավալի է, բիզնեսի հետ կապված խնդիրները կարող են պատճառել հոգեկան տվայտանքներ, դառնություն և նույնիսկ հոգևոր վնաս հասցնել։
6. Ինչո՞ւ պետք է զգուշանանք ագահությունից։
6 Նաև, մենք պետք է զգուշանանք ագահությունից (Ղուկաս 12։15)։ Անհատը կարող է «կուրանալ» ֆինանսական մեծ օգուտ ստանալու հեռանկարից և չտեսնել անխոհեմ ձեռնարկման վտանգները։ Ագահության ծուղակն են ընկել նույնիսկ նրանք, ովքեր թանկ առանձնաշնորհումներ են ունեցել Եհովայի ծառայության մեջ։ Աստծու Խոսքը կոչ է անում. «Վարքն առանց արծաթասիրութեան լինի. բաւական համարեցէք այն որ ձեռներումդ ունիք» (Եբրայեցիս 13։5)։ Որևէ գործարար առաջարկի շուրջ մտածելիս քրիստոնյան պետք է ինքն իրեն հարց տա. «Իսկապե՞ս կարիք կա, որ մտնեմ այդ գործարքի մեջ»։ Պարզ կյանք վարելով, որը կենտրոնացած է Եհովայի երկրպագության վրա՝ մենք կպաշտպանենք մեզ ‘ամեն չարիքներից’ (Ա Տիմոթէոս 6։6–10)։
Դժվարություններ, որ դիմագրավում են ամուրի քրիստոնյաները
7. ա) Շատ ամուրի քրիստոնյաներ ի՞նչ դժվարություններ են դիմագրավում։ բ) Ինչպե՞ս է կողակցի ընտրության հարցը կապված Եհովայի հանդեպ նվիրվածության հետ։
7 Եհովայի շատ ծառաներ փափագում են ամուսնանալ, սակայն դեռևս համապատասխան զույգ չեն գտել։ Որոշ երկրներում հասարակության կողմից ամուսնանալու հետ կապված մեծ ճնշում է բանեցվում։ Բայց հավատակիցների միջից կողակից ընտրելու հնարավորությունները կարող են շատ քիչ լինել (Առակաց 13։12)։ Ինչևէ, քրիստոնյաները գիտակցում են, որ ‘միայն Տերով’ ամուսնանալու աստվածաշնչյան խորհրդին հետևելը Եհովայի հանդեպ նվիրվածության հարց է (Ա Կորնթացիս 7։39)։ Ամուրի քրիստոնյաները պետք է լիակատար զգոնություն պահպանեն, որպեսզի կարողանան դիմակայել բոլոր ճնշումներին և գայթակղություններին։
8. Ի՞նչ ճնշում դիմագրավեց սունամացի աղջիկը, և ինչպե՞ս քրիստոնյա կանայք գուցե հայտնվեն նմանատիպ իրավիճակում։
8 «Երգ Երգոց» գրքում նկարագրվում է, թե ինչպես է «սունամացի» անվանված մի հասարակ գյուղացի աղջիկ գրավում թագավորի սիրտը։ Թագավորը սիրահետում է նրան՝ տպավորիչ ձևով ցուցադրելով իր հարստությունը, հեղինակությունը և հմայքը, չնայած որ աղջիկն արդեն սիրում է մի երիտասարդի (Երգ Երգոց 1։9–11; 3։7–10; 6։8–10, 13 ՆԱ)։ Եթե դու քրիստոնյա կին ես, ապա գուցե նույնպես արժանանում ես ուրիշի անցանկալի ուշադրությանը։ Քո աշխատավայրում ինչ–որ մեկը՝ թերևս պաշտոն ունեցող անձնավորություն, գուցե սկսի հաճոյախոսություններ ասել քեզ, բարի գործեր անել քեզ համար և հնարավորություններ փնտրել քեզ հետ հանդիպելու։ Զգուշացի՛ր նման հրապուրիչ ուշադրությունից։ Թեև այդպիսի մարդկանց մղումները գուցե ռոմանտիկ կամ անբարո չլինեն, սակայն հաճախ դրանք հենց այդպես են։ Սունամացի օրիորդի պես՝ «պարիսպ» եղիր (Երգ Երգոց 8։4, 10)։ Հաստատակամորեն մերժիր անցանկալի առաջարկությունները։ Աշխատանքի ընդունվելու հենց առաջին օրվանից քո գործընկերներին հայտնիր, որ Եհովայի վկա ես և օգտվիր ցանկացած իրավիճակից՝ նրանց վկայություն տալու համար։ Քեզ համար դա պաշտպանություն կլինի։
9. Որո՞նք են Ինտերնետի միջոցով օտար անձնավորության հետ փոխհարաբերությունների մեջ մտնելու վտանգները (տե՛ս նաև 25–րդ էջի շրջանակը)։
9 Ինտերնետային այն վեբ կայքերը, որոնք նախատեսված են օգնելու ամուրիներին ամուսնական կողակից գտնել, ավելի ու ավելի են ժողովրդականություն վայելում։ Շատերը այս հնարավորությունը համարում են լավ միջոց՝ ծանոթանալու այնպիսի մարդկանց հետ, որոնց այլ կերպ հնարավոր չէր լինի հանդիպել։ Սակայն օտար մարդկանց հետ կուրորեն փոխհարաբերությունների մեջ մտնելը իրական վտանգ է պարունակում։ Ինտերնետում դժվար է ճշմարտությունը զանազանել կեղծիքից (Սաղմոս 26։4)։ Ոմանք կեղծավորաբար ներկայանում են որպես Եհովայի վկա։ Ի հավելումն դրա՝ Ինտերնետով ժամադրությունները կարող են արագորեն կապվածություն առաջացնել և ազդել մեր առողջ դատողության վրա (Առակաց 28։26)։ Իմաստուն չէ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել մի անձնավորության հետ, որին շատ քիչ ենք ճանաչում՝ լինի դա Ինտերնետով թե այլ միջոցներով (Ա Կորնթացիս 15։33)։
10. Ինչպե՞ս կարող են հավատակիցները քաջալերել ամուրի քրիստոնյաներին։
10 Եհովան ջերմ զգացմունքներ է տածում իր ծառաների հանդեպ (Յակոբոս 5։11, ՆԱ)։ Նա գիտի, որ այն քրիստոնյաները, ովքեր ամուրի են ոչ իրենց կամքով, դժվարություններ են դիմագրավում, և այդ դժվարությունները կարող են ժամանակ առ ժամանակ վհատեցնել նրանց։ Եհովան շատ թանկ է գնահատում նրանց ցուցաբերած նվիրվածությունը։ Ինչպե՞ս կարող ենք քաջալերել այդ քրիստոնյաներին։ Մենք պետք է մշտապես գովենք ամուրիներին իրենց ցուցաբերած հնազանդության և անձնազոհ ոգու համար (Դատաւորաց 11։39, 40 ՆԱ)։ Նաև, երբ ընկերական հավաքույթներ ենք կազմակերպում, կարող ենք նրանց հրավիրել վայելելու հոգևոր թարմացուցիչ ընկերակցություն։ Իսկ դու վերջերս այդպես արե՞լ ես։ Մենք նաև կարող ենք աղոթել, որ Եհովան օգնի ամուրիներին մնալ հոգևորապես հավասարակշռված, և որ նրանք ուրախություն ստանան իրեն ծառայելուց։ Թող որ մեր անկեղծ հետաքրքրվածությամբ ցույց տանք, որ Եհովայի պես բարձր ենք գնահատում այդ նվիրված մարդկանց (Սաղմոս 37։28, ՆԱ)։
Երբ առողջական խնդիրներ են ծագում
11. Ի՞նչ դժվարություններ են առաջ բերում առողջական լուրջ խնդիրները։
11 Որքա՜ն դժվար է, երբ մենք կամ մեր սիրելին առողջական լուրջ խնդիրներ ենք ունենում (Եսայիա 38։1–3)։ Շատ կարևոր է ամուր կառչած մնալ սուրբգրային սկզբունքներին, երբ արդյունավետ բուժում ենք փնտրում։ Օրինակ՝ քրիստոնյաները ամեն ինչ անում են, որ հնազանդվեն արյունից հեռու մնալու աստվածաշնչյան սկզբունքին։ Նրանք խուսափում են նաև ախտորոշման կամ բուժման ցանկացած ձևից, որը ոգեհարցություն է պարունակում (Գործք 15։28, 29; Գաղատացիս 5։19–21)։ Բայց եթե քրիստոնյան չունի որոշակի բժշկական պատրաստվածություն, ապա բուժման մեթոդի ընտրության հարցում նա գուցե շփոթվի և վախ զգա։ Ի՞նչը կարող է օգնել նրան լիակատար զգոնություն պահպանել։
12. Ինչպե՞ս կարող է քրիստոնյան հավասարակշռված տեսակետ պահպանել բուժման մեթոդ ընտրելիս։
12 «Խորագէտը քննում է իր քայլերը»՝ փնտրտուքներ կատարելով Աստվածաշնչում և նրա վրա հիմնված հրատարակություններում (Առակաց 14։15)։ Այն երկրներում, որտեղ բժիշկներն ու հիվանդանոցները քիչ են, բուժման միակ հնարավոր միջոցը կարող է լինել ավանդական բժշկությունը, որն օգտագործում է բուսական դեղամիջոցներ։ Եթե մտադիր ենք նման միջոցից օգտվելու, ապա լավ կլինի մտածել հնարավոր վտանգների մասին։b Օրինակ՝ գուցե հարկ լինի պարզել հետևյալը։ Արդյո՞ք ավանդական բժիշկը հայտնի է որպես ոգեհարցությամբ զբաղվող։ Արդյո՞ք բուժման մեթոդը հիմնված է այն հավատալիքի վրա, թե մարդկանցից վիրավորված աստվածները կամ նախնիների հոգիներն են պատճառում հիվանդություն և մահ, կամ էլ՝ կախարդություն անող թշնամիները։ Արդյո՞ք զոհաբերություններ, հմայական խոսքեր կամ այլ ոգեհարցական արարողություններ են կատարվում դեղամիջոցի պատրաստման և օգտագործման ժամանակ (Բ Օրինաց 18։10–12)։ Նման ուսումնասիրության շնորհիվ մենք կգործենք հետևյալ ներշնչյալ խորհրդի համաձայն. «Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։21)։c Այս խորհրդին հետևելը կօգնի բուժման հարցում հավասարակշռվածություն դրսևորել։
13, 14. ա) Ինչպե՞ս կարող ենք մեր առողջության մասին հոգալիս խոհեմ լինել։ բ) Ինչո՞ւ է անհրաժեշտ խոհեմություն դրսևորել, երբ ուրիշների հետ զրուցում ենք առողջության և բուժման հետ կապված հարցերի շուրջ։
13 Կյանքի բոլոր հարցերում է հարկավոր խոհեմություն ցուցաբերել։ Դա վերաբերում է նաև առողջության մասին հոգ տանելուն (Փիլիպպեցիս 4։5, ՆԱ)։ Առողջության վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունենալով՝ մենք ցույց կտանք մեր գնահատանքը կյանքի թանկարժեք պարգևի համար։ Երբ առողջական խնդիրներ ենք ունենում, ապա իսկապես հարկավոր է դրանց ուշադրություն դարձնել։ Այնուամենայնիվ, կատարյալ առողջություն հնարավոր չէ ձեռք բերել, քանի դեռ չի եկել «ազգերի բուժման համար» Աստծու ժամանակը (Յայտնութիւն 22։1, 2, ԷԹ)։ Մենք պետք է զգուշանանք մեր առողջությամբ չափազանց տարվելուց, որ հանկարծ աչքաթող չանենք մեր հոգևոր կարիքները, որոնք ավելի կարևոր են (Մատթէոս 5։3; Փիլիպպեցիս 1։10, ՆԱ)։
14 Նաև պետք է հավասարակշռվածություն և խոհեմություն դրսևորենք, երբ ուրիշների հետ զրուցում ենք առողջության և բուժման հետ կապված հարցերի շուրջ։ Նման թեմաներով զրույցները չպետք է գերակշռեն, երբ հոգևոր ընկերակցության նպատակով ներկա ենք լինում քրիստոնեական հանդիպումներին և համաժողովներին։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ բուժման հետ կապված որոշումները հաճախ առնչություն ունեն աստվածաշնչյան սկզբունքների, անհատի խղճի և նրա՝ Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունների հետ։ Ուստի մեր կողմից սիրո դրսևորում չի լինի մեր սեփական տեսակետները փաթաթել մեր հավատակցին կամ ստիպել նրան անտեսել խղճի ձայնը։ Ճիշտ է, կարելի է դիմել ժողովի հասուն քրիստոնյաների օգնությանը, սակայն յուրաքանչյուր քրիստոնյա որոշումներ կայացնելու հարցում պատասխանատվության «իր բեռը պիտի վեր առնէ», և «մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն» (Գաղատացիս 6։5; Հռովմայեցիս 14։12, 22, 23)։
Երբ լարված իրավիճակում ենք
15. Ինչպե՞ս կարող են լարված իրավիճակները ազդել մեզ վրա։
15 Լարված իրավիճակները կարող են նույնիսկ Եհովայի հավատարիմ երկրպագուներին ստիպել անխոհեմ կերպով խոսել կամ վարվել (Ժողովող 7։7, ՆԱ)։ Ծանր փորձության ժամանակ Հոբը մի պահ կորցրեց իր հավասարակշռվածությունը, և անհրաժեշտություն առաջացավ նրա տեսակետն ուղղելու (Յոբ 35։2, 3; 40։6–8)։ Թեև «Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի», մի անգամ նա համբերությունը կորցրեց և չմտածված խոսքեր ասաց (Թուոց 12։3; 20։7–12; Սաղմոս 106։32, 33)։ Դավիթը հիանալի ինքնատիրապետում դրսևորեց՝ չսպանելով Սավուղ թագավորին, բայց երբ Նաբաղը վիրավորեց նրան և լուտանքներ թափեց նրա մարդկանց վրա, Դավիթը զայրացավ և կորցրեց սառը դատողությունը։ Նա սթափվեց և աղետալի սխալից խուսափեց միայն այն ժամանակ, երբ Աբիգեան միջամտեց (Ա Թագաւորաց 24։2–7; 25։9–13, 32, 33)։
16. Ի՞նչը կարող է օգնել մեզ խուսափել չմտածված կերպով գործելուց։
16 Մենք նույնպես գուցե հայտնվենք լարված իրավիճակում, որը կարող է ստիպել մեզ կորցնել առողջ դատողությունը։ Դավթի պես՝ ուրիշների կարծիքը զգուշորեն հաշվի առնելով՝ մենք կկարողանանք խուսափել չմտածված կերպով գործելուց և ‘ոտքերով սահելուց’, այսինքն՝ մեղքի մեջ ընկնելուց (Առակաց 19։2)։ Աստծու Խոսքը մեզ ասում է. «Դողացէք եւ մի մեղանչէք [«Եթե բարկանաք՝ մի՛ մեղանչէք», ԷԹ, 4։5]. խօսեցէք ձեր սրտերի հետ ձեր անկողիններումը եւ լուռ կացէք» (Սաղմոս 4։4)։ Իմաստուն կլինի հնարավորինս սպասել, մինչև որ մեր զգացմունքները հանդարտվեն, և նոր դրանից հետո քայլեր ձեռնարկել կամ որոշումներ կայացնել (Առակաց 14։17, 29)։ Մենք կարող ենք ջերմեռանդ աղոթքով դիմել Եհովային, «եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ [մեր] սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Աստծու տված այդ խաղաղությունը կհանգստացնի մեզ և կօգնի լիակատար զգոնություն պահպանել։
17. Լիակատար զգոնություն պահպանելու համար ինչո՞ւ պետք է ապավինենք Եհովային։
17 Չնայած այն բանին, որ մեծ ջանքեր ենք թափում վտանգավոր իրավիճակներում չհայտնվելու և իմաստնորեն վարվելու համար՝ մենք բոլորս էլ սխալներ ենք անում (Յակոբոս 3։2)։ Գուցե կործանարար սխալ գործելու եզրին կանգնած լինենք և բոլորովին չգիտակցենք դա (Սաղմոս 19։12, 13)։ Ի լրումն սրա՝ մենք ո՛չ կարողություն ունենք, ո՛չ էլ իրավունք՝ Եհովայից անկախ ուղղություն տալու մեր քայլերին (Երեմիա 10։23)։ Որքա՜ն երախտապարտ ենք նրան, որ մեզ հավաստիացնում է. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի» (Սաղմոս 32։8)։ Այո՛, Եհովայի օգնությամբ մենք կկարողանանք լիակատար զգոնություն պահպանել։
[ծանոթագրություններ]
a Գործարար համաձայնագրերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար տե՛ս «Դիտարանի» 1997 թ. օգոստոսի 1–ի (էջ 30, 31, ռուս.), 1987 թ. ապրիլի 15–ի (էջ 16, 17, ռուս.) և «Արթնացե՛ք»–ի 1983 թ. փետրվարի 8–ի (էջ 13–15, անգլ.) համարները։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։
b Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել «Դիտարանի» 1994 թ. դեկտեմբերի 15–ի (էջ 19–22, ռուս.) և 1987 թ.ապրիլի 15–ի (էջ 26–29, անգլ.) համարներում։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։
c Այս մոտեցումը կարող է օգտակար լինել նաև այն դեպքում, երբ որևէ հիվանդության բուժման համար հակասական մեթոդներ գոյություն ունեն։
Ինչպե՞ս կպատասխանեք
Ինչպե՞ս կարող ենք զգոնություն պահպանել, երբ
• մեզ գործարար առաջարկ են անում,
• կողակից ենք փնտրում,
• առողջական խնդիրներ ենք ունենում,
• լարված իրավիճակում ենք։
[շրջանակ 25-րդ էջի վրա]
Մի՞թե կարելի է վստահել
Ամուրիների համար նախատեսված կայքերում կարելի է կարդալ այսպիսի վերապահումներ.
«Չնայած մեր բոլոր ջանքերին՝ ոչ մի երաշխիք չկա, որ [հայտարարություն տված] անհատի ինքնությունը ճշգրիտ է»։
«Մենք չենք երաշխավորում այս ծառայության մատուցած որևէ տեղեկության ճշգրտությունը, լիարժեքությունը և օգտավետությունը»։
«Այս ծառայության միջոցով տրված կարծիքները, խորհուրդները, հայտարարությունները, առաջարկությունները և մյուս տեղեկությունները պատկանում են դրանց հեղինակներին, և ամենևին էլ պարտադիր չէ վստահել դրանց»։
[նկար 23-րդ էջի վրա]
«Խորագէտը քննում է իր քայլերը»
[նկարներ 24-րդ և 25-րդ էջերի վրա]
Ինչպե՞ս կարող են քրիստոնյա կանայք նմանվել սունամացի օրիորդին
[նկար 26-րդ էջի վրա]
«Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք»