Աստվածաշնչի տեսանկյունից նայիր առողջության հարցին
«Սիրի՛ր քո Եհովա Աստծուն.... քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (ՄԱՐԿ. 12։30)։
1. Ի՞նչ էր Աստված սկզբում նախատեսել մարդկանց առնչությամբ։
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ չէր նախատեսել, որ մարդիկ հիվանդանան և մահանան։ Նա Ադամին ու Եվային բնակեցրեց Եդեմի՝ «հաճույքի» պարտեզում, որպեսզի նրանք «մշակեն և պահեն այն» ոչ թե պարզապես 70 կամ 80 տարի, այլ հավիտյան (Ծննդ. 2։8 ՆԱ, ծնթ., 15; Սաղ. 90։10)։ Եթե առաջին մարդիկ հավատարիմ մնային Եհովային և հնազանդվեին նրա գերիշխանությանը, ինչով և կփաստեին իրենց սերը նրա հանդեպ, ապա նրանք երբեք չէին հիվանդանա, ծերանա և մահանա։
2, 3. ա) «Ժողովող» գրքում ինչպե՞ս է նկարագրվում տարեց հասակը։ բ) Ո՞վ է պատասխանատու ադամական մահվան համար, և ինչպե՞ս դրա հետևանքները կվերացվեն։
2 Ժողովող 12–րդ գլխում պատկերավոր կերպով նկարագրվում են «թշուառութեան օրերը», որոնք ուղեկցում են անկատար մարդուն տարեց հասակում (կարդա՛ Ժողովող 12։1–7)։ Սպիտակ մազերը համեմատվում են «ծաղկած նշենու» հետ։ Ոտքերը նման են «զորավոր մարդկանց», ովքեր կորացել են և քայլում են դողդողալով։ «Պատուհաններից նայողները մթնել են». տարեց մարդու տեսողությունը վատացել է։ Մի քանի ատամներ արդեն չկան. «աղացողները» դադարել են աղալուց քիչ լինելու պատճառով։
3 Երերուն ոտքեր, թույլ տեսողություն, անատամ բերան. անկասկած, Աստված սա չէր նախատեսել մարդկանց համար։ Մահը, որ մարդիկ ժառանգել են Ադամից, «Բանսարկուի գործերից» մեկն է։ Աստծու Որդին այն կվերացնի իր Մեսիական Թագավորության միջոցով։ Հովհաննես առաքյալը գրեց. «Աստծու Որդին հենց այս նպատակով հայտնվեց, որպեսզի Բանսարկուի գործերը քանդի» (1 Հովհ. 3։8)։
Առողջությամբ անհանգստանալը բնական է
4. Ինչո՞ւ են Եհովայի ծառաները ողջամտության սահմաններում հոգում իրենց առողջության մասին, սակայն ի՞նչ են նրանք նաև գիտակցում։
4 Մեղավոր մարդիկ ունենում են առողջության և տարիքի հետ կապված խնդիրներ, և Աստծու ծառաները բացառություն չեն։ Ողջամըտության սահմաններում առողջությամբ անհանգստանալը բնական է։ Չէ՞ որ մենք ուզում ենք Եհովային ծառայել մեր «ամբողջ ուժով» (Մարկ. 12։30)։ Ձգտելով պահպանել մեր առողջությունը՝ մենք, սակայն, պետք է իրատես լինենք և ընդունենք, որ շատ քիչ բան կարող ենք անել ծերության պրոցեսը դանդաղեցնելու կամ հիվանդություններից խուսափելու համար։
5. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես են Աստծու հավատարիմ ծառաները դիմացել առողջական դժվարություններին։
5 Եհովայի բազմաթիվ հավատարիմ ծառաներ առողջական խնդիրներ են ունեցել։ Նրանցից էր Եպաֆրոդիտոսը (Փիլիպ. 2։25–27)։ Խնդիրներ է ունեցել նաև Պողոսի հավատարիմ ծառայակիցը՝ Տիմոթեոսը, որը հաճախ ստամոքսի ցավեր էր զգում։ Ուստի առաքյալը խորհուրդ տվեց նրան «մի քիչ գինի» օգտագործել (1 Տիմոթ. 5։23)։ Ինքը Պողոսը «իր մարմնում մի փուշ» ուներ, ինչը հավանաբար տեսողության հետ կապված խնդիր էր կամ գուցե այլ տկարություն, որի դեմ այն ժամանակ բուժում չկար (2 Կորնթ. 12։7; Գաղ. 4։15; 6։11)։ «Իր մարմնում եղած փշի» վերաբերյալ Պողոսը ջերմեռանդորեն մի քանի անգամ աղոթեց Եհովային (կարդա՛ 2 Կորնթացիներ 12։8–10)։ Աստված հրաշքի միջոցով չազատեց Պողոսին «մարմնի փշից»։ Փոխարենը՝ նա զորացրեց առաքյալին, որ դիմանա։ Այսպիսով՝ Եհովայի զորությունը երևաց Պողոսի թուլության մեջ։ Անշուշտ, մենք կարող ենք շատ բան սովորել դրանից։
Չափազանց մի մտահոգվիր առողջությամբ
6, 7. Ինչո՞ւ չպետք է չափազանց մտահոգվենք մեր առողջությամբ։
6 Ինչպես գիտես, Եհովայի վկաները ընդունում են բժշկական օգնություն և բուժման տարբեր մեթոդներ։ Մեր «Արթնացե՛ք» պարբերագրում հաճախ են տպագրվում առողջությանը վերաբերող հոդվածներ։ Թեև չենք խրախուսում բուժման որևէ կոնկրետ ձև, մենք բարձր ենք գնահատում բժիշկների ու բուժաշխատողների օգնությունը և համագործակցությունը։ Ինչ խոսք, մենք գիտակցում ենք, որ դեռևս հնարավոր չէ ունենալ կատարյալ առողջություն։ Ուստի գիտենք, որ իմաստուն չէ ուշքն ու միտքը տալ առողջությանը և այն դարձնել մշտական անհանգստության առարկա։ Մեր տեսակետը պետք է տարբերվի այն մարդկանց տեսակետից, ովքեր չունեն «ոչ մի հույս», ովքեր մտածում են, որ իրենք մեկ կյանք են ապրում, և պատրաստ են դիմելու բուժման ցանկացած ձևի, միայն թե ապաքինվեն (Եփես. 2։2, 12)։ Եթե փորձենք ամեն գնով փրկել մեր կյանքը, հնարավոր է՝ կորցնենք Եհովայի բարեհաճությունը։ Մենք համոզված ենք, որ եթե հավատարիմ մնանք Աստծուն, ապա կկարողանանք «ամուր բռնել իսկական կյանքից»՝ հավիտենական կյանքից՝ իրերի նոր համակարգում, որ խոստացել է նա (1 Տիմոթ. 6։12, 19; 2 Պետ. 3։13)։
7 Մեկ ուրիշ պատճառ էլ կա, թե ինչու մենք չափազանց չենք մտահոգվում մեր առողջությամբ։ Եթե այդպես անենք, ապա գուցե դառնանք եսակենտրոն։ Պողոսը այս մասին էր նախազգուշացնում, երբ փիլիպպեցիներին հիշեցրեց, որ նրանք «փնտրեն ոչ միայն իրենց սեփական շահը, այլ նաև ուրիշների շահը» (Փիլիպ. 2։4)։ Իհարկե, ողջամտության սահմաններում տեղին է մտածել սեփական առողջության մասին, բայց եթե հետաքրքրված լինենք մեր եղբայրների և քույրերի, ինչպես նաև այն մարդկանց շահով, ում քարոզում ենք «թագավորության բարի լուրը», ապա կկարողանանք խուսափել մեր առողջության վրա չափից դուրս կենտրոնանալուց (Մատթ. 24։14)։
8. Ի՞նչ հետևանքներ կարող են լինել առողջությամբ չափազանց մտահոգվելու պատճառով։
8 Վտանգն այն է, որ քրիստոնյան առողջական խնդիրների պատճառով գուցե Թագավորության շահերը հետին պլան մղի։ Բացի այդ, հնարավոր է՝ նա փորձի ուրիշներին պարտադրել իր կարծիքը ինչ–որ սննդակարգի, բուժման մեթոդի կամ սննդային հավելումների վերաբերյալ։ Սրա հետ կապված՝ քննենք այն սկզբունքը, որ արտացոլված է Պողոսի հետևյալ խոսքերում. «Հավաստիա[ցեք], թե որ բաներն են ավելի կարևոր, որպեսզի անբիծ լինեք և չգայթակղեցնեք ուրիշներին մինչև Քրիստոսի օրը» (Փիլիպ. 1։10)։
Ի՞նչն է ավելի կարևոր
9. Ի՞նչ ավելի կարևոր բան կա, որը չպետք է անտեսենք և ինչո՞ւ չպետք է անտեսենք։
9 Եթե «հավաստիանանք, թե որ բաներն են ավելի կարևոր», ապա ակտիվորեն կմասնակցենք մարդկանց հոգևորապես բուժելու գործին, այն է՝ քարոզել և ուսուցանել Աստծու Խոսքը։ Այս գործը, որ ուրախություն է պարգևում, օգտակար է ինչպես մեզ, այնպես էլ նրանց համար, ում ուսուցանում ենք (Առակ. 17։22; 1 Տիմոթ. 4։15, 16)։ «Դիտարանում» և «Արթնացե՛ք»–ում ժամանակ առ ժամանակ տպագրվում են հոդվածներ մեր այն հոգևոր եղբայրների և քույրերի մասին, ովքեր տառապում են ծանր հիվանդությունից։ Այդ հոդվածներում երբեմն պատմվում է, թե ինչպես են նրանք պայքարել հիվանդության դեմ և թե ինչպես են ժամանակավորապես նույնիսկ անտեսել իրենց խնդիրները՝ ջանալով օգնել ուրիշներին ճանաչելու Եհովային և իմանալու նրա չքնաղ խոստումների մասինa։
10. Ինչո՞ւ պետք է զգուշորեն մոտենանք բուժման մեթոդ ընտրելու հարցին։
10 Յուրաքանչյուր չափահաս քրիստոնյա ինքը պետք է կրի իր պատասխանատվության բեռը բուժման մեթոդի ընտրության հարցում (Գաղ. 6։5)։ Բայց մենք պետք է հիշենք, որ Եհովան անտարբեր չէ այն բանի հանդեպ, թե բուժման ինչ մեթոդ կընտրենք։ Հարգանքը Աստվածաշնչի սկզբունքների հանդեպ մղում է մեզ «հեռու մնալու արյունից»։ Այդ նույն հարգանքն էլ թույլ չի տա մեզ դիմելու բուժման այնպիսի ձևերի, որոնք կարող են հոգևորապես վնասել մեզ կամ վատ անդրադառնալ մեր ու Եհովայի փոխհարաբերությունների վրա (Գործ. 15։20)։ Ախտորոշման և բուժման որոշ ձևեր գրեթե հավասարազոր են ոգեհարցության։ Եհովան իր տհաճությունն արտահայտեց հավատուրաց իսրայելացիների հանդեպ, որոնք զբաղվում էին ոգեհարցությամբ։ Նա ասաց. «Այլեւս ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է. ամսագլուխներին եւ շաբաթներին ու ժողովներ գումարուելուն չեմ տանիլ. անօրէնութիւն եւ տօնախմբութի՜ւն [«ես չեմ կարող տանել ձեր հանդիսավոր հավաքույթները, որոնց ժամանակ օգտագործում եք մոգական ուժեր», ՆԱ]» (Ես. 1։13)։ Անկասկած, երբ հիվանդ ենք, ժամանակը չէ այնպիսի բան անելու, որի պատճառով մեր աղոթքները գուցե խափանվեն, և Աստծու ու մեր փոխհարաբերությունները վնասվեն (Ողբ. 3։44)։
«Ողջամտությունը» շատ կարևոր է
11, 12. Ինչո՞ւ է անհրաժեշտ «ողջամտություն» դրսևորել բուժման մեթոդ ընտրելիս։
11 Երբ հիվանդ ենք, մենք չենք ակնկալում, որ Եհովան մեզ հրաշքով բուժի։ Բայց կարող ենք աղոթել, որ իմաստություն տա մեզ բուժման մեթոդ ընտրելու հարցում։ Պետք է ջանանք առաջնորդվել սուրբգրային սկզբունքներով ու առողջ դատողությամբ։ Երբ իրավիճակը լուրջ է, իմաստուն կլինի հնարավորության դեպքում խորհրդակցել ոչ թե մեկ, այլ մի քանի մասնագետների հետ, ինչը համահունչ է Առակաց 15։22–ին, որտեղ գրված է. «Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս, բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են»։ Պողոս առաքյալը հավատակիցներին հորդորեց «ապրել ողջամտությամբ, արդարությամբ ու Աստծու հանդեպ նվիրվածությամբ» (Տիտոս 2։12)։
12 Շատերը այնպիսի վիճակում են, որը նման է Հիսուսի օրերում ապրող մի հիվանդ կնոջ վիճակին։ Մարկոս 5։25, 26 համարներում կարդում ենք. «Մի կին կար, որ տասներկու տարի արյունահոսություն ուներ, և շատ բժիշկների կողմից բազում չարչարանքներ էր կրել, ծախել էր իր ողջ ունեցվածքը և ոչ մի օգուտ չէր ստացել, հակառակը՝ նրա վիճակն ավելի էր վատացել»։ Հիսուսը բուժեց նրան ու կարեկցանքով վարվեց նրա հետ (Մարկ. 5։27–34)։ Որոշ քրիստոնյաներ, հուսահատության մեջ ընկնելով, ընտրել են ախտորոշման ու բուժման այնպիսի մեթոդներ, որոնք հակասում են մաքուր երկրպագության սկզբունքներին։
13, 14. ա) Ինչպե՞ս կարող է Սատանան պղծել ոմանց անարատությունը բուժման կասկածելի մեթոդների միջոցով։ բ) Ինչո՞ւ պետք է հեռու մնանք ցանկացած բանից, ինչը անգամ չնչին առնչություն ունի ոգեհարցության հետ։
13 Սատանան պատրաստ է դիմելու ցանկացած միջոցի՝ մեզ ճշմարիտ երկրպագությունից հեռացնելու համար։ Նա, ինչպես որ սեռական անբարոյությունը և նյութապաշտությունն է օգտագործում քրիստոնյաներին մոլորեցնելու համար, այնպես էլ ոմանց անարատությունը փորձում է պղծել բուժման կասկածելի մեթոդներով, որոնք կապ ունեն մոգության և ոգեհարցության հետ։ Մենք աղոթում ենք Եհովային, որ մեզ ազատի «Չարից» և «ամեն տեսակ անօրենությունից»։ Ուրեմն՝ եկեք չդիմենք այնպիսի մեթոդների, որոնք ոգեհարցության տարրեր են պարունակում, և խաղալիք չդառնանք Սատանայի ձեռքում (Մատթ. 6։13; Տիտոս 2։14)։
14 Եհովան իսրայելացիներին արգելել էր գուշակություն անել կամ մոգությամբ զբաղվել (Բ Օրին. 18։10–12)։ Պողոսը «ոգեհարցությունը» դասում է «մարմնի գործերի» շարքում (Գաղ. 5։19, 20)։ Դեռ ավելին, «ոգեհարցությամբ զբաղվողները» տեղ չեն ունենա իրերի նոր համակարգում (Հայտն. 21։8)։ Ուստի պարզ է, որ ցանկացած բան, որից ոգեհարցության «հոտ» է գալիս, զզվելի է Եհովային։
«Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի»
15, 16. Ինչո՞ւ իմաստության կարիք ունենք բուժման մեթոդ ընտրելիս, և ի՞նչ իմաստուն խորհուրդ տվեց առաջին դարի կառավարիչ մարմինը քրիստոնյաներին։
15 Նկատի ունենալով վերը նշվածը՝ իմաստուն կլինի մերժել ախտորոշման կամ բուժման ցանկացած մեթոդ, որի վերաբերյալ կասկածներ ունենք։ Իհարկե, զուտ այն, որ չենք կարողանում բացատրել, թե ինչպես է գործում բուժման այս կամ այն մեթոդը, դեռ չի նշանակում, որ այդ մեթոդը առնչվում է ոգեհարցության հետ։ Վերին իմաստություն և առողջ դատողություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք առողջության հետ կապված հարցերը քննել Աստվածաշնչի լույսի ներքո։ Առակաց 3–րդ գլխում կարդում ենք հետևյալ հորդորը. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները։ .... Պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը [«իմաստութիւնն ու խոհեմութիւնը», ԱԱ]։ Եւ նորանք քո հոգիի համար կեանք լինին» (Առակ. 3։5, 6, 21, 22)։
16 Մենք պետք է զգույշ լինենք, որ չկորցնենք Եհովայի բարեհաճությունը, երբ փնտրում ենք բուժման միջոց հիվանդության դեմ կամ քայլեր ենք ձեռնարկում ծերության առաջ բերած դժվարությունները հաղթահարելու համար։ Առողջությանը վերաբերող հարցերում, ինչպեսև մյուս բաներում առաջնորդվելով Աստվածաշնչի սկզբունքներով՝ մենք մեր խոհեմությունը հայտնի կդարձնենք բոլոր մարդկանց (Փիլիպ. 4։5)։ Առաջին դարի կառավարիչ մարմինը մի շատ կարևոր նամակում քրիստոնյաներին պատվիրեց հեռու մնալ կռապաշտությունից, արյունից և պոռնկությունից։ Այդ նամակը հավաստիացնում էր. «Եթե ձեր անձերը զգուշորեն պահեք այս ամենից, հաջողություն կունենաք» (Գործ. 15։28, 29)։ Ի՞նչ առումով հաջողություն կունենանք։
Առողջ դատողություն, իսկ ապագայում՝ կատարյալ առողջություն
17. Ինչպե՞ս է բարելավվել մեր առողջությունը Աստվածաշնչի սկզբունքներին հետևելու շնորհիվ։
17 Մեզնից յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն հարցնել. «Գնահատո՞ւմ եմ այն հաջողությունը, որին հասել եմ շնորհիվ այն բանի, որ պահել եմ արյան և պոռնկության վերաբերյալ Աստվածաշնչի սկզբունքները»։ Նաև մտածիր այն օգուտների մասին, որ ստացել ենք՝ ջանալով «մաքրել մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից» (2 Կորնթ. 7։1)։ Հետևելով անձնական հիգիենայի մասին Աստվածաշնչի չափանիշներին՝ մենք զերծ ենք մնում շատ հիվանդություններից։ Հաջողությունը ուղեկցում է մեզ, որովհետև չենք ծխում և թմրանյութեր չենք օգտագործում, բաներ, որոնք վնասում են թե՛ մեր հոգևորին, թե՛ առողջությանը։ Հիշենք նաև այն օգուտները, որ ստանում ենք չափավոր ուտելու և խմելու շնորհիվ (կարդա՛ Առակաց 23։20; Տիտոս 2։2, 3)։ Չնայած հանգիստն ու մարզանքը օգտակար են, մեր ֆիզիկական ու հոգևոր լավ առողջությունը հիմնականում կախված է սուրբգրային առաջնորդությանը հետևելուց։
18. ա) Ինչի՞ մասին պետք է ամենից առավել հոգանք։ բ) Առողջության վերաբերյալ ո՞ր մարգարեության կատարմանն ենք սպասում։
18 Բայց ամենից առավել մենք պետք է հոգ տանենք մեր հոգևոր առողջության մասին և ամրացնենք մեր թանկ փոխհարաբերությունները մեր երկնային Հոր հետ. նա է Աղբյուրը «ինչպես ներկա, այնպես էլ գալիք կյանքի» (1 Տիմոթ. 4։8; Սաղ. 36։9)։ Նոր աշխարհում Հիսուսի քավիչ զոհաբերության հիման վրա կներվեն մարդկանց մեղքերը, և նրանք լիովին կբուժվեն հոգևոր և ֆիզիկական առումներով։ Աստծու Գառը՝ Հիսուս Քրիստոսը, կառաջնորդի մեզ «դեպի կյանքի ջրերի աղբյուրները», և Աստված կսրբի ամեն արտասուք մեր աչքերից (Հայտն. 7։14–17; 22։1, 2)։ Այդ ժամանակ կկատարվի հետևյալ ցնցող մարգարեությունը. «Այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար [կամ՝ «հիւանդ», ԱԱ] եմ» (Ես. 33։24)։
19. Հոգալով մեր առողջության մասին՝ ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
19 Մենք համոզված ենք, որ մեր ազատագրումը մոտ է, և փափագով սպասում ենք այն օրվան, երբ Եհովայի շնորհիվ տեղի կունենա հակառակը. ծերանալու փոխարեն՝ մարդիկ կերիտասարդանան, նրանք այլևս չեն հիվանդանա։ Բայց քանի դեռ այդ ժամանակները չեն եկել, մենք վստահ ենք, որ մեր սիրառատ Հայրը կօգնի մեզ կրելու մեր հիվանդությունների և ցավերի բեռը, քանի որ նա «հոգ է տանում [մեր] մասին» (1 Պետ. 5։7)։ Ուստի եկեք հոգ տանենք մեր առողջության մասին՝ միևնույն ժամանակ չմոռանալով հետևել դրա վերաբերյալ սուրբգրային հստակ առաջնորդությանը։
[ծանոթագրություն]
a Այդպիսի հոդվածների մի ցուցակ տպագրվել է «Դիտարանի» 2003 թ. սեպտեմբերի 1–ի համարում (էջ 17, շրջանակ)։
Կրկնության հարցեր
• Ո՞վ է պատասխանատու հիվանդությունների համար, և ո՞վ մեզ կազատի մեղքի հետևանքներից։
• Թեև բնական է մտահոգվել սեփական առողջությամբ, ինչի՞ց է հարկավոր խուսափել։
• Ինչո՞ւ պետք է հիշենք, որ Եհովան անտարբեր չէ այն բանի հանդեպ, թե բուժման ինչ մեթոդ կընտրենք։
• Ի՞նչ օգուտներ կարող ենք ստանալ առողջության վերաբերյալ սուրբգրային սկզբունքներին հետևելուց։
[նկար 23–րդ էջի վրա]
Մարդիկ չստեղծվեցին, որ հիվանդանան և ծերանան
[նկար 25–րդ էջի վրա]
Չնայած առողջական խնդիրներին՝ Եհովայի երկրպագուները ուրախություն են գտնում ծառայության մեջ