Իշխանություն գործադրելիս ընդօրինակիր Քրիստոսին
ՏԱՐԻՆԵՐ առաջ մարդու վարքագիծն ուսումնասիրելու նպատակով մի փորձ անցկացվեց։ Արդյունքները հետաքրքրական էին։ Մասնակիցներին բաժանեցին երկու խմբի։ Մի խմբի անդամներին նշանակեցին որպես բանտապետներ, մյուսներին՝ բանտարկյալներ։ Ինչպե՞ս իրենց դրսևորեցին մասնակիցները։
Համաձայն տեղեկատվության՝ «մի քանի օր անց բանտապահների մեծամասնությունն արդեն վիրավորում ու վախեցնում էր բանտարկյալներին և հաճախակի պատիժներ տալիս, իսկ վերջիններս դարձել էին վախվորած ու ստրկամիտ»։ Հետազոտողները հետևյալ եզրակացությանը եկան. գրեթե յուրաքանչյուրը կարող է չարաշահել իրեն տրված իշխանությունը։
Իշխանություն. ճիշտ և սխալ գործադրում
Իշխանության ճիշտ գործադրումը, անշուշտ, կարող է դրական ազդեցություն ունենալ։ Այն կարող է համապատասխան առաջնորդություն տալ և ֆիզիկական, էմոցիոնալ ու հոգևոր օգուտներ բերել (Առակաց 1։5, ՆԱ; Եսայիա 48։17, 18)։ Սակայն, ինչպես ցույց տվեց վերոհիշյալ փորձը, միշտ վտանգ կա, որ անհատը իշխանություն բանեցնելու հարցում կանցնի ողջամտության սահմանները։ Աստվածաշունչը նշում է այս վտանգի առկայությունը՝ ասելով. «Երբոր ամբարիշտը իշխէ, ժողովուրդը կ’հեծէ» (Առակաց 29։2; Ժողովող 8։9)։
Իշխանությունը չարաշահելը վնասակար է, նույնիսկ եթե դա արվում է բարի միտումներով։ Օրինակ՝ վերջերս Իռլանդիայում մի կրոնական կրթական միավորում հրապարակայնորեն ներողություն խնդրեց այն բանի համար, որ որոշ ուսուցիչներ չարաշահել են իշխանությունը իրենց հոգածության ներքո գտնվող երեխաների նկատմամբ։ Անկասկած, այդ ուսուցիչներից շատերը վեհ նպատակներ են ունեցել, սակայն ոմանց մեթոդները չափազանց վնասակար են եղել։ Մի լրագիր տեղեկացրեց, որ «բազմաթիվ ուսուցիչ–եղբայրների չափազանց դաժան ու կոպիտ վերաբերմունքի պատճառով շատ երեխաներ էմոցիոնալ վնասներ են ստացել» («The Irish Times»)։ Ինչպե՞ս կարող ես գործադրել քո իշխանությունը, որ մարդկանց օգնես իրենց լավագույնն անելու և չվանես կամ չվիրավորես նրանց՝ լինի դա խոսքով թե արարքով (Առակաց 12։18, ԱԱ)։
‘Ամեն իշխանություն’ տրվել է Հիսուս Քրիստոսին
Ուշադրություն դարձնենք Հիսուս Քրիստոսի օրինակին։ Նախքան երկինք համբարձվելը նա իր աշակերտներին ասաց. «Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս» (Մատթէոս 28։18)։ Արդյոք աշակերտները վախեցա՞ն այս խոսքերից։ Մտածեցի՞ն, թե Հիսուսը կդրսևորի Հռոմի կայսրերի ոգին, որոնք հայտնի էին նրանով, որ խեղդում էին այլախոհությունը և դաժանորեն ճնշում ապստամբությունները։
Աստվածաշունչը այս հարցերին միանշանակ «ո՛չ» է պատասխանում։ Հիսուս Քրիստոսը իր իշխանությունը գործադրում է այնպես, ինչպես իր Հայրը։ Թեև Եհովան իրավամբ տիեզերքի ամենակալ Գերիշխանն է, նա ցանկանում է, որ իր հպատակները սրտանց ծառայեն իրեն։ Նա չի ուզում, որ նրանք իր հանդեպ կույր, վախով լի, ստրկաբարո հնազանդություն ցուցաբերեն (Մատթէոս 22։37)։ Եհովան երբեք չի չարաշահում իր իշխանությունը։ Եզեկիել մարգարեին տրված մի տպավորիչ տեսիլք դա է փաստում։
Այդ տեսիլքում Եզեկիելը տեսնում է չորս հրեշտակների, որոնք ջատագովում են Եհովայի գերիշխանությունը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի չորս երես։ Եզեկիելը գրում է. «Նորանց երեսների նմանութիւնը մարդի երես էր, եւ առիւծի երես աջ կողմից այն չորսի համար, եւ եզի երես ձախ կողմից այն չորսի համար. եւ չորսն էլ արծիւի երես ունէին» (Եզեկիէլ 1։10)։ Այդ չորս երեսները ներկայացնում են Աստծու չորս գլխավոր հատկությունները, որոնք կատարյալ ներդաշնակության մեջ են գտնվում։ Աստծու Խոսքը բացատրում է, թե որոնք են այդ հատկությունները։ Սերը ներկայացվում է մարդու դեմքով, արդարությունը՝ առյուծի, իմաստությունը՝ արծվի։ Այս երեք հատկանիշները գործում են չորրորդի՝ զորության հետ միասին, որը ներկայացված է եզան դեմքով։ Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Տեսիլքը ցույց է տալիս, որ Եհովան միշտ իր անսահման զորությունն ու իշխանությունը գործադրում է իր մյուս գլխավոր հատկություններին ներդաշնակ։
Ընդօրինակելով իր Հորը՝ Հիսուս Քրիստոսը միշտ գործադրել է իր իշխանությունն այնպես, որ այն լիակատար ներդաշնակության մեջ գտնվի սիրո, իմաստության և արդարության հետ։ Հիսուսի աշակերտները մեծ թարմություն էին ստանում՝ ծառայելով նրա իշխանության ներքո (Մատթէոս 11։28–30)։ Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի մասին խոսելով՝ մենք առաջին հերթին պատկերացնում ենք սերը և ոչ թե զորությունը կամ իշխանությունը (Ա Կորնթացիս 13։13; Ա Յովհաննէս 4։8)։
Ինչպե՞ս ես դու գործադրում քո իշխանությունը
Ինչպե՞ս ես բանեցնում իշխանությունդ։ Օրինակ՝ ընտանիքում։ Արդյո՞ք քո իշխանությունը գործի ես դնում՝ ելնելով սեփական քմահաճույքներից և նախընտրություններից։ Ընտանիքիդ անդամները վախի՞ց, թե՞ սիրուց մղված են ենթարկվում քո կայացրած որոշումներին։ Քո իշխանությունը վճռորո՞շ գործոն է ընտանեկան հարցերը լուծելիս։ Սրանք հարցեր են, որոնք ընտանիքի գլուխը կարող է քննել ընտանեկան կառույցում աստվածապետական կարգը պահելու նպատակով (Ա Կորնթացիս 11։3)։
Եթե քրիստոնեական ժողովում իշխանություն ունես, ապա ինչպե՞ս ես այն գործադրում։ Ստուգելու համար, թե ճիշտ ձևով ես իշխանությունդ բանեցնում, համեմատիր քո գործողությունները ներքոհիշյալ սկզբունքների հետ։ Դրանք ներշնչվել են Եհովա Աստծու կողմից, և Հիսուս Քրիստոսը օրինակ է թողել այդ սկզբունքներին հետևելու հարցում։
«Տիրոջ ծառան..... պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի.... չարիքի ենթարկվելիս իրեն զուսպ պահի, մեղմությամբ սովորեցնի նրանց, ովքեր անբարյացակամորեն են տրամադրված» (Բ Տիմոթէոս 2։24, 25, ՆԱ)։
Վաղ քրիստոնեական ժողովում որոշ անհատներ մեծ իշխանությամբ էին լիազորված։ Օրինակ՝ Տիմոթեոսը կարող էր նույնիսկ «պատուիրե[լ] ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն» (Ա Տիմոթէոս 1։3)։ Սակայն կարող ենք վստահ լինել, որ Տիմոթեոսը իր բոլոր գործերում աստվածահաճո հատկություններ էր դրսևորում, քանի որ նա անկասկած վարվում էր Պողոսի խորհրդի համաձայն, որն է՝ քրիստոնյա վերակացուի պարտականությունները կատարելիս «մեղմությամբ սովորեցնել» և «բոլորի հանդեպ հեզահոգի լինել»։ Համեմատաբար երիտասարդ լինելով՝ նա պետք է մեծերի հանդեպ իրեն դրսևորեր ինչպես հարգալից որդի և փոքրերի հանդեպ՝ ինչպես հոգատար եղբայր (Ա Տիմոթէոս 5։1, 2)։ Այդպիսի գորովալից հոգատարության ներքո քրիստոնեական ժողովը նման է ջերմ ու սիրառատ ընտանիքի և ոչ թե մի գործարար կազմակերպության, որի անդամները միմյանց հանդեպ սառն են ու անտարբեր (Ա Կորնթացիս 4։14; Ա Թեսաղոնիկեցիս 2։7, 8)։
«Ազգերի իշխանները տիրում են նորանց վերայ, եւ մեծամեծները իշխում են նորանց վերայ. բայց այնպէս չ’լինի ձեր մէջ, այլ ձեզանից ով որ կամենայ մեծ լինել, թող ձեզ ծառայ լինի» (Մատթէոս 20։25, 26)։
Բռնապետ ղեկավարները «տիրում» են մարդկանց վրա՝ սեփական կամքը թելադրելով նրանց, պարտադրելով վարվել իրենց ուզածի պես, և չենթարկվելու դեպքում սպառնում են պատժել։ Հիսուս Քրիստոսը, սակայն, շեշտեց, որ հարկավոր է ծառայել ուրիշներին և ոչ թե ճնշում բանեցնել նրանց վրա (Մատթէոս 20։27, 28)։ Նա իր աշակերտների հետ միշտ վարվում էր սիրալիր և հոգատար կերպով։ Եթե հետևես Հիսուսի օրինակին, ապա ուրիշների համար շատ ավելի հեշտ կլինի համագործակցել քեզ հետ (Եբրայեցիս 13։7, 17)։ Նրանք պատրաստակամորեն կցանկանան ‘մեկ մղոն’ ավել գնալ քեզ հետ և դա չեն անի պարտադրանքով (Մատթէոս 5։41)։
«Արածեցրէ՛ք Աստծու.... հօտը, որ ձեզ է յանձնուած [«վստահված», ԱՆԹ] .... ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին» (Ա Պետրոս 5։2, 3, ԷԹ)։
Վերակացուները գիտակցում են, որ իրենք հաշվետու են Աստծուն ժողովի բոլոր անդամների հոգևոր բարօրության համար։ Նրանք լրջությամբ են մոտենում այս պատասխանատվությանը։ Երեցները ձգտում են Աստծու հոտին հոգ տանել հաճույքով, մեծ ցանկությամբ և սիրահոժար կերպով։ Պողոս առաքյալի պես՝ վերակացուները ջանք չեն խնայում իրենց վստահված անձանց հավատը կերտելու և զորացնելու համար։ Նրանք չեն ուզում տիրապետել նրանց հավատի վրա (Բ Կորնթացիս 1։23)։
Երբեմն անհրաժեշտ է լինում որոշակի խորհուրդ տալ։ Երբ ուղղում են սխալվող անհատին կամ օգնում հավատակցին հոգևորապես աճելու, երեցները «հեզութեան», կամ՝ մեղմության ոգի են դրսևորում։ Նրանք միշտ հիշում են Պողոս առաքյալի տված խորհուրդը. «Եղբարք, եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէք [«ուղղութեան բերէք», ԱԱ] հեզութեան հոգով, զգուշացիր քո անձին, որ դու էլ չ’փորձուիս» (Գաղատացիս 6։1; Եբրայեցիս 6։1, 9–12)։
«Իրար համբերելով եւ իրար ներելով.... Հագէք սէրը, որ կատարելութեան [«միասնության կատարյալ», ՆԱ] կապն է» (Կողոսացիս 3։13, 14)։
Ինչպե՞ս ես վերաբերվում այն անհատին, որը թերանում է քրիստոնեական որոշ հատկություններ դրսևորել։ Եհովայի ու Հիսուս Քրիստոսի պես՝ հաշվի առնո՞ւմ ես, որ նա անկատար անձնավորություն է (Եսայիա 42։2–4)։ Թե՞ ամեն անգամ կառչում ես օրենքի տառից (Սաղմոս 130։3)։ Հիշի՛ր, որ երբ հնարավոր է, ճիշտ կլինի հեզահոգի լինել, իսկ հաստատակամություն պետք է դրսևորել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է։ Սիրով վարվելը կնպաստի, որ լիակատար վստահություն լինի քո և այն անձանց միջև, ում նկատմամբ դու իշխանություն ունես։
Եթե դու օժտված ես որևէ իշխանությամբ, ապա ջանք մի խնայիր այդ հարցում ընդօրինակելու Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին։ Հիշիր, թե սաղմոսերգուն ինչ սքանչելի ձևով նկարագրեց այն, թե ինչպես է Եհովան գործադրում իր իշխանությունը իր ժողովրդի հանդեպ։ Դավիթը երգեց. «Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ. իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար»։ Նմանապես, Հիսուսի վերաբերյալ կարդում ենք. «Ես եմ բարի Հովիւը, եւ ես իմիններին ճանաչում եմ, եւ իմիններիցն էլ ճանաչվում եմ։ Ինչպէս Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հօրը, եւ իմ անձը դնում եմ ոչխարների համար»։ Եհովայից ու Հիսուսից բացի ուրիշ ո՞վ կարող է ավելի լավ օրինակ լինել իշխանությունը սիրառատ կերպով գործադրելու հարցում (Սաղմոս 23։1–3; Յովհաննէս 10։14, 15)։
[ներդիր 18-րդ էջի վրա]
Եհովայի զորությունը միշտ կատարյալ ներդաշնակության մեջ է նրա արդարության, իմաստության և սիրո հետ
[նկար 18-րդ էջի վրա]
Երբեմն երեցները պետք է սիրառատ խորհուրդ տան սխալվողներին
[նկար 19-րդ էջի վրա]
Պողոսը Տիմոթեոսին խորհուրդ տվեց լինել ինչպես հարգալից որդի և հոգատար եղբայր
[նկար 20-րդ էջի վրա]
Հիսուս Քրիստոսը գործադրում է իր իշխանությունը իմաստուն, արդար և սիրառատ կերպով