Ընդունիր Եհովայի իշխանությունը
«Սա է Աստծու [հանդեպ] սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանրաբեռնող չեն» (1 ՀՈՎՀ. 5։3)։
1, 2. ա) Որևէ իշխանության հնազանդվելու միտքը ինչո՞ւ է այսօր շատերին տհաճություն պատճառում։ բ) Արդյո՞ք իշխանությունը մերժող մարդիկ իրականում անկախ են։ Բացատրի՛ր։
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» բառն այսօր շատերին դուր չի գալիս։ Որևէ մեկի կամքին հնազանդվելու միտքն անգամ տհաճ է նրանց։ Այդ մարդիկ կարծես ասեն. «Ոչ ոք իրավունք չունի ինձ ասելու, թե ինչպես վարվեմ»։ Սակայն արդյո՞ք նրանք իրականում անկախ են։ Դժվար թե։ Մեծամասնությունը պարզապես հետևում է «իրերի այս համակարգի կերպարանքն» ընդունած բազմաթիվ մարդկանց (Հռոմ. 12։2)։ Նրանք ամենևին էլ անկախ չեն։ Այդ մարդիկ, Պետրոս առաքյալի խոսքերով, «ապականության ծառաներ են» (2 Պետ. 2։19)։ Նրանք քայլում են «այս աշխարհի իրերի համակարգի համաձայն, օդի իշխանության իշխանի [Բանսարկու Սատանայի] կամքի համաձայն» (Եփես. 2։2)։
2 Մի գրող հպարտությամբ ասաց. «Ես թույլ չեմ տալիս, որ որևէ մեկը կամ ինչ–որ բան՝ լինի ծնողս, քահանա, սպասավոր, գուրու կամ էլ Աստվածաշունչ, որոշի իմ փոխարեն, թե ինչն է ճիշտ»։ Ինչ խոսք, ոմանք չարաշահում են իրենց իշխանությունը ու թերևս արժանի չեն, որ մենք հնազանդվենք նրանց։ Բայց մի՞թե ցանկացած առաջնորդություն կտրականապես մերժելը հարցի լուծում է։ Բավական է թռուցիկ հայացք նետել թերթերի վերնագրերին, և ամեն ինչ պարզ կդառնա։ Ցավալի է, բայց մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում որևէ առաջնորդություն ընդունել, այն դեպքում երբ նրանք այսօր, առավել քան երբևէ, դրա կարիքն ունեն։
Մեր տեսակետը իշխանության վերաբերյալ
3. Առաջին դարի քրիստոնյաները ինչպե՞ս ցույց տվեցին, որ կուրորեն չեն հնազանդվում մարդկային իշխանությանը։
3 Մեր՝ քրիստոնյաներիս տեսակետը իշխանության վերաբերյալ տարբերվում է աշխարհի տեսակետից։ Սակայն դա չի նշանակում, որ մենք կուրորեն անում ենք այն, ինչ մեզ ասում են։ Երբեմն չպետք է ենթարկվենք ոմանց կամքին, անգամ եթե նրանք իշխանություն ունեն։ Առաջին դարի քրիստոնյաները այդպես էին վարվում։ Օրինակ՝ երբ առաքյալներին պատվիրեցին դադարեցնել քարոզչությունը, նրանք չվախեցան քահանայապետից և իշխանություն ունեցող մյուս մարդկանցից, որոնք Սինեդրիոնի անդամներ էին։ Նրանք վճռական էին ճիշտ վարք դրսևորելու, ուստի չհնազանդվեցին մարդկային իշխանությանը (կարդա՛ Գործեր 5։27–29)։
4. Եբրայերեն Գրություններից վերցված ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Աստծու ծառաներից շատերը չէին վարվում այնպես, ինչպես որ ընդունված էր։
4 Հիսուսի ժամանակներից առաջ էլ Աստծու բազմաթիվ ծառաներ նման վճռականություն են դրսևորել։ Օրինակ՝ Մովսեսը «հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվել՝ ընտրելով Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալը», և դրանով հարուցեց «թագավորի բարկությունը» (Եբր. 11։24, 25, 27)։ Հովսեփը մերժեց Պետափրեսի կնոջ անբարո առաջարկները, թեև գիտեր, որ այդ կինը կարողություն ունի վրեժխնդիր լինելու և իրեն վնաս հասցնելու (Ծննդ. 39։7–9)։ Դանիելը «որոշեց իր սրտումը, որ իրան չ’պղծէ թագաւորի կերակրովը», թեև «ներքնապետի» համար հեշտ չէր ընդունել նրա կայացրած որոշումը (Դան. 1։8–14)։ Այս օրինակներից երևում է, որ ամբողջ պատմության ընթացքում Աստծու ծառաները, անկախ հետևանքներից, վճռական դիրք են բռնել ճիշտն անելու հարցում։ Նրանք չեն փորձել հաճեցնել մարդկանց՝ զիջումների գնալով իրենց համոզմունքների մեջ։ Մենք էլ պետք է այդպես վարվենք։
5. Իշխանության վերաբերյալ մեր տեսակետը ինչպե՞ս է տարբերվում աշխարհում ընդունված տեսակետից։
5 Մեր համարձակ դիրքորոշումը ամենևին էլ համառություն չէ։ Մենք նման չենք նրանց, ովքեր ապստամբում են՝ պարզապես ցույց տալու իրենց անհամաձայնությունը քաղաքական համակարգին։ Մենք վճռել ենք Եհովայի իշխանությունը վեր դասել մարդկային իշխանությունից։ Երբ մարդկային օրենքը հակասում է Աստծու օրենքին, մեզ համար դժվար չէ կողմնորոշվել՝ ինչպես վարվել։ Առաքյալների պես՝ մենք Աստծուն ենք հնազանդվում՝ որպես ղեկավարի, և ոչ թե մարդկանց։
6. Ինչո՞ւ միշտ օգուտներ կստանանք, եթե հնազանդվենք Եհովայի պատվիրաններին։
6 Ի՞նչն է օգնում մեզ ընդունելու Աստծու իշխանությունը։ Մենք հետևում ենք Առակաց 3։5, 6 համարներում գրված խոսքերին. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր [«հաշվի առ», ՆԱ] նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։ Մենք համոզված ենք, որ այն, ինչ Աստված պահանջում է մեզանից, ի վերջո օգտակար է մեզ համար (կարդա՛ Բ Օրինաց 10։12, 13)։ Եհովան իսրայելացիներին ասաց. «Ես.... քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։ Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Ես. 48։17, 18)։ Մենք հավատում ենք այս խոսքերին։ Կասկած չունենք, որ Աստծուն հնազանդվելը միշտ մեր օգտին է ծառայում։
7. Ի՞նչ պետք է անենք, եթե լիովին չենք հասկանում Աստծու Խոսքում գրված որևէ պահանջ։
7 Մենք ընդունում ենք Եհովայի իշխանությունը և նրան հնազանդվում ենք նույնիսկ այն դեպքում, երբ լիովին չենք հասկանում նրա որոշ պահանջների հիմքում ընկած պատճառները։ Սա դյուրահավատություն չէ. սա վստահություն է։ Այդպիսի հնազանդությամբ մենք ցույց ենք տալիս մեր լիակատար համոզվածությունն այն բանում, որ Եհովան գիտի, թե ինչն է օգտակար մեզ համար։ Բացի այդ, հնազանդվելով Եհովային՝ ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրան։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սա է Աստծու [հանդեպ] սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները» (1 Հովհ. 5։3)։ Սակայն հնազանդվելու հետ կապված մեկ ուրիշ բան էլ կա, որը չպետք է անտեսենք։
Մարզենք մեր ըմբռնողականությունը
8. Մեր «ըմբռնողականությունը մարզելն» ինչպե՞ս է կապված Եհովայի իշխանությունն ընդունելու հետ։
8 Աստվածաշունչը հորդորում է մեզ մեր «ըմբռնողականությունը մարզել ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբր. 5։14)։ Հետևաբար, մեր նպատակն այն չէ, որ Աստծու օրենքներին հնազանդվենք մեխանիկորեն։ Դրա փոխարեն՝ ցանկանում ենք Եհովայի չափանիշների օգնությամբ «ճիշտն ու սխալը զանազանել» իրարից։ Մենք ուզում ենք տեսնել, որ Եհովայի ճանապարհները իմաստուն են։ Այդ դեպքում կարող ենք սաղմոսերգուի պես ասել. «Քո օրէնքն իմ սրտի մէջ է» (Սաղ. 40։8)։
9. Ի՞նչ կարող ենք անել, որ մեր խիղճը ներդաշնակ լինի Եհովայի չափանիշներին, և ինչո՞ւ է դա կարևոր։
9 Որպեսզի սաղմոսերգուի պես գնահատենք Եհովայի օրենքները, պետք է խորհրդածենք Աստվածաշնչից մեր ընթերցածի շուրջ։ Օրինակ՝ իմանալով Եհովայի որևէ պատվիրանի կամ սկզբունքի մասին՝ գուցե ինքներս մեզ հարցնենք. «Ինչո՞ւ է դա իմաստուն։ Ինչո՞ւ ինձ համար լավ կլինի հնազանդվել դրան։ Ի՞նչ վատ հետևանքներ են կրել նրանք, ովքեր անտեսել են Աստծու այս խորհուրդը»։ Եթե ինքներս մեզ նման հարցեր տանք, ապա կկարողանանք մեր խիղճը ներդաշնակեցնել Եհովայի ճանապարհներին, և հավանականությունն ավելի մեծ կլինի, որ մեր կայացրած որոշումները համապատասխանեն նրա կամքին։ Մենք ի վիճակի կլինենք «շարունակելու ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը», և ընթանալու հնազանդության ճանապարհով (Եփես. 5։17)։ Դա միշտ չէ, որ հեշտ է։
Սատանան ջանում է վարկաբեկել Աստծու իշխանությունը
10. Ո՞րն է կերպերից մեկը, որով Սատանան ջանում է վարկաբեկել Աստծու իշխանությունը։
10 Սատանան վաղուց ի վեր ջանում է վարկաբեկել Աստծու իշխանությունը։ Նա անկախության ոգի է դրսևորում և այն խրախուսում է բազմաթիվ կերպերով։ Օրինակ՝ Սատանան մարդկանց մեջ սերմանում է անհարգալից վերաբերմունք ամուսնական կառույցի հանդեպ, որը հաստատել է Աստված։ Ոմանք նախընտրում են առանց ամուսնանալու ապրել իրար հետ, մյուսները ուղիներ են փնտրում իրենց կողակցից հեռանալու համար։ Նման մարդիկ թերևս համակարծիք են մի հայտնի դերասանուհու խոսքերին։ Վերջինս ասաց. «Անհնար է, որ տղամարդը կամ կինը ունենա միայն մեկ զուգընկեր։ Ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով հավատարիմ է կամ ուզում է հավատարիմ լինել»։ Իսկ մի հայտնի դերասան էլ, խորհելով իր չհաջողված փոխհարաբերությունների մասին, ասաց. «Ես չեմ կարծում, որ մարդու բնույթին հատուկ է իր ամբողջ կյանքում ապրել միայն մեկի հետ»։ Լավ կլինի ինքներս մեզ հարցնենք. «Ընդունո՞ւմ եմ ամուսնության վերաբերյալ Եհովայի սահմանած կարգը, թե՞ ինձ վրա ազդում է ամուսնության հանդեպ աշխարհի անլուրջ վերաբերմունքը»։
11, 12. ա) Ինչո՞ւ երիտասարդների համար գուցե դժվար լինի ընդունել Եհովայի իշխանությունը։ բ) Պատմիր մի դեպք, որը ցույց է տալիս, որ Եհովայի օրենքներն ու սկզբունքներն անտեսելը անմտություն է։
11 Դու երիտասա՞րդ ես և գտնվում ես Եհովայի կազմակերպության մե՞ջ։ Եթե այո, ապա Սատանան թերևս կփորձի հենց քո մեջ անվստահություն սերմանել Եհովայի իշխանության հանդեպ։ «Երիտասարդական ցանկությունները», ինչպես նաև հասակակիցների ճնշումը գուցե ստիպեն քեզ մտածելու, որ Աստծու օրենքները ծանր են (2 Տիմոթ. 2։22)։ Թույլ մի տուր, որ նման բան պատահի։ Ձգտիր համոզվել, որ Եհովայի չափանիշներով ապրելը իմաստուն է։ Օրինակ՝ Աստվածաշունչը քեզ հորդորում է «փախչել պոռնկությունից» (1 Կորնթ. 6։18)։ Ինքդ քեզ հարցրու. «Ինչո՞ւ է դա իմաստուն։ Եթե հնազանդվեմ այս պատվերին, ապա դա ինչո՞վ օգտակար կլինի ինձ համար»։ Գուցե ճանաչում ես ինչ–որ մեկին, ով անտեսել է Աստծու այս խորհուրդը ու հետո թանկ է վճարել դրա համար։ Մի՞թե նրանք այժմ ուրախ են։ Մի՞թե նրանք ավելի երջանիկ են, քան առաջ, երբ Եհովայի կազմակերպության մեջ էին։ Մի՞թե նրանք, ի տարբերություն Աստծու մյուս ծառաների, գտել երջանկության բանալին (կարդա՛ Եսայիա 65։14)։
12 Ուշադրություն դարձրու, թե ինչ է գրել Շարոն անունով մի քրիստոնյա կին. «Եհովայի օրենքն արհամարհելու պատճառով ես վարակվեցի մահացու հիվանդությամբ՝ ՁԻԱՀ–ով։ Հաճախ եմ հիշում իմ այն երջանիկ տարիները, երբ ծառայում էի Եհովային»։ Նա խոստովանեց, որ Եհովայի օրենքները խախտելն անմտություն էր, և որ ինքը պետք է թանկ գնահատած լիներ դրանք։ Եհովայի օրենքները մեր իսկ պաշտպանության համար են։ Իր այս խոսքերը գրելուց ընդամենը յոթ շաբաթ անց Շարոնը մահացավ։ Նրա ողբերգական դեպքից տեսնում ենք, որ Սատանան ոչ մի լավ բան չի առաջարկում նրանց, ովքեր դառնում են այս ամբարիշտ համակարգի մի մասը։ Որպես «ստության հայր»՝ նա շատ խոստումներ է տալիս, բայց դրանք իրականում փուչ են, ինչպես այն մեկը, որ նա տվեց Եվային (Հովհ. 8։44)։ Այո՛, լավ կլինի միշտ ընդունել Եհովայի իշխանությունը։
Զգուշացիր անկախության ոգի դրսևորելուց
13. Ո՞ր հարցում պետք է զգուշանանք անկախության ոգի դրսևորելուց։
13 Ընդունելով Եհովայի իշխանությունը՝ միևնույն ժամանակ պետք է զգուշանանք անկախության ոգի դրսևորելուց։ Հպարտությունը կարող է դրդել մեզ մտածելու, թե մենք որևէ մեկից առաջնորդություն ստանալու կարիք չունենք։ Օրինակ՝ գուցե չցանկանանք ընդունել այն խորհուրդը, որ տալիս են Աստծու ժողովրդի մեջ առաջնորդություն վերցրած անձինք։ Աստված հաստատել է մի կառույց, որի միջոցով հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը ճիշտ ժամանակին հոգևոր կերակուր է տալիս (Մատթ. 24։45–47)։ Մենք պետք է խոնարհաբար ընդունենք, որ Եհովան այսօր այդպե՛ս է հոգում իր ժողովրդի կարիքները։ Եկեք լինենք հավատարիմ առաքյալների պես։ Երբ աշակերտներից ոմանք դադարեցին Հիսուսին հետևելուց, նա ասաց իր առաքյալներին. «Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ»։ Պետրոսը պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Դո՛ւ ունես հավիտենական կյանքի խոսքերը» (Հովհ. 6։66–68)։
14, 15. Ինչո՞ւ պետք է խոնարհաբար հնազանդվենք Աստվածաշնչի խորհուրդներին։
14 Եթե ընդունում ենք Եհովայի իշխանությունը, ուրեմն կվարվենք նրա Խոսքի վրա հիմնված խորհուրդների համաձայն։ Օրինակ՝ հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը անընդհատ զգուշացնում է մեզ «արթուն մնալ և պահպանել մեր զգոնությունը» (1 Թեսաղ. 5։6)։ Այս խորհուրդն անչափ ժամանակահարմար է այս վերջին օրերում, երբ շատերը «անձնասեր և փողասեր» են (2 Տիմոթ. 3։1, 2)։ Հնարավո՞ր է «վարակվել» աշխարհում տիրող այս ոգով։ Այո՛։ Ոչ հոգևոր նպատակները կարող են մեզ գցել հոգևոր նիրհի մեջ կամ դարձնել նյութապաշտ անձնավորություն (Ղուկ. 12։16–21)։ Ուրեմն որքա՜ն իմաստուն է ընդունել Աստվածաշնչի խորհուրդները և խուսափել եսապաշտ ապրելակերպից, որն այդքան տարածված է Սատանայի աշխարհում (1 Հովհ. 2։16)։
15 Հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի կողմից եկող հոգևոր կերակուրը բաշխվում է ժողովներին նշանակված երեցների միջոցով։ Աստվածաշունչը մեզ հորդորում է. «Հնազանդվե՛ք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, և հպատակվե՛ք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար՝ իբրև այնպիսիներ, որոնք հաշիվ պետք է տան. որպեսզի նրանք ուրախությամբ անեն դա և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա վնասակար կլինի ձեզ համար» (Եբր. 13։17)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ժողովի երեցները անսխալական են։ Անշուշտ ո՛չ։ Աստված շատ ավելի լավ է տեսնում նրանց թերությունները, քան ցանկացած մարդ։ Այդուհանդերձ, նա մեզնից հնազանդություն է ակնկալում։ Թեև երեցները անկատար են, բայց նրանց հետ համագործակցելով՝ ցույց կտանք, որ ընդունում ենք Եհովայի իշխանությունը։
Կարևոր է խոնարհ լինել
16. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր հարգանքը Հիսուսի հանդեպ՝ որպես քրիստոնեական ժողովի Գլխի։
16 Մենք պետք է միշտ հիշենք, որ Հիսուսն է ժողովի Գլուխը (Կող. 1։18)։ Սա է պատճառներից մեկը, թե ինչու ենք խոնարհաբար հնազանդվում նշանակված երեցներին՝ «մեծագույն գնահատանք ցույց տալով» նրանց (1 Թեսաղ. 5։12, 13)։ Ինչ խոսք, երեցները կարող են փաստել, որ իրենք նույնպես հնազանդ են, եթե ուշադիր լինեն, որ ժողովի անդամներին Աստծու խոսքը և ոչ թե սեփական տեսակետները հայտնեն։ Նրանք «գրվածից այն կողմ չեն անցնում» և սեփական գաղափարները առաջ չեն տանում (1 Կորնթ. 4։6)։
17. Ինչո՞վ է փառասիրությունը վտանգավոր։
17 Ժողովի բոլոր անդամները պետք է զգույշ լինեն, որ չփնտրեն իրենց փառքը (Առակ. 25։27, ԱԱ)։ Ակներևաբար սա ծուղակ դարձավ առաջին դարի աշակերտներից մեկի համար, ում մասին Հովհաննես առաքյալը գրեց. «Դիոտրեփեսը, որը սիրում է նրանց մեջ առաջին տեղը գրավել, մեզանից ոչ մի բան հարգանքով չի ընդունում։ Դրա համար էլ, եթե գամ, կհիշեցնեմ այն գործերը, որ նա անում է՝ չար խոսքերով շատախոսելով մեր մասին» (3 Հովհ. 9, 10)։ Մենք այստեղից կարող ենք դաս քաղել։ Անպայման պետք է մեր միջից արմատախիլ անենք փառասիրության ցանկացած նշույլ, քանի որ Աստվածաշունչն ասում է. «Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին»։ Նրանք, ովքեր ընդունում են Աստծու իշխանությունը, զգուշանում են հպարտության ծուղակից, քանի որ հակառակ դեպքում «անարգութիւն.... կ’գայ» (Առակ. 11։2; 16։18)։
18. Ի՞նչը կօգնի մեզ ընդունելու Եհովայի իշխանությունը։
18 Այո՛, նպատակ դիր դիմադրելու աշխարհում տարածված անկախության ոգուն և ընդունելու Եհովայի իշխանությունը։ Ժամանակ առ ժամանակ երախտագիտությամբ խորհրդածիր, թե ինչ մեծ առանձնաշնորհում է Եհովային ծառայելը։ Այն, որ դու Աստծու ժողովրդի մեջ ես, ցույց է տալիս, որ նա իր սուրբ ոգու միջոցով ձգել է քեզ դեպի իրեն (Հովհ. 6։44)։ Երբեք սովորական բան մի համարիր Աստծու հետ ունեցած քո փոխհարաբերությունները։ Կյանքիդ բոլոր բնագավառներում մերժիր անկախության ոգին և ընդունիր Եհովայի իշխանությունը։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ է նշանակում ընդունել Եհովայի իշխանությունը։
• Մեր ըմբռնողականությունը մարզելն ինչպե՞ս է կապված Եհովայի իշխանությունն ընդունելու հետ։
• Ի՞նչ ձևերով է Սատանան ջանում վարկաբեկել Աստծու իշխանությունը։
• Եհովայի իշխանությունն ընդունելու համար ինչո՞ւ է անհրաժեշտ խոնարհ լինել։
[նկար 18–րդ էջի վրա]
«Մարդկանց հնազանդվելու փոխարեն՝ մենք պետք է Աստծո՛ւն հնազանդվենք որպես ղեկավարի»
[նկար 20–րդ էջի վրա]
Միշտ իմաստուն է հետևել Աստծու չափանիշներին