Բարուք. Երեմիայի հավատարիմ գրագիրը
ԳԻՏԵ՞Ս, թե ով է ‘Ներիայի որդի Բարուքը’ (Երեմիա 36։4)։ Թեև Բարուքը հիշատակվում է Աստվածաշնչի ընդամենը չորս գլուխներում, սակայն ընթերցողներին նա քաջ հայտնի է որպես Երեմիա մարգարեի գրագիր և մտերիմ ընկեր։ Նրանք միասին էին Հուդայի թագավորության վերջին 18 փոթորկալից տարիներին, մ.թ.ա. 607 թ.–ին բաբելոնացիների կողմից Երուսաղեմի ահավոր կործանման ժամանակ, ինչպես նաև բռնի կերպով Եգիպտոս տարվելիս։
Վերջերս հնագետները հայտնաբերեցին մ.թ.ա. յոթերորդ դարին պատկանող երկու կավե կնիքներ։a Դրանց վրա գրված էր. «Պատկանում է Ներիյահուի [Ներիայի եբրայերեն անունը] որդի Բերեխյահուին [Բարուքի եբրայերեն անունը]՝ Գրագրին»։ Կնիքները շարժեցին գիտնականների հետաքրքրությունը աստվածաշնչյան այդ կերպարի հանդեպ։ Ո՞վ էր Բարուքը։ Ինչպիսի՞ ծագում, կրթություն և դիրք ուներ նա։ Ինչի՞ մասին է խոսում այն, որ նա քաջաբար թիկունք կանգնեց Երեմիային։ Ի՞նչ ենք սովորում նրանից։ Այս հարցերի պատասխանները կարող ենք գտնել՝ քննելով աստվածաշնչյան և պատմական առկա տեղեկությունները։
Նրա ծագումն ու դիրքը
Այսօր շատ գիտնականներ կարծում են, որ Բարուքը սերում էր Հուդայում գրագիրների հայտնի մի ընտանիքից։ Նրանք այս եզրակացությանն են եկել մի քանի պատճառներով։ Օրինակ՝ Աստվածաշնչում Բարուքը հիշատակվում է հատուկ տիտղոսով՝ «դպիր», որն ունի նաև «գրագիր» իմաստը։ Գրություններում նաև ասվում է, որ նրա եղբայրը՝ Սարայիան, Սեդեկիա թագավորի արքունիքում բարձր պաշտոն էր զբաղեցնում (Երեմիա 36։32; 51։59)։
Հնագետ Ֆիլիպ Քինգը Երեմիայի օրերի գրագիրների մասին ասում է. «Գրագիրները, լինելով հատուկ մասնագիտական խավի ներկայացուցիչներ, շատ հայտնի էին Հուդայում մ.թ.ա. յոթերորդ դարի վերջում և վեցերորդ դարի սկզբում։ .... Այս տիտղոսը տրվում էր թագավորական պալատի բարձրաստիճան պաշտոնյաներին»։
Բացի այդ, կարդալով «Երեմիա» գրքի 36–րդ գլուխը, որը մենք մանրամասնորեն կքննարկենք, կարելի է գալ այն եզրակացության, որ Բարուքն ուներ արտոնություն՝ գտնվելու թագավորի խորհրդականների մեջ և իրավունք՝ օգտագործելու Գամարիա իշխանի՝ պաշտոնյայի ճաշասենյակը, կամ՝ խորհրդակցությունների սենյակը։ Աստվածաշնչագետ Ջեյմս Մյուլենբերգը հետևյալ փաստարկն է բերում. «Բարուքը կարող էր մտնել այդ գրագրի խորհրդակցությունների սենյակը, քանի որ դա անելու իրավունք ուներ և թագավորական պաշտոնյաներից մեկն էր, որոնք կարևոր հանդիպումների՝ մագաղաթները հանրայնորեն ընթերցելու ժամանակ մեկտեղ էին հավաքվում։ Նա իր գործընկերների՛ մեջ էր»։
Մի հրատարակության մեջ մեկ այլ փաստարկ է բերվում Բարուքի դիրքի վերաբերյալ. «Ելնելով այն փաստից, որ Բերեխյահուին պատկանող կավե կնիքը հայտնաբերվել է մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող բազմաթիվ կնիքների մեջ՝ խելամիտ է ենթադրել, որ Բարուքը (Բերեխյահուն) նույն պաշտոնն ուներ, ինչ որ իր գործընկերները» («Corpus of West Semitic Stamp Seals»)։ Այս տեղեկությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ Բարուքն ու իր եղբայրը բարձրաստիճան պաշտոնյաներ էին, որոնք Երուսաղեմի կործանմանը նախորդող նշանակալից տարիներին աջակցում էին հավատարիմ մարգարե Երեմիային։
Հանրայնորեն աջակցում է Երեմիային
Ըստ ժամանակագրության՝ Բարուքի մասին առաջին անգամ կարդում ենք «Երեմիա» գրքի 36–րդ գլխում, որտեղ հիշատակվում է «Յովակիմի չորրորդ տարին»՝ մ.թ.ա. մոտ 625 թվականը։ Այդ ժամանակ Երեմիան արդեն 23 տարի ծառայում էր որպես մարգարե (Երեմիա 25։1–3; 36։1, 4)։
Եհովան Երեմիային պատվիրեց. «Քեզ համար մի տոմս [այսինքն՝ մագաղաթ] առ եւ գրիր նորա վերայ այն բոլոր խօսքերը, որ ասել եմ քեզ Իսրայէլի մասին եւ Յուդայի մասին եւ բոլոր ազգերի մասին ....Յովսիայի օրերից մինչեւ այս օրը»։ Ապա կարդում ենք. «Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին. եւ Բարուքը գրեց Երեմիայի բերանից Տիրոջ բոլոր խօսքերը» (Երեմիա 36։2–4)։
Ինչո՞ւ Երեմիան կանչեց Բարուքին։ Երեմիան նրան ասաց. «Ես բանտարկուած եմ՝ չեմ կարող գնալ Տիրոջ տունը» (Երեմիա 36։5)։ Ըստ երևույթին, Երեմիան հնարավորություն չուներ մտնելու Եհովայի տաճարն ու կարդալ նրա պատգամը գուցե այն պատճառով, որ նախկինում ժողովրդին հայտնել էր Եհովայի խոսքերը ու դրանով իսկ հարուցել իշխանավորների բարկությունը (Երեմիա 26։1–9)։ Բարուքը, անկասկած, Եհովայի անկեղծ երկրպագու էր, ուստի նա «արաւ այն ամենի համեմատ, որ նորան պատուիրել էր Երեմիա մարգարէն» (Երեմիա 36։8)։
Եհովայից 23 տարի շարունակ ստացած նախազգուշացումները գրի առնելու համար Երեմիայից շատ ժամանակ էր պահանջվում, և բացի այդ, նա հավանաբար սպասում էր հարմար ժամանակի։ Այնուամենայնիվ, մ.թ.ա. 624 թ. նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին Բարուքը համարձակորեն «կարդաց գրքիցը Երեմիայի խօսքերը Տիրոջ տանը.... Գամարիայի սենեակումը.... ժողովրդի ականջի առաջին» (Երեմիա 36։8–10)։
Գամարիայի որդի Միքիան այդ մասին տեղեկացրեց իր հորը և մի քանի իշխանների, և նրանք հրավիրեցին Բարուքին երկրորդ անգամ բարձրաձայն կարդալու մագաղաթը։ «Երբոր նորանք լսեցին այն բոլոր խօսքերը, դողալով իրար էին նայում, եւ ասեցին Բարուքին. Անպատճառ պատմելու ենք թագաւորին այդ բոլոր խօսքերը։ .... Գնա եւ թաք կացէք դու եւ Երեմիան, եւ մարդ չ’իմանայ թէ դուք որտեղ էք» (Երեմիա 36։11–19)։
Երբ Հովակիմ թագավորը լսեց Երեմիայի թելադրանքով Բարուքի գրած խոսքերը, լցվեց բարկությամբ, մագաղաթը մաս–մաս կտրելով՝ նետեց կրակի մեջ, ապա իր մարդկանց հրամայեց ձերբակալել Երեմիային ու Բարուքին։ Բայց Եհովան նրանց «ծածկեց»՝ թաքցրեց, և պատվիրեց, որ երկրորդ անգամ գրեն մագաղաթը (Երեմիա 36։21–32)։
Անկասկած, Բարուքը հասկանում էր, թե ինչ վտանգների հետ է կապված իր նշանակումը։ Նա պետք է որ տեղյակ լիներ, թե մի քանի տարի առաջ ինչ էր սպառնում Երեմիային։ Բարուքը նաև լսել էր, թե ինչ վախճան ունեցավ Ուրիան, որ մարգարեացավ «Երեմիայի բոլոր խօսքերին պէս», սակայն սպանվեց Հովակիմ թագավորի կողմից։ Այնուամենայնիվ, նա պատրաստ էր գործի դնել իր մասնագիտական հմտությունները և օգտագործել կառավարական պաշտոնյաների հետ ունեցած կապերը՝ Երեմիային նրա նշանակման մեջ աջակցելու համար (Երեմիա 26։1–9, 20–24)։
‘Մեծամեծ բաներ’ մի՛ որոնիր
Առաջին մագաղաթը գրելու օրերին Բարուքը մի որոշ ժամանակ վհատության մեջ ընկավ։ Նա գոչեց. «Ոհ վայ ինձ, որ Տէրը տրտմութիւն է աւելացրել իմ ցաւի վերայ, ես վաստակել եմ հեծելուցս, եւ հանգստութիւն չեմ գտնում»։ Ո՞րն էր նրա վհատության պատճառը (Երեմիա 45։1–3)։
Այս հարցին կոնկրետ պատասխան չի տրվում։ Սակայն փորձենք պատկերացնել այն իրադրությունը, որում հայտնվել էր Բարուքը։ Իսրայելի և Հուդայի բնակիչներին հայտնելով 23 տարի շարունակ հնչած նախազգուշացումները՝ նա ակնհայտ կդարձներ նրանց հավատուրացությունը և այն, որ նրանք կորցրել են Աստծու հավանությունը։ Եհովան վճռել էր կործանել Երուսաղեմն ու Հուդան և ժողովրդին աքսորել Բաբելոն, որտեղ նրանք 70 տարի գերության մեջ էին լինելու։ Այս տեղեկությունը նա հայտնեց առաջին մագաղաթը գրվելու ժամանակ, ու այն, հավանաբար, նույնպես գրվեց մագաղաթում։ Այս ամենը պետք է որ ցնցեր Բարուքին (Երեմիա 25։1–11)։ Ավելին, այդ վճռորոշ ժամանակաշրջանում քաջաբար աջակցելով Երեմիային՝ Բարուքը վտանգի տակ էր դնում իր դիրքն ու պաշտոնը։
Թեև ստույգ չգիտենք՝ որն էր Բարուքի վհատության պատճառը, սակայն մի բան հստակ է. Եհովան անձամբ միջամտեց ու նրան օգնեց մտքում վառ պահել մոտալուտ դատաստանը։ Նա ասաց. «Իմ շինածը ես քանդում եմ, եւ իմ տնկածը ես խլում եմ, այսինքն այս բոլոր երկիրը»։ Ապա Եհովան խորհուրդ տվեց Բարուքին. «Եւ դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի որոնիր» (Երեմիա 45։4, 5)։
Եհովան չնշեց, թե որոնք էին այդ ‘մեծամեծ բաները’։ Սակայն Բարուքը պետք է որ իմանար, թե որոնք էին դրանք. կա՛մ եսասիրական ձգտումները, կա՛մ փառատենչությունը, կա՛մ նյութականին մեծ նշանակություն տալը։ Եհովան նրան խորհուրդ տվեց լինել իրատես և չմոռանալ, թե ինչ է տեղի ունենալու մոտ ապագայում. «Ահա ես չարիք եմ բերելու բոլոր մարմնի վերայ.... եւ ես քո անձը քեզ տալիս եմ իբրեւ աւար այն ամեն տեղերումը, ուր որ գնաս»։ Բարուքի ամենաթանկ ունեցվածքը՝ իր կյանքը, պետք է պահպանվեր, ուր էլ նա գնար (Երեմիա 45։5)։
Երեմիա 36–րդ և 45–րդ գլուխներում նկարագրված իրադարձություններից հետո, որոնք կատարվել են մ.թ.ա. 625 և 624 թթ.–ին, Աստվածաշնչում Բարուքի մասին ոչինչ չի ասվում, մինչև որ նա նորից է հիշատակվում մի դեպքի առնչությամբ, որը տեղի ունեցավ մ.թ.ա. 607 թ.–ին՝ բաբելոնացիների ձեռքով Երուսաղեմի և Հուդայի կործանումից մի քանի ամիս առաջ։ Ի՞նչ եղավ այդ ժամանակ։
Բարուքը դարձյալ աջակցում է Երեմիային
Բարուքի մասին հաջորդ արձանագրությունը կապված է բաբելոնացիների կողմից Երուսաղեմի պաշարման տարիների հետ։ Երեմիան «արգիլուած էր բանտի գաւիթումը»։ Եհովան նրան պատվիրեց գնել հորեղբոր որդու՝ Անաթովթում գտնվող ագարակը ի նշան այն բանի, որ լինելու է վերականգնում։ Երեմիան կանչեց Բարուքին, որ վերջինս կատարի այդ գնման հետ կապված իրավաբանական գործողությունները (Երեմիա 32։1, 2, 6, 7)։
Երեմիան նրան բացատրեց. «Ես գրեցի մուրհակումը եւ կնքեցի եւ վկաներով վկայեցի, եւ կշիռքով կշռեցի արծաթը։ Եւ առայ ստացուածքի մուրհակը .... կնքուածը եւ բացը, եւ տուի այն ստացուածքի մուրհակը.... Բարուքին»։ Ապա նա Բարուքին պատվիրեց կնքել այդ գնման փաստաթղթերը և դրանք դնել կավե անոթում։ Որոշ աստվածաշնչագետներ այն կարծիքն ունեն, թե Երեմիայի «ես գրեցի մուրհակումը» խոսքերը իրականում նշանակում են, որ նա թելադրել է Բարուքին՝ հմուտ գրագրին, ‘գրել’ այդ փաստաթղթերը (Երեմիա 32։10–14; 36։4, 17, 18; 45։1)։
Բարուքն ու Երեմիան հետևում էին այն ժամանակվա իրավաբանական կարգին։ Դրա առանձնահատկություններից մեկն այն էր, որ առք ու վաճառքի դեպքում կազմվում էր երկու փաստաթուղթ։ Վերոնշյալ գրքում ասվում է. «Առաջին փաստաթուղթը կոչվում էր «կնքված փաստաթուղթ», քանի որ այն փաթաթված էր ու կնքված էր կավե մեկ կամ ավելի կնիքներով և գործարքը նկարագրող փաստաթղթի բնօրինակն էր.... Իսկ երկրորդը՝ «բաց փաստաթուղթը», փաթաթված ու կնքված փաստաթղթի կրկնօրինակն էր, որը նախատեսված էր ընթերցելու համար։ Փաստորեն, կազմվում էր առանձին պապիրուսների վրա արձանագրված երկու փաստաթուղթ՝ բնօրինակը և կրկնօրինակը»։ Իսկ այդ երկու փաստաթղթերը կավե անոթում պահելու սովորության մասին վկայում են հնագիտական պեղումները։
Ի վերջո, բաբելոնացիները նվաճեցին Երուսաղեմը, այն կրակի մատնեցին ու նրա բնակիչներին գերության տարան՝ թողնելով միայն սակավաթիվ աղքատ մարդկանց։ Նաբուգոդոնոսորը Գոդողիային նշանակեց որպես կառավարիչ, բայց նա երկու ամիս անց սպանվեց։ Մնացած հրեաները ծրագրեցին փախչել Եգիպտոս՝ Երեմիայի ներշնչված խորհրդին հակառակ։ Ահա այսպիսի հանգամանքներում է, որ Բարուքը նորից է հիշատակվում (Երեմիա 39։2, 8; 40։5; 41։1, 2; 42։13–17)։
Հրեա առաջնորդները Երեմիային ասացին. «Դու սուտ ես խօսում, քեզ չէ ուղարկել մեր Տէր Աստուածը ասելով թէ Եգիպտոս մի գնաք այնտեղ պանդխտանալու համար. այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ գրգռում մեզ դէմ, որ մեզ մատնէ Քաղդէացիների ձեռքը, որ մեզ մեռցնեն, եւ որ մեզ գերի տանեն Բաբիլոն» (Երեմիա 43։2, 3)։ Այս մեղադրական խոսքերից կարելի է եզրակացնել, որ հրեա առաջնորդները մտածում էին, թե Բարուքը մեծ ազդեցություն ուներ Երեմիայի վրա։ Նրանք, ի նկատի ունենալով Բարուքի դիրքն ու երկարամյա ընկերությունը Երեմիայի հետ, գուցե կարծում էին, որ Բարուքը Երեմիայի համար գրագիր լինելուց ավելին էր։ Ինչ էլ մտածեին հրեա առաջնորդները, այդ խոսքերի հեղինակը, անկասկած, Եհովան էր։
Անտեսելով Աստծու նախազգուշացումները՝ մնացած հրեաները «առան.... Երեմիա մարգարէին եւ Ներիայի որդի Բարուքին» և տարան իրենց հետ։ Երեմիան արձանագրեց. «Եւ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետեւ չ’լսեցին Տիրոջ ձայնին, եւ գնացին մինչեւ Տափնաս» քաղաքը, որը գտնվում էր Նեղոսի դելտայի արևելյան մասում, որտեղից այն կողմ Սինայի թերակղզին է։ Այս արձանագրությունից հետո Բարուքն այլևս չի հիշատակվում Աստվածաշնչում (Երեմիա 43։5–7)։
Ի՞նչ ենք սովորում Բարուքից
Բարուքի օրինակից շատ արժեքավոր դասեր կարող ենք քաղել։ Կարևոր դասերից մեկն այն է, որ Բարուքը, չվախենալով վատ հետևանքներից, Եհովայի ծառայության մեջ պատրաստակամորեն գործի էր դնում իր մասնագիտական հմտությունները և օգտագործում էր պաշտոնյաների հետ ունեցած իր կապերը։ Եհովայի ժամանակակից վկաները՝ տղամարդ թե կին, նույն ոգին են դրսևորում՝ իրենց հմտությունները գործի դնելով Բեթելի ծառայության, շինարարական աշխատանքների և նմանատիպ այլ ծառայությունների մեջ։ Իսկ դու այդպիսի ոգի դրսևորո՞ւմ ես։
Երբ Բարուքը հիշեցում ստացավ, որ Հուդայի վերջին օրերում ‘մեծամեծ բաներ’ որոնելու ժամանակը չէ, նա, ակներևաբար, դրականորեն արձագանքեց։ Դա երևում է այն բանից, որ նա իր անձը որպես ավար ստացավ։ Քանի որ մենք ապրում ենք այս համակարգի վերջին օրերում, իմաստություն կդրսևորենք, եթե այդ խորհուրդը կիրառենք մեր կյանքում։ Եհովան մեզ խոստանում է այն, ինչ որ խոստացավ Բարուքին. նա կփրկի մեր կյանքը։ Բարուքի պե՞ս ենք արձագանքում Եհովայի հիշեցումներին։
Բարուքի մասին արձանագրությունից նաև գործնական դաս կարող ենք քաղել։ Երեմիան ու նրա հորեղբոր որդին, չնայած որ ազգականներ էին, իրենց գործարքը հաստատեցին անհրաժեշտ իրավաբանական գործողություններով, իսկ Բարուքն օգնեց նրանց այդ հարցում։ Սա աստվածաշնչյան լավ նախադեպ է այն քրիստոնյաների համար, ովքեր իրենց հոգևոր եղբայրների և քույրերի հետ տարբեր գործարքներ են կատարում։ Գործարքային համաձայնությունները թղթին հանձնելը սուրբգրային է, գործնական, ինչպես նաև արտահայտում է սեր։
Թեև Աստվածաշնչում Բարուքի մասին քիչ է գրված, սակայն նրա օրինակը մեր օրերում բոլոր քրիստոնյաների ուշադրությանն է արժանի։ Կհետևե՞ս Երեմիայի հավատարիմ գրագիր Բարուքի հրաշալի օրինակին։
[ծանոթագրություն]
a Այդպիսի կնիքը կավի փոքր կտոր է, որով կնքում էին պարանով կապված կարևոր փաստաթուղթ։ Կավի վրա դրոշմված էր այդ փաստաթղթի տիրոջ կամ այն ուղարկողի անունը։
[նկար 16-րդ էջի վրա]
Բարուքի կավե կնիքը
[թույլտվությամբ]
Bulla։ Courtesy of Israel Museum, Jerusalem