Եհովայի աչքերը մեզ վրա են մեր իսկ բարօրության համար
«[Եհովայի] աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ ՄՆԱՑ. 16։9)։
1. Ինչո՞ւ է Եհովան մեզ քննում։
ԵՀՈՎԱՆ կատարյալ Հայր է։ Նա մեզ շատ լավ է ճանաչում. նա «գիտէ [մեր] խորհուրդների բոլոր միտքը», այսինքն՝ գիտի, թե ինչ ենք մտածում (Ա Մնաց. 28։9)։ Թեև Աստված քննում է մեզ, նա մեր մեջ սխալներ չի փնտրում (Սաղ. 11։4; 130։3)։ Սիրելով՝ Եհովան ցանկանում է պաշտպանել մեզ այն ամենից, ինչը կարող է վնասել իր հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Նա չի ուզում, որ ինչ–որ բանի պատճառով զրկվենք հավիտենական կյանքի հեռանկարից (Սաղ. 25։8–10, 12, 13)։
2. Ո՞ւմ է Եհովան զորացնում։
2 Եհովան անսահման զորություն ունի և տեսնում է ամեն ինչ։ Այդ պատճառով նա կարող է օգնել իր հավատարիմ ծառաներին, երբ էլ որ նրանք օգնություն խնդրեն իրենից։ Աստված կարող է աջակցել նրանց փորձությունների ժամանակ։ «[Եհովայի] աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ»,— ասվում է Բ Մնացորդաց 16։9–ում։ Նկատենք, որ Եհովան զորացնում է նրանց, ովքեր ծառայում են իրեն ուղիղ սրտով, սիրտ, որն անկեղծ է ու մաքուր։ Սակայն նա չի հոգում նրանց մասին, ովքեր անազնիվ, խարդախ ու կեղծավոր են (Յեսու 7։1, 20, 21, 25; Առակ. 1։23–33)։
Քայլենք Աստծու հետ
3, 4. Ի՞նչ է նշանակում «Աստծու հետ քայլել», և ո՞ւմ օրինակներն են օգնում մեզ հասկանալ դա։
3 Շատերի համար անհավանական է, որ անծայրածիր տիեզերքի Արարիչը թույլ տա մարդկանց քայլել իր հետ։ Բայց Եհովան հենց դա է ուզում. նա ուզում է, որ մենք քայլենք իր հետ։ Աստվածաշնչային ժամանակներում Ենովքն ու Նոյը «Աստծու հետ քայլեցին» (Ծննդ. 5։24, ԱԱ; 6։9, ԱԱ)։ Մովսեսը «շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է» (Եբր. 11։27)։ Դավիթ թագավորը, որ խոնարհ էր, նույնպես քայլեց իր երկնային Հոր հետ։ Նա ասաց. «[Եհովան] իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ» (Սաղ. 16։8)։
4 Անշուշտ, մենք չենք կարող Եհովայի ձեռքը բառացիորեն բռնել ու նրա հետ քայլել։ Բայց մենք կարող ենք դա անել փոխաբերական առումով։ Ինչպե՞ս։ Սաղմոսերգու Ասափը գրեց. «Միշտ քեզ հետ եմ. դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։ Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը» (Սաղ. 73։23, 24)։ Կարճ ասած՝ մենք քայլում ենք Եհովայի հետ, երբ ջանում ենք ապրել նրա խորհուրդներով։ Այդ խորհուրդները ստանում ենք Աստվածաշնչից ու «հավատարիմ և իմաստուն ծառայից» (Մատթ. 24։45; 2 Տիմոթ. 3։16)։
5. Ինչպե՞ս է Եհովան սիրառատ հոր պես իր աչքը միշտ պահում մեզ վրա, և ինչպե՞ս ճիշտ կլինի մտածել նրա մասին։
5 Քանի որ Եհովայի համար թանկ են իր հետ քայլողները, նա, ինչպես մի սիրառատ հայր, իր աչքը միշտ նրանց վրա է պահում. նա հոգում, պաշտպանում և կրթում է նրանց։ Աստված ասում է. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի» (Սաղ. 32։8)։ Ինքդ քեզ հարցրու. «Պատկերացնո՞ւմ եմ ինձ Եհովայի ձեռքը բռնած քայլելիս՝ հետևելով նրա իմաստուն առաջնորդությանը և զգալով, թե ինչպես են նրա բարի աչքերը նայում ինձ։ Նրա ներկայությունը անդրադառնո՞ւմ է այն բանի վրա, թե ինչ եմ մտածում, ասում և անում։ Երբ սխալ եմ գործում, մտածո՞ւմ եմ, որ Եհովան սառը և խիստ Աստված է, թե՞ հակառակը՝ որ նա գորովալից ու ողորմած Հայր է և ուզում է օգնել զղջացողներին վերադառնալ իր ջերմ գիրկը (Սաղ. 51։17)։
6. Ի՞նչ անելու կարողություն ունի Եհովան, որ չունեն մեր ծնողները։
6 Եհովան կարող է օգնել մեզ նաև այն ժամանակ, երբ դեռ ոտք չենք դրել սխալ ճանապարհ։ Ենթադրենք՝ մեր խորամանկ ու խաբեբա սիրտը սկսել է սխալ բաներ ցանկանալ (Երեմ. 17։9)։ Այդ դեպքում Աստված, նկատելով դա, ի զորու է արագորեն օգնության հասնելու, ավելի արագ, քան մեր ծնողները, որովհետև նրա «արտեւանունքները» կարող են տեսնել մեր սրտի խորքը և քննել մեր ծածուկ մտքերը (Սաղ. 11։4; 139։4; Երեմ. 17։10)։ Տեսնենք, թե ինչպես Եհովան մի իրավիճակում օգնեց Բարուքին, որը Երեմիա մարգարեի գրագիրն էր և մտերիմ ընկերը։
Իսկական Հայր՝ Բարուքի համար
7, 8. ա) Ո՞վ էր Բարուքը, և հավանաբար ի՞նչ սխալ ցանկություններ էին սկսել արմատ գցել նրա սրտում։ բ) Ինչպե՞ս Եհովան հայրական վերաբերմունք ցույց տվեց Բարուքին։
7 Բարուքը հմուտ գրագիր էր, և Երեմիայի հետ հավատարմորեն ծառայում էր Եհովային։ Նրանք Հուդայի բնակիչներին ազդարարում էին Աստծու դատաստանները։ Դա հեշտ գործ չէր (Երեմ. 1։18, 19)։ Բարուքը, որը, հնարավոր է, հայտնի ընտանիքից էր, սկսեց «մեծամեծ բաներ» որոնել իր համար։ Գուցե նրա սրտում տեղ էին գտել եսասիրական ձգտումները կամ նյութապես բարգավաճելու ցանկությունը։ Ամեն դեպքում, Եհովան տեսավ, որ սխալ ցանկություններ են սկսել արմատ գցել նրա սրտում։ Առանց ժամանակ կորցնելու՝ Աստված Երեմիայի միջոցով Բարուքին ասաց. «Դու ասեցիր. Ոհ վայ ինձ, որ Տէրը տրտմութիւն է աւելացրել իմ ցաւի վերայ, ես վաստակել եմ հեծելուցս, եւ հանգստութիւն չեմ գտնում»։ Հետո Եհովան ասաց. «Դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի որոնիր» (Երեմ. 45։1–5)։
8 Եհովան Բարուքի հետ հայրաբար խոսեց, ազդու տոնով, բայց ոչ բարկացած։ Ըստ ամենայնի, Աստված տեսավ, որ նրա ցանկությունները չեն բխում չար և ծուռ սրտից։ Եհովան գիտեր, որ Երուսաղեմին և Հուդային կործանում է սպասում, և չէր ուզում, որ Բարուքը վերջին պահին սայթաքի։ Ուստի իր ծառային սթափեցնելու համար Աստված նրան հիշեցրեց, որ ինքը «չարիք է բերելու բոլոր մարմնի վրա», այնուհետև ասաց, որ եթե Բարուքը իմաստնորեն վարվի, կապրի (Երեմ. 45։5)։ Եհովան, ըստ էության, նրան ասաց. «Բարո՛ւք, իրատե՛ս եղիր։ Հիշի՛ր, թե ինչ է շուտով պատահելու մեղավոր Հուդային և Երուսաղեմին։ Շարունակիր հավատարիմ մնալ ու կապրես։ Ես կպաշտպանեմ քեզ»։ Եհովայի խոսքերը ակներևաբար հասան Բարուքի սրտին։ Գրագիրն ուղղեց իր մտածելակերպը և վերապրեց Երուսաղեմի կործանումից, որը տեղի ունեցավ 17 տարի անց։
9. Ինչպե՞ս կպատասխանես պարբերությունում նշված հարցերին։
9 Խորհրդածիր այս դեպքի շուրջ և քննիր հետևյալ հարցերն ու սուրբգրային համարները։ Այն, թե Աստված ինչպես վարվեց Բարուքի հետ, ի՞նչ է ասում Նրա մասին և իր ծառաների հանդեպ ունեցած զգացմունքների մասին (կարդա՛ Եբրայեցիներ 12։9)։ Հաշվի առնելով, որ ապրում ենք վճռորոշ ժամանակներում՝ ի՞նչ կարող ենք սովորել այն խորհրդից, որ Եհովան տվեց Բարուքին, և այն բանից, թե ինչպես վերջինս արձագանքեց (կարդա՛ Ղուկաս 21։34–36)։ Ինչպե՞ս կարող են երեցները, ընդօրինակելով Երեմիային, Եհովայի պես հոգատար լինել Նրա ծառաների հանդեպ (կարդա՛ Գաղատացիներ 6։1)։
Որդին սիրում է, ինչպես Հայրն է սիրում
10. Ինչի՞ շնորհիվ Հիսուսը կարող է լինել քրիստոնեական ժողովի Գլուխ։
10 Եհովան միշտ սիրել է իր ժողովրդին։ Նախաքրիստոնեական ժամանակներում Աստված իր սերը դրսևորել է մարգարեների և այլ հավատարիմ ծառաների միջոցով։ Իսկ մեր օրերում Աստծու սերը իր ժողովրդի հանդեպ հիմնականում դրսևորվում է Հիսուս Քրիստոսի միջոցով, որը քրիստոնեական ժողովի Գլուխն է (Եփես. 1։22, 23)։ «Հայտնություն» գրքում Հիսուսը պատկերված է որպես մի գառ, որը «յոթ աչք ուներ, և այդ աչքերը Աստծու յոթ ոգիներն են, որ ուղարկվել են ամբողջ երկրով մեկ» (Հայտն. 5։6)։ Հիսուսը կատարյալ խորաթափանցությամբ է օժտված, քանի որ Եհովան իր սուրբ ոգին լիուլի տվել է նրան։ Քրիստոսը նույնպես տեսնում է մեր ներքին անձնավորությունը։ Ոչինչ չի վրիպում նրա աչքից։
11. Ի՞նչ դեր ունի Հիսուսը, և ինչպե՞ս է նա ընդօրինակում իր Հորը մեզ վերաբերվելու հարցում։
11 Նախորդ հոդվածում նշվեց, որ Եհովան երկնային ոստիկան չէ։ Նույնը կարող ենք ասել Հիսուսի մասին։ Նա նույնպես քննում է սիրո աչքերով։ Հիսուսի տիտղոսներից մեկը՝ «Հավիտենական Հայր», հիշեցնում է մեզ, թե ինչ դեր է նա կատարելու. նա իր հանդեպ հավատ ցուցաբերող մարդկանց հավիտենական կյանք է տալու (Ես. 9։6)։ Բացի այդ, Հիսուսը՝ քրիստոնեական ժողովի Գլուխը, կարող է պատրաստակամ և հոգևորապես հասուն քրիստոնյաներին, հատկապես երեցներին մղել, որ մխիթարեն կամ խորհուրդ տան նրանց, ովքեր դրա կարիքն ունեն (1 Թեսաղ. 5։14; 2 Տիմոթ. 4։1, 2)։
12. ա) Յոթ ժողովներին ուղղված նամակները ի՞նչ են ասում Հիսուսի մասին։ բ) Ընդօրինակելով Քրիստոսին՝ երեցները ինչպե՞ս են վերաբերվում Աստծու ժողովին։
12 Փոքր Ասիայի յոթ ժողովների երեցներին ուղղված նամակներից երևում է, որ Քրիստոսը շատ էր հետաքրքրված իր աշակերտներով (Հայտն. 2։1–3։22)։ Այդ նամակներում նա նշեց, որ տեղյակ է, թե ինչ է կատարվում յուրաքանչյուր ժողովում, և որ ինքը շատ ուշադիր է իր հետևորդների հանդեպ։ Քանի որ «Հայտնություն» գրքի այս տեսիլքը իրականանում է «Տիրոջ օրվա» ընթացքում, կարող ենք ասել, որ Հիսուսը այդպիսի ու դեռ ավելի մեծ հետաքրքրություն է դրսևորում մեր օրերում (Հայտն. 1։10)a։ Քրիստոսի սերը հաճախ արտահայտվում է երեցների միջոցով, որոնք ժողովի հոգևոր հովիվներ են։ «Մարդկանց տեսքով այս պարգևներին» նա կարող է մղել, որ անհրաժեշտության դեպքում մխիթարեն, քաջալերեն և խորհուրդ տան (Եփես. 4։8; Գործ. 20։28; կարդա՛ Եսայիա 32։1, 2)։ Այն ջանքերը, որ գործադրում են նրանք, համարո՞ւմ ես Հիսուսի կողմից անհատական հետաքրքրության դրսևորում քո հանդեպ։
Օգնություն՝ ճիշտ ժամանակին
13–15. Աստված ինչպե՞ս կարող է պատասխանել մեր աղոթքներին։ Բացատրիր օրինակներով։
13 Երբևէ ջերմեռանդորեն օգնություն խնդրե՞լ ես Աստծուց ու ստացել ես աղոթքիդ պատասխանը հոգևորապես հասուն մի քրիստոնյայի միջոցով, ով այցելել է քեզ և քաջալերել (Հակ. 5։14–16)։ Կամ հնարավոր է՝ պատասխանը ստացել ես քրիստոնեական հանդիպման ժամանակ հնչած ելույթի կամ մեր հրատարակություններից մեկի միջոցով։ Եհովան հաճախ նման ձևով է պատասխանում մեր աղոթքներին։ Մի անգամ, երբ երեցը ավարտեց ելույթը, նրան մոտեցավ մի քույր։ Դրանից մի քանի շաբաթ առաջ քրոջ հանդեպ անչափ անարդար էին վարվել։ Նա չգանգատվեց երեցին իր խնդրից, այլ խորին շնորհակալություն հայտնեց ելույթում նշված սուրբգրային մտքերի համար։ Դրանք վերաբերում էին նրա իրավիճակին և անչափ մխիթարական էին։ Որքա՜ն ուրախ էր քույրը, որ ներկա էր այդ հանդիպմանը։
14 Քննենք մեկ այլ օրինակ, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է օգնության համար աղոթել Աստծուն։ Երեք մարդ բանտում իմացան ճշմարտությունը և դարձան չմկրտված քարոզիչ։ Մի անգամ բանտում տհաճ միջադեպ տեղի ունեցավ, որի պատճառով բոլոր բանտարկյալների վրա սահմանափակումներ դրվեցին։ Բողոքի ալիք բարձրացավ. բանտարկյալները որոշեցին հաջորդ առավոտյան նախաճաշից հետո չվերադարձնել ամանները։ Երեք չմկրտված քարոզիչները դժվար կացության մեջ հայտնվեցին։ Եթե միանային ըմբոստներին, խախտած կլինեին Եհովայի պատվերը, որ գրված է Հռոմեացիներ 13։1–ում։ Իսկ եթե չմիանային, ապա դա կհարուցեր բանտակիցների զայրույթը, և նրանք հաշվեհարդար կտեսնեին իրենց հետ։
15 Հնարավորություն չունենալով հաղորդակցվելու իրար հետ՝ նրանցից յուրաքանչյուրը իմաստություն խնդրեց Եհովայից։ Հաջորդ առավոտյան պարզվեց, որ նրանք երեքն էլ նույն բանն էին որոշել. նրանք պարզապես հրաժարվելու էին նախաճաշից։ Երբ բանտապահները եկան ամանները հավաքելու, երեք քարոզիչները ոչինչ չունեին վերադարձնելու։ Որքա՜ն ուրախ էին նրանք, որ Եհովան լսեց իրենց աղոթքը և պատասխանեց (Սաղ. 65։2)։
Ապագային նայենք վստահությամբ
16. Ինչպե՞ս է քարոզչական գործը վկայում, որ Եհովան հոգատար է ազնվասիրտ մարդկանց հանդեպ։
16 Ազնվասիրտ մարդկանց հանդեպ Եհովայի հոգատարության մեկ այլ դրսևորում է համաշխարհային քարոզչական գործը (Ծննդ. 18։25)։ Եհովան հաճախ հրեշտակների միջոցով մեզ կարող է առաջնորդել դեպի հեզ ու խոնարհ մարդիկ, նույնիսկ եթե վերջիններս ապրում են այնպիսի վայրերում, որտեղ բարի լուրը դեռ չի քարոզվել (Հայտն. 14։6, 7)։ Օրինակ՝ առաջին դարում Աստված մի քարոզչի՝ Փիլիպպոսին, հրեշտակի միջոցով առաջնորդեց մի եթովպացի պաշտոնյայի մոտ։ Փիլիպպոսը վերջինիս բացատրեց Գրությունները։ Արդյո՞ւնքը։ Այդ մարդը ընդունեց բարի լուրը, մկրտվեց և դարձավ Հիսուսի հետևորդ (Հովհ. 10։14; Գործ. 8։26–39)b։
17. Ինչո՞ւ չպետք է չափից շատ մտահոգվենք ապագայով։
17 Մինչ իրերի ներկա համակարգը մոտենում է իր վախճանին, այն «ցավերը», որոնց մասին կանխագուշակվել էր, շարունակվում են և դեռ կշարունակվեն (Մատթ. 24։8)։ Օրինակ՝ սննդամթերքի գները գուցե զգալիորեն բարձրանան աճող պահանջարկի, կլիմայական ծայրահեղ երևույթների կամ տնտեսական անկայունության պատճառով։ Հնարավոր է՝ աշխատանք գտնելը ավելի դժվարանա, կամ հարկ լինի ավելի երկար աշխատել։ Ինչ էլ որ լինի, բոլոր նրանք, ովքեր հոգևորը առաջին տեղում են դնում և իրենց «աչքը պարզ» են պահում, կարող են չափից շատ չմտահոգվել։ Նրանք գիտեն, որ Աստված սիրում է իրենց և մտածում է իրենց մասին (Մատթ. 6։22–34)։ Քննենք, թե Եհովան ինչպես հոգաց Երեմիայի կարիքները։ Այդ ժամանակ Երուսաղեմում խառը իրավիճակներ էին, և նրա կործանումը, որը տեղի ունեցավ մ.թ.ա. 607–ին, մոտ էր։
18. Ինչպե՞ս Եհովան Երուսաղեմի պաշարման ժամանակ ցույց տվեց, որ սիրում է Երեմիային։
18 Երուսաղեմի պաշարման վերջին փուլում Երեմիան «բանտի գաւիթումը արգելուած էր»։ Ինչպե՞ս էր նա կերակուր հայթայթելու։ Եթե ազատ լիներ, ապա կարող էր գոնե փնտրել ուտելու բան։ Բայց նա լիովին կախված էր շրջապատի մարդկանցից, որոնց մեծամասնությունը ատում էր մարգարեին։ Ինչևէ, Երեմիան ապավինեց ոչ թե մարդուն, այլ Աստծուն, ով խոստացել էր հոգ տանել իր ծառային։ Պահե՞ց Եհովան խոստումը։ Անկասկա՛ծ։ Նա այնպես արեց, որ Երեմիան «ամեն օր մէկ նկանակ հաց [ստանա].... մինչեւ բոլոր հացը քաղաքից վերջացաւ» (Երեմ. 37։21)։ Երեմիան, ինչպես նաև Բարուքը, Աբդիմելեքը և ուրիշներ կենդանի մնացին մի այնպիսի ժամանակ, երբ ամենուրեք սով, հիվանդություն և մահ էր տիրում (Երեմ. 38։2; 39։15–18)։
19. Ի՞նչ պետք է վճռենք։
19 Այո՛, «Եհովայի աչքերը արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաչանքների վրա» (1 Պետ. 3։12)։ Ուրա՞խ ես, որ քո երկնային Հայրը իր աչքը քեզ վրա է պահում։ Քեզ ապահով ու հանգի՞ստ ես զգում։ Հիշիր՝ նա ուզում է, որ քեզ համար լավ լինի։ Ուստի, անկախ ամեն ինչից, վճռիր շարունակել քայլել Աստծու հետ։ Կարող ես վստահ լինել, որ Եհովան, ինչպես մի սիրառատ և ուշադիր հայր, միշտ իր աչքը կպահի իր բոլոր հավատարիմ ծառաների վրա (Սաղ. 32։8; կարդա՛ Եսայիա 41։13)։
[ծանոթագրություններ]
a Թեև այդ նամակները վերաբերում են Քրիստոսի օծյալ հետևորդներին, դրանք, ըստ էության, վերաբերում են Աստծու բոլոր ծառաներին։
b Գործեր 16։6–10 համարներում կարդում ենք մեկ ուրիշ դեպքի մասին, երբ առաջնորդություն է տրվել երկնքից։ «Սուրբ ոգին [Պողոսին և նրա ծառայակիցներին] արգելեց» քարոզել Ասիայում և Բյութանիայում։ Փոխարենը՝ նրանք պետք է քարոզեին Մակեդոնիայում։ Այնտեղ բազմաթիվ հեզ մարդիկ ընդունեցին բարի լուրը։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչի՞ց է երևում, որ քայլում ենք Աստծու հետ։
• Ինչպե՞ս Եհովան դրսևորեց իր սերը Բարուքի հանդեպ։
• Լինելով քրիստոնեական ժողովի Գլուխ՝ ինչպե՞ս է Հիսուսը դրսևորում իր Հոր հատկությունները։
• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ վստահում ենք Աստծուն մեր այս վճռորոշ ժամանակներում։
[նկարներ 9–րդ էջի վրա]
Երեցները, ընդօրինակելով Երեմիային, Եհովայի պես հոգատար են Նրա ծառաների հանդեպ
[նկար 10–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող է Եհովան օգնել ճիշտ ժամանակին