«Վերջին օրեր». ի՞նչ իմաստով
ԿՑԱՆԿԱՆԱՅԻ՞Ք իմանալ, թե ապագան ինչ կբերի ձեզ և ձեր մտերիմներին։ Շատ մարդիկ համակ ուշադրությամբ հետևում են լուրերին՝ իմանալու համար, թե աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ինչպես կարող են անդրադառնալ իրենց կյանքի վրա։ Սակայն եթե ուշադրություն դարձնենք Աստծու ներշնչված Խոսքին, կկարողանանք ճշգրի՛տ պատկերացում կազմել ապագայի վերաբերյալ։ Աստվածաշնչում վաղուց ի վեր նախագուշակվել է ոչ միայն մեր օրերի, այլ նաև ապագա իրադարձությունների մասին։
Երբ Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր, ամենուրեք պատմում էր Աստծու Թագավորության մասին (Ղուկաս 4։44)։ Բնականաբար, նրա ունկնդիրները ցանկանում էին իմանալ, թե երբ է գալու այդ հրաշալի Թագավորությունը։ Հիսուսի աշակերտները նրա անարդարացի մահապատժից երեք օր առաջ հարցրին նրան. «Ի՞նչ կ’լինի քո [թագավորական զորությամբ] գալստեան [«ներկայության», ՆԱ] եւ աշխարհքիս վերջի նշանը» (Մատթէոս 24։3)։ Հիսուսը պատասխանեց, որ միայն Եհովա Աստված գիտի ճշգրիտ ժամանակը, թե երբ է Թագավորությունն իր ողջ իշխանությունը տարածելու երկրով մեկ (Մատթէոս 24։36; Մարկոս 13։32)։ Այդուհանդերձ, Հիսուսն ու աստվածավախ մյուս անհատները նախագուշակեցին այն իրադարձությունները, որոնք պետք է տեղի ունենային երկրի վրա և որոնք կփաստեին, որ Հիսուսը սկսել է իշխել իր թագավորական զորությամբ։
Նախքան կքննենք այն տեսանելի ապացույցը, որ ապրում ենք ներկա համակարգի «վերջին օրերում», համառոտակի քննարկենք մի կարևոր իրադարձություն, որը տեղի ունեցավ անտեսանելի ոգեղեն ոլորտում։ Երկնքում Հիսուս Քրիստոսը Թագավոր դարձավ 1914 թ.–ին (Դանիէլ 7։13, 14)։a Թագավորական իշխանությունը ստանալուն պես նա մի քայլ ձեռնարկեց։ Աստվածաշունչը մեզ հայտնում է. «Պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը» (Յայտնութիւն 12։7)։ «Միքայէլ հրեշտակապետը» Հիսուս Քրիստոսն է իր երկնային դիրքում (Յուդա 9; Ա Թեսաղոնիկեցիս 4։16)։b Վիշապը Բանսարկու Սատանան է։ Ինչո՞վ ավարտվեց այս հակամարտությունը։ Սատանան ու նրան հետևող չար հրեշտակները՝ դևերը, պարտվեցին ու երկնքից «վայր գցուեցան» երկրի մերձակայքը (Յայտնութիւն 12։9)։ Ուստի ‘երկինքը և նրանք, որ բնակված են նրանում’, այսինքն՝ Աստծու հավատարիմ ոգեղեն որդիները, ուրախացան։ Մարդիկ, սակայն, նման ուրախություն չէին կարող ունենալ։ «Վա՜յ երկրին,— ասում է Աստվածաշունչը,— որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Յայտնութիւն 12։12)։
Սատանան, կատաղության մոլուցքով լի, «վայեր»՝ ցավ ու տառապանք բերեց երկրի բնակիչներին։ Սակայն այդ «վայերը» կարճատև են լինելու՝ «քիչ ժամանակ»։ Աստվածաշունչը հենց այդ ժամանակահատվածն է կոչում «վերջին օրեր»։ Մենք կարող ենք ուրախ լինել, որ շուտով Սատանայի ազդեցությունը երկրի վրայից ամբողջովին կվերանա։ Բայց ի՞նչ ապացույցներ կան, որ մենք իրոք ապրում ենք վերջին օրերում։
[ծանոթագրություններ]
b Հավելյալ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, էջ 218, 219։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկարի շնորհակալագիր 2-րդ էջի վրա]
COVER: Foreground: © Chris Stowers/Panos Pictures; background: FAROOQ NAEEM/AFP/Getty Images