«Մենք պետք է առավել Աստծուն հնազանդվենք՝ որպես ղեկավարի, քան թե մարդկանց»
Քաջաբար հիմնավոր վկայություն տանք
ԿԱՏԱՂԻ ամբոխը պատրաստ է ծեծելով սպանել Աստծու հնազանդ ծառաներից մեկին։ Ճիշտ ժամանակին հռոմեացի զինվորները խլում են այդ մարդուն հարձակվողներից և իրենց պաշտպանության տակ առնում նրան։ Սա սկիզբ է դնում մի շարք իրադարձությունների, որոնք տևում են մոտ հինգ տարի։ Արդյունքում բարձրաստիճան հռոմեացի պաշտոնյաներից շատերը լսում են Հիսուս Քրիստոսի մասին։
Խոսքը գնում է Պողոս առաքյալի մասին։ Մոտավորապես մ.թ. 34 թ.–ին Հիսուսը հայտնեց Պողոսին (Սողոսին), որ նա պետք է իր անունը տանի «թագավորների» առաջ (Գործք 9։15)։ Մ.թ. 56 թ.–ին սա դեռ տեղի չէր ունեցել։ Սակայն երբ առաքյալի երրորդ միսիոներական շրջագայությունը մոտենում է ավարտին, իրադրությունը փոխվում է։
Հարձակման ենթարկված, բայց անսասան
Պողոսը շարունակում է դեպի Երուսաղեմ իր ճանապարհորդությունը, և «Սուրբ Հոգու ձեռովը» որոշ քրիստոնյաներ զգուշացնում են, որ այդ քաղաքում ուժգին հալածանք է սպասվում իրեն։ Պողոսը քաջաբար ասում է. «Ես ոչ միայն կապուելու բայց Երուսաղէմումը մեռնելու էլ պատրաստ եմ Տէր Յիսուս Քրիստոսի անունի համար» (Գործք 21։4–14)։ Երբ Պողոսը գնում է Երուսաղեմի տաճար, Ասիայից եկած որոշ հրեաներ, ովքեր տեղյակ էին քարոզելու գործում առաքյալի հասած հաջողությունների մասին, հրահրում են մի խումբ մարդկանց սպանել նրան։ Հռոմեացի զինվորները արագորեն օգնության են գալիս Պողոսին (Գործք 21։27–32)։ Նրանց օգնությունը հնարավորություն է տալիս Պողոսին հռչակել ճշմարտությունը Քրիստոսի մասին թշնամաբար տրամադրված մարդկանց և բարձրաստիճան անձնավորությունների։
Քարոզում է դժվարհասանելի մարդկանց
Ապահովության համար Պողոսին արագ բարձրացնում են մի ամրոցի աստիճաններով, որը հայտնի է Անտոնիոսի ամրոց անվամբ։a Այդ աստիճանների վրայից առաքյալը ազդեցիկ վկայություն է տալիս մոլի ամբոխին (Գործք 21։33–22։21)։ Սակայն երբ նա հիշատակում է հեթանոսներին քարոզելու իր առաջադրանքի մասին, բռնության նոր ալիք է բարձրանում։ Զորապետ Լիսիասը հրամայում է, որ Պողոսին խարազանելով հարցաքննեն՝ իմանալու համար, թե ինչում են հրեաները նրան մեղադրում։ Բայց երբ Պողոսը նրանց հայտնում է, որ ինքը Հռոմի քաղաքացի է, նրան չեն խարազանում։ Հաջորդ օրը Լիսիասը Պողոսին տանում է Ատյան, որպեսզի իմանա, թե ինչում է նա մեղադրվում (Գործք 22։22–30)։
Բարձրագույն դատարանում Պողոսը մեկ ուրիշ լավ հնարավորություն է ունենում վկայություն տալու իր հայրենակից հրեաներին։ Այս անվախ ավետարանիչը հռչակում է իր հավատը հարության հանդեպ (Գործք 23։1–8)։ Հրեաների ատելության և Պողոսին սպանելու նրանց անկոտրում տրամադրվածության պատճառով առաքյալին տանում են բանտ։ Հաջորդ գիշեր նա Տիրոջից ստանում է հետևյալ սրտապնդիչ հավաստիացումը. «Քաջացիր, Պօղոս, որովհետեւ ինչպէս ինձ համար Երուսաղէմումը վկայեցիր, այնպէս էլ պէտք է Հռովմումը վկայես» (Գործք 23։9–11)։
Պողոսին սպանելու դավադրությունը խափանվում է, երբ նրան գաղտնաբար տանում են Կեսարիա՝ Հռոմի վարչական կենտրոնը Հրեաստանում (Գործք 23։12–24)։ Կեսարիայում Պողոսը լավ հնարավորություններ է ունենում վկայություն տալու «թագավորների[ն]»։ Սակայն նախ առաքյալը հայտնում է Ֆելիքս կուսակալին, որ իր դեմ ուղղված մեղադրանքներն անհիմն են։ Հետագայում Պողոսը նրան և նրա կնոջը՝ Դրուսիլային, քարոզում է Հիսուսի, ժուժկալության, արդարության և գալիք դատաստանի մասին։ Սակայն Պողոսին երկու տարի պահում են բանտում, քանի որ Ֆելիքսը հույս ունի կաշառք ստանալ նրանից, բայց այդպես էլ չի ստանում (Գործք 23։33–24։27)։
Երբ Ֆելիքսին փոխարինում է Փեստոսը, հրեաները կրկին ջանքեր են գործադրում մեղադրելու և մահվան դատապարտելու Պողոսին։ Գործը նորից լսվում է Կեսարիայում, և որպեսզի կրկին իրեն չտեղափոխեն Երուսաղեմ, Պողոսն ասում է. «Ես Կայսեր ատեանումն եմ կանգնած.... դէպի Կայսրն եմ բողոքում» (Գործք 25։1–11, 20, 21)։ Մի քանի օր հետո, երբ առաքյալն իր գործը ներկայացնում է թագավոր Հերովդես Ագրիպպաս II–ին, վերջինս ասում է. «Քիչ է մնում որ ինձ համոզես որ քրիստոնեայ դառնամ» (Գործք 26։1–28)։ Մոտավորապես մ.թ. 58 թ.–ին Պողոսին ուղարկում են Հռոմ։ Կալանքի տակ եղած ժամանակ առաքյալը երկու տարի շարունակ առիթներ է փնտրում Քրիստոսի մասին վկայություն տալու (Գործք 28։16–31)։ Ամենայն հավանականությամբ Պողոսն ի վերջո կանգնում է Ներոն կայսեր առջև, հայտարարվում անմեղ, այնուհետև ազատվում և վերսկսում իր միսիոներական ծառայությունը։ Գրություններում չի ասվում, որ ուրիշ որևէ առաքյալ հնարավորություն է ունեցել քարոզելու բարի լուրը այդպիսի հայտնի մարդկանց։
Ինչպես երևում է, Պողոս առաքյալն ապրում էր այն կարևոր սկզբունքի համաձայն, որն իր քրիստոնյա եղբայրներն ասացին հրեական դատարանի առաջ. «Մենք պետք է առավել Աստծուն հնազանդվենք՝ որպես ղեկավարի, քան թե մարդկանց» (Գործք 5։29, ՆԱ)։ Ի՜նչ հրաշալի օրինակ է նա թողել մեզ համար։ Չնայած իրեն կանգնեցնելու մարդկանց շարունակական ջանքերին՝ առաքյալը լիովին հնազանդվեց հիմնավոր վկայություն տալու պատվերին։ Աստծու հանդեպ այսպիսի անսասան հնազանդություն դրսևորելու արդյունքում Պողոսը կատարեց իր նշանակումը որպես «ընտրուած անօթ»՝ Հիսուսի անվան մասին վկայելով «հեթանոսների, թագավորների՝ եւ Իսրայէլի որդկանց առաջին» (Գործք 9։15)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Եհովայի վկաների 2006 թ. օրացույցը», նոյեմբեր–դեկտեմբեր (անգլ., ռուս.)։
[շրջանակ/նկարներ 9-րդ էջի վրա]
ԱՐԴՅՈՔ ՊՈՂՈՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆ ԻՐԵՆ ՊԱՇՏՊԱՆԵ՞ԼՆ ԷՐ
Գրող Բեն Վիթերինգթոն III–ը այս հարցը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Պողոսի.... տեսանկյունից ոչ այնքան կարևոր էր ինքնապաշտպանությունը, որքան Ավետարանի մասին թե՛ հրեական և թե՛ հեթանոսական իշխանություններին վկայություն տալը....։ Իրականում դատաքննության էր ենթարկվում Ավետարանը»։