Եհովան երախտագետ Աստված է
«Աստուած անիրաւ [«անարդար», ԷԹ] չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք» (ԵԲՐԱՅԵՑԻՍ 6:10)։
1. Ինչպե՞ս Եհովան ցույց տվեց իր գնահատանքը մովաբացի Հռութին։
ԵՀՈՎԱՆ շատ բարձր է գնահատում այն մարդկանց, ովքեր անկեղծորեն ջանում են կատարել իր կամքը, և առատորեն պարգևատրում է նրանց (Եբրայեցիս 11:6)։ Բոոսը, որ հավատարիմ մարդ էր, գիտեր Աստծու այս գեղեցիկ հատկության մասին։ Դա երևում է այն խոսքերից, որ նա ասաց մովաբացի Հռութին, որը սիրով խնամում էր իր այրի սկեսրոջը։ Բոոսն ասաց. «Քո գործքի փոխարէնը Տէրը հատուցանէ, եւ քո վարձքը Իսրայէլի Տէր Աստուծոյ կողմանէ առատապէս տրուի» (Հռութ 2:12)։ Օրհնե՞ց Աստված Հռութին։ Անկասկա՛ծ։ Հռութի պատմությունը նույնիսկ գրվեց Աստվածաշնչում։ Ավելին՝ ամուսնանալով Բոոսի հետ՝ նա դարձավ Դավիթ թագավորի և Հիսուս Քրիստոսի նախամայրը (Հռութ 4:13, 17; Մատթէոս 1:5, 6, 16)։ Սա ընդամենը մեկն է աստվածաշնչային բազում օրինակներից, որոնք ցույց են տալիս, որ Եհովան բարձր է գնահատում իր ծառաներին։
2, 3. ա) Ինչո՞ւ է ուշագրավ այն, որ Եհովան երախտագիտություն է ցույց տալիս իր ծառաների հանդեպ։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան իսկապես երախտագետ Աստված է։ Բացատրե՛ք։
2 Եհովան իր կողմից անարդարության դրսևորում կհամարեր, եթե երախտագետ չլիներ։ Եբրայեցիս 6:10–ում կարդում ենք. «Աստուած անիրաւ [«անարդար», ԷԹ] չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք»։ Այս խոսքերը յուրօրինակ արժեք ունեն։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստված երախտագիտություն է ցույց տալիս իր ծառաների հանդեպ, չնայած որ նրանք մեղավորներ են և ‘նրա փառքից պակասված’ են (Հռովմայեցիս 3:23)։
3 Քանի որ անկատար ենք, գուցե թվա, թե մեր աստվածահաճո գործերը աննշան են, ուստի արժանի չենք Աստծու օրհնությանը։ Սակայն Եհովան լիովին հասկանում է մեր մղումներն ու հանգամանքները և իսկապես գնահատում է մեր սրտանց ծառայությունը (Մատթէոս 22։37)։ Քննենք հետևյալ օրինակը։ Մայրը սեղանին գտնում է էժանագին նվեր՝ վզնոց։ Նա կարող էր այդ նվերը համարել փոքրարժեք ու մի կողմ դնել։ Բայց նվերի հետ կա նաև բացիկ, որից երևում է, որ նվեր տվողը նրա փոքրիկ աղջիկն է. վերջինս իր հավաքած ողջ գումարը ծախսել է այն գնելու համար։ Այժմ նվերը մոր աչքին ուրիշ արժեք է ստանում։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես է մայրն արցունքներն աչքերին գրկում իր դստրիկին ու սրտանց շնորհակալություն հայտնում։
4, 5. Ինչպե՞ս Հիսուսն ընդօրինակեց Եհովային երախտագիտություն դրսևորելու հարցում։
4 Եհովան լիովին տեղյակ է մեր մղումներին ու սահմանափակ հնարավորություններին և թանկ է գնահատում այն, որ մենք իրեն տալիս ենք մեր լավագույնը՝ անկախ նրանից՝ դա փոքր է, թե՝ մեծ։ Երախտագիտություն դրսևորելու առումով Հիսուսը կատարելապես ընդօրինակեց իր Հորը։ Հիշիր այրու երկու լումայի մասին սուրբգրային պատմությունը։ Կարդում ենք. «Եւ [Հիսուսը] մտիկ տուաւ, տեսաւ հարուստներին, որ իրանց տուրքը գանձանակն էին գցում: Մի որբեւայրի աղքատ կին էլ տեսաւ, որ երկու լումայ գցեց այնտեղ: Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս աղքատ որբեւայրին ամենիցն աւելի գցեց: Որովհետեւ նորանք ամենքն իրանց աւելացածներիցը գցեցին Աստուծոյ ընծաների մէջ, իսկ սա իր կարօտութիւնիցն իր բոլոր ապրուստն՝ որ ունէր՝ գցեց» (Ղուկաս 21:1–4)։
5 Այո՛, տեղյակ լինելով կնոջ հանգամանքներին, այսինքն՝ որ նա աղքատ այրի էր՝ Հիսուսը հասկացավ, թե իրականում ինչ մեծ արժեք ուներ նրա նվերը, և լցվեց երախտագիտության զգացումով։ Նույնը կարելի է ասել Եհովային մասին (Յովհաննէս 14:9)։ Մի՞թե քաջալերական չէ իմանալ, որ ինչպիսին էլ լինեն մեր հանգամանքները, կարող ենք արժանանալ մեր երախտագետ Աստծու և նրա Որդու բարեհաճությանը։
Եհովան պարգևատրում է աստվածավախ եթովպացուն
6, 7. Ինչո՞ւ և ինչպե՞ս Եհովան դրսևորեց իր երախտագիտությունը Աբդիմելեքի հանդեպ։
6 Աստվածաշնչում գտնում ենք բազմաթիվ օրինակներ այն մասին, որ Եհովան երախտագիտություն է ցույց տալիս նրանց հանդեպ, ովքեր կատարում են իր կամքը։ Տեսնենք, թե ինչպես նա վարվեց եթովպացի մի աստվածավախ մարդու՝ Աբդիմելեքի հետ, որը Երեմիայի ժամանակակիցն էր և ծառայում էր Հուդայի անհավատարիմ թագավոր Սեդեկիայի պալատում։ Աբդիմելեքն իմացավ, որ Հուդայի իշխանները Երեմիա մարգարեին անհիմն կերպով մեղադրել էին խռովություն հրահրելու մեջ և նրան գցել էին հորը, որպեսզի վերջինս այնտեղ սովամահ լիներ (Երեմիա 38:1–7)։ Աբդիմելեքը գիտեր, որ Երեմիային խիստ ատում են այն բանի համար, ինչի մասին որ մարգարեն քարոզում էր։ Բայցևայնպես, նա իր կյանքը վտանգի ենթարկեց և խնդրանքով դիմեց թագավորին։ Եթովպացին համարձակորեն ասաց. «Ով տէր իմ թագաւոր, այս մարդիկը վատ բան արին ամեն ինչ որ Երեմիա մարգարէին արին, որ նորան գցեցին գուբը. եւ նա կ’մեռնէ նորա տակին սովի պատճառով»։ Թագավորի հրամանով Աբդիմելեքն իր հետ վերցրեց 30 մարդ և Աստծու մարգարեին ազատեց (Երեմիա 38:8–13)։
7 Եհովան տեսավ, որ Աբդիմելեքը հավատով էր գործում. հավատն օգնեց նրան հաղթահարելու վախը, որ հավանաբար նա զգում էր։ Աստված իր գնահատանքը ցույց տվեց Աբդիմելեքին ու Երեմիայի միջոցով նրան ասաց. «Ահա ես պիտի բերեմ իմ խօսքերը այս քաղաքի վերայ ’ի չարն, եւ ոչ թէ ’ի բարին.... Եւ կ’ազատեմ քեզ այն օրը.... եւ դու չես տրուիլ այն մարդկանց ձեռքը, որոնց առաջին դու վախենում ես։ Որովհետեւ ես քեզ անպատճառ պիտի պրծացնեմ.... եւ քո հոգին քեզ համար աւարի պէս կ’լինի, որովհետեւ դու ինձ յուսացիր» (Երեմիա 39:16–18)։ Այո՛, Եհովան ազատեց Աբդիմելեքին, ինչպես նաև Երեմիային Հուդայի չար իշխաններից, իսկ հետագայում՝ նաև բաբելոնացիներից, որոնք հիմնահատակ ավերեցին Երուսաղեմը։ Սաղմոս 97:10–ում ասվում է. «[Եհովան] պահում է իր սուրբերին [«իրեն նվիրվածների», ՆԱ] անձերը. ամբարիշտների ձեռքիցը կ’փրկէ նորանց»։
«Քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ»
8, 9. Ինչպես երևում է Հիսուսի օրինակից, ինչպիսի՞ աղոթքներն է Եհովան գնահատում։
8 Մեկ այլ ապացույց, որ Եհովան բարձր է գնահատում իր ծառաների նվիրվածությունը, երևում է այն խոսքերից, որ Աստվածաշունչն ասում է աղոթքի վերաբերյալ։ «Ուղիղների աղօթքը [Աստծուն] հաճելի է»,— գրված է Առակաց 15:8–ում։ Հիսուսի օրերում շատ կրոնական առաջնորդներ հրապարակավ աղոթքներ էին մատուցում ոչ թե իսկական աստվածավախությունից, այլ մարդկանց տպավորելու ցանկությունից մղված։ «Նորանք իրանց վարձքն առած են»,— ասաց Հիսուսը։ Դիմելով իր հետևորդներին՝ նա շարունակեց. «Բայց դու երբոր աղօթք անես, մտիր քո սենեակը եւ դուռդ փակած աղօթք արա դէպի քո Հայրը, որ ծածուկումն է. եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կ’հատուցանէ քեզ» (Մատթէոս 6:5, 6)։
9 Ինչ խոսք, Հիսուսը չէր դատապարտում հրապարակավ աղոթելը. նա ինքը մի քանի անգամ մարդկանց ներկայությամբ աղոթել էր (Ղուկաս 9:16)։ Եհովան բարձր է գնահատում, երբ մենք իրեն աղոթում ենք անկեղծ սրտով՝ առանց ուրիշներին տպավորելու մտադրության։ Մեր անձնական աղոթքները պարզ ցույց են տալիս, թե որքան խորն է մեր սերը և թե որքան մեծ է մեր վստահությունը Աստծու հանդեպ։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսը հաճախ առանձնանում էր աղոթելու համար։ Օրինակ՝ մի անգամ նա աղոթեց «լուսածագին առաւօտանց շատ կանուխ»։ Մեկ ուրիշ անգամ Հիսուսը «վեր ելաւ սարը, առանձին աղօթք անելու»։ Իսկ իր 12 առաքյալներին ընտրելուց առաջ նա մի ամբողջ գիշեր անցկացրեց աղոթելով (Մարկոս 1:35; Մատթէոս 14:23; Ղուկաս 6:12, 13)։
10. Երբ մեր աղոթքները արտացոլում են անկեղծություն և խոր զգացմունքներ, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
10 Կարելի է միայն պատկերացնել, թե որքան ուշադիր է Եհովան լսել իր Որդու սրտանց աղոթքները։ Հիսուսը երբեմն աղոթել է «սաստիկ աղաղակով եւ արտասուքով.... եւ լսուեցաւ իր բարեպաշտութեան համար» (Եբրայեցիս 5:7; Ղուկաս 22:41–44)։ Երբ մեր աղոթքները արտացոլում են այդպիսի անկեղծություն և խոր զգացմունքներ, մենք կարող ենք համոզված լինել, որ երկնային Հայրը ուշադրությամբ և գնահատանքով լսում է մեզ։ Այո՛, Եհովան «մօտիկ է.... այն ամենին՝ որ կանչում են նորան ճշմարտութիւնով» (Սաղմոս 145:18)։
11. Ի՞նչ է զգում Եհովան, երբ լավ վարք ենք դրսևորում մենակ լինելիս։
11 Եթե Եհովան երախտագետ է, երբ մենք «ծածուկ տեղը» աղոթում ենք իրեն, ապա որքա՜ն ավելի շատ է նա լցվում երախտագիտությամբ, երբ «ծածուկ տեղը» հնազանդվում ենք իրեն։ Եհովան տեղյակ է այն ամենից, ինչ մենք անում ենք մենակ լինելիս (Ա Պետրոս 3:12)։ Եթե հավատարիմ ու հնազանդ ենք մնում Աստծուն, երբ մեզ ոչ ոք չի տեսնում, ապա դա նշանակում է, որ ‘կատարյալ սիրտ’ ունենք Եհովայի հանդեպ, այնպիսին, որը մաքուր մղումներ ունի և հաստատակամ է ճիշտն անելու մեջ (Ա Մնացորդաց 28:9)։ Որքա՜ն է Եհովան ուրախանում՝ տեսնելով մեր լավ վարքը (Առակաց 27:11; Ա Յովհաննէս 3:22)։
12, 13. Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր միտքն ու սիրտը և նմանվել հավատարիմ աշակերտ Նաթանայելին։
12 Այդ իսկ պատճառով հավատարիմ քրիստոնյաները զգուշանում են գաղտնի մեղքերից, որոնք ապականում են միտքն ու սիրտը, օրինակ, պոռնկագրություն և բռնություն դիտելուց։ Թեև որոշ մեղքեր հնարավոր է թաքցնել մարդկանցից, մենք գիտակցում ենք, որ «ամենն էլ մերկ եւ բաց է [Աստծու] աչքերի առաջին որի հետ է մեր բանը» (Եբրայեցիս 4:13; Ղուկաս 8:17)։ Երբ ձգտում ենք խուսափել Եհովային տհաճ բաներից, մեր խիղճը շարունակում է մաքուր մնալ, և ուրախություն ենք ստանում, որովհետև գիտենք. Աստված հավանում է մեզ։ Անկասկած, «ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը» Եհովայի բարձր գնահատանքին է արժանանում (Սաղմոս 15:1, 2)։
13 Սակայն ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր միտքն ու սիրտը՝ գտնվելով մի աշխարհում, որը լի է չարությամբ (Առակաց 4:23; Եփեսացիս 2:2)։ Բացի այն, որ պետք է լիովին օգտվենք բոլոր հոգևոր միջոցառումներից, նաև պետք է ամեն ջանք գործադրենք՝ սխալը մերժելու և ճիշտն անելու համար, ընդ որում հարկավոր է գործել արագորեն, որպեսզի անպատշաճ ցանկությունները ‘չհղիանան’ և մեղք չծնեն (Յակոբոս 1:14, 15)։ Խորհիր, թե որքան կուրախանայիր, եթե Հիսուսը քո մասին էլ խոսեր այնպես, ինչպես որ Նաթանայելի մասին խոսեց. «Ահա [մի մարդ]. որի մէջ նենգութիւն չ’կայ» (Յովհաննէս 1:47)։ Նաթանայելը, որ նաև կոչվում էր Բարթողոմեոս, հետագայում առանձնաշնորհում ստացավ դառնալու Հիսուսի 12 առաքյալներից մեկը (Մարկոս 3:16–19)։
«Ողորմած և հավատարիմ քահանայապետ»
14. Ի տարբերություն մյուսների՝ ինչպե՞ս Հիսուսն արձագանքեց Մարիամի արարքին։
14 Հիսուսը, որ Եհովայի՝ «աներեւոյթ Աստուծոյ պատկերն» է, կատարելապես ընդօրինակելով իր Հորը, միշտ գնահատանք է ցույց տալիս նրանց հանդեպ, ովքեր ծառայում են Աստծուն մաքուր սրտով (Կողոսացիս 1:15)։ Օրինակ՝ իր մահվանից հինգ օր առաջ նա և նրա աշակերտներից մի քանիսը Բեթանիայում հյուր էին Սիմոնի տանը։ Այդ երեկոյան Մարիամը՝ Ղազարոսի և Մարթայի քույրը, «մի լիտր նարդոսի ազնիւ մեծագին իւղ առաւ» (որի գինը մեկ տարվա աշխատավարձ էր կազմում) և լցրեց Հիսուսի գլխին ու ոտքերին (Յովհաննէս 12:3)։ Ոմանք ասացին. «Ի՞նչու եղաւ այդ կորուստը»։ Սակայն Հիսուսն այլ կերպ վերաբերվեց Մարիամի արարքին։ Նա համարեց դա մեծ առատաձեռնություն և կարևոր մի բան, որովհետև ինքը շուտով մահանալու և թաղվելու էր։ Ուստի Հիսուսը չքննադատեց Մարիամին, այլ գովեց։ Նա ասաց. «Ուր որ էլ բոլոր աշխարհքի մէջ այս աւետարանը քարոզուի, կ’խօսուի նա էլ, որ դա արաւ՝ դորա յիշատակի համար» (Մատթէոս 26:6–13)։
15, 16. Ի՞նչ օգուտներ ենք քաղում այն բանից, որ Հիսուսը ապրել ու ծառայել է երկրի վրա։
15 Ի՜նչ մեծ պատիվ է ունենալ այնպիսի երախտագետ Առաջնորդ, ինչպիսին Հիսուսն է։ Երկրային կյանքը նախապատրաստեց Հիսուսին ստանձնելու այն գործը, որը Եհովան նախատեսել էր նրա համար, այսինքն՝ ծառայել որպես Քահանայապետ ու Թագավոր նախ՝ օծյալ քրիստոնյաների ժողովի և ապա՝ մյուսների համար (Կողոսացիս 1:13; Եբրայեցիս 7:26; Յայտնութիւն 11:15)։
16 Հիսուսը մարդկանցով խորապես հետաքրքրվում և ուրախանում էր դեռևս երկնքում եղած ժամանակ (Առակաց 8:31)։ Ապրելով որպես մարդ՝ նա ավելի լավ հասկացավ, թե ինչ դժվարությունների են հանդիպում Աստծու ծառաները։ Պողոս առաքյալը Հիսուսի մասին գրեց. «Պէտք էր նորան որ բոլորովին եղբայրներին նմանուի. որ ողորմած լինի, եւ հաւատարիմ քահանայապետ.... Որովհետեւ ինքը որ չարչարուեցաւ եւ փորձուեցաւ, կարող է օգնութիւն տալ փորձուողներին»: Քրիստոսը կարող է «մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ.... որ ամեն բանով փորձուած [է] մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի» (Եբրայեցիս 2:17, 18; 4:15, 16)։
17, 18. ա) Փոքր Ասիայի յոթ ժողովներին ուղղված նամակները ի՞նչ են բացահայտում այն մասին, թե Հիսուսը որքանով էր տեղյակ իր հետևորդների դժվարություններից։ բ) Ինչի՞ն էին նախապատրաստվում օծյալ քրիստոնյաները։
17 Այն, որ Հիսուսը շատ լավ էր հասկանում իր հետևորդների կրած դժվարությունները, ակնհայտ դարձավ նրա հարությունից հետո։ Հովհաննես առաքյալը նրա կողմից Փոքր Ասիայի յոթ ժողովներին ուղղված նամակներ գրեց։ Զմյուռնիայի ժողովին Հիսուսն ասաց. «Գիտեմ քո.... նեղութիւնը եւ աղքատութիւնը»։ Այս խոսքերով նա, փաստորեն, ասում էր. «Ես լիովին հասկանում եմ քո խնդիրները, շատ լավ գիտեմ, թե ինչերի միջով ես անցնում»։ Քանի որ Քրիստոսն ինքը տառապել ու մահացել էր, ուստի կարո՛ղ էր կարեկցել նրանց ու հավաստիացնել. «Հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ» (Յայտնութիւն 2:8–10)։
18 Յոթ ժողովներին ուղղված նամակները լի են այնպիսի արտահայտություններով, որոնք վկայում են, որ Հիսուսը լիովին տեղյակ է իր աշակերտների դժվարություններից և բարձր է գնահատում նրանց անարատությունը (Յայտնութիւն 2:1–3:22)։ Չմոռանանք, որ Հիսուսը դիմեց օծյալ քրիստոնյաներին, որոնք երկնքում նրա հետ իշխելու հույսն ունեին։ Իրենց Տիրոջ պես՝ նրանք պատրաստվում էին ստանձնելու այն վեհ գործը, որ պետք է կատարեին. մեծ կարեկցանք դրսևորելով՝ Քրիստոսի հետ նրա քավիչ զոհաբերության օգուտները տարածել անկատար մարդկանց վրա (Յայտնութիւն 5:9, 10; 22:1–5)։
19, 20. Ինչպե՞ս են մեծ բազմության անդամները ցույց տալիս իրենց երախտագիտությունը Եհովայի և նրա Որդու հանդեպ։
19 Անշուշտ, Հիսուսի սերն իր օծյալ հետևորդների հանդեպ տարածվում է նաև միլիոնավոր «ուրիշ ոչխարների» վրա, որոնք այժմ կազմում են «մեծ բազմութիւն.... բոլոր ազգերէն»։ Նրանք կվերապրեն գալիք «մեծ նեղութիւնիցը» (Յովհաննէս 10:16; Յայտնութիւն 7:9 ԱԱ, 14)։ Մեծ բազմության անդամները գալիս են դեպի Հիսուսը, քանի որ գնահատում են նրա քավիչ զոհաբերությունը և հավիտենական կյանքի հույսը։ Իսկ ինչպե՞ս են նրանք ցույց տալիս իրենց գնահատանքը։ «Ուրիշ ոչխարները» ‘ծառայում են Աստծուն ցերեկ ու գիշեր’ (Յայտնութիւն 7:15 ԱԱ, 16, 17)։
20 2006 ծառայողական տարվա համաշխարհային հաշվետվությունը (էջ 27–30) ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ հավատարիմ մարդիկ իսկապես ‘ծառայում են Եհովային ցերեկ ու գիշեր’։ Այդ տարվա ընթացքում «ուրիշ ոչխարները» համեմատաբար փոքր թվով օծյալ քրիստոնյաների հետ միասին 1 333 966 199 ժամ են նվիրել քարոզչական ծառայությանը, որ հավասար է 152 283 տարվա։
Շարունակիր երախտագիտություն դրսևորել
21, 22. ա) Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է հատկապես հիմա ջանան երախտագիտություն դրսևորել։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
21 Անկատար մարդկանց հանդեպ Եհովան և նրա Որդին մեծ երախտագիտություն են դրսևորում։ Սակայն, ցավոք, մարդկանց մեծամասնությունը գրեթե ուշադրություն չի դարձնում Աստծուն։ Փոխարենը՝ նրանք կենտրոնանում են իրենց հոգսերի վրա։ Վերջին օրերում ապրողների մասին Պողոսը գրեց. «Մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր.... ապերախտ» (Բ Տիմոթէոս 3:1–5)։ Որքա՜ն են նրանք տարբերվում ճշմարիտ քրիստոնյաներից, որոնք երախտապարտ են Աստծուն նրա արած ամեն բաների համար։ Նրանք իրենց գնահատանքը դրսևորում են՝ սրտանց աղոթելով, հոժարակամորեն հնազանդվելով և ամբողջ հոգով Աստծուն ծառայելով (Սաղմոս 62:8; Մարկոս 12:30; Ա Յովհաննէս 5:3)։
22 Հաջորդ հոդվածում կքննարկենք Եհովայի տված բազում հոգևոր պարգևներից մի քանիսը։ Այդ ‘բարի պարգևների’ մասին խորհրդածելը կօգնի մեզ խորացնելու մեր երախտագիտությունը (Յակոբոս 1:17)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս է Եհովան ցույց տվել, որ երախտագետ Աստված է։
• Մենակ լինելիս ինչպե՞ս կարող ենք Եհովայի սիրտն ուրախացնել։
• Ինչպե՞ս է Հիսուսը երախտագիտություն ցույց տվել։
• Այն, որ Հիսուսն ապրել է երկրի վրա, ինչպե՞ս է օգնում նրան լինելու կարեկից և երախտագետ կառավարիչ։
[նկար 17–րդ էջի վրա]
Ինչպես ծնողին է դուր գալիս, երբ իր զավակը ուշադրություն է դրսևորում իր հանդեպ, այնպես էլ Եհովան թանկ է գնահատում, երբ որ մենք մեր լավագույնը տալիս ենք իրեն