Հույս անհանգստություններով լի աշխարհում
«ԱՅՍՕՐ հասարակ մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն հասարակության համար որևէ օգտակար բան անելու և առօրյա խնդիրները լուծելու, քան նախկինում»։ Այս հայտարարությունը արել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը 2006 թ. մարտին Օտտավայում (Կանադա) տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ։ Նա եզրափակեց իր խոսքը՝ ասելով, որ բարեգործություն անելու տենդենցը սկսվել է 2004 թ.–ին տեղի ունեցած ցունամիի օրերից և լավատեսորեն նշեց, որ այսօր աշխարհը գտնվում է «աննախադեպ փոխկախվածության ժամանակահատվածում»։
Կարո՞ղ ենք ակնկալել, որ բնական աղետների պատճառով մարդիկ կձգտեն ավելի լավ ապագա ստեղծել։ Արդյո՞ք «աննախադեպ փոխկախվածությունը» հիմնավոր պատճառ է հուսալու, որ ապագայում կլինի խաղաղություն և ապահովություն։
Իսկական հույսի աղբյուր
Ավելի քան վեց հազարամյակ տևած մարդկության երկարատև պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ անընդհատ հիասթափեցրել են իրար։ Ուստի լուրջ հիմքեր ունենալով՝ Գրությունները խորհուրդ են տալիս մեզ. «Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ» (Սաղմոս 146։3)։ Այս աշխարհի կազմակերպությունների, նյութական բաների և նրա ցանկությունների վրա հույս դնելը միայն հիասթափության է տանում։ Ինչո՞ւ։ Քանի որ «աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ» (1 Հովհաննես 2։17)։
Սակայն դարեր շարունակ Աստված արդար մարդկանց միակ հույսն է եղել։ Աստվածաշունչը հույսի, վստահության և արժանահավատության հետ կապված բազում արտահայտություններ է պարունակում Աստծու վերաբերյալ։ Աստվածաշնչում Աստված կոչվում է նաև «[վաղեմի] Իսրայէլի Յոյսը» և «[Իսրայելի] հայրերի յուսատեղի» (Երեմիա 14։8; 17։13; 50։7)։ Գրությունները հորդորում են մեզ «սպասել Տիրոջը» (Սաղմոս 27։14)։
Իսկ Առակաց 3։5, 6 համարները խրախուսում են մեզ. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։ Դուք բոլոր պատճառներն ունեք լիովին վստահելու այս խոստմանը, քանի որ Եհովա Աստված անփոփոխ է, վստահելի և իր խոսքին հավատարիմ (Մաղաքիա 3։6; Հակոբոս 1։17)։ Նա լավագույնն է ցանկանում ձեզ, և եթե միշտ հետևեք այն ամենին, ինչ գրված է իր Խոսքում՝ Աստվածաշնչում, դուք հաջողությամբ կառաջնորդվեք վախով լի այս ժամանակներում (Եսայիա 48։17, 18)։
Այն անհատը, ով ամբողջ սրտով հետևում է Աստծու առաջնորդությանը, կարող է վստահել հետևյալ խոստմանը. «Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը» (Եսայիա 41։10)։ Ջերմեռանդորեն աղոթելը և այս հավաստիացման շուրջ խորհելը մխիթարում է բոլոր նրանց, ովքեր իսկապես սիրում են Եհովա Աստծուն, քանի որ այդպես վարվելը օգնում է նրանց հաղթահարել դժվարին իրավիճակները և անհանգստությունները։
Քննենք մի Եհովայի վկայի օրինակ։ Անդրեան, որը երկու երեխաների մայր է, ասում է. «Երբ անորոշ իրավիճակներում եմ հայտնվում, միայն աղոթքի և խորհրդածության շնորհիվ եմ ուժ ստանում։ Եթե ես մշտապես պահում եմ Եհովային իմ տեսադաշտում, ավելի հեշտ է լինում կայունություն պահպանելը»։
Ամրացրեք Եհովայի հանդեպ ձեր հույսը
Ընդգծելով Եհովային ապավինելու կարևորությունը՝ մի սաղմոսերգու ասաց. «Շատ խաղաղութիւն կայ քո օրէնքը սիրողների համար. եւ գայթակղութիւն չ’կայ նորանց համար» (Սաղմոս 119։165)։ Աստծու Խոսքը ջանասիրությամբ ուսումնասիրելը կարող է շատ օգնել ձեզ ձեր սիրտն ու միտքը հոգևոր առումով այնպիսի առողջ և կերտիչ բաներով լցնել, «ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի»։ Եթե ջանքեր գործադրեք լսելու, սովորելու, ընդունելու և կիրառելու այսպիսի բաները, ապա «խաղաղության Աստվածը կլինի ձեզ հետ» (Փիլիպպեցիներ 4։8, 9)։
Ջոնն իր երկար տարիների փորձից ասում է. «Ապագայի հանդեպ իմ տեսակետը փոխելուց առաջ ես պետք է կտրուկ փոփոխություններ կատարեի իմ անձնավորության և իմ մտածելակերպի մեջ՝ կատարյալ և անտեսանելի Աստծու հետ փոխհարաբերություններ հաստատելու համար։ Միայն հոգևոր մարդ դառնալով կարող էի հաստատել այդ փոխհարաբերությունները։ Իսկ դրա համար ես պետք է սովորեի տարբեր հարցերի վերաբերյալ Աստծու տեսակետն ունենալ՝ կարդալով իր ներշնչված Խոսքը և խորհելով դրա շուրջ»։
Եթե դուք «խմեք» ներշնչված Գրություններում գտնվող ճշմարտության թարմացնող և կենսատու ջրերը, ապա ընդունած կլինեք մի արդյունավետ և փորձված դեղատոմս, որպեսզի կարողանաք հակազդել լրատվական միջոցներով ամեն օր հաղորդվող վատ լուրերի տարափին։ Կիրառելով այն ամենը, ինչ ասում է Աստվածաշունչը՝ կարող եք ամրացնել ձեր ընտանեկան կապերը և ավելի քիչ անհանգստանալ։ Ավելին, Աստված խոստանում է, որ նա պատրաստ է «զօրացնելու նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ Մնացորդաց 16։9)։ Նա խնդիրներն այնպիսի ձևով կլուծի, որ դուք իրականում ոչ մի բանի հանդեպ վախ չեք ունենա։
Ֆինեասը, ով վերապրել է պատերազմից և մասսայական սպանություններից, ասում է. «Ես սովորեցի կյանքս Եհովային վստահել։ Աստվածաշնչի սկզբունքներին հետևելը ինձ շատ խնդիրներից է ազատել»։ Եթե դուք իրոք վստահեք Եհովա Աստծուն, նա կարող է օգնել ձեզ դիմագրավելու անհաղթահարելի թվացող խնդիրները (Սաղմոս 18։29)։ Այն երեխան, ով ամուր փոխհարաբերություններ ունի իր ծնողների հետ, լիարժեքորեն է վստահում նրանց և իրեն ապահով է զգում, նույնիսկ երբ հիվանդ կամ ինչ–որ բանից անհանգստացած է։ Նույնը կարող եք դուք զգալ, եթե ջանքեր եք թափում և ընդունում Եհովային հուսալու կոչը (Սաղմոս 37։34)։
Հույսի վստահելի հիմք
Հիսուս Քրիստոսը պատվիրել է իր հետևորդներին. «Դուք այսպե՛ս աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՛ քո անունը։ Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»» (Մատթեոս 6։9, 10)։ Այդ երկնային Թագավորության միջոցով, որի ղեկավարն է Հիսուս Քրիստոսը, Աստված հաստատելու է իր գերիշխանությունը երկրի վրա (Սաղմոս 2։7–12; Դանիէլ 7։13, 14)։
Այն փաստը, որ այսօր վախի տարբեր պատճառներ կան, հստակ ցույց է տալիս, որ Աստծու միջամտության կարիքը կա։ Որքան ուրախալի է, որ Աստված շուտով կմիջամտի։ Աստծու կողմից թագադրված Մեսիական Թագավորին՝ Հիսուս Քրիստոսին, իշխանություն է տրվել արդարացնելու Եհովայի գերիշխանությունը և սրբացնելու Նրա անունը (Մատթեոս 28։18)։ Շուտով Թագավորությունը երկրի վրայից կվերացնի վախի ու մտահոգության բոլոր պատճառները։ Եսայիա 9։6–ում տեղ գտած լիազորագիրը ցույց է տալիս, որ Հիսուսը լինելու է վստահելի Կառավարիչ, որն ի զորու է ազատել մեզ վախից ու մտահոգություններից։ Օրինակ՝ նա կոչվում է «Յաւիտենականութեան Հայր», «Սքանչելի Խորհրդական» և «Խաղաղութեան իշխան»։
Մի պահ խորհիր «Յաւիտենականութեան Հայր» արտահայտության շուրջ։ Որպես այդպիսին՝ Հիսուսն իշխանություն, հեղինակություն, ինչպես նաև ցանկություն ունի իր քավիչ զոհաբերության շնորհիվ հնազանդ մարդկանց երկրի վրա հավիտենական կյանքի հեռանկարը տալու։ Սա նշանակում է, որ նրանք ի վերջո կազատվեն մեղքից և մեղավոր առաջին մարդուց՝ Ադամից ժառանգած անկատարությունից (Մատթեոս 20։28; Հռոմեացիներ 5։12; 6։23)։ Քրիստոսը կկիրառի նաև Աստծու կողմից տրված իշխանությունը՝ հարություն տալու մահացածներին (Հովհաննես 11։25, 26)։
Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսն ապացուցեց, որ «Սքանչելի Խորհրդական» էր։ Աստծու Խոսքի մասին իր գիտելիքների և մարդկային բնույթը առանձնահատուկ ձևով հասկանալու շնորհիվ Հիսուսը գիտեր, թե ինչպես կարող է լուծել առօրյա խնդիրները։ Երկնքում թագադրվելուց ի վեր՝ Քրիստոսը շարունակում է մնալ «Սքանչելի Խորհրդական»՝ լինելով մարդկության հետ հաղորդակցվելու Եհովայի գլխավոր միջոցը։ Աստվածաշնչում արձանագրված նրա խորհուրդը միշտ իմաստուն է և անթերի։ Իմանալով այս ամենը և հավատալով դրան՝ մենք ձեռք կբերենք անորոշությունից և վախից զերծ կյանք։
Եսայիա 9։6–ում Հիսուսը բնորոշվում է նաև որպես «Խաղաղութեան իշխան»։ Լինելով այդպիսին՝ Քրիստոսը շուտով կգործադրի իր զորությունը՝ վերացնելու ամեն տեսակ անհավասարություն՝ լինի դա քաղաքական, սոցիալական կամ տնտեսական։ Դա հնարավոր կլինի, երբ նա կհաստատի Մեսիական Թագավորության խաղաղ կառավարությունը (Դանիէլ 2։44)։
Թագավորության կառավարության ներքո ամբողջ երկրագնդի վրա տևական խաղաղություն կլինի։ Ինչո՞ւ դուք կարող եք վստահ լինել այս բանում։ Պատճառը բացահայտվում է, երբ կարդում ենք Եսայիա 11։9 համարը. «Նորանք [Թագավորության հպատակները] չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը»։ Վերջապես երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ ճշգրիտ գիտելիքներ կունենա Աստծու մասին և կհնազանդվի նրան։ Մի՞թե այս միտքը չի ջերմացնում ձեր սիրտը։ Ուրեմն անհապաղ ձեռք բերեք Եհովայի մասին թանկարժեք գիտելիքները։
Դուք կարող եք օգուտներ քաղել հավատն ամրացնող և կենսատու այդ գիտությունից՝ ուսումնասիրելով, թե ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչը մեր օրերի դեպքերի մասին և տեղեկանալով, թե ինչ լուսավոր ապագա է խոստանում այն։ Ուստի հորդորում ենք ձեզ սկսել Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն, որն առաջարկում են ձեր տարածքում ապրող Եհովայի վկաները։ Այսպիսով դուք կնվազեցնեք ձեր վախը և կգտնեք իսկական հույս անհանգստություններով լի այս աշխարհում։
[շրջանակ/նկար 7–րդ էջի վրա]
Ինչու է Թագավորությունը հույս ներշնչում
Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծու Թագավորության Թագավորի, կարողություն և իրավունք է տրվել ամբողջ տիեզերքում իր իշխանությունը գործադրելու (Մատթեոս 28։18)։ Նա կվերականգնի երկրի էկոլոգիան և կհասցնի այն կատարյալ հավասարակշռության։ Նա նաև կարողություն ունի հիվանդություններ բուժելու։ Երկրի վրա կատարած Հիսուսի զորեղ գործերը նախաշողն էին ավելի մեծ օրհնությունների, որոնք լինելու էին իր կառավարության ներքո։ Այդ ամենը ցույց է տալիս, որ նա կատարյալ և վստահելի Թագավոր է լինելու։ Մեսիական Թագավորի ո՞ր հատկություններն են հատկապես գրավում ձեզ՝
▪ Մատչելի (Մարկոս 10։13–16)
▪ Խելամիտ և անկողմնակալ (Մարկոս 10։35–45)
▪ Վստահելի և անշահախնդիր (Մատթեոս 4։5–7; Ղուկաս 6։19)
▪ Արդար (Եսայիա 11։3–5; Հովհաննես 5։30; 8։16)
▪ Հոգատար, նրբազգաց և խոնարհ (Հովհաննես 13։3–15)
[նկար 4–րդ էջի վրա]
Աստվածաշնչի ընթերցանությունը և խորհրդածությունը կարող են հույս ներշնչել Եհովայի հանդեպ