Նրանք սիրում էին Աստծու Խոսքը
ԿԱՐԵՎՈՐ տեղեկությունները հաճախ են թարգմանվում տարբեր լեզուներով, որպեսզի դրանք հասանելի լինեն շատերին։ Կարևոր տեղեկություն է պարունակում նաև Սուրբ գիրքը։ Ճիշտ է, Աստվածաշունչը շատ հին է, սակայն այն, ինչ կարդում ենք այդ գրքի էջերում, «գրվել է մեր սովորելու համար» (Հռոմեացիներ 15։4)։
Տրամաբանական է, որ Աստծու Խոսքը, որը պարունակում է երբևէ գրի առնված ամենակարևոր տեղեկությունը, պետք է որքան հնարավոր է շատ լեզուներով թարգմանվեր։ Դարերի ընթացքում որոշ մարդիկ թարգմանել են Սուրբ գիրքը՝ չնայած իրենց ծանր հիվանդություններին, իշխանության կողմից դրված արգելքներին և անգամ մահվան սպառնալիքներին։ Իսկ ո՞րն էր պատճառը։ Այդ մարդիկ սիրում էին Աստծու Խոսքը։ Եկեք հիշենք նրանցից մի քանիսին, որոնք մեծ ներդրում են ունեցել Աստվածաշնչի թարգմանության պատմության մեջ։
«Անգլիացին ավելի լավ է հասկանում Քրիստոսի օրենքն անգլերենով»
Երբ 1330–ին ծնվեց Ջոն Ուիքլիֆը, Անգլիայում եկեղեցական ծառայությունները անցկացվում էին լատիներենով։ Սակայն հասարակ ժողովուրդը խոսում և աղոթում էր անգլերենով։
Ուիքլիֆը, որը դարձավ կաթոլիկ քահանա, լավ գիտեր լատիներեն։ Բայց նա գիտակցում էր, որ Աստծու Խոսքը լատիներենով սովորեցնելն անօգուտ է, որովհետև այդ լեզուն հասկանում էին միայն բարձր խավի մարդիկ։ Ուիքլիֆը գրեց. «Աստծու օրենքի գիտելիքները պետք է սովորեցնել այն լեզվով, որը հասկանում են բոլորը, քանի որ սովորեցնում ենք Աստծո՛ւ խոսքը»։ Ուստի իր համախոհների հետ թարգմանչական խումբ կազմեց և սկսեց Աստվածաշունչն անգլերեն թարգմանել։ Թարգմանությունը տևեց մոտ քսան տարի։
Նոր թարգմանությունը չընդունվեց կաթոլիկ եկեղեցու կողմից։ «Վատիկանի առեղծվածները» գրքում բացատրվում է պատճառը. «Մարդիկ այդպես կարողանում էին համեմատել քրիստոնեության պարզ ուսմունքները այն ամենի հետ, ինչ սովորեցնում էր կաթոլիկությունը.... Այն մեծ տարբերությունը, որ կար քրիստոնեության Հիմնադրի ուսմունքների և նրա ինքնակոչ ներկայացուցչի [պապի] ուսմունքների միջև, ավելի ակնհայտ էին դառնում» (The Mysteries of the Vatican)։
Հռոմի պապ Գրիգոր XI–ը հինգ էդիկտ հրապարակեց Ուիքլիֆի դեմ։ Սակայն վերջինս չհանձնվեց։ Ի պատասխան՝ նա ասաց. «Անգլիացին ավելի լավ է հասկանում Քրիստոսի օրենքն անգլերենով։ Մովսեսը լսեց Աստծու օրենքը իր լեզվով, Քրիստոսի առաքյալներն էլ իրենց լեզվով»։ Ուիքլիֆի մահից կարճ ժամանակ առաջ՝ մոտ 1382–ին, նրա խումբը լույս ընծայեց անգլերեն առաջին ամբողջական Աստվածաշունչը։ Տասը տարի անց նրա համագործակիցներից մեկը հրատարակեց այդ թարգմանության վերանայված և դյուրընթեռնելի տարբերակը։ Հետաքրքիր է, որ հսկայական աշխատանք էր տարվում, որպեսզի Աստվածաշնչի յուրաքանչյուր օրինակ ուշադրությամբ արտագրվի։ Քանի որ այդ ժամանակ տպագրահաստոց դեռ չկար, աշխատանքները տևում էին գրեթե տասը ամիս։
Եկեղեցուն անհանգստացնում էր այն փաստը, որ Աստծու Խոսքը հասանելի է դառնում շատերին։ Այդ պատճառով արքեպիսկոպոսը սպառնում էր եկեղեցուց հեռացնել նրանց, ովքեր կկարդային այն։ Ցավալի է այն փաստը, որ պապական խորհուրդը Ուիքլիֆի մահից հետո՝ մոտ 40 տարի անց, հրաման արձակեց հանել նրա ոսկորներն ու այրել, իսկ մոխիրը լցնել Սվիֆտ գետը։ Չնայած այս ամենին՝ ըստ պրոֆեսոր Ուիլյամ Բլաքբըրնի՝ «Ուիքլիֆի Աստվածաշունչը լույս տեսավ բազմաթիվ օրինակներով և փոխանցվեց հաջորդ սերունդներին»։
Աստվածաշունչ հասարակ մարդկանց համար
200 տարիների ընթացքում անգլերենը, որով թարգմանել էր Ուիքլիֆը, շատ էր փոխվել։ Բրիստոլում ապրող մի երիտասարդ քարոզիչ՝ Ուիլիամ Թինդալը, հիասթափվել էր՝ տեսնելով, որ Աստծու Խոսքը քչերն են հասկանում։ Մի անգամ, երբ նա լսեց, թե ինչպես է մի կրթված մարդ ասում, որ ավելի լավ է մնալ առանց Աստծու օրենքի, քան առանց պապի օրենքի, նա հայտնեց իր համոզվածությունը, որ շուտով Աստծու կամքով հասարակ մարդիկ ավելի շատ բան կիմանան Աստվածաշնչից, քան այդ մարդը։
Ուիքլիֆը թարգմանել էր Աստվածաշունչը լատիներեն «Վուլգատայից»։ Բայց 1524–ին Թինդալը, որ Անգլիայից տեղափոխվել էր Գերմանիա, սկսեց թարգմանել անմիջապես եբրայերեն և հունարեն բնագրերից։ Քյոլնում նա իր թարգմանության շատ օրինակներ տպագրեց։ Սակայն շուտով նրա թշնամիները իմացան այդ մասին և ստիպեցին Քյոլնի սենատին բռնագրավել բոլոր օրինակները։
Թինդալը փախավ մեկ ուրիշ քաղաք՝ Վորմս, և վերսկսեց իր աշխատանքը։ Շատ չանցած՝ նրա թարգմանած Հունարեն Գրությունները գաղտնի ուղարկվեցին Անգլիա։ Վեց ամսվա ընթացքում այնքան շատ օրինակներ տարածվեցին, որ եպիսկոպոսներն արտահերթ ժողով գումարեցին և կարգադրեցին այրել դրանք։
Լոնդոնի եպիսկոպոսը հանձնարարեց Թոմաս Մորին քննադատել Թինդալի թարգմանությունը, որպեսզի մարդիկ չկարդան այն, իսկ վերջինիս հերետիկոս հայտարարել։ Իր քննախոսականում Մորը նշեց, որ Թինդալը «եկեղեցի» բառի փոխարեն գրել է «ժողով», իսկ «քահանա» բառի փոխարեն՝ «ավագ» կամ «երեց»։ Ըստ նրա՝ այդ բառերը հեղինակազրկում էին պապին և եկեղեցական դասին հավասարեցնում էին հասարակ մարդկանց։ Թոմաս Մորը հատկապես ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Թինդալը հունարեն «ագապե» բառը թարգմանել է «սեր» և ոչ թե «բարեգործություն»։ Մի գրքում ասվում է. «Սա բոլորովին ձեռնտու չէր եկեղեցուն, որովհետև վտանգ կար, որ եկեղեցի հաճախողները մեծ շահ բերող նվիրաբերություններ չէին անի, մեղքերի թողության համար գումար չէին վճարի և երկինք գնալու համար իրենց ունեցվածքը չէին կտակի եկեղեցուն» (If God Spare My Life)։
Թոմաս Մորը կոչ արեց այրել «հերետիկոսներին»։ Այդ պատճառով 1536 թ. հոկտեմբերին Թինդալին խեղդեցին և ցցի վրա այրեցին նրա մարմինը։ Դաժան վախճան ունեցավ նաև Մորը. նրան գլխատեցին, քանի որ վերջինս կորցրեց թագավորի բարեհաճությունը։ Սակայն Հռոմի կաթոլիկ եկեղեցին 1935–ին նրան դասեց սրբերի շարքը, իսկ 2000–ին Հովհաննես Պողոս II պապը նրան պետական գործիչների սուրբ հովանավորի կոչում շնորհեց։
Թինդալը չարժանացավ այդպիսի ճանաչման։ Սակայն նախքան Թինդալի մահը իր ընկեր Մայլզ Քովերդեյլը հավաքեց Թինդալի թարգմանության առանձին հատվածները և կազմեց բնագրից թարգմանված առաջին անգլերեն Աստվածաշունչը։ Իսկապես, հասարակ մարդկանց համար հասանելի դարձավ Աստծու Խոսքը։ Իսկ ի՞նչ է հայտնի Աստվածաշնչի մյուս թարգմանությունների մասին։
«Անհնար է իրագործել»
Բրիտանացի միսիոներ Ռոբերտ Մորիսոնը մի նպատակ ուներ. հրատարակել ամբողջական Աստվածաշունչը չինարենով։ Թեև ընտանիքն ու ընկերները դեմ էին, սակայն 1807 թ.–ին նա ճանապարհ ընկավ դեպի Չինաստան։ Ինչ խոսք, լուրջ գործ էր նախաձեռնել։ Այդ կարծիքին էին նաև նրա ժամանակակիցները։ «Այս նախաձեռնությունը անհնար է իրագործել»,— պնդում էր Չարլզ Գրանտը, որն այդ ժամանակ մի ընկերության տնօրեն էր։
Չինաստան ժամանելուց հետո Մորիսոնը իմացավ, որ այստեղ մահվան են դատապարտում նրանց, ովքեր իրենց լեզուն սովորեցնում են օտարերկրացիներին։ Որպեսզի պաշտպանի իրեն ու նրանց, ովքեր համաձայնել էին չինարեն սովորեցնել, Մորիսոնը մի որոշ ժամանակ տանից դուրս չէր գալիս։ «Երկու տարի հետո նա արդեն խոսում էր մանդարինյան և մի քանի այլ բարբառներով, ինչպես նաև կարդում էր ու գրում»,— ասվում էր մի աշխատության մեջ։ Այդ ընթացքում կայսրը հրաման արձակեց մահապատժի ենթարկել նրան, ով քրիստոնեական գրականություն կհրատարակի չինարենով։ Չնայած սպառնալիքներին՝ 1819 թ. նոյեմբերի 25–ին Մորիսոնն ավարտեց Աստվածաշնչի չինարեն թարգմանությունը։
1836–ին արդեն տպագրվել էր Աստվածաշնչի մոտ 2 000, Հունարեն Գրությունների մոտ 10 000, ինչպես նաև առանձին հատվածների 31 000 օրինակ։ Աստծու Խոսքի հանդեպ սերը «անհնարինը» հնարավոր դարձրեց։
Աստվածաշունչը բարձի մեջ
1812 թ. փետրվարին՝ ամուսնությունից երկու շաբաթ անց, ամերիկացի միսիոներ Ադոնիրամ Ջադսոնը և իր կինը՝ Անը, ուղևորվեցին Բիրմա և 1813 թ.–ին վերջապես տեղ հասանa։ Նրանք անմիջապես սկսեցին սովորել բիրմաներեն, որը աշխարհի ամենաբարդ լեզուներից է։ Մի քանի տարի հետո Ջադսոնը գրեց. «Դժվար էր սովորել երկրագնդի մեկ այլ մասում ապրող ժողովրդի լեզուն, որի մտածելակերպը տարբերվում էր մեր մտածելակերպից..... Մենք բառարան չունեինք, անգամ թարգմանիչ չկար, որ գոնե մի բառ բացատրեր»։
Լեզվական դժվարությունները չկանգնեցրին Ջադսոնին։ 1823 թ. հունիսին նա ավարտեց բիրմաներեն Հունարեն Գրությունների թարգմանությունը։ Հետագայում Բիրմայում պատերազմ սկսվեց։ Ջադսոնին բանտ նետեցին, որովհետև կասկածում էին, թե լրտես է։ Նրան երեք զույգ երկաթյա շղթաներով այնպես էին ամրացրել սյանը, որ տեղից չշարժվի։ Ֆրանսիս Ուեյլանդը Ջադսոնի կյանքի մասին իր գրքում (1853 թ.) գրում է. «Երբ պարոն Ջադսոնին թույլ տվեցին հանդիպել իր կնոջը և նրա հետ խոսել անգլերեն, նա կնոջից խնդրեց Նոր կտակարանի ձեռագիր թարգմանությունը»։ Վախենալով, որ այն կքայքայվի խոնավության ու բորբոսի պատճառով՝ Անը ձեռագիրը դրեց բարձի մեջ ու բերեց բանտ։ Այսպիսով թարգմանությունը պահպանվեց։
Շատ ամիսներ բանտում անցկացնելուց հետո Ջադսոնը ազատ արձակվեց։ Բայց նրա ուրախությունը երկար չտևեց։ Հենց նույն տարի Անը տենդով հիվանդացավ և մի քանի շաբաթից մահացավ։ Ընդամենը վեց ամիս անց նրա աղջիկը՝ Մարիան, որը նոր էր երկու տարին բոլորել, նույնպես այդ տենդով վարակվեց ու մահացավ։ Սակայն այդ ամենը չխանգարեց Ջադսոնին ավարտին հասցնելու իր աշխատանքը։ 1835–ին նա վերջացրեց ամբողջ Աստվածաշնչի թարգմանությունը։
Սիրո՞ւմ ես Աստծու Խոսքը
Ինչպես այս թարգմանիչները, այնպես էլ հնում ապրած մարդիկ սիրել են Աստծու Խոսքը։ Օրինակ՝ սաղմոսերգուներից մեկը գրել է. «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղմոս 119։97)։ Ինչ խոսք, Աստվածաշունչը սոսկ գրական գլուխգործոց չէ։ Այն կարևոր տեղեկություն է պարունակում։ Իսկ դու ցույց տալի՞ս ես քո սերն Աստծու Խոսքի հանդեպ՝ այն կանոնավորաբար կարդալով։ Վստահ եղիր, որ եթե այդպես անես և ջանաս կիրառել սովորածդ, «երջանիկ կլինես» (Հակոբոս 1։25)։
[ծանոթագրություն]
a Բիրման այժմ կոչվում է Մյանմա։ Այդ երկրի լեզուն նույնպես կոչվում է մյանմա։
[նկար 8–րդ էջի վրա]
«Անգլիացին ավելի լավ է հասկանում Քրիստոսի օրենքն անգլերենով» (ՋՈՆ ՈՒԻՔԼԻՖ)
[նկար 9–րդ էջի վրա]
Ուիլիամ Թինդալը և մի էջ իր Աստվածաշնչից
[թույլտվությամբ]
Tyndale: From the book The Evolution of the English Bible
[նկարներ 10–րդ էջի վրա]
Ռոբերտ Մորիսոնը և իր թարգմանած չինարեն Աստվածաշունչը
[թույլտվությամբ]
In the custody of the Asian Division of the Library of Congress
Robert Morrison, engraved by W. Holl, from The National Portrait Gallery Volume IV, published c.1820 (litho), Chinnery, George (1774-1852) (after)/Private Collection/Ken Welsh/The Bridgeman Art Library International
[նկար 11–րդ էջի վրա]
Ադոնիրամ Ջադսոնը և իր թարգմանած բիրմաներեն Աստվածաշունչը
[թույլտվությամբ]
Judson: Engraving by John C. Buttre/Dictionary of American Portraits/Dover
[նկար 8–րդ էջի վրա թույլտվությամբ]
Wycliffe: From the book The History of Protestantism (Vol. I); Bible: Courtesy of the American Bible Society Library, New York