Աստվածաշնչի խորհուրդները գործնական են այսօր
«Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու համար» (2 ՏԻՄՈԹԵՈՍ 3։16)։
ԴԱՐԵՐ շարունակ Աստվածաշունչը մղել է տարբեր ծագում ունեցող մարդկանց բարելավելու իրենց կյանքը։ Վերոհիշյալ համարը բացատրում է, թե որն է գաղտնիքը. նրա իմաստուն խորհուրդները Աստծուց են։ Չնայած որ այն գրել են մարդիկ, Սուրբ գրքի հեղինակն Աստված է։ 2 Պետրոս 1։21 համարում կարդում ենք. «Մարդիկ Աստծու կողմից խոսեցին, քանի որ սուրբ ոգուց էին մղված»։
Աստվածաշունչը գործնական է առնվազն երկու հիմնավոր պատճառներով։ Առաջին՝ այն ցույց է տալիս, թե իրականում որն է իմաստալից կյանքը։ Երկրորդ՝ այն մղում է մարդուն անհրաժեշտ փոփոխություններ անելու, որպեսզի ապրի այդպիսի կյանքով։ Եկեք քննենք այդ պատճառները։
Արժեքավոր նպատակներ
Աստվածաշնչում կարդում ենք Եհովայի խոստումը. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի» (Սաղմոս 32։8)։ Ուշադրություն դարձրեք, որ Աստված ոչ միայն խորհուրդ է տալիս, այլև օգնում է ձեռք բերելու հասկացողություն, որը իրավիճակն ամբողջությամբ տեսնելու կարողությունն է։ Ուստիև հասկացողության շնորհիվ կկարողանանք ճիշտ նպատակներ դնել և անիմաստ չենք վատնի մեր կյանքի տարիները։
Օրինակ՝ շատ մարդկանց նպատակն է ճանաչում ձեռք բերել կամ բարեկեցիկ կյանքով ապրել։ Ինքնազարգացմանը նպաստող գրքերում տրվում են բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես գերազանցել մյուսներին՝ հեղինակություն և հարստություն ունենալու համար։ Ի տարբերություն այս ամենի՝ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Մարդս նախանձում է իր ընկերին։ Սա էլ է ունայն եւ քամիի աշխատանք»։ «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ» (Ժողովող 4։4; 5։10)։ Իսկ գործնակա՞ն են արդյոք այս խորհուրդները։
Այս հարցին պատասխանելու համար քննենք Ակինորի օրինակը, որն ապրում է Ճապոնիայում։ Չնայած ուժեղ մրցակցությանը՝ Ակինորը հասավ իր նպատակին. նա ավարտեց համալսարանը և աշխատանքի անցավ մի հայտնի ընկերությունում։ Ամեն ինչ կարծես իր հունով էր ընթանում։ Սակայն Ակինորի ձեռքբերումները չերջանկացրին նրան։ Փոխարենը՝ սթրեսը և գերհոգնածությունը քայքայեցին նրա առողջությունը։ Ընկճվածության պատճառով Ակինորը դարձավ հարբեցող և նույնիսկ մտածեց ինքնասպանություն գործելու մասին։ Գործընկերները գրեթե ոչինչ չէին կարող անել նրան այդ վիճակից դուրս բերելու համար։ Որոշ ժամանակ անց Ակինորը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Ստացած գիտելիքների շնորհիվ նա հասկացավ, թե ինչն է կյանքում կարևոր։ Շուտով նա հաղթահարեց իր ընկճվածությունը և վերականգնեց առողջությունը։ Ակինորի կյանքում այլևս տեղ չունեին հպարտությունն ու փառասիրությունը։ Նա զգաց Աստվածաշնչի հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը» (Առակաց 14։30)։
Ձեր կարծիքով՝ ո՞րն է ամենաարժեքավոր նպատակը կյանքում։ Ի՞նչը կարող է ձեզ իսկական երջանկություն պարգևել։ Հաջող ամուսնությո՞ւնը, ձեր երեխայի համար լավ ապագայի հիմք դնե՞լը, շատ ընկերներ ունենա՞լը, զվարճանա՞լը։ Սրանք բոլորն էլ կարող են երջանկացնել մարդուն։ Աստվածաշունչը նշում է, որ դրանք արժեքավոր բաներ են, սակայն ասում է, որ կա ավելի կարևոր նպատակ, որի շնորհիվ մարդը կարող է իսկապես վայելել կյանքը։ Ժողովող 12։13 համարում կարդում ենք. «Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար»։ Երբ անտեսում ենք այս խոսքերը, կյանքը կորցնում է իր իմաստը, հոգնեցնում ու հիասթափեցնում է մեզ։ Մինչդեռ Աստծու խոսքը վստահեցնում է. «Նա որ Տիրոջն է ապաւինում՝ երանի՜ նորան» (Առակաց 16։20)։
Ինչպես է Աստվածաշունչը փոխում մարդկանց
Պողոս առաքյալը գրում է. «Աստծու խոսքը կենդանի է և զորեղ»։ Այն երկսայրի սրի նման կարող է ներթափանցել մարդու «սրտի մտքերի և մտադրությունների» մեջ (Եբրայեցիներ 4։12)։ Աստվածաշունչը կարողանում է փոխել անհատին, քանի որ ցույց է տալիս, թե ով է նա իրականում՝ ի տարբերություն իր պատկերացումների։ Եվ նրանք, ովքեր ունեն սրտի ճիշտ տրամադրվածություն, հասկանում են, որ պետք է փոփոխություններ մտցնեն իրենց կյանքում։ Օրինակ՝ Կորնթոսում ապրող քրիստոնյաների մեջ կային մարդիկ, ովքեր մի ժամանակ եղել էին գողեր, հարբեցողներ, անբարոյականներ։ Սակայն Պողոսը գրում է. «Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին։ Բայց դուք լվացվեցիք.... մեր Աստծու ոգով» (1 Կորնթացիներ 6։9–11)։ Եհովայի սուրբ ոգին զորեղ կերպով գործում է նաև այսօր։ Այն մղում է մարդուն կյանքում անհրաժեշտ փոփոխություններ անելու։
Մարիոն, որն ապրում է Եվրոպայում, մի ժամանակ դաժան մարդ էր։ Նա զբաղվում էր թմրանյութերի վաճառքով և մարիխուանա էր օգտագործում։ Մի անգամ, երբ ոստիկանը առգրավեց նրա թմրանյութերը, Մարիոն այնքան բարկացավ, որ հարձակվեց ոստիկանի վրա և ջարդեց նրա մեքենան։ Մարիոն նաև խրված էր պարտքերի մեջ, որովհետև չէր աշխատում։ Գիտակցելով, որ չի կարող լուծել իր խնդիրները՝ նա համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ժամանակի ընթացքում առաջադիմեց. փոխեց իր արտաքին տեսքը, դադարեց թմրանյութեր օգտագործելուց ու վաճառելուց։ Նա այլևս բռնի արարքներ չէր անում։ Մարդիկ, ովքեր նախկինում ճանաչում էին նրան, հաճախ էին փողոցում կանգնեցնում և զարմացած հարցնում. «Մա՛րիո, մի՞թե այդ դու ես»։
Ի՞նչն է մղում Ակինորի և Մարիոյի նման մարդկանց փոխվել և ապրել երջանիկ ու իմաստալից կյանքով։ Աստծու մասին գիտությունը, որը նրանք ստանում են՝ Աստվածաշունչը ուսումնասիրելով։ Միայն Աստծու տված գործնական առաջնորդության միջոցով կարող ենք իմաստալից դարձնել մեր կյանքը և ունենալ հավիտենական ապագայի հեռանկար։ Աստվածաշնչի միջոցով Եհովան մեզ հետ խոսում է որպես Հայր։ Նա ասում է. «Լսիր, որդեակս, եւ ընդունիր իմ խօսքերը, եւ կ’շատանան քո կեանքի տարիները.... Դու գնալիս՝ քո քայլերը պիտի չ’նեղուին, եւ վազելիս չես գայթակղուիլ։ Պինդ բռնիր խրատը, մի ձգիր. նորան պահիր, որ նա քո կեանքն է» (Առակաց 4։10–13)։ Մի՞թե կա ավելի լավ խորհուրդ, քան այն, որ հետևենք մեր Ստեղծչի առաջնորդությանը։
[շրջանակ/ նկար 7–րդ էջի վրա]
Գործնական խորհուրդներ
Աստվածաշնչում կան գործնական խորհուրդներ, որոնք կարող են առաջնորդել մեզ կյանքի բոլոր բնագավառներում։ Ահա դրանցից մի քանիսը։
• Վայելեք հաճելի ընկերակցություն
«Ուրեմն ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։
«Նա, ով փոքրի պես է վարվում ձեր բոլորի մեջ, նա է մեծ» (Ղուկաս 9։48)։
«Հյուրասիրությա՛նը հետևեք» (Հռոմեացիներ 12։13)։
• Ձերբազատվեք վնասակար սովորություններից
«Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։
«Գինեմոլների մէջ մի լինիր» (Առակաց 23։20)։
«Մի ընկերանար բարկութեան տէր մարդի հետ» (Առակաց 22։24)։
• Ամրացրեք ձեր ամուսնական միությունը
«Թող ձեզանից ամեն մեկը այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը. մյուս կողմից, սակայն, կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (Եփեսացիներ 5։33)։
«Ձեզ վրա հագեք կարեկցանքի ջերմ զգացմունքները, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և երկայնամտությունը։ Շարունակե՛ք համբերել մեկդ մյուսիդ և մեծահոգաբար ներել իրար» (Կողոսացիներ 3։12, 13)։
• Կրթեք ձեր երեխաներին
«Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից» (Առակաց 22։6)։
«Դո՛ւք, հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակե՛ք նրանց Եհովայի խրատով» (Եփեսացիներ 6։4)։
• Խուսափեք վեճերից
«Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ» (Առակաց 15։1)։
«Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք» (Հռոմեացիներ 12։10)։
Անգամ ընկերների միջև հնարավոր է գործարքների հետ կապված խնդիրներ ծագեն։ Սակայն դրանցից կարելի է խուսափել՝ գրավոր համաձայնագրեր կազմելով։ Աստծու ծառա Երեմիան գրեց. «Ես գրեցի մուրհակումը եւ կնքեցի եւ վկաներով վկայեցի, եւ կշիռքով կշռեցի արծաթը» (Երեմիա 32։10)։
• Եղեք լավատես
«Ինչը որ ճշմարիտ է, .... ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք» (Փիլիպպեցիներ 4։8)։
Աստվածաշունչը չի խրախուսում մեզ ունենալ բացասական մտածելակերպ և դատապարտում է նրանց, ովքեր «դժգոհում են կյանքում իրենց բաժին ընկածից»։ Այն քաջալերում է. «Հույսով ուրախացե՛ք» (Հուդա 4, 16; Հռոմեացիներ 12։12)։
Այս անգին խորհուրդներին հետևելով՝ մենք ոչ միայն կունենանք խաղաղություն և բավարարվածության զգացում, այլև կապրենք Աստծու չափանիշների համաձայն և բազմաթիվ օրհնություններ կստանանք։ Աստվածաշնչում գրված է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Ակինորը, որը մի ժամանակ բիզնեսմեն էր (ձախ կողմում), այժմ իր կնոջ հետ ուրախությամբ քարոզում է Աստծու խոսքը