Ինչպես կարող է ամուրի քրիստոնյան պահպանել իր ուրախությունը
«ԵՎ ՆՐԱՆՔ ամուսնացան ու ապրեցին երկար ու բախտավոր»։ Շատ հեքիաթներ նման խոսքերով են ավարտվում։ Ռոմանտիկ ֆիլմերն ու վեպերը հաճախ նույն բանն են ասում. «Ամուսնությունը երջանիկ է դարձնում մարդուն»։ Գրեթե բոլոր մշակույթներում երիտասարդների վրա մեծ ճնշում է գործադրվում, որ ամուսնանան։ «Բոլորը համոզված են, թե աղջկա միակ նպատակը պետք է ամուսնանալը լինի,— ասաց Դեբին, երբ 25 տարեկան էր։— Նրանք կարծես քեզ ասում են. «Կյանքը սկսվում է ամուսնությունից հետո»»։
Հոգևոր մարդը նման համոզված տեսակետ չի ունենում։ Հին իսրայելացիներն ակնկալում էին, որ երբ իրենց երեխաները մեծանան, կամուսնանան, ընտանիք կկազմեն, սակայն, ինչպես Աստվածաշունչն է ցույց տալիս, եղել են նաև տղամարդիկ ու կանայք, որոնք չեն ամուսնացել ու ապրել են անչափ գոհացուցիչ կյանքով։ Մեր օրերում որոշ քրիստոնյաներ նախընտրում են ամուրի մնալ, մինչդեռ մյուսները ամուրի են հանգամանքների բերումով։ Ինչ էլ որ լինի ամուրիության պատճառը, մի կարևոր հարց է ծագում. «Ինչպե՞ս կարող է ամուրի քրիստոնյան պահպանել իր ուրախությունը»։
Հիսուսն ինքը չամուսնացավ, ինչը միանգամայն հասկանալի է, եթե հաշվի առնենք նրա ստացած հանձնարարությունը։ Նա իր աշակերտներին ասաց, որ իր հետևորդներից ոմանք «տեղ են տալու» ամուրիությանը, կամ՝ «ընդունելու» են այն (Մատթ. 19։10–12)։ Հիսուսի այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ ամուրիությունը ուրախություն կպարգևի, եթե անհատը այն «ընդունի» սրտով ու մտքով։
Արդյո՞ք Հիսուսի խորհուրդը վերաբերում է միայն այն քրիստոնյային, ով որոշել է մնալ ամուրի, որպեսզի կարողանա լիովին կենտրոնանալ Թագավորության գործի վրա (1 Կորնթ. 7։34, 35)։ Ո՛չ։ Շատ հնարավոր է՝ քրիստոնյան ուզում է ամուսնանալ, բայց համապատասխան կողակից չի գտնում։ «Վերջերս իմ աշխատակիցը, որը Վկա չէ, անսպասելիորեն ամուսնության առաջարկություն արեց ինձ,— ասում է Անան, որը 30–ն անց ամուրի քույր է։— Ես ինձ շոյված զգացի, բայց անմիջապես ճնշեցի այդ զգացումը, քանի որ ուզում եմ ամուսնանալ միայն նրա հետ, ով ինձ ավելի կմոտեցնի Եհովային»։
«Տիրոջով» ամուսնանալու ցանկությունը Անային ու շատ ուրիշ քույրերի օգնել է, որ չամուսնանան «անհավատների» հետ (1 Կորնթ. 7։39; 2 Կորնթ. 6։14)a։ Հետևելով այս սուրբգրային խորհրդին՝ նրանք «տեղ են տալիս» ամուրիությանը։ Ինչպե՞ս են ամուրի քույրերը պահպանում իրենց ուրախությունը։
Սովորիր տեսնել դրական կողմերը
Կկարողանա անհատը համակերպվել ոչ հաճելի իրավիճակի հետ, թե՝ ոչ, մեծապես կախված է նրա տրամադրվածությունից։ Կարմեն անունով մի ամուրի քույր, որը 40–ն անց է, ասում է. «Ինչ որ ունեմ, նրանով եմ ուրախանում, և չեմ երազում այն մասին, ինչ որ չունեմ»։ Ինչ խոսք, թերևս երբեմն մեզ միայնակ զգանք կամ վհատվենք։ Բայց, իմանալով, որ այդպիսի զգացումներ են ունենում նաև աշխարհի տարբեր մասերում ապրող մեր հավատակիցներից շատերը, մխիթարվում ենք և ձգտում ենք վստահությամբ առաջ գնալ։ Եհովան ամուրի շատ եղբայրների և քույրերի է օգնել պահպանելու իրենց ուրախությունը և հաղթահարելու դժվարությունները (1 Պետ. 5։9, 10)։
Շատ քրիստոնյա եղբայրներ ու քույրեր հասկացել են, որ ամուրիությունը դրական կողմեր ունի։ «Կարծում եմ՝ երջանկության գաղտնիքն այն է, որ ցանկացած իրավիճակում կարողանաս տեսնել դրական կողմերը»,— ասում է 35–ամյա էսթերը։ Իսկ Կարմենը ավելացնում է. «Համոզված եմ՝ անկախ նրանից, կամուսնանամ, թե՝ ոչ, եթե Թագավորության շահերն առաջին տեղում դնեմ, Եհովան ոչ մի բարիք չի խնայի ինձնից (Սաղ. 84։11)։ Գուցե կյանքս այնպես չի դասավորվել, ինչպես կուզեի, բայց ես երջանիկ եմ ու միշտ երջանիկ կլինեմ»։
Աստվածաշնչյան օրինակներ
Հեփթայեի երիտասարդ աղջիկը չէր որոշել ամուրի մնալ, բայց իր հոր տված խոստման պատճառով նա պետք է ամուրի մնար և ամբողջ կյանքում ծառայեր սրբարանում։ Այս անսպասելի նշանակումն անկասկած փոխեց նրա անձնական պլանները։ Ինչ խոսք, աղջկա համար զգացական առումով հեշտ չէր, ու նա երկու ամիս սգաց՝ հասկանալով, որ չի ամուսնանալու և ընտանիք չի կազմելու։ Այնուամենայնիվ, Հեփթայեի դուստրը համակերպվեց իր նոր իրավիճակին և ամբողջ կյանքում պատրաստակամորեն ծառայեց։ Իսրայելացի կանայք ամեն տարի գնում էին նրա մոտ ու գովում անձնազոհ ոգի դրսևորելու համար (Դատ. 11։36–39, 40 ՆԱ)։
Եսայիա մարգարեի օրերում կային ներքինիներ, ովքեր, հնարավոր է, վհատվում էին իրենց ֆիզիկական վիճակի պատճառով։ Աստվածաշունչը չի ասում, թե ինչու էին նրանք ներքինի։ Ինչևէ, այդ մարդիկ չէին կարող Իսրայելի ժողովի լիարժեք անդամներ լինել, ամուսնանալ ու երեխաներ ունենալ (Բ Օրին. 23։1)։ Բայց Եհովան հասկանում էր նրանց զգացմունքները և գովեց իր ուխտին սրտանց հնազանդվելու համար։ Նա ասաց, որ «տեղ [«հուշարձան», ՆԱ]» և «յաւիտենական անուն» է տալու նրանց իր տանը։ Այլ խոսքով՝ այս հավատարիմ ներքինիները կարող էին համոզված լինել, որ հավիտյան կապրեն Մեսիայի՝ Հիսուսի իշխանության ներքո։ Եհովան երբեք չէր մոռանալու նրանց (Ես. 56։3–5)։
Երեմիայի հանգամանքները բոլորովին այլ էին։ Աստված նրան մարգարե նշանակեց, հետո պատվիրեց չամուսնանալ, քանի որ Երեմիան ապրում էր վճռորոշ ժամանակներում, ինչպես նաև հատուկ նշանակում էր ստացել։ «Քեզ համար կին մի առնիր, եւ քեզ համար տղերք եւ աղջկերք չ’լինեն այստեղ»,— ասաց Եհովան (Երեմ. 16։1–4)։ Ի՞նչ զգաց մարգարեն։ Աստվածաշունչը այս մասին ոչինչ չի ասում։ Սակայն մեզ հավաստիացնում է, որ Երեմիան մի մարդ էր, որը հաճույք էր ստանում Եհովայի խոսքից (Երեմ. 15։16)։ Հետագայում, երբ Երուսաղեմը մեկուկես տարի պաշարման մեջ էր, և քաղաքում սարսափելի բաներ էին տեղի ունենում, մարգարեն անշուշտ հասկացավ, որ իմաստուն է վարվել՝ հնազանդվելով ամուրի մնալու պատվերին (Ողբ. 4։4, 10)։
Ինչպես կարող ես հարստացնել կյանքդ
Այս ամուրի մարդիկ, որոնց մասին գրված է Աստվածաշնչում, վայելում էին Եհովայի աջակցությունը և բոլորանվեր ծառայում էին նրան։ Նմանապես, մեր կյանքը կարող է մեծապես հարստանալ, եթե զբաղվենք իմաստալից գործունեությամբ։ Աստվածաշունչը կանխագուշակել է, որ բարի լուրը հռչակող կանայք մեծ բազմություն են լինելու (Սաղ. 68։11, ՆԱ)։ Նրանց մեջ կան հազարավոր ամուրի քույրեր։ Իրենց եռանդուն ծառայության շնորհիվ նրանցից շատերն ունեն հոգևոր որդիներ ու աղջիկներ (Մարկ. 10։29, 30; 1 Թեսաղ. 2։7, 8)։
«Ռահվիրայությունը իմ կյանքին ուղղություն է տալիս,— ասում է ամուրի քույր Լոլին, որը 14 տարվա ռահվիրա է։— Ես միշտ զբաղված եմ, ակտիվ կյանք եմ վարում, ինչն օգնում է ինձ խուսափելու միայնությունից։ Յուրաքանչյուր օրվա վերջում ինձ բավարարված եմ զգում, որովհետև տեսնում եմ, թե ինչպես է ծառայությունս օգնում մարդկանց։ Դա ինձ մեծ ուրախություն է պատճառում»։
Շատ քույրեր կարողացել են նոր լեզու սովորել և ընդլայնել իրենց ծառայությունը՝ քարոզելով օտարախոսներին։ «Այն քաղաքում, որտեղ ապրում եմ, կան հազարավոր այլազգիներ,— ասում է Անան։ Նա հաճույքով քարոզում է ֆրանսախոսներին։— Նոր լեզու սովորելը իմ առջև գործունեության նոր դուռ է բացել, ինչի շնորհիվ քարոզելը շատ հետաքրքիր է դարձել»։
Քանի որ ամուրիները քիչ պարտականություններ ունեն ընտանիքում, նրանցից ոմանք կարողանում են ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ «Լիովին համոզված եմ, որ ինչքան շատ ես ծառայում Եհովային, այնքան հեշտությամբ ես մտերիմ ընկերներ ձեռք բերում և սիրվում ուրիշների կողմից,— ասում է 35–ամյա Լիդիանան, որը ամուրի քույր է և ծառայել է այլ երկրներում։— Ես ունեմ բազմաթիվ մտերիմներ, ովքեր տարբեր ազգերից ու մշակույթներից են։ Նրանք անչափ հարստացնում են իմ կյանքը»։
Աստվածաշնչում նշվում է, որ Փիլիպպոս ավետարանիչն ուներ չորս ամուրի դուստրեր, որոնք մարգարեանում էին (Գործ. 21։8, 9)։ Ըստ ամենայնի, նրանք իրենց հոր պես եռանդուն էին և իրենց մարգարեանալու պարգևն ի գործ էին դնում Կեսարիայի հավատակիցների օգտին (1 Կորնթ. 14։1, 3)։ Նմանապես, այսօր ամուրի շատ քույրեր կերտում են մյուսներին՝ կանոնավորաբար ներկա լինելով և մասնակցելով քրիստոնեական հանդիպումներին։
Լիդիան, որը հավանաբար ամուրի կամ այրի էր, Փիլիպպե քաղաքի քրիստոնյաներից էր։ Նա աչքի էր ընկնում իր առատաձեռնությամբ։ Աստվածաշունչը գովում է նրան այդ հատկության համար (Գործ. 16։14, 15, 40)։ Իր հյուրասիրության շնորհիվ Լիդիան հաճելի հոգևոր ընկերակցություն էր վայելում այնպիսի շրջագայող վերակացուների հետ, ինչպիսիք Պողոսը, Շիղան և Ղուկասն էին։ Առատաձեռնության ոգի դրսևորելը այսօր ևս նման օրհնություններ է բերում։
Ինչպես բավարարել սիրված լինելու ցանկությունը
Ինչ խոսք, իմաստալից գործունեությամբ զբաղված լինելը հարստացնում է մեր կյանքը։ Բայց մենք բոլորս կարիք ունենք նաև սիրո և գորովանքի։ Ինչպե՞ս կարող են ամուրիները բավարարել այս կարիքը։ Նրանք կարող են վստահ լինել, որ Եհովան միշտ սիրում, զորացնում և լսում է իրենց։ Դավիթ թագավորը երբեմն «մինակ եւ խեղճ» էր զգում իրեն, բայց գիտեր, որ օգնության համար միշտ կարող է դիմել Եհովային (Սաղ. 25։16; 55։22)։ «Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ»,— գրեց նա (Սաղ. 27։10)։ Աստված իր բոլոր ծառաներին հորդորում է մոտենալ իրեն, դառնալ իր մտերիմ ընկերները (Սաղ. 25։14; Հակ. 2։23; 4։8)։
Նաև, մենք համաշխարհային եղբայրության մեջ կարող ենք գտնել հոգևոր հայրեր, մայրեր, եղբայրներ և քույրեր, որոնք կսիրեն մեզ ու կհարստացնեն մեր կյանքը (Մատթ. 19։29; 1 Պետ. 2։17)։ Բազմաթիվ ամուրի քրիստոնյաներ մեծ բավականություն են ստանում՝ ընդօրինակելով Դորկասին, որը «լի էր բարի գործերով ու ողորմություններով» (Գործ. 9։36, 39)։ Լոլին ասում է. «Ինչ ժողով էլ որ գնում եմ, փնտրում եմ այնպիսի ընկերների, ովքեր կսիրեն ինձ և ովքեր կոգևորեն, երբ ընկճված լինեմ։ Որպեսզի ավելի մտերմանամ նրանց հետ, ջանում եմ սեր ու հետաքրքրություն ցուցաբերել նրանց հանդեպ։ Ես ծառայել եմ ութ տարբեր ժողովներում և միշտ գտել եմ իսկական ընկերների։ Մտերմացել եմ շատ քույրերի հետ, որոնք իմ հասակակիցները չեն. նրանցից ոմանք տատիկներ են, մյուսները՝ պատանիներ»։ Ամեն մի ժողովում էլ կան եղբայրներ և քույրեր, ովքեր ավելի շատ կարիք ունեն ջերմության ու ընկերակցության։ Մենք նրանց մեծապես օգնած կլինենք, եթե անկեղծորեն հետաքրքրվենք նրանցով։ Այդպիսով կբավարարենք նաև մեր՝ սիրելու և սիրված լինելու կարիքը (Ղուկ. 6։38)։
Աստված չի մոռանա
Աստվածաշունչն ասում է, որ բոլոր քրիստոնյաները պետք է զոհողություններ անեն, քանի որ ապրում են ծանր ժամանակներում (1 Կորնթ. 7։29–31)։ Ովքեր ամուրի են մնում այն պատճառով, որ վճռել են հնազանդվել միայն Տիրոջով ամուսնանալու սուրբգրային պատվերին, արժանի են հատուկ հարգանքի և ուշադրության (Մատթ. 19։12)։ Սակայն ամուրի լինել չի նշանակում, որ նրանք չեն կարող լիովին վայելել կյանքը։
«Ես ապրում եմ իմաստալից կյանքով, քանի որ ձգտում եմ մտերիմ փոխհարաբերություններ պահպանել Եհովայի հետ ու ծառայել նրան,— ասում է Լիդիանան։— Ճանաչում եմ թե՛ երջանիկ և թե՛ դժբախտ ամուսնական զույգերի։ Ուստի համոզված եմ, որ երջանկությունը կախված չէ ամուսնացած լինելուց»։ Ինչպես Հիսուսն ասաց, երջանկությունը գլխավորապես կախված է տալուց և ծառայելուց, բաներ, որոնք բոլոր քրիստոնյաներն էլ կարող են անել (Հովհ. 13։14–17; Գործ. 20։35)։
Աստված անչափ բարձր է գնահատում այն բոլոր զոհողությունները, որ անում ենք իր կամքը կատարելու համար, և կօրհնի մեզ։ Այս բանի իմացությունը, անկասկած, մեզ մեծագույն ուրախություն է պատճառում։ Աստվածաշունչը վստահեցնում է մեզ. «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր աշխատանքը և այն սերը, որ ցույց տվեցիք իր անվան համար» (Եբր. 6։10)։
[ծանոթագրություն]
a Թեև հոդվածում խոսվում է քույրերի մասին, քննարկվող սկզբունքները վերաբերում են նաև եղբայրներին։
[Մեջբերում 25–րդ էջի վրա]
«Ինչ որ ունեմ, նրանով եմ ուրախանում, և չեմ երազում այն մասին, ինչ որ չունեմ» (Կարմեն)
[նկար 26–րդ էջի վրա]
Լոլին ու Լիդիանան հաճույքով են ծառայում այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է
[նկար 27–րդ էջի վրա]
Աստված իր բոլոր ծառաներին հորդորում է մոտենալ իրեն