Մեր ընթերցողները հարցնում են
Ի՞նչ է Թագավորության սրահը
Թագավորության սրահը շինություն է, որտեղ Եհովայի վկաները հավաքվում են Աստծուն երկրպագելու համար։ Ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր Թագավորության սրահներ կան։ Ամեն շաբաթ ավելի քան 105000 Եհովայի վկաների ժողովներ անցկացվում են այդպիսի սրահներում։
Յուրաքանչյուր Թագավորության սրահ ունի դահլիճ, որտեղ Աստվածաշնչի կրթական ծրագիր և դասախոսություններ են անցկացվում։ Դահլիճների մեծամասնությունում կա բեմ, որտեղից վարում են հանդիպումները։ Սովորաբար նստատեղերը նախատեսված են 100–300 հոգու համար։
Թագավորության սրահները կարող են նաև մեկ կամ մի քանի դասարաններ ունենալ, ինչպես նաև սենյակ և փոքր գրադարան, որտեղ աստվածաշնչյան գրականություն և այլ հրատարակություններ կան։ Ժողովի յուրաքանչյուր անդամ կարող է օգտվել գրադարանից։
Թագավորության սրահում չկան որևէ կրոնական խորհրդանիշներ կամ առարկաներ, որոնք հատուկ են քրիստոնյա աշխարհի եկեղեցիներին։ Չկան զոհասեղաններ, պատկերներ կամ խաչեր։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովայի վկաները հավատում են, որ այսպիսի առարկաներին երկրպագելը հակասում է Աստվածաշնչի հետևյալ պատվերին. «Փախե՛ք կռապաշտությունից» (1 Կորնթացիներ 10։14; Հովհաննես 4։24)։ Շատ եկեղեցիներ ու տաճարներ շքեղ են ու ճոխ։ Ի տարբերություն դրանց՝ Թագավորության սրահները արտաքինից համեստ են։ Ավելի շատ կարևորվում է այնտեղ տրվող Աստվածաշնչի վրա հիմնված կրթությունը, քան ինքնին շենքը։
Իսկ ինչո՞ւ է շինությունը կոչվում Թագավորության սրահ։ Այնտեղ հավաքվում են առաջին հերթին Աստվածաշունչ ուսումնասիրելու համար, որի գլխավոր թեման «Աստծու թագավորությունն» է, ինչի մասին հռչակում էր Հիսուսը (Ղուկաս 4։43)։ Ուստի Թագավորության սրահ անվանումը, որը տրվեց 1930–ականներին, համապատասխանում է շինության նպատակին՝ աջակցել ճշմարիտ երկրպագությանը և ծառայել որպես կենտրոն՝ «թագավորության բարի լուրի» քարոզչության համար (Մատթեոս 24։14)։ Այսպիսով՝ Թագավորության սրահները չեն օգտագործվում հասարակական կամ առևտրական նպատակներով։ Շինարարության, շահագործման և այլ ծախսերը փակվում են կամավոր նվիրաբերությունների շնորհիվ։ Հանգանակություն չկա։ Սրահի մի անկյունում կա արկղ, որտեղ ցանկացողները կարող են նվիրաբերություններ անել։
Թագավորության սրահները աշխարհի բոլոր անկյուններում նույն նպատակին են ծառայում, սակայն կառուցված են տարբեր ձևերով և տարբեր չափերի են։ Դա կախված է կլիմայից, այն բանից, թե ինչ շինանյութ է օգտագործվում տվյալ տարածքում և թե որքան գումար կարող են հատկացնել տեղի Եհովայի վկաները։ Որոշ շինություններ կառուցված են աղյուսից, փայտից և քարից։ Որոշներն էլ կարող են ունենալ բամբուկից պատրաստված ընդամենը երկու պատ կամ միայն ծղոտե տանիք։
Թագավորության սրահների դռները միշտ բաց են այցելուների առաջ (Եբրայեցիներ 10։25)։ Ամեն շաբաթ անց է կացվում հանրային հանդիպում, որը հիմնված է աստվածաշնչյան որևէ թեմայի վրա և հետաքրքիր է թե՛ ժողովի անդամների, թե՛ այցելուների համար։ Կցանկանա՞ք այցելել ձեր տեղանքում գտնվող Թագավորության սրահը։