Սովորենք Աստծու Խոսքից
Ե՞րբ Հիսուսը Թագավոր դարձավ
Այս հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք գուցե քեզ հետաքրքրել են, և ցույց է տրվում, թե քո Աստվածաշնչում որտեղ կարող ես գտնել դրանց պատասխանները։ Նաև, եթե ցանկանում ես, այս հարցերի շուրջ կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ։
1. Ի՞նչ թագավորություն էր խոստացվել Հիսուսին։
Աստված խոստացել էր, որ Դավիթ թագավորի սերնդից առաջ էր գալու մեկը, ով հավիտյան նստելու էր Աստծու գահին։ Այդ խոստացյալ սերունդը Հիսուսն էր, որն այժմ Աստծու Թագավորության Թագավորն է (կարդա՛ Սաղմոս 89։4; Ղուկաս 1։32, 33)։
Երբ Դավիթը դեռ պատանի էր, Աստված ընտրեց նրան լինելու իր Իսրայել ժողովրդի թագավորը։ Դավթի մահից հետո նրա որդի Սողոմոնը, որին նույնպես Աստված էր ընտրել, նստեց «Եհովայի գահին» (1 Տարեգրություն 28։4, 5; 29։23)։ Սողոմոնից հետո Երուսաղեմում շարունակեցին իշխել այդ նույն շառավղից առաջ եկած թագավորներ, սակայն նրանցից շատերը անհավատարիմ եղան Աստծուն։ Ի վերջո, Եհովան թույլ տվեց, որ Բաբելոնի զորքերը կործանեն Երուսաղեմը և թագավորին հեռացնեն գահից։ Դա տեղի ունեցավ մ.թ.ա. 607-ին։ Դրանից հետո Դավթի շառավղից այլևս ոչ ոք չթագավորեց Երուսաղեմում (կարդա՛ Եզեկիել 21։27)։
2. Որքա՞ն ժամանակով ընդհատվեց Դավթի շառավղից սերած թագավորների իշխանությունը, որը Աստծու Թագավորությունն էր ներկայացնում։
Երուսաղեմի կործանումից կարճ ժամանակ անց Եհովան Դանիել մարգարեին ասաց, որ մի թագավոր է ընտրելու, որը իշխելու է երկնքից։ Ե՞րբ էր սկսելու այդ թագավորը իշխել (կարդա՛ Դանիել 7։13, 14)։
Մի տեսիլքում Աստված հրամայում էր մի հսկայական ծառ կտրել։ Դա մատնանշում էր այն փաստը, որ Երուսաղեմի թագավորությունը վերացվել էր՝ «կտրվել»։ Սակայն ըստ այդ տեսիլքի՝ ծառի կոճղը պետք է թողնվեր հողի մեջ, որպեսզի «յոթ ժամանակ» հետո նորից աճեր։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երեք ու կես «ժամանակը» հավասար է 1260 օրվա։ Հետևաբար «յոթ ժամանակը» հավասար է 2520 օրվա (Հայտնություն 12։6, 14)։ Աստվածաշնչի մարգարեություններում օրերը հաճախ ներկայացնում են տարիներ (Թվեր 14։34)։ Ուստի Դավթի շառավղից սերած թագավորների իշխանությունը ընդհատվելու էր 2520 տարով (կարդա՛ Դանիել 4։10–17)։
3. Հիսուսը ե՞րբ Թագավոր դարձավ։
1914թ.-ին՝ Երուսաղեմի կործանումից ուղիղ 2520 տարի հետո, Աստված երկնքում թագադրեց Հիսուսին։ Թագավոր դառնալուն պես Հիսուսը Սատանային և նրա դևերին վռնդեց երկնքից (Հայտնություն 12։7–10)։ Դա մարդկանց աչքին տեսանելի չէր, բայց հետևանքներն ակնհայտ էին (Հայտնություն 12։12)։ 1914թ.-ից սկսած՝ տեղի ունեցող դեպքերը փաստում են, որ Հիսուսը այդ տարի դարձել է Թագավոր (կարդա՛ Մատթեոս 24։14; Ղուկաս 21։10, 11, 31)։
4. Ի՞նչ նշանակություն ունի Հիսուսի Թագավորությունը քեզ համար։
Հիսուսի Թագավորության վերաբերյալ մարգարեությունների կատարումը վստահություն է ներշնչում Աստծու Խոսքի հանդեպ։ Շուտով Հիսուսը, գործի դնելով իր թագավորական իշխանությունը, կազատի մարդկությանը տառապանքից (կարդա՛ Սաղմոս 72։8, 12, 13; Դանիել 2։44)։
Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 215–218 էջերը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[գծապատկեր 17-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
հոկտեմբեր հոկտեմբեր
մ.թ.ա. 607 մ.թ. 1914
← 2520 տարի →
մ.թ.ա. 1000 մ.թ.ա. 1 մ.թ. 1 մ.թ. 1000 մ.թ. 2000.
← 606,25 տարի →← 1913,75 տարի →
Երուսաղեմում Հաշվիր Աստված Հիսուսին
թագավորությունը 606,25 Թագավոր է
վերացավ + 1913,75 նշանակում
= 2520