Ժամանակավրե՞պ, թե ժամանակից էլ առաջ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԳԻՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՉԷ, ԲԱՅՑ ԻՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ ԱՌԱՋԱԴԵՄ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ։ ՆԿԱՏԻ ԱՌՆԵՆՔ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՆԱԿ։
Տիեզերքը սկիզբ ունեցե՞լ է
Առաջատար շատ գիտնականներ նախկինում այս հարցին միանշանակ կպատասխանեին՝ ոչ։ Այժմ նրանք, ընդհանուր առմամբ, համաձայն են, որ տիեզերքը սկիզբ է ունեցել։ Մինչդեռ Աստվածաշնչում վաղուց արդեն հստակ գրված էր այդ մասին (Ծննդոց 1։1)։
Ի՞նչ ձև ունի Երկիրը
Հնում շատերը կարծում էին, թե Երկիրը տափակ է։ Միայն մ. թ. ա. հինգերորդ դարում էր, որ հույն գիտնականները առաջ քաշեցին այն միտքը, որ Երկիրը գնդաձև է։ Այնինչ, դրանից դեռ շատ առաջ՝ մ. թ. ա. ութերորդ դարում, Աստվածաշունչը գրի առնողներից մեկը՝ Եսայիան, հիշատակեց «երկրի շրջանի» մասին՝ բնագրում օգտագործելով մի բառ, որը կարող է թարգմանվել նաև «գունդ» (Եսայիա 40։22)։
Տիեզերական մարմինները ենթակա՞ են քայքայման
Չորրորդ դարի հույն գիտնական Արիստոտելը ուսուցանում էր, որ քայքայման պրոցեսը տեղի է ունենում միայն Երկրի վրա, իսկ աստղալի տիեզերքում ոչինչ չի փոխվում ու չի քայքայվում։ Այս գաղափարը լայնորեն ընդունված է եղել դարեր շարունակ։ Բայց 19-րդ դարում գիտնականները ձևակերպեցին էնտրոպիայի հասկացությունը (էնտրոպիան քաոսի աստիճանն է)։ Դրա հիման վրա նրանք եզրակացրին, որ ցանկացած մատերիա՝ լինի երկրային, թե երկնային, ենթակա է քայքայման։ Այդ գաղափարի առաջխաղացմանը նպաստած գիտնականներից մեկը՝ լորդ Կելվինը, նշել է, որ Աստվածաշնչում երկնքի ու երկրի մասին ասվում է. «Հանդերձի պես բոլորն էլ կմաշվեն» (Սաղմոս 102։25, 26)։ Կելվինը համոզված էր, որ, ինչպեսև Աստվածաշունչն է ասում, Աստված կարող է իր հայեցողությամբ թույլ չտալ, որ քայքայման այդ պրոցեսը ոչնչացնի իր ստեղծած բաները (Ժողովող 1։4)։
Ի՞նչն է մոլորակները իրենց տեղում պահում
Արիստոտելը սովորեցնում էր, որ բոլոր երկնային մարմինները պարփակված են բյուրեղյա ոլորտներում, որոնք մտած են մեկը մյուսի մեջ, իսկ Երկիրը գտնվում է ամենախոր տեղակայված ոլորտի կենտրոնում։ 18-րդ դարում գիտնականներն արդեն սկսել էին ընդունել այն վարկածը, որ աստղերն ու մոլորակները գտնվում են դատարկ տարածության մեջ և չունեն հենարան։ Սակայն Աստվածաշնչի «Հոբ» գրքում, որը գրվել է մ. թ. ա. 15-րդ դարում, վաղուց արդեն ասվել էր, որ մեր Ստեղծիչը «Երկիրը կախում է ոչնչի վրա» (Հոբ 26։7)։
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՉԷ, ԲԱՅՑ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՌԱՋԱԴԵՄ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ։
Հիվանդներին մեկուսացնելը
Մովսիսական օրենքով պահանջվում էր բորոտությամբ տառապող մարդկանց մեկուսացնել։ Մինչդեռ միջնադարում բռնկված համաճարակների ժամանակ էր միայն, որ բժիշկները սովորեցին կիրառել այդ մեթոդը, որը մինչ օրս էլ շատ արդյունավետ է համարվում («Ղևտական» գրքի 13-րդ և 14-րդ գլուխներ)։
Դիակին դիպչելուց հետո լվացվելը
Մինչև 19-րդ դարի վերջերը բժիշկները շատ հաճախ դիակին դիպչելուց հետո առանց ձեռքերը լվանալու անցնում էին հիվանդների բուժմանը, ինչն էլ նրանցից շատերի մահվան պատճառ էր դառնում։ Իսկ Աստվածաշնչում արձանագրված Մովսիսական օրենքի համաձայն՝ դիակին դիպած ցանկացած մարդ ծիսականորեն անմաքուր էր համարվում։ Եվ այդ Օրենքով նույնիսկ պահանջվում էր, որ նման դեպքերում մաքրման համար ջուր օգտագործվեր։ Թեև սա կրոնական արարողակարգ էր, սակայն, անկասկած, օգտակար էր նաև առողջապահական տեսանկյունից (Թվեր 19։11, 19)։
Արտաթորանքների հեռացումը
Ամեն տարի ավելի քան կես միլիոն երեխա է մահանում փորլուծությունից, որի պատճառը մեծամասամբ այն է, որ մարդու արտաթորանքները ինչպես հարկն է չեն հեռացվում։ Դրան հակառակ՝ Մովսիսական օրենքի համաձայն՝ մարդու արտաթորանքները պետք է թաղվեին մարդկանց բնակավայրից դուրս (2 Օրենք 23։13)։
Թլփատության ժամանակը
Աստծու տված Օրենքի համաձայն՝ նորածին տղա երեխաներին պետք է ութերորդ օրը թլփատեին (Ղևտական 12։3)։ Ինչպես հայտնի է, նորածինների արյան մակարդելիությունը նորմայի սահմաններին է հասնում ծնվելուց միայն մեկ շաբաթ անց։ Ուստի այն, որ աստվածաշնչյան ժամանակներում, երբ բժշկությունն այսքան զարգացած չէր, երեխային թլփատում էին ծնվելուց միայն մի շաբաթ հետո, անկասկած, պաշտպանում էր նրան լուրջ բարդություններից։
Մարդու զգացական վիճակի և առողջության միջև եղած կապը
Բժշկագետներն ու գիտնականները ասում են, որ դրական մտավիճակը և հույզերը, օրինակ՝ ուրախությունը, լավատեսությունը, երախտագիտությունը և ներելու պատրաստակամությունը դրական են անդրադառնում առողջության վրա։ Այդ մասին Աստվածաշնչում կարդում ենք. «Ուրախ սիրտը բուժիչ է, բայց խոցված ոգին չորացնում է ոսկորները» (Առակներ 17։22)։