Ո՞ր սերն է իսկական երջանկություն բերում
«Երջանիկ է ա՛յն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է» (ՍԱՂ. 144։15)։
1. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որի նմանը չի եղել։
ՄԵՆՔ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որի նմանը չի եղել։ Ինչպես որ կանխագուշակվել էր Աստվածաշնչում, Եհովան հավաքում է «մարդկանց մի մեծ բազմություն.... բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից»։ Նրանք կազմում են «հզոր ազգ», որն ունի ավելի քան ութ միլիոն երջանիկ անդամներ, որոնք «օր ու գիշեր սուրբ ծառայություն են մատուցում» Աստծուն (Հայտն. 7։9, 15; Ես. 60։22)։ Երբեք նման բան չի եղել, որ այսքան շատ մարդիկ սիրեն Աստծուն և իրենց մերձավորին։
2. Սիրո ո՞ր տեսակն է բնորոշում Աստծուց օտարացած մարդկանց (տես հոդվածի սկզբի նկարը)։
2 Սակայն Աստվածաշնչում մեր օրերի համար նաև կանխագուշակվել էր, որ Աստծուց օտարացած մարդիկ, եսամոլությունից դրդված, սխալ բաների հանդեպ էին սեր դրսևորելու։ Պողոս առաքյալը գրեց. «Վերջին օրերում.... մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր.... հաճոյասեր, բայց ոչ աստվածասեր» (2 Տիմոթ. 3։1–4)։ Սիրո այս տեսակը, որի կենտրոնում մարդու եսն է, հակադրվում է քրիստոնեական սիրուն և անհամատեղելի է դրա հետ։ Եսամոլական նպատակների ձգտելը մարդկանց չի բերում իրենց ակնկալած երջանկությունը։ Այն ծնում է եսապաշտական աշխարհ, որում ապրելը «չափազանց դժվար» է։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում և ինչո՞ւ։
3 Պողոսը գիտակցում էր, որ աշխարհը հեղեղած եսամոլական սերը վտանգավոր է լինելու քրիստոնյաների համար։ Ուստի խորհուրդ տվեց «հեռու մնալ» այնպիսի մարդկանցից, ովքեր սխալ բաների հանդեպ են սեր դրսևորում (2 Տիմոթ. 3։5)։ Սակայն մենք չենք կարող լիովին խուսափել նման անհատների հետ շփվելուց։ Ի՞նչ կարող ենք անել, որ հեռու մնանք աշխարհում տարածված սխալ մտայնությունից և ձգտենք հաճեցնել Եհովային՝ սիրո Աստծուն։ Եկեք տեսնենք, թե ինչ տարբերություն կա աստվածահաճո սիրո և 2 Տիմոթեոս 3։2–4 համարներում նշված սիրո մյուս տեսակների միջև։ Դա կօգնի, որ ինքներս մեզ քննենք և այնպիսի սեր զարգացնենք, որը իսկական երջանկություն և բավարարվածության զգացում կտա մեզ։
ԱՍՏՎԱԾԱՍԵ՞Ր, ԹԵ՞ ԱՆՁՆԱՍԵՐ
4. Ինչո՞ւ սխալ չէ սեփական անձի հանդեպ պատշաճ սեր ունենալ։
4 «Մարդիկ կլինեն անձնասեր»,— Աստծու ներշնչմամբ գրեց Պողոս առաքյալը։ Բայց մի՞թե սխալ է, որ ինքներս մեզ սիրենք։ Ո՛չ։ Մեր անձի հանդեպ առողջ սերը բնական է, նույնիսկ անհրաժեշտ։ Եհովան մեզ այդպես է ստեղծել։ Հիսուսն ասաց. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Մարկ. 12։31)։ Եթե ինքներս մեզ չսիրենք, չենք կարող սիրել մեր մերձավորին։ Սուրբ Գրքում նաև ասվում է. «Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան» (Եփես. 5։28, 29)։ Ուստի ցանկալի է, որ մարդը իր անձի նկատմամբ պատշաճ սեր ունենա։
5. Ինչպե՞ս կնկարագրես նրանց, ովքեր չափից շատ են սիրում իրենց։
5 2 Տիմոթեոս 3։2-ում նշված անձնասիրությունը պատշաճ, առողջ սեր չէ։ Այն աղավաղված, եսամոլական սեր է։ Նրանք, ովքեր սեփական անձը չափից շատ են սիրում, իրենց մասին ավելին են մտածում, քան հարկ է մտածել (կարդա Հռոմեացիներ 12։3)։ Այդպիսի մարդիկ գլխավորապես իրենցով են հետաքրքրված և ուրիշների մասին գրեթե չեն մտածում։ Երբ խնդիրներ են ծագում, նրանք սովորաբար չեն ընդունում իրենց մեղավորությունը, այլ մեղադրում են ուրիշներին։ Աստվածաշնչի մի մեկնաբան անձնասեր մարդկանց նմանեցնում է «ոզնու, որը կծիկ է դառնում՝ ներսում պահելով փափուկ, տաք մորթին.... իսկ սուր փշերը դուրս ցցելով»։ Եսակենտրոն մարդիկ իրականում երջանիկ չեն։
6. Ի՞նչ պտուղ են բերում Աստծուն սիրող մարդիկ։
6 Աստվածաշնչագետների կարծիքով՝ Պողոս առաքյալը վերջին օրերում գերակշռող բացասական հատկությունների իր ցուցակում առաջին հերթին նշեց անձնասիրությունը, քանի որ մյուս հատկությունները դրանից են բխում։ Սակայն Աստծուն սիրող մարդիկ բոլորովին ուրիշ պտուղ են բերում։ Սուրբ Գրքում աստվածահաճո սերը կապվում է այնպիսի հատկությունների հետ, ինչպիսիք են ուրախությունը, խաղաղությունը, համբերատարությունը, բարությունը, առաքինությունը, հավատը, մեղմությունը և ինքնատիրապետումը (Գաղ. 5։22, 23)։ Սաղմոսերգուն գրեց. «Երջանիկ է ա՛յն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է» (Սաղ. 144։15)։ Եհովան երջանիկ Աստված է, և նրա ժողովուրդը արտացոլում է այդ հատկությունը։ Բացի այդ, ի տարբերություն անձնասեր մարդկանց, որոնք միայն ձգտում են ուրիշներից ինչ-որ բան ստանալ, Եհովայի ծառաները ուրախությամբ իրենց անձը տրամադրում են ուրիշներին օգուտ տալու համար (Գործ. 20։35)։
7. Ո՞ր հարցերը կօգնեն քննել ու տեսնել, թե արդյոք սրտանց ենք սիրում Աստծուն։
7 Ինչպե՞ս կարող ենք քննել ու տեսնել, թե արդյոք անձնասիրությունը մեր սրտից դուրս չի մղում Աստծու հանդեպ սերը։ Ուշադրություն դարձնենք Փիլիպպեցիներ 2։3, 4 համարներում տրված հորդորին. «Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք, ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը»։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Իմ կյանքում հետևո՞ւմ եմ այս խորհրդին։ Անկեղծորեն ցանկանում ու ձգտո՞ւմ եմ կատարել Աստծու կամքը։ Պատրաստակա՞մ եմ օգնելու ուրիշներին թե՛ ժողովում, թե՛ քարոզչական ծառայության ժամանակ»։ Սեփական անձը տրամադրելը հեշտ չէ։ Դա ջանքեր և անձնազոհություն է պահանջում։ Սակայն ի՞նչը կարող է մեզ ավելի մեծ երջանկություն պարգևել, քան այն բանի գիտակցումը, որ տիեզերքի Գերիշխանը հավանություն է տալիս մեզ։
8. Աստծու հանդեպ սերը ոմանց ի՞նչ անելու է մղել։
8 Աստծու հանդեպ սերը ոմանց մղել է հրաժարվելու եկամտաբեր աշխատանքից ու լիարժեքորեն ծառայելու Եհովային։ Էրիկան, որն ապրում է Միացյալ Նահանգներում, բժիշկ է։ Սակայն նա չձգտեց բժշկության ոլորտում հասնել հեղինակավոր դիրքի, այլ դարձավ ռահվիրա՝ իր ամուսնու հետ ծառայելով մի քանի երկրներում։ Հետ նայելով անցյալին՝ Էրիկան ասում է. «Օտարալեզու դաշտում ծառայելը իսկապես հարստացրել է մեր կյանքը. մեզ բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են պատահել, և մենք շատ ընկերներ ենք ձեռք բերել։ Ես շարունակում եմ զբաղվել բժշկությամբ, բայց ինձ մեծ ուրախություն ու բավարարվածության զգացում է տալիս այն, որ ժամանակիս և ուժերիս մեծ մասը օգտագործում եմ մարդկանց հոգևորապես բժշկելու և ժողովին աջակցելու համար»։
ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՆՔՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԵՐԿՐԻ ՎՐԱ
9. Փողասիրությունը ինչո՞ւ երջանկություն չի բերում։
9 Պողոսը գրեց, որ մարդիկ լինելու էին «փողասեր»։ Տարիներ առաջ, երբ Իռլանդիայում մի ռահվիրա փորձեց Աստծու մասին խոսել մի տղամարդու հետ, վերջինս իր դրամապանակից թղթադրամներ հանեց և դրանք վեր բարձրացնելով՝ հպարտությամբ ասաց. «Սա է իմ աստվածը»։ Թեև քչերն են այսպես արտահայտվում, սակայն աշխարհը լի է այնպիսի մարդկանցով, որոնք սիրում են փողը և այն ամենը, ինչ կարող են ձեռք բերել փողով։ Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից» (Ժող. 5։10)։ Նման մարդիկ միշտ էլ ձգտում են ավելի շատ փող ունենալ, բայց ջանալով կուտակել այն՝ իրենց «շատ ցավերով» են խոցում (1 Տիմոթ. 6։9, 10)։
10. Աստվածաշունչը ի՞նչ է ասում հարստության ու աղքատության մասին։
10 Բոլորս էլ փողի կարիք ունենք։ Այն որոշակի պաշտպանություն է տալիս (Ժող. 7։12)։ Բայց կարո՞ղ է մարդը իսկապես երջանիկ լինել, եթե իր ունեցած փողը բավարար է միայն իր հիմնական կարիքները հոգալու համար։ Այո՛, կարող է (կարդա Ժողովող 5։12)։ Հակեայի որդի Ագուրը գրեց. «Ինձ ո՛չ աղքատություն տուր, ո՛չ էլ հարստություն։ Թույլ տուր, որ ինձ անհրաժեշտ ուտելիքն ուտեմ»։ Հասկանալի է, թե նա ինչու չէր ցանկանում ծայրահեղ աղքատ լինել։ Ագուրը նշեց, որ ինքը չէր ուզում գողություն անելու գայթակղության առաջ կանգնել և նախատինք բերել Աստծու անվան վրա։ Իսկ ինչո՞ւ նա աղոթեց, որ Աստված իրեն հարստություն չտա։ Ագուրը գրեց. «Չլինի թե կշտանամ ու քեզ ուրանամ և ասեմ՝ «ո՞վ է Եհովան»» (Առակ. 30։8, 9)։ Հավանաբար ճանաչում ես մարդկանց, որոնք ոչ թե Աստծուն են ապավինում, այլ իրենց հարստությանը։
11. Հիսուսը ի՞նչ խորհուրդ տվեց փողի վերաբերյալ։
11 Փողասեր մարդիկ չեն կարող հաճեցնել Աստծուն։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը»։ Այս խոսքերն ասելուց առաջ նա հորդորեց. «Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են և որտեղ գողերը ներխուժում ու գողանում են։ Փոխարենը՝ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, որտեղ ո՛չ ցեցն ու ժանգն են ոչնչացնում և ո՛չ էլ գողերն են ներխուժում ու գողանում» (Մատթ. 6։19, 20, 24)։
12. Պարզ կյանքով ապրելը ինչպե՞ս կարող է նպաստել, որ Աստծուն ծառայելը ավելի հեշտ լինի։
12 Շատերը նկատել են, որ պարզ կյանքով ապրելը իրենց ավելի երջանիկ է դարձնում։ Դեռ ավելին՝ դրա շնորհիվ նրանք ավելի շատ ժամանակ են ունենում Եհովային ծառայելու համար։ Ջեկը, որն ապրում է Միացյալ Նահանգներում, վաճառեց իր մեծ տունն ու ձեռնարկությունը, որպեսզի կարողանա իր կնոջ հետ որպես ռահվիրա ծառայել։ Նա ասում է. «Դժվար էր լքել գյուղական վայրում գտնվող մեր գեղեցիկ առանձնատունն ու հողատարածքը։ Սակայն մինչ այդ տարիներ շարունակ լարված եմ եղել գործիս հետ կապված խնդիրների պատճառով։ Մինչդեռ կինս, որը ռահվիրա է, միշտ երջանիկ էր։ Նա ինձ ասում էր. «Ես աշխատում եմ աշխարհի ամենալավ գործատիրոջ համար»։ Այժմ ես նույնպես ռահվիրա եմ, ու մենք երկուսով աշխատում ենք նույն Անձնավորության՝ Եհովա Աստծու համար»։
13. Ի՞նչը կօգնի հասկանալ, թե ինչպես ենք վերաբերվում փողին։
13 Որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք վերաբերվում փողին, պետք է անկեղծորեն պատասխանենք հետևյալ հարցերին. «Իսկապես հավատո՞ւմ եմ այն ամենին, ինչ Աստվածաշունչը ասում է փողի մասին, և ապրո՞ւմ եմ դրա համաձայն։ Փող աշխատելը իմ կյանքում ամենակարևոր բա՞նն է։ Ի՞նչն է ինձ համար ավելի թանկ՝ նյութակա՞ն բաները, թե՞ Եհովայի ու մարդկանց հետ իմ փոխհարաբերությունները։ Իրո՞ք վստահ եմ, որ Եհովան կհոգա իմ կարիքները»։ Կարող ենք համոզված լինել, որ Աստված երբեք չի հիասթափեցնի իրեն հուսացողներին (Մատթ. 6։33)։
ՓՆՏՐԵԼ ԵՀՈՎԱՅԻ՞Ն, ԹԵ՞ ՁԳՏԵԼ ՀԱՃՈՒՅՔՆԵՐԻ
14. Ո՞րն է հաճույքների վերաբերյալ հավասարակշռված տեսակետը։
14 Մենք մեր աչքերով ենք տեսնում աստվածաշնչյան մարգարեության կատարումը. այսօր շատ մարդիկ «հաճոյասեր» են։ Ինչպես որ հարկավոր է ողջամտորեն սիրել սեփական անձը և ճիշտ վերաբերվել փողին, այնպես էլ անհրաժեշտ է հավասարակշռված տեսակետ ունենալ հաճույքների վերաբերյալ։ Եհովան չի ուզում, որ ճգնավորի կյանքով ապրենք կամ լիովին հրաժարվենք այնպիսի օգտակար զբաղմունքներից, որոնք մեզ ուրախություն են պատճառում։ Սուրբ Գիրքը հորդորում է Աստծու հավատարիմ ծառաներին. «Գնա, ուրախությամբ հացդ կեր և զվարթ սրտով գինիդ խմիր» (Ժող. 9։7)։
15. Ի՞նչ է նշանակում լինել «հաճոյասեր»։
15 2 Տիմոթեոս 3։4-ում խոսվում է այնպիսի մարդկանց մասին, որոնք այնքան են սիրում հաճույքները, որ Աստծուն տեղ չեն տալիս իրենց կյանքում։ Մի գիտնական գրել է. «Այս [խոսքերը] ամենևին էլ չեն նշանակում, թե նրանք ինչ-որ չափով նաև Աստծուն են սիրում։ Դրանք նշանակում են, որ այդ մարդիկ ընդհանրապես չեն սիրում Աստծուն»։ Սա սթափեցնող նախազգուշացում է նրանց համար, ովքեր չափից շատ են սիրում հաճույքները։ «Հաճոյասեր» բառը շատ լավ նկարագրում է նրանց, ովքեր տարված են այս կյանքի հաճույքներով (Ղուկ. 8։14)։
16, 17. Հիսուսը ի՞նչ օրինակ է թողել հաճույքներից օգտվելու հարցում։
16 Հիսուսը կատարելապես հավասարակշռված էր հաճույքներից օգտվելու հարցում։ Օրինակ՝ նա ներկա եղավ «հարսանեկան խնջույքի» և «մեծ ճաշկերույթի» (Հովհ. 2։1–10; Ղուկ. 5։29)։ Հարսանիքի ժամանակ, երբ գինին վերջացավ, նա հրաշքով ջուրը գինու վերածեց։ Մի անգամ էլ, երբ իրենց արդար համարող մարդիկ Հիսուսին քննադատեցին ուտելու և խմելու համար, նա հստակ ցույց տվեց, որ նրանց տեսակետը հավասարակշռված չէ (Ղուկ. 7։33–36)։
17 Սակայն Հիսուսը տարված չէր հաճույքներով։ Նրա կյանքում Եհովան էր առաջին տեղում։ Աստծու Որդին ջանք չէր խնայում ուրիշներին օգնելու համար։ Նա հոժար կամքով ցավ կրեց ու մահացավ ցցի վրա, որպեսզի շատերը կյանք ստանան։ Դիմելով նրանց, ովքեր իր հետքերով էին գնալու՝ Հիսուսն ասաց. «Երջանիկ եք դուք, երբ մարդիկ նախատում և հալածում են ձեզ ու ստելով ամեն տեսակ չար բաներ են ձեր դեմ խոսում իմ պատճառով։ Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում. չէ՞ որ ձեզանից առաջ այդպես հալածեցին մարգարեներին» (Մատթ. 5։11, 12)։
18. Ո՞ր հարցերը կօգնեն մեզ տեսնել, թե որքան ենք սիրում հաճույքները։
18 Ինչպե՞ս կարող ենք ինքներս մեզ քննել ու տեսնել, թե որքան ենք սիրում հաճույքները։ Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Արդյո՞ք զվարճությունները իմ կյանքում առաջին տեղում են, իսկ ժողովի հանդիպումներն ու քարոզչական ծառայությունը՝ երկրորդ։ Պատրա՞ստ եմ անձնուրաց կյանք վարել Աստծուն ծառայելու համար։ Երբ զվարճանքի ձևեր եմ ընտրում, մտածո՞ւմ եմ, թե Եհովան ինչպես կվերաբերվի իմ ընտրությանը»։ Եթե իսկապես սիրում ենք Աստծուն, ապա հեռու կմնանք ոչ միայն այն բաներից, որ հաստատ գիտենք՝ տհաճ են նրան, այլև այն բաներից, որ կասկածում ենք, թե կտխրեցնեն նրան (կարդա Մատթեոս 22։37, 38)։
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՆՈՂ ՈՒՂԻՆ
19. Ո՞ր մարդիկ երբեք չեն կարող իսկապես երջանիկ լինել։
19 Մարդիկ արդեն 6 000 տարի է՝ տառապում են Սատանայի աշխարհում, սակայն այն մոտենում է իր վախճանին։ Աշխարհը լի է այնպիսի մարդկանցով, որոնք չափից շատ են սիրում իրենց, սիրում են փողն ու հաճույքները։ Նրանք միայն մտածում են այն մասին, թե ինչ կարող են ստանալ, և իրենց ցանկությունները կյանքում ամենակարևոր բանն են համարում։ Նման մարդիկ երբեք չեն կարող իսկապես երջանիկ լինել։ Չէ՞ որ սաղմոսերգուն գրեց. «Երջանիկ է նա, որի օգնականը Հակոբի Աստվածն է, որի հույսը Եհովան է՝ իր Աստվածը» (Սաղ. 146։5)։
20. Աստծու հանդեպ սերը ինչպե՞ս է քեզ երջանկացրել։
20 Եհովայի ժողովրդի մեջ ծաղկում է նրա հանդեպ սերը. տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր ճանաչում ու սիրում են նրան։ Դա փաստում է, որ Աստծու Թագավորությունն իշխում է և շուտով մեզ աննկարագրելի օրհնություններ կբերի։ Իսկական և մնայուն ուրախությունը կախված է Աստծու կամքը կատարելուց և այն բանի գիտակցումից, որ մենք հաճեցնում ենք Բարձրյալին։ Եհովային սիրող մարդիկ հավիտյան ուրախ կլինեն։ Հաջորդ հոդվածում կխոսենք եսամոլական սիրուց բխող որոշ հատկությունների մասին և կտեսնենք, թե ինչպես են դրանք տարբերվում Եհովայի ծառաների դրսևորած հատկություններից։