Եհովայի պես եղիր բարի, նրբանկատ ու հոգատար
«Երջանիկ է նա, ով հոգ է տանում խեղճի մասին» (ՍԱՂ. 41։1)։
1. Աստծու ծառաները ինչպե՞ս են սեր դրսևորում միմյանց հանդեպ։
ԱՍՏԾՈՒ ժողովուրդը մի մեծ հոգևոր ընտանիք է, որտեղ սեր է տիրում (1 Հովհ. 4։16, 21)։ Եհովայի ծառաները պատրաստ են մեծ զոհողություններ անելու միմյանց համար։ Սակայն նրանց սերը միայն սխրագործություններով չէ, որ դրսևորվում է։ Հաճախ այն արտահայտվում է ավելի փոքր բաներով՝ քաջալերական խոսքերով ու բարի արարքներով։ Երբ մարդկանց վերաբերվում ենք բարությամբ, նրբանկատությամբ ու հոգատարությամբ, «ընդօրինակում ենք Աստծուն՝ սիրելի զավակների պես» (Եփես. 5։1)։
2. Հիսուսն ինչպե՞ս էր արտացոլում իր Հոր սերը։
2 Հիսուսը կատարելապես ընդօրինակում էր իր Հորը։ Մի անգամ նա ասաց. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ.... [քանի որ] հեզ եմ ու սրտով խոնարհ» (Մատթ. 11։28, 29)։ Երբ ընդօրինակում ենք Քրիստոսին և «հոգ ենք տանում խեղճի մասին», հաճեցնում ենք մեր երկնային Հորը և ինքներս էլ մեծ երջանկությամբ ենք լցվում (Սաղ. 41։1)։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք նրբանկատություն ու հոգատարություն դրսևորել ընտանիքում, ժողովում և քարոզչական ծառայության ժամանակ։
ՆՐԲԱՆԿԱՏ ՈՒ ՀՈԳԱՏԱՐ ԵՂԻՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
3. Ամուսինն ինչպե՞ս կարող է նրբանկատ ու հոգատար լինել իր կնոջ հանդեպ (տես հոդվածի սկզբի նկարը)։
3 Ամուսինը՝ որպես տան գլուխ, պետք է հոգատար լինի իր ընտանիքի հանդեպ և դրանով օրինակ ծառայի մյուսներին (Եփես. 5։25; 6։4)։ Աստվածաշնչում ասվում է, որ նա պետք է «ձգտի հասկանալ» իր կնոջը (1 Պետ. 3։7)։ Հասկացողությունն օգնում է նրբանկատ ու հոգատար լինել։ Օրինակ՝ հասկացող ամուսինը գիտի, որ իր կինը՝ որպես իր լրացում, շատ առումներով տարբեր է, բայց իրենից ցածր չէ (Ծննդ. 2։18)։ Նա հաշվի է առնում կնոջ զգացմունքները, հարգում և պատվում է նրան։ Կանադայում ապրող մի կին իր ամուսնու մասին հետևյալն ասաց. «Նա երբեք չի անտեսում իմ զգացմունքները և չի ասում. «Լավ չէ, որ այդպիսի զգացումներ ունես»։ Նա ուշադիր լսում է ինձ։ Երբեմն էլ, երբ կարիք է լինում շտկելու իմ տեսակետը, այնպիսի՜ բարությամբ է դա անում»։
4. Հոգատար ամուսինը ինչպե՞ս է իրեն պահում այլ կանանց հետ շփվելիս։
4 Հոգատար ամուսինը իր կնոջ զգացմունքները հաշվի է առնում նաև այլ կանանց հետ շփվելիս։ Նա ֆլիրտ չի անում և նրանց հանդեպ անպատշաճ հետաքրքրություն ցույց չի տալիս։ Նա նույն սկզբունքով է առաջնորդվում նաև սոցիալական ցանցերից և ինտերնետից օգտվելիս (Հոբ 31։1)։ Հոգատար ամուսինը հավատարիմ է մնում իր կնոջը և դա անում է ոչ միայն այն պատճառով, որ սիրում է նրան, այլև քանի որ սիրում է Աստծուն և ատում է չարությունը (կարդա Սաղմոս 19։14; 97։10)։
5. Կինն ինչպե՞ս կարող է հոգատարություն դրսևորել իր ամուսնու հանդեպ։
5 Երբ ամուսինը հետևում է Հիսուս Քրիստոսի օրինակին, կնոջն ավելի հեշտ է լինում «խոր հարգանք տածել» նրա հանդեպ (Եփես. 5։22–25, 33)։ Հարգանքն իր հերթին մղում է կնոջը ըմբռնումով վերաբերվել ամուսնուն, օրինակ, երբ անհրաժեշտություն է առաջանում, որ նա հավելյալ ժամանակ տրամադրի աստվածապետական գործերին, կամ երբ ինչ-որ բանով մտահոգված է։ Մեծ Բրիտանիայում ապրող մի եղբայր ասում է. «Կինս իմ պահվածքից անմիջապես հասկանում է, որ ինչ-որ բան անհանգստացնում է ինձ։ Այդ դեպքերում նա սպասում է հարմար ժամանակին և կիրառելով Առակներ 20։5-ում գրված սկզբունքը՝ «դուրս է հանում» մտահոգություններս, եթե, իհարկե, դա այնպիսի հարց չէ, որ չեմ կարող քննարկել նրա հետ»։
6. Բոլորս ինչպե՞ս կարող ենք քաջալերել երեխաներին նրբանկատ ու հոգատար լինել ուրիշների նկատմամբ, և դա ի՞նչ ազդեցություն կթողնի նրանց վրա։
6 Երբ ծնողները իրար հանդեպ նրբանկատ են ու հոգատար, լավ օրինակ են թողնում իրենց երեխաներին։ Ծնողների պարտականությունն է իրենց զավակներին սովորեցնել նրբանկատ ու հոգատար լինել ուրիշների նկատմամբ։ Օրինակ՝ նրանք պետք է սովորեցնեն երեխաներին, որ չի կարելի վազվզել Թագավորության սրահում։ Նաև ճիշտ կլինի՝ նրանց բացատրեն, որ ընկերական հավաքույթների ժամանակ նախ մեծերը պետք է օգտվեն ուտելիքից։ Իսկ ժողովի անդամները կարո՞ղ են աջակցել ծնողներին։ Անշուշտ։ Օրինակ, երբ երեխան լավ բան է անում մեզ համար, ասենք՝ բացում է դուռը, հարկավոր է գովել նրան։ Դա լավ ազդեցություն կթողնի երեխայի վրա, և նա անձամբ կզգա, որ «ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35)։
«ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՆԴԵՊ»
7. Հիսուսն ինչպե՞ս նրբանկատություն ու հոգատարություն դրսևորեց խուլ մարդու հանդեպ, և ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։
7 Մի անգամ, երբ Հիսուսը Դեկապոլիսի կողմերում էր, «նրա մոտ բերեցին խուլ և լեզվի արատ ունեցող մի մարդու» (Մարկ. 7։31–35)։ Հիսուսը այդ մարդուն ամբոխի առաջ չօգնեց, այլ «մի կողմ տարավ» և հետո բուժեց։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ մարդը իր հիվանդության պատճառով, հնարավոր է, իրեն լավ չէր զգում բազմության մեջ։ Գուցե դա նկատելով՝ Հիսուսը նրան առանձնացրեց ամբոխից։ Ինչ խոսք, մենք չենք կարող հրաշքով բուժել մարդկանց։ Սակայն կարո՛ղ ենք հաշվի առնել մեր հավատակիցների կարիքներն ու զգացմունքները և պե՛տք է դա անենք։ Պողոս առաքյալը գրել է. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար» (Եբր. 10։24)։ Հիսուսը մտավ խուլ մարդու դրության մեջ և նրբանկատությամբ ու հոգատարությամբ վերաբերվեց նրան։ Ի՜նչ հիանալի օրինակ։
8, 9. Ինչպե՞ս կարող ենք հոգատարություն դրսևորել տարեցների ու հիվանդների նկատմամբ։ Բեր օրինակ։
8 Հոգատար եղիր տարեց կամ հիվանդ մարդկանց հանդեպ։ Քրիստոնեական ժողովում ամենակարևորը սերն է, ոչ թե բարձր ցուցանիշները (Հովհ. 13։34, 35)։ Այդ սերը մեզ մղում է մեր ձեռքից եկածն անել և օգնել տարեց կամ հիվանդ հավատակիցներին, որ կարողանան ներկա լինել քրիստոնեական հանդիպումներին և մասնակցել քարոզչական ծառայությանը։ Մեր աջակցությունը կարևոր է, նույնիսկ եթե նրանք շատ քիչ բան կարող են անել (Մատթ. 13։23)։ Մայքլը, ով գամված է հաշմանդամի սայլակին, խորապես գնահատում է այն օգնությունը, որ ցույց են տալիս իր ընտանիքն ու քարոզչական ծառայության խմբի անդամները։ Նա ասում է. «Նրանց աջակցության շնորհիվ կարողանում եմ ներկա լինել գրեթե բոլոր հանդիպումներին և կանոնավորաբար մասնակցել ծառայությանը։ Հատկապես սիրում եմ հրապարակային վկայությունը»։
9 Շատ Բեթելներում առողջական լուրջ խնդիրներ ունեցող տարեց անդամներ կան։ Հոգատար վերակացուները միջոցներ են ձեռնարկում, որ Աստծուն հավատարիմ այս թանկագին ծառաները կարողանան քարոզել հեռախոսով կամ նամակների միջոցով։ 86-ամյա Բիլը, որը նամակներ է գրում մեկուսի վայրերում ապրող մարդկանց, ասում է. «Մենք շատ ենք գնահատում նամակներ գրելու այս հնարավորությունը»։ Նենսին, որը մոտ 90 տարեկան է, նշում է. «Նամակներ գրելը ես չեմ համարում թուղթ մրոտել։ Սա քարոզչական ծառայության մի ձև է։ Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը»։ Էթելը, որը ծնվել է 1921 թ.-ին, ասում է. «Ցավը կյանքիս անբաժան մասն է։ Լինում են օրեր, երբ ինձ համար դժվար է նույնիսկ հագնվել»։ Չնայած դրան՝ նա հաճույքով ծառայում է հեռախոսով, և կան հետաքրքրվող մարդիկ, որոնց հետ նա կանոնավորաբար զրուցում է։ 85-ամյա Բարբարան պատմում է. «Քանի որ վատառողջ եմ, ինձ համար դժվար է հաճախակի դուրս գալ ծառայության։ Սակայն հեռախոսով կարողանում եմ վկայություն տալ։ Դրա համար անչափ շնորհակալ եմ Եհովային»։ Բեթելներից մեկում բնակվող մի խումբ տարեցներ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում քարոզչական ծառայությանը տրամադրել են 1 228 ժամ, գրել են 6 265 նամակ, կատարել են ավելի քան 2 000 հեռախոսազանգ և տարածել են 6 315 հրատարակություն։ Անկասկած, նրանց ջանքերը ուրախացրել են Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։
10. Ինչպե՞ս կարող ենք օգնել մեր հավատակիցներին լիարժեք օգուտ քաղել հանդիպումներից։
10 Նրբանկատություն և հարգանք դրսևորիր քրիստոնեական հանդիպումների ժամանակ։ Մենք ուզում ենք, որ մեր հավատակիցները լիարժեք օգուտ քաղեն ժողովի հանդիպումներից։ Դրա համար լավ կլինի՝ չուշանանք և չշեղենք մյուսների ուշադրությունը։ Այդպես ցույց կտանք, որ հոգատար ենք և հարգում ենք նրանց։ Ինչ խոսք, չնախատեսված հանգամանքների պատճառով, հնարավոր է, երբեմն չկարողանանք ժամանակին գալ։ Սակայն եթե ուշանալը սովորություն է դարձել, արժե մտածել, թե ինչ փոփոխություններ կարող ենք անել։ Նաև չպետք է մոռանանք, որ մեզ հյուրընկալում են Եհովան և իր Որդին (Մատթ. 18։20)։ Նրանք, անշուշտ, խոր հարգանքի են արժանի։
11. Նրանք, ովքեր հանդիպումների ժամանակ ծրագրի որևէ բաժին են ներկայացնում, ինչո՞ւ պետք է հետևեն 1 Կորնթացիներ 14։40 համարում տրված հրահանգին։
11 Հավատակիցներին հարգելով՝ նաև կգործենք հետևյալ հրահանգի համաձայն. «Ամեն ինչ թող պարկեշտությամբ և կարգուկանոնով լինի» (1 Կորնթ. 14։40)։ Այն եղբայրները, որոնք հանդիպումների ժամանակ ծրագրի որևէ բաժին են ներկայացնում, այս հորդորին հետևելով, չեն գերազանցի իրենց հատկացված ժամանակը։ Այդպես նրանք հոգատարություն և հարգանք կդրսևորեն ոչ միայն հաջորդ հռետորի նկատմամբ, այլև ամբողջ ժողովի։ Հնարավոր է՝ որոշ հավատակիցներ տուն հասնելու համար պետք է երկար ճանապարհ անցնեն։ Շատերը հասարակական տրանսպորտից են օգտվում և պետք է ժամանակին կանգառում լինեն։ Ոմանք էլ ոչ Վկա կողակիցներ ունեն և որոշակի ժամի պետք է տանը լինեն։
12. Ժրաջան երեցները ինչո՞ւ են «մեծագույն գնահատանքի» արժանի (տես «Նրբանկատ եղիր առաջնորդություն վերցնող եղբայրների հանդեպ» շրջանակը)։
12 Երեցները, որոնք ժրաջան են ժողովի գործերում ու քարոզչական ծառայության մեջ, հատուկ հարգանքի են արժանի (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։12, 13)։ Անկասկած գնահատում ես այն ամենը, ինչ նրանք անում են քո օգտի համար։ Ուստի պատրաստակամորեն համագործակցիր երեցների հետ և աջակցիր նրանց։ Չէ՞ որ այս հովիվները «անդադար հոգ են տանում ձեր հոգիների մասին և դրա համար հաշիվ պիտի տան» (Եբր. 13։7, 17)։
ՆՐԲԱՆԿԱՏ ԵՂԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
13. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Հիսուսն ինչպես էր վերաբերվում մարդկանց։
13 Եսայիան Հիսուսի մասին մարգարեացել է. «Կոտրված եղեգը չի փշրի և թույլ վառվող պատրույգը չի հանգցնի» (Ես. 42։3)։ Հիսուսը սիրում էր մարդկանց, ինչն էլ իրեն մղում էր կարեկից լինել։ Նա հասկանում էր, թե ինչ էին զգում նրանք, ովքեր նման էին կոտրված եղեգի կամ մարող պատրույգի։ Ուստի բարի էր, նրբանկատ, հոգատար ու համբերատար։ Նույնիսկ երեխաներն էին ձգվում դեպի նա (Մարկ. 10։14)։ Իհարկե, մենք չենք կարող Հիսուսի պես խորաթափանց լինել և ճիշտ նրա նման սովորեցնել։ Սակայն բոլորս էլ կարո՛ղ ենք նրբանկատ ու հոգատար լինել մեր տարածքում ապրող մարդկանց հանդեպ և պե՛տք է այդպիսին լինենք։ Դրա համար պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես ենք խոսում նրանց հետ, երբ ենք խոսում և որքան երկար։
14. Ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես ենք խոսում մարդկանց հետ։
14 Ինչպե՞ս պետք է խոսենք։ Այսօր անսիրտ ու ապականված քաղաքական և կրոնական առաջնորդների, ինչպես նաև բիզնեսի աշխարհի ղեկավարների պատճառով միլիոնավոր մարդիկ «կեղեքված են և ցիրուցան եղած» (Մատթ. 9։36)։ Շատերը ոչ մեկին չեն վստահում և լավ բանի հույս չունեն։ Ուստի որքա՜ն կարևոր է, որ մեր ընտրած բառերն ու ձայնի երանգը բարություն ու կարեկցանք արտահայտեն։ Շատ մարդիկ մեր քարոզած լուրը լսում են ոչ միայն այն պատճառով, որ աստվածաշնչյան հարուստ գիտելիքներ ունենք և տրամաբանական բաներ ենք ասում, այլև քանի որ զգում են մեր անկեղծ հետաքրքրությունն ու հոգատարությունը։
15. Ինչպե՞ս կարող ենք նրբանկատ լինել այն մարդկանց հանդեպ, ում քարոզում ենք։
15 Ծառայության ժամանակ մեր բարությունն ու հոգատարությունը կարող են տարբեր ձևերով արտահայտվել։ Օրինակ, երբ հարցեր ենք տալիս, ինչը սովորեցնելու լավ միջոց է, պետք է դրանք այնպես ձևակերպենք և այնպես տանք, որ նրբանկատություն և հարգանք դրսևորենք։ Մի ռահվիրա, ում տարածքում հաճախ են հանդիպում ինքնամփոփ և ամաչկոտ մարդիկ, սովորել է այնպիսի հարցեր չտալ, որոնց պատճառով նրանք կարող են անհարմար դրության մեջ հայտնվել, ասենք՝ այնպիսի հարցեր, որոնց չեն կարողանա պատասխանել կամ սխալ կպատասխանեն։ Օրինակ՝ նա չի հարցնում՝ «Գիտե՞ք Աստծու անունը» կամ «Գիտե՞ք, թե ինչ է Աստծու Թագավորությունը»։ Փոխարենը՝ ասում է. «Ես Աստվածաշնչից իմացել եմ, թե ինչ է Աստծու անունը։ Կուզե՞ք՝ ցույց տամ»։ Ինչ խոսք, վայրից վայր մարդիկ ու բարքերը տարբեր են, ուստի այս հարցում ճիշտ չի լինի կանոններ սահմանել։ Սակայն մենք միշտ պետք է նրբանկատ, հոգատար ու հարգալից լինենք։ Դրա համար պետք է լավ իմանանք, թե ինչպիսի մարդիկ են բնակվում մեր տարածքում։
16, 17. Նրբանկատությունը մեզ ի՞նչ անելու կմղի, երբ որոշում ենք, թե ա) որ ժամերին այցելենք մարդկանց, բ) որքան երկար խոսենք։
16 Ե՞րբ այցելենք մարդկանց։ Տնետուն գնալիս հարկավոր է հիշել, որ մենք անկոչ հյուրեր ենք։ Ուստի շատ կարևոր է այնպիսի ժամի գնալ, երբ բնակիչները ավելի հակված կլինեն զրուցելու (Մատթ. 7։12)։ Օրինակ՝ հնարավոր է՝ ձեր տարածքում ապրող մարդիկ հանգստյան օրերին սիրում են երկար քնել։ Այդ դեպքում կարող ես ծառայությունդ սկսել՝ քարոզելով փողոցում, հրապարակային վկայություն տալով կամ վերայցելելով նրանց, ովքեր, գիտես, այդ ժամին արթուն են լինում։
17 Որքա՞ն երկար խոսենք։ Այսօր շատերը զբաղված են, ուստի մարդկանց այցելելիս կարող ես կարճ կապել ասելիքդ, համենայնդեպս՝ սկզբում։ Ավելի լավ է զրույցը շուտ ավարտել, քան երկարաբանել (1 Կորնթ. 9։20–23)։ Եթե մարդիկ տեսնեն, որ հաշվի ենք առնում իրենց հանգամանքներն ու զբաղվածությունը, գուցե ավելի հակված լինեն նորից զրուցելու մեզ հետ։ Ծառայության ժամանակ պետք է երևա, որ դրսևորում ենք սուրբ ոգու պտղի մաս կազմող հատկությունները։ Այդ դեպքում իսկապես կլինենք «Աստծու համագործակիցները», և չի բացառվում, որ Եհովան մեր միջոցով ինչ-որ մեկին կձգի դեպի իրեն (1 Կորնթ. 3։6, 7, 9)։
18. Եթե նրբանկատ ու հոգատար լինենք, ի՞նչ օրհնություններ կստանանք։
18 Այսպիսով՝ եկեք ջանանք նրբանկատ ու հոգատար լինել ընտանիքում, ժողովում և ծառայության ժամանակ։ Արդյունքում բազմաթիվ օրհնություններ կստանանք թե՛ հիմա, թե՛ ապագայում։ Սաղմոս 41։1, 2 համարներում կարդում ենք. «Երջանիկ է նա, ով հոգ է տանում խեղճի մասին. նեղության օրը Եհովան կփրկի նրան.... Երկրի վրա նա երջանիկ կանվանվի»։