Ամենակարող, բայց նրբանկատ ու հոգատար
«Նա [Եհովան] լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք» (ՍԱՂ. 103։14)։
1, 2. ա) Ի տարբերություն այս աշխարհի հզորների՝ Եհովան ինչպե՞ս է վերաբերվում մարդկանց։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
ՀԶՈՐ և ազդեցիկ մարդիկ սովորաբար «տիրում» են և «իշխանություն բանեցնում» ուրիշների վրա (Մատթ. 20։25; Ժող. 8։9)։ Սակայն որքա՜ն է Եհովան տարբերվում նրանցից։ Թեև նա Ամենակարող է, բայց շատ նրբանկատ ու հոգատար է անկատար մարդկանց հանդեպ։ Աստված բարի է և ուշադիր. նա հաշվի է առնում մեր զգացմունքներն ու կարիքները։ Մեր Հայրը «հիշում է, որ հող ենք մենք», ուստի երբեք մեզնից չի պահանջում ավելին, քան կարող ենք անել (Սաղ. 103։13, 14)։
2 Աստվածաշնչում շատ դրվագներ կան, որոնք ցույց են տալիս, թե Եհովան ինչ մեծ հոգատարությամբ ու նրբանկատությամբ է վերաբերվում իր ծառաներին։ Եկեք քննենք դրանցից երեքը։ Առաջինից կտեսնենք, թե Եհովան ինչպիսի հոգատարությամբ օգնեց պատանի Սամուելին, որ դատաստանական լուր փոխանցի Հեղի քահանայապետին։ Երկրորդից կիմանանք, թե Աստված ինչպիսի համբերությամբ պատասխանեց Մովսեսի առարկություններին, երբ վերջինիս հանձնարարեց առաջնորդել իսրայելացիներին։ Իսկ երրորդ դրվագից կտեսնենք, թե Նա ինչպիսի հոգատարություն դրսևորեց իսրայելացիներին Եգիպտոսից հանելիս։ Եկեք խորհենք այս օրինակների շուրջ և քննարկենք, թե ինչ կարող ենք սովորել Եհովայի մասին և թե ինչպես կարող ենք մեր սովորածը կիրառել կյանքում։
ՀԱՅՐԱԿԱՆ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ
3. Մի գիշեր ի՞նչ արտասովոր բան պատահեց Սամուելին, և ի՞նչ հարց է ծագում (տես հոդվածի սկզբի նկարը)։
3 Սամուելը վաղ տարիքից խորանում ծառայում էր Եհովային (1 Սամ. 3։1)։ Մի գիշեր, երբ նա պառկել էր քնելու, շատ արտասովոր բան տեղի ունեցավ (կարդա 1 Սամուել 3։2–10)։a Նա մի ձայն լսեց, որը կանչում էր իրեն։ Մտածելով, թե դա տարեց Հեղի քահանայապետի ձայնն է՝ Սամուելը վազեց նրա մոտ ու ասաց. «Ահա այստե՛ղ եմ, կանչե՞լ ես ինձ»։ Հեղին պատասխանեց, որ չի կանչել։ Երբ նույն բանը ևս երկու անգամ կրկնվեց, Հեղին հասկացավ, որ Աստված էր կանչում Սամուելին։ Ուստի տղային ասաց, թե ինչ պատասխանի, երբ նորից լսի այդ ձայնը։ Սամուելը նրա ասածի պես արեց։ Սակայն հարց է ծագում. Եհովան ինչո՞ւ հենց սկզբից իր հրեշտակի միջոցով Սամուելին չասաց, որ կանչողը ինքն է։ Աստվածաշունչը չի պատասխանում այդ հարցին։ Սակայն դեպքերի զարգացումից կարող ենք եզրակացնել, որ Եհովան, հոգատարությունից դրդված, հաշվի առավ պատանի Սամուելի զգացմունքները։
4, 5. ա) Ի՞նչ զգաց Սամուելը, երբ Աստված իրեն հանձնարարեց դատաստանական լուր հայտնել Հեղիին, և ի՞նչ եղավ առավոտյան։ բ) Եհովայի մասին ի՞նչ ենք սովորում այս դրվագից։
4 Կարդա 1 Սամուել 3։11–18։ Եհովայի Օրենքը երեխաներին պատվիրում էր հարգել տարեցներին, հատկապես նրանց, ովքեր իշխանություն ունեին (Ելք 22։28; Ղևտ. 19։32)։ Սամուելի համար հեշտ կլինե՞ր առավոտյան գնալ Հեղիի մոտ և համարձակորեն հայտնել Աստծու դատաստանական լուրը։ Դժվար թե։ Աստվածաշունչն ասում է, որ «Սամուելը վախեցավ տեսիլքի մասին պատմել Հեղիին»։ Սակայն քանի որ Եհովան Հեղիին հասկացրել էր, որ ինքն է ձայն տալիս Սամուելին, Հեղին իր մոտ կանչեց տղային և պատվիրեց ամեն ինչ պատմել։ «Աստված թող քեզ այսպես ու սրանից ավելին անի, եթե քեզ ասած խոսքերից մի խոսք անգամ թաքցնես ինձանից»,— ասաց քահանայապետը։ Ուստի Սամուելը «բոլոր խոսքերը հայտնեց նրան»։
5 Այդ լուրը անակնկալի չբերեց Հեղիին, քանի որ ավելի վաղ «Աստծուց մի մարդ» էր եկել և նույնպիսի լուր էր հայտնել նրան (1 Սամ. 2։27–36)։ Այսպիսով՝ Սամուելին պատահած դեպքից տեսնում ենք, թե որքան իմաստուն, հոգատար ու նրբանկատ է Եհովան։
6. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Եհովան ինչպես օգնեց պատանի Սամուելին։
6 Եթե պատանի ես, ի՞նչ կարող ես սովորել Սամուելի պատմությունից։ Այն ցույց է տալիս, որ Եհովան հասկանում է, թե ինչ դժվարություններ ունես և ինչ ես զգում։ Հնարավոր է՝ ամաչկոտ ես, և քեզ համար դժվար է Թագավորության լուրը հայտնել մեծահասակներին կամ «սպիտակ ագռավ» լինել հասակակիցներիդ շրջանում։ Համոզված եղիր, որ Եհովան ուզում է օգնել քեզ։ Ուստի աղոթիր նրան և սիրտդ դատարկիր նրա առաջ (Սաղ. 62։8)։ Խորհիր Աստվածաշնչում հիշատակված պատանիների, այդ թվում՝ Սամուելի օրինակի շուրջ։ Զրուցիր պատանի կամ մեծահասակ հավատակիցներիդ հետ, ովքեր նույն դժվարությունների միջով են անցել։ Ամենայն հավանականությամբ, նրանք կպատմեն, թե Եհովան ինչպես է օգնել իրենց՝ գուցե անելով անսպասելին։
ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԵՍԻ ՀԱՆԴԵՊ
7, 8. Եհովան ինչպե՞ս մեծ հոգատարություն դրսևորեց Մովսեսի հանդեպ։
7 Երբ Մովսեսը 80 տարեկան էր, Եհովան նրան դժվար հանձնարարություն տվեց։ Նա պետք է Իսրայել ազգին ազատեր Եգիպտոսի ստրկությունից (Ելք 3։10)։ Մովսեսը, որը վերջին 40 տարիների ընթացքում հովիվ էր եղել Մադիանում, ըստ ամենայնի, սարսափեց՝ այդպիսի առաջադրանք ստանալով։ «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից»,— ասաց նա։ Սակայն Աստված նրան հավաստիացրեց. «Ես քեզ հետ կլինեմ» (Ելք 3։11, 12)։ Նաև խոստացավ. «[Իսրայելի երեցները] կլսեն քո ձայնին»։ Այնուամենայնիվ, Մովսեսը պատասխանեց. «Իսկ եթե նրանք.... չլսե՞ն» (Ելք 3։18; 4։1)։ Փաստորեն, Մովսեսը առարկեց Աստծուն։ Բայց Եհովան չկորցրեց իր համբերությունը։ Դեռ ավելին՝ նրան հրաշքներ գործելու զորություն տվեց։ Մովսեսը Աստվածաշնչում հիշատակված առաջին մարդն է, ով այդպիսի զորություն ստացավ (Ելք 4։2–9, 21)։
8 Նույնիսկ այս ամենից հետո Մովսեսը ուրիշ պատճառաբանություն բերեց՝ ասելով, որ վարժ չի խոսում։ Աստված էլ պատասխանեց. «Ես քո բերանի հետ կլինեմ և կսովորեցնեմ քեզ, թե ինչ պետք է ասես»։ Սա համոզե՞ց Մովսեսին։ Ըստ երևույթին, ո՛չ։ Նա խոնարհաբար խնդրեց Աստծուն, որ մեկ ուրիշին ուղարկի։ Այդ ժամանակ Եհովան արդարացիորեն բարկացավ։ Սակայն կրկին ընդառաջեց Մովսեսին։ Հաշվի առնելով իր ծառայի զգացմունքները՝ Աստված Ահարոնին նշանակեց որպես նրա խոսնակ (Ելք 4։10–16)։
9. Եհովայի համբերությունն ու հոգատարությունը ինչպե՞ս օգնեցին Մովսեսին կատարել իր ստացած հանձնարարությունը։
9 Այս դրվագից ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին։ Որպես Գերիշխան՝ նա կարող էր ահ ազդել Մովսեսին և ստիպել նրան անմիջապես ենթարկվել իր ասածին։ Սակայն Եհովան բարի ու համբերատար եղավ՝ փարատելով իր համեստ ու խոնարհ ծառայի անհանգստությունները։ Այս մոտեցումը արդյունք բերե՞ց։ Անկասկա՛ծ։ Մովսեսը լավ առաջնորդ դարձավ, ով ջանում էր ուրիշներին վերաբերվել մեղմությամբ ու հոգատարությամբ, ինչպես Եհովան էր իրեն վերաբերվել (Թվեր 12։3)։
10. Եհովային ընդօրինակելն ու հոգատար լինելը ի՞նչ օգուտ է բերում։
10 Ի՞նչ դասեր ենք քաղում։ Եթե ամուսին ես, ծնող կամ ժողովի երեց, որոշակի իշխանություն ունես։ Ուստի որքա՜ն կարևոր է, որ հետևես Եհովայի օրինակին և քո հոգածության տակ գտնվող մարդկանց վերաբերվես բարությամբ, հոգատարությամբ, նրբանկատությամբ ու համբերությամբ (Կող. 3։19–21; 1 Պետ. 5։1–3)։ Եթե ձգտես ընդօրինակել Եհովային և Մեծ Մովսեսին՝ Հիսուս Քրիստոսին, մատչելի մարդ կլինես, թարմություն կբերես ուրիշներին և լավ օրինակ կթողնես (Մատթ. 11։28, 29; Եբր. 13։7)։
ԱՀ ՆԵՐՇՆՉՈՂ, ԲԱՅՑ ՀՈԳԱՏԱՐ ՓՐԿԻՉ
11, 12. Իսրայելացիներին Եգիպտոսից հանելիս Եհովան ի՞նչ արեց, որ նրանք ապահով զգան։
11 Երբ մ. թ. ա. 1513 թ.-ին իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, նրանց թիվը հավանաբար գերազանցում էր երեք միլիոնը։ Եգիպտոսը լքեց երեք կամ չորս սերունդ, այդ թվում՝ երեխաներ ու տարեցներ, որոնց մեջ, անկասկած, կային հիվանդներ ու հաշմանդամներ։ Այս մեծ բազմությունը ղեկավարելու համար հասկացող ու հոգատար Առաջնորդ էր հարկավոր։ Եհովան Մովսեսի միջոցով ակնհայտ դարձրեց, որ այդպիսի Առաջնորդ է։ Դրա շնորհիվ իսրայելացիները ապահով էին զգում, չնայած որ թողել էին իրենց հարազատ դարձած տունը (Սաղ. 78։52, 53)։
12 Եհովան ի՞նչ արեց, որ իր ժողովուրդը ապահով ու պաշտպանված զգա։ Նախ՝ իսրայելացիներին Եգիպտոսից հանեց «մարտական կարգով» (Ելք 13։18)։ Այդպիսի կազմակերպվածությունը նրանց վստահությամբ լցրեց, որ ամեն ինչ Աստծու վերահսկողության տակ է։ Բացի այդ, Եհովան տեսանելի դարձրեց իր ներկայությունը. «ցերեկը՝ ամպով, իսկ ողջ գիշերը՝ կրակի լույսով» (Սաղ. 78։14)։ Նա, ըստ էության, ասում էր նրանց. «Մի՛ վախեցեք։ Ես ձեզ հետ եմ, որ առաջնորդեմ ու պաշտպանեմ ձեզ»։ Իսրայելացիներն անշուշտ ունեին այս հավաստիացման կարիքը, եթե հաշվի առնենք, թե ինչպես էին զարգանալու դեպքերը։
13, 14. ա) Կարմիր ծովի մոտ Եհովան ինչպե՞ս հոգ տարավ իսրայելացիների մասին։ բ) Աստված ինչպե՞ս ցույց տվեց, որ եգիպտացիներից անհամեմատ ավելի զորավոր է։
13 Կարդա Ելք 14։19–22։ Այժմ պատկերացրու քեզ այնտեղ։ Մի կողմում փարավոնի զորքն է, մյուս կողմում՝ Կարմիր ծովը. թվում է՝ թակարդն ես ընկել։ Սակայն Աստված սկսում է գործել։ Ամպի սյունը տեղափոխվում է ձեր ճամբարի հետևի կողմը և պատնեշ է դառնում ձեր ու եգիպտացիների միջև՝ նրանց պահելով խավարի մեջ։ Իսկ ձեր հսկայական ճամբարը հրաշքով ողողվում է լույսով։ Այնուհետև տեսնում ես, թե Մովսեսն ինչպես է ձեռքը մեկնում ծովի վրա, և արևելյան ուժգին քամին ծովի մեջ ճանապարհ է բացում դեպի մյուս ափը։ Ամբողջ ժողովրդի հետ դու, քո ընտանիքն ու անասունները կազմակերպված ձևով առաջ եք ընթանում ծովի հատակով։ Անմիջապես մի արտասովոր բան ես նկատում. ծովի հատակը ցեխոտ կամ սառած չէ։ Այն չոր է և պինդ. դրա վրայով հեշտ է քայլել։ Նույնիսկ դանդաղ քայլողները ապահով հասնում են մյուս կողմը։
14 Կարդա Ելք 14։23, 26–30։ Որոշ ժամանակ հետո հպարտ փարավոնը, առանց երկար-բարակ մտածելու, իսրայելացիների հետևից մտնում է ծովը։ Մովսեսը կրկին ձեռքը մեկնում է ծովի վրա, և պատնեշի պես կանգնած ջրերը, երկու կողմից գահավիժելով, ծածկում են հատակը։ Փարավոնն ու իր զինվորները, ինչ խոսք, անզոր են ցունամիի պես եկող ջրերի առաջ. նրանցից ոչ ոք կենդանի չի մնում (Ելք 15։8–10)։
15. Իսրայելացիների փրկության պատմությունից ի՞նչ ես սովորում Եհովայի մասին։
15 Այս պատմությունից տեսնում ենք, որ Եհովան կարգուկանոնի Աստված է, ինչը մեզ օգնում է ապահով ու պաշտպանված զգալ (1 Կորնթ. 14։33)։ Եհովան նաև սիրառատ հովիվ է և բոլոր առումներով հոգ է տանում իր ժողովրդի մասին։ Նա քնքշորեն խնամում է իր ծառաներին և պաշտպանում թշնամիներից։ Որքա՜ն ենք քաջալերվում՝ իմանալով այս ճշմարտությունները, չէ՞ որ այս աշխարհի վերջը ուր որ է վրա կհասնի (Առակ. 1։33)։
16. Իսրայելացիների փրկության պատմությունը ինչպե՞ս է մեզ զորացնում։
16 Այսօր ևս Եհովան ֆիզիկապես ու հոգևորապես հոգ է տանում իր ժողովրդի մասին՝ որպես խմբի։ Նա կշարունակի դա անել նաև սրընթաց մոտեցող մեծ նեղության ժամանակ (Հայտն. 7։9, 10)։ Ուստի այդ ընթացքում Աստծու ծառաները, լինեն տարեց, թե երիտասարդ, խուճապի չեն մատնվի ու չեն սարսափի։b Նրանք կանեն ճիշտ հակառակը՝ հիշելով Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ուղիղ կանգնեք և բարձրացրեք ձեր գլուխները, որովհետև ձեր ազատագրումը մոտենում է» (Ղուկ. 21։28)։ Նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց վրա հարձակվի Գոգը՝ ազգերի կոալիցիան, որը շատ ավելի հզոր կլինի, քան փարավոնը, նրանք լիովին համոզված կլինեն, որ Եհովան կպաշտպանի իրենց (Եզեկ. 38։2, 14–16)։ Աստծու ժողովուրդը ինչո՞ւ չի սասանվի։ Որովհետև գիտի, որ Եհովան չի փոխվում. նա նորից կգործի որպես հոգատար Փրկիչ (Ես. 26։3, 20)։
17. ա) Ի՞նչ կարող ենք անել, որ օգուտ քաղենք Աստվածաշնչի այն հատվածներից, որոնք բացահայտում են Եհովայի հոգատարությունը։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
17 Այս հոդվածում բերված օրինակները ընդամենը մի քանիսն են այն բազում դրվագներից, որոնք ցույց են տալիս, թե Եհովան ինչպիսի բարությամբ ու նրբանկատությամբ է հոգ տանում, առաջնորդում և փրկում իր ծառաներին։ Խորհելով այդ դեպքերի շուրջ՝ ուշադրություն դարձրու այն մանրուքներին, որոնք շատ բան են բացահայտում Եհովայի էության մասին։ Այդպես ավելի լավ կհասկանաս, թե Աստված ինչ հրաշալի հատկություններ ունի, և դա կխորացնի քո սերն ու հավատը նրա հանդեպ։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե հոգատարություն և նրբանկատություն դրսևորելու հարցում ինչպես կարող ենք ընդօրինակել Եհովային։ Կխոսենք ընտանիքի, ժողովի և ծառայության մասին։
a Հրեա պատմիչ Հովսեպոսը գրել է, որ այդ ժամանակ Սամուելը 12 տարեկան էր։
b Տրամաբանական է եզրակացնել, որ Արմագեդոնից փրկվածների մեջ հաշմանդամներ կլինեն։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը բուժում էր «ամեն տեսակ հիվանդություն ու տկարություն»։ Դա մեզ ցույց է տալիս, թե նա ինչ է անելու Արմագեդոնից փրկված մարդկանց համար (Մատթ. 9։35)։ Ինչ վերաբերում է հարություն առնողներին, նրանք առողջ մարմնով կկենդանանան։