ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 49
Եհովան կպատասխանի՞ աղոթքներիս
«Դուք կկանչեք ինձ, կգաք ու կաղոթեք ինձ, ու ես կլսեմ ձեզ» (ԵՐԵՄ. 29։12)։
ԵՐԳ 41 Խնդրում եմ, աղոթքս լսիր
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1-2. Ինչո՞ւ գուցե մտածենք, որ Եհովան չի պատասխանում մեր աղոթքներին։
«ԱՆՍԱՀՄԱՆ ուրախություն գտիր Եհովայի մոտ, և նա կկատարի քո սրտի խնդրանքները» (Սաղ. 37։4)։ Ի՜նչ հրաշալի խոստում։ Բայց արդյո՞ք մենք պետք է ակնկալենք, որ Եհովան անմիջապես կատարելու է մեր բոլոր խնդրանքները։ Ինչո՞ւ է այս հարցը կարևոր։ Պատկերացնենք հետևյալը։ Ամուրի քույրը աղոթում է, որ Թագավորության քարոզիչների դպրոցում սովորելու հրավեր ստանա։ Տարիներն անցում են, բայց նրան այդպես էլ չեն հրավիրում։ Երիտասարդ եղբայրը աղոթում է, որ բուժվի լուրջ հիվանդությունից, որպեսզի կարողանա ժողովում ավելին անել, բայց նրա առողջությունը չի բարելավվում։ Մեկ այլ իրավիճակ։ Քրիստոնյա ծնողներն աղոթում են, որ իրենց երեխան մնա ճշմարտության մեջ, բայց վերջինս որոշում է թողնել Եհովային։
2 Թերևս դու էլ ես Եհովայից մի բան խնդրել, բայց աղոթքիդ պատասխանը չես ստացել։ Արդյունքում գուցե եզրակացրել ես, որ Եհովան պատասխանում է ոմանց աղոթքներին, բայց ոչ քո։ Կամ էլ մտածել ես, որ ինչ-որ բան սխալ ես արել։ Ջենիսb անունով մի քույր նմանատիպ զգացումներ ուներ։ Նա և իր ամուսինը աղոթում էին Եհովային, որ հրավիրվեն Բեթել։ Քույրն ասում է. «Ես համոզված էի, որ շուտով Բեթելում ծառայելու հրավեր կստանանք»։ Բայց անցան ամիսներ, անգամ տարիներ, և այդ զույգը այդպես էլ չհրավիրվեց։ Ջենիսը պատմում է. «Ես տխուր էի և շփոթված։ Մտածում էի. «Ինչո՞վ եմ հիասթափեցրել Եհովային. չէ՞ որ այս հարցի մասին շատ կոնկրետ եմ աղոթում։ Ինչո՞ւ նա չի պատասխանում իմ աղոթքներին»»։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Երբեմն գուցե կասկածենք, որ Եհովան լսում է մեր աղոթքները։ Այդպիսի կասկածներ են ունեցել անգամ անցյալում ապրած հավատարիմ մարդկանցից ոմանք (Հոբ 30։20; Սաղ. 22։2; Ամբ. 1։2)։ Բայց Եհովան չի անտեսում մեր աղոթքները (Սաղ. 65։2)։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել դրանում։ Այս հարցի պատասխանն իմանալու համար նախ քննենք հետևյալ երեք հարցերը՝ 1) ի՞նչ կարող ենք ակնկալել Եհովայից, 2) ի՞նչ է Եհովան ակնկալում մեզնից, և 3) ինչո՞ւ երբեմն պետք է փոփոխենք մեր խնդրանքները։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱԿՆԿԱԼԵԼ ԵՀՈՎԱՅԻՑ
4. Երեմիա 29։12-ի համաձայն՝ ի՞նչ է Եհովան խոստանում։
4 Եհովան խոստանում է լսել մեր աղոթքները (կարդա Երեմիա 29։12)։ Մեր Աստված սիրում է իր հավատարիմ ծառաներին, ուստի երբեք չի անտեսի նրանց աղոթքները (Սաղ. 10։17; 37։28)։ Բայց դա չի նշանակում, որ նա մեզ կտա այն ամենը, ինչ խնդրում ենք։ Որոշ աղոթքների պատասխաններ գուցե միայն նոր աշխարհում ստանանք։
5. Ի՞նչ է Եհովան հաշվի առնում, երբ լսում է մեր աղոթքները։ Բացատրիր։
5 Եհովան հաշվի է առնում, թե ինչպես են մեր աղոթքները կապված իր նպատակի հետ (Ես. 55։8, 9)։ Եհովայի նպատակի մեջ է մտնում այն, որ երկիրը լցվի այնպիսի մարդկանցով, որոնք ուրախությամբ կհնազանդվեն նրա իշխանությանը։ Բայց Սատանան պնդում է, որ մարդիկ իրենք իրենց ավելի լավ կարող են ղեկավարել (Ծննդ. 3։1-5)։ Փաստելու համար, որ Սատանայի պնդումը սուտ է, Եհովան թույլ է տվել, որ մարդիկ ղեկավարեն իրենք իրենց։ Մարդկային ղեկավարման պատճառով այսօր մենք շատ դժվարությունների ենք բախվում (Ժող. 8։9)։ Մենք հասկանում ենք, որ Եհովան այժմ չի վերացնի մեր բոլոր խնդիրները։ Եթե նա այդպես վարվեր, ոմանք գուցե եզրակացնեին, թե մարդիկ լավ էլ ղեկավարում են իրենք իրենց և ի վիճակի են լուծելու մարդկության խնդիրները։
6. Ինչո՞ւ պետք է համոզված լինենք, որ Եհովան միշտ վարվում է սիրառատ ու արդար կերպով։
6 Նույնաբովանդակ խնդրանքներին Եհովան կարող է տարբեր կերպերով արձագանքել։ Օրինակ՝ երբ Եզեկիա թագավորը ծանր հիվանդ էր, աղաչեց Եհովային, որ բուժվի։ Եհովան բուժեց նրան (2 Թագ. 20։1-6)։ Բայց երբ Պողոս առաքյալը խնդրեց, որ «փշի նման ծակող [իր] ցավը» հեռացվի, ինչը թերևս առողջական խնդիր էր, Եհովան չվերացրեց այն (2 Կորնթ. 12։7-9)։ Ուշադրություն դարձնենք նաև Հակոբոս և Պետրոս առաքյալների օրինակներին։ Երբ Հերովդես թագավորը ցանկանում էր սպանել նրանց, ողջ ժողովը աղոթում էր Պետրոսի և հավանաբար նաև Հակոբոսի համար։ Սակայն Հակոբոսին սպանեցին, իսկ Պետրոսը հրաշքով փրկվեց (Գործ. 12։1-11)։ Գուցե մտածենք. «Ինչո՞ւ Եհովան փրկեց Պետրոսին, իսկ Հակոբոսին՝ ոչ»։ Աստվածաշունչը չի պատասխանում այս հարցին։c Բայց մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովայի գործելակերպի մեջ «անարդարություն չկա» (2 Օրենք 32։4)։ Մենք գիտենք, որ թե՛ Պետրոսը և թե՛ Հակոբոսը ունեին Եհովայի հավանությունը (Հայտն. 21։14)։ Հնարավոր է՝ Եհովան երբեմն չպատասխանի մեր աղոթքներին այնպես, ինչպես մենք ենք ակնկալում։ Բայց քանի որ համոզված ենք, որ նա միշտ սիրառատ ու արդար կերպով է վարվում, երբեք հարցականի տակ չենք դնի այն, թե ինչպես է նա պատասխանում մեր աղոթքներին (Հոբ 33։13)։
7. Ինչի՞ց ենք փորձում խուսափել և ինչո՞ւ։
7 Մարդկանց հանգամանքները տարբեր են, ուստի մենք ձգտում ենք համեմատություններ չանել։ Ենթադրենք՝ Եհովայից կոնկրետ մի բան ենք խնդրել, բայց նա չի տվել մեր ուզածը։ Հետո իմանում ենք, որ մեկ ուրիշն էլ է նմանատիպ աղոթք արել, և Եհովան կարծես պատասխանել է նրան։ Նման բան տեղի ունեցավ Աննա անունով մի քրոջ հետ։ Աննան խնդրում էր, որ իր ամուսինը՝ Մեթյուն, բուժվի քաղցկեղից։ Այդ ընթացքում նրանց ժողովից երկու տարեց քույրեր նույնպես պայքարում էին քաղցկեղի դեմ։ Աննան ջերմեռանդորեն աղոթում էր թե՛ Մեթյուի, թե՛ այդ քույրերի համար։ Ի վերջո քույրերը հաղթահարեցին քաղցկեղը, բայց Մեթյուն մահացավ։ Սկզբում Աննան մտածում էր, որ այդ քույրերը Եհովայի օգնությամբ առողջացան։ Եվ եթե դա այդպես է, ինչո՞ւ Եհովան այնպես չարեց, որ իր ամուսինն էլ բուժվեր։ Իհարկե, հստակ չենք կարող ասել, թե ինչն է օգնել այդ քույրերին։ Բայց մի բան հաստատ է. ապագայում Եհովան մեկընդմիշտ վերացնելու է տառապանքը։ Նա փափագով սպասում է, որ հարություն տա իր մահացած ընկերներին (Հոբ 14։15)։
8. ա) Եսայիա 43։2-ի համաձայն՝ ինչպե՞ս է Եհովան աջակցում մեզ։ բ) Ինչպե՞ս կարող է աղոթքը օգնել մեզ, երբ բախվում ենք ծանր փորձությունների (տես «Աղոթքն օգնում է մեզ տոկալ դժվարությունների ներքո» տեսանյութը)։
8 Եհովան միշտ կաջակցի մեզ։ Լինելով մեր սիրառատ Հայրը՝ Եհովան չի ուզում, որ մենք տառապենք (Ես. 63։9)։ Սակայն նա չի կանխում մեր բոլոր փորձությունները, որոնք նման են գետերի ու կրակի (կարդա Եսայիա 43։2)։ Փոխարենը նա խոստանում է, որ կօգնի մեզ «անցնել» դրանց միջով։ Եհովան թույլ չի տա, որ փորձությունները անդառնալի վնաս պատճառեն մեզ։ Նա նաև մեզ կտա իր զորեղ ոգին, որ կարողանանք դիմանալ (Ղուկ. 11։13; Փիլիպ. 4։13)։ Ուստի կարող ենք համոզված լինել, որ Եհովան կտա մեզ այն ամենը, ինչի կարիքն ունենք դժվարություններին դիմանալու և նրան հավատարիմ մնալու համար։d
Ի՞ՆՉ Է ԵՀՈՎԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
9. Հակոբոս 1։6, 7 համարների համաձայն՝ ինչո՞ւ պետք է համոզված լինենք, որ Եհովան կօգնի մեզ։
9 Եհովան ակնկալում է, որ վստահենք իրեն (Եբր. 11։6)։ Մեր խնդիրները երբեմն գուցե անհաղթահարելի թվան։ Հնարավոր է՝ անգամ սկսենք կասկածել, որ Եհովան կօգնի մեզ։ Բայց Աստվածաշունչը հավաստիացնում է, որ Աստծու տված ուժի շնորհիվ մենք կարող ենք «պարիսպ մագլցել» (Սաղ. 18։29)։ Ուստի կասկածներին տրվելու փոխարեն պետք է հավատով լի աղոթենք և համոզված լինենք, որ Եհովան կպատասխանի մեր աղոթքներին (կարդա Հակոբոս 1։6, 7)։
10. Բացատրիր, թե ինչպես կարող ենք գործել մեր աղոթքներին ներդաշնակ։
10 Եհովան ակնկալում է, որ մեր աղոթքներին ներդաշնակ վարվենք։ Օրինակ՝ եղբայրը գուցե աղոթի, որ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու համար աշխատանքից բացակայելու թույլտվություն ստանա։ Ինչպե՞ս Եհովան կպատասխանի այդ աղոթքին։ Թերևս նա եղբորը քաջություն կտա գործատիրոջ հետ խոսելու համար։ Այնուամենայնիվ, եղբայրը պետք է քայլեր անի։ Նա պետք է մոտենա գործատիրոջը և թույլտվություն խնդրի։ Հնարավոր է՝ եղբայրը մի քանի անգամ անի դա։ Գուցե նաև կարիք լինի, որ բաց թողած օրվա փոխարեն նա մեկ ուրիշ օր աշխատի կամ չվճարվող արձակուրդ վերցնի։
11. Ինչո՞ւ պետք է շարունակ աղոթենք մեր մտահոգությունների մասին։
11 Եհովան ակնկալում է, որ շարունակ աղոթենք այն հարցերի մասին, որոնք կարևոր են մեզ համար (1 Թեսաղ. 5։17)։ Հիսուսի խոսքերից երևում է, որ մեր ոչ բոլոր խնդրանքները անմիջապես կկատարվեն (Ղուկ. 11։9)։ Ուստի մի՛ հանձնվիր։ Շարունակիր ջերմեռանդորեն աղոթել (Ղուկ. 18։1-7)։ Երբ մենք շարունակաբար աղոթում ենք որևէ հարցի մասին, Եհովան տեսնում է, որ դա շատ կարևոր է մեզ համար։ Այդպիսով նաև ցույց ենք տալիս մեր համոզվածությունը այն բանում, որ Եհովան ի զորու է օգնելու մեզ։
ԵՐԲԵՄՆ ԻՆՉՈ՞Ւ ԳՈՒՑԵ ԿԱՐԻՔ ԼԻՆԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԵՐ ԽՆԴՐԱՆՔՆԵՐԸ
12. ա) Մեր աղոթքների վերաբերյալ ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ և ինչո՞ւ։ բ) Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մեր աղոթքները հարգալից են (տես «Աղոթքներս հարգանք արտահայտո՞ւմ են Եհովայի հանդեպ» շրջանակը)։
12 Եթե մեր աղոթքներն անպատասխան են մնում, կարող ենք մտածել հետևյալ երեք հարցերի շուրջ։ Առաջին՝ «Արդյո՞ք ճիշտ բաների համար եմ աղոթում»։ Հաճախ մեզ թվում է՝ գիտենք՝ ինչն է լավագույնը մեզ համար։ Բայց մենք կարող ենք սխալվել։ Գուցե ինչ-որ խնդրի հետ կապված կոնկրետ լուծում ենք խնդրում Եհովայից, բայց պետք է հիշենք, որ նա թերևս այդ խնդիրը լուծելու ավելի լավ տարբերակ ունի։ Բացի այդ՝ հնարավոր է՝ մեր խնդրածը ներդաշնակ չէ Աստծու կամքին (1 Հովհ. 5։14)։ Հիշենք, թե հոդվածի սկզբում հիշատակված ծնողները ինչի մասին էին աղոթում։ Նրանք խնդրում էին, որ Եհովան իրենց երեխային ճշմարտության մեջ պահի։ Առաջին հայացքից այդ խնդրանքը տեղին է թվում։ Սակայն Եհովան ոչ ոքի չի ստիպում ծառայել իրեն։ Նա ուզում է, որ բոլորը, այդ թվում՝ մեր երեխաները, ինքնուրույն որոշեն պաշտել իրեն, թե ոչ (2 Օրենք 10։12, 13; 30։19, 20)։ Փոխարենը ծնողները կարող էին խնդրել, որ Աստված օգնի իրենց հասնել երեխայի սրտին, որպեսզի նա մղվի սիրելու նրան և դառնալու նրա ընկերը (Առակ. 22։6; Եփես. 6։4)։
13. Եբրայեցիներ 4։16-ի համաձայն՝ ե՞րբ Եհովան կօգնի մեզ։ Բացատրիր։
13 Հաջորդ հարցը, որի շուրջ արժե մտածել, հետևյալն է՝ «Արդյո՞ք հիմա ճիշտ ժամանակն է, որ Աստված պատասխանի իմ աղոթքին»։ Գուցե ակնկալենք, որ Եհովան անմիջապես պատասխանի մեր աղոթքներին։ Բայց իրականում նա ավելի լավ գիտի, թե երբ է դրանց պատասխանելու լավագույն ժամանակը (կարդա Եբրայեցիներ 4։16)։ Երբ անմիջապես չենք ստանում մեր աղոթքի պատասխանը, գուցե մտածենք, թե մեր աղոթքի պատասխանն է՝ «Ո՛չ»։ Բայց իրականում Եհովան գուցե ասում է՝ «Դե՛ռ ոչ»։ Օրինակ՝ հիշենք այն երիտասարդ եղբորը, ով աղոթել էր, որ ապաքինվի։ Եթե Եհովան հրաշքով բուժեր նրան, Սատանան կարող էր պնդել, որ եղբայրը շահադիտական նպատակներով է ծառայում Եհովային (Հոբ 1։9-11; 2։4)։ Բացի այդ՝ Եհովան բոլոր հիվանդությունները բուժելու համար կոնկրետ ժամանակ է որոշել (Ես. 33։24; Հայտն. 21։3, 4)։ Ուստի եղբայրը կարող էր Եհովայից ուժ և մտքի խաղաղություն խնդրել, որ դիմանա իր հիվանդությանը ու հավատարմորեն ծառայի նրան (Սաղ. 29։11)։
14. Ի՞նչ ես սովորում Ջենիսի օրինակից։
14 Հիշենք նաև Ջենիսի օրինակը, ով աղոթում էր Բեթելում ծառայելու հրավեր ստանալու մասին։ Միայն հինգ տարի անց նա հասկացավ, թե ինչպես է Եհովան պատասխանել իր աղոթքին։ Քույրն ասում է. «Այդ ընթացքում Եհովան կրթել է ինձ և օգնել, որ հղկեմ հատկություններս։ Ես պետք է սովորեի ավելի շատ վստահել նրան, և բարելավեի անձնական ուսումնասիրությունս։ Բացի այդ՝ պետք է հասկանայի, որ անկախ հանգամանքներից՝ կարող եմ ուրախ լինել»։ Ավելի ուշ Ջենիսն ու նրա ամուսինը նշանակվեցին շրջանային ծառայության։ Հետ նայելով՝ Ջենիսն ասում է. «Եհովան պատասխանեց իմ աղոթքներին, թեև ոչ իմ ակնկալած ձևով։ Ժամանակ պահանջվեց, որ կարողանամ հասկանալ, թե ինչ հրաշալի նվեր է Եհովան տվել մեզ։ Շատ շնորհակալ եմ Եհովային նրա սիրո և հոգատարության համար»։
15. Ինչո՞ւ գուցե կարիք լինի երբեմն աղոթել ավելի ընդհանուր բաների մասին (տես նաև նկարները)։
15 Մյուս հարցը, որին արժե ուշադրություն դարձնել, հետևյալն է՝ «Գուցե պետք է մեկ ա՞յլ բանի մասին աղոթեմ»։ Թեև կոնկրետ թեմայի մասին աղոթելը լավ է, սակայն երբեմն գուցե կարիք լինի ավելի ընդհանուր բաների մասին աղոթել, որպեսզի հասկանանք, թե որն է Եհովայի կամքը մեր առնչությամբ։ Հիշենք այն քրոջ օրինակը, ով աղոթում էր, որ Թագավորության քարոզիչների դպրոցի հրավեր ստանա։ Նա ուզում էր սովորել դպրոցում, որպեսզի տեղափոխվեր այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը ավելի մեծ է։ Ուստի լավ կլիներ՝ դպրոցում սովորելու խնդրանքին զուգահեռ նա աղոթեր, որ Եհովան օգնի իրեն տեսնել, թե ծառայությունն ընդլայնելու ուրիշ ինչ հնարավորություններ ունի (Գործ. 16։9, 10)։ Հետո վարվելով իր աղոթքին համապատասխան՝ նա կարող էր հարցնել շրջանային վերակացուին, թե արդյոք ռահվիրաների կարիք կա մոտակա ժողովներից մեկում, կամ էլ նամակ ուղարկել մասնաճյուղ և հարցնել, թե որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։e
16. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։
16 Հոդվածը հավաստիացրեց մեզ, որ Եհովան պատասխանում է մեր աղոթքներին սիրառատ ու արդար ձևով (Սաղ. 4։3; Ես. 30։18)։ Ճիշտ է, երբեմն գուցե չստանանք մեր ակնկալած պատասխանը, բայց Եհովան երբեք չի անտեսում մեր աղոթքները։ Նա մեզ շատ է սիրում և երբեք չի լքի (Սաղ. 9։10)։ Ուստի եկեք «ամեն ժամանակ նրա՛ն ապավինենք»՝ աղոթքով դատարկելով մեր սիրտը նրա առաջ (Սաղ. 62։8)։
ԵՐԳ 43 Շնորհակալական աղոթք
a Հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչու պետք է համոզված լինենք, որ Եհովան միշտ կպատասխանի մեր աղոթքներին սիրառատ ու արդար ձևով։
b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
d jw.org կայքում դիտիր «Աղոթքն օգնում է մեզ տոկալ դժվարությունների ներքո» տեսանյութը, որտեղ ավելի շատ տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես է Եհովան օգնում մեզ դիմանալ ծանր փորձություններին։
e Այն մասին, թե ինչպես կարող ես ծառայել մեկ այլ մասնաճյուղի տարածքում տես «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 10-րդ գլուխը (պրբ. 6-9)։
f ՆԿԱՐ։ Երկու քույր աղոթում են Թագավորության քարոզիչների դպրոցում սովորելու դիմում լրացնելուց առաջ։ Ավելի ուշ նրանցից մեկը հրավեր է ստանում, իսկ մյուսը՝ ոչ։ Վհատվելու փոխարեն հրավեր չստացած քույրը աղոթում է, որ Եհովան օգնի իրեն հասկանալ, թե ինչպես կարող է ընդլայնել իր ծառայությունը։ Հետո նամակ է գրում մասնաճյուղ՝ պատրաստակամություն հայտնելով ծառայելու այնտեղ, որտեղ կարիքը ավելի մեծ է։