ԳԼՈՒԽ 3
Ընտրիր այնպիսի ընկերներ, որոնք սիրում են Աստծուն
«Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա» (ԱՌԱԿՆԵՐ 13։20)
1–3. ա) Ի՞նչ են նշանակում Առակներ 13։20-ի խոսքերը։ բ) Ինչո՞ւ պետք է իմաստությամբ ընկերներ ընտրենք։
ԵՐԲԵՎԷ տեսե՞լ ես՝ ինչպես է երեխան ուշադրությամբ հետևում իր ծնողներին։ Դեռևս նախքան խոսել սովորելը նա կլանում է այն ամենը, ինչ տեսնում է ու լսում։ Իսկ երբ մի քիչ մեծանում է, սկսում է ընդօրինակել իր ծնողներին, նույնիսկ առանց դա գիտակցելու։ Չափահաս մարդիկ նույնպես հաճախ սկսում են մտածել ու վարվել նրանց պես, ում հետ շատ ժամանակ են անցկացնում։
2 Առակներ 13։20-ում գրված է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա»։ «Քայլել» մեկի հետ նշանակում է նախընտրել նրա հետ ժամանակ անցկացնել։ Սա անհատի հետ պարզապես շփվելուց ավելին է։ Ինչպես բացատրում է մի աստվածաշնչագետ, մեկի հետ քայլել նշանակում է սիրել այդ մարդուն, նրա հետ մտերիմ լինել։ Այո՛, մեզ վրա ամենից շատ ազդեցություն են թողնում այն մարդիկ, ում հետ շատ ժամանակ ենք անցկացնում, հատկապես մեր մտերիմները։
3 Մեր ընկերները կարող են մեզ վրա լավ կամ վատ ազդեցություն թողնել։ Առակներ 13։20-ում նաև ասվում է. «Հիմարների հետ գործ ունեցողը կտուժի»։ Եբրայերենում «գործ ունենալ» արտահայտությունը կարող է թարգմանվել «ընկերակցել» մեկի հետ, նրա ընկերը լինել (Առակներ 22։24; Դատավորներ 14։20)։ Այն ընկերները, ովքեր սիրում են Եհովային, կքաջալերեն մեզ, որ հավատարիմ մնանք նրան։ Որպեսզի կարողանանք իմաստությամբ ընտրել մեր ընկերներին, եկեք տեսնենք, թե Եհովան ինչպիսի մարդկանց է ընտրում որպես իր ընկերներ։
ՈՎՔԵՐ ԵՆ ԱՍՏԾՈՒ ԸՆԿԵՐՆԵՐԸ
4. Ինչո՞ւ է մեծ պատիվ լինել Աստծու ընկերը։ Ինչո՞ւ էր Եհովան Աբրահամին իր ընկերը անվանում։
4 Եհովան՝ տիեզերքի Գերիշխանը, իր ընկերը լինելու առանձնաշնորհում է տվել մեզ։ Սա մեծ պատիվ է մեզ համար։ Եհովան ամեն մարդու չի ընտրում որպես իր ընկեր։ Նա ընտրում է նրանց, ովքեր սիրում և հավատում են իրեն։ Նրա ընկերներից էր Աբրահամը։ Նա բազմիցս փաստեց, որ հավատարիմ է և հնազանդ։ Աբրահամը պատրաստ էր Աստծու համար անելու ամեն բան։ Անգամ պատրաստ էր իր որդի Իսահակին զոհաբերելու։ Նա հավատում էր, որ «Աստված կարող է նույնիսկ հարություն տալ նրան» (Եբրայեցիներ 11։17–19; Ծննդոց 22։1, 2, 9–13)։ Զարմանալի չէ, որ Եհովան նրան իր ընկերն էր անվանում (Եսայիա 41։8; Հակոբոս 2։21–23)։
5. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում նրանց, ովքեր նվիրված են իրեն։
5 Եհովան թանկ է համարում իր ընկերներին։ Նրանք էլ Եհովային նվիրված լինելը ամեն բանից վեր են դասում (կարդա 2 Սամուել 22։26)։ Նրանք հնազանդվում են Աստծուն ու նվիրված են, քանի որ սիրում են նրան։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծու «մտերմությունը ուղղամիտների հետ է», նրանց հետ, ովքեր հնազանդվում են իրեն (Առակներ 3։32)։ Եհովան հրավիրում է իր ընկերներին պատվավոր հյուր լինել իր «վրանում»՝ երկրպագել իրեն և աղոթել ցանկացած ժամանակ (Սաղմոս 15։1–5)։
6. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Հիսուսին։
6 Հիսուսն ասել է. «Եթե որևէ մեկը սիրում է ինձ, կպահի իմ խոսքը, և իմ Հայրը կսիրի նրան» (Հովհաննես 14։23)։ Ուստի Եհովայի ընկերը լինելու համար մենք պետք է նաև Հիսուսին սիրենք և անենք այն, ինչ նա պատվիրել է։ Օրինակ՝ մենք հնազանդվում ենք բարի լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու հրահանգին (Մատթեոս 28։19, 20; Հովհաննես 14։15, 21)։ Քանի որ սիրում ենք նրան, «սերտորեն նրա հետքերին ենք հետևում» (1 Պետրոս 2։21)։ Եհովան ուրախանում է, երբ լավագույնն ենք անում, որ մեր խոսքերով ու գործերով ընդօրինակենք իր Որդուն։
7. Ինչո՞ւ մեր ընկերները պետք է լինեն նաև Եհովայի ընկերները։
7 Եհովայի ընկերները հավատարիմ են, նվիրված և հնազանդվում ու սիրում են նրան ու իր Որդուն։ Մենք է՞լ ենք ընտրում այնպիսի ընկերներ, ինչպիսիք Եհովան է ընտրում։ Եթե քո ընկերները ջանում են ամեն հարցում ընդօրինակել Հիսուսին և եռանդորեն մասնակցում են Աստծու Թագավորության մասին ուսուցանելու գործին, ապա նրանք կարող են օգնել, որ ավելի լավ անձնավորություն լինես և նվիրված մնաս Եհովային։
ՍՈՎՈՐԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՑ
8. Ի՞նչն է քեզ դուր գալիս Հռութի ու Նոեմիի ընկերության մեջ։
8 Աստվածաշնչում լավ ընկերության բազում օրինակներ կան, ինչպես, օրինակ՝ Հռութի ու նրա սկեսրոջ՝ Նոեմիի ընկերությունը։ Այս կանայք տարբեր երկրներից էին ու տարբեր ծագում ունեին, և Նոեմին տարիքով շատ մեծ էր Հռութից։ Բայց նրանք մտերիմ ընկերներ դարձան, քանի որ երկուսն էլ սիրում էին Եհովային։ Երբ Նոեմին ցանկացավ հեռանալ Մովաբից ու վերադառնալ Իսրայել, «Հռութը մնաց նրա հետ»։ Նա ասաց Նոեմիին. «Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածը իմ Աստվածը կլինի» (Հռութ 1։14, 16)։ Հռութը շատ բարի էր Նոեմիի նկատմամբ։ Երբ նրանք եկան Իսրայել, Հռութը սկսեց ծանր աշխատել՝ իր սկեսրոջը հոգ տանելու համար։ Նոեմին շատ էր սիրում Հռութին և նրան լավ խորհուրդ տվեց։ Վերջինս լսեց նրան, և արդյունքում երկուսն էլ շատ օրհնություններ ստացան (Հռութ 3։6)։
9. Ի՞նչն է քեզ տպավորում Դավթի ու Հովնաթանի ընկերության մեջ։
9 Մեկ այլ լավ օրինակ է Դավթի ու Հովնաթանի ընկերությունը։ Նրանք երկուսն էլ նվիրված էին Եհովային։ Հովնաթանը մոտ 30 տարով մեծ էր Դավթից և Իսրայելի հաջորդ թագավորը պետք է լիներ (1 Սամուել 17։33; 31։2; 2 Սամուել 5։4)։ Բայց երբ իմացավ, որ Եհովան Դավթին է ընտրել որպես հաջորդ թագավոր, չնախանձեց նրան և չմրցակցեց նրա հետ։ Ընդհակառակը՝ Հովնաթանը իր ձեռքից եկածն անում էր Դավթին աջակցելու համար։ Օրինակ, երբ Դավթին վտանգ էր սպառնում, Հովնաթանը նրան «Աստծով զորացրեց»։ Նա նույնիսկ Դավթի համար իր կյանքը վտանգեց (1 Սամուել 23։16, 17)։ Դավիթը նույնպես նվիրված ընկեր էր։ Նա խոստացավ հոգ տանել Հովնաթանի ընտանիքի մասին և պահեց իր այդ խոստումը նույնիսկ Հովնաթանի մահից հետո (1 Սամուել 18։1; 20։15–17, 30 – 34; 2 Սամուել 9։1–7)։
10. Ընկերության մասին ի՞նչ ես սովորում երեք եբրայեցի երիտասարդների օրինակից։
10 Երիտասարդ եբրայեցիներ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը ընկերներ էին, որոնք պատանեկան տարիքում կտրվել էին տնից։ Լինելով իրենց ընտանիքներից հեռու՝ նրանք իրար օգնեցին հավատարիմ մնալ Եհովային։ Ավելի ուշ, երբ նրանք արդեն չափահաս էին, նրանց հավատը փորձվեց. Նաբուգոդոնոսոր թագավորը նրանց պատվիրեց երկրպագել ոսկե արձանի։ Երեք երիտասարդները հրաժարվեցին այդ ոսկե արձանին երկրպագել և թագավորին ասացին. «Քո աստվածներին մենք չենք ծառայի և քո կանգնեցրած ոսկե արձանին չենք երկրպագի»։ Կանգնելով փորձության առաջ՝ այս ընկերները նվիրված մնացին Աստծուն (Դանիել 1։1–17; 3։12, 16–28)։
11. Պողոսն ու Տիմոթեոսը ինչպե՞ս դարձան ընկերներ։
11 Երբ Պողոս առաքյալը հանդիպեց երիտասարդ Տիմոթեոսին, նկատեց, որ նա սիրում է Եհովային ու շատ հոգատար է ժողովի հանդեպ։ Ուստի կրթեց Տիմոթեոսին, որ նա կարողանա օգնել տարբեր վայրերում ապրող եղբայրներին ու քույրերին (Գործեր 16։1–8; 17։10–14)։ Տիմոթեոսը շատ ջանասեր էր։ Պողոսը նրա մասին ասաց. «Նա ինձ հետ ծառայեց բարի լուրի տարածման համար»։ Պողոսը գիտեր, որ Տիմոթեոսը «անկեղծությամբ հոգ էր տանում» եղբայրների ու քույրերի մասին։ Միասին եռանդորեն ծառայելով Եհովային՝ Պողոսն ու Տիմոթեոսը լավ ընկերներ դարձան (Փիլիպպեցիներ 2։20–22; 1 Կորնթացիներ 4։17)։
ԻՆՉՊԵՍ ԸՆԿԵՐՆԵՐ ԸՆՏՐԵԼ
12, 13. ա) Ինչո՞ւ պետք է զգույշ լինեք ընկերներ ընտրելիս նույնիսկ ժողովում։ բ) Պողոս առաքյալն ինչո՞ւ տվեց 1 Կորնթացիներ 15։33-ում գրված զգուշացումը։
12 Ժողովում շփվելով մեր եղբայրների ու քույրերի հետ՝ շատ բան ենք սովորում նրանցից և միմյանց օգնում ենք հավատարիմ մնալ Եհովային (կարդա Հռոմեացիներ 1։11, 12)։ Բայց անգամ այնտեղ պետք է ուշադիր լինենք, թե ում ենք ընտրում մեզ համար մտերիմ ընկեր։ Մեր ժողովում տիրում է գեղեցիկ բազմազանություն։ Ունենք տարբեր մշակույթի պատկանող ու տարբեր ծագում ունեցող եղբայրներ ու քույրեր։ Ոմանք նոր են ժողովում, ոմանք էլ երկար տարիներ է, ինչ ծառայում են Եհովային։ Ինչպես որ ժամանակ է պետք, որ պտուղը հասունանա, այնպես էլ ժամանակ է պետք, որ անհատը հոգևորապես հասունանա, այսինքն՝ Եհովայի հետ նրա փոխհարաբերությունները ամրանան։ Ուստի պետք է համբերատար լինենք միմյանց հանդեպ և սիրենք իրար (Հռոմեացիներ 14։1; 15։1; Եբրայեցիներ 5։12–6։3)։ Բայցև պետք է միշտ իմաստությամբ ընտրենք մեր ընկերներին։
13 Երբեմն գուցե ժողովում լուրջ խնդիրներ առաջանան, ուստի պետք է զգույշ լինենք։ Հնարավոր է՝ մի եղբայր կամ քույր անի բաներ, որոնք ըստ Աստվածաշնչի՝ սխալ են։ Կամ էլ ինչ-որ մեկը գուցե դժգոհելու սովորություն զարգացնի, ինչը կարող է վնասել ժողովին։ Ինչ խոսք, դա չպետք է զարմացնի մեզ, քանի որ նույնիսկ առաջին դարում երբեմն խնդիրներ էին լինում ժողովում։ Այդ օրերում ապրող քրիստոնյաներին Պողոսը զգուշացրեց. «Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։12, 33)։ Առաքյալը Տիմոթեոսին էլ հորդորեց, որ զգույշ լինի, թե ում է ընտրում իր համար մտերիմ ընկեր։ Մենք էլ պետք է հետևենք այդ խորհրդին (կարդա 2 Տիմոթեոս 2։20–22)։
14. Ինչպե՞ս կարող են մեր ընկերները ազդել Եհովայի հետ մեր փոխհարաբերությունների վրա։
14 Մենք պետք է պաշտպանենք Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները։ Այն մեր ունեցած ամենաթանկ բանն է։ Այդ պատճառով մենք մտերմություն չենք անում նրանց հետ, ովքեր կարող են թուլացնել մեր հավատը և վնասել Աստծու հետ մեր փոխհարաբերությունները։ Ճիշտ ինչպես չենք կարող սպունգը թաթախել քացախի մեջ և ակնկալել, որ այն ջուր կկլանի, այնպես էլ, չենք կարող ունենալ սխալ բաներ անող ընկերներ ու ակնկալել, որ մեզ համար հեշտ կլինի ճիշտն անել։ Այո՛, պետք է զգույշ լինենք մեզ համար մտերիմ ընկերներ ընտրելիս (1 Կորնթացիներ 5։6; 2 Թեսաղոնիկեցիներ 3։6, 7, 14)։
15. Ի՞նչ կարող ես անել, որ ժողովում լավ ընկերներ ունենաս։
15 Ժողովում կարող ես գտնել այնպիսի մարդկանց, ովքեր իսկապես սիրում են Եհովային։ Նրանք կարող են դառնալ քո մտերիմ ընկերները (Սաղմոս 133։1)։ Ընկերներ մի՛ ընտրիր միայն այնպիսի մարդկանցից, ովքեր նույն տարիքի են կամ նույն ծագումն ունեն, ինչ դու։ Եթե հիշում ես, Հովնաթանը բավական մեծ էր Դավթից, իսկ Հռութը շատ փոքր էր Նոեմիից։ Մենք ուզում ենք հետևել Աստվածաշնչի այս խորհրդին. «Ընդլայնեք ձեր սրտերը» (2 Կորնթացիներ 6։13; կարդա 1 Պետրոս 2։17)։ Որքան շատ ընդօրինակես Եհովային, այնքան ուրիշներն ավելի շատ կմղվեն քեզ հետ ընկերանալու։
ԵՐԲ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԾԱԳՈՒՄ
16, 17. Եթե հավատակիցներից մեկը վիրավորի մեզ, ի՞նչ չենք անի։
16 Ամեն ընտանիքում էլ կան տարբեր բնավորության, մտածելակերպի և վարվելակերպի տեր անհատներ։ Նույնը վերաբերում է ժողովին։ Այս բազմազանությունը կյանքը հետաքրքիր է դարձնում, ու մենք կարող ենք շատ բան սովորել մեկս մյուսից։ Բայց երբեմն այդ տարբերությունների պատճառով գուցե իրար սխալ հասկանանք ու զայրանանք միմյանց վրա։ Երբեմն գուցե նույնիսկ վիրավորվենք ու խոր ցավ ապրենք (Առակներ 12։18)։ Թույլ կտա՞նք, որ այդպիսի խնդիրները վհատեցնեն մեզ ու հեռացնեն ժողովից։
17 Ո՛չ։ Նույնիսկ եթե որևէ մեկը ինչ-որ ձևով հիասթափեցնի մեզ, մենք չենք հեռանա ժողովից։ Չէ՞ որ Եհովան չէ մեզ վիրավորողը։ Նա մեզ տվել է կյանք ու մնացած ամեն ինչ։ Նա արժանի է մեր սիրուն ու նվիրվածությանը (Հայտնություն 4։11)։ Ժողովը Եհովայի տված նվերն է, որն օգնում է՝ մեր հավատը ամուր պահենք (Եբրայեցիներ 13։17)։ Մենք չենք հրաժարվի այդ նվերից զուտ այն պատճառով, որ ինչ-որ մեկը հիասթափեցրել է մեզ (կարդա Սաղմոս 119։165)։
18. ա) Ի՞նչը կօգնի մեզ լավ հարաբերություններ ունենալ մեր հավատակիցների հետ։ բ) Ինչո՞ւ պետք է ներենք մարդկանց։
18 Մենք սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին և ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ նրանց հետ։ Եհովան մարդկանցից կատարելություն չի ակնկալում, մենք էլ չպետք է ակնկալենք (Առակներ 17։9; 1 Պետրոս 4։8)։ Բոլորս էլ սխալներ ենք անում, բայց սերը կօգնի «մեծահոգաբար ներել միմյանց» (Կողոսացիներ 3։13)։ Սերը թույլ չի տա, որ աննշան թյուրիմացությունը մեծ խնդրի վերածենք։ Ինչ խոսք, եթե ինչ-որ մեկը վիրավորել է մեզ, դժվար է դրա մասին չմտածել։ Նման դեպքերում հակված ենք լինում զայրանալու ու ոխ պահելու այդ մարդու դեմ։ Բայց դա մեզ միայն դառնությամբ կլցնի ու կխլի մեր ուրախությունը։ Իսկ եթե ներենք մեզ վիրավորողին, մեր միտքը խաղաղ կլինի, կպահպանենք ժողովի միասնությունը և, որ ամենակարևորն է, Եհովայի հետ մեր լավ փոխհարաբերությունները (Մատթեոս 6։14, 15; Ղուկաս 17։3, 4; Հռոմեացիներ 14։19)։
ԵՐԲ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԶՐԿՎՈՒՄ Է ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
19. Ո՞ր դեպքում գուցե հարկ լինի, որ դադարենք շփվել ժողովից որևէ մեկի հետ։
19 Սիրով լի միասնական ընտանիքում յուրաքանչյուր անդամ իր ձեռքից եկածն անում է մյուսներին ուրախացնելու համար։ Բայց պատկերացրու՝ ընտանիքի անդամներից մեկը սկսում է իրեն շատ հանդուգն պահել։ Ընտանիքի մյուս անդամները բազմիցս փորձում են օգնել նրան, բայց նա մերժում է այդ օգնությունը։ Հնարավոր է՝ այդ անհատը որոշի հեռանալ տնից, կամ ընտանիքի գլուխը խնդրի նրան հեռանալ։ Նման բան կարող է լինել նաև ժողովում։ Անհատը գուցե շարունակ անի բաներ, որոնք տհաճ են Եհովային ու վնասում են ժողովին, և հրաժարվի օգնությունից՝ իր գործերով ցույց տալով, որ այլևս չի ուզում լինել ժողովում։ Հնարավոր է՝ այդ անհատը անձամբ որոշի հեռանալ ժողովից կամ զրկվի ընկերակցությունից։ Նման դեպքում Աստվածաշունչը հստակ ասում է, որ մենք պետք է «այլևս շփում չունենանք» նրա հետ (կարդա 1 Կորնթացիներ 5։11–13; 2 Հովհաննես 9–11)։ Դա կարող է շատ դժվար լինել, եթե այդ անձնավորությունը մեր ընկերն է կամ ընտանիքի անդամը։ Բայց այսպիսի իրավիճակներում մենք պետք է առավել նվիրված լինենք Եհովային, քան ուրիշ որևէ մեկի (տես Ծանոթագրություն 8)։
20, 21. ա) Ընկերակցությունից զրկելու կարգը ի՞նչ առումով է սիրո դրսևորում։ բ) Ինչո՞ւ է կարևոր, որ իմաստությամբ ընկերներ ընտրենք։
20 Ընկերակցությունից զրկելու կարգը Եհովայի կողմից սիրո դրսևորում է։ Այդպես ժողովը պաշտպանվում է նրանցից, ովքեր արհամարհում են Եհովայի չափանիշները (1 Կորնթացիներ 5։7; Եբրայեցիներ 12։15, 16)։ Այդ կարգին հետևելով՝ ցույց ենք տալիս, որ սիրում ենք Եհովայի սուրբ անունը, նրա բարձր չափանիշները և հենց անձամբ Եհովային (1 Պետրոս 1։15, 16)։ Ընկերակցությունից զրկելու կարգը սիրո դրսևորում է նաև այդ անձնավորության հանդեպ, ով այլևս ժողովի մի մասը չէ։ Այդ խիստ խրատը գուցե օգնի նրան գիտակցելու, որ այն, ինչ անում է, սխալ է, ու մղի նրան փոխվելու։ Շատերը, ովքեր մի ժամանակ զրկվել են ընկերակցությունից, հետագայում վերադարձել են Եհովայի մոտ, և ժողովը նրանց ջերմորեն ընդունել է (Եբրայեցիներ 12։11)։
21 Մեր ընկերները այսպես, թե այնպես ազդում են մեզ վրա։ Ուստի շատ կարևոր է, որ զգույշ լինենք ընկերներ ընտրելիս։ Եթե սիրենք նրանց, ում Եհովան է սիրում, շրջապատված կլինենք այնպիսի մարդկանցով, ովքեր կօգնեն մեզ հավատարիմ մնալ նրան հավիտյան։