-
Կեղծ ընկեր2010 Արթնացե՛ք | հուլիս
-
-
Կեղծ ընկեր
Պատկերացրեք՝ ունեք մի «ընկեր», ում ճանաչել եք պատանեկության տարիներից։ Նրա հետ ձեզ ավելի հասուն եք զգացել, ձեր տեղն եք ունեցել հասակակիցների մեջ։ Լարված իրավիճակներում դիմել եք նրա օգնությանը, որ «լիցքաթափվեք»։ Կարելի է ասել՝ շատ հարցերում վստահել եք նրան։
Սակայն ժամանակի ընթացքում սկսեցիք նկատել նրա վատ կողմերը։ Նա ստիպում էր ձեզ, որ ուր էլ գնաք, իրեն ձեզ հետ տանեք, նույնիսկ եթե որոշ վայրերում նրա պատճառով ձեր ներկայությունը անցանկալի էր դառնում։ Թեև նրա շնորհիվ ձեզ հասուն էիք զգում, սակայն այս ամենը նա անում էր ձեր առողջության հաշվին։ Դեռ ավելին, գողանում էր ձեր աշխատավարձի մի մասը։
Վերջերս փորձեցիք խզել նրա հետ կապերը, բայց նա թույլ չտվեց ձեզ դա անել։ Այնպիսի տպավորություն է, ասես նա ձեր տերն է դարձել։ Այժմ զղջում եք, որ ծանոթացել եք նրա հետ։
ԱՅՍՊԻՍԻ կախվածություն ունեն ծխողներից շատերը ծխախոտից։ Էրլին անունով մի կին, որը ծխել է 50 տարի շարունակ, պատմում է. «Ծխախոտն ինձ ավելի շատ էր օգնում, քան կողքիս գտնվողները։ Ինձ համար նա մտերիմ ընկերոջից էլ լավն էր, երբեմն նա իմ միակ ընկերն էր»։ Այնուհանդերձ, Էրլինը գիտակցեց, որ ծխախոտը ոչ միայն կեղծ ընկեր է, այլև վտանգավոր է։ Ինչ խոսք, կարելի է ասել, որ վերոհիշյալ խոսքերը նրա մասին են գրված, սակայն կա մի բացառություն։ Երբ Էրլինն իմացավ, որ ծխելը Աստծուն տհաճ սովորություն է, քանի որ ապականում է մեր մարմինը, որը Աստված է տվել, նա դադարեց ծխելուց (2 Կորնթացիներ 7։1)։
Ֆրենկ անունով մի տղամարդ նույնպես որոշեց թողնել ծխելը, քանի որ ցանկանում էր հաճեցնել Աստծուն։ Բայց վերջին ծխախոտը ծխելուց մեկ-երկու օր հետո սկսեց տան հատակի տախտակների արանքներում չոքեչոք փնտրել ծխախոտի գեթ մի մնացորդ։ «Հենց այդ պահին որոշում կայացրի,— ասում է Ֆրենկը։— Երբ մի պահ սթափվեցի ու տեսա, որ կռացած կեղտոտ հատակի արանքներում ծխուկներ եմ փնտրում, ինքս ինձնից զզվեցի։ Դրանից հետո այլևս ծխախոտ չեմ դրել բերանս»։
Ինչո՞ւ է այդքան դժվար հրաժարվել ծխախոտից։ Հետազոտողները մի քանի պատճառ են նշում՝ 1) ծխախոտը թմրանյութի պես կապվածություն է առաջացնում, 2) շնչած նիկոտինը ուղեղ է հասնում ընդամենը յոթ վայրկյանում, 3) ծխելը մարդու առօրյայի մի մասն է։ Նա ծխում է ուտելիս, խմելիս, զրուցելիս, սթրեսից դուրս գալու համար և այլն։
Սակայն Էրլինի և Ֆրենկի օրինակները ցույց են տալիս, որ հնարավոր է ձերբազատվել այս վնասակար սովորությունից։ Եթե ծխում եք, բայց ցանկանում եք թողնել ծխելը, հաջորդ հոդվածները կարող են օգնել ձեզ բացելու կյանքի մի նոր էջ։
-
-
Ունեցեք հիմնավոր դրդապատճառներ2010 Արթնացե՛ք | հուլիս
-
-
Ունեցեք հիմնավոր դրդապատճառներ
«Ծխելը թողնող մարդկանց միակ կարևորագույն առանձնահատկությունը այն է, որ նրանք բոլորն էլ վճռականություն են ունեցել» (Stop Smoking Now!)։
ՊԱՐԶ ասած՝ եթե ուզում եք թողնել ծխելը, դուք առնվազն պետք է դա անելու հիմնավոր դրդապատճառներ ունենաք։ Իսկ որո՞նք են դրանք։ Մտածեք, օրինակ, թե ինչ օգուտներ կունենաք, եթե չծխեք։
Կտնտեսեք ձեր փողերը։ Եթե հաշվենք, որ օրը մի տուփ եք ծխում, ապա մեկ տարում հազարավոր դոլարներ կարող եք ծախսել։ «Մտքովս էլ չի անցել, թե որքան գումար եմ վատնել ծխախոտի վրա» (Գյանու, Նեպալ)։
Կյանքից ավելի շատ ուրախություն կստանաք։ «Կարելի է ասել, որ ապրել սկսեցի, երբ թողեցի ծխելը։ Կյանքս գնալով ավելի ու ավելի է լավանում» (Ռեջինա, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։ Երբ մարդը թողնում է ծխելը, նրա համի ու հոտառության զգայարանները նկատելիորեն բարելավվում են։ Նա ավելի առույգ է դառնում և առողջ արտաքին տեսք է ունենում։
Ձեր առողջությունը կարող է բարելավվել։ «Ծխելը թողնելը մեծ ազդեցություն է թողնում տարբեր տարիքի տղամարդկանց և կանանց առողջության վրա, և դա տեղի է ունենում անմիջապես» (The U.S. Centers for Disease Control and Prevention)։
Ձեզ ավելի վստահ կզգաք։ «Ես թողեցի ծխելը, քանի որ չէի ուզում, որ ծխախոտը իմ տերը դառնա։ Ուզում էի ինքս լինել իմ մարմնի տերը» (Հենինգ, Դանիա)։
Ձեր ընտանիքն ու ընկերները նույնպես կշահեն։ «Ծխելը.... վնասում է նրանց առողջությունը, ովքեր ձեր շուրջն են.... Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն տարի թոքերի քաղցկեղից ու սրտի հիվանդություններից մահանում են հազարավոր մարդիկ, որոնց ներկայությամբ ծխել են» (American Cancer Society)։
Կհաճեցնեք Ստեղծչին։ «Սիրելինե՛ր.... եկեք մաքրենք մեզ մարմնի.... ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1)։ «Ձեր մարմինները ներկայացնեք.... սուրբ և Աստծուն ընդունելի» (Հռոմեացիներ 12։1)։
«Երբ հասկացա, որ Աստծուն տհաճ են մարմինը պղծող բաները, որոշեցի թողնել ծխելը» (Սիլվիա, Իսպանիա)։
Այնուհանդերձ, միայն դրդապատճառներ ունենալը բավարար չէ։ Մենք գուցե ունենանք ուրիշների օգնության կարիքը, այդ թվում նաև ընտանիքի և ընկերների։ Ինչպե՞ս կարող են նրանք օգնել։
-
-
Օգնության դիմեք2010 Արթնացե՛ք | հուլիս
-
-
Օգնության դիմեք
«Եթէ մէկը նորան բռնութիւն անէ, երկուսը նորա դէմ կ’կանգնեն» (Ժողովող 4։12)։
ՈՒՐԻՇՆԵՐԻ աջակցությամբ մենք ավելի մեծ հավանականություն ունենք հաղթելու թշնամուն, անկախ նրանից, թե ով է կամ ինչ է նա։ Ուստի եթե ցանկանում եք ձերբազատվել ծխելու սովորությունից, իմաստնորեն կվարվեք, եթե դիմեք ձեր ընտանիքի և ընկերների օգնությանը կամ էլ որևէ մեկին, ով անկեղծորեն կաջակցի ձեզ և համբերատար կլինի։
Խորհրդակցեք նրանց հետ, ովքեր արդեն թողել են ծխելը, քանի որ նրանք ոչ միայն կհասկանան ձեզ, այլև օգնության ձեռք կմեկնեն։ «Ուրիշների աջակցությունն ինձ համար անգնահատելի էր»,— ասում է Դանիայում ապրող Տորբեն անունով մի քրիստոնյա։ Իսկ Աբրահամը, որն ապրում է Հնդկաստանում, գրում է. «Այն անկեղծ սերը, որ դրսևորեցին իմ հանդեպ ընտանիքիս անդամներն ու հավատակիցներս, օգնեց ինձ թողնելու ծխելը»։ Սակայն երբեմն նույնիսկ ընտանիքի և ընկերների աջակցությունը բավարար չէ։
«27 տարի ծխել եմ,— ասում է Բգվանդաս անունով մի տղամարդ,— բայց երբ իմացա, թե ինչ է ասվում Աստվածաշնչում անմաքուր սովորությունների մասին, որոշեցի թողնել ծխելը։ Սկզբում փորձեցի պակասեցնել ծխախոտի քանակը։ Փոխեցի ընկերական շրջապատս։ Նաև դիմեցի այդ հարցով խորհրդատուի։ Բայց ոչինչ չէր օգնում։ Ի վերջո, մի գիշեր սիրտս բացեցի Եհովա Աստծու առաջ և աղերսեցի, որ օգնի ինձ թողնելու ծխելը։ Եվ վերջապես ինձ հաջողվեց դա»։
Մի ուրիշ կարևոր բան, որ կարող եք անել, դժվարություններին պատրաստ լինելն է։ Ի՞նչ դժվարություններ են դրանք։ Հաջորդ հոդվածում կխոսվի դրանց մասին։
[շրջանակ 5-րդ էջի վրա]
ՕԳՏԱԳՈՐԾԵ՞Լ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ
Դեղամիջոցները, որոնք օգտագործում են ծխելուց ձերբազատվելու համար, ինչպիսին, օրինակ, վերնամաշկային սպեղանին է, միլիարդավոր դոլարների շահույթ բերող բիզնես են դարձել։ Սակայն մինչ այդ քայլին դիմելը լավ կլինի, որ մտածեք հետևյալ հարցերի շուրջ.
Որո՞նք են օգուտները։ Ասում են, որ շատ թերապիաներ օգնում են թողնելու ծխելը՝ նվազեցնելով այն նշանները, որոնք ի հայտ են գալիս դրանից հետո։ Սակայն տարբեր կարծիքներ կան դրանց երկարատև արդյունավետության վերաբերյալ։
Որո՞նք են վտանգները։ Որոշ դեղամիջոցներ հնարավոր է կողմնակի ազդեցություն ունենան, օրինակ՝ սրտխառնոց, դեպրեսիա և առաջ բերեն ինքնասպանություն գործելու մտքեր։ Նաև հիշեք, որ նիկոտինին փոխարինող թերապիաները պարզապես նիկոտինը մի ուրիշ կերպ են մատակարարում, ուստի թերապիաները կարող են վտանգավոր լինել առողջության համար։ Իրականում անհատը, օգտագործելով դրանք, շարունակում է կախման մեջ մնալ։
Այլընտրանքային միջոցներ։ Մի հարցման համաձայն՝ 88 տոկոսը նրանց, ում հաջողվել է թողնել ծխելը, ասում է, որ միանգամից է դա արել՝ առանց որևէ դեղամիջոց օգտագործելու։
-
-
Պատրաստ եղեք դժվարություններին2010 Արթնացե՛ք | հուլիս
-
-
Պատրաստ եղեք դժվարություններին
«Ես որոշեցի թողնել ծխելը հանուն մեր նորածնի առողջության։ Ուստի տանը մի նշան փակցրի՝ «Չծխե՛լ»։ Սակայն ընդամենը մեկ ժամ անց մեջս ասես մի ցունամի բարձրացավ. նիկոտին ընդունելու ցանկությունն այնքան ուժեղ էր, որ ես վառեցի ծխախոտը» (Յոշիմիցու, Ճապոնիա)։
ԻՆՉՊԵՍ երևում է Յոշիմիցուի օրինակից, ծխելը թողնելը շատ դժվար է։ Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մոտ 90 տոկոսը նրանց, ովքեր փորձել են թողնել ծխելը, նորից սկսել է ծխել։ Ուստի եթե փորձում եք թողնել ծխելը, դա ձեզ կհաջողվի այն դեպքում, երբ պատրաստ լինեք դիմագրավելու դժվարություններին։ Որո՞նք են ավելի հաճախ հանդիպող դժվարությունները։
Նիկոտին ընդունելու ուժեղ ցանկությունը։ Այդ ցանկությունը գլուխ է բարձրացնում վերջին ծխախոտը ծխելուց հետո երեք օրվա ընթացքում և թուլանում է մոտ երկու շաբաթ անց։ «Ցանկությունը մշտական չէ, այն գալիս է ալիքի պես»,— ասում է նախկին մի ծխող։ Նույնիսկ տարիներ անց ձեր մեջ կարող է ծխելու ուժգին ցանկություն առաջանալ։ Եթե հանկարծ նման բան լինի, ձեռքն անմիջապես ծխախոտին մի՛ տարեք։ Սպասեք մոտ հինգ րոպե, և ցանկությունը, ամենայն հավանականությամբ, կանցնի։
Ուրիշ նշաններ։ Սկզբում մարդիկ դժվարությամբ են կարողանում արթուն մնալ կամ կենտրոնանալ, նրանք հակված են արագ քաշ հավաքելու։ Կարող են ունենալ ցավեր, քոր, քրտնարտադրություն, հազ, տրամադրության փոփոխություն, որը դրսևորվում է անհամբերությամբ և արագ բարկանալու հակվածությամբ։ Հնարավոր է՝ նույնիսկ դեպրեսիայի մեջ ընկնեն։ Սակայն այս նշաններից շատերը թուլանում են չորսից վեց շաբաթների ընթացքում։
Այս դժվար ժամանակահատվածում կան գործնական միջոցներ, որոնք կարող են օգնել։ Օրինակ՝
● Բավարար ժամանակ հատկացրեք քնին։
● Շատ ջուր կամ հյութ խմեք։ Առողջ սնունդ օգտագործեք։
● Մարմնամարզությամբ զբաղվեք։
● Խորը շնչեք և պատկերացրեք, թե ինչպես է մաքուր օդը լցվում թոքերի մեջ։
Գայթակղություններ։ Որոշ գործեր ու զգացմունքներ կարող են ձեր մեջ ծխելու ցանկություն առաջացնել։ Օրինակ՝ գուցե դուք ծխում էիք որևէ խմիչք խմելիս։ Եթե այդպես է, ըմպելիքը դանդաղ մի՛ խմեք, երբ արդեն թողել եք ծխելը։ Իհարկե, ժամանակի ընթացքում կկարողանաք վայելել ըմպելիքը՝ առանց շտապելու։
Եթե նախկինում որոշ գործեր անելիս ծխում էիք, ապա այդ սովորությունը դեռ երկար ժամանակ կմնա, թեև օրգանիզմը արդեն մաքրվել է նիկոտինից։ «Ծխելը թողնելուց տասնինը տարի հետո,— ասում է Տորբենը, որի մասին արդեն խոսեցինք,— ընդմիջման ժամին սուրճի հետ ծխելն ինձ դեռ գայթակղեցնում է»։ Որպես կանոն, սակայն, որոշ գործեր անելիս ինքնաբերաբար ծխելու սովորությունը ժամանակի ընթացքում թուլանում է և անցնում։
Ոգելից խմիչքների դեպքում խնդիրն այլ է։ Մինչ դուք փորձում եք թողնել ծխելը, գուցե հրաժարվեք ալկոհոլից և խուսափեք այն վայրերից, որտեղ ոգելից խմիչքներ են մատուցվում, քանի որ ձախողումների մեծ մասը լինում է խմելիս։ Ինչո՞ւ է այդպես։
● Նույնիսկ ալկոհոլի քիչ քանակությունը մեծացնում է նիկոտին ստանալու ցանկությունը։
● Ընկերներով խմելը սերտորեն կապված է ծխելու հետ։
● Ալկոհոլը թուլացնում է առողջ դատողությունը և ինքնատիրապետումը։ Աստվածաշունչն իրավամբ ասում է. «Գինին զրկում է բարի մղումներից» (Ովսէէ 4։11, ՆԱ)։
Ընկերակցություն։ Խուսափեք այն մարդկանց հետ շփվելուց, ովքեր ծխում են կամ կարող են ձեզ առաջարկել ծխել։ Նաև հեռու մնացեք նրանցից, ովքեր կթուլացնեն ծխելը թողնելու ձեր վճռականությունը, օրինակ՝ ծաղրելով ձեզ։
Զգացումներ։ Մի ուսումնասիրության համաձայն՝ ձախողվողների երկու երրորդը ծխելուց անմիջապես առաջ սթրեսի մեջ կամ բարկացած է եղել։ Եթե այդպիսի զգացումները դրդում են ձեզ ծխելու, փորձեք կենտրոնանալ մեկ ուրիշ բանի վրա՝ ջուր խմեք, մաստակ ծամեք կամ գնացեք զբոսնելու։ Աշխատեք մտածել դրական բաների մասին, օրինակ՝ աղոթեք Աստծուն օգնության համար կամ Աստվածաշնչից մի քանի էջ կարդացեք (Սաղմոս 19։14)։
Պատրվակներ մի՛ բերեք
● Ընդամենը մի ծուխ կքաշեմ։
Իրականություն։ Ընդամենը մի ծուխ քաշելը կարող է երեք ժամ բավարարել նիկոտին ընդունող ռեցեպտորների 50 տոկոսին։ Արդյունքում մարդը հաճախ նորից է սկսում ծխել։
● Ծխելն օգնում է ինձ հաղթահարելու սթրեսը։
Իրականություն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում նիկոտինը ավելացնում է սթրեսի հորմոնները։ Թվում է, թե սթրեսը անցնում է, այնինչ ժամանակավորապես թուլանում են այն նշանները, որոնք ի հայտ են գալիս ծխելը թողնելուց հետո։
● Արդեն շատ ուշ է, որ թողնեմ ծխելը։
Իրականություն։ Հոռետեսությունը թուլացնում է կամքի ուժը։ Աստծու Խոսքն ասում է. «Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կ’լինի» (Առակաց 24։10)։ Ուստի խուսափեք այն մտքից, թե ձեզ դա չի հաջողվի։ Յուրաքանչյուր մարդ, ով իսկապես ցանկանում է թողնել ծխելը և կիրառում է այս պարբերագրում նշված գործնական խորհուրդները, կարող է հաջողության հասնել։
● Չեմ դիմանում ծխելը թողնելուց հետո ի հայտ եկող նշաններին։
Իրականություն։ Անշուշտ, այդ նշանները շատ ուժեղ են, սակայն դրանք մի քանի շաբաթների ընթացքում կթուլանան։ Ուրեմն մի՛ հանձնվեք։ Եթե ամիսներ կամ տարիներ հետո նորից ծխելու ցանկություն առաջանա, այն նույնպես կանցնի և հավանական է՝ մի քանի րոպեից, իհարկե եթե չվառեք գլանակը։
● Ես մտային հիվանդություն ունեմ։
Իրականություն։ Եթե բուժվում եք մտային հիվանդության դեմ, օրինակ՝ դեպրեսիայի կամ շիզոֆրենիայի, դիմեք ձեր բժշկին, որ օգնի ձեզ թողնելու ծխելը։ Գուցե նա ուրիշ բուժում նշանակի, որ դուք կարողանաք և՛ շարունակել ձեր բուժումը, և՛ թողնել ծխելը։
● Եթե նորից սկսեմ ծխել, ինձ ձախողված կհամարեմ։
Իրականություն։ Եթե «ընկնեք» ու նորից սկսեք ծխել, ինչպես պատահում է շատերի հետ, հիշեք, որ անհույս վիճակում չեք։ Պարզապես «վեր կացեք» և շարունակեք պայքարել։ «Ընկնել» չի նշանակում ձախողվել։ Եթե «ընկած» մնաք, ա՛յդ դեպքում կձախողվեք։ Ուստի մի՛ հանձնվեք։ Ի վերջո դա ձեզ կհաջողվի։
Քննենք Ռոմուալդոյի օրինակը, որը ծխել է 26 տարի և թողել է ծխելը 30 տարի առաջ։ «Չեմ էլ հիշում, թե քանի անգամ եմ ձախողվել,— գրում է նա։— Ամեն անգամ շատ վատ էի զգում։ Ինձ թվում էր՝ անհույս մարդ եմ։ Սակայն երբ մի անգամ հաստատ վճռեցի Եհովա Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալ և սկսեցի անդադար նրանից օգնություն խնդրել, կարողացա վերջնականապես ձերբազատվել ծխելու սովորությունից»։
Այս հոդվածաշարի վերջին հոդվածում կքննենք ևս մի քանի գործնական առաջարկ, որոնք կօգնեն ձեզ հաղթանակած դուրս գալու այս պայքարից։
[շրջանակ/նկար 7-րդ էջի վրա]
ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՄԱՀԱՑՈՒ ԵՆ
Ծխախոտը տարբեր կերպ է գործածվում։ Ծխախոտային որոշ արտադրանքներ նույնիսկ վաճառվում են առողջ սննդի և դեղաբույսերի խանութներում։ Այնուամենայնիվ, «ծխախոտի բոլոր տեսակներն են մահացու»,— ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ծխախոտը կարող է պատճառ լինել, որ մահացու տարբեր հիվանդություններ առաջանան, օրինակ՝ քաղցկեղ և սիրտ-անոթային հիվանդություններ։ Ծխող մայրերը կարող են նաև վնասել իրենց չծնված երեխաներին։ Ի՞նչ ձևերով են սովորաբար ծխախոտային արտադրանքները գործածվում։
Բիդիս։ Այս փոքր, ձեռքով փաթաթված գլանակները սովորաբար գործածվում են ասիական երկրներում։ Բիդիսները մի քանի անգամ ավելի շատ խեժ, նիկոտին և ածխածնի օքսիդ են արտազատում, քան սովորական գլանակները։
Սիգար։ Պատրաստված են ծխախոտատերևի կամ ծխախոտային թղթի մեջ պիրկ փաթաթված թութունից։ Սիգարների թութունը թեթև ալկալային է, իսկ սիգարետներինը՝ թթու։ Դա է պատճառը, որ սիգարի նիկոտինը բերանով մտնում է օրգանիզմ, նույնիսկ առանց սիգարը վառելու։
Կրիտեքս կամ մեխակ պարունակող սիգարետ։ Սովորաբար պարունակում է 60 տոկոս թութուն և 40 տոկոս մեխակ։ Այն ավելի շատ խեժ, նիկոտին և ածխածնի օքսիդ է արտազատում, քան սովորական գլանակները։
Ծխամորճ։ Ծխամորճով ծխելը անվնաս տարբերակ չէ, քանի որ ինչպես ծխախոտ ծխելու, այնպես էլ ծխամորճով ծխելու դեպքում քաղցկեղ և այլ հիվանդություններ կարող են առաջանալ։
Անծուխ ծխախոտ։ Սա այն ծխախոտն է, որը ծամում են կամ շնչում։ Դրա մեջ է մտնում նաև համեմված գուտկան (օգտագործվում է Հարավարևելյան Ասիայում)։ Նիկոտինը անցնում է արյան մեջ բերանով։ Անծուխ ծխախոտը նույնքան վնասակար է, որքան մյուս ծխախոտները։
Ծխելու սարքեր (բոնգ, ղայլան, նարգիլե, շիշա)։ Այս սարքերի միջոցով ծուխը անցնում է ջրով լի անոթով։ Այնուհանդերձ, այս պրոցեսը չի նվազեցնում թունաքիմիկատների քանակը, այդ թվում նաև քաղցկեղածին տարրերի, որոնք անցնում են թոքեր։
[շրջանակ/նկար 8-րդ էջի վրա]
ՕԳՆԵԼ ՈՒՐԻՇԻՆ ԹՈՂՆԵԼՈՒ ԾԽԵԼԸ
● Պահպանեք դրական տրամադրվածություն։ Գովելն ու վարձատրելը ավելի արդյունավետ են, քան քննադատական ու կշտամբանքի խոսքեր ասելը։ «Ոչի՛նչ, մի անգամ էլ փորձիր» արտահայտությունն ավելի ազդեցիկ է, քան «է՜հ, էլի չկարողացար»-ը։
● Ներողամիտ եղեք։ Սրտին մոտ մի՛ ընդունեք, եթե նա, ով փորձում է թողնել ծխելը, բարկանա ձեզ վրա կամ հուսալքվի։ Ոգևորիչ բաներ ասեք, օրինակ՝ «Գիտեմ, որ քեզ համար դժվար է, բայց ես հպարտանում եմ քեզանով»։ Երբեք մի՛ ասեք. «Դու ավելի լավն էիր, երբ ծխում էիր»։
● Իսկական ընկեր եղեք։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած» (Առակաց 17։17)։ Այո՛, ձգտեք «ամեն ժամանակ»՝ օրվա որ ժամին էլ լինի կամ ինչ տրամադրություն էլ ունենա դիմացինը, համբերատար և սիրալիր լինել նրա հանդեպ։
-
-
Դուք կարո՛ղ եք հաղթել2010 Արթնացե՛ք | հուլիս
-
-
Դուք կարո՛ղ եք հաղթել
ԺԱՄԱՆԱԿԸ եկել է, որ «զօրանաք եւ կատարեք» (Ա Մնացորդաց 28։10)։ Իսկ է՞լ ինչ քայլեր կարող եք ձեռնարկել, որ հաջողության հասնեք։
Օր որոշեք։ Առողջապահության և սոցիալական զարգացման դեպարտամենտը (ԱՄՆ) խորհուրդ է տալիս, որ երբ որոշեք թողնել ծխելը, ապա դա պետք է անեք երկու շաբաթվա մեջ։ Այդ ընթացքում դեռ հաստատակամ կլինեք։ Օրացույցի մեջ նշեք օրը, հայտնեք այդ մասին ձեր ընկերներին և օրը մի՛ փոխեք, նույնիսկ եթե հանգամանքները փոխվեն։
Պատրաստեք «ես թողնում եմ ծխելը» հուշագիր։ Այնտեղ կարող եք գրել ներքոհիշյալ տեղեկությունները, ինչպես նաև այն ամենը, ինչը կօգնի չկորցնելու ձեր հաստատակամությունը։
● Ծխելը թողնելու պատճառները
● Այն մարդկանց հեռախոսահամարները, ում կարող եք զանգահարել, եթե զգում եք, որ քիչ է մնում՝ հանձնվեք
● Մտքեր, գուցե նաև աստվածաշնչյան համարներ, ինչպիսիք են Գաղատացիներ 5։22, 23 համարները, որոնք կօգնեն ձեզ հասնելու ձեր նպատակին
Միշտ ձեզ հետ ունեցեք ձեր հուշագիրը և օրը մի քանի անգամ կարդացեք։ Նույնիսկ ծխելը թողնելուց հետո շարունակեք կարդալ այն, երբ ձեր մեջ ծխելու ցանկություն առաջանա։
Հետ վարժվեք։ Ծխելը թողնելու օրից առաջ, սկսեք ծխելու հետ կապված սովորություններից հետ վարժվել։ Օրինակ՝ եթե ծխում եք հենց որ արթնանում եք, սկսեք ծխել մոտ մի ժամ հետո։ Եթե ծխում եք ճաշելիս կամ անմիջապես հետո, այլևս մի՛ ծխեք այդ ժամերին։ Խուսափեք այն վայրերից, որտեղ ծխում են։ Երբ մենակ եք, բարձրաձայն կրկնեք. «Ո՛չ, շնորհակալություն։ Ես թողել եմ ծխելը»։ Այս քայլերի շնորհիվ ավելի լավ պատրաստված կլինեք այն օրվան, երբ թողնելու եք ծխելը։ Դրանք նաև կհիշեցնեն ձեզ, որ շուտով դուք դառնալու եք նախկին ծխող։
Պատրաստվեք։ Մինչ մոտենում է այդ օրը, ձեզ մոտ ունեցեք բաներ, որ կփոխարինեն սիգարետին՝ մաքրած և կտրատած գազար, մաստակ, ընկույզ և այլն։ Հիշեցրեք ընտանիքի անդամներին և ընկերներին այդ օրվա մասին և թե ինչպես նրանք կարող են օգնել ձեզ։ Այդ օրից անմիջապես առաջ պահեք մոխրամանները, կրակայրիչները և այն ամենը, ինչը կարող է գայթակղեցնել ձեզ, օրինակ՝ սիգարետները, որ կարող են լինել տան տարբեր անկյուններում, մեքենայում, գրպանի մեջ կամ աշխատավայրում։ Ավելի դժվար է ընկերոջից սիգարետ խնդրել կամ գնել մեկ տուփ, քան դարակից մեկ հատ հանել։ Նաև շարունակ աղոթեք Աստծուն, որ օգնի, իսկ վերջին սիգարետից հետո ավելի թախանձագին խնդրեք (Ղուկաս 11։13)։
Բազմաթիվ մարդկանց հաջողվել է «խզել կապերը» իրենց նախկին կեղծ, վտանգավոր ընկերոջ՝ սիգարետի հետ։ Դո՛ւք էլ կարող եք։ Ձեզ սպասում է լավ առողջություն և ազատության մեծ զգացում։
[նկար 9-րդ էջի վրա]
Միշտ ձեզ հետ ունեցեք ձեր հուշագիրը և օրվա մեջ հաճախակի կարդացեք այն
-