Ի՞նչ է Աստծու անունը
Երբ ուզում եք ծանոթանալ ինչ-որ մեկի հետ, հավանաբար առաջին հերթին հարցնում եք՝ ինչ է նրա անունը։ Եթե Աստծուն տայիք այդ հարցը, նա ի՞նչ կասեր։
«Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (Եսայիա 42։8)։
Առաջին անգա՞մ եք լսում այս անունը։ Դա զարմանալի չէ, քանի որ Աստվածաշնչի շատ թարգմանիչներ հազվագյուտ տեղերում են պահպանել Աստծու անունը, եթե իհարկե պահպանել են։ Նրանք հաճախ այն փոխարինել են «ՏԵՐ» տիտղոսով։ Այնինչ բնագրային լեզուներով գրված աստվածաշնչյան տեքստում Աստծու անունը հանդիպում է մոտ 7 000 անգամ։ Այն բաղկացած է եբրայերեն չորս բաղաձայններից, որոնք համապատասխանում են ՅՀՎՀ տառերին։ Դարեր շարունակ հայերենում այդ անունը թարգմանվել է «Եհովա»։
Աստծու անունը հանդիպում է եբրայերեն տեքստի բազմաթիվ տեղերում և շատ թարգմանություններում
ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ
Այդ անունը կարևոր է Աստծու համար։ Աստծուն ոչ ոք անուն չի տվել, նա ինքն է իր համար ընտրել այդ անունը։ Եհովան այսպես է ասում. «Սա է իմ անունը հավիտյան, և սրանով ինձ կհիշեն սերնդեսերունդ» (Ելք 3։15)։ Աստվածաշնչում Աստծու անունը ավելի հաճախ է հանդիպում, քան նրա տիտղոսներից ցանկացած մեկը, ինչպիսիք են՝ Ամենակարող, Հայր, Տեր, Աստված։ Ավելին, Աստվածաշնչում գրված ուրիշ ոչ մի անձնանուն, ինչպես, օրինակ, Աբրահամ, Մովսես, Դավիթ կամ Հիսուս, այնքան հաճախ չի հանդիպում, որքան Աստծու անունը։ Եհովան ցանկանում է, որ իր անունը հայտնի լինի բոլորին։ Աստվածաշնչում կարդում ենք. «[Թող] մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18)։
Այդ անունը կարևոր է Հիսուսի համար։ Երբ Հիսուսն իր հետևորդներին սովորեցնում էր մի աղոթք, որը հետագայում հայտնի դարձավ որպես «Հայր մեր» կամ «Տերունական աղոթք», ասաց, որ Աստծուն դիմեն այսպիսի խոսքերով. «Թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6։9)։ Հիսուսն ինքն էլ Աստծուն աղոթելիս ասաց. «Հա՛յր, փառավորի՛ր քո անունը» (Հովհաննես 12։28)։ Աստծու անունը փառավորելը առաջնային էր Հիսուսի կյանքում, ուստի նա իրավամբ այսպիսի խոսքեր ասաց իր աղոթքում. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ» (Հովհաննես 17։26)։
Այդ անունը կարևոր է Աստծու ծառաների համար։ Հնում ապրող Աստծու ժողովուրդը հասկանում էր, որ իր ապահովությունն ու փրկությունը կապված է Աստծու անզուգական անվան հետ։ Աստվածաշնչում գրված է. «Եհովայի անունը ամուր աշտարակ է։ Նրա մեջ է փախչում արդարը և պաշտպանություն ստանում» (Առակներ 18։10)։ Նաև ասվում է. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հովել 2։32)։ Աստվածաշունչը նաև ցույց է տալիս, որ Աստծուն ծառայող մարդիկ զատորոշվելու էին նրա անունով։ Այնտեղ կարդում ենք. «Բոլոր ժողովուրդներն իրենց աստծու անունով կքայլեն, բայց մենք մեր Աստված Եհովայի անունով կքայլենք դարեդար, հավիտյան» (Միքիա 4։5; Գործեր 15։14)։
ԻՆՉ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ
Այդ անունը յուրօրինակ կերպով բնութագրում է Աստծուն։ Շատ աստվածաշնչագետներ այն կարծիքին են, որ «Եհովա» անունը նշանակում է «նա դարձնում է»։ Եհովա Աստված օգնեց հասկանալու իր անվան իմաստը, երբ Մովսեսի հետ խոսելիս իր մասին ասաց. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ» (Ելք 3։14)։ Փաստորեն՝ Աստծու անունը բովանդակում է շատ ավելին, քան միայն այն, որ նա է Արարիչը, ով դարձրել, կամ՝ ստեղծել է ամեն բան։ Այդ անունը ցույց է տալիս, որ նա կարող է թե՛ ինքն իրեն, թե՛ իր ստեղծագործությանը դարձնել այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակն իրագործելու համար։ Ճիշտ է, Աստծու տիտղոսները պատկերացում են տալիս նրա դիրքի, հեղինակության ու զորության մասին, բայց միմիայն նրա անձնանունն է լիովին բնութագրում՝ ով է նա, ինչպիսին է և ինչ կարող է դառնալ։
Աստծու անունը ցույց է տալիս, որ նա հետաքրքրված է մեզանով։ Աստծու անվան նշանակությունը օգնում է հասկանալ, որ նա հավատարմորեն հոգ է տանում իր ստեղծածների, այդ թվում մեր մասին։ Ավելին, այն փաստը, որ նա հայտնել է իր անունը, ցույց է տալիս, որ նա ցանկանում է՝ ճանաչենք իրեն։ Չէ՞ որ նա ինքն է նախաձեռնություն վերցրել ու ասել իր անունը, նույնիսկ նախքան մենք կխնդրեինք նրան այդ մասին։ Հստակ է, որ Աստված ուզում է՝ իրեն համարենք ոչ թե ինչ-որ առեղծվածային, անմատչելի աստվածություն, այլ իրական անձնավորություն, ում հետ կարող ենք մտերմանալ (Սաղմոս 73։28)։
Աստծու անունը գործածելով՝ ցույց ենք տալիս, որ հետաքրքրված ենք նրանով։ Օրինակ՝ ենթադրենք՝ ցանկանում եք ընկերանալ ինչ-որ մեկի հետ և նրան խնդրում եք, որ ձեզ անունով դիմի։ Ի՞նչ կզգաք, եթե այդ մարդն անընդհատ խուսափի ձեր անունը տալուց։ Հավանաբար ի վերջո կսկսեք մտածել, որ նա չի ցանկանում մտերմանալ ձեզ հետ։ Այդպես կարող է լինել նաև Աստծու պարագայում։ Եհովան մարդկանց հայտնել է իր անունը և հորդորում է գործածել այն։ Երբ այդպես ենք վարվում, ցույց ենք տալիս, որ իսկապես ցանկանում ենք մտերմանալ նրա հետ։ Եվ անգամ երբ մարդիկ խորհրդածում են «նրա անվան շուրջ» կամ այն թանկ են համարում, դա էլ աննկատ չի մնում Աստծու աչքից (Մաղաքիա 3։16)։
Աստծու անունն իմանալը նրան ճանաչելու առաջին կարևոր քայլն է։ Բայց միայն այդքանը դեռ բավարար չէ։ Պետք է նաև իմանանք՝ ինչ անձնավորություն է կանգնած այդ անվան հետևում, և ինչ հատկություններ ունի նա։
Ի՞ՆՉ է ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ։ Աստծու անունը Եհովա է։ Այդ անունը յուրօրինակ կերպով բնութագրում է Աստծուն որպես մի անձնավորության, ով կարող է իրականացնել իր բոլոր նպատակները