ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ
Ամուսնություն
Ամուսնությունը պարզապես սոցիալական միավորո՞ւմ է
«Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթեոս 19։6)։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Աստծու աչքում ամուսնությունը պարզապես սոցիալական կառույց չէ։ Այն սուրբ միություն է տղամարդու և կնոջ միջև։ Աստվածաշնչում ասվում է. «Արարչագործության սկզբում «[Աստված] տղամարդ և կին ստեղծեց նրանց։ Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը, և երկուսը մեկ մարմին կլինեն».... Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մարկոս 10։6–9; Ծննդոց 2։24)a։
«Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ» խոսքերը չեն նշանակում, որ ամուսնությունները կանխորոշվում են երկնքում։ Նշելով, որ մեր Ստեղծիչն է ամուսնական կառույցի հիմնադիրը՝ Աստվածաշունչն ընդգծում է ամուսնության լրջությունը։ Այն զույգերը, որոնք իրենց ամուսնությունը դիտում են այդ տեսանկյունից, համարում են այն սուրբ, հարատև միություն, և դա ավելի է ամրացնում հաջող ամուսնություն ունենալու նրանց վճռականությունը։ Նրանք ավելի մեծ հաջողության կարող են հասնել, եթե իրենց ամուսնական դերը կատարելու համար դիմեն Աստվածաշնչի առաջնորդությանը։
Ամուսնու դերը
«Ամուսինը իր կնոջ գլուխն է» (Եփեսացիներ 5։23)։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Որպեսզի ընտանեկան կառույցը ճիշտ գործի, անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկը կայացնի վերջնական որոշումները։ Աստվածաշունչը այդ պատասխանատվությունը հանձնել է ամուսնուն։ Սակայն դա իրավունք չի տալիս նրան լինելու իշխող, կոպիտ ու բռնի։ Դա նաև իրավունք չի տալիս նրան խուսափելու իր պարտականություններից, ինչը կարող է պատճառ լինել, որ նա կորցնի իր կնոջ հարգանքը և ավելորդ բեռ դնի նրա վրա։ Աստված ակնկալում է, որ ամուսինը ամեն ջանք կգործադրի իր կնոջը հոգ տանելու համար և կպատվի նրան՝ համարելով նրան իր ամենամտերիմ ու վստահելի ընկերը (1 Տիմոթեոս 5։8; 1 Պետրոս 3։7)։ «Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները»,— ասվում է Եփեսացիներ 5։28-ում։
Իր կնոջն իսկապես սիրող ամուսինը գնահատում է նրա ունակություններն ու հմտությունները և նրան հարգելով՝ հաշվի է առնում նրա տեսակետը, հատկապես այն հարցերում, որոնք կարող են անդրադառնալ ողջ ընտանիքի վրա։ Նա չպետք է պնդի իր տեսակետը լոկ այն պատճառով, որ ինքն է ընտանիքի գլուխը։ Երբ Աստծու ծառա Աբրահամը ուշադրություն չդարձրեց ընտանեկան մի հարցի վերաբերյալ իր կնոջ ողջամիտ խորհրդին, Եհովա Աստված նրան ասաց. «Լսիր նրա ձայնին» (Ծննդոց 21։9–12)։ Աբրահամը խոնարհաբար ընդունեց այդ խորհուրդը, և նրա ընտանիքը ունեցավ խաղաղություն ու միասնություն, նաև ստացավ Աստծու օրհնությունը։
Կնոջ դերը
«Կանա՛յք, հպատակվեք ձեր ամուսիններին» (1 Պետրոս 3։1)։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Առաջին մարդու համար կին ստեղծելուց անմիջապես առաջ Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Մի օգնական ստեղծեմ նրա համար որպես նրան լրացում» (Ծննդոց 2։18)։ «Լրացում» ասելով՝ հասկանում ենք մի բան, որը լրացնում կամ լիարժեք է դարձնում։ Այսպիսով՝ Աստված կնոջը չստեղծեց, որ նա լինի տղամարդու կրկնօրինակը կամ մրցակցի նրա հետ, այլ որ լինի նրա համագործակիցը։ Նրանք միասին կարող էին իրականացնել Աստծուց ստացած հանձնարարությունը՝ ունենալ երեխաներ և լցնել երկիրը իրենց սերնդով (Ծննդոց 1։28)։
Որպեսզի կինը կարողանա կատարել իր դերը, Աստված նրան օժտել է դրա համար անհրաժեշտ բոլոր ֆիզիկական, մտային և զգացական ունակություններով։ Երբ կինը դրանք գործադրում է իմաստությամբ ու սիրալիրությամբ, մեծապես նպաստում է ընտանեկան կյանքի հաջողությանը և օգնում է, որ ամուսինն իրեն երջանիկ ու սիրված զգա։ Աստծու աչքում այդպիսի առաքինի կինը գովելի է (Առակներ 31։28, 31)b։
a Աստվածաշունչը թույլ է տալիս ամուսնալուծվել անհավատարմության դեպքում (Մատթեոս 19։9)։
b Ամուսնության և ընտանեկան կյանքի վերաբերյալ օգտակար այլ խորհուրդներ կարելի է գտնել «Արթնացե՛ք» ամսագրի «Աջակցություն ընտանիքին» խորագրի տակ։