ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ
«Նա դեռ խոսում է, թեպետև մահացել է»
ԱԲԵԼԸ, մտքերով ընկած, նայում է իր ոչխարների հոտին, որոնք հանդարտ արածում են սարալանջին։ Երեկոյան մեղմ քամին ալեկոծում է նրա մազերը։ Ալեկոծվում է նաև նրա հոգին, երբ հայացքը նետում է հեռուն, որտեղից հազիվ նշմարելի կրակի ցոլք է երևում։ Նա գիտի, որ այնտեղ բոցավառվող սուրն է պտտվում, այն սուրը, որը փակում է Եդեմի պարտեզի մուտքը։ Մի ժամանակ իր ծնողներն այնտեղ էին ապրում։ Բայց հիմա... հիմա ո՛չ նրանք, ո՛չ ինքը ու ո՛չ էլ որևէ մարդ չեն կարող ոտք դնել այնտեղ։ Աչքերը հառած դեպի հրեղեն սուրը՝ Աբելն իր Արարչի մասին է խորհում. կվերանա՞ այն հսկա անդունդը, որ գոյացել է մարդու և Աստծու միջև։ Դա էր Աբելի միակ մտածմունքը։
Աբելն այսօր խոսում է քեզ հետ։ Լսո՞ւմ ես նրա ձայնը։ Գուցե ասես՝ հնարավոր չէ։ Չէ՞ որ նա դարեր առաջ է մահացել։ Գրեթե 60 դար է անցել, ու նրա աճյունը հողին է խառնվել։ Մահացածների մասին Աստվածաշունչն ասում է, որ նրանք «ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5, 10)։ Բացի այդ, Աբելի ասած և ոչ մի խոսք գրի չի առնվել Աստվածաշնչում։ Ուրեմն ինչպե՞ս է նա խոսում։
Պողոս առաքյալը, սուրբ ոգուց ներշնչված, Աբելի մասին հետևյալն ասաց. «Հավատի միջոցով նա դեռ խոսում է, թեպետև մահացել է» (Եբրայեցիներ 11։4)։ Աբելը առաջին մարդն էր, որ հավատ էր զարգացրել իր մեջ։ Նա զորեղ հավատ դրսևորեց և օրինակ թողեց մեզ, կենդանի օրինակ, որին արժե հետևել։ Եթե սովորում ենք նրանից ու ձգտում ընդօրինակել նրա հավատը, ուրեմն կարելի է ասել, որ լսում ենք նրա ձայնը։
Ի՞նչ կարող ենք սովորել Աբելից այն դեպքում, երբ Աստվածաշունչը քիչ բան է հայտնում նրա մասին։ Տեսնենք։
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻՆ
Աբելը ծնվել է մարդկության պատմության արշալույսին։ Հիսուսն Աբելի ապրած օրերի մասին խոսեց որպես «աշխարհը հիմնվելու» ժամանակաշրջանի (Ղուկաս 11։50, 51)։ «Աշխարհ» ասելով՝ նա հավանաբար նկատի ուներ մարդկանց՝ այն մարդկանց, որոնց համար մեղքից ազատվելու հույս կար։ Թեև Աբելը չորրորդ մարդն էր երկրի վրա, սակայն, ըստ երևույթին, առաջինն էր, որին Աստված արժանի համարեց փրկվելուa։ Հստակ է, որ Աբելը այնպիսի մարդկանցով չէր շրջապատված, որոնք լավ ազդեցություն կթողնեին նրա վրա։
Թեպետ աշխարհը նոր էր հիմնվում, սակայն մարդկային ընտանիքի վրա արդեն տխրություն էր իջել։ Աբելի ծնողները՝ Ադամն ու Եվան, հնարավոր է դեռ գեղեցիկ էին և առողջ։ Բայց նրանք անդառնալի սխալ էին գործել և շատ լավ գիտակցում էին դա։ Մի ժամանակ նրանք կատարյալ էին ու կարող էին ապրել հավիտյան։ Սակայն ըմբոստացան Եհովա Աստծու դեմ և վռնդվեցին իրենց Դրախտ տնից՝ Եդեմի պարտեզից։ Իրենց եսասիրական ցանկությունները ամենից, նույնիսկ իրենց զավակներից վեր դասելով՝ նրանք կորցրին կատարելությունն ու հավիտենական կյանքը (Ծննդոց 2։15–3։24)։
Եդեմից դուրս կյանքը ծանր էր Ադամի ու Եվայի համար։ Երբ նրանց առաջին զավակը ծնվեց, նրան Կայեն կոչեցին, այսինքն՝ «առաջ բերված», և Եվան ասաց. «Ես մարդ ծնեցի Եհովայի օգնությամբ»։ Նա այս խոսքերն ասաց թերևս այն պատճառով, որ հիշեց Եդեմի պարտեզում Եհովայի տված խոստումը, թե ոմն մի կին պետք է «սերունդ» առաջ բերի, որը մի օր բնաջինջ է անելու այն չար անձնավորությանը, որը մոլորեցրեց Ադամին ու Եվային (Ծննդոց 3։15; 4։1)։ Արդյո՞ք Եվան մտածում էր, թե ինքն է այդ մարգարեության մեջ նշված կինը, իսկ Կայենը՝ խոստացված «սերունդը»։
Եթե այո, նա չարաչար սխալվում էր։ Ավելին, եթե նա ու Ադամը Կայենի միտքը նման գաղափարներով էին սնուցել, նշանակում է՝ փոքրուց հպարտություն էին սերմանել նրա մեջ։ Որոշ ժամանակ անց Եվան ծնեց երկրորդ որդուն, բայց ոչ մի տեղ գրված չէ, որ նրա մասին վերամբարձ խոսքեր ասի։ Նրա անունը դրեցին Աբել, որը կարող է նշանակել «արտաշնչում» կամ «ունայնություն» (Ծննդոց 4։2)։ Արդյո՞ք անվան ընտրությունը ցույց էր տալիս նրանց պակաս ակնկալիքները, ասես Աբելի հետ կապված ավելի քիչ հույսեր ունեին։ Վստահ չենք կարող ասել։
Ծնողներն այսօր կարող են դասեր քաղել առաջին ծնողների սխալներից։ Խոսքերով ու գործերով ի՞նչ կսերմանեք ձեր երեխաների մեջ՝ հպարտություն, փառասիրություն և եսասիրությո՞ւն, թե՞ կսովորեցնեք սիրել Եհովա Աստծուն և մտերմանալ նրա հետ։ Ցավոք, առաջին ծնողները թերացան իրենց պարտականությունները կատարելու մեջ։ Սակայն նրանց սերունդը անհույս չէր։
ԱԲԵԼԸ ՀԱՎԱՏ ԶԱՐԳԱՑՐԵՑ. ԻՆՉՊԵ՞Ս
Երբ տղաները մեծացան, Ադամն, ըստ երևույթին, նրանց սովորեցրեց այն գործը, որն անհրաժեշտ էր ընտանիքի կարիքները հոգալու համար։ Կայենը հողագործ դարձավ, իսկ Աբելը՝ հովիվ։
Սակայն Աբելը ևս մեկ կարևոր բան արեց։ Տարիների ընթացքում նա Եհովա Աստծու հանդեպ հավատ զարգացրեց, գեղեցիկ հատկություն, որի մասին հետագայում գրեց Պողոս առաքյալը։ Ապա մտածիր. մարդկանց մեջ չկար մեկը, ում Աբելը կարող էր ընդօրինակել։ Այդ դեպքում ինչպե՞ս նա կարողացավ այդպիսի հավատ զարգացնել։ Տեսնենք, թե ինչը օգնեց նրան։
Եհովայի ստեղծագործությունը։
Եհովան անիծել էր հողը, որ այն փուշ ու տատասկ աճեցներ, ինչը դժվարացնում էր հողագործի աշխատանքը։ Սակայն երկիրը առատորեն կերակուր էր տալիս, ինչի շնորհիվ Աբելի ընտանիքը պահպանում էր իր գոյությունը։ Բացի այդ, անեծք չկար կենդանիների վրա, ինչպես նաև թռչունների, ձկների և ոչ էլ լեռների, լճերի, գետերի ու ծովերի, նաև երկնքի, ամպերի, արևի, լուսնի ու աստղերի։ Որ կողմ էլ որ նայեր Աբելը, տեսնում էր Եհովա Աստծու մեծ սիրո, իմաստության և բարության արտահայտումը, նրա, ով արարել է ամեն բան (Հռոմեացիներ 1։20)։ Արարչագործության շուրջ երախտագիտությամբ խորհելը նպաստեց, որ Աբելի հավատը ամրանա։
Աբելը, անշուշտ, ժամանակ էր հատկացնում հոգևոր բաների մասին խորհրդածելուն։ Մտովի պատկերացնենք նրան իր հոտի մասին հոգ տանելիս։ Հովիվը ստիպված էր լինում չափազանց շատ քայլել։ Նա այդ հեզ արարածների հետ գնում էր բլուրներն ի վեր, ապա իջնում գետահովիտներ, անցնում գետի մյուս կողմը, և այս ամենը այն բանի համար, որ իր ոչխարներն ամենականաչ խոտն ուտեն, ամենամաքուր ջուրը խմեն և ամենաապահով տեղում հանգիստ առնեն։ Աստծու ստեղծագործությունների մեջ ոչխարներն ասես ամենաանօգնական արարածները լինեն՝ ստեղծված այնպես, որ մարդը առաջնորդի ու պաշտպանի նրանց։ Իսկ Աբելը զգո՞ւմ էր, որ ինքը առաջնորդության, պաշտպանության և հոգատարության կարիք ունի այնպիսի Անձնավորության կողմից, որը մարդուց շատ ավելի իմաստուն է և զորեղ։ Անկասկած, նա շատ անգամներ աղոթել է այդ մասին, և նրա հավատը շարունակել է է՛լ ավելի զորանալ։
Ստեղծագործությունը Աբելի համար սիրառատ Արարչի հանդեպ հավատ զարգացնելու ամուր հիմք հանդիսացավ
Եհովայի խոստումները։
Ադամն ու Եվան, ամենայն հավանականությամբ, պատմել են իրենց որդիներին Եդեմի պարտեզում եղած դեպքերը։ Ուստի Աբելը բավականին նյութ ուներ խորհրդածելու համար։
Եհովան ասել էր, որ հողը անիծված է լինելու։ Աբելն իր աչքով էր տեսնում փշերն ու տատասկները։ Եհովան նաև ասել էր, որ Եվան հղիության և երկունքի ցավեր է ունենալու։ Հետագայում, երբ ծնվեցին մյուս երեխաները, Աբելը համոզվեց այդ խոսքերի ճշմարտացիության մեջ։ Աստված հայտնել էր, որ Եվան չափազանց մեծ փափագ է ունենալու ամուսնու սիրո և ուշադրության, իսկ Ադամը իշխելու է նրա վրա։ Աբելը ամեն օր էր այդ իրողությանը ականատես լինում։ Նա տեսնում էր, որ Եհովայի ասած խոսքերը լիովին վստահելի են։ Հետևաբար հիմնավոր պատճառներ ուներ հավատալու Աստծու խոստմանը, որ «սերունդը» մի օր շտկելու է այն սխալը, որը սկիզբ էր առել Եդեմի պարտեզում (Ծննդոց 3։15–19)։
Եհովայի ծառաները։
Ճիշտ է, Աբելի ընտանիքում չկար իր համար լավ օրինակ, սակայն այդ ժամանակ մարդիկ միակ բանական արարածները չէին երկրի վրա։ Երբ Ադամն ու Եվան վտարվեցին Եդեմի պարտեզից, Եհովան այնպես արեց, որ ո՛չ նրանք, ո՛չ էլ նրանց ժառանգները չկարողանան մուտք գործել Դրախտ։ Ուստի մուտքը պահպանելու համար Եհովան քերովբեների՝ բարձրակարգ հրեշտակների կանգնեցրեց այնտեղ և բոցավառվող սայր ունեցող սուր դրեց, որն անընդհատ պտտվում էր (Ծննդոց 3։24)։
Մանուկ հասակից Աբելը հավանաբար տեսել է այդ քերովբեներին։Ֆիզիկական մարմիններ առած այս հրեշտակներն, անշուշտ, բավականին հզոր էակների տպավորություն են թողել։ Անընդհատ բոցավառվող ու պտտվող սուրը նույնպես երկյուղ է առաջ բերել նրա սրտում։ Տարիների ընթացքում Աբելը երբևիցե տեսե՞լ է, որ այդ քերովբեները ձանձրանան ու հեռանան իրենց կանգնած տեղից։ Երբե՛ք։ Օր ու գիշեր, տարեցտարի այս բանական ու հզոր էակները այնտեղ կանգնած են եղել։ Հետևաբար Աբելը հասկացել է, որ Եհովա Աստված արդար ու վստահելի ծառաներ ունի։ Այդ քերովբեների մեջ նա նվիրվածություն ու հնազանդություն էր տեսնում Եհովայի հանդեպ, ինչը բացակայում էր իր ընտանիքում։ Անկասկած, հրեշտակների օրինակը զորացնում էր Աբելի հավատը։
Խորհրդածելով այն ամենի շուրջ, ինչ Եհովան բացահայտել է իր մասին արարչագործության, խոստումների և իր ծառաների օրինակների միջոցով՝ Աբելի հավատը ավելի ու ավելի էր մեծանում։ Մի՞թե չենք լսում, թե ինչպես է նրա կենդանի օրինակը խոսում մեզ հետ։ Նա վստահությամբ է լցնում հատկապես երիտասարդներին, որոնք կարող են անկեղծ հավատ զարգացնել Եհովա Աստծու հանդեպ՝ անկախ նրանից, թե ինչպիսի վարք են դրսևորում իրենց ընտանիքի անդամները։ Այո՛, մեր շուրջը եղող արարչագործության հրաշքները, ամբողջ Աստվածաշունչը և բազմաթիվ հավատարիմ մարդկանց օրինակներ այսօր կարող են ամուր հիմք լինել հավատ կառուցելու համար։
ԻՆՉՈՒ ԷՐ ԱԲԵԼԻ ԶՈՀԸ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ
Եհովայի հանդեպ Աբելի հավատը աստիճանաբար զորանում էր, և նա մտածում էր, թե ինչպես կարող է գործերով արտահայտել այն։ Սակայն աննշան մարդը ի՞նչ կարող էր տալ տիեզերքն Արարողին։ Ինչ խոսք, Աստված կարիք չուներ որևէ նվերի կամ օգնության։ Ժամանակի ընթացքում Աբելը մի կարևոր ճշմարտություն էր հասկացել. եթե ճիշտ մղումներով իր ունեցածների միջից լավագույնը մատուցի Եհովային, ապա իր սիրառատ երկնային Հորը հաճելի կլինի։
Ուստի նա որոշեց իր հոտի ոչխարներից մատուցել նրան։ Նա ընտրեց ամենալավերին, առաջնեկներին և դրանց ամենալավ կտորները որպես զոհ մատուցեց։ Կայենը նույնպես ցանկացավ Եհովայի օրհնությանն ու հավանությանը արժանանալ և իր ստացած բերքից ընծա պատրաստեց։ Բայց նրա մղումները այլ էին։ Դա հստակ երևաց այն ժամանակ, երբ եղբայրները մատուցեցին իրենց զոհերը։
Ադամի երկու որդիներն էլ թերևս զոհասեղանի վրա այրեցին իրենց զոհաբերությունը։ Դրան հավանաբար ականատես էին քերովբեները, ովքեր այդ ժամանակ Եհովայի միակ ներկայացուցիչներն էին երկրի վրա։ Եհովան անտարբեր չմնաց նրանց արած քայլի նկատմամբ։ Կարդում ենք. «Եհովան հավանություն տվեց Աբելին ու նրա ընծային» (Ծննդոց 4։4)։ Թե ինչպես Աստված ցույց տվեց իր հավանությունը, այդ մասին չի նշվում։ Իսկ ինչո՞ւ նա հավանեց հենց Աբելին։
Արդյո՞ք պատճառը մատուցվող զոհի տեսակն էր։ Աբելը մատուցեց կենդանի, շնչող արարած՝ թափելով նրա թանկագին արյունը։ Նա գիտակցո՞ւմ էր, թե որքան արժեքավոր էր այսպիսի զոհը։ Դրանից շատ դարեր անց Աստված պատվիրեց իր ժողովրդին, որ իրեն անարատ գառ մատուցեն, ինչը խորհրդանշելու էր իր կատարյալ Որդու զոհը՝ «Աստծու Գառին», որի անմեղ արյունը պետք է թափվեր (Հովհաննես 1։29; Ելք 12։5–7)։ Աբելը դժվար թե տեղյակ լիներ այս ամենին։
Սակայն մի բան հաստատ է. Աբելը մատուցեց իր ունեցածների միջից ամենալավը։ Եհովան հավանություն տվեց ոչ միայն զոհին, այլև մատուցողին, քանի որ վերջինս այն մատուցեց Եհովայի հանդեպ անկեղծ սիրուց և հավատից մղված։
Նույնը տեղի չունեցավ Կայենի հետ։ Եհովան «Կայենին ու նրա ընծային հավանություն չտվեց» (Ծննդոց 4։5)։ Պատճառը նրա ընտրած զոհը չէր։ Հետագայում Աստված Օրենքի միջոցով պատվիրեց, որ երկրի արդյունքից իրեն ընծա մատուցվի (Ղևտական 6։14, 15)։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ Կայենի «գործերը չար էին» (1 Հովհաննես 3։12)։ Ինչպես այսօր շատերը, այնպես էլ նա հավանաբար մտածեց, որ բավական է արտաքնապես ցույց տալ, թե ինքը նվիրված է Աստծուն։ Նրա հետագա գործերը փաստեցին, որ նա իրապես չէր սիրում և չէր հավատում Եհովա Աստծուն։
Երբ Կայենը տեսավ, որ չշահեց Եհովայի հավանությունը, արդյոք փորձե՞ց սովորել Աբելի օրինակից։ Ո՛չ։ Նա ատելությամբ լցվեց եղբոր հանդեպ։ Եհովան տեսավ, թե ինչ է կատարվում Կայենի սրտում և համբերությամբ փորձեց ուղղել նրա մտածելակերպը։ Նա զգուշացրեց Կայենին, որ դա նրան լուրջ մեղքի է առաջնորդում, և նույնիսկ նշեց, որ եթե նա փոխի իր ընթացքը, «կբարձրանա իր աչքում» (Ծննդոց 4։6, 7)։
Կայենը անտեսեց Աստծու նախազգուշացումը։ Նա իր կրտսեր եղբորն առաջարկեց միասին դաշտ գնալ, որտեղ էլ հարձակվեց նրա վրա ու սպանեց (Ծննդոց 4։8)։ Ինչ որ առումով Աբելը դարձավ կրոնական հետապնդման առաջին զոհը՝ առաջին նահատակը։ Նա մահացավ, բայց նրա պատմությունը ապրում է դարեդար։
Աբելի արյունը փոխաբերական իմաստով «երկրից բարձրաձայն կանչում էր» Եհովային արդարության և վրեժխնդրության համար։ Եվ Աստված արդարություն գործադրեց՝ պատժելով Կայենին ոճրագործության համար (Ծննդոց 4։9–12)։ Ավելին, Աստվածաշնչի էջերից այսօր Աբելը խոսում է մեզ հետ։ Թեև նրա կյանքի տևողությունը՝ մոտ 100 տարի, բավականին կարճ էր այն ժամանակաշրջանի համար, բայց այդ տարիները նա այնպես օգտագործեց, որ արժանացավ Եհովայի հավանությանը։ Նա մահացավ, բայց վստահ, որ իր երկնային Հայր Եհովան սիրում ու հավանում է իրեն (Եբրայեցիներ 11։4)։ Մենք համոզված ենք, որ նա ապահով հանգրվանել է Եհովայի անսահման հիշողության մեջ մինչև այն օրը, երբ հարություն կառնի՝ ապրելու դրախտ երկրի վրա (Հովհաննես 5։28, 29)։ Կհանդիպե՞ս Աբելին այնտեղ։ Անշուշտ, եթե լսես նրա ձայնը և ընդօրինակես անզուգական հավատը։
a «Աշխարհը հիմնվել» արտահայտությունը ունի սերմ գցելու, վերարտադրելու իմաստ, ուստի առնչվում է մարդկային վաղ սերնդին։ Այդ դեպքում ինչո՞ւ Հիսուսը Աբելի առնչությամբ օգտագործեց այդ արտահայտությունը և ոչ թե Կայենի, որն Ադամի ու Եվայի առաջին զավակն էր։ Կայենի որոշումներն ու արարքները ցույց են տալիս, որ նա գիտակցաբար ըմբոստացավ Եհովա Աստծու դեմ։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ իր ծնողների պես՝ նա էլ հարություն չի առնի և փրկություն չի ստանա։