Մարդիկ ընդունո՞ւմ են Ձեր խորհուրդը
ՃԻ՞ՇՏ է, որ տեղին և պատշաճորեն տրված խորհուրդը միշտ էլ լավ արդյունքներ է բերում։ Ո՛չ։ Նույնիսկ շնորհալի խորհրդատուների տված խորհուրդները երբեմն արհամարհանքի են արժանանում և մերժվում են (Առակաց 29։19)։
Այդպես պատահեց, երբ Եհովան խորհուրդ տվեց հարազատ եղբոր՝ Աբելի հանդեպ ատելությամբ լցված Կայենին (Ծննդոց 4։3—5)։ Եհովան գիտեր, որ այդ զգացումը շատ վտանգավոր է Կայենի համար, ուստի ասաց նրան. «Ի՞նչու ես բարկացել, եւ ի՞նչու ես երեսդ կախել։ Չէ՞ որ եթէ բարի լինիս, կ’բարձրանայ. բայց եթէ բարի չ’լինիս, մեղքը դրան մօտ պառկած է. եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ» (Ծննդոց 4։6, 7)։
Եհովան մեղքը նմանեցրեց գիշատիչի, որը պատրաստ է հոշոտելու Կայենին, եթե նա շարունակի նախանձ տածել եղբոր հանդեպ (համեմատեք Յակոբոս 1։14, 15)։ Կայենը, կործանարար իր նպատակը հետապնդելու փոխարեն, դեռ ժամանակ ուներ փոխելու իր մտածելակերպը և ‘բարին անելու’։ Ցավոք, նա ուշադրություն չդարձրեց այդ ազդարարությանը։ Կայենը մերժեց Եհովայի խորհուրդը, ինչը և սոսկալի հետևանքների հանգեցրեց։
Այսօր էլ շատերը վրդովվում են իրենց տրված ցանկացած խորհրդից և մերժում են այն ընդունել (Առակաց 1։22—30)։ Հնարավո՞ր է, որ մարդիկ մերժեն խորհուրդ տվողի մեղավորությամբ (Յոբ 38։2)։ Գուցե դո՞ւք եք՝ որպես խորհրդատու, ինչ–որ ձևով խանգարում, որ մարդիկ ընդունեն ձեր խորհուրդը։ Մարդկային անկատարության պատճառով՝ այս հարցը բավականին խրթին է դառնում։ Սակայն, հետևելով Աստվածաշնչում ամփոփված սկզբունքներին, կարելի է հարթեցնել այդ խոչընդոտը։ Եկեք քննարկենք այդ սկզբունքներից մի քանիսը։
‘Վերահաստատել հեզության ոգով’
«Եղբայրնե՛ր, եթէ ձեզնից մէկը ինչ–որ յանցանքի մէջ բռնուի յանկարծ, դուք, որ հոգեւոր էք, վերահաստատէ՛ք («ուղիղ ճամփու բերէք», Նոր աշխարհաբար թարգմանություն) նրան հեզութեան ոգով. զգո՛յշ եղէք ինքներդ ձեր նկատմամբ, որպէսզի դուք էլ փորձութեան չենթարկուէք» (Գաղատացիս 6։1)։ Այսպիսով՝ Պողոս առաքյալը նշում է, որ «հոգեւոր» անհատները պետք է փորձեն ուղղել ‘հանցանքի մեջ հանկարծակի բռնված’ քրիստոնյային։ Հաճախ թվում է, թե խորհուրդ տալու են աճապարում նրանք, ովքեր հմուտ չեն այդ հարցերում։ Ուստի, մի՛ շտապեք խորհուրդներ տալ ուրիշներին (Առակաց 10։19; Յակոբոս 1։19; 3։1)։ Խորհուրդ տալու համար նախ և առաջ պատրաստված են ժողովի երեցները։ Ինչ խոսք, յուրաքանչյուր հասուն քրիստոնյա, տեսնելով եղբոր կատարած վտանգավոր քայլերը, պետք է այդ մասին նրան զգուշացնի։
Եթե դուք խորհուրդ կամ խրատ եք տալիս, հավաստիացեք, որ հիմնվում եք Աստծո իմաստության, ոչ թե մարդկային թեորիաների կամ փիլիսոփայությունների վրա (Կողոսացիս 2։8)։ Նմանվեք զգույշ խոհարարին, որը միշտ ստուգում է, որպեսզի գործածած բաղադրամասերը առողջարար լինեն և վնասակար ոչինչ չպարունակեն։ Վստահ եղեք, որ խորհուրդը հիմնված է Աստծո Խոսքի վրա, և ոչ թե զուտ ձեր անձնական կարծիքն է (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Հետևելով այս սկզբունքին՝ կարող եք համոզված լինել, որ ձեր խորհուրդը ոչ ոքի վնաս չի տա։
Փոխանակ ստիպելու հանցանք գործողին փոխվել որևէ հարցում, խորհրդի նպատակն է ‘ուղիղ ճամփու վրա բերել’ նրան։ ‘Ուղիղ ճամփու վրա բերել’ թարգմանված արտահայտության հունարեն տարբերակը կապված է մի տերմինի հետ, որը գործածում են հոդախախտված ոսկորը տեղը գցելու պրոցեսը նկարագրելիս։ Ըստ բառարանագիր Ու. Վայնի՝ այդ տերմինը նաև «ընթացքում համբերության և հաստատակամության անհրաժեշտության միտքն է տալիս»։ Պատկերացրեք, թե որքան նրբություն և հմտություն է հարկավոր անտեղի ցավ պատճառելուց խուսափելու համար։ Նմանապես, խորհուրդ կամ խրատ տվողը պետք է մեծ հոգատարություն ցուցաբերի, որպեսզի չվիրավորի զրուցակցին։ Բավականին դժվար է խորհուրդ տալ մեկին, ով ինքն է անձամբ խնդրում։ Շատ ավելի դժվար է խորհուրդ տալ, և մեծ հմտություն ու փափկանկատություն է պահանջվում այն դեպքում, երբ խորհրդի համար մեզ չեն դիմել։
Երբեք չեք կարող ‘ուղիղ ճամփու վրա բերել’ մեկին, ով ձեզ օտարացած է համարում։ Դրանից խուսափելու համար հիշեցե՛ք «գութ, ողորմութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, համբերատարութիւն» դրսևորելու անհրաժեշտության մասին (Կողոսացիս 3։12)։ Անզուսպ և կոպիտ բժշկի խորհուրդը հիվանդը ամենայն հավանականությամբ կանտեսի և հարկ եղած դեպքում գուցե այլևս չդիմի նրան։
Բայց դա չի նշանակում, որ խորհուրդը կամ խրատը պետք է վճռականությունից զերծ լինի։ Հիսուս Քրիստոսը վճռականություն դրսևորեց, երբ Ասիայում գտնվող յոթ ժողովներին խրատներ տվեց (Յայտնութիւն 1։4; 3։1—22)։ Նա որոշ ուղղակի խրատներ տվեց, որպեսզի լսեին և կիրառեին, քանի որ դրանց կարիքն ունեին։ Սակայն Հիսուսի վճռականությունը միշտ հավասարակշռվում էր կարեկցանքի ու բարության հետ, և այս հատկություններն արտացոլում էին իր երկնային Հոր սիրող ոգին (Սաղմոս 23։1—6; Յովհաննէս 10։7—15)։
Խրատը թող լինի Տիրոջ շնորհով լի
«Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէ՛ս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին» (Կողոսացիս 4։6)։ Աղը համ է տալիս կերակուրին։ Եթե ցանկանում եք, որ ձեր խորհուրդը հաճելի հնչի, այն հարկավոր է տալ ‘շնորհով և աղով համեմված’։ Նույնիսկ լավագույն բաղադրամասեր պարունակող կերակուրը կարող է վատ պատրաստվել կամ էլ խառը լցվել ափսեի մեջ։ Նման կերակուրը ոչ մեկի ախորժակը չի գրգռի։ Երբեմն նույնիսկ դժվար է կուլ տալ անհամ խորտիկը։
Խրատ տալիս՝ ճիշտ բառեր ընտրելը կարևոր է։ Իմաստուն Սողոմոնն ասել է. «Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ» (Առակաց 25։11)։ Սողոմոնը, ըստ երևույթին, աչքերի առջև ուներ այդ պատկերը՝ քանդակված հրաշագեղ ոսկե խնձորներ գեղեցիկ ձուլված արծաթե սկուտեղի մեջ։ Որքա՜ն հաճելի է աչքին, և որքա՜ն ուրախ կլինեիք այդպիսի նվեր ստանալ։ Նմանապես, ընտրված, շնորհալի բառերը կարող են խիստ տպավորություն գործել այն մարդու վրա, ում ցանկանում եք օգնել (Ժողովող 12։9, 10)։
Պատահում է և հակառակը, երբ ‘վիրավորիչ խոսքը բարկություն է գրգռում’ (Առակաց 15։1)։ Անտեղի ասված խոսքերը հեշտությամբ կարող են ցավ պատճառել և, երախտագիտության փոխարեն, զայրույթ առաջ բերել։ Բացի այդ, ոչ միայն անտեղի բառերը, այլև ձայնի երանգը կարող է պատճառ հանդիսանալ, որ անհատը մերժի լավ խորհուրդը։ Աննրբանկատ, անտակտ խորհուրդը վտանգավոր է, և նման ձևով խորհուրդ տալը կարելի է նմանեցնել մարդու վրա զենքով հարձակվելուն։ «Մարդիկ կան, որոնց անմիտ խօսքերը սուրի պէս կը խոցոտեն»,— կարդում ենք Առակաց 12։18–ում (Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Ինչո՞ւ չմտածված բառեր արտաբերել և դժվարացնել խորհուրդն ընդունելը (Առակաց 12։15)։
Ինչպես ասել է Սողոմոնը, խորհուրդը պետք է ‘հարմար ժամանակին ասվի’։ Ժամանակն անչափ կարևոր է խորհրդի արդյունավետ լինելու հարցում։ Պարզ է, որ ախորժակ չունեցող մարդը չի գնահատի կերակուրը. գուցե նա քիչ առաջ արդեն ճաշել է, կամ էլ վատառողջ է։ Սխալ է և անթույլատրելի ստիպելով կերակրելը։
Խրատեցեք խոնարհամտությամբ
«Կատարեա՛լ դարձրէք իմ ուրախութիւնը.... Մի՛ արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ [«խոնարհամտությամբ», ՆԱ] մէկդ միւսին աւելի լաւ համարեցէք, քան ինքներդ ձեզ։ Միայն ձեր շահը մի՛ փնտռէք, այլ իւրաքանչիւր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլիպպեցիս 2։2—4)։ Եթե լավ խորհրդատու եք, ապա հետաքրքրված կլինեք ‘յուրաքանչյուրի շահով’՝ ուրիշների բարօրությամբ։ Նաև «խոնարհամտությամբ» կվերաբերվեք ձեր հոգևոր եղբայրներին ու քույրերին՝ նրանց ձեզանից բարձր դասելով։ Ի՞նչ է սա նշանակում։
Խոնարհամտությունը թույլ չի տա, որ մյուսներին վերևից նայենք։ Մեզանից ոչ մեկը հիմքեր չունի կարծելու, թե բարձր է իր հավատակիցներից։ Յուրաքանչյուրս էլ ժամանակ առ ժամանակ սխալներ ենք գործում։ Քանի որ չենք կարող կարդալ մարդկանց սրտերը, հատկապես կարևոր է, որ չդատենք այն մարդու մոտիվները, ում ցանկանում ենք խորհուրդ տալ։ Նա կարող է զերծ լինել ցանկացած վատ դրդապատճառներից և անտեղյակ՝ այն բանից, որ սխալ մտածելակերպ ունի կամ սխալներ է գործում։ Նույնիսկ եթե անհատը գիտակցում է, որ հեռացել է Աստծո պահանջներից, այնուհանդերձ, նրա համար ավելի հեշտ կլինի ընդունել խոնարհությամբ տրված խրատը, քանի որ նա կզգա այն անկեղծ հետաքրքրությունը, որը ցուցաբերվում է իր անձի բարօրության համար։
Պատկերացրեք, որ հրավիրված եք ճաշի, բայց տանտերը շատ սառն է ձեր հանդեպ և քամահրանքով է վերաբերվում ձեզ։ Ինչ խոսք, ճաշից բավականություն չեք ստանա։ Իրոք որ «լավ է խոտեղէն կերակուր, եւ հետը սէր, քան թէ գէր զուարակը՝ ատելութիւնով» (Առակաց 15։17)։ Նույնը կարող ենք ասել խորհրդի մասին. անգամ ամենալավ խորհուրդը դժվար է ընդունել, եթե խորհուրդ տվողը սեր չի ցուցաբերում, նվաստացնում կամ էլ շփոթեցնում է զրուցակցին։ Սակայն սերը, փոխադարձ հարգանքը և վստահությունը կհեշտացնեն թե՛ խորհուրդ տալը և թե՛ ընդունելը (Կողոսացիս 3։14)։
Խորհուրդ, որն ականջ դրվեց
Դավիթ թագավորին խրատելիս՝ Նաթան մարգարեն խոնարհամտություն ցուցաբերեց։ Նաթանի խոսքերից և վերաբերմունքից պարզ դարձան թե՛ նրա սերը, և թե՛ հարգանքը դեպի Դավիթը։ Նաթանն իր խոսքը սկսեց մի պատմությամբ, ինչից երևում է, որ նա հաշվի էր առել այն հանգամանքը, որ Դավիթը թերևս դժվարանար լսել իր խրատը (Բ Թագաւորաց 12։1—4)։ Մարգարեն Դավիթի մեջ արթնացրեց նրա արդարության զգացումը և ուղղամտությունը, թեև Բերսաբեի հետ կապված դեպքերը բոլորովին էլ չէին խոսում նրա ունեցած այդ հատկությունների մասին (Բ Թագաւորաց 11։2—27)։ Երբ Նաթանը բացահայտեց իր պատմության բուն էությունը, Դավիթն անկեղծորեն պատասխանեց. «Մեղանչել եմ Տիրոջ դէմ» (Բ Թագաւորաց 12։7—13)։ Ի տարբերություն Կայենի, որն ականջ չդրեց Եհովային, Դավիթը խոնարհաբար ընդունեց խրատը։
Անկասկած, Եհովան առաջնորդեց Նաթանին՝ հաշվի առնելով Դավիթի անկատարությունը և այն բանի հավանականությունը, որ նա կարող էր սխալ արձագանքել։ Նաթանն իր խոսքը սկսեց նրբանկատորեն և բացահայտ կերպով Դավիթին իրենից բարձր դասելով՝ նկատի առնելով նրա՝ Եհովայի կողմից թագավոր նշանակված լինելու հանգամանքը։ Եթե ինչ–որ հեղինակությամբ եք լիազորված, պետք է ճիշտ խորհուրդներ տաք. բայց դժվար կլինի ընդունել ձեր խորհուրդը, եթե զլանում եք խոնարհամտություն ցուցաբերել։
Նաթանը խոնարհամտությամբ ուղղեց Դավիթին։ Մարգարեի խոսքերը շնորհով լի էին և զգուշությամբ նախապատրաստված, որպեսզի Դավիթի տված արձագանքը իր իսկ օգտի համար լիներ։ Նաթանն անձնական շահերից ելնելով չգործեց, ոչ էլ փորձեց բարոյապես և հոգեպես իշխել Դավիթի վրա։ Այս դեպքը մեզ համար պատշաճ կերպով ճիշտ խոսքեր արտասանելու հիանալի օրինակ է։ Եթե նման ոգի ցուցաբերեք, ավելի հավանական է, որ մարդիկ ընդունեն Ձեր խորհուրդը։
[նկար 28–րդ էջի վրա]
Ձեր խորհուրդը պետք է սննդարար կերակուրի նման օգտակար լինի։
[նկար 30–րդ էջի վրա]
Նաթան մարգարեն խոնարհաբար կոչ արեց Դավիթի արդարությանն ու ուղղամտությանը։
[նկար 31–րդ էջի վրա]
Նմա՞ն են արդյոք ձեր խորհուրդները ոսկե խնձորների՝ արծաթե սկուտեղի մեջ։