Աբրահամը՝ հավատի օրինակ
‘[Աբրահամը] հայր էր բոլոր հավատացյալների’ (Հռովմայեցիս 4։11)։
1, 2. ա) Ինչո՞վ է հայտնի այսօր Աբրահամը ճշմարիտ քրիստոնյաների մեջ։ բ) Ինչո՞ւ է Աբրահամը կոչվել «հայր.... բոլոր հաւատացեալների»։
ՆԱ ՄԻ հզոր ազգի նախահայր էր, մարգարե, գործարար մարդ, առաջնորդ։ Այսքանով հանդերձ՝ այսօր քրիստոնյաների շրջանում նա հայտնի է նախևառաջ իր այն հատկությամբ, որը մղեց Եհովա Աստծուն նրան իր բարեկամը համարել. դա նրա անսասան հավատն էր (Եսայիա 41։8; Յակոբոս 2։23)։ Նրա անունը Աբրահամ էր, և Աստվածաշնչում նա կոչվում է «հայր.... բոլոր հաւատացեալների» (Հռովմայեցիս 4։11)։
2 Մի՞թե Աբրահամից առաջ այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Աբելը, Ենովքը և Նոյը, հավատ չեն ունեցել։ Ունեցել են, բայց Աբրահամի հետ էր, որ Աստված երկրի բոլոր ազգերն օրհնելու ուխտը կապեց (Ծննդոց 22։18)։ Այսպիսով՝ նա դարձավ փոխաբերական իմաստով հայրը բոլոր նրանց, ովքեր հավատ կընծայեին խոստացված Սերնդին (Գաղատացիս 3։8, 9)։ Ինչ–որ իմաստով՝ Աբրահամին կարելի է համարել մեր հայրը, քանի որ նրա հավատն օրինակ է ծառայում մեզ համար։ Քանի որ Աբրահամը բազմաթիվ փորձությունների միջով էր անցել, ապա նրա ողջ կյանքը, կարելի է ասել, եղել է հավատի իրար հաջորդող դրսևորումների մի ամբողջ շարան։ Եվ իրոք, դեռ իր, կարելի է ասել, ամենամեծ փորձությունից, այսինքն՝ իր որդի Իսահակին զոհաբերելու պատվերը ստանալուց շատ առաջ, Աբրահամն իր հավատը ապացուցել էր՝ բազմաթիվ ուրիշ ավելի փոքր փորձությունների միջով անցնելով (Ծննդոց 22։1, 2)։ Եկեք այժմ քննենք նրա՝ այդ վաղ շրջանի հավատի փորձություններից մի քանիսը և տեսնենք, թե ինչ դասեր կարող ենք քաղել։
Պատվեր է ստանում՝ թողնել Ուրը
3. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը Աբրամի ծագման մասին։
3 Աստվածաշունչն առաջին անգամ հիշատակում է Աբրամի մասին (ավելի ուշ՝ Աբրահամ) Ծննդոց 11։26–ում, որտեղ կարդում ենք. «Թարան եօթանասուն տարի ապրեց, եւ ծնեց Աբրամին, Նաքովրին եւ Առանին»։ Աբրամը սերում էր աստվածավախ Սեմից (Ծննդոց 11։10–24)։ Համաձայն Ծննդոց 11։31–ի՝ Աբրամը ընտանիքով ապրում էր «քաղդէացիների Ուրում», որը բարգավաճող քաղաք էր և այն ժամանակ գտնվում էր Եփրատ գետի արևելյան ափին։a Հետևաբար՝ նա չէր մեծացել որպես վրաններում ապրող մի քոչվոր, այլ բնակիչ էր մի այնպիսի քաղաքի, որը փայլում էր իր շքեղությամբ։ Ուրի շուկաներում կարելի էր գնել տարբեր վայրերից բերված ապրանքներ։ Քաղաքի փողոցների երկայնքով կողք–կողքի շարված էին 14 սենյականոց սպիտակեցված տներ, որոնք ներքին ջրմուղ ունեին։
4. ա) Ի՞նչ դժվարություններ ունեին ճշմարիտ Աստծո երկրպագուները Ուր քաղաքում։ բ) Ինչպե՞ս եղավ, որ Աբրամը հավատաց Եհովային։
4 Թեև Ուրը նյութական առումով բարենպաստ պայմաններ ուներ, սակայն նա իրենից մեծ վտանգ էր ներկայացնում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին ծառայել ճշմարիտ Աստծուն։ Այդ քաղաքը ոտից գլուխ խրված էր կռապաշտության և սնոտիապաշտության մեջ։ Քաղաքի ընդհանուր ֆոնի վրա վեր էր խոյանում մի աստիճանավոր բրգաձև կառույց՝ զիկկուրատը, որտեղ երկրպագում էին լուսնի աստված Նաննային։ Անկասկած, Աբրամը ճնշման տակ էր գտնվում (գուցե նաև հարազատների կողմից)՝ մասնակցելու այս նողկալի երկրպագությանը։ Համաձայն հրեական որոշ ավանդույթների՝ ինքը Թարան՝ Աբրամի հայրը, կուռքեր էր պատրաստում (Յեսու 24։2, 14, 15)։ Այսպես թե այնպես, Աբրամը բաժին չուներ այդ ստոր, կեղծ երկրպագության մեջ։ Նրա զառամյալ նախահայր Սեմը դեռևս կենդանի էր, և, անշուշտ, վերջինս ճշմարիտ Աստծո մասին իր գիտելիքները կիսում էր նրա հետ։ Արդյունքում՝ Աբրամը հավատ ընծայեց Եհովային և ոչ թե՝ Նաննային (Գաղատացիս 3։6)։
Հավատի փորձություն
5. Ի՞նչ պատվիրեց և խոստացավ Աստված Աբրամին, երբ վերջինս դեռ գտնվում էր Ուրում։
5 Աբրամի հավատը փորձվելու էր։ Աստված երևաց նրան և պատվիրեց. «Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կ’տամ։ Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կ’լինիս։ Եւ քեզ օրհնողներին կ’օրհնեմ եւ քեզ անիծողներին կ’անիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կ’օրհնուին» (Ծննդոց 12։1–3; Գործք 7։2, 3)։
6. Ինչո՞ւ էր Աբրամից իսկական հավատ պահանջվում Ուրը թողնելու համար։
6 Աբրամը ծեր և անզավակ էր։ Ինչպե՞ս էր նա «մեծ ազգ» դառնալու։ Եվ որտե՞ղ էր գտնվում այդ երկիրը, ուր նա պիտի գնար։ Աստված դեռևս չէր հայտնել Աբրամին այդ մասին, հետևաբար նրանից իսկական հավատ էր պահանջվում՝ թողնելու բարգավաճ քաղաք Ուրը՝ իր բոլոր հարմարություններով հանդերձ։ «Ընտանիք, սեր և Աստվածաշունչ» գրքում հին ժամանակների մասին գրվում է. «Պատիժներից առավելագույնը ընտանիքի անդամի համար, որը ծանր հանցագործություն է կատարել, այն էր, որ նրան դուրս էին հանում տանից՝ զրկելով ընտանիքի անդամ լինելու իրավունքից.... Ահա թե ինչու է այդքան տարօրինակ թվում Աբրահամի անբեկանելի հնազանդությունն ու վստահությունը Աստծո հանդեպ, երբ նա վերջինիս պատվերով թողեց ոչ միայն իր երկիրը, այլև ազգականներին» («Family, Love and the Bible»)։
7. Ինչպե՞ս է այսօր հնարավոր, որ քրիստոնյաներն այնպիսի փորձություններ դիմագրավեն, ինչպիսին Աբրամն է դիմագրավել։
7 Հնարավոր է՝ մեր օրերում քրիստոնյաները նույնպես նման փորձություններ են դիմագրավում։ Ինչպես Աբրամը, գուցե մենք էլ նյութական շահերը աստվածապետական շահերից ավելի վեր դասելու ճնշման տակ գտնվենք (Ա Յովհաննէս 2։16)։ Գուցե մեզ հակառակվում են ընտանիքի անհավատ անդամներն ու բարեկամները, այդ թվում՝ ընկերակցությունից զրկվածները, որոնք փորձում են մեզ անառողջ շրջապատի մեջ ներքաշել (Մատթէոս 10։34–36; Ա Կորնթացիս 5։11–13; 15։33)։ Այս առումով՝ Աբրամը հրաշալի օրինակ է թողել մեզ համար։ Նա Եհովայի հետ բարեկամությունը ամեն ինչից՝ նույնիսկ ընտանեկան կապերից վեր դասեց։ Աբրամը ստույգ չգիտեր, թե ինչպես, երբ և որտեղ էին Աստծո խոստումներն իրականանալու։ Բայցևայնպես նա պատրաստ էր իր կյանքը կառուցել այդ խոստումների հիման վրա։ Ի՜նչ հրաշալի քաջալերանք է սա մեզ համար՝ կյանքում Թագավորության շահերն առաջին տեղում դնելու (Մատթէոս 6։33)։
8. Ի՞նչ ազդեցություն թողեց Աբրամի հավատն իր ընտանիքի անդամների վրա, և ի՞նչ կարող են քրիստոնյաները սովորել դրանից։
8 Իսկ ի՞նչ կարելի է ասել Աբրամի ընտանիքի անդամների մասին։ Ըստ երևույթին, Աբրամի հավատն ու համոզվածությունը խիստ մեծ տպավորություն էին թողել նրանց վրա, քանզի և՛ իր կինը՝ Սարան, և՛ իր ծնողազուրկ եղբորորդի Ղովտը նույնպես հնազանդվեցին Աստծո պատվերին ու թողեցին Ուրը։ Աբրամի եղբայր Նաքովրը և վերջինիս մի քանի հետնորդներ ավելի ուշ թողեցին Ուրը և բնակվեցին Խառանում, որտեղ երկրպագում էին Եհովային (Ծննդոց 24։1–4, 10, 31; 27։43; 29։4, 5)։ Նույնիսկ Աբրամի հայր Թարան էր համաձայնվել միանալ որդուն։ Աստվածաշնչում նրա մասին ասվում է, որ նա՝ որպես ընտանիքի գլուխ, իր ընտանիքին առաջնորդեց դեպի Քանան (Ծննդոց 11։31)։ Կարո՞ղ ենք մենք էլ հասնել հաջողությունների՝ նրբանկատորեն քարոզելով մեր հարազատներին։
9. Ինչպիսի՞ նախապատրաստություններ պետք է տեսներ Աբրամն իր ճանապարհորդության համար, և ինչո՞ւ այդ ամենը նրանից գուցե զոհողություններ պահանջեց։
9 Նախքան ճանապարհորդությունը սկսելը Աբրամը շատ գործ ուներ անելու։ Նա պետք է վաճառեր իր սեփականությունն ու իրերը և գներ վրաններ, ուղտեր, սննդամթերք ու անհրաժեշտ պիտույքներ։ Գուցեև Աբրամը, հապշտապ նախապատրաստություններ տեսնելով, ֆինանսական կորուստներ ունեցավ, այնուամենայնիվ նա հաճույքով հնազանդվեց Եհովային։ Ի՜նչ հուզիչ օր պիտի եղած լիներ այն օրը, երբ բոլոր նախապատրաստություններն արդեն ավարտվել էին, և Աբրամի քարավանը պատրաստ կանգնած էր Ուրի պարիսպներից դուրս՝ ճամփա ընկնելու։ Եփրատ գետի հոսանքի ուղղությամբ քարավանը ճամփա բռնեց դեպի հյուսիս–արևմուտք։ Շաբաթներ անց՝ մոտ 1 000 կմ ճանապարհ անցնելուց հետո, նրանք հասան Միջագետքի հյուսիսում գտնվող Խառան քաղաքը՝ քարավանների կանգառ առնելու գլխավոր կետը։
10, 11. ա) Ինչո՞ւ Աբրամը, ըստ երևույթին, ժամանակավորապես բնակություն հաստատեց Խառանում։ բ) Ի՞նչն է քաջալերում այն քրիստոնյաներին, որոնք հոգ են տանում իրենց՝ տարիքն առած ծնողներին։
10 Աբրամը Խառանում բնակվեց, հավանաբար, տարիքն առած իր հոր՝ Թարայի պատճառով (Ղեւտացոց 19։32)։ Նմանապես այսօր շատ քրիստոնյաներ հոգում են իրենց՝ տարիքն առած կամ հիվանդ ծնողներին, ոմանք էլ նույնիսկ այդ նպատակով որոշակի փոփոխություններ են մտցնում իրենց կյանքում։ Նման դեպքերում այդպիսի քրիստոնյաները կարող են վստահ լինել, որ իրենց՝ սիրով լի զոհողությունները «ընդունելի [են] Աստծու առաջ» (Ա Տիմոթէոս 5։4)։
11 Ժամանակ անցավ։ «Թարայի օրերը երկու հարիւր հինգ տարի եղան. եւ Թարան Խառանումը մեռաւ»։ Անշուշտ, Աբրամին ցավ պատճառեց այս կորուստը, բայց երբ լրացան սգո օրերը, նա անմիջապես ճանապարհ ընկավ։ «Աբրամը եօթանասունեւհինգ տարեկան էր Խառանիցը դուրս գալիս։ Եւ Աբրամը վեր առաւ իր կին Սարային, եւ իր եղբօր որդի Ղովտին, եւ իրանց բոլոր ունեցած ստացուածքը, եւ Խառանումն իրանց ստացած անձինքը, եւ դուրս եկան որ գնան Քանանի երկիրը» (Ծննդոց 11։32; 12։4, 5)։
12. Ի՞նչ էր անում Աբրամը Խառանում ապրելիս։
12 Հետաքրքիր է, որ Աբրամը, գտնվելով Խառանում, «ստացուածք» ձեռք բերեց։ Թեև Ուրը թողնելու համար Աբրամը նյութական զոհողություններ էր արել, նա Խառանից հարստացած դուրս եկավ։ Ակնհայտ է, որ դա Աստծո օրհնության շնորհիվ էր (Ժողովող 5։19)։ Թեև Աստված այսօր իր ժողովրդին հարստություն չի խոստանում, նա հավատարիմ է մնում իր այն խոստմանը, որ կբավարարի բոլոր նրանց կարիքները, ովքեր հանուն Թագավորության ‘թողնում են տուն, եղբայրներ կամ քույրեր’ (Մարկոս 10։29, 30)։ Աբրամը նաև ‘ստացավ անձինք’, այսինքն՝ ծառաներ։ Ըստ Երուսաղեմի թարգումի (Եբրայերեն գրությունների արամերեն թարգմանություն) և քաղդեերեն վերապատմումի՝ Աբրամը մարդկանց իր հավատին էր դարձնում (Ծննդոց 18։19)։ Մղո՞ւմ է ձեր հավատը ձեզ՝ քարոզելու հարևաններին, աշխատակիցներին կամ համադասարանցիներին։ Աբրամը չէր մոռացել Աստծո պատվերի մասին ու Խառանում հաստատվելու քայլեր չէր ձեռնարկել, այլ դրա փոխարեն ժամանակն արդյունավետ կերպով էր օգտագործել։ Բայց նրա՝ այնտեղ մնալու ժամանակն արդեն սպառվել էր։ «Եւ Աբրամը գնաց ինչպէս Եհովան նորան ասել էր» (Ծննդոց 12։4)։
Անցնում է Եփրատը
13. Ե՞րբ Աբրամն անցավ Եփրատ գետը, և ո՞րն էր դրա նշանակությունը։
13 Աբրամը կրկին ճանապարհին էր։ Ետևում թողնելով Խառանը՝ նրա քարավանը ուղղություն բռնեց դեպի արևմուտք՝ անցնելով մոտ 90 կմ։ Ըստ երևույթին, Աբրամը կանգ առավ Եփրատի մյուս կողմում գտնվող՝ առևտրի հնագույն կենտրոն Քարքամիսի դիմաց։ Քարավանների ճանապարհները գլխավորապես այստեղ էին հատվում։b Ե՞րբ Աբրամի քարավանն անցավ գետը։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ դա տեղի է ունեցել Եգիպտոսից մ.թ.ա. 1513–ի նիսանի 14–ին հրեաների դուրս գալուց 430 տարի առաջ։ Ելից 12։41–ում ասվում է. «Եղաւ որ չորս հարիւր երեսուն տարուայ վերջին՝ հէնց նոյն օրը Եհովայի բոլոր զօրքերը Եգիպտոսի երկրիցն ելան»։ Ուրեմն, ըստ երևույթին, աբրահամական ուխտը ուժի մեջ մտավ մ.թ.ա. 1943–ի նիսանի 14–ին, երբ նա, հնազանդվելով Աստծուն, անցավ Եփրատը։
14. ա) Ի՞նչ կարող էր տեսնել Աբրամը հավատի աչքերով։ բ) Ի՞նչ իմաստով է այսօր Աստծո ժողովուրդն ավելի օրհնվում, քան Աբրամը։
14 Աբրամը իր ետևում մի բարգավաճող քաղաք էր թողել։ Բայց հիմա նա կարող էր պատկերացնել ‘հիմքերով հաստատված քաղաքը’՝ մի արդար կառավարություն, որն իշխելու է մարդկության վրա (Եբրայեցիս 11։10)։ Այո՛, ունենալով չնչին տեղեկություններ՝ Աբրամը սկսել էր ինչ–որ չափով կռահել էությունը Աստծո նպատակի, որն է՝ փրկել մահկանացու մարդկությանը։ Այսօր Աստված իր նպատակների վերաբերյալ մեզ ավելի մեծ հասկացողությամբ է օրհնել, քան այն ժամանակ՝ Աբրամին (Առակաց 4։18)։ Աբրամի հուսացած «քաղաքը» կամ՝ Թագավորության կառավարությունը, այժմ իրականություն է. այն հաստատվել է երկնքում 1914 թ.–ին։ Չպե՞տք է, ուրեմն, ցանկանանք այնպիսի գործեր կատարել, որոնցում արտացոլված լինեն մեր հավատն ու վստահությունն առ Եհովան։
Սկսում է ժամանակավորապես ապրել Ավետյաց երկրում
15, 16. ա) Ինչո՞ւ էր Աբրամից քաջություն պահանջվում՝ կառուցելու Եհովայի զոհասեղանը։ բ) Ինչպե՞ս կարող են քրիստոնյաներն այսօր Աբրամի պես համարձակ լինել։
15 Ծննդոց 12։5, 6–ում կարդում ենք. «Եւ եկան Քանանի երկիրը։ Եւ Աբրամն անցաւ այն երկրովը մինչեւ Սիւքեմ տեղը մինչեւ Մօրէի կաղնին»։ Սյուքեմը գտնվում էր Երուսաղեմից 50 կմ դեպի հյուսիս՝ մի պտղաբեր հովտում, որը նկարագրվել է որպես «սուրբ երկրի դրախտ»։ Սակայն «այն ժամանակ Քանանացիներն էին այն երկրումը»։ Նրանք բարոյապես այլասերված էին, և Աբրամը ջանք պիտի թափեր՝ պաշտպանելու իր ընտանիքը նրանց չար ազդեցությունից (Ելից 34։11–16)։
16 Երկրորդ անգամ «Եհովան երեւեցաւ Աբրամին, եւ ասեց. Քո սերունդին պիտի տամ այս երկիրը»։ Ի՜նչ ցնցող խոսքեր։ Իհարկե, Աբրամից հավատ էր պահանջվում՝ ուրախանալու մի բանի համար, որն իր հետագա սերունդներն էին վայելելու։ Սակայն Աբրամը, նույնիսկ այս դեպքում, «այն տեղ սեղան շինեց Եհովայի համար, որ իրան երեւեցաւ» (Ծննդոց 12։7)։ Մի աստվածաշնչագետ հետևյալ միտքն է առաջ քաշել. «Զոհասեղան շինելը, փաստորեն, նշանակում էր պաշտոնապես սեփականություն ձեռք բերել տվյալ երկրում այն բանի հիման վրա, որ նա հավատ ուներ»։ Զոհասեղան շինելը նաև քաջության դրսևորում էր։ Անկասկած, այդ զոհասեղանը ձևով նման էր այն զոհասեղանին, որի նկարագրությունն ավելի ուշ տրվեց Օրենքի ուխտում, այսինքն՝ կառուցված էր չմշակված քարերից (Ելից 20։24, 25)։ Ըստ էության, ցայտուն տարբերություն էր նկատվում այդ զոհասեղանի և քանանացիների օգտագործած զոհասեղանների միջև։ Դրանով Աբրամը համարձակորեն բոլորին ցույց էր տալիս, որ ինքը ճշմարիտ Աստծո՝ Եհովայի երկրպագու է՝ միևնույն ժամանակ իրեն ենթարկելով չարակամ մարդկանց կողմից եկող վտանգներին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Խուսափո՞ւմ են մեզանից ոմանք, հատկապես երիտասարդները, իրենց հարևաններին կամ համադասարանցիներին տեղյակ պահելուց, որ մենք երկրպագում ենք Եհովային։ Թող Աբրամի քաջության օրինակը ոգևորի մեզ բոլորիս, որ հպարտանանք մեր՝ Եհովայի ծառա լինելով։
17. Ինչպե՞ս Աբրամը ցույց տվեց, որ ինքը Աստծո անվան քարոզիչ է, և ինչի՞ մասին է դա հիշեցնում քրիստոնյաներին այսօր։
17 Ուր էլ որ գնար, Աբրամը Եհովայի երկրպագությանը առաջնային տեղ էր հատկացնում։ «Եւ այն տեղից չուեց Բեթէլի դիմացի սարը, եւ իր վրանը բացաւ՝ Բեթէլը ծովի կողմիցը եւ Գային արեւելեան կողմիցը, այն տեղ Եհովայի համար սեղան շինեց, եւ Եհովայի անունը կանչեց» (Ծննդոց 12։8)։ Եբրայերենում «անունը կանչեց» արտահայտությունը նշանակում է նաև «անունը հռչակել (քարոզել)»։ Անկասկած, Աբրամը խիզախորեն հռչակում էր Եհովայի անունն իր քանանացի հարևանների շրջանում (Ծննդոց 14։22–24)։ Սա հիշեցնում է մեզ մեր այն պարտականության մասին, որ ինչքան հնարավոր է շատ պետք է մասնակցենք նրա անունը հանրայնորեն հռչակելուն (Եբրայեցիս 13։15; Հռովմայեցիս 10։10)։
18. Ի՞նչ հարաբերությունների մեջ էր Աբրամը քանանացիների հետ։
18 Աբրամը այս վայրերից և ոչ մեկում երկար չմնաց։ «Եւ Աբրամը չուելով գնում էր դէպի հարաւ»՝ Հուդայի լեռներից հարավ գտնվող մի կիսաչորային շրջան (Ծննդոց 12։9)։ Շարունակ տեղափոխվելով և ամեն մի նոր վայրում իրենց՝ Եհովայի երկրպագու լինելը ի հայտ բերելով՝ Աբրամն ու իր տնեցիները ‘խոստովանում էին, թե իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա’ (Եբրայեցիս 11։13)։ Նրանք միշտ խուսափում էին իրենց հեթանոս հարևանների հետ չափազանց մոտ հարաբերությունների մեջ լինելուց։ Նմանապես այսօր էլ քրիստոնյաները չպետք է «աշխարհից» լինեն (Յովհաննէս 17։16)։ Լինելով բարի և քաղաքավարի մեր հարևանների ու գործընկերների հանդեպ՝ մենք զգուշանում ենք այնպիսի գործերի միջամուխ լինելուց, որոնք արտացոլում են Աստծուց հեռացած աշխարհի ոգին (Եփեսացիս 2։2, 3)։
19. ա) Ինչո՞ւ քոչվորական կյանքով ապրելը դժվարություններ պիտի հարուցեր Աբրամի և Սարայի համար։ բ) Ի՞նչ իրավիճակի էր շուտով բախվելու Աբրամը։
19 Եկեք չմոռանանք, որ և՛ Աբրամի, և՛ Սարայի համար քոչվորական կյանքի դժվարությունները հեշտ չէր տանել։ Ուրի լեփ–լեցուն շուկաներից օգտվելու փոխարեն՝ նրանք սնվում էին իրենց հոտերի տված բարիքներով, իսկ հարմարավետ տան մեջ ապրելու փոխարեն՝ ապրում էին վրաններում (Եբրայեցիս 11։9)։ Աբրամն ամեն օր շատ գործեր ուներ անելու. նա պետք է հետևեր իր հոտերին ու ծառաներին։ Անշուշտ, Սարան կատարում էր այն գործերը, որոնք ավանդաբար անում էին իրենց մշակույթի կանայք. խմոր էր հունցում, հաց թխում, թել մանում, հագուստ կարում (Ծննդոց 18։6, 7; Դ Թագաւորաց 23։7; Առակաց 31։19; Եզեկիէլ 13։18)։ Բայց հորիզոնում նոր փորձություններ էին նշմարվում։ Շուտով Աբրամն ու իր տնեցիները բախվելու էին մի իրավիճակի, որը նրանց կյանքն էր վտանգի տակ դնելու։ Արդյո՞ք Աբրամն այնքան հավատ կունենար, որ կարողանար դիմանալ եկող դժվարությանը։
[ծանոթագրություններ]
a Թեև ներկայումս Եփրատը հոսում է Ուրի նախկին տեղից մոտ 16 կմ արևելք ընկած տարածքով, փաստերը ցույց են տալիս, որ հնում գետը հոսում էր քաղաքի արևմտյան կողմով։ Ուստի՝ Աբրամի մասին ավելի ուշ կարող էր ասվել, որ նա եկել էր «[Եփրատ] գետի այն կողմիցը» (Յեսու 24։3)։
b Դարեր անց Ասորեստանի թագավոր Աշուրնասիրպալ 2–րդը լաստերի միջոցով Քարքամիսի մոտ անցավ Եփրատը։ Արդյոք օգտվել է Աբրամը լաստերից, թե՝ ոչ, կամ թե պարզապես անցել է ծանծաղուտով, Աստվածաշունչը այդ մասին ոչինչ չի ասում։
Ուշադրություն դարձրի՞ք
• Ինչո՞ւ է Աբրամը կոչվում «հայր.... բոլոր հաւատացեալների»։
• Ինչո՞ւ էր Աբրամից հավատ պահանջվում՝ թողնելու քաղդեացիների Ուր քաղաքը։
• Ինչպե՞ս Աբրամը ցույց տվեց, որ Եհովայի երկրպագությունը իր համար ամեն ինչից վեր է։
[նկար 16–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԱԲՐԱՀԱՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Մեծ ծով
Քարքամիս
Խառան
ՔԱՆԱՆ
Ուր
[թույլտվությամբ]
Based on a map copyrighted by Pictorial Archive (Near Eastern History) Est. and Survey of Israel
[նկար 15–րդ էջի վրա]
Աբրամից հավատ էր պահանջվում՝ թողնելու Ուրի հարմարավետ կյանքը
[նկար 18–րդ էջի վրա]
Ապրելով վրաններում՝ Աբրամն ու իր տնեցիները «խոստովանեցին, թէ իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրայ»