Թլփատություն. տղամարդկության նշա՞ն
ԱՇԽԱՐՀԻ շատ վայրերում առողջական նկատառումներով տղա–երեխաներին փոքր հասակում թլփատում են։ Բայց կան նաև վայրեր, որտեղ արական սեռի ներկայացուցիչներին երբեք չեն թլփատում։ Իսկ հրեաների և մահմեդականների համար թլփատությունը ոչ միայն առողջական, այլև կրոնական նշանակություն ունի։
Որոշ ժողովուրդների մեջ տղային թլփատում են, երբ նա չափահաս է դառնում։ Սովորաբար նրան այդ նպատակով ուղարկում են հատուկ դպրոց, որտեղ մի քանի շաբաթով առանձնացնում են հասարակությունից, մինչև որ նա ապաքինվի։ Այդ ընթացքում տղան հատուկ արարողությունների է մասնակցում, և նրան սովորեցնում են տղամարդ լինել։ Արդյո՞ք այսպիսի թլփատությունն անհրաժեշտ է փաստելու համար, որ տղան արդեն չափահաս է։ Եկեք տեսնենք, թե համաձայն Սուրբ Գրությունների, ինչ տեսակետ ունի Աստված այս հարցի վերաբերյալ (Առակաց 3։5, 6)։
Աստծու տեսակետը թլփատության վերաբերյալ
Թլփատելու, այսինքն՝ առնանդամի ծայրամաշկը (թլիփը) հեռացնելու սովորություն ունեցել են հին ժամանակներում ապրած որոշ ժողովուրդներ, ինչպես օրինակ՝ եգիպտացիները։ Սակայն նույնը չի կարելի ասել Աբրահամի ազգատոհմի մասին։ Իրողությունն այն է, որ նա իր կյանքի մեծ մասը անթլփատ էր։ Բայցևայնպես, դա չխանգարեց նրան լինելու խիզախ տղամարդ։ Օրինակ՝ մի անգամ նա մարդկանց մի սակավաթիվ խմբով հետապնդեց և պարտության մատնեց չորս թագավորների միացյալ բանակի, որը գերեվարել էր իր եղբորորդի Ղովտին (Ծննդոց 14։8–16)։ Այս դեպքից մոտ 14 տարի անց Աստված պատվիրեց Աբրահամին թլփատվել, ինչպես նաև թլփատել իր տան բոլոր արու անդամներին։ Ինչո՞ւ նա այդպիսի պատվեր տվեց։
Անշուշտ, այն, որ Աբրահամը թլփատվեց, չէր նշանակում, թե նա պատանեկությունից անցավ չափահասություն. այդ ժամանակ նա արդեն իննսունի՛նը տարեկան էր (Ծննդոց 17։1, 26, 27)։ Աստված բացատրեց, թե ինչու է պատվիրում թլփատվել՝ ասելով. «Թլփատուեցէք ձեր անթլփատութեան մարմինիցը, եւ սա ուխտի նշան կ’լինի իմ ու ձեր մէջ» (Ծննդոց 17։11)։ Այդ ուխտը նշանակում էր, որ Աստված Աբրահամի միջոցով մեծ օրհնություններ էր բերելու «երկրի բոլոր ազգերի վրա» (Ծննդոց 12։2, 3)։ Այսպիսով՝ Աստծու տեսանկյունից՝ թլփատությունը ոչ մի առնչություն չուներ տղամարդկության հետ։ Դա կատարվում էր ի նշան այն բանի, որ անհատը պատկանում է Աբրահամի Իսրայել որդու սերնդին, որին «վստահվեցին Աստծու սրբազան պատգամները» (Հռոմեացիներ 3։1, 2)։
Սակայն ժամանակի ընթացքում Իսրայել ազգը ցույց տվեց, որ արժանի չէ նման վստահության՝ մերժելով Աբրահամի ճշմարիտ Սերնդին՝ Հիսուս Քրիստոսին։ Այդ պատճառով էլ Աստված մերժեց իսրայելացիներին, և նրանց թլփատությունը դադարեց որևէ արժեք ունենալուց Աստծու աչքում։ Չնայած դրան՝ առաջին դարում որոշ քրիստոնյաներ պնդում էին, թե Աստված պահանջում է թլփատվել (Գործեր 11։2, 3; 15։5)։ Ուստի Պողոս առաքյալը Տիտոսին ուղարկեց ժողովներում «թերությունները շտկելու» (Տիտոս 1։5, 10, 11)։ Մի թերության մասին նա Տիտոսին գրեց. «Բազում անհնազանդ մարդիկ կան, դատարկախոսներ և մարդկանց միտքը մոլորեցնողներ, հատկապես այն մարդիկ, ովքեր թլփատությանն են կողմնակից։ Հարկավոր է փակել այդպիսիների բերանը, որովհետև հենց դրանք են, որ ընտանիքներ են քանդում՝ իրենց անազնիվ շահի համար սովորեցնելով բաներ, որ չպետք է սովորեցնեն» (Տիտոս 1։5, 10, 11)։
Պողոսի խորհուրդը կիրառելի է նաև այսօր։ Անշուշտ, Գրություններին կհակասի, եթե ճշմարիտ քրիստոնյան մեկ ուրիշին խորհուրդ տա, որ նա իր երեխային թլփատի։ «Ուրիշների գործերին խառնվելու» փոխարեն՝ քրիստոնյան թույլ կտա, որ նման անձնական որոշումները երեխայի ծնողները կայացնեն (1 Պետրոս 4։15)։ Նաև պետք է հաշվի առնել, որ Պողոսը, Աստծուց ներշնչվելով, Մովսիսական օրենքով կատարվող թլփատության մասին գրեց. «Ինչ–որ մեկը թլփատվա՞ծ է կանչվել. թող չդառնա անթլփատ։ Ինչ–որ մեկը անթլփատության մե՞ջ է կանչվել. թող չթլփատվի։ Թլփատությունը ոչ մի բան չի նշանակում, և անթլփատությունն էլ ոչինչ չի նշանակում, այլ Աստծու պատվիրանները պահելն է կարևոր։ Ինչ վիճակում որ յուրաքանչյուրը կանչվել է, թող դրանում էլ մնա» (1 Կորնթացիներ 7։18–20)։
Ի՞նչ կարելի է ասել «թլփատության դպրոցների» մասին
Այնուամենայնիվ, եթե քրիստոնյա ծնողները որոշեն իրենց որդուն թլփատել, արդյո՞ք Աստվածաշնչին համահունչ կլինի, եթե նրանք իրենց զավակին ուղարկեն, այսպես կոչված, թլփատության դպրոց, որի մասին խոսվեց վերևում։ Այդպիսի դպրոցում գտնվելը ավելին է նշանակում, քան պարզապես վիրահատման միջոցով թլփատվելը։ Մի քանի շաբաթ շարունակ երեխան ապրելու և սերտորեն շփվելու է Եհովայի երկրպագու չհանդիսացող տղաների և ուսուցիչների հետ։ Դպրոցում ուսուցանվող շատ բաներ հակառակ են Աստվածաշնչի բարձր բարոյական չափանիշներին։ Աստծու Խոսքը զգուշացնում է. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։
Այդ դպրոցների հետ կապված մի բան էլ կա, որը կարող է նույնիսկ կյանքին սպառնալ։ Հարավաֆրիկյան մի բժշկական հանդեսում 2003 թ.–ին գրվեց. «Այս տարի դարձյալ գրանցվել են թլփատության հետևանքով տեղի ունեցած սարսափելի դեպքեր. մարդիկ զոհվել են կամ խեղանդամ դարձել։ Այդ մասին աշխարհով մեկ հաղորդել են բոլոր գլխավոր լրատվական գործակալությունները։ .... Մի խոսքով՝ ներկայիս «թլփատության դպրոցներից» շատերը կեղծիքի ու սպանության վայր են» («South African Medical Journal»)։
Բացի առողջական վնասից, այդ դպրոցները կարող են նաև հոգևոր վնաս հասցնել, ինչը նույնիսկ ավելի վտանգավոր է։ Այն, ինչ ուսուցանվում և կատարվում է թլփատության դպրոցներում, սերտորեն կապված է ոգեհարցության և նախնիներին պաշտելու հետ։ Օրինակ՝ փոխանակ ընդունելու, որ անփույթ վիրաբույժներն ու հակահիգիենիկ պայմաններն են մեղավոր հասցված վնասի համար՝ շատերը հավատում են, որ այդ դժբախտությունների պատճառը կախարդությունն է կամ նախնիների զայրույթը։ Կեղծ կրոնի հետ գործ ունենալու առնչությամբ Աստվածաշունչը պատվիրում է. «Անհավատների հետ անհավասար լծի տակ մի՛ մտեք։ Որովհետև ի՞նչ ընկերակցություն ունի արդարությունը անօրենության հետ։ Կամ ի՞նչ մասնակցություն ունի լույսը խավարի հետ։ .... «Ուստի դո՛ւրս եկեք նրանց միջից ու զատվեցե՛ք,— ասում է Եհովան,— և այլևս անմաքուր բանի մի՛ դիպչեք», «և ես կընդունեմ ձեզ»» (2 Կորնթացիներ 6։14–17)։ Այս խորհրդի լույսի ներքո մեծ անմտություն կլինի քրիստոնյա ծնողների կողմից իրենց որդուն ուղարկել թլփատության դպրոց։
Ի՞նչն է քրիստոնյային տղամարդ դարձնում
Քրիստոնյայի թլփատված կամ չթլփատված լինելը տղամարդկության նշան չէ։ Ճշմարիտ քրիստոնյաներին գլխավորապես հետաքրքրում է Աստծու աչքին հաճելի լինելը և ոչ թե «հաճելի տպավորություն թողնելը մարմնով» (Գաղատացիներ 6։12)։
Աստծուն հաճելի լինելու համար քրիստոնյան պետք է «թլփատի իր սիրտը» (Բ Օրինաց 10։16; 30։6; Մատթեոս 5։8)։ Դա չի արվում դանակով։ Մարդը պետք է իր սրտից հանի սխալ ցանկություններն ու հպարտ մտքերը, որոնց թվում է, օրինակ, այն թյուր կարծիքը, թե մարմնի թլփատությունը մեկին գերազանց է դարձնում մյուսներից։ Փորձություններին դիմանալով և «հավատի մեջ հաստատ կանգնելով»՝ քրիստոնյան կարող է փաստել, որ ինքը տղամարդ է՝ անկախ այն բանից՝ թլփատված է, թե՝ ոչ (1 Կորնթացիներ 16։13; Հակոբոս 1։12)։