Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Երեմիայի ողբերը» գրքից
ԵՐԵՄԻԱ մարգարեն տեսնում է իր կողմից 40 տարի շարունակ ազդարարվող դատաստանական պատգամի կատարումը։ Ի՞նչ է նա զգում՝ իր աչքերով տեսնելով սիրելի քաղաքի կործանումը։ «Երեմիան նստել լաց էր լինում և այս ողբերն ասում Երուսաղեմի վրա»,— ասվում է Աստվածաշնչի հունարեն «Յոթանասնից» թարգմանության մեջ «Երեմիայի ողբերը» գրքի ներածական մասում։ Այս գիրքը գրվել է մ.թ.ա. 607–ին և վառ կերպով նկարագրում է մարգարեի տառապանքները։ Երեմիայի հիշողության մեջ դեռ թարմ է, թե ինչպես էր Երուսաղեմը 18 ամիս շարունակ գտնվում պաշարման մեջ և թե ինչպես այնուհետև հրո ճարակ դարձավ (Երեմիա 52։3–5, 12–14)։ Պատմության մեջ չի եղել մեկ ուրիշ քաղաք, որի համար այդպիսի սրտակեղեք ողբ ասած լինեին։
«Երեմիայի ողբերը» գիրքը հինգ քնարերգությունների ժողովածու է։ Առաջին չորսը սգո երգեր, կամ՝ ողբերգեր են, իսկ հինգերորդը աղաչանք է՝ աղոթք։ Առաջին չորս երգերը գրված են ակրոստիքոսով, այսինքն՝ յուրաքանչյուր համար սկսվում է եբրայերեն այբուբենի հերթական տառով։ Թեև հինգերորդ երգը բաղկացած է 22 համարից, որոնք համապատասխանում են եբրայերեն այբուբենի տառերի քանակին՝ 22, սակայն դրանք այբբենական կարգով չեն դասավորված (Երեմիայի ողբերը 5։1, ՆԱ, ծնթ.)։
«ԱՉՔԵՐՍ ՄԱՇՈՒԵՑԱՆ ԱՐՏԱՍՈՒՔՈՎ»
(Երեմիայի ողբերը 1։1–2։22)
«Ի՜նչպէս առանձին է նստում բազմամարդ քաղաքը, որբեւայրիի պէս է դառել ազգերի մէջ մեծը, գաւառներում իշխանուհի եղողը հարկատու է դառել»։ Այս խոսքերով է սկսվում Երեմիա մարգարեի ողբը Երուսաղեմի համար։ Բացատրելով դժբախտության պատճառը՝ մարգարեն ասում է. «Տէրը նորան տրտմեցրել է նորա յանցանքների շատութեան համար» (Երեմիայի ողբերը 1։1, 5)։
Հանդես գալով իբրև ամուսնու և երեխաների մահը սգացող մի կին՝ Երուսաղեմը հարցնում է. «Արդեօք կա՞յ մի ցաւ իմ ցաւի նման»։ Իր թշնամիների հետ կապված՝ նա Աստծուն աղոթում է. «Նորանց բոլոր չարութիւնը քո առաջը գայ, եւ նորանց այնպէս արա ինչպէս ինձ արիր իմ բոլոր յանցանաց համար, որ իմ հառաչանքները շատ են եւ սիրտս նուաղած է» (Երեմիայի ողբերը 1։12, 22)։
Խորապես վշտացած՝ Երեմիան ասում է. «[Եհովան] իր բորբոքած բարկութիւնովը փշրեց Իսրայէլի բոլոր եղջիւրը, ետ դարձրեց նորա աջ ձեռքը թշնամիի երեսիցը, եւ վառուեցաւ կրակի բոցի պէս Յակոբի մէջ՝ կերաւ շուրջանակի»։ Արտահայտելով իր կսկիծը՝ մարգարեն ողբում է. «Աչքերս մաշուեցան արտասուքով, աղիքներս բորբոքուել են, լեարդս գետինը թափուեցաւ»։ Նույնիսկ ճանապարհով անցնողներն են իրենց զարմանքն արտահայտում՝ ասելով. «Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին՝ Գեղեցկութեան կատարելութիւն, Բոլոր երկրի ուրախութիւն» (Երեմիայի ողբերը 2։3, 11, 15)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։15 — Ինչպե՞ս Եհովան «հնձան կոխեց Յուդայի կոյս աղջկայ համար»։ Կործանելով քաղաքը, որը նկարագրվում է որպես կույս՝ բաբելոնացիներն այնքան արյուն թափեցին, որ դա կարելի էր համեմատել խաղողը հնձանում ճզմելու հետ։ Եհովան կանխագուշակել էր այսպիսի բան և թույլ տվեց, որ այն տեղի ունենա։ Ուստի կարելի է ասել, որ նա «հնձան կոխեց»։
2։1 — Ինչպե՞ս «երկնքից երկրի վրա գցվեց Իսրայելի փառքը»։ Քանի որ «երկինքը երկրից բարձր է», երբեմն բարձր դիրքից զրկվելը նմանեցվում է «երկնքից երկրի վրա գցվելուն»։ «Իսրայելի փառքը»՝ գեղեցկությունն ու զորությունը, որ նա վայելում էր, քանի դեռ Եհովայի օրհնությունը նրա վրա էր, վայր գցվեց, երբ Երուսաղեմը կործանվեց և Հուդան ամայացավ (Եսայիա 55։9)։
2։1,6 — Ի՞նչ է Եհովայի «ոտների պատուանդանը» և «հիւղը» (ԱԱ)։ Սաղմոսերգուն ասաց. «Թող մտնենք նորա բնակարանները, երկրպագենք նորա պատուանդանի դէմ» (Սաղմոս 132։7)։ Ուստի «Ողբեր» 2։1–ում նշված «ոտների պատուանդանը» վերաբերում է Եհովայի երկրպագության տանը, կամ՝ տաճարին։ Բաբելոնացիներն «այրեցին Տիրոջ տունը» ինչպես մի հյուղակ, մի խրճիթ, որ գտնվում է այգում (Երեմիա 52։12, 13)։
2։16, 17, ՆԱ — Արդյո՞ք 16–րդ համարը չպետք է սկսվի եբրայերեն ային տառով, իսկ 17–րդը՝ պե տառով՝ համաձայն եբրայերեն այբուբենի հաջորդականության։ Ներշնչյալ գրողները սովորաբար այբբենական կարգը չեն խախտել, երբ բանաստեղծություններ են կազմել ակրոստիքոս ոճով։ Սակայն նրանք խստորեն չեն հետևել այբբենական կարգին, եթե տեքստը հնչել է անբնական կամ արհեստական։ Բովանդակությունն ավելի կարևոր էր համարվում, քան այդ գրական ոճին կառչած մնալը. ակրոստիքոսը պարզապես նպաստում էր նյութը հիշելուն։ Այս երկու տառերը նույն ձևով տեղերով փոխված են «Ողբերի» 3–րդ և 4–րդ գլուխներում (ՆԱ) (Երեմիայի ողբերը 3։46, 49; 4։16, 17)։
2։17 — Երուսաղեմի հետ կապված ի՞նչ «խոսք գործադրեց» (ԱԱ) Եհովան։ Այդ խոսքը ակներևաբար կապ ունի Ղեւտացոց 26։17–ի հետ, որտեղ գրված է. «Իմ երեսը ձեզ վերայ կ’դարձնեմ, եւ ձեր թշնամիների առաջին կ’սպանուիք. եւ ձեզ ատողները կ’իշխեն ձեզ վերայ, եւ կ’փախչէք առանց մէկը ձեզ հալածելու»։
Դասեր մեզ համար
1։1–9. Երուսաղեմը դառնապես լաց է լինում գիշերը, նրա այտերով արցունքներ են հոսում։ Քաղաքի դարպասները քանդված են, և նրա քահանաները հառաչում են։ Նրա կույսերը վշտահար են, և ինքը խիստ դառնացած է։ Ինչո՞ւ։ Քանի որ Երուսաղեմը ծանր մեղք է գործել։ Նրա անմաքրությունը իր քղանցքների վրա է։ Մեղքի պտուղը ուրախություն չէ, այլ արցունքներ, հառաչանք, վիշտ և դառնություն։
1։18. Մեղավորներին պատժելիս Եհովան միշտ արդարացի կերպով է վարվում։
2։20. Իսրայելացիներին նախազգուշացում էր տրվել, որ եթե չլսեն Եհովայի ձայնին, նրանց վրա կհասնեն անեծքներ, օրինակ, նրանք ուտելու էին «իրենց տղաների և աղջիկների միսը» (Բ Օրինաց 28։15, 45, 53)։ Ինչպիսի՜ անմտություն է Աստծուն չհնազանդվելը։
«ՄԻ ԾԱԾԿԻՐ ԱԿԱՆՋԴ ԻՄ ՀԱՌԱՉԱՆՔԻՆ»
(Երեմիայի ողբերը 3։1–5։22)
«Երեմիայի ողբերը» գրքի 3–րդ գլխում Իսրայել ազգը պատկերվում է ինչպես մի «մարդ»։ Չնայած իր ծանր վիճակին՝ այդ մարդը երգում է. «Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է»։ Աղոթելով ճշմարիտ Աստծուն՝ նա խնդրում է. «Ձայնս լսեցիր, մի ծածկիր ականջդ իմ հառաչանքին՝ իմ աղաղակին»։ Խնդրելով Եհովային ուշադրություն դարձնել իր թշնամիների նախատինքին՝ նա ասում է. «Նորանց հատուցում պիտի տաս, ով Տէր, նորանց ձեռքի գործերի համեմատ» (Երեմիայի ողբերը 3։1, 25, 56, 64)։
Երեմիան իր զգացմունքներն է արտահայտում Երուսաղեմի պաշարման 18–ամսյա աղետալի հետևանքների մասին։ Նա ասում է. «Մեծ եղաւ իմ ժողովրդի աղջկայ անօրէնութիւնը Սոդոմի մեղքիցը, որ հիմնայատակ եղաւ յանկարծակի, եւ նորան ձեռք չէ դպել։ Լաւ էին սուրից սպանուածները քան թէ սովից սպանուածները, որովհետեւ սորանք մաշուեցան՝ ագարակի պտուղներին կարօտ» (Երեմիայի ողբերը 4։6, 9)։
Հինգերորդ գլխում «խոսում» են Երուսաղեմի բնակիչները։ Նրանք ասում են. «Յիշիր, ով Տէր, թէ մեզ ինչ եղաւ, եւ տես մեր անարգանքը»։ Պատմելով իրենց գլխին եկած չարիքը՝ նրանք խնդրում են. «Դու, ով Տէր, յաւիտեան կաս, քո աթոռը ազգից ազգ է։ Մեզ դարձրու, ով Տէր, դէպի քեզ, եւ մենք կ’դառնանք. նորոգիր մեր օրերը առաջուայ պէս» (Երեմիայի ողբերը 5։1, 19, 21)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
3։16 — Ի՞նչ է նշանակում «կոտրատեց խիճերով իմ ատամները» արտահայտությունը։ Մի աշխատությունում ասվում է. «Հրեաները աքսորի ճանապարհին ստիպված էին հաց թխել հողի մեջ փորված փոսերում։ Հետևաբար, հացի մեջ լինում էին ավազահատիկներ»։ Այդպիսի հաց ուտելը կարող էր կոտրել ատամը։
4։3, 10 — Ինչո՞ւ է Երեմիան «իր ժողովրդի աղջկան» համեմատում «անապատի ջայլամների» հետ։ Ինչպես նշվում է Յոբ 39։16–ում, ջայլամն «անգութ է իր ձագերին, իբր թէ իրանը չեն»։ Այն բանից հետո, երբ ջայլամի ձագերը դուրս են գալիս ձվից, էգը հեռանում է ուրիշ էգերի մոտ. ձագերին խնամում են արուները։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ նրանց վտանգ է սպառնում։ Թե՛ արուն և թե՛ էգը փախչում են բնից՝ լքելով ձագերին։ Բաբելոնացիների կողմից Երուսաղեմի պաշարման ժամանակ սովն այնքան սաստկացավ, որ մայրերը, որոնք պիտի կարեկից լինեին իրենց երեխաների նկատմամբ, դաժանաբար վարվեցին նրանց հետ, ճիշտ ինչպես անապատի ջայլամներն են վարվում իրենց ձագերի հետ։ Սա անչափ տարբերվում է այն հոգատարությունից, որ «չագալները» (ԱԱ, ծնթ.)՝ շնագայլերը, դրսևորում են իրենց ձագերի հանդեպ։
5։7 — Արդյո՞ք Եհովան պատասխանատվության է կանչում մարդկանց իրենց հայրերի արած սխալների համար։ Ո՛չ, Եհովան չի պատժում մարդկանց իրենց հայրերի մեղքերի համար։ «Մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար հաշիվ պիտի տա Աստծուն»,— ասվում է Աստվածաշնչում (Հռոմեացիներ 14։12)։ Սակայն կատարված սխալների հետևանքները կարող են երկարատև լինել և անդրադառնալ հետագա սերունդների վրա։ Օրինակ՝ հին Իսրայելում, երբ մարդիկ սկսեցին կռապաշտությամբ զբաղվել, հետագա հավատարիմ սերունդների համար ավելի դժվարացավ արդարության ճանապարհով ընթանալը (Ելից 20։5)։
Դասեր մեզ համար
3։8, 43, 44. Երբ Երուսաղեմը չարիքի մեջ էր, Եհովան չցանկացավ լսել քաղաքի բնակիչների՝ օգնություն հայցող աղաղակները։ Ինչո՞ւ։ Որովհետև ժողովուրդն անհնազանդ էր և չէր ցանկանում զղջալ։ Եթե ուզում ենք, որ Եհովան պատասխանի մեր աղոթքներին, պետք է հնազանդվենք նրան (Առակաց 28։9)։
3։20, ՆԱ. Եհովան՝ «միակ Բարձրյալը բոլոր երկրի վրա», այնքան բարձր է, որ «խոնարհվում է տեսնելու երկնքումն ու երկրումս եղածները» (Սաղմոս 83։18; 113։6)։ Երեմիան լավ գիտեր, որ Ամենակարողը պատրաստ է խոնարհվելու իր ժողովրդի վրա, այսինքն՝ այլաբանորեն իջնելու նրանց մոտ, որպեսզի քաջալերի նրանց։ Որքա՜ն ուրախ կարող ենք լինել, որ Աստված ոչ միայն ամենազոր և ամենաիմաստուն է, այլև խոնարհ։
3։21–26, 28–33. Ինչպե՞ս կարող ենք դիմանալ անգամ ծանր տառապանքներին։ Երեմիան մեզ ասում է, թե ինչպես։ Մենք չպետք է մոռանանք, որ Եհովայի «ողորմությունները»՝ սիրառատ բարության դրսևորումները, և «գթութիւնները» շատ են։ Նաև պետք է հիշենք, որ մեր կենդանի լինելը արդեն իսկ ծանրակշիռ հիմք է, որ չհուսալքվենք։ Բացի այդ, պետք է զինվենք համբերությամբ և լուռ՝ առանց տրտնջալու, սպասենք Եհովայի կողմից փրկության։ Ավելին, պետք է «մեր բերանը հողին դնենք», այսինքն՝ խոնարհաբար ընդունենք փորձությունները՝ գիտակցելով, որ եթե Աստված թույլ է տալիս դրանք, ուրեմն հիմնավոր պատճառներ կան։
3։27. Երիտասարդ տարիքում մեր հավատը կարող է փորձվել դժվարություններով ու ծաղրով։ Բայց «լավ է մարդիս համար, որ լուծը իր երիտասարդութիւնումը կրէ»։ Ինչո՞ւ։ Քանի որ երիտասարդ տարիքում տառապանքի լուծ կրելը անհատին նախապատրաստում է դժվարություններ հաղթահարելուն հետագա տարիներին։
3։39–42. Իմաստուն չէ «տրտնջալ», երբ մեր մեղքերի պատճառով տառապանքներ ենք կրում։ Սխալ արարքների հետևանքների մասին գանգատվելու փոխարեն՝ եկեք «քննենք մեր ճանապարհները եւ փորձենք, եւ ետ դառնանք Տիրոջը»։ Խելացի կլինի զղջալ և ուղղել մեր ճանապարհները։
Թող Եհովան լինի քո ապավենը
Աստվածաշնչի «Երեմիայի ողբերը» գիրքը ցույց է տալիս, թե Եհովայի աչքերում ինչպիսին էին Երուսաղեմն ու Հուդան այն բանից հետո, երբ բաբելոնացիներն այրեցին քաղաքը և ամայացրին երկիրը։ Գրքում օգտագործված որոշ արտահայտություններից երևում է, որ ոմանք ընդունում էին իրենց մեղքը, և դա հաստատում է Եհովայի տեսակետն այն մասին, որ աղետի պատճառը մարդկանց մեղքերն էին։ «Ողբեր» գիրքը պարունակում է նաև տողեր, որոնք արտահայտում են հույս Եհովայի հանդեպ և ցանկություն՝ վերադառնալու դեպի ճիշտ ուղին։ Այսպիսի տրամադրվածություն ունեին Երեմիան և այլ սակավաթիվ զղջամիտ մարդիկ՝ ի տարբերություն նրա օրերում ապրող մարդկանց մեծամասնության։
«Երեմիայի ողբերը» գրքից երկու կարևոր բան ենք սովորում։ Առաջին՝ Երուսաղեմի ավերումն ու Հուդայի ամայացումը զգուշացում են ծառայում, որ միշտ հնազանդ մնանք Եհովային և չանտեսենք նրա կամքը (1 Կորնթացիներ 10։11)։ Երկրորդ դասը սովորում ենք Երեմիայի օրինակից (Հռոմեացիներ 15։4)։ Նույնիսկ անհույս թվացող իրավիճակում խորապես վշտացած մարգարեն Եհովայից էր ակնկալում փրկություն։ Որքա՜ն կարևոր է, որ լիովին վստահենք Եհովային և նրա Խոսքին ու նրան դարձնենք մեր ապավենը (Եբրայեցիներ 4։12)։
[նկար 9–րդ էջի վրա]
Երեմիա մարգարեն տեսավ իր կողմից ազդարարվող դատաստանական պատգամի կատարումը
[նկար 10–րդ էջի վրա]
Կորեացի այս Վկաների հավատը փորձվել է քրիստոնեական չեզոքություն պահելու հարցում