Անուններ. ի՞նչ իմաստ են դրանք կրում
Մի եթովպացի կին լույս աշխարհ բերեց տղա երեխայի։ Նա շատ երջանիկ էր։ Սակայն քիչ անց նրա ուրախությունն անհետացավ. փոքրիկը չէր շարժվում։ Բայց երբ տատիկը փորձեց լողացնել նրան, երեխան հանկարծ սկսեց շնչել ու լաց լինել։ Քանի որ տղայի հոր անունը նշանակում էր «հրաշք», ծնողները որոշեցին այդ անվանը ավելացնել մի ամհարերեն բառ ևս ու փոքրիկին կոչեցին «հրաշք կատարվեց»։
Բուրունդիում մի երիտասարդ փախչում էր զինվորներից, որոնք ուզում էին իրեն սպանել։ Նա թաքնվեց դաշտում և երդվեց, որ եթե Աստված իրեն փրկի, իր առաջնեկի անունը կդնի Մանիրակիզա, որը նշանակում է «Աստվածն է Փրկիչը»։ Հինգ տարի անց այդ երախտագետ տղամարդը իր որդուն այդպես էլ կոչեց։
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ հատուկ նշանակություն ունեցող անուն տալու սովորությունը հին արմատներ ունի, չնայած ոմանց համար դա անսովոր է։ Օրինակ՝ Աստվածաշնչում այսպիսի հարյուրավոր անուններ կան։ Այդ տարբեր անձնանունների նշանակություններն իմանալը Աստվածաշնչի ձեր ընթերցանությունն ավելի հետաքրքիր կդարձնի։ Բերենք մի քանի օրինակ։
Անձնանունների նշանակությունը Եբրայերեն Գրություններում
Աստվածաշնչում նշված առաջին անուններից է Սեթը, որն ունի «նշանակված» իմաստը։ Սեթի մայրը՝ Եվան, ասաց, թե ինչու ընտրեց այդ անունը. «Աստված ինձ համար ուրիշ սերունդ է նշանակել Աբելի փոխարեն, քանի որ Կայենը սպանեց նրան» (Ծննդոց 4։25, ՆԱ)։ Սեթի ժառանգ Ղամեքը իր որդուն անվանեց Նոյ, որը նշանակում է «հանգիստ» կամ «մխիթարություն»։ Ղամեքն ասաց, թե ինչու իր որդուն այդպես անվանեց. «Սա մեզ կ’հանգըստացնէ մեր գործքերիցը եւ մեր ձեռքերի ցաւերիցը՝ այն երկրի պատճառով որին Եհովան անիծեց» (Ծննդոց 5։29)։
Աստված անձամբ փոխել է մարդկանց անունները և տվել է անուններ, որոնք մարգարեական նշանակություն են ունեցել։ Օրինակ՝ նա Աբրամի (մեծարված հայր) անունը փոխեց Աբրահամի, որը նշանակում է «հայր բազմության»։ Եվ իրոք, Աբրահամը շատ ազգերի հայր դարձավ (Ծննդոց 17։5, 6)։ Աստված նաև Աբրահամի կնոջ՝ Սարայի (կռվասեր) անունը փոխեց Սարրայի, որը նշանակում է «իշխանուհի»։ Իսկապես, Սարրան դարձավ թագավորների նախամայր (Ծննդոց 17։15, 16)։
Աստված նաև որոշ երեխաների համար անուններ ընտրեց։ Օրինակ՝ նա Աբրահամին և Սարրային պատվիրեց իրենց երեխային անվանել Իսահակ, որը նշանակում է «ծիծաղ»։ Տղայի անունը այս հավատարիմ զույգին միշտ կհիշեցներ, թե ինչպես արձագանքեցին այն լուրին, որ մեծ տարիքում երեխա են ունենալու։ Եվ երբ Իսահակը մեծանար ու դառնար Եհովայի հավատարիմ ծառա, նրա անունը իր ծնողների մեջ հաճելի հիշողություններ կարթնացներ (Ծննդոց 17։17, 19; 18։12, 15; 21։6)։
Իսահակի հարս Ռաքելը, քանի որ դժվար ծննդաբերեց իր փոքր տղային, մահանալիս նրան անվանեց Բենօնի, որը նշանակում էր «ցավիս որդին»։ Բայց երեխայի հայրը Բենիամին կոչեց նրան, որը նշանակում է «աջի որդի»։ Այդ անունը մատնացույց էր անում այն, որ երեխան ունենալու է ոչ միայն հոր բարեհաճությունը, այլև նրա աջակցությունը (Ծննդոց 35։16–19; 44։20)։
Անունը հաճախ տրվում էր՝ ելնելով երեխայի ֆիզիկական առանձնահատկություններից։ Օրինակ՝ Իսահակի ու Ռեբեկայի որդիներից մեկը ծնվեց «կարմրագոյն, բոլոր մարմինը մազոտ վերարկուի պէս»։ Ծնողները նրան անվանեցին Եսավ, որը եբրայերենում նշանակում է «մազոտ» (Ծննդոց 25։25)։ Իսկ Նոեմին, որի մասին գրված է «Հռութ» գրքում, երկու որդի ուներ։ Մեկի անունը Մաալոն էր, որը նշանակում է «հիվանդ», իսկ մյուսինը՝ Քելլոն, որը նշանակում է «փխրուն»։ Հայտնի չէ՝ այդ անունները նրանց տրվել է ծնվելու ժամանակ, թե ավելի ուշ, բայց այն, որ նրանք մահացան վաղաժամ, ցույց է տալիս, որ դրանք ճիշտ էին ընտրված (Հռութ 1։5)։
Հնում անունը փոխելը նույնպես ընդունված էր։ Երբ Նոեմին վերադարձավ Բեթլեհեմ, նա արդեն կորցրել էր ամուսնուն և որդիներին, այդ պատճառով այլևս չցանկացավ, որ մարդիկ իրեն կանչեն Նոեմի, որը նշանակում է «հաճելի», այլ ասաց. «Ինձ Նոեմի մի կանչէք, ինձ Մարա [«դառը»] կանչեցէք. որովհետեւ Ամենակարողը դառնութեամբ լցրեց ինձ» (Հռութ 1։20, 21)։
Մեկ այլ տարածված սովորություն էր երեխային անուն տալ՝ ի հիշատակ որևէ նշանավոր իրադարձության։ Օրինակ՝ Անգէ մարգարեի անունը նշանակում է «տոնին [ծնված]»a։
Նշանակալից անուններ քրիստոնեության մեջ
Հիսուսի անունը մեծ նշանակություն ունի։ Այն ցույց է տալիս, թե ինչ դեր պետք է ունենար նա։ Երեխայի ծնվելուց առաջ Աստծու հրեշտակը Հովսեփին պատվիրեց. «Դու պիտի նրա անունը Հիսուս դնես»։ Հիսուս նշանակում է «Եհովան է փրկությունը»։ Հրեշտակը բացատրեց. «Նա կփրկի իր ժողովրդին նրա մեղքերից» (Մատթեոս 1։21)։ Իր մկրտության ժամանակ սուրբ ոգով օծվելուց հետո նրա անվանն ավելացավ «Մեսիա» (եբրայերեն) կամ «Քրիստոս» (հունարեն) տիտղոսը, որը նշանակում է «Օծյալ» (Մատթեոս 2։4)։
Հիսուսը իր առաքյալներին անուններ տվեց, որոնք նկարագրում էին նրանց բնավորությունը։ Օրինակ՝ Սիմոնին նա տվեց սեմական Կեփաս անունը, որը նշանակում է «ժայռ»։ Մեզ ավելի ծանոթ է Կեփաս անվան հունարեն տարբերակը՝ «Պետրոս» (Հովհաննես 1։42)։ Հիսուսը տաքարյուն եղբայրներին՝ Հակոբոսին և Հովհաննեսին, անվանեց «Բաներեգես», որը նշանակում է «որոտի որդիներ» (Մարկոս 3։16, 17)։
Հիսուսի աշակերտները նույնպես մարդկանց երկրորդ անուն տալու սովորություն ունեին։ Օրինակ՝ Հովսեփ անունով աշակերտին առաքյալները տվեցին «Բառնաբաս» անունը, որը նշանակում է «մխիթարության որդի»։ Բառնաբասն ապրեց իր անվան նշանակության համաձայն և շատերի համար մխիթարության աղբյուր դարձավ (Գործեր 4։34–37; 9։27; 15։25, 26)։
Ինչ անուն ունես դու
Մենք չենք ընտրում մեր անունը։ Բայց մեզնից է կախված, թե ինչ անուն կամ համբավ կունենանք կյանքում (Առակաց 20։11)։ Հարցրու ինքդ քեզ. «Հիսուսը կամ առաքյալները, իմ աչքի ընկնող հատկությունը կամ համբավը հաշվի առնելով, ի՞նչ անուն կտային ինձ»։
Այս հարցին արժե լրջորեն վերաբերվել, որովհետև իմաստուն Սողոմոն թագավորն ասաց. «Անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից» (Առակաց 22։1)։ Եթե մենք լավ անուն կամ համբավ ունենք, դա արժեքավոր ձեռքբերում է մեզ համար։ Սակայն եթե լավ անուն ունենանք Աստծու մոտ, ինչն ավելի կարևոր է, մենք անսահման օրհնություններ կստանանք։ Աստված խոստանում է, որ «յիշատակի գրքում» կգրի բոլոր իրենից վախեցողների անունները, և կշնորհի նրանց հավիտյան կյանք (Մաղաքիա 3։16; Հայտնություն 3։5; 20։12–15)։
[ծանոթագրություն]
a Աֆրիկայում Եհովայի վկաներից շատերի անունները կապված են Վկաների համաժողովների խորագրերի հետ։ Այդ անուններից կարելի է հասկանալ, թե նրանց ծնունդը որ համաժողովի հետ է համընկել։
[Մեջբերում 15–րդ էջի վրա]
Իմ համբավը հաշվի առնելով՝ ի՞նչ անուն կտային ինձ
[շրջանակ/ նկար 14–րդ էջի վրա]
Ո՞վ էր էմմանուելը
Աստվածաշնչում որոշ անուններ ունեին մարգարեական նշանակություն և մատնանշում էին այն գործը, որն անելու էր այդ անունը կրողը։ Օրինակ՝ Եսայիա մարգարեն գրեց. «Ահա կոյսը կ’յղանայ եւ կ’ծնէ մի որդի, եւ նորա անունը կ’կանչէ էմմանուէլ» (Եսայիա 7։14)։ Այս անունը նշանակում է «Աստված մեզ հետ է»։ Աստվածաշնչի որոշ մեկնաբաններ փորձել են այս մարգարեության առաջին կատարումը վերագրել Իսրայելի թագավորներից կամ Եսայիայի որդիներից որևէ մեկին։ Սակայն ավետարանագիր Մատթեոսը գրեց, որ այն վերաբերում է Հիսուսին (Մատթեոս 1։22, 23)։
Ոմանք կարծում են, թե Հիսուսին կոչելով էմմանուել՝ Աստվածաշունչը սովորեցնում է, որ նա Աստված է։ Սակայն եթե այդպես ենք տրամաբանում, նշանակում է, որ Եղիուսը՝ այն երիտասարդ տղամարդը, որը մխիթարեց և օգնեց Հոբին, նույնպես Աստված էր։ Ինչո՞ւ ենք այդպես ասում, որովհետև նրա անունը նշանակում է «Իմ Աստվածը Նա է»։
Հիսուսը երբեք չասաց, որ ինքն Աստված է (Հովհաննես 14։28; Փիլիպպեցիներ 2։5, 6)։ Սակայն նա կատարելապես ընդօրինակեց իր Հոր հատկությունները և իրականացրեց Մեսիայի հետ կապված Աստծու բոլոր խոստումները (Հովհաննես 14։9; 2 Կորնթացիներ 1։20)։ էմմանուել անունը ամբողջությամբ բնութագրում է Հիսուսին որպես Մեսիա, Դավթի ժառանգ, որն ապացուցեց, որ Աստված իրեն երկրպագողների հետ է։
[նկար 14–րդ էջի վրա]
ԷՄՄԱՆՈՒԵԼ «Աստված մեզ հետ է»
[շրջանակ/ նկար 15–րդ էջի վրա]
Աստծու անվան նշանակությունը
Աստծու անունն Աստվածաշնչի հին ձեռագրերում հանդիպում է մոտ 7 000 անգամ եբրայերեն չորս տառերով, որը սովորաբար կոչվում է քառագիր (יהוה)։ Աստծու անունը հայերեն տառադարձվում է «Եհովա»։ Իսկ ի՞նչ է նշանակում այն։ Երբ Մովսեսը հարցրեց Աստծուն նրա անվան մասին, Եհովան պատասխանեց. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ» (Ելից 3։14, ՆԱ)։ Աստծու անունը երաշխավորում է, որ նա կդառնա այն ամենն, ինչ անհրաժեշտ է իր նպատակներն իրականացնելու համար (Եսայիա 55։8–11)։ Ուրեմն եթե վստահում ենք նրա խոստումներին, ապա մեր կյանքով ցույց կտանք դա։ Հիշի՛ր, նրա անունը Եհովա է։
[նկար 13–րդ էջի վրա]
ԱԲՐԱՀԱՄ «հայր բազմության»
[նկար 13–րդ էջի վրա]
ՍԱՐՐԱ «իշխանուհի»