Պահպանիր ժառանգությունդ՝ իմաստուն որոշումներ կայացնելով
«Զզվեք չարից, բարուն կառչեք» (ՀՌՈՄ. 12։9)։
1, 2. ա) Ինչպե՞ս որոշեցիր ծառայել Աստծուն։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։
ՄԵՆՔ իմաստնորեն ենք վարվել՝ որոշելով ծառայել Եհովա Աստծուն և սերտորեն հետևել Հիսուս Քրիստոսի հետքերին (Մատթ. 16։24; 1 Պետ. 2։21)։ Մենք լուրջ ենք վերաբերվում այդ որոշմանը։ Այն կայացրել ենք ոչ թե մի քանի սուրբգրային համարների մակերեսային իմացության, այլ Աստծու Խոսքի մանրամասն ուսումնասիրության հիման վրա։ Դրա շնորհիվ բազմաթիվ բաներ ենք իմացել այն ժառանգության մասին, որը Եհովան տալու է նրանց, ովքեր գիտելիքներ են ձեռք բերում իր և Հիսուս Քրիստոսի մասին, և մեր հավատը զորացել է (Հովհ. 17։3, ծնթ.; Հռոմ. 12։2)։
2 Եթե ուզում ենք պահպանել Եհովայի հետ մեր մտերմությունը, պետք է այնպիսի որոշումներ կայացնենք, որոնք հաճելի կլինեն մեր երկնային Հորը։ Այս հոդվածում կքննենք հետևյալ կարևոր հարցերը՝ ո՞րն է մեր ժառանգությունը, ինչպե՞ս պետք է վերաբերվենք դրան, ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ կստանանք այդ ժառանգությունը և ինչպե՞ս կարող ենք իմաստուն որոշումներ կայացնել։
Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
3. Ի՞նչ ժառանգություն են ստանալու՝ ա) օծյալները, բ) «ուրիշ ոչխարները»։
3 Համեմատաբար քիչ թվով քրիստոնյաներ հույս ունեն ստանալու «անապականելի, անպիղծ և անթառամ ժառանգությունը»՝ Քրիստոսի հետ երկնքում թագավորելու անգին առանձնաշնորհումը (1 Պետ. 1։3, 4)։ Այն ստանալու համար նրանք պետք է «դարձյալ ծնվեն» (Հովհ. 3։1–3)։ Իսկ ի՞նչ ժառանգություն են ստանալու Հիսուսի միլիոնավոր «ուրիշ ոչխարները», որոնք աջակցում են օծյալներին Թագավորության բարի լուրի քարոզչության գործում (Հովհ. 10։16)։ Նրանք կստանան այն ժառանգությունը, որից զրկվեցին մեղավոր Ադամն ու Եվան՝ հավիտենական կյանք դրախտ երկրի վրա՝ զերծ սգից, տառապանքից ու մահից (Հայտն. 21։1–4)։ Դրա համար էլ Հիսուսը կարող էր իր կողքին ցցին գամված չարագործին խոստանալ. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկ. 23։43)։
4. Ի՞նչ օրհնություններ ենք վայելում արդեն հիմա։
4 Բայց մեր ժառանգության մեջ կան որոշ օրհնություններ, որոնք արդեն վայելում ենք։ Քանի որ հավատ ենք ընծայում «Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքին», մենք ունենք հոգեկան անդորր և մտերիմ փոխհարաբերություններ Աստծու հետ (Հռոմ. 3։23–25)։ Մենք գիտենք, թե ինչ չքնաղ խոստումներ են գրված Աստծու Խոսքում, մեծ ուրախություն ենք ստանում այն բանից, որ ունենք սիրառատ միջազգային եղբայրություն, և, ինչ խոսք, մեզ համար մեծ պատիվ է լինել Եհովայի վկա։ Բնական է, որ մենք թանկ ենք գնահատում մեր ժառանգությունը։
5. Ի վնաս Աստծու ծառաների՝ ի՞նչ է Սատանան փորձում անել, և ի՞նչը կարող է օգնել մեզ հաստատ կանգնելու նրա նենգությունների դեմ։
5 Մեր ժառանգությունից ամուր կառչած մնալու համար, սակայն, պետք է զգուշանանք Սատանայի խարդավանքներից։ Սատանան միշտ փորձել է այս կամ այն ձևով ազդել Աստծու ծառաների վրա, որպեսզի նրանք կայացնեն այնպիսի որոշումներ, որոնց պատճառով, ի վերջո, կկորցնեն իրենց ժառանգությունը (Թվեր 25։1–3, 9)։ Հասկանալով, որ իր վերջը մոտենում է՝ Սատանան է՛լ ավելի մեծ ջանքեր է գործադրում մեզ մոլորեցնելու համար (կարդա՛ Հայտնություն 12։12, 17)։ Եթե ուզում ենք ամեն ժամանակ «հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ», պետք է շարունակենք թանկ գնահատել մեր ժառանգությունը (Եփես. 6։11)։ Այս առումով կարևոր բան ունենք սովորելու Իսահակի որդու՝ Եսավի բացասական օրինակից։
ՄԻ՛ ԵՂԻՐ ԵՍԱՎԻ ՊԵՍ
6, 7. Ո՞վ էր Եսավը, և ի՞նչ ժառանգություն նա կարող էր ստանալ։
6 Մոտ 4000 տարի առաջ Իսահակն ու Ռեբեկան երկվորյակներ ունեցան՝ Եսավին ու Հակոբին։ Մինչ տղաները մեծանում էին, ակնհայտ էր դառնում նրանց բնավորությունների տարբերությունը։ «Եսավը հմուտ որսորդ՝ դաշտի մարդ դարձավ, իսկ Հակոբը անարատ մարդ էր, որ ապրում էր վրաններում» (Ծննդ. 25։27)։ Այն, որ Հակոբը անարատ էր, ցույց է տալիս, որ նա Աստծու աչքում մաքուր մարդ էր։
7 Եսավն ու Հակոբը 15 տարեկան էին, երբ նրանց պապ Աբրահամը մահացավ։ Եհովան Աբրահամին խոստացել էր, որ երկրի բոլոր ազգերը կօրհնվեն նրա սերնդի միջոցով։ Հետագայում Աստված Իսահակին ասաց, թե ինչ է խոստացել Աբրահամին (կարդա՛ Ծննդոց 26։3–5)։ Ըստ այդ խոստման՝ Մեսիան, որը Ծննդոց 3։15-ում նշված հավատարիմ սերունդն էր, սերելու էր Աբրահամից։ Քանի որ Եսավը Իսահակի առաջնեկն էր, նա էր Աբրահամին տրված խոստման օրինական ժառանգորդը։ Սա իսկապես մեծ առանձնաշնորհում էր Եսավի համար։ Իսկ նա գնահատե՞ց դա։
8, 9. ա) Ի՞նչ որոշում կայացրեց Եսավը իր ժառանգության հետ կապված։ բ) Տարիներ անց ի՞նչ հասկացավ Եսավը և ինչպե՞ս արձագանքեց։
8 Մի օր Եսավը դաշտից եկավ ու տեսավ, որ «Հակոբը ապուր է եփում»։ «Շո՛ւտ արա, խնդրում եմ,— ասաց Եսավը,— ինձ այդ կարմրի՛ց տուր ուտեմ, այդ կարմրի՛ց, որովհետև հոգնած եմ»։ Հակոբը պատասխանեց. «Նախևառաջ վաճառիր ինձ քո առաջնեկության իրավունքը»։ Ի՞նչ արեց Եսավը։ Անհավանական է, բայց նա ասաց. «Ի՞նչ օգուտ կա ինձ այդ առաջնեկության իրավունքից»։ Այո՛, Եսավը մի աման ապուրը նախընտրեց առաջնեկության իրավունքից։ Այդ փոխհամաձայնությանը իրավական ուժ տալու համար Հակոբն ասաց. «Նախ երդվի՛ր ինձ»։ Առանց երկմտելու՝ Եսավը երդվեց և առաջնեկության իրավունքը տվեց Հակոբին։ Դրանից հետո «Հակոբը հաց ու ոսպի ապուր տվեց Եսավին, և նա կերավ ու խմեց, այնուհետև վեր կացավ ու գնաց։ Այդպես Եսավը արհամարհեց իր առաջնեկության իրավունքը» (Ծննդ. 25։29–34)։
9 Տարիներ անց, երբ Իսահակը մտածեց, որ շուտով մահանալու է, ցանկացավ օրհնել Եսավին։ Ռեբեկան, իմանալով այդ մասին, քայլեր ձեռնարկեց, որ Հակոբը ստանա Եսավից գնված առաջնեկության իրավունքը։ Երբ Եսավը հասկացավ, թե ինչ անմիտ քայլ է արել, Իսահակին աղաչեց. «Հա՛յր իմ, ի՛նձ էլ օրհնիր, ի՛նձ էլ.... Ինձ համար օրհնություն չե՞ս պահել»։ Երբ Իսահակն ասաց, որ չի կարող փոխել Հակոբին տված օրհնությունը, «Եսավը բարձրացրեց ձայնը և լաց եղավ» (Ծննդ. 27։30–38)։
10. Ինչպե՞ս էր Եհովան վերաբերվում Եսավին ու Հակոբին և ինչո՞ւ։
10 Ի՞նչ ենք հասկանում Եսավի տրամադրվածության մասին այս դրվագից։ Նրա համար իր մարմնական ցանկությունները բավարարելն ավելի կարևոր էր այն ապագա օրհնություններից, որոնք բխելու էին իր ժառանգությունից։ Եսավը չգնահատեց առաջնեկության իրավունքը, և ակնհայտ է, որ իրականում չէր սիրում Աստծուն։ Նա չմտածեց, թե իր այդ քայլով ինչ ազդեցություն կթողնի իր ժառանգների վրա։ Ի տարբերություն նրա՝ Հակոբը թանկ էր գնահատում իր ժառանգությունը։ Օրինակ՝ կին ընտրելու հարցում նա հետևեց իր ծնողների առաջնորդությանը (Ծննդ. 27։46–28։3)։ Դա հեշտ չէր նրա համար. Հակոբից համբերություն և զոհողություն էր պահանջվում։ Բայց քանի որ նա այդպիսի որոշում կայացրեց, Եհովան օրհնեց նրան. Հակոբը դարձավ Մեսիայի նախահայրը։ Մաղաքիա մարգարեի միջոցով Եհովան ասաց. «Ես Հակոբին սիրեցի, իսկ Եսավին ատեցի» (Մաղ. 1։2, 3)։
11. ա) Ինչո՞ւ է Եսավի օրինակը նախազգուշական մեզ համար։ բ) Ինչո՞ւ Պողոսը Եսավի արարքի մասին նշելիս հիշատակեց պոռնկության մասին։
11 Այն, ինչ Աստվածաշունչն ասում է Եսավի մասին, նախազգուշացում է մեզ համար։ Պողոս առաքյալը իր հավատակիցներին զգուշացրեց, որ նրանց մեջ «չլինի մի պոռնիկ կամ մեկը, ով չի գնահատում սուրբ բաները, ինչպես որ Եսավը, ով մի կերակուրի դիմաց իր առաջնեկության իրավունքը տվեց» (Եբր. 12։16)։ Այս խոսքերը մեզ էլ են վերաբերում։ Մենք պետք է միշտ գնահատենք սուրբ բաները, որպեսզի չտրվենք մարմնական ցանկություններին և չկորցնենք մեր հոգևոր ժառանգությունը։ Իսկ ինչո՞ւ Պողոսը Եսավի արարքի մասին նշելիս հիշատակեց պոռնկության մասին։ Եթե քրիստոնյան մարմնավոր տրամադրվածություն ունենա, նա, Եսավի պես, կարող է սուրբ բաները փոխանակել սխալ ցանկությունների բավարարումով, օրինակ՝ գուցե պոռնկություն գործի։
ԱՅՍՕ՛Ր ՊԱՏՐԱՍՏԻՐ ՍԻՐՏԴ
12. ա) Ինչպե՞ս է Սատանան փորձում մեզ հոգևորապես թուլացնել։ բ) Բեր սուրբգրային օրինակներ, որոնք կարող են օգնել մեզ, երբ դժվար ընտրության առաջ կանգնած լինենք։
12 Լինելով Եհովայի ծառաներ՝ մենք, անշուշտ, չենք փնտրում այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են տանել անբարոյության։ Ավելին, աղոթում ենք Եհովային, որ օգնի մեզ զիջումների չգնալու, երբ ինչ-որ մեկը դրդի մեզ անհնազանդ լինելու նրան (Մատթ. 6։13)։ Սատանան անընդհատ ձգտում է թուլացնել մեզ հոգևորապես, որպեսզի չկարողանանք պահել մեր անարատությունը այս այլասերված աշխարհում (Եփես. 6։12)։ Լինելով ամբարիշտ աշխարհի աստվածը՝ նա գիտի, թե ինչպես օգտագործի մեր անկատարությունը և գայթակղությունների միջոցով դրդի մեզ իրականացնելու մեր սխալ ցանկությունները (1 Կորնթ. 10։8, 13)։ Ինչպե՞ս կվարվես այնպիսի իրավիճակում, որը հնարավորություն կտա քեզ սխալ ձևով բավարարելու որևէ ցանկություն։ Կվարվե՞ս Եսավի պես՝ ասելով. «Շո՛ւտ արա, տո՛ւր ինձ դա»։ Թե՞ կդիմադրես գայթակղությանը և կփախչես դրանից, ինչպես Հակոբի որդի Հովսեփը վարվեց, երբ նրան գայթակղեցնում էր Պետափրեսի կինը (կարդա՛ Ծննդոց 39։10–12)։
13. ա) Ինչպե՞ս են շատերը վարվել Հովսեփի, իսկ ուրիշները՝ Եսավի պես։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի չվարվենք Եսավի պես։
13 Շատ եղբայրներ ու քույրեր, հայտնվելով որոշակի իրավիճակում, ստիպված են եղել ընտրելու, թե ինչպես վարվել՝ Եսավի՞ պես, թե՞ Հովսեփի։ Իմաստություն դրսևորելով՝ մեծ մասը ճիշտ է վարվել և ուրախացրել է Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։ Ցավոք, մեր հավատակիցներից ոմանք Եսավի պես են վարվել՝ վտանգի ենթարկելով իրենց հոգևոր ժառանգությունը։ Իրողությունն այն է, որ ամեն տարի զգալի թվով իրավական կոմիտեներ կազմվում են սեռական սխալ վարքի պատճառով, և շատերն են զրկվում ընկերակցությունից։ Ուստի խիստ կարևոր է, որ մեր սիրտը պատրաստենք հենց այսօր՝ բավական վաղօրոք՝ նախքան այնպիսի իրավիճակներում հայտնվելը, որոնք կարող են փորձել մեր անարատությունը (Սաղ. 78։8)։ Մենք կարող ենք առնվազն երկու բան անել, որ պաշտպանվենք գայթակղությունից և իմաստուն որոշումներ կայացնենք։
ՄՏԱԾԻՐ ԵՎ ԱՄՐԱՑՐՈՒ
14. Ո՞ր հարցերի շուրջ խորհրդածելը կօգնի մեզ «զզվելու չարից» և «կառչելու բարուն»։
14 Առաջին՝ հարկավոր է մտածել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ մեր քայլերը։ Այն, թե որքանով երախտագետ կլինենք մեր հոգևոր ժառանգության համար, մեծապես կախված է Եհովայի՝ այդ ժառանգությունը տվողի հանդեպ մեր սիրո խորությունից։ Երբ սիրում ենք մեկին, չենք ցանկանում ցավ պատճառել նրան, ավելին, ջանում ենք արժանանալ նրա հավանությանը։ Ուստի ինքներս մեզ պետք է հարցնենք. «Եթե տրվեմ անմաքուր մարմնական ցանկությանը, ինչպե՞ս դա կազդի իմ ու Եհովայի փոխհարաբերությունների վրա»։ Նաև պետք է մտածենք, թե դա ինչպես կարող է անդրադառնալ անձամբ մեզ և ուրիշների վրա։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Իմ եսասիրական քայլը ինչպե՞ս կազդի ընտանիքիս անդամների և հավատակիցներիս վրա։ Իմ պատճառով ուրիշները չե՞ն գայթակղվի (Փիլիպ. 1։10)։ Արժե՞ սխալ արարքի րոպեական հաճույքի համար հոգեկան տառապանքներ կրել։ Մի՞թե ուզում եմ Եսավի պես դառնագին լաց լինել, երբ հասկանամ, թե ինչ եմ արել» (Եբր. 12։17)։ Այս և նման հարցերի շուրջ խորհրդածելը կօգնի մեզ «զզվելու չարից» և «կառչելու բարուն» (Հռոմ. 12։9)։ Եհովայի հանդեպ սերը կմղի մեզ կառչած մնալու մեր ժառանգությունից (Սաղ. 73։28)։
15. Ի՞նչը կամրացնի մեր հոգևոր պաշտպանությունը։
15 Երկրորդ՝ մենք պետք է ամրացնենք մեր հոգևոր պաշտպանությունը։ Եհովան մեզ բազմաթիվ հնարավորություններ է տվել, որպեսզի ամրացնենք մեր հոգևոր պաշտպանությունը և անխոցելի մնանք այն վտանգների առաջ, որ կարող են գալ աշխարհից։ Այդ հնարավորություններից են անձնական ուսումնասիրությունը, քրիստոնեական հանդիպումները և աղոթքը (1 Կորնթ. 15։58)։ Ամեն անգամ, երբ աղոթում ենք Եհովային և մեր սիրտը թափում նրա առաջ, ամեն անգամ, երբ իմաստալից կերպով մասնակցում ենք ծառայությանը, մենք ամրացնում ենք մեր պաշտպանունակությունը (կարդա՛ 1 Տիմոթեոս 6։12, 19)։ Կկարողանանք մեզ պաշտպանել, թե ոչ, զգալիորեն կախված է մեր թափած ջանքերից (Գաղ. 6։7)։ Այս միտքը շեշտվում է Առակներ 2-րդ գլխում։
«ԵԹԵ ԱՅՆ ՓՆՏՐԵՍ»
16, 17. Ինչպե՞ս կարող ենք իմաստուն որոշումներ կայացնել։
16 Առակներ 2-րդ գլխում մեզ հորդոր է տրվում ձեռք բերել իմաստություն և խորհելու կարողություն։ Սրանք պարգևներ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս ճիշտը սխալից զանազանելու, սեփական ցանկությունները վերահսկելու և դրանք սխալ ձևով բավարարելու գայթակղությունից խուսափելու։ Բայց այդպես կվարվենք, թե ոչ, կախված է ջանքեր անելու մեր պատրաստակամությունից։ Շեշտելով այս հիմնարար ճշմարտությունը՝ Աստվածաշունչն ասում է. «Որդի՛ս, եթե ընդունես իմ խոսքերը և գանձի պես քեզ մոտ պահես իմ պատվիրանները, եթե ականջ դնես իմաստությանը և սիրտդ տրամադրես խորաթափանցությանը, եթե կանչես հասկացողությանը և ձայն տաս խորաթափանցությանը, եթե այն փնտրես ինչպես արծաթ և որոնես ինչպես թաքցված գանձեր, այդ դեպքում կհասկանաս, թե ինչ է Եհովայի հանդեպ վախը, և Աստծու մասին գիտելիքներ կգտնես, քանի որ Եհովան է տալիս իմաստություն, և նրա բերանից են դուրս գալիս գիտելիք ու խորաթափանցություն» (Առակ. 2։1–6)։
17 Հստակ է, ուրեմն, որ մենք կկարողանանք իմաստուն որոշումներ կայացնել, եթե վարվենք «Առակներ» գրքի հիշյալ համարներում տրվող առաջնորդության համաձայն։ Մենք կկարողանանք դիմադրել գայթակղությանը, եթե թույլ տանք, որ Եհովայի խոսքերը ձևավորեն մեր ներքին էությունը, եթե հաստատակամորեն աղոթենք Աստծուն իր առաջնորդության համար և եթե Աստծու մասին գիտելիքները փնտրենք, ինչպես թաքցված գանձեր։
18. Ի՞նչ ես շարունակելու անել և ինչո՞ւ։
18 Եհովան գիտելիք, հասկացողություն, խորաթափանցություն և իմաստություն է տալիս նրանց, ովքեր ջանք են թափում գտնելու այս պարգևները։ Որքան ավելի մեծ եռանդով փնտրենք և օգտագործենք այդ գանձերը, այնքան ավելի կմտերմանանք Եհովայի հետ, իսկ այդ մտերմությունը կպաշտպանի մեզ, երբ գայթակղության առաջ կանգնենք։ Աստծու հետ մտերմանալով և նրա հանդեպ ակնածալից վախ ունենալով՝ մենք կխուսափենք մեղք գործելուց (Սաղ. 25։14; Հակ. 4։8)։ Եհովայի հետ մտերմությունը և նրա տված իմաստությունը կմղեն յուրաքանչյուրիս շարունակելու կայացնել այնպիսի որոշումներ, որոնք կուրախացնեն նրա սիրտը և կօգնեն մեզ պահպանելու մեր ժառանգությունը։