Երբ Աստծո կամքը կկատարվի երկրի վրա
ԻՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ սովորեցնելով աղոթել՝ «լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ»՝ Հիսուսը խոսում էր որպես մի անձնավորություն, որը Հոր հետ ապրել է երկնքում (Մատթէոս 6։10; Յովհաննէս 1։18; 3։13; 8։42)։ Իր մինչմարդկային գոյության ընթացքում նա տեսել էր այն ժամանակը, երբ ամեն բան թե՛ երկնքում, թե՛ երկրի վրա ներդաշնակ էր Աստծո կամքին։ Դա մի բերկրալի ժամանակաշրջան էր՝ ձեռքբերումների և բավականության (Առակաց 8։27–31)։
Սկզբում Աստված ստեղծեց ոգեղեն արարածներին՝ հրեշտակներին, որոնք ‘հզոր են զորությամբ’ և ‘կատարում են նրա խոսքը’։ Այդ արարածները եղել են և կան նրա կամքը կատարող «պաշտօնեաներ» (Սաղմոս 103։20, 21)։ Արդյո՞ք նրանցից յուրաքանչյուրը ազատ կամք ուներ։ Այո։ Երկրի արարման ժամանակ Աստծո այս որդիները գովաբանություն էին անում (Յոբ 38։7)։ Այդպիսով նրանք արտահայտում էին իրենց հիացմունքը և ցույց էին տալիս, որ ուրախ են այն բանի համար, ինչ Աստված կամեցել անել։ Նրանք նաև ցույց էին տալիս, որ համապատասխանեցրել են իրենց կամքը Աստծո կամքին։
Երկիրը ստեղծելուց հետո Աստված այն պատրաստեց մարդկանց բնակության համար և ի վերջո արարեց առաջին տղամարդուն ու կնոջը (Ծննդոց, 1–ին գլուխ)։ Արդյո՞ք սա նույնպես արժանի էր հիացմունքի։ Ահա թե ինչ է ասվում Աստծո կողմից ներշնչված արձանագրության մեջ. «Եւ Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր»։ Այո, այն ամենն, ինչ նա ստեղծել էր, բարի էր՝ անթերի և կատարյալ (Ծննդոց 1։31)։
Ո՞րն էր Աստծո կամքը մեր նախածնողների և նրանց զավակների առնչությամբ։ Ինչպես երևում է Ծննդոց 1։28–ից, այն նույնպես շատ բարի էր։ Մենք կարդում ենք. «Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ»։ Այդ հրաշալի առաջադրանքն իրականացնելու համար մեր նախածնողները պետք է ապրեին անվերջ՝ հավիտյան։ Հավիտյան պետք է ապրեին նաև նրանց սերունդները։ Ողբերգության, անարդարության, վշտի և մահվան նշույլ անգամ չկար։
Սա մի ժամանակ էր, երբ Աստծո կամքը կատարվում էր ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Նրա կամքը կատարող յուրաքանչյուր անձնավորություն բավականություն էր ստանում։ Իսկ ինչո՞ւ ամեն բան փոխվեց։
Անսպասելիորեն Աստծո կամքը դրվեց հարցականի տակ։ Ո՛չ, չարժե մտածել, թե առաջացած խնդիրն անհնար էր լուծել։ Այնուամենայնիվ, դրա հետևանքով սկսվեց վշտի ու տառապանքի մի երկար ժամանակաշրջան, որի ընթացքում շփոթություն առաջացավ այն հարցում, թե որն է Աստծո կամքը մարդկության առնչությամբ։ Մենք բոլորս էլ այս ամենի զոհն ենք։ Ի՞նչ տեղի ունեցավ։
Աստծո կամքը խռովության ժամանակաշրջանում
Արարչի ոգեղեն որդիներից մեկը գտավ, որ կարող է խանգարել մարդկության առնչությամբ Աստծո կամքի իրականացումը՝ սեփական շահերից ելնելով։ Որքան ավելի շատ էր այս ոգեղեն անձնավորությունը մտածում այդ մասին, այնքան դա ավելի իրական էր թվում նրան և այնքան ավելի գրավիչ էր դառնում (Յակոբոս 1։14, 15)։ Նա մտածեց, որ եթե կարողանա դրդել առաջին մարդկային զույգին Աստծո փոխարեն իրեն լսել, ապա Արարիչը ստիպված կլինի հանդուրժել ախոյան ղեկավարի։ Հավանաբար, այդ ոգեղեն էակը եզրակացրեց, որ Աստված մահապատժի չի ենթարկի մարդկանց, քանզի դա կնշանակեր, որ նրա նպատակը ձախողվել է։ Նրա կարծիքով՝ Եհովա Աստված կփոփոխեր իր նպատակը՝ ճանաչելով այս ոգեղեն որդու դիրքը, որի ենթակայության տակ անցած կլինեին Իր կողմից արարված մարդիկ։ Միանգամայն արդարացի, այդ ընդդիմադիրը կոչվեց Սատանա, որ նշանակում է հակառակորդ (Յոբ 1։6)։
Գործելով իր ցանկությանը համապատասխան՝ Սատանան մոտեցավ կնոջը՝ խրախուսելով անտեսել Աստծո կամքը և բարոյական հարցերում անկախություն ձեռք բերել։ Սատանան ասաց. «Բնաւ չէք մեռնիլ։ .... Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող» (Ծննդոց 3։1–5)։ Կնոջը թվաց, թե այդ ճանապարհով հնարավոր է հասնել անկախության, և նա ընդունեց առաջարկը՝ համարելով այն կյանքի ավելի լավ ուղի։ Ապա նա համոզեց իր ամուսնուն միանալ իրեն (Ծննդոց 3։6)։
Սա հակառակ էր Աստծո կամքին, որ նա ուներ այդ զույգի առնչությամբ։ Այդ ամենը տեղի ունեցավ մարդկանց կամքով, և դա կործանարար հետևանքներ էր բերելու։ Աստված արդեն ասել էր առաջին զույգին, որ այդպիսի ուղին կառաջնորդի մահվան (Ծննդոց 3։3)։ Մարդիկ ստեղծված չէին այնպես, որ Աստծուց անկախ կարողանային հաջողության հասնել (Երեմիա 10։23)։ Բացի այդ, նրանք դառնալու էին անկատար, իսկ անկատարությունն ու մահը փոխանցվելու էր նրանց սերունդներին (Հռովմայեցիս 5։12)։ Սատանան չէր կարող կանխել այս հետևանքները։
Արդյո՞ք այս իրադարձությունները մեկընդմիշտ փոխեցին Աստծո նպատակը, կամ՝ կամքը մարդկության առնչությամբ։ Ո՛չ (Եսայիա 55։9–11)։ Սակայն դրանք առաջ բերեցին հարցեր, որոնց հարկավոր էր պատասխանել։ Կարո՞ղ են մարդիկ լինել «Աստուծոյ պէս.... բարին եւ չարը գիտացող», ինչպես պնդել էր Սատանան։ Այլ կերպ ասած՝ եթե մարդկանց բավականաչափ ժամանակ տրվեր, արդյոք նրանք կկարողանայի՞ն անձամբ որոշել՝ ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ, ինչն է օգտակար, և ինչը՝ վնասակար իրենց կյանքի բոլոր ոլորտներում։ Արդյո՞ք Աստված արժանի է լիակատար հնազանդության, քանի որ նրա կառավարման ձևն է լավագույնը։ Արժե՞ արդյոք լիովին հնազանդվել նրա կամքին։ Ինչպե՞ս դուք կպատասխանեիք այս հարցերին։
Գոյություն ուներ միայն մի ձև բոլոր բանական էակների առջև այս հարցերը լուծելու. թույլ տալ, որ անկախություն փնտրողները փորձեին հասնել հաջողության։ Նրանց պարզապես մահապատժի ենթարկելով՝ հնարավոր չէր լինի պատասխան տալ ծագած հարցերին։ Պատասխանը կարելի էր տալ՝ մարդկությանը բավական ժամանակ տրամադրելով և թույլ տալով, որ ընթանա իր ընտրած ուղով, քանի որ այդպես ակնհայտ կդառնային հետևանքները։ Աստված ցույց տվեց, որ այդ ճանապարհով կլուծի առաջ եկած հարցերը, երբ կնոջն ասաց, որ նա երեխաներ կունենա։ Սա նշանակում էր, որ մարդկային ընտանիքը կազմավորվելու էր։ Շնորհիվ դրա մարդկությունը մինչև օրս գոյություն ունի (Ծննդոց 3։16, 20)։
Սա չէր նշանակում, սակայն, թե Աստված թույլ կտա մարդկանց և ըմբոստ ոգեղեն որդուն ամբողջությամբ անել այն, ինչ նրանք ցանկանում են։ Աստված չհրաժարվեց իր գերիշխանությունից և ոչ էլ մերժեց իր նպատակը (Սաղմոս 83։18)։ Այս բանը նա պարզ ցույց տվեց, երբ կանխագուշակեց սադրիչի վերջնական կործանումը և ըմբոստության բոլոր վատ հետևանքների վերացումը (Ծննդոց 3։15)։ Հետևաբար հենց սկզբից մարդկությունը ազատագրության խոստում ստացավ։
Միևնույն ժամանակ մեր նախածնողները հրաժարվեցին Աստծո իշխանությունից թե՛ իրենց համար, թե՛ իրենց ապագա սերունդների։ Աստված չկանխեց նրանց որոշման բոլոր տխուր հետևանքները, քանզի դա կնշանակեր, որ նա յուրաքանչյուր պարագայում պետք է իր կամքը թելադրեր մարդկանց։ Իսկ դա նույնը կլիներ, ինչ ընդհանրապես թույլ չտալ, որ նրանք իրենից անկախ ապրեին։
Ինչ խոսք, առանձին մարդիկ կարող էին ընտրել Աստծո իշխանությունը։ Նրանք կարող էին սովորել, թե տվյալ ժամանակաշրջանում որն է Աստծո կամքը մարդկանց առնչությամբ, և իրենց հնարավորության սահմաններում փորձել դրան համապատասխանել (Սաղմոս 143։10)։ Այնուամենայնիվ, նրանք չէին ազատվի խնդիրներից այնքան ժամանակ, մինչև որ լուծում չստանար մարդկանց լիակատար անկախությանը վերաբերող հարցը։
Արդեն մարդկության պատմության վաղ շրջանում ակնհայտ դարձավ, թե ինչ հետևանքներ է բերում սեփական ընտրություն կատարելը։ Մարդկային ընտանիքի առաջնեկը՝ Կայենը, սպանեց իր եղբայր Աբելին, որովհետև «իր գործերը չար էին եւ իր եղբօրինը արդար» (Ա Յովհաննէս 3։12)։ Այդ քայլը հակառակ էր Աստծո կամքին. Աստված այդ մասին նախազգուշացրեց Կայենին և հետագայում պատժեց նրան (Ծննդոց 4։3–12)։ Բարոյական հարցերում Կայենն ընտրեց անկախությունը, որ առաջարկել էր Սատանան։ Ուստի կարելի է ասել, որ նա ‘չարից’ էր։ Նման ձևով վարվեցին նաև ուրիշ մարդիկ։
Մարդկության պատմության առաջին 1 500 տարվա ընթացքում «երկիրը Աստուծոյ առաջին ապականուեցաւ, եւ երկիրը անօրէնութեամբ լցուեցաւ» (Ծննդոց 6։11)։ Աշխարհը կործանումից փրկելու համար վճռական քայլ էր հարկավոր։ Եվ Աստված ձեռնարկեց այն. նա մի համաշխարհային ջրհեղեղ բերեց, որի ժամանակ փրկեց միակ արդար ընտանիքին, որ դեռ գոյություն ուներ՝ Նոյին, նրա կնոջը և որդիներին, ինչպես նաև վերջիններիս կանանց (Ծննդոց 7։1)։ Մենք բոլորս նրանց ժառանգներն ենք։
Սկսած այդ ժամանակներից՝ Աստված առաջնորդություն է տվել այն մարդկանց, ովքեր անկեղծորեն ցանկացել են իմանալ նրա կամքը։ Նա իր ոգով ներշնչել է որոշ տղամարդկանց, որպեսզի վերջիններս գրի առնեն իր մտքերը՝ ուղղված բոլոր այն անհատներին, ովքեր Աստծո մոտ էին առաջնորդություն փնտրում։ Այդ մտքերն արձանագրված են Աստվածաշնչում (Բ Տիմոթէոս 3։16)։ Աստված սիրով թույլ տվեց հավատարիմ մարդկանց փոխհարաբերություններ հաստատել իր հետ, նույնիսկ դառնալ իր ընկերները (Եսայիա 41։8, ՆԱ)։ Եվ, բացի դրանից, օժտեց անհրաժեշտ զորությամբ, որպեսզի նրանք կարողանային համբերությամբ տանել այն մեծ դժվարությունները, որոնց բախվեց մարդկությունը անկախության այս հազարամյակների ընթացքում (Սաղմոս 46։1; Փիլիպպեցիս 4։13, ԱԱ)։ Որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել այս ամենի համար։
«Լինի քո կամքը» ամբողջովին
Մինչ այժմ Աստծո ձեռնարկած քայլերը ամբողջովին չեն ներկայացնում նրա կամքը մարդկության առնչությամբ։ Պողոս առաքյալը գրում է. «Նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. որոնցում արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13)։ Խորհրդանշական լեզվով գրված այս խոսքերը վերաբերում են նոր իշխանությանը, որ կղեկավարի մարդկությանը, և նոր մարդկային հասարակությանը, որ կլինի այդ իշխանության ներքո։
Դանիել մարգարեն պարզ գրում է. «Այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ,....նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։ Այս մարգարեության մեջ կանխագուշակվում է ներկայիս անօգուտ համակարգի վախճանի և դրա փոխարեն՝ Աստծո Թագավորության, կամ՝ նրա կողմից կազմված կառավարության հաստատման մասին։ Ի՜նչ լավ լուր է սա։ Բախումները, եսասիրությունը, որոնց հետևանքով այս աշխարհը լցվել է բռնությամբ, նորից սպառնում են երկրի գոյությանը։ Սակայն մի օր բոլոր այս բաները կանցնեն անցյալի գիրկը։
Ե՞րբ տեղի կունենա այս ամենը։ Մի առիթով Հիսուսի աշակերտները այսպիսի հարց տվեցին նրան. «Այդ ե՞րբ կ’լինի. եւ ի՞նչ կ’լինի քո գալստեան եւ աշխարհքիս վերջի նշանը»։ Հիսուսի պատասխանը մասամբ հետևյալն էր. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։3, 14)։
Հայտնի է, որ այս քարոզչական գործը այժմ կատարվում է ամբողջ աշխարհով մեկ։ Հավանաբար դուք ևս նկատել եք դրա կատարումը ձեր բնակավայրում։ Ահա թե իր գրքերից մեկում ինչ է գրում պրոֆեսոր Չարլզ Բրադենը. «Եհովայի վկաները իրենց վկայությամբ ուղղակի պատել են երկիրը։ .... Աշխարհում ոչ մի ուրիշ կրոնական խմբավորում այնքան նախանձախնդրություն և հաստատակամություն չի ցուցաբերել Թագավորության բարի լուրը տարածելու գործում, որքան Եհովայի վկաները» («These Also Believe»)։ Վկաները ակտիվորեն քարոզում են բարի լուրը ավելի քան 230 երկրներում մոտ 400 լեզուներով։ Վաղուց կանխագուշակված այս գործունեությունը մինչ այդ երբեք համաշխարհային մասշտաբով չի կատարվել։ Սա, ինչպես նաև բազում այլ ապացույցներ ցույց են տալիս, որ մոտենում է այն ժամանակը, երբ Թագավորությունը կփոխարինի մարդկային կառավարություններին։
Թագավորությունը, որը Հիսուսի խոսքերով՝ պետք է քարոզվեր, այն նույն կառավարությունն է, որի մասին նա սովորեցրեց մեզ աղոթել տիպար աղոթքում. «Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։10)։ Այո՛, Թագավորությունն է այն միջոցը, որն Աստված գործի կդնի իրականացնելու համար իր նպատակը՝ կամքը մարդկության ու երկրի նկատմամբ։
Ի՞նչ է սա նշանակում։ Թույլ տանք, որ այս հարցին պատասխանի Յայտնութիւն 21։3, 4–ը. «Մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. Ահա Աստուծոյ խորանը մարդականց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան»։ Այդ ժամանակ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում իսկապես կկատարվի Աստծո կամքը, ընդ որում ամբողջությամբ։a Չէի՞ք ցանկանա տեսնել այդ ամենը։
[ծանոթագրություն]
a Եթե ուզում եք ավելի շատ տեղեկություն ձեռք բերել Աստծո Թագավորության մասին, կարող եք կապ հաստատել ձեր մերձակայքում ապրող Եհովայի վկաների հետ կամ գրել այս պարբերագրի 2–րդ էջում նշված հասցեներից մեկով։
[նկար 5–րդ էջի վրա]
Աստծո կամքը մերժելն ու անկախանալը ողբերգություն բերեց