Ուգարիթ. հինավուրց քաղաք Բահաղի շուքի տակ
ՀԱԶԱՐ ԻՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՔՍԱՆՈՒԹ թվականին սիրիացի հողագործի խոփը դեմ առավ մի քարի, որի տակ նա գտավ հնադարյան խեցեղեն իրերով լի գերեզման։ Այդ հողագործը չէր կարող պատկերացնել, թե ինչպիսի նշանակալից հայտնագործություն էր արել։ Լսելով այս պատահական հայտնագործության մասին՝ հաջորդ տարի այդտեղ ժամանեց ֆրանսիական հնագիտական մի արշավախումբ՝ Կլոդ Շաֆերի ղեկավարությամբ։
Կարճ ժամանակ անց գտնվեց մի արձանագրություն, որն օգնեց հնագետներին որոշելու, թե ո՛ր քաղաքի ավերակներն էին երևան գալիս իրենց բահերի տակից։ Դա Ուգարիթն էր՝ «Մերձավոր Արևելքի գլխավոր հին քաղաքներից մեկը»։ Գրող Բերի Հոբերմանը նույնիսկ այսպիսի խոսքեր է ասել. «Հնագիտական ուրիշ ոչ մի հայտնագործություն, նույնիսկ Մեռյալ ծովի մագաղաթները, այսքան խոր ազդեցություն չի ունեցել Աստվածաշնչի մեր հասկացողության վրա» («The Atlantic Monthly»)։
Որտեղ հատվում են ճանապարհները
Գտնվելով Միջերկրական ծովի ափին՝ Ռաս–Շամրա բլրի վրա (այժմյան Սիրիայի հյուսիսում)՝ Ուգարիթը մ.թ.ա. երկրորդ հազարամյակում բազմազգ, ծաղկող քաղաք էր։ Ուգարիթի թագավորության տարածքը ձգվում էր հյուսիսից հարավ՝ Կասիոս լեռից դեպի Թել Սուկաս մոտ 60 կիլոմետր երկարությամբ, և արևմուտքից արևելք՝ Միջերկրական ծովից դեպի Որոնտեսի հովիտը 30–50 կիլոմետր լայնությամբ։
Ուգարիթում կլիման բարեխառն էր, ինչը նպաստում էր անասնաբուծության զարգացմանը։ Այնտեղ ստանում էին հացահատիկ, ձիթայուղ, գինի և փայտանյութ, որը խիստ պակասում էր Միջագետքում ու Եգիպտոսում։ Բացի այդ, քանի որ առևտրական գլխավոր ճանապարհներն այստեղ էին հատվում, քաղաքը դարձել էր միջազգային առաջին մեծ նավահանգիստներից մեկը։ Էգեյան ծովի կղզիների, Անատոլիայի, Բաբելոնից, Եգիպտոսից և Մերձավոր ու Միջին Արևելքից եկած առևտրականները Ուգարիթում զբաղվում էին մետաղների, գյուղատնտեսական մթերքների և տեղական արտադրության բազմաթիվ այլ ապրանքների առևտրով։
Չնայած նյութական բարգավաճմանը՝ Ուգարիթը միշտ եղել է վասալական թագավորություն։ Այն եղել է Եգիպտական տերության հյուսիսային առաջապահ ուղեկալը, մինչև որ մ.թ.ա. 14–րդ դարում անցավ խեթերի տիրապետության տակ։ Ուգարիթը պարտավոր էր տուրք վճարել և գերագույն ավատատերին ապահովել զինվորներով։ Երբ «ծովի ժողովուրդները»a ներխուժեցին Անատոլիա (կենտրոնական Թուրքիա) և հյուսիսային Ասորիք, խեթերը բռնագրավեցին ուգարիթական զորքն ու նավատորմը։ Արդյունքում՝ Ուգարիթը մնաց անպաշտպան, և մոտավորապես մ.թ.ա. 1200–ին ամբողջությամբ կործանվեց։
Վերականգնելով անցյալը
Ուգարիթի կործանումից հետո նրանից մնաց մոտ 20 մետր բարձրությամբ մի վիթխարի բլուր, որի մակերեսը ավելի քանի 25 հեկտար էր։ Այս տարածքի միայն մեկ վեցերորդ մասն է պեղվել։ Ավերակների մեջ հնագետները հայտնաբերել են հսկայական պալատային համալիր, որը բաղկացած է եղել գրեթե հարյուր սենյակներից, ունեցել է մի քանի բակ և զբաղեցրել 10 000 քառակուսի մետր տարածություն։ Համալիրը ունեցել է զուգարաններ, ջրամատակարարում և կոյուղի։ Կահույքը դրվագազարդված էր ոսկով, լաջվարդով և փղոսկրով։ Գտնվել են նաև փղոսկրյա բարդ փորագրություններ։ Պալատին առանձնահատուկ հմայք է հաղորդել ցանկապատված պարտեզը և գետնի մեջ փորված ջրավազանը։
Քաղաքի և նրա շրջակա հարթ տարածության ֆոնի վրա վեր էին խոյանում Բահաղի և Դագանի տաճարները։b Այս տաճարները իրենցից ներկայացնում էին աշտարակներ, հնարավոր է՝ 20 մետր բարձրությամբ, և ունեին փոքր նախամուտք, որը տանում էր դեպի ներքին սենյակը, որտեղ գտնվում էր մի աստծո պատկեր։ Սանդուղքը տանում էր դեպի պատշգամբ, որտեղ թագավորը զանազան հանդիսություններ էր անցկացնում։ Գիշերները կամ փոթորիկների ժամանակ տաճարների կատարին ազդանշանային կրակներ էին վառվում, որպեսզի նավերը ապահով նավահանգիստ մտնեին։ Նավաստիներն իրենց ապահով վերադարձը վերագրում էին փոթորկի աստծուն՝ Բահաղ Հադադին, և անշուշտ նրանք են, իրենց խոստման համաձայն, որպես զոհաբերություն նրա սրբավայրը բերել այն 17 քարե խարիսխները, որ գտնվել են պեղումների ժամանակ։
Հայտնագործվում են արժեքավոր սեպագիր արձանագրություններ
Ուգարիթի ավերակների միջից հազարավոր կավե տախտակներ են գտնվել։ Դրանց թվում կային տնտեսական, իրավաբանական, դիվանագիտական և վարչական փաստաթղթեր՝ գրված ութ լեզուներով և հինգ տարբեր գրերով։ Շաֆերի խումբը արձանագրություններ գտավ մինչ այդ անծանոթ լեզվով, որին տվեցին «ուգարիթերեն» անվանումը։ Գրությունները բաղկացած էին 30 սեպաձև գրերից, որոնք կազմում են երբևիցե հայտնաբերված ամենահին այբուբեններից մեկը։
Ուգարիթում գտնված արձանագրությունների մեջ, բացի առօրեական փաստաթղթերից, կային նաև գրական ստեղծագործություններ, որոնք նոր լույս սփռեցին այդ ժամանակվա կրոնական գաղափարների և սովորույթների վրա։ Ուգարիթի կրոնը, թվում է, շատ նման է եղել հարևան Քանանի կրոնին։ Ըստ Ռոլան դե Վոյի՝ այդ փաստաթղթերը «քանանական քաղաքակրթության միանգամայն ստույգ արտացոլումն են ընդհուպ մինչև այն ժամանակները, երբ այն նվաճվեց Իսրայելի կողմից»։
Կրոնը Բահաղի քաղաքում
Ռաս–Շամրայի փաստաթղթերում 200–ից ավելի աստվածներ և աստվածուհիներ են հիշատակվում։ Գերագույն աստվածությունը Էլն էր, որը համարվում էր աստվածների և մարդկանց հայրը։ Իսկ փոթորկի աստված Բահաղ Հադադը «ամպեր հեծնող» և «երկրի տեր» էր։ Էլը նկարագրվում է որպես իմաստուն, սպիտակամորուս ծերունի՝ հեռու մարդկային ցեղից։ Իսկ Բահաղը նկարագրվում է որպես զորեղ և պատվախնդիր աստված, որ ձգտում է իշխել աստվածների և մարդկանց վրա։
Հայտնաբերված արձանագրությունները հավանաբար ընթերցվում էին կրոնական տոների ժամանակ, ինչպիսիք են նոր տարին կամ բերքահավաքի տոնը։ Սակայն ճշգրտորեն պարզ չէ դրանց իմաստը։ Մի պոեմում, որը իշխանության համար մղվող պայքարի մասին է, Բահաղը հաղթում է Էլի սիրելի որդուն՝ ծովի աստված Յամին։ Այս հաղթանակը, հնարավոր է, Ուգարիթի նավաստիներին վստահություն էր ներշնչում, որ Բահաղը կպաշտպաներ իրենց ծովում։ Բահաղը Մոտ աստծո հետ մենամարտելիս պարտվում է և իջնում ստորգետնյա աշխարհ։ Արդյունքում երաշտ է սկսվում, և մարդկանց գործունեությունը կանգ է առնում։ Բահաղի կին և քույր Անատը՝ սիրո և պատերազմի աստվածուհին, սպանում է Մոտին և Բահաղին կրկին կյանքի վերադարձնում։ Բահաղը կոտորում է Էլի կնոջ՝ Աթիրաթի (Աշերա) որդիներին և կրկին նստում գահին։ Սակայն յոթ տարի անց Մոտը վերադառնում է։
Ոմանք այս պոեմը մեկնաբանում են որպես տարվա եղանակների իրար հաջորդելու խորհրդանիշ, երբ կենարար անձրևները զիջում են ամառվա տապին և ապա աշնանը վերադառնում։ Ուրիշներն էլ ենթադրում են, թե յոթ տարվա շրջանը արտացոլում է սովի և երաշտի նկատմամբ մարդկանց ունեցած վախը։ Ամեն դեպքում, մարդիկ կարևոր էին համարում, որ Բահաղը գերազանցեր մյուսներին, որպեսզի իրենց ջանքերը հաջողությամբ պսակվեին։ Աստվածաբան Պիտեր Քրեյգին նշում է. «Բահաղի պաշտամունքի նպատակը եղել է պաշտպանել նրա գերիշխանությունը։ Ըստ նրա երկրպագուների՝ իրենք այնքան անհրաժեշտ բերքն ու անասունը կշարունակեին ունենալ միայն այն դեպքում, երբ նա կգերազանցեր մյուսներին»։
Պատնեշ՝ հեթանոսության դեմ
Հայտնաբերված արձանագրությունները պարզ ցույց են տալիս ուգարիթական կրոնի արատավորությունը։ Աստվածաշնչային մի բառարան մեկնաբանում է. «Այդ արձանագրությունները վկայում են, թե այդ աստվածությունների պաշտամունքը, որը հատուկ շեշտ էր դնում պատերազմի, սրբազան պոռնկության և զգայական սիրո վրա, ինչպես է արատավորել հասարակությանը ու նրան ենթարկել դեգրադացիայի» («The Illustrated Bible Dictionary»)։ Դե Վոն նշում է. «Կարդալով այս պոեմները՝ կարելի է հասկանալ, թե ինչու էին յահվեիզմի ճշմարիտ հավատացյալները և մեծ մարգարեները այս տեսակ պաշտամունքի հանդեպ նողկանք զգում»։ Օրենքը, որ Աստված տվել էր հին իսրայելացիներին, պատնեշ էր նրանց համար կեղծ կրոնի դեմ։
Գուշակությունը, աստղագուշակությունը և մոգությունը լայն տարածում ունեին Ուգարիթում։ Նշաններ էին փնտրում ոչ միայն երկնային մարմինների մեջ, այլ նաև արատ ունեցող սաղմերում և մորթված կենդանիների ներքին օրգաններում։ «Ենթադրվում էր, թե աստվածը, ում կենդանի էին զոհ մատուցում, նույնացվում էր նրա հետ, և աստծո ոգին ձուլվում էր կենդանու ոգուն,— մեկնաբանում է պատմաբան Ժակլին Գաշեն։— Այդ պատճառով, նայելով կենդանու օրգաններում երևացող նշաններին, հնարավոր էր որոշել աստվածների կամքը, որոնք կարող էին կամ դրական, կամ բացասական պատասխան տալ ապագա իրադարձությունների մասին տրվող հարցին, նաև, թե ինչպես է հարկավոր վարվել որոշակի իրավիճակներում» («Le pays d’Ougarit autour de 1200 av.J.C.»)։ Հակառակ այս ամենին՝ իսրայելացիները պետք է հեռու մնային այդպիսի սովորություններից (Բ Օրինաց 18։9–14)։
Մովսիսական օրենքը հստակորեն արգելում էր անասնապղծությունը (Ղեւտացոց 18։23)։ Իսկ ինչպե՞ս էին անասնապղծությանը վերաբերվում Ուգարիթում։ Հայտնաբերված գրությունները հաղորդում են այն մասին, որ Բահաղը զուգավորվում է երինջի հետ։ «Եթե կարելի է ինչ–որ հիմնավորումներ գտնել, որ զուգավորվելիս Բահաղը ցլի կերպարանք է ստանում,— մեկնաբանում է հնագետ Սայրուս Գորդոնը,— ապա նույնը չի կարելի ասել նրա քահանաների համար, ովքեր բեմարկում էին իրենց աստծո մասին եղած առասպելները»։
Իսրայելացիներին պատվեր էր տրվել. «Մէկուն սուգին համար ձեր մարմնին վրայ կտրածներ մի՛ ընէք» (Ղեւտացոց 19։28, Արեւմտ. Աստ.)։ Իմանալով Բահաղի մահվան մասին՝ Էլը «իր մաշկը դանակով կտրեց, ածելիով կտրվածքներ արեց. նա կտրեց իր այտերն ու կզակը»։ Մարմինը ծիսականորեն կտրտելը, ինչպես երևում է, սովորույթ էր Բահաղի երկրպագուների շրջանում (Գ Թագաւորաց 18։28)։
Ուգարիթի պոեմներից մեկում, ըստ երևույթին, ցույց է տրվում, որ պտղաբերության ծիսակատարության մեջ ընդունված էր ուլին կաթի մեջ եփելը, ինչը սովորություն էր քանանական կրոնում։ Մովսիսական Օրենքով, սակայն, իսրայելացիներին պատվեր էր տրված. «Ուլը իր մօրը կաթի մէջ չ’եփես» (Ելից 23։19)։
Համեմատություն աստվածաշնչային ձեռագրերի հետ
Ուգարիթյան արձանագրությունները սկզբնապես թարգմանվել են հիմնականում աստվածաշնչային եբրայերենի օգնությամբ։ Պիտեր Քրեյգին նշում է. «Եբրայերեն Գրություններում շատ բառեր կան, որոնց իմաստը պարզ չէ, երբեմն էլ՝ անհայտ. մինչև 20–րդ դարը թարգմանիչները տարբեր միջոցներով փորձել են կռահել դրանց հնարավոր իմաստը։ Բայց երբ այդ նույն բառերը հանդիպում են ուգարիթական արձանագրություններում, հնարավոր է դառնում հասկանալ իմաստը»։
Օրինակ՝ Եսայիա 3։18–ում օգտագործված եբրայերեն բառը սովորաբար թարգմանվում է «ճակատանոց», որ նշանակում է ճակատի զարդարանք։ Այս բառի նման մի ուգարիթերեն բառի արմատը նշանակում է «արև» և «արևի աստվածուհի»։ Հետևաբար՝ Եսայիայի մարգարեության մեջ հիշատակված Երուսաղեմի կանայք, հնարավոր է, քանանացիների աստվածների պատվին զարդարվում էին փոքր արևի նախշեր ունեցող կախազարդերով ու «մահիկներով»՝ լուսնաձև զարդերով։
Մասորեթական ձեռագրերում Առակաց 26։23–ում «վառվող շուրթերն» ու «չար սիրտը» համեմատվում են կավե անոթի հետ, որը պատված է «արծաթի մնացորդներով»։ Ուգարիթերեն բառի արմատը հնարավորություն է տալիս այդ համեմատությունը թարգմանելու «ինչպես ջնարակ խեցիի վրա»։ Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանությունը» համապատասխանաբար այս առակը հետևյալ կերպ է թարգմանում. «Ինչպես արծաթե ջնարակն է կավե խեցիի վրա, այնպես էլ հրաբորբոք շուրթերն են վատ սրտի հետ»։
Աստվածաշնչի համար հի՞մք
Ռաս–Շամրայի արձանագրությունները քննելով՝ գիտնականներից ոմանք սկսեցին պնդել, թե Աստվածաշնչի առանձին հատվածներ փոխառված են ուգարիթական պոեմներից։ Ֆրանսիական ինստիտուտի անդամ Անդրե Կաքոն հաստատում է, որ «իսրայելական կրոնի հիմքում ընկած է քանանացիների մշակույթը»։
29–րդ սաղմոսի վերաբերյալ Միտչել Դեյհուդը (Հռոմի Պապական աստվածաշնչային ինստիտուտ) ասում է. «Այս սաղմոսը յահվեական ձևափոխումն է հին քանանական գովերգության՝ նվիրված փոթորկի աստված Բահաղին.... Այս սաղմոսի գրեթե ամեն բառ կարելի է գտնել քանանական հին արձանագրություններում»։ Հիմնավո՞ր է նման եզրակացությունը։ Իհարկե ո՛չ։
Իրենց կարծիքների մեջ ավելի չափավոր եղող գիտնականները ընդունում են, որ նմանությունները չափազանցված են։ Ուրիշները նույնիսկ քննադատում են այն, ինչը նրանք անվանում են «պանուգարիթիզմ»։ «Ուգարիթյան գրություններից և ոչ մեկը լիովին չի համապատասխանում 29–րդ սաղմոսին,— նշում է աստվածաբան Գարի Բրանթլին։— Ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե 29–րդ սաղմոսը (կամ որևէ ուրիշ աստվածաշնչային հատված) փոխառված է հեթանոսական առասպելից»։
Արդյո՞ք պատկերավոր խոսքի, բանաստեղծական համեմատությունների և ոճական առանձնահատկությունների հետ կապված նմանությունները փոխառության ապացույցներ են։ Հակառակը, այդպիսի նմանություններ հարկավո՛ր է ակնկալել։ «Կրոնի հանրագիտարանում» հետևյալն է գրված. «Ձևի և բովանդակության նմանության պատճառը մշակույթն է. չնայած աշխարհագրական և հասարակական զգալի տարբերություններին՝ Ուգարիթն ու Իսրայելը մի ավելի մեծ մշակութային միավորի մասն էին կազմում և բանաստեղծական ու կրոնական ընդհանուր բառապաշար ունեին»։ Ուստի Գարի Բրանթլին եզրակացնում է. «Ճիշտ չի լինի պարզապես լեզվաբանական նմանությունների պատճառով պնդել, թե հեթանոսական հավատալիքները հիմք են եղել աստվածաշնչային գրությունների համար»։
Եվ ի վերջո հարկ է նշել, որ եթե նույնիսկ զուգահեռներ կան Ռաս–Շամրայի և աստվածաշնչային գրությունների միջև, ապա դրանք գրական բնույթի են, և ոչ թե հոգևոր։ «Էթիկական ու բարոյական վեհ արժեքները, որ կան Աստվածաշնչում, գոյություն չունեն ուգարիթական գրերում»,— նշում է հնագետ Սայրուս Գորդոնը։ Ինչ խոսք, տարբերությունները շատ ավելին են, քան նմանությունները։
Ուգարիթում կատարված հետազոտությունները, ըստ երևույթին, դեռ կօգնեն Աստվածաշունչ ուսումնասիրողներին հասկանալու, թե մշակութային, պատմական և կրոնական ինչպիսի միջավայրում են ապրել Աստվածաշունչը գրողները և ընդհանրապես հրեա ժողովուրդը։ Ռաս–Շամրայի արձանագրությունների հետագա ուսումնասիրությունները գուցե նաև լույս սփռեն հին եբրայերենի հասկացողության վրա։ Բայց որ ամենակարևորն է, Ուգարիթական գտածոները ցայտուն ձևով ընդգծում են այն հակադրությունը, որ գոյություն ուներ Բահաղի արատավոր պաշտամունքի և Եհովայի մաքուր երկրպագության միջև։
[ծանոթագրություններ]
a «Ծովի ժողովուրդներ» ասելով սովորաբար հասկացվում են Միջերկրական ծովի կղզիների և ափամերձ երկրների նավագնացները։ Հնարավոր է՝ փղշտացիներն էլ են եղել այդ ժողովուրդների մեջ, քանի որ Ամովս 9։7–ում հիշատակված Կափթորը, ամենայն հավանականությամբ, Կրետե կղզին է։
b Թեև կարծիքները տարբերվում են, ոմանք ասում են, որ Դագանի տաճարը Էլի տաճարն է։ Ֆրանսիացի Ռոլան դե Վոն (գիտնական և պրոֆեսոր Երուսաղեմի աստվածաշնչային ուսումնասիրությունների դպրոցում) այն կարծիքին է, թե Դագանը՝ Դատաւորաց 16։23 և Ա Թագաւորաց 5։1–5 խոսքերում հիշատակված Դագոնը, Էլի անձնական անունն է։ «Կրոնի հանրագիտարանում» (անգլ.) նշվում է, որ հավանաբար «Դագանը ինչ–որ առումով նմանեցվել կամ նույնացվել է [Էլի հետ]»։ Ռաս–Շամրայի ձեռագրերում Բահաղը կոչվում է Դագանի որդի, բայց թե ինչ իմաստ է կրում «որդի» բառն այստեղ, պարզ չէ։
[մեջբերում 25–րդ էջի վրա]
Ուգարիթական գտածոները օգնել են ավելի խորը հասկանալու Սուրբ Գրությունները
[քարտեզ/նկարներ 24–րդ և 25–րդ էջերի վրա]
Խեթական պետությունը մ.թ.ա. 14–րդ դարում
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ
Եփրատ
ԿԱՍԻՈՍ Լ. (ՋԵԲԵԼ ԷԼ ԱԿՐԱ)
Ուգարիթ
(Ռաս–Շամրա)
Թել Սուկաս
Որոնտես
ԱՍՈՐԻՔ
ԵԳԻՊՏՈՍ
[թույլտվությամբ]
Statuette of Baal and rhyton in the shape of an animal’s head: Musée du Louvre, Paris; painting of the royal palace: © D. Héron-Hugé pour “Le Monde de la Bible”
[նկար 25–րդ էջի վրա]
Պալատի մուտքի ավերակները
[նկար 26–րդ էջի վրա]
Ուգարիթյան առասպելական պոեմը կարող է լույս սփռել Ելից 23։19–ի վրա
[թույլտվությամբ]
Musée du Louvre, Paris
[նկարներ 27–րդ էջի վրա]
Բահաղի կոթողը
Ոսկե ափսե որսորդության տեսարանի պատկերով
Կոսմետիկայի փղոսկրյա տուփի կափարիչ՝ պտղաբերության աստվածուհու պատկերով
[թույլտվությամբ]
All pictures: Musée du Louvre, Paris