Եհովան բարության մեծագույն օրինակն է
«Օրհնեցէք Զօրաց Տիրոջը, որ բարի է Տէրը» (ԵՐԵՄԻԱ 33։11)։
1. Ինչո՞ւ ենք մղվում գովաբանելու Աստծուն իր բարության համար։
ԵՀՈՎԱ Աստծուն հատուկ է կատարյալ բարությունը։ «Ի՜նչ մեծ է նորա բարութիւնը»,— բացականչել է Զաքարիա մարգարեն (Զաքարիա 9։17)։ Եվ իրոք, Աստծո այդ հատկությունը արտացոլված է բոլոր այն գործերում, որ նա կատարել է, որպեսզի երկրի վրա մենք կարողանանք կյանքը վայելել (Ծննդոց 1։31)։ Մենք երբեք չենք կարողանա ըմբռնել այն բոլոր բարդ օրենքները, որոնք Աստված գործի է դրել տիեզերքն արարելիս (Ժողովող 3։11; 8։17)։ Բայց մեր ունեցած սահմանափակ գիտելիքներն արդեն իսկ մղում են մեզ գովաբանելու Աստծուն իր բարության համար։
2. Ի՞նչ է բարությունը։
2 Ի՞նչ է բարությունը։ Դա բարոյական բարձր արժեք է, առաքինություն։ Բարի լինելն ավելին է իր մեջ ընդգրկում, քան պարզապես չարությունից զերծ լինելը։ Բարությունը՝ ոգու պտղի բաղկացուցիչ մասերից մեկը, այնպիսի հատկություն է, որը մարդուն մղում է գործողության՝ ուրիշների համար բարի և օգտակար գործեր կատարելու (Գաղատացիս 5։22, 23)։ Սակայն, իրերի ներկա համակարգում ինչը որ բարի է համարվում մարդկանց մի շրջանում, մեկ ուրիշում կարող է համարվել չար կամ վատ։ Ակնհայտ է, որ խաղաղության ու երջանկության հասնելու համար պետք է գոյություն ունենա բարության մեկ չափանիշ։ Ո՞վ կարող է իրավացիորեն սահմանել այդ միակ չափանիշը։
3. Ի՞նչ են ցույց տալիս Ծննդոց 2։16, 17 խոսքերը բարության չափանիշի մասին։
3 Աստված է սահմանում բարության չափանիշը։ Մարդկային պատմության սկզբում Եհովան էր, որ պատվիրեց առաջին մարդուն. «Պարտէզի ամեն ծառիցը համարձակ կեր. բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։16, 17)։ Բարին ու չարը ճանաչելու համար մարդիկ պետք է դիմեն իրենց Արարչին։
Բարության դրսևորում, որին արժանի չէինք
4. Ադամի մեղք գործելուց հետո ի՞նչ է արել Աստված մարդկության համար։
4 Կատարյալ պայմաններում հավիտենական երջանկության հեռանկարը վտանգի ենթարկվեց, երբ Ադամը մեղք գործեց և մերժեց ընդունել բարու չափանիշը հաստատելու Աստծո իրավունքը (Ծննդոց 3։1–6)։ Նախքան ծնունդ կառներ Ադամի սերունդը, որը մեղք ու մահ էր ժառանգելու, Աստված մարգարեություն տվեց մի կատարյալ Սերնդի գալստյան մասին։ Դիմելով «առաջին օձին»՝ Բանսարկու Սատանային, Եհովան հայտարարեց. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Յայտնութիւն 12։9, ԱԹ; Ծննդոց 3։15)։ Եհովան նպատակ դրեց ազատել մեղավոր մարդկանց։ Նա միջոցներ ձեռնարկեց, որպեսզի բոլոր նրանք, ովքեր կհավատային իր սիրելի Որդու քավիչ զոհաբերությանը, փրկության հնարավորություն ստանային։ Դա բարության դրսևորում էր, որին ոչ ոք արժանի չէր (Մատթէոս 20։28; Հռովմայեցիս 5։8, 12)։
5. Թեև մեր սիրտը ի ծնե հակված է դեպի չարիքը, սակայն ինչպե՞ս կարող ենք բարություն դրսևորել։
5 Մեր սիրտը Ադամի մեղքի պատճառով ի ծնե հակված է դեպի չարիքը (Ծննդոց 8։21)։ Սակայն, հուրախություն մեզ, Եհովան օգնում է բարություն դրսևորել։ Նա մեզ սովորեցնում է իր թանկարժեք Սուրբ Գրությունների միջոցով, և եթե «հաստա՛տ մնա[նք] այն բանի մէջ, որ սովորեցի[նք]», դա կարող է ոչ միայն «իմաստուն դարձնել [մեզ] փրկութեան համար», այլ նաև ընդունակ՝ անելու այն, ինչ բարի է նրա աչքին (Բ Տիմոթէոս 3։14–17)։ Գրություններում տրվող հրահանգներից օգուտ քաղելու և բարի լինելու համար, սակայն, մենք պետք է ունենանք այնպիսի փափագ, որ ուներ սաղմոսերգուն, երբ գրեց. «Բարի ես դու [Եհովա], եւ բարի անող. սովորեցրու ինձ քո հրամանները» (Սաղմոս 119։68)։
Եհովայի բարությունը գովերգեցին
6. Ի՞նչ արտահայտություն էր բովանդակում ղևտացիների երգը, որ երգեցին ուխտի տապանակը Երուսաղեմ բերելուց հետո։
6 Հին Իսրայելի Դավիթ թագավորը լավատեղյակ էր Աստծո բարությանը և փնտրում էր Նրա առաջնորդությունը։ «Բարի եւ ուղիղ է Տէրը.— ասաց Դավիթը,— սորա համար մեղաւորներին սովորեցնում է ճանապարհը» (Սաղմոս 25։8)։ Կրթությունը, որ իսրայելացիները ստանում էին Աստծո կողմից, իր մեջ ընդգրկում էր տաս կարևոր օրենքներ՝ Տասը պատվիրանները, որոնք գրված էին երկու քարե տախտակների վրա և պահվում էին «ուխտի տապանակ» կոչվող սրբազան մի արկղում։ Երբ Դավիթը տապանակը բերել տվեց Իսրայելի մայրաքաղաք՝ Երուսաղեմ, ղևտացիները մի երգ երգեցին, որտեղ կար հետևյալ արտահայտությունը. «Գոհացէք Տէրիցը որ բարի է, որ նորա ողորմութիւնը յաւիտեան է» (Ա Մնացորդաց 16։34, 37–41)։ Որքա՜ն հաճելի պետք է լիներ լսել այս խոսքերը ղևտացի երգիչների շուրթերից։
7. Ի՞նչ տեղի ունեցավ տապանակը Սրբությունների Սրբությունում տեղադրելուց և Սողոմոնի նվիրման աղոթքից հետո։
7 Գովաբանության նույն խոսքերն ընդգծվեցին Դավիթի որդի Սողոմոնի՝ Եհովայի համար կառուցած տաճարի նվիրման ժամանակ։ Երբ ուխտի տապանակը տեղադրվեց նորակառույց տաճարի Սրբությունների Սրբությունում, ղևտացիները սկսեցին օրհնել Եհովային՝ ասելով. «Որովհետեւ բարի է, որովհետեւ նորա ողորմութիւնը յաւիտեան է»։ Այդ ժամանակ հրաշք եղավ. տաճարը լցվեց ամպով, որը խորհրդանշում էր Եհովայի փառահեղ ներկայությունը (Բ Մնացորդաց 5։13, 14)։ Սողոմոնի աղոթքից հետո «կրակն իջաւ երկնքից եւ սպառեց ողջակէզներն ու զոհերը»։ Տեսնելով պատահածը՝ «բոլոր Իսրայէլի որդիքը.... ընկան երեսի վերայ գետինը քարայատակի վերայ եւ երկրպագութիւն արին՝ Տիրոջը օրհնելով, թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է» (Բ Մնացորդաց 7։1–3)։ Տասնչորս տոնական օրերից հետո իսրայելացիները վերադարձան իրենց վրանները՝ «ուրախացած եւ զուարթ սրտով այն բարիքների համար, որ Տէրն արել էր Դաւիթին, Սողոմոնին եւ իր Իսրայէլ ժողովրդին» (Բ Մնացորդաց 7։10)։
8, 9. ա) Թեև իսրայելացիները գովերգեցին Եհովային իր բարության համար, սակայն հետագայում ինչպե՞ս իրենց դրսևորեցին։ բ) Ի՞նչ մարգարեություն տրվեց Երեմիայի միջոցով, և ինչպե՞ս այն կատարվեց։
8 Ցավոք, իսրայելացիները չշարունակեցին ապրել իրենց փառաբանության խոսքերին ներդաշնակ։ Ժամանակի ընթացքում Հուդայի երկրի բնակիչները սկսեցին միայն ‘շրթունքներով պատվել Եհովային’ (Եսայիա 29։13)։ Փոխանակ ապրելու Աստծո կողմից սահմանված բարու չափանիշներով՝ նրանք սկսեցին չարիք գործել։ Իսկ ինչո՞ւմ էր կայանում նրանց չարությունը։ Նրանք զբաղվում էին կռապաշտությամբ ու անառակությամբ, հարստահարում էին աղքատներին և ուրիշ ծանր մեղքեր գործում։ Այդ ամենի հետևանքը եղավ այն, որ մ.թ.ա. 607 թ.–ին Երուսաղեմն ավերվեց, իսկ նրանք գերի տարվեցին Բաբելոն։
9 Այսպիսով՝ Աստված պատժեց իր ժողովրդին։ Այնուամենայնիվ, Երեմիա մարգարեի միջոցով նա հայտնեց, որ Երուսաղեմում դարձյալ պիտի հնչի նրանց ձայնը, ովքեր պիտի ասեն. «Օրհնեցէք Զօրաց Տիրոջը, որ բարի է Տէրը, եւ յաւիտեան է նորա ողորմութիւնը» (Երեմիա 33։10, 11)։ Եվ այդպես էլ եղավ։ Երկրի ավերումից 70 տարի հետո՝ մ.թ.ա. 537 թ.–ին, հրեաների մի մնացորդ վերադարձավ Երուսաղեմ (Երեմիա 25։11; Դանիէլ 9։1, 2)։ Նրանք Մորիա լեռան վրա, որտեղ կառուցված էր եղել տաճարը, զոհասեղան կանգնեցրին և սկսեցին զոհեր մատուցել։ Իրենց վերադարձի երկրորդ տարում գցեցին տաճարի հիմքը։ Ի՜նչ հուզումնալից ժամանակներ էին։ «Երբոր ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմը դրին,— պատմում է Եզրասը,— այն ժամանակ կանգնեցրին քահանաներին զգեստաւորուած՝ փողերով, եւ Ղեւտացիներին՝ Ասափի որդկանցը ծնծղաներով Տիրոջն օրհնելու համար Իսրայէլի Դաւիթ թագաւորի կարգադրութեան համեմատ. Եւ փոփոխակի երգում էին Տիրոջը օրհնելով եւ գովելով թէ բարի է, թէ նորա ողորմութիւնը յաւիտեան է Իսրայէլի վերայ» (Եզրաս 3։1–11)։
10. Ի՞նչ նշանակալից արտահայտությամբ է սկսվում և ավարտվում 118–րդ սաղմոսը։
10 Եհովայի բարությունը գովերգող նմանատիպ արտահայտությունների ենք հանդիպում նաև մի շարք սաղմոսներում։ Դրանցից մեկը 118–րդ սաղմոսն է, որը իսրայելացիներն իրենց ընտանիքներով երգում էին Պասեքի արարողության վերջում։ Այդ սաղմոսը սկսվում և ավարտվում է միևնույն բառերով. «Գոհացէք Տէրիցը. որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը» (Սաղմոս 118։1, 29)։ Հավանաբար սրանք այն օրհներգի վերջին խոսքերն էին, որ Հիսուս Քրիստոսն իր հավատարիմ առաքյալների հետ երգեց իր մահվանը նախորդող գիշերը՝ մ.թ. 33–ին (Մատթէոս 26։30)։
«Աղաչում եմ՝ քո փառքը ցոյց տուր ինձ»
11, 12. Ի՞նչ հայտարարություն լսեց Մովսեսը, երբ տեսավ Աստծո փառքի մի նշույլ։
11 Առնչությունը Եհովայի բարության և ողորմության միջև առաջին անգամ հայտնի էր դարձել դեռևս Եզրասից դարեր առաջ։ Կարճ ժամանակ անց այն դեպքերից հետո, երբ անապատում իսրայելացիները ոսկե հորթ շինեցին ու նրան երկրպագեցին, ու երբ մեղավորները մահապատժի ենթարկվեցին, Մովսեսը դիմեց Եհովային հետևյալ խնդրանքով. «Աղաչում եմ՝ քո փառքը ցոյց տուր ինձ»։ Իմանալով, որ Մովսեսը չէր կարող տեսնել իր երեսը և ապրել՝ Եհովան ասաց. «Իմ բոլոր բարութիւնը քո առջեւից պիտի անցկացնեմ» (Ելից 33։13–20)։
12 Հաջորդ օրը Սինայ լեռան վրա Եհովան իր բարությունն անցկացրեց Մովսեսի առջևից։ Այդ ժամանակ Մովսեսը տեսավ Աստծո փառքի մի նշույլ և լսեց այս հայտարարությունը. «Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով, որ հազարների ողորմութիւն [է] անում, որ անօրէնութիւն, յանցանք եւ մեղք [է] ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ [չի] թողում. որ հայրերի անօրէնութիւնը հատուցանում [է] որդիների վերայ եւ որդոց որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը» (Ելից 34։6, 7)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Եհովայի բարությունը մեծապես կապված է նրա ողորմության և մյուս գծերի հետ։ Դրանց քննարկումը կօգնի մեզ բարություն դրսևորել։ Եկեք սկզբում քննենք այն հատկությունը, որը կրկնվում է Աստծո բարությունը ցույց տվող այս հրաշալի խոսքերում։
«Աստուած.... առատ ողորմութիւնով»
13. Ո՞ր հատկությունն է կրկնվում Աստծո բարության մասին արված հայտարարության մեջ, և ինչո՞ւ է դա տեղին։
13 «Եհովայ՝ Աստուած [է].... առատ ողորմութիւնով եւ.... հազարների ողորմութիւն [է] անում»։ «Ողորմություն» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է նաև «հավատարիմ սեր»։ Սա միակ հատկությունն է, որ Մովսեսին ասված խոսքերում կրկնվում է։ Եվ դա շատ տեղին է, քանի որ Եհովայի գլխավոր հատկությունը սերն է (Ա Յովհաննէս 4։8)։ Եհովային ուղղված փառաբանության հայտնի խոսքերը՝ «որ բարի է, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը», ընդգծում են նրա այս հատկությունը։
14. Ովքե՞ր են հատկապես վայելում Աստծո բարությունն ու ողորմությունը։
14 Եհովայի բարության բնորոշ կողմերից մեկը դրսևորվում է այն բանով, որ նա «առատ [է] ողորմութիւնով»։ Սա հատկապես ակնհայտ է դառնում իր հավատարիմ ծառաների հանդեպ ցուցաբերած քնքուշ հոգատարությամբ (Ա Պետրոս 5։6, 7)։ Ինչպես համոզվել են Եհովայի վկաները, նա ողորմում է նրանց, ովքեր սիրում ու ծառայում են իրեն (Ելից 20։6)։ Իսրայել ազգը դադարեց ճաշակել Եհովայի ողորմությունը՝ նրա հավատարիմ սերը, որովհետև մերժեց Նրա Որդուն։ Բայց Աստված իր բարությունն ընդմիշտ կդրսևորի բոլոր ազգերից ընտրված հավատարիմ քրիստոնյաների հանդեպ (Յովհաննէս 3։36)։
Եհովա՝ ողորմած ու գթած
15. ա) Ինչպե՞ս է սկսվում Սինայ լեռան վրա Մովսեսին ուղղված հայտարարությունը։ բ) Ինչո՞վ է որոշվում ողորմածությունը։
15 Հայտարարությունը, որը լսեց Մովսեսը Սինայ լեռան վրա, սկսվում էր հետևյալ արտահայտությամբ. «Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած»։ «Ողորմած» թարգմանված եբրայերեն բառը առնչվում է «որովայնի պարունակությանը» և սերտ կապված է «արգանդ» բառի հետ։ Ուրեմն՝ ողորմածությունը որոշվում է անհատի ներսից բխող կարեկցանքի խոր զգացումներով։ Այդպիսի ողորմածությունն ավելին է, քան անկեղծ խղճահարությունը։ Այն պետք է մղող ուժ հանդիսանա ինչ–որ բան անելու՝ ուրիշների տառապանքը թեթևացնելու համար։ Օրինակ՝ իրենց հավատակիցներին սիրող քրիստոնյա երեցները տեսնում են նրանց հանդեպ ողորմած լինելու անհրաժեշտությունը և հարկ եղած դեպքում ‘ողորմում են խնդությամբ’ (Հռովմայեցիս 12։8; Յակոբոս 2։13; Յուդա 22, 23)։
16. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Եհովան «գթած» է։
16 Աստծո բարությունը երևում է նաև իր գթասրտության մեջ։ Գթասիրտ անհատը հաշվի է առնում ուրիշների զգացմունքները և գութ է տածում՝ հատկապես իրենից թույլերի նկատմամբ։ Եհովայի վերաբերմունքը իր ծառաների հանդեպ գթասրտության հիանալի օրինակ է։ Նրա գթասրտության դրսևորումներից է այն փաստը, որ նա հրեշտակների միջոցով զորացրեց տարիքն առած Դանիել մարգարեին, կամ որ նախապես տեղեկացրեց կույս Մարիամին՝ Հիսուսին ծնունդ տալու նրա առանձնաշնորհման մասին (Դանիէլ 10։19; Ղուկաս 1։26–38)։ Լինելով նրա ժողովուրդը՝ մենք անչափ երախտապարտ ենք այն բանի համար, թե նա ինչ գթասրտությամբ է հաղորդակցվում մեզ հետ Աստվածաշնչի էջերի միջոցով։ Մենք փառաբանում ենք նրան իր բարության այս դրսևորման համար և ջանում գութ տածել ուրիշների հանդեպ։ Հավատակցին «հեզութեան ոգով» խրատելիս հոգևոր որակումներ ունեցողները ջանում են լինել մեղմ ու գթած (Գաղատացիս 6։1)։
Երկայնամիտ Աստված
17. Ինչո՞ւ ենք երախտապարտ Եհովային նրա «երկայնամիտ» լինելու համար։
17 «Աստուած.... երկայնամիտ»։ «Երկայնամիտ» բառը մեր ուշադրությունը հրավիրում է Եհովայի բարության մեկ այլ առանձնահատկության վրա։ Եհովան համբերությամբ հանդուրժում է մեր սխալները և ժամանակ է տալիս, որ հաղթահարենք մեր լուրջ թերություններն ու հոգևորապես առաջադիմենք (Եբրայեցիս 5։12–6։3; Յակոբոս 5։14, 15)։ Աստծո համբերատարության շնորհիվ այն անհատները, ովքեր դեռևս չեն երկրպագում նրան, ժամանակ ունեն արձագանքելու Թագավորության լուրին և ապաշխարելու (Հռովմայեցիս 2։4)։ Թեև Եհովան համբերում է, սակայն բարության թելադրանքով երբեմն արտահայտում է իր զայրույթը՝ ինչպես վարվեց, երբ իսրայելացիները Սինայ լեռան մոտ ոսկե հորթին երկրպագեցին։ Շուտով Աստծո զայրույթը կարտահայտվի ավելի մեծ մասշտաբով, երբ նա սկսի իրականացնել Սատանայի չար համակարգի կործանումը (Եզեկիէլ 38։19, 21–23)։
18. Ի՞նչ հակադրություն կա Եհովայի և մարդկային առաջնորդների միջև։
18 «Եհովայ՝ Աստուած.... առատ.... ճշմարտութիւնով»։ Ինչպիսի՜ մեծ տարբերություն՝ համեմատած մարդկային ղեկավարների հետ, որոնք մեծ խոստումներ են տալիս, բայց չեն իրագործում։ Այնինչ, Եհովայի երկրպագուները կարող են վստահ լինել, որ նա կիրագործի այն ամենը, ինչ որ ասում է իր ներշնչյալ Խոսքում։ Քանի որ Աստված առատ է ճշմարտությունով, կարող ենք միշտ հավատալ նրա խոստումներին։ Իր բարությամբ՝ մեր երկնային Հայրը հավատարմորեն պատասխանում է հոգևոր լույսի և ճշմարտության համար մեր խնդրանքներին և առատորեն այն տալիս է մեզ (Սաղմոս 43։3; 65։2)։
19. Ինչպե՞ս է Եհովան բարություն ցուցաբերում իրենց մեղքերը զղջացող անհատների հանդեպ։
19 «Եհովայ՝ Աստուած.... որ անօրէնութիւն, յանցանք եւ մեղք [է] ներում»։ Իր բարությամբ՝ Եհովան պատրաստ է ներում շնորհել իրենց մեղքերը զղջացող անհատներին։ Անչափ երախտապարտ ենք, որ մեր սիրելի երկնային Հայրը Հիսուսի զոհագործության միջոցով հնարավոր է դարձրել մեղքերի թողությունը (Ա Յովհաննէս 2։1, 2)։ Ուրախալի է, որ բոլոր նրանք, ովքեր հավատ են ընծայում փրկանքին, կարողանում են Եհովայի հետ առանձնահատուկ փոխհարաբերություններ ձեռք բերել՝ ինչպես նաև Նրա խոստացած նոր աշխարհում հավետ ապրելու հույսը։ Ինչպիսի՜ ծանրակշիռ հիմքեր՝ փառաբանելու Եհովային իր բարության համար (Բ Պետրոս 3։13)։
20. Ի՞նչ հիմք ունենք ասելու, որ Աստված չի հանդուրժում չարությունը։
20 «[Եհովան] յանցաւորին բնաւ անպարտ [չի] թողում»։ Սա էլ մեկ ուրիշ պատճառ՝ օրհնելու Եհովային իր բարության համար։ Ինչո՞ւ։ Որովհետև բարության կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն ոչ մի կերպ չի հանդուրժում չարությունը։ Ի դեպ, «երբ Տէր Յիսուս յայտնուի երկնքից՝ իր հրեշտակների զօրքով», վրեժ կլուծի «նրանցից, որոնք չեն ճանաչում Աստծուն եւ չեն հնազանդւում.... Աւետարանին»։ Այդպիսիների «պատիժը կլինի յաւիտենական կործանումը» (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–9)։ Եհովայի երկրպագուները, որ կվերապրեն այս կործանումը, այնժամ կկարողանան կյանքը լիովին վայելել։ Չի լինի անաստված, «անբարեսէր» մեկը, որ անհանգստություն պատճառի նրանց (Բ Տիմոթէոս 3։1–3)։
Ընդօրինակենք Եհովայի բարությունը
21. Ինչո՞ւ պետք է բարություն դրսևորենք։
21 Անկասկած, բազում պատճառներ ունենք փառաբանելու Եհովային և մեր երախտագիտությունը հայտնելու նրան իր բարության համար։ Մենք, որ նրա ծառաներն ենք, մի՞թե չենք անի ամեն հնարավոր բան՝ դրսևորելու իր այս հատկությունը։ Իհա՛րկե։ Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյա հավատակիցներին. «Նմանուեցէ՛ք Աստծուն, որպէս սիրելի զաւակներ» (Եփեսացիս 5։1)։ Մեր երկնային Հայրը կրկին ու կրկին բարություն է դրսևորում, այդպես պետք է անենք և մենք։
22. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
22 Եթե մեր անձը լիովին նվիրել ենք Եհովային, անշուշտ շատ ենք ցանկանում ընդօրինակել նրա բարությունը։ Բայց քանի որ մեղավոր Ադամի զավակներն ենք, մեզ համար հեշտ չէ բարին գործել։ Հաջորդ հոդվածում, սակայն, կտեսնենք, որ չնայած դրան՝ հնարավոր է բարություն դրսևորել։ Կքննարկենք նաև այն ոլորտները, որոնցում կարող ենք և պետք է նմանվենք Եհովային՝ բարության մեծագույն օրինակին։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ է բարությունը։
• Սուրբգրային ո՞ր խոսքերն են ընդգծում Աստծո բարությունը։
• Որո՞նք են Եհովայի բարությանը բնորոշ առանձնահատկությունները։
• Ինչո՞ւ պետք է ընդօրինակենք Եհովայի բարությունը։
[նկար 12–րդ էջի վրա]
Եհովան պատժեց իսրայել ժողովրդին, քանի որ նա չապրեց իր փառաբանության խոսքերին ներդաշնակ
[նկար 12–րդ էջի վրա]
Հավատարիմ մնացորդը վերադարձավ Երուսաղեմ
[նկար 13–րդ էջի վրա]
Մովսեսը Աստծո բարության մասին հրաշալի հայտարարություն լսեց
[նկար 15–րդ էջի վրա]
Թե ինչպես է Եհովան մեզ դիմում Աստվածաշնչի էջերի միջից, երևում է նրա բարությունը