Ճիշտ գնահատիր կյանքի պարգևը
«Քրիստոսի արիւնը.... ձեր խղճմտանքը կ’սրբէ այն մեռած գործերից որ կենդանի Աստուծուն պաշտէք» (Եբրայեցիս 9։14)։
1. Ի՞նչն է փաստում, որ մենք բարձր ենք գնահատում կյանքը։
ԵԹԵ քեզ խնդրեին գնահատել կյանքդ, ապա որքա՞ն կգնահատեիր։ Մենք բարձր ենք գնահատում կյանքը՝ մեր կյանքը և ուրիշների։ Դա է հաստատում այն, որ մենք գնում ենք բժշկի, երբ հիվանդանում ենք, կամ որ կանոնավորապես ստուգում ենք մեր առողջությունը։ Մենք ցանկանում ենք ապրել, առողջ լինել։ Նույնիսկ ծեր կամ տկար մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում մահանալ. նրանք ցանկանում են ապրել։
2, 3. ա) Առակաց 23։22–ը ի՞նչ պարտավորվածություն է շեշտում։ բ) Ի՞նչ կապ ունի Աստված այդ պարտավորվածության հետ։
2 Այն, թե որքանով ես գնահատում կյանքը, առնչություն ունի ուրիշների հետ քո ունեցած հարաբերությունների հետ։ Օրինակ՝ Աստծո Խոսքը պատվիրում է. «Լսիր քո ծնող հօրը, եւ մի անարգիր քո մօրը, երբոր պառաւ է» (Առակաց 23։22)։ «Լսել» բառը ավելին է նշանակում, քան պարզապես բառեր լսելը. ըստ այս առակի՝ դա նշանակում է լսել ու հնազանդվել (Ելից 15։26; Բ Օրինաց 7։12; 13։18; 15։5; Յեսու 22։2; Սաղմոս 81։13)։ Իսկ համաձայն Աստվածաշնչի՝ ի՞նչ հիմքեր կան լսելու։ Պատճառը լոկ այն չէ, որ քո հայրն ու մայրը քեզանից հասակով են կամ կյանքի ավելի մեծ փորձ ունեն։ Պատճառն այն է, որ նրանք ‘քեզ ծնել’ են։ Որոշ թարգմանություններում այս համարը թարգմանված է հետևյալ կերպ. «Լսիր քո հորը, որ քեզ կյանք է տվել»։ Հասկանալի է, որ եթե գնահատում ես կյանքդ, ապա պարտավորվածություն կզգաս քո կյանքի աղբյուրի հանդեպ։
3 Անշուշտ, եթե ճշմարիտ քրիստոնյա ես, ապա ընդունում ես Եհովային որպես քո կյանքի գլխավոր Աղբյուր։ Նրա շնորհիվ է, որ դու «ապրում» ես՝ կյանք ունես, «շարժվում» ես, այսինքն՝ գործում ես որպես բանական էակ և այժմ ‘կաս’՝ գոյություն ունես, ինչպես նաև կարող ես խորհրդածել կամ ապագայի պլաններ կազմել, այդ թվում նաև հավիտենական ապագայի (Գործք 17։28; Սաղմոս 36։9; Ժողովող 3։11)։ Առակաց 23։22–ի խոսքերին ներդաշնակ՝ ճիշտ կլինի, եթե մենք ‘լսենք’ Աստծուն ու հնազանդվենք նրան՝ փափագելով ըմբռնել նրա տեսակետը կյանքի վերաբերյալ ու վարվել այդ տեսակետին համապատասխան՝ նախապատվություն չտալով կյանքի վերաբերյալ զանազան կարծիքների։
Հարգիր կյանքը
4. Կյանքի հանդեպ հարգանք ցուցաբերելը ինչպե՞ս կարևոր խնդիր դարձավ մարդկության պատմության վաղ շրջանում։
4 Մարդկության պատմության արշալույսին Եհովան հստակ դարձրեց, որ մտադիր չէ մարդկանց թույլատրել իրենց ուզած ձևով վարվելու կյանքի հետ։ Կայենը, կատաղի նախանձով համակված, վերջ դրեց մի անմեղ կյանքի՝ իր եղբայր Աբելի կյանքին։ Կարծում ես, որ Կայենը իրավունք ունե՞ր նման որոշում կայացնելու կյանքի առնչությամբ։ Աստծո տեսանկյունից չէ՛ր կարող։ Նա Կայենից հաշիվ պահանջեց. «Ի՞նչ ես արել. քո եղբօր արիւնի ձայնը երկրիցը բողոքում է դէպի ինձ» (Ծննդոց 4։10)։ Ուշադրություն դարձրու, որ Աբելի արյունը, որ թափվել էր ‘երկրի’, այսինքն՝ հողի վրա, ներկայացնում էր նրա կյանքը, որին անխղճորեն վերջ էր դրվել, և այժմ այդ արյունը բողոքում էր դեպի Աստված, որպեսզի Նա վրեժխնդիր լիներ (Եբրայեցիս 12։24)։
5. ա) Աստված Նոյի օրերում ի՞նչը արգելեց, և ո՞ւմ էր դա վերաբերում։ բ) Ի՞նչ իմաստով էր այդ արգելքը կարևոր քայլ։
5 Ջրհեղեղից հետո մարդկությանը նոր սկիզբ դրվեց ընդամենը ութ փրկվածներով։ Բոլոր մարդկանց ուղղված իր խոսքում Աստված է՛լ ավելի հստակեցրեց իր վերաբերմունքը կյանքի ու արյան հանդեպ։ Նա ասաց, որ մարդիկ կարող են ուտել կենդանու միսը, բայց նաև սահմանափակում դրեց. «Ամեն շարժող կենդանի ձեզ համար կերակուր լինի. բանջարի խոտի պէս տուի ձեզ բոլորը։ Միայն միսը իր կեանքով այսինքն իր արիւնովը չուտէք» (Ծննդոց 9։3, 4)։ Որոշ հրեաներ մեկնաբանում են, թե այս համարից կարելի է եզրակացնել, որ մարդիկ չպետք է ուտեն կենդանու միսը կամ արյունը, քանի դեռ նա ողջ է։ Բայց ժամանակը պարզորոշ ցույց էր տալու, որ Աստված այդ խոսքերով արգելում էր կյանք պահպանելու նպատակով արյուն գործածելը։ Բացի այդ, Աստված, Նոյի միջոցով հրահանգ տալով, կարևոր քայլ կատարեց դեպի իր վեհ նպատակի իրագործումը, որը առնչություն ուներ արյան հետ։ Այդ նպատակը հնարավորություն կտար մարդկանց հավիտենական կյանք ստանալու։
6. Նոյի միջոցով ինչպե՞ս է Աստված շեշտել իր տեսակետը կյանքի արժեքավորության վերաբերյալ։
6 Աստված շարունակեց. «Ձեր արիւնն էլ ձեր կեանքի համար կ’պահանջեմ, ամեն կենդան[ի արարածի] ձեռքից կ’պահանջեմ, եւ մարդի ձեռքից՝ իր ընկերի ձեռքիցը մարդի կեանքը կ’պահանջեմ։ Ով որ մարդի արիւն թափէ, նորա արիւնը մարդով թափուի. որովհետեւ Աստուծոյ պատկերովն ստեղծեց մարդին» (Ծննդոց 9։5, 6)։ Ամբողջ մարդկությանն ուղղված այս հայտարարությունից կարող ես տեսնել, որ ըստ Աստծո՝ մարդու արյունը ներկայացնում է նրա կյանքը։ Արարիչը մարդուն տվել է կյանք, ու ոչ ոք իրավունք չունի նրան զրկել կյանքից, որը ներկայացվում է արյամբ։ Եթե որևէ մեկը Կայենի պես սպանություն է կատարում, ապա Արարիչը իրավունք ունի տվյալ անհատից ‘պահանջելու’ նրա կյանքը։
7. Ինչո՞ւ պետք է մեզ հետաքրքրի արյան վերաբերյալ Աստծո հայտարարությունը, որ նա արեց Նոյին։
7 Իր այդ հայտարարությամբ Աստված պատվիրեց մարդկանց չգործածել արյունը սխալ ձևով։ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու նա տվեց այդ պատվերը։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված Աստծո այդ տեսակետը արյան վերաբերյալ։ Ըստ էության, պատասխանը կապված է Աստվածաշնչի կարևորագույն ուսմունքներից մեկի հետ։ Այդ ուսմունքը քրիստոնեական պատգամի առանցքն է, թեև շատ եկեղեցիներ նախընտրում են անտեսել այդ հանգամանքը։ Ո՞րն է այդ ուսմունքը, և ինչպե՞ս են քո կյանքը, կայացրած որոշումները և գործերը առնչվում դրան։
Արյուն. ի՞նչ նպատակով կարելի է օգտագործել
8. Ըստ Եհովայի տված Օրենքի՝ ի՞նչ սահմանափակումներ էին դրվել արյան գործածության վրա։
8 Եհովան ավելի մանրամասնորեն անդրադարձավ կյանքին ու արյանը վերաբերող հարցերին, երբ Իսրայելին տվեց օրենքների ժողովածու։ Միաժամանակ նա մեկ քայլ ևս ձեռնարկեց իր նպատակի իրագործման ուղղությամբ։ Դու հավանաբար գիտես, որ ըստ Մովսիսական օրենքի՝ իսրայելացիները պետք է նվիրաբերություններ անեին Աստծուն, ինչպես՝ հաց, յուղ և գինի (Ղեւտացոց 2։1–4; 23։13; Թուոց 15։1–5)։ Նրանք նաև կենդանիների զոհաբերություններ էին անում։ Աստված այդ մասին ասաց. «Մարմնի հոգին արիւնումն է. եւ ես ձեզ տուի այն, որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք. որովհետեւ արիւնն է որ քաւութիւն է անում իրանում եղող հոգիովը։ Նորա համար Իսրայէլի որդիներին ասեցի. Ձեզանից ոչ մէկն արիւն չ’ուտէ»։ Եհովան նաև ավելացրեց, որ եթե որևէ մեկը, ինչպես օրինակ՝ որսորդը կամ հողագործը, կենդանի սպանի ուտելու համար, ապա նա պետք է կենդանու արյունը թափի ու ծածկի հողով։ Երկրագունդը Աստծո ‘ոտքերի պատվանդանն’ է, ու անհատը, արյունը թափելով գետնին, ընդունում է, որ կյանքը վերադարձվում է Կենսատուին (Ղեւտացոց 17։11–13; Եսայիա 66։1)։
9. Ո՞րն է արյան՝ Օրենքով նախատեսված միակ գործածությունը, և ո՞րն էր դրա նպատակը։
9 Այդ օրենքը պարզապես կրոնական ծես չէր, որը ոչ մի կարևորություն չունի մեզ համար։ Նկատեցի՞ր, թե ինչու իսրայելացիները չպետք է արյուն գործածեին։ Աստված ասաց. «Նորա համար Իսրայէլի որդիներին ասեցի. Ձեզանից ոչ մէկն արիւն չ’ուտէ»։ Ինչո՞ւ։ Եհովան ասում է. «Ես ձեզ տուի [արյունը], որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք»։ Տեսնո՞ւմ ես արդյոք, որ այս համարները լույս են սփռում այն հարցի վրա, թե ինչու Աստված Նոյին ասաց, որ մարդիկ չպետք է արյուն ուտեն։ Արարիչը որոշել է, որ արյունը պետք է վեհ նպատակի ծառայի՝ պահելով այն մի հատուկ օգտագործման համար, որի դեպքում բազմաթիվ կյանքեր կփրկվեն։ Արյունը առաջնակարգ դեր պետք է խաղար մեղքերի քավության հարցում։ Այնպես որ Աստված արյան միայն մեկ գործածություն էր թույլ տվել Օրենքի ներքո. այն իսրայելացիները, ովքեր ուզում էին Եհովայից ներում ստանալ, կարող էին զոհասեղանի վրա արյան միջոցով իրենց կյանքի համար քավություն անել։
10. Ինչո՞ւ կենդանիների արյունը չէր կարող լիակատար ներում բերել, սակայն ինչի՞ մասին էին հիշեցնում Օրենքի ներքո կատարվող զոհաբերությունները։
10 Այս գաղափարը չի հակասում քրիստոնեությանը։ Նկատի ունենալով Աստծո Օրենքի այս երեսակը՝ քրիստոնյա առաքյալ Պողոսը գրեց. «Համարեա թէ ամեն բան արիւնով է սրբվում օրէնքին համեմատ, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէ լինում» (Եբրայեցիս 9։22)։ Պողոսը պարզաբանեց, որ պահանջվող զոհաբերությունները իսրայելացիներին չէին դարձնում կատարյալ, անմեղ մարդիկ։ Նա գրեց. «Նորանցով [զոհաբերություններով] ամեն տարի մեղքերի յիշատակ էր լինում։ Վասնզի անկարելի է որ նոխազների եւ ցուլերի արիւնը մեղքեր վեր առնէ» (Եբրայեցիս 10։1–4)։ Այդուհանդերձ, նման զոհաբերությունները օգտակար էին։ Դրանք իսրայելացիներին հիշեցնում էին, որ նրանք մեղավոր են ու կարիք ունեն մի է՛լ ավելի մեծ բանի՝ լիակատար ներում ստանալու համար։ Բայց եթե կենդանիների կյանքը խորհրդանշող արյունը չէր կարող լիովին քավել մարդկանց մեղքերը, ապա կա՞ր ուրիշ որևէ արյուն, որ ի զորու կլիներ դա անելու։
Կենսատուն պարզաբանում է
11. Որտեղի՞ց գիտենք, որ կենդանական զոհերի արյունը մատնացույց էր անում ինչ–որ բանի։
11 Փաստորեն, Օրենքը մատնացույց էր անում մի բանի, որի միջոցով Աստծո կամքը շատ ավելի արդյունավետ կերպով կիրագործվեր։ Պողոսը հարցնում է. «Ինչո՞ւ համար է օրէնքը»։ Ապա պատասխանում է. «Օրէնքը աւելցաւ յանցանքը յայտնելու համար, (մինչեւ գայ այն սերունդը՝ որուն խոստացուեր էր,) միջնորդի մը [Մովսեսի] ձեռքով՝ հրեշտակներէ տրուած» (Գաղատացիս 3։19, ԱԱ)։ Պողոսը նաև գրեց. «Օրէնքը գալիք բարիքներուն շուքն է՛, ոչ թէ անոնց [«իրողութիւնների», ԷԹ] բուն կերպարանքը» (Եբրայեցիս 10։1, ԱԱ)։
12. Ինչպե՞ս է արյան առնչությամբ Աստծո ունեցած նպատակը գնալով ավելի հստակ դարձել։
12 Ի մի բերելով վերը նշված մտքերը՝ հիշենք, որ Նոյի օրերում Աստված թույլ տվեց, որ մարդիկ կենդանու միս ուտեն իրենց կյանքը պահպանելու համար, սակայն նրանք իրավունք չունեին արյուն ընդունելու։ Ժամանակի ընթացքում Աստված շեշտեց, որ «մարմնի հոգին արիւնումն է»։ Այո, նա ցանկացավ, որ արյունը խորհրդանշի կյանքը ու ասաց. «Ես ձեզ տուի [արյունը], որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք»։ Սակայն առջևում Աստծո նպատակի ևս մեկ չքնաղ բացահայտում էր սպասվում։ «Օրէնքը գալիք բարիքներուն շուքն [էր]»։ Իսկ ի՞նչ բարիքների։
13. Ինչո՞վ էր կարևոր Հիսուսի մահը։
13 ‘Իրողությունները’ կենտրոնանում էին Հիսուս Քրիստոսի մահվան վրա։ Դու գիտես, որ Հիսուսին տանջեցին ու ցցին գամեցին։ Նրան սպանեցին ինչպես մի հանցագործի։ Պողոսը գրեց. «Երբոր մենք դեռ տկար էինք՝ Քրիստոսը մեզ համար իր ժամանակումն [«որոշված ժամանակին», ԱՆԹ] ամբարիշտների տեղ [«համար», ԱԱ] մեռաւ։ ....Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռաւ» (Հռովմայեցիս 5։6, 8)։ Մահանալով հանուն մեզ՝ Քրիստոսը իր կյանքը տվեց որպես փրկանք մեր մեղքերը ծածկելու համար։ Հենց այդ փրկանքն է ընկած քրիստոնեական պատգամի հիմքում (Մատթէոս 20։28; Յովհաննէս 3։16; Ա Կորնթացիս 15։3; Ա Տիմոթէոս 2։6)։ Իսկ ի՞նչ կապ գոյություն ունի փրկանքի և արյան ու կյանքի միջև, և ինչպե՞ս է քո՛ կյանքը առնչվում դրան։
14, 15. ա) Որոշ թարգմանություններ Եփեսացիս 1։7–ում ինչպե՞ս են շեշտ դնում Հիսուսի մահվան վրա։ բ) Եփեսացիս 1։7–ի հետ կապված ի՞նչ փաստ գուցե աչքաթող արվի։
14 Որոշ եկեղեցիներ շեշտ են դնում Հիսուսի մահվան վրա, և այդ եկեղեցիների անդամները այսպիսի արտահայտություն են անում. «Հիսուսը մահացավ ինձ համար»։ Ուշադրություն դարձրու, թե Աստվածաշնչի որոշ թարգմանություններ ինչպես են թարգմանել Եփեսացիս 1։7–ը. «Նրանում ու նրա մահվան միջոցով ենք ազատագրվում, այսինքն՝ մեր հանցանքների հեռացումը» («The American Bible», Frank Scheil Ballentine, 1902)։ «Քրիստոսի մահով մենք ազատված ենք, և մեր մեղքերը ներված են» («Today’s English Version», 1966)։ «Քրիստոսում և Քրիստոսի միջոցով ու նրա կյանքի զոհաբերության միջոցով ենք մենք ազատագրվել, ազատագրում, որը նշանակում է մեղքերի թողություն» («The New Testament», William Barclay, 1969)։ «Քրիստոսի մահվան միջոցով է, որ մեր մեղքերը ներվում են, ու մենք ազատ ենք» («The Translator’s New Testament», 1973)։ Այս թարգմանությունները, ինչպես կարող ես նկատել, շեշտ են դնում Հիսուսի մահվան վրա։ Ոմանք գուցե ասեն. «Այո՛, իսկապես որ Հիսուսի մահը կարևոր է։ Ուրեմն ի՞նչն է թերի այդ թարգմանություններում»։
15 Իրողությունն այն է, որ եթե դու ձեռքիդ տակ ունենայիր միայն նման թարգմանություններ, ապա քո աչքից կվրիպեր մի շատ կարևոր մանրամասնություն, և դա կսահմանափակեր Աստվածաշնչի պատգամի վերաբերյալ քո հասկացողությունը։ Նման թարգմանությունները քողարկում են այն փաստը, որ հունարեն բնագրում Եփեսացիս 1։7–ում գրված է մի բառ, որը նշանակում է արյուն։ Ուստի շատ Աստվածաշնչեր, ինչպես ասենք՝ հայերեն «Արարատ» թարգմանությունը, հետևելով բնագրին, այդ համարը ավելի ճշգրիտ են թարգմանում. «Որով ունինք փրկութիւնը նորա արիւնովը՝ մեղքերի թողութիւնը իր շնորհքի մեծութեան չափովը»։
16. «Նորա արիւնովը» թարգմանված արտահայտությունը ի՞նչ պետք է մեր միտքը բերի։
16 «Նորա արիւնովը» թարգմանված արտահայտությունը խիստ կարևոր նշանակություն ունի ու պետք է մեր միտքը բերի արյան վերաբերյալ շատ բաներ։ Ավելին էր պահանջվում, քան ինչ–որ մեկի մահը, նույնիսկ կատարյալ մարդ Հիսուսի մահը։ Նա իրագործեց այն, ինչը նախանշված էր Օրենքում՝ մասնավորապես Քավության օրվա հետ կապված։ Այդ առանձնահատուկ օրը զոհաբերվում էին նախատեսված կենդանիներ։ Հետո քահանայապետը նրանց արյունից մի որոշ մաս վերցնում էր ու մտնում խորանի կամ տաճարի Սրբությունների Սրբություն բաժինը ու արյունը ներկայացնում Աստծուն, որն ասես անձամբ այնտեղ ներկա լիներ (Ելից 25։22; Ղեւտացոց 16։2–19)։
17. Ինչպե՞ս Հիսուսը իրագործեց այն, ինչը նախանշվում էր Քավության օրով։
17 Համաձայն Պողոսի բացատրության՝ Հիսուսը իրագործեց այն, ինչը որ Քավության օրն էր նախանշում։ Նախ՝ նա հիշատակեց, որ Իսրայելում քահանայապետը տարեկան մեկ անգամ մտնում էր Սրբությունների Սրբություն և արյուն մատուցում «իրան համար եւ ժողովրդի սխալմունքների համար» (Եբրայեցիս 9։6, 7)։ Գործելով այդ նախօրինակի համաձայն՝ Հիսուսը որպես ոգեղեն էակ հարություն առնելուց հետո գնաց բուն երկինք։ Որպես ոգի, որը չունի միս ու արյուն՝ նա կարող էր երևալ «Աստուծոյ երեսի առաջին»։ Ի՞նչ նա ներկայացրեց Աստծուն։ Դա ինչ–որ ֆիզիկական բան չէր։ Դա շատ կարևոր բան էր։ Պողոսը շարունակում է. «Քրիստոս որ եկաւ, ....քահանայապետը.... ոչ թէ նոխազների եւ զուարակների արիւնով, այլ բուն իր արիւնովը մէկ անգամ մտաւ այն սրբատեղին եւ յաւիտենական փրկութիւն գտաւ։ Որովհետեւ եթէ ցուլերի եւ նոխազների արիւնը.... սրբում էր պղծուածներին մարմնաւոր սրբութիւն ստանալու [«մարմնի մաքրութեան», ԱԱ] համար, էլ ո՞րքան աւելի Քրիստոսի արիւնը, որ յաւիտենական հոգով իր անձն անարատ պատարագ մատուցրեց Աստուծուն, ձեր խղճմտանքը կ’սրբէ այն մեռած գործերից որ կենդանի Աստուծուն պաշտէք»։ Այո՛, Հիսուսը իր արյան արժե՛քը ներկայացրեց Աստծուն (Եբրայեցիս 9։11–14, 24, 28; 10։11–14; Ա Պետրոս 3։18)։
18. Ինչո՞ւ պետք է այսօր քրիստոնյաների համար կարևոր լինի այն, թե ինչ է ասում Աստվածաշունչը արյան մասին։
18 Այս աստվածային ճշմարտությունը հնարավորություն է տալիս մեզ ըմբռնելու այն բոլոր սքանչելի երեսակները, որ Աստվածաշունչը ասում է արյան վերաբերյալ՝ այն թե ինչու է Աստված այդպես դիտում արյունը, ինչպիսին պետք է լինի մեր տեսակետը, և ինչու պետք է հարգենք այն սահմանափակումները, որ Աստված դրել է արյան գործածության առնչությամբ։ Քրիստոնեական Հունարեն Գրությունները կարդալով՝ դու կգտնես բազմաթիվ համարներ, որոնք վկայակոչումներ են անում Քրիստոսի արյանը (տե՛ս շրջանակը)։ Դրանք բավական հստակորեն վկայում են, որ յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է հավատ ընծայել ‘Հիսուսի արյանը’ (Հռովմայեցիս 3։25, ԱԱ)։ Մենք կարող ենք ներում ստանալ ու խաղաղություն ունենալ Աստծո հետ միայն Հիսուսի «թափած.... արիւնովը» (Կողոսացիս 1։20, ԱԱ)։ Անշուշտ, ասվածը ճշմարիտ է այն մարդկանց համար, որոնց հետ Հիսուսը հատուկ ուխտ կապեց, համաձայն որի՝ նրանք իշխելու են իր հետ երկնքում (Ղուկաս 22։20, 28–30; Ա Կորնթացիս 11։25; Եբրայեցիս 13։20)։ Դա ճշմարիտ է նաև ‘մեծ բազմության’ (ԱԱ) առնչությամբ, որը կվերապրի գալիք ‘մեծ նեղությունը’ ու կվայելի հավիտենական կյանքը երկրային դրախտում։ Այլաբանորեն ասած՝ նրանք ‘իրենց հանդերձները լվանում և սպիտակեցնում են Գառան արյունով’ (Յայտնութիւն 7։9, 14)։
19, 20. ա) Ինչո՞ւ է Աստված որոշել սահմաններ դնել արյան գործածության վրա, և ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը դրան։ բ) Ի՞նչը մեզ պետք է հետաքրքրի։
19 Միանշանակ է, որ արյունը հատուկ նշանակություն ունի Աստծո համար։ Այդպիսին պետք է լինի նաև մեր տեսակետը։ Արարիչը, որին հետաքրքրում է կյանքը, իրավունք ունի սահմանափակել մարդկանց գործողությունները արյան հետ։ Խորապես անհանգստանալով մեր իսկ կյանքով՝ նա որոշեց արյունը պահել մեկ հույժ կարևոր գործածության համար, միակ գործածության, որը հնարավոր է դարձնում հավիտենական կյանքը։ Այդ գործածությունը առնչվում էր Հիսուսի թանկարժեք արյանը։ Որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել, որ Եհովա Աստված քայլ է կատարել հանուն մեր բարօրության՝ օգտագործելով արյուն՝ Հիսուսի արյունը՝ կյանք փրկելու համար։ Եվ որքա՜ն երախտապարտ պետք է լինենք Հիսուսին, որ նա իր արյունը չխնայեց հանուն մեզ։ Այո՛, մենք կարող ենք հասկանալ Հովհաննես առաքյալի արտահայտած զգացումները. «Նորան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն, եւ մեզ թագաւորներ եւ քահանաներ արաւ Աստուծոյ եւ իր Հօր համար. նորան փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն» (Յայտնութիւն 1։5, 6)։
20 Մեր գերիմաստուն Աստվածը և Կենսատուն երկար ժամանակ արյան այս փրկարար դերը նկատի ուներ։ Հետևաբար մենք գուցե հարց տանք. «Ինչպե՞ս պետք է այս հանգամանքը ազդի մեր որոշումների ու գործերի վրա»։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ կարող ենք սովորել արյան վերաբերյալ Աստծո ունեցած տեսակետի մասին Աբելի ու Նոյի պատմություններից։
• Ի՞նչ սահմանափակումներ դրեց Աստված Օրենքում արյան գործածության կապակցությամբ և ինչո՞ւ։
• Ինչպե՞ս Հիսուսը իրագործեց այն, ինչ նախանշված էր Քավության օրով։
• Ինչպե՞ս կարող է Քրիստոսի արյունը փրկել մեր կյանքը։
[շրջանակ 18–րդ էջի վրա]
Ո՞ՒՄ ԱՐՅՈՒՆՆ Է ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿՈՒՄ
«Զգոյշ կացէք ձեր անձերին՝ եւ բոլոր հօտին, որի մէջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրաւ, որ արածեցնէք Աստուծոյ եկեղեցին, որ իր [Որդու] արիւնովն ստացաւ» (Գործք 20։28)։
«Ո՞րքան աւելի հիմա, որ արդարացանք նորա արիւնովը կ’փրկուինք նորանով բարկութիւնիցը» (Հռովմայեցիս 5։9)։
«Յոյս չ’ունէիք. եւ անաստուած էիք աշխարհքումս։ Բայց հիմա Յիսուս Քրիստոսի ձեռովը դուք՝ որ ժամանակով հեռաւոր էիք, մօտաւոր եղաք Քրիստոսի արիւնովը» (Եփեսացիս 2։12, 13)։
«Աստուած հաճեց, որ նորանում.... բոլոր լիութիւնը բնակուի։ Եւ նորանով ամենը հաշտեցնէ իրան հետ, խաղաղութիւն անելով նորա ձեռովը նորա խաչի արիւնովը» (Կողոսացիս 1։19, 20)։
«Արդ, եղբարք.... համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու Յիսուսի արիւնովը» (Եբրայեցիս 10։19)։
«Ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք ձեր հայրենաւանդ ունայն վարմունքիցը. այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի» (Ա Պետրոս 1։18, 19)։
«Եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Յովհաննէս 1։7)։
«Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու, որովհետեւ մորթուեցար, եւ քո արիւնովը մեզ գնեցիր Աստուծոյ համար ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից» (Յայտնութիւն 5։9)։
«Վայր գցուեցաւ մեր եղբայրների չարախօսը.... եւ նորանք յաղթեցին նորան՝ Գառի արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը» (Յայտնութիւն 12։10, 11)։
[նկար 16–րդ էջի վրա]
Օրենքի միջոցով Աստված հստակ դարձրեց, որ արյունը առնչություն ունի մեղքերի թողություն ստանալու հետ
[նկար 17–րդ էջի վրա]
Հիսուսի արյան միջոցով բազմաթիվ կյանքեր կարող են փրկվել