«Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը»
«Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը» (ՍԱՂՄՈՍ 119։97)։
1, 2. ա) Ի՞նչ փորձության մեջ էր 119–րդ սաղմոսը գրողը։ բ) Ինչպե՞ս նա արձագանքեց, և ինչո՞ւ։
ՀԱՐՅՈՒՐՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ սաղմոսը գրողը ծանր փորձության մեջ էր։ Հանդուգն թշնամիները, որոնք արհամարհում էին Աստծու օրենքները, նրան ծաղրում և զրպարտում էին։ Իշխանները դավեր էին նյութում նրա դեմ և հալածում էին նրան։ Աստծու այդ ծառային շրջապատել էին չար մարդիկ. նույնիսկ նրա կյանքն էր վտանգի տակ։ Այդ ամենը վշտացրել էր սաղմոսերգուին և խլել նրա քունը (Սաղմոս 119։9, 23, 28 ՆԱ, 51, 61, 69, 85, 87, 161)։ Չնայած դժվարություններին՝ նա ասաց. «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղմոս 119։97)։
2 Գուցե հարց առաջանա. «Աստծու օրենքներն ինչպե՞ս էին հանգստացնում և մխիթարում սաղմոսերգուին»։ Նա համոզված էր, որ Եհովան հետաքրքրված է իրենով, և դա զորացնում էր իրեն։ Սաղմոսերգուն իր փորձից գիտեր, որ այդ օրենքներն օգտակար են, ուստի երջանիկ էր, չնայած հակառակորդները նրա առջև դժվարություններ էին ստեղծում։ Նա գիտեր, որ Եհովան միշտ իր հանդեպ բարի է եղել։ Աստծու օրենքները սաղմոսերգուին իր թշնամիներից ավելի իմաստուն էին դարձրել և նույնիսկ պահպանել էին նրա կյանքը։ Նրա սրտում խաղաղություն էր տիրում, և նրա խիղճը մաքուր էր (Սաղմոս 119։1, 9, 65, 93, 98, 165)։
3. Մեր օրերում ինչո՞ւ է քրիստոնյաների համար դժվար ապրել Աստվածաշնչի չափանիշներով։
3 Աստծու ծառաներից ոմանք այսօր նույնպես հավատի ծանր փորձություններ են կրում։ Իհարկե, գուցե մեր կյանքին վտանգ չսպառնա, ինչպես սաղմոսերգուին։ Այդուհանդերձ, մենք ապրում ենք ‘չար ժամանակներում’։ Շատերը, որոնց հետ ամեն օր առնչվում ենք, չեն սիրում հոգևոր արժեքները. նրանց նպատակները արտացոլում են եսասիրություն և նյութապաշտություն, իսկ մտածելակերպը՝ ամբարտավանություն և անպատկառություն (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Երիտասարդ քրիստոնյաների բարոյական մաքրությունը անընդհատ փորձության է ենթարկվում։ Այդպիսի միջավայրում գուցե դժվար լինի պահպանել մեր սերը Եհովայի և ճիշտն անելու հանդեպ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել։
4. Ինչպե՞ս սաղմոսերգուն արտահայտեց իր գնահատանքը Աստծու օրենքների համար, և պե՞տք է արդյոք քրիստոնյաները նրա պես վարվեն։
4 Կար մի բան, որը սաղմոսերգուին օգնում էր դիմանալ ճնշումներին. նա ժամանակ էր տրամադրում Աստծու օրենքներն ուսումնասիրելուն և դրանց շուրջ երախտագիտությամբ խորհրդածելուն։ Դա նպաստեց, որ նրա մեջ սեր զարգանա այդ օրենքների հանդեպ։ Եվ իսկապես, 119–րդ սաղմոսի գրեթե բոլոր համարները հիշատակում են Եհովայի օրենքների որևէ երեսակ։a Այսօր քրիստոնյաները ենթակա չեն Մովսիսական օրենքին, որ Աստված տվել էր վաղեմի Իսրայել ազգին (Կողոսացիս 2։14)։ Այնուհանդերձ, Օրենքում պարունակվող սկզբունքները մինչև օրս արժեքավոր են։ Հնում դրանք մխիթարել էին սաղմոսերգուին և այսօր էլ կարող են մխիթարել Աստծու ծառաներին, որոնք պայքարում են կյանքի դժվարությունների դեմ։
5. Մովսիսական օրենքի ո՞ր երեսակներն ենք քննարկելու։
5 Եկեք տեսնենք, թե ինչ քաջալերանք կարող ենք ստանալ Մովսիսական օրենքի ընդամենը երեք երեսակից՝ Շաբաթի մասին օրենքից, բերքի մնացորդներ թողնելու օրենքից և ագահ չլինելու մասին պատվիրանից։ Այդ օրենքներից յուրաքանչյուրի քննարկման ժամանակ մենք կհամոզվենք, որ դրանց հիմքում ընկած սկզբունքներն ըմբռնելը շատ կարևոր է, եթե ուզում ենք դիմագրավել մերօրյա դժվարությունները։
Բավարարենք մեր հոգևոր կարիքները
6. Որո՞նք են բոլոր մարդկանց ամենաանհրաժեշտ կարիքները։
6 Մարդիկ ստեղծված են որոշակի կարիքներով։ Օրինակ՝ սնունդը, խմելիքը և կացարանը խիստ անհրաժեշտ են, որպեսզի անհատը լավ առողջություն ունենա։ Սակայն մարդը պետք է բավարարի նաև իր «հոգևոր կարիքները»։ Նա չի կարող իսկապես երջանիկ լինել, եթե անտեսի իր այդ կարիքը (Մատթէոս 5։3, ՆԱ)։ Եհովան դա այնքան կարևոր էր համարում, որ իր ժողովրդին պատվիրեց ամեն շաբաթ մեկ ամբողջ օրով ընդհատել առօրյա գործերը և զբաղվել հոգևոր բաներով։
7, 8. ա) Ինչպե՞ս Աստված տարբերություն դրեց Շաբաթի ու մնացած օրերի միջև։ բ) Ի՞նչ նպատակի էր ծառայում Շաբաթը։
7 Շաբաթի մասին օրենքը շեշտում էր հոգևորի հանդեպ փափագ ունենալու կարևորությունը։ Աստվածաշնչում «շաբաթ» բառն առաջին անգամ հանդիպում է մանանայի հետ կապված, որ Աստված տվեց իսրայելացիներին անապատում։ Նրանց ասվեց, որ վեց օր հավաքեին հրաշքով տրված այդ հացը։ Վեցերորդ օրը պետք է «երկու օրուայ հաց» հավաքեին, որովհետև յոթերորդ օրը մանանա չէր տրվելու։ Յոթերորդ օրը լինելու էր ‘սուրբ շաբաթ Եհովայի համար’, որի ընթացքում ամեն մեկը պետք է իր տեղում նստեր (Ելից 16։13–30)։ Տասը պատվիրաններից մեկն ասում էր, որ Շաբաթ օրը ոչ մի աշխատանք չպիտի արվեր։ Այդ օրը սուրբ էր։ Շաբաթը չպահելու համար մահապատիժ էր սահմանված (Ելից 20։8–11; Թուոց 15։32–36)։
8 Շաբաթի մասին օրենքում արտացոլված էր Եհովայի անհանգստությունն իր ժողովրդի ֆիզիկական և հոգևոր առողջության համար։ «Շաբաթը մարդի համար եղաւ»,— ասաց Հիսուսը (Մարկոս 2։27)։ Իսրայելացիներին այն հնարավորություն էր տալիս ոչ միայն հանգստանալու, այլև մոտենալու և սիրելու իրենց Արարչին (Բ Օրինաց 5։12)։ Այդ օրը նվիրված էր բացառապես հոգևոր գործունեությանը՝ ընտանիքով երկրպագելուն, աղոթելուն և Աստծու Օրենքի շուրջ խորհրդածելուն։ Շաբաթի մասին օրենքը իսրայելացիներին պաշտպանում էր, այնպես, որ նրանք իրենց ամբողջ ժամանակն ու էներգիան չտրամադրեին նյութական բաներին։ Շաբաթը հիշեցնում էր, որ կյանքում ամենակարևորը Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններն են։ Հիսուսը կրկնեց այդ անփոփոխ սկզբունքը, երբ ասաց. «Գրուած է՝ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը» (Մատթէոս 4։4)։
9. Ի՞նչ դասեր է պարունակում Շաբաթի մասին օրենքը քրիստոնյաների համար։
9 Աստծու ժողովրդից այլևս չի պահանջվում պահել բառացի 24–ժամյա հանգստության Շաբաթ։ Այդուհանդերձ, Շաբաթի մասին օրենքն ավելին է, քան պարզապես պատմական հետաքրքրություն ներկայացնող մի բան (Կողոսացիս 2։16)։ Մի՞թե այդ օրենքը մեզ չի հիշեցնում, որ մենք նույնպես պետք է հոգևոր գործերին առաջնահերթություն տանք։ Նյութական բաները կամ զվարճությունները չպետք է ստվեր գցեն հոգևոր գործերի վրա (Եբրայեցիս 4։9, 10)։ Ուստի կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ի՞նչն է ամենակարևորը իմ կյանքում։ Տալի՞ս եմ առաջնահերթություն ուսումնասիրությանը, աղոթքին, քրիստոնեական հանդիպումներ հաճախելուն և Թագավորության բարի լուրը քարոզելուն։ Թե՞ կան ուրիշ հետաքրքրություններ, որոնք դուրս են մղում այդ ամենը»։ Եթե հոգևորը մեր կյանքում դնենք առաջին տեղում, ապա մենք, ինչպես Եհովան է հավաստիացնում, միշտ էլ կունենանք ամենաանհրաժեշտ բաները (Մատթէոս 6։24–33)։
10. Ի՞նչ օգուտներ կարող ենք ստանալ, եթե ժամանակ հատկացնենք հոգևորին։
10 Ժամանակ տրամադրելով Աստվածաշունչը և նրա վրա հիմնված գրականությունը ուսումնասիրելուն, ինչպես նաև նրանցում պարփակված մտքերի շուրջ հանգամանորեն խորհրդածելուն՝ մենք ավելի կմոտենանք Եհովային (Յակոբոս 4։8)։ Սյուզանը, որ մոտ 40 տարի առաջ սկսեց կանոնավորաբար ժամանակ հատկացնել Աստվածաշնչի ուսումնասիրությանը, խոստովանում է, որ սկզբում հետաքրքիր չէր։ Ուսումնասիրությունը ծանր բեռի պես էր։ Բայց որքան շատ էր կարդում, այնքան ավելի էր հաճույք ստանում։ Այժմ Սյուզանը կարոտո՛ւմ է իր անձնական ուսումնասիրությունը, եթե ինչ–որ պատճառով չի կարողանում դա անել։ «Ուսումնասիրությունն օգնել է ինձ Եհովային ճանաչել որպես Հոր,— ասում է նա։— Ես կարող եմ վստահել նրան, ապավինել, ազատորեն աղոթել։ Խոսքեր չեմ գտնում՝ նկարագրելու իմ զգացմունքները, երբ տեսնում եմ, թե ինչքան շատ է Եհովան սիրում իր ծառաներին, ինչպես է հոգ տանում անձամբ ինձ և ինչ լավ գործեր է արել ինձ համար»։ Մենք նույնպես կարող ենք մեծ ուրախություն ստանալ՝ կանոնավորաբար բավարարելով մեր հոգևոր կարիքները։
Աստծու օրենքը մնացորդներ թողնելու մասին
11. Ինչպե՞ս էր գործում բերքի մնացորդներ թողնելու օրենքը։
11 Մովսիսական օրենքի երկրորդ երեսակը, որ արտահայտում էր Եհովայի հետաքրքրվածությունը իր ժողովրդի բարօրությամբ, վերաբերում էր բերքի մնացորդներ հավաքելու իրավունքին։ Եհովան պատվիրել էր, որ իսրայելացի հողագործը, երբ իր դաշտի բերքը հավաքելու լիներ, թույլ տար կարիքավոր անձանց հավաքել բերքի մնացորդները։ Նա արտի եզերքը չպետք է մինչև վերջ հնձեր, ոչ էլ հավաքեր խաղողի և ձիթենու մնացորդը։ Հողագործը չպետք է վերադառնար դաշտում պատահաբար թողնված հացահատիկի խրձի ետևից։ Սա Աստծու կողմից հոգատարության դրսևորում էր աղքատների, պանդուխտների, որբերի և այրիների նկատմամբ։ Իհարկե, բերքի մնացորդներ հավաքելը հեշտ չէր, բայց դա հնարավորություն էր տալիս նրանց մուրացկանություն չանել (Ղեւտացոց 19։9, 10; Բ Օրինաց 24։19–22; Սաղմոս 37։25)։
12. Մնացորդներ թողնելու օրենքն ի՞նչ հնարավորություն էր տալիս իսրայելացի հողագործներին։
12 Այդ օրենքը կոնկրետ չէր նշում, թե հողագործը որքան բերք պետք է թողներ կարիքավորներին։ Նրա հայեցողությանն էր թողնված, թե արտի չհնձված եզերքը ինչ լայնություն կունենար։ Այս օրենքը առատաձեռնություն էր սովորեցնում։ Դա նաև հնարավորություն էր ընձեռում իսրայելացի հողագործներին իրենց երախտագիտությունը դրսևորելու բերքը Տվողի հանդեպ, որովհետև ‘աղքատին ողորմողը նրա Արարչին է պատվում’ (Առակաց 14։31)։ Բոոսը այդպես էր վարվում։ Նա ողորմածաբար այրի Հռութին հնարավորություն տվեց իր դաշտերում առատ հասկաքաղ անել։ Եհովան մեծապես օրհնեց Բոոսին նրա առատաձեռնության համար (Հռութ 2։15, 16; 4։21; Առակաց 19։17)։
13. Ի՞նչ ենք սովորում մնացորդներ թողնելու օրենքից։
13 Մնացորդներ թողնելու օրենքի ետևում ընկած սկզբունքը չի փոխվել։ Եհովան իր ծառաներից ակնկալում է, որ առատաձեռն լինեն, հատկապես կարիքավորների հանդեպ։ Որքան ավելի առատաձեռն լինենք, այնքան ավելի շատ կօրհնվենք։ Հիսուսն ասաց. «Տուէք եւ կ’տրուի ձեզ. լաւ չափով՝ թափ տրուած շարժուած լիփ լիքը կ’տան ձեր գոգը. որովհետեւ այն չափովը որ չափէք, նորանով կը չափուի ձեզ» (Ղուկաս 6։38)։
14, 15. Ինչպե՞ս կարող ենք առատաձեռնություն ցուցաբերել, և ի՞նչ օգուտներ է այն բերում թե՛ մեզ, թե՛ նրանց, ում օգնում ենք։
14 Պողոս առաքյալը մեզ հորդորում է, որ «բարի գործենք ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին» (Գաղատացիս 6։10)։ Ուստի, եթե մեր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը հավատի փորձություն են կրում, մենք, անշուշտ, պետք է մտահոգված լինենք նրանց հոգևոր աջակցություն ցույց տալու հարցով։ Բայց թերևս նրանք նաև գործնական օգնության կարիք ունենան, օրինակ՝ Թագավորության սրահ գալու կամ գնումներ կատարելու։ Իսկ ժողովում կա՞ն տարեցներ, հիվանդներ կամ անհատներ, որ տնից դուրս գալ չեն կարող, որոնք ուրախ կլինեին, եթե մեկն այցելեր իրենց կամ օգնության ձեռք մեկներ։ Եթե ուշադիր լինենք նրանց կարիքների հանդեպ, ապա Եհովան կկարողանա մեր միջոցով պատասխանել կարիքավոր հավատակցի աղոթքին։ Ճիշտ է, կարիքավորներին հոգ տանելը քրիստոնեական պարտականություն է, բայց դա օգտակար է նաև աջակցություն ցույց տվողի համար. հավատակիցների հանդեպ անկեղծ սեր ցուցաբերելը, ինչը շատ հաճելի է Եհովային, մեծ ուրախություն և խոր բավարարվածություն է պատճառում (Առակաց 15։29)։
15 Քրիստոնյաները իրենց հոգատարությունը դրսևորում են նաև մեկ այլ ձևով։ Նրանք ժամանակ ու եռանդ չեն խնայում, որպեսզի Աստծու նպատակների մասին խոսեն մարդկանց հետ (Մատթէոս 28։19, 20)։ Յուրաքանչյուր ոք, ով ուրախություն է ապրել, երբ ինչ–որ մեկին օգնել է կյանքը նվիրել Եհովային, զգացել է Հիսուսի խոսքերի ճշմարտացիությունը. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։
Զգուշանանք ագահությունից
16, 17. Ի՞նչ էր արգելում տասներորդ պատվիրանը, և ինչո՞ւ։
16 Աստծու Օրենքի երրորդ երեսակը, որ ցանկանում ենք քննարկել, տասներորդ պատվիրանն է։ Այդ պատվիրանը արգելում էր ագահությունը։ Կարդում ենք. «Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին» (Ելից 20։17)։ Ոչ մի մարդ չի կարող հետևել՝ այս պատվիրանը կատարվում է, թե ոչ, քանի որ ոչ ոք չի կարող կարդալ սրտերը։ Այս պատվիրանը Աստծու օրենքը մարդկանց օրենքներից ավելի բարձր էր դարձնում։ Յուրաքանչյուր իսրայելացի գիտակցում էր, որ ինքը ուղղակիորեն հաշվետու է Եհովային, որը կարող է տեսնել մարդու սրտի հակումները (Ա Թագաւորաց 16։7)։ Ավելին, այս պատվիրանը մատնացույց է անում բազմաթիվ անօրեն ցանկությունների բուն պատճառը (Յակոբոս 1։14)։
17 Ագահության դեմ Աստծու օրենքը իսրայելացիներին քաջալերում էր խուսափել նյութապաշտությունից, ընչաքաղցությունից և կյանքի պայմանների պատճառով փնթփնթալուց։ Բացի այդ, այն պաշտպանում էր գողություն կամ անբարոյություն գործելու գայթակղությունից։ Այսօր կան մարդիկ, որոնք հարուստ են կամ զանազան հաջողությունների են հասնում, և մենք գուցե ուզենայինք նրանց պես լինել։ Եթե չհսկենք մեր միտքը, ապա մեզ դժբախտ կզգանք ու կսկսենք նախանձել։ Աստվածաշունչը ագահությունն անվանում է «անարգ մտքի», այսինքն՝ ստոր մտավիճակի դրսևորում։ Մեզ համար շատ ավելի լավ կլինի, եթե ագահություն չդրսևորենք (Հռովմայեցիս 1։28–30)։
18. Ի՞նչ ոգի է տիրում աշխարհում այսօր, և ի՞նչ բացասական հետևանքներ է թողնում այն։
18 Աշխարհում տիրող ներկայիս ոգին նյութապաշտություն և մրցակցություն է խրախուսում։ Գովազդի միջոցով առևտրական համակարգը մարդկանց մեջ արթնացնում է ցանկություն ձեռք բերելու նոր ապրանքներ և ներշնչում է այնպիսի միտք, թե մենք երջանիկ չենք լինի՝ առանց այդ ապրանքների։ Դա հենց այն ոգին է, որը դատապարտվում էր Եհովայի Օրենքի կողմից։ Այդ ոգին նաև մեր մեջ առաջացնում է ամեն գնով հաջողության հասնելու և հարստություն կուտակելու ցանկություն։ Պողոս առաքյալը զգուշացրեց. «Նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ։ Որովհետեւ արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է. որին մի քանիսը անձնատուր լինելով հաւատքիցը մոլորուեցան, եւ իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին» (Ա Տիմոթէոս 6։9, 10)։
19, 20. ա) Եհովայի օրենքը սիրողի համար ինչե՞րն են իսկապես արժեքավոր։ բ) Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։
19 Աստծու օրենքը սիրողները գիտակցում են նյութապաշտության վտանգները և զգուշանում են դրանից։ Սաղմոսերգուն Եհովային այսպես աղոթեց. «Խոնարհեցրու իմ սիրտը դէպի քո վկայութիւնները [«հիշեցումները», ՆԱ], եւ ոչ թէ դէպի ագահութիւնը։ Բարի է ինձ համար քո բերանի օրէնքը, աւելի քան թէ հազարաւոր ոսկի ու արծաթ» (Սաղմոս 119։36, 72)։ Այս խոսքերի ճշմարտացիության մեջ համոզված լինելը կօգնի մեզ պահպանել մեր հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է՝ խուսափելու համար այնպիսի ծուղակներից, ինչպիսիք են՝ նյութապաշտությունը, ագահությունը և կյանքից դժգոհելը։ Մեզ համար մեծագույն ձեռքբերում է Աստծու հանդեպ նվիրվածությունը և ոչ թե նյութական բաներ կուտակելը (Ա Տիմոթէոս 6։6, ՆԱ)։
20 Մովսիսական օրենքի հիմքում ընկած սկզբունքները մեր այս դժվարին ժամանակներում նույնքան արժեքավոր են, որքան հնում։ Ինչքան շատ կիրառենք այդ սկզբունքները, այնքան ավելի շատ կգնահատենք ու կսիրենք դրանք և ավելի երջանիկ կլինենք։ Օրենքը շատ արժեքավոր դասեր է պարունակում, և դրանց արժեքը երևում է աստվածաշնչյան կերպարների կյանքից ու նրանց հետ պատահած դեպքերից։ Այդ դասերից մի քանիսը կքննարկենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություն]
a Այս սաղմոսի 176 համարները, բացի 4–ից, հիշատակում են Եհովայի պատվիրանները, դատաստանները, օրենքը, կանոնները, ճանապարհները, հրամանները, խոսքերը և վկայությունները, կամ՝ հիշեցումները։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչո՞ւ էր 119–րդ սաղմոսը գրողը սիրում Եհովայի օրենքները։
• Ի՞նչ կարող են քրիստոնյաները սովորել Շաբաթի մասին օրենքից։
• Մնացորդներ թողնելու մասին օրենքն ի՞նչ արժեք ունի։
• Ինչպե՞ս է ագահության դեմ պատվիրանը պաշտպանում մեզ։
[նկար 21-րդ էջի վրա]
Շաբաթի մասին օրենքը ի՞նչ էր շեշտում
[նկար 23-րդ էջի վրա]
Բերքի մնացորդներ թողնելու օրենքը ի՞նչ է սովորեցնում մեզ