Աստվածաշնչի գիրք համար 4. Թվեր
Գրողը՝ Մովսես
Գրվելու վայրը՝ անապատ և Մովաբի հարթավայրեր
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 1473թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 1512–1473թթ.
1. Ինչո՞ւ է գրվել «Թվեր» գիրքը, և ի՞նչ է այն շեշտում։
ԱՅՆ դեպքերը, որ տեղի ունեցան իսրայելացիների հետ անապատում, գրի են առնվել մեզ համարa։ Ինչպես Պողոս առաքյալն ասաց, «այս ամենը մեզ համար օրինակ եղավ, որպեսզի վնասակար բաներ չցանկանանք» (1 Կորնթ. 10։6)։ «Թվեր» գիրքը, որը գրվել է կենդանի ու վառ լեզվով, շեշտում է այն միտքը, որ մեր փրկությունը կախված է Եհովայի անունը սրբացնելուց, լիակատար հնազանդությունից ու նրա ներկայացուցիչների հանդեպ հարգանք դրսևորելուց։ Աստծու հաճությունը չենք կարող ստանալ պարզապես բարի գործեր անելով. դա նրա ողորմության և անզուգական բարության մեծ դրսևորումն է մեր հանդեպ։
2. Ինչո՞ւ է գիրքը կոչվում «Թվեր», սակայն հրեաները ի՞նչ հարմար անուն են տվել գրքին։
2 Գրքի անվանումը կապ ունի ժողովրդի հաշվառման հետ՝ սկզբում Սինա լեռան մոտ, հետո Մովաբի հարթավայրերում, ինչպես որ արձանագրված է 1–4-րդ և 26-րդ գլուխներում։ Այս անունը սկիզբ է առել հունարեն «Յոթանասնից» թարգմանությունից, որում գիրքը կոչվել է Արիթմոյ, իսկ լատիներեն «Վուլգատա»-ում՝ Նումերի։ Սակայն հրեաները գրքին ավելի հարմար անվանում են տվել՝ Բեմիդհբար, որը նշանակում է «անապատում»։ Եբրայերեն միդհբար բառը նշանակում է բաց տարածություն, որտեղ չկան խոշոր քաղաքներ կամ ավաններ։ Այն դեպքերը, որոնք նկարագրվում են «Թվեր» գրքում, տեղի են ունեցել Քանանի հարավում և արևելքում գտնվող անապատում։
3. Ինչպե՞ս է ապացուցվում, որ գրողը Մովսեսն է։
3 Ակներևաբար, հնում «Թվեր» գիրքը եղել է այն հավաքածուի մի մասը, որի մեջ մտել են հինգ գրքերը՝ «Ծննդոց»-ից «2 Օրենք»։ Գրքի առաջին համարը սկսվում է «և» շաղկապով՝ կապելով գիրքը նախորդի հետ։ Հետևաբար, այն, ինչպեսև առաջին երեք գրքերը գրել է Մովսեսը։ Այս մասին նշվում է նաև հենց գրքում. «Մովսեսը.... գրի առավ»։ Իսկ գրքի վերջում գրված է. «Սրանք են այն պատվիրաններն ու դատավճիռները, որոնք Եհովան Մովսեսի միջոցով պատվիրեց» (Թվեր 33։2; 36։13)։
4. Ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում «Թվեր» գիրքը, և ե՞րբ է այն ավարտվել։
4 Մի տարուց ավելի էր, ինչ իսրայելացիները դուրս էին եկել Եգիպտոսից։ «Թվեր» գիրքը սկսվում է այն դեպքերի նկարագրությամբ, որոնք տեղի են ունեցել Աստծու ժողովրդի՝ Եգիպտոսից դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսում և ընդգրկում են հաջորդ 38 տարիների ու 9 ամիսների պատմությունը՝ մ.թ.ա. 1512–1473թթ. (Թվեր 1։1; 2 Օրենք 1։3)։ Թեպետ Թվեր 7։1–88 և 9։1–15 համարներում նկարագրված դեպքերը ավելի վաղ էին տեղի ունեցել, դրանք բերվում են որպես լրացուցիչ տեղեկություն։ Մովսեսը սկսեց գրել այս գիրքը այն ժամանակ, երբ տեղի էին ունենում սկզբում նշված դեպքերը։ Բայց կարողացավ ավարտել անապատում շրջելու 40-րդ տարվա վերջում, այսինքն՝ մ.թ.ա. 1473թ. սկզբին։
5. Ի՞նչ առանձնահատկություններ են փաստում «Թվեր» գրքի վավերականությունը։
5 «Թվեր» գրքի վավերականության վերաբերյալ ոչ մի կասկած չկա։ Չոր երկիրը, որով ճանապարհորդում էին իսրայելացիները, Մովսեսը նկարագրել է որպես «մեծ ու ահազդու անապատ» (1։19)։ Այսօր էլ այնտեղի բնակիչները մշտապես մի տեղից մյուսն են տեղափոխվում արոտավայրեր ու ջուր գտնելու համար։ Բացի այդ, մանրամասն հրահանգները իսրայելացիների բանակատեղիների, ճանապարհ ընկնելու հերթականության, ճամբարը վերահսկելու համար փողի ազդանշանների վերաբերյալ փաստում են, որ գիրքն իրոք գրվել է «անապատում» (Թվեր 1։1)։
6. Ինչպե՞ս է հնագիտությունը թիկունք կանգնում «Թվեր» գրքի արձանագրությանը։
6 Անգամ վախով լցված հետախույզների պատմությունը, ովքեր Քանանը հետախուզելուց հետո եկան ու ասացին, որ այդ երկրի «բերդաքաղաքները շատ մեծ են», հաստատվում է հնագիտության կողմից (13։28)։ Ժամանակակից հայտնագործությունները ցույց են տալիս, որ այդ ժամանակ Քանանի բնակիչները իրենց դիրքերը ամրացնելու նպատակով ողջ երկրով բերդաքաղաքներ էին կառուցում՝ հյուսիսում՝ Հեզրայելի հովտից մինչև հարավում գտնվող Գերարը։ Բացի նրանից, որ քաղաքները պարսպապատ էին ու բարձր աշտարակներ ունեին, դրանք հաճախ կառուցում էին բլուրների գագաթներին։ Այդ ամենը ահ ու սարսափ էր ներշնչում իսրայելացիներին, որոնք երկար ժամանակ իրենց սերունդներով ապրել էին Եգիպտոսի հարթավայրերում։
7. Ի՞նչն է ցույց տալիս, որ «Թվեր» գիրքը ազնվության ու անկեղծության կնիք է կրում իր վրա։
7 Այս աշխարհի մարդկանց բնորոշ է արդարացնել իրենց թերացումները և չափազանցնել հաղթանակները։ Սակայն «Թվեր» գրքում անկեղծորեն նկարագրվում է, թե ինչպես ամաղեկացիներն ու քանանացիները կոտորեցին իսրայելացիներին (14։45)։ Այն նաև բացահայտորեն նշում է, որ ժողովուրդը անհավատություն է դրսևորել և անհարգալից վերաբերմունք է ունեցել Աստծու նկատմամբ (14։11)։ Աստծու մարգարե Մովսեսը անկեղծորեն գրում է ժողովրդի, իր եղբորորդիների, ինչպես նաև հարազատ եղբոր ու քրոջ մեղքերի մասին։ Նա չի թաքցնում անգամ իր մեղքերը։ Օրինակ՝ պատմում է, որ մի անգամ թերացավ Եհովային սրբացնել, երբ Աստված ջուր հայթայթեց Մերիբայի մոտ, ինչի պատճառով կորցրեց Ավետյաց երկիր մտնելու հնարավորությունը (3։4; 12։1–15; 20։7–13)։
8. Ինչպե՞ս են Աստվածաշնչի մյուս գրողները հաստատում, որ «Թվեր» գիրքը ներշնչված է Աստծուց։
8 «Թվեր» գիրքը Սուրբ Գրքի մի մասն է, որը ներշնչված է Աստծու կողմից ու օգտակար է։ Սա ակնհայտ է նրանից, որ աստվածաշնչյան մյուս գրողները հիշատակել են «Թվեր» գրքի գրեթե բոլոր կարևոր դեպքերը, ինչպես նաև այլ մանրամասներ և ընդգծել են դրանց նշանակությունը։ Օրինակ՝ Հեսուն (Հեսու 4։12; 14։2), Երեմիան (2 Թագ. 18։4), Նեեմիան (Նեեմ. 9։19–22), Ասափը (Սաղ. 78։14–41), Դավիթը (Սաղ. 95։7–11), Եսայիան (Ես. 48։21), Եզեկիելը (Եզեկ. 20։13–24), Օսեեն (Օս. 9։10), Ամոսը (Ամոս 5։25), Միքիան (Միք. 6։5), Ղուկասը, երբ արձանագրել է Ստեփանոսի ելույթը (Գործ. 7։36), Պողոսը (1 Կորնթ. 10։1–11), Պետրոսը (2 Պետ. 2։15, 16), Հուդան (Հուդա 11) և Հովհաննեսը, երբ գրել է Պերգամոնի ժողովին ուղղված Հիսուսի խոսքերը (Հայտն. 2։14), բոլորն էլ օգտվել են «Թվեր» գրքի արձանագրությունից։ Այդպես վարվել է նաև Հիսուս Քրիստոսը (Հովհ. 3։14)։
9. Եհովայի առնչությամբ ի՞նչ է շեշտում «Թվեր» գիրքը։
9 Իսկ ի՞նչ նպատակի է ծառայում «Թվեր» գիրքը։ Ինչ խոսք, այն միայն պատմական արժեք չունի։ «Թվեր» գիրքը շեշտում է, որ Եհովան կարգուկանոնի Աստված է ու բացարձակ նվիրվածություն է պահանջում իր ստեղծած արարածներից։ Սա հստակ երևում է իսրայելացիներին հաշվառման վերցնելու, փորձելու և մաքրելու պատմությունից, որոնք անհնազանդություն և ըմբոստ ոգի դրսևորելու պատճառով բազմիցս վատ իրավիճակներում էին հայտնվում։
10. Ո՞ւմ համար է պահպանվել «Թվեր» գիրքը և ինչո՞ւ։
10 Գրքի արձանագրությունը պահպանվել է հետագա սերունդների համար, ինչպես Ասափը գրեց, որ «ապավինեն Եհովային և չմոռանան Աստծու գործերը, այլ պահեն նրա պատվիրանները» և «իրենց նախահայրերի պես կամակոր ու ապստամբ սերունդ չդառնան, սերունդ, որը չպատրաստեց իր սիրտը, և որի ոգին հավատարիմ չէր Աստծուն» (Սաղ. 78։7, 8)։ «Թվեր» գրքում գրի առնված իրադարձությունները հիշատակվում են շատ սաղմոսներում, այն հոգևոր երգերում, որոնք հրեաները հաճախ էին երգում, և որոնք հոգևորապես ամրացնում էին նրանց (Սաղ. 78; 95; 105; 106; 135; 136)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
11. Քանի՞ մասի կարելի է բաժանել «Թվեր» գիրքը։
11 «Թվեր» գիրքը կարելի է բաժանել երեք մասի։ Առաջին մասը (1։1–10։10) նկարագրում է այն դեպքերը, որ տեղի են ունեցել, երբ իսրայելացիները ճամբար էին դրել Սինա լեռան մոտ։ Երկրորդ մասը (10։11–21։35) ընդգրկում է հաջորդ 38 տարիները և մեկ կամ երկու ամիս ավելի, երբ իսրայելացիները գտնվում էին անապատում, մինչև որ հասան Մովաբի հարթավայրերը։ Երրորդ մասը (22։1–26։13) նկարագրում է այն դեպքերը, որ տեղի ունեցան Մովաբի հարթավայրերում, երբ ժողովուրդը պատրաստվում էր մտնելու Ավետյաց երկիր։
12. Որքա՞ն մեծ է իսրայելացիների ճամբարը Սինա լեռան մոտ, և ինչպե՞ս է այն կազմակերպված։
12 Սինա լեռան մոտ տեղի ունեցած դեպքերը (1։1–10։10)։ Իսրայելացիները արդեն մեկ տարի է, ինչ Սինա լեռան շրջանում են բնակվում։ Այստեղ նրանք ձևավորվում են ու դառնում կազմակերպված ժողովուրդ։ Եհովայի պատվերով հաշվառման են վերցվում քսան տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդիկ։ Ամենաքիչ թվով տղամարդիկ Մանասեի ցեղից են՝ 32000, իսկ ամենաշատը Հուդայի ցեղից են՝ 74600։ Ընդհանուր առմամբ Իսրայելում 603550 տղամարդիկ են պիտանի բանակում ծառայելու համար։ Հաշվառմանը չեն մասնակցում ղևտացիները, կանայք ու երեխաները։ Ճամբարում թերևս երեք և ավելի միլիոն ժողովուրդ կա։ Հանդիպման վրանը, նաև ղևտացիները գտնվում են ճամբարի կենտրոնում։ Մնացած իսրայելացիները իրենց եռցեղ ստորաբաժանումներով ճամբար են դնում նշանակված վայրերում։ Բոլոր ցեղերը հրահանգներ են ստանում, թե ինչ հերթականությամբ պետք է ճանապարհ ընկնեն։ Եհովան հրահանգներ է տալիս, և ինչպես գրված է, «Իսրայելի որդիները ամեն ինչ անում են այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել է» (2։34)։ Նրանք հնազանդվում են Եհովային և հարգում Մովսեսին՝ Աստծու տեսանելի ներկայացուցչին։
13. Ինչի՞ հիման վրա են որոշվում ղևտացիների պարտականությունները։
13 Այնուհետև ղևտացիներին, որպես Իսրայելի առաջնեկների փրկագին, առանձնացնում են Եհովային ծառայություն մատուցելու համար։ Նրանք բաժանվում են երեք խմբի՝ ըստ իրենց ծագման Ղևիի երեք որդիներից՝ Գերսոնից, Կահաթից և Մերարիից։ Այս բաժանման հիման վրա որոշվում է նրանց տեղը ճամբարում և պարտականությունները։ 30 և ավելի բարձր տարիքի ղևտացիներին ծանր գործեր են հանձնարարվում՝ կապված խորանը տեղափոխելու հետ։ Իսկ ավելի թեթև գործերը կատարում են 25 տարեկան և ավելի բարձր տարիքի ղևտացիները. Դավթի օրերում այս տարիքը նվազեցվեց մինչև 20 տարեկան (1 Տար. 23։24–32; Եզր. 3։8)։
14. Ի՞նչ հրահանգներ են տրվում ճամբարում մաքրություն պահելու վերաբերյալ։
14 Որպեսզի ճամբարը մաքուր մնա, Եհովան պատվիրում է մեկուսացնել հիվանդներին և քավություն անել նրանց համար, ովքեր անհավատարմություն են դրսևորում իր հանդեպ։ Նաև հրահանգներ է տալիս, թե ինչպես պետք է վարվել, եթե ամուսինը կասկածում է կնոջը անհավատարմության մեջ, և թե ինչպես պետք է վարվեն նրանք, ովքեր երդում են տալիս, որ Եհովայի առաջ կապրեն իբրև ուխտավոր։ Քանի որ իսրայելացիները իրենց վրա կրում են Աստծու անունը, նրանք պետք է ապրեն նրա պատվիրանների համաձայն։
15. ա) Ի՞նչ նվիրաբերություններ են արվում զոհասեղանի հանդիսավոր բացման առիթով։ բ) Ի՞նչ փոխհարաբերությունների մասին չպետք է մոռանան իսրայելացիները, և ի՞նչ պետք է հիշեցնի Պասեքը նրանց։
15 Անդրադառնալով մեկ ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին (Թվեր 7։1, 10; Ելք 40։17)՝ Մովսեսը պատմում է, թե ինչպես 12 տոհմապետներ նվիրաբերություններ արեցին զոհասեղանի հանդիսավոր բացմանը։ Նրանցից ոչ ոք չէր ուզում տպավորել ինչ-որ բանով կամ փառք ստանալ, յուրաքանչյուրը նվիրաբերեց այնքան, որքան մյուսները։ Իսրայելացիները պետք է հիշեն, որ այդ տոհմապետները և հենց ինքը՝ Մովսեսը, հաշվետու են Եհովային, և նա է Մովսեսին հրահանգներ տվողը։ Նրանք երբեք չպետք է մոռանան Եհովայի հետ ունեցած իրենց փոխհարաբերությունների մասին։ Պասեքը պետք է հիշեցնի նրանց, թե ինչպես Եհովան հրաշքով ազատեց իրենց Եգիպտոսից։ Եվ Եգիպտոսից դուրս գալուց մեկ տարի անց այստեղ՝ անապատում, նշանակված ժամանակին նրանք նշում են այդ տոնը։
16. Ինչպե՞ս է Եհովան առաջնորդում իր ժողովրդին, և ինչո՞ւ է մտցվում փողերով ազդանշաններ հնչեցնելու համակարգը։
16 Ինչպես Եհովան հանեց իսրայելացիներին Եգիպտոսից, այնպես էլ շարունակում է առաջնորդել նրանց՝ ցերեկը ամպով, որը ծածկում է խորանը, այսինքն՝ վկայության վրանը, իսկ գիշերը կրակի նման մի բանով։ Ամեն անգամ, երբ ամպը բարձրանում է վրանից, ժողովուրդը ճանապարհ է ընկնում։ Եվ այն վայրում, որտեղ ամպը կանգ է առնում, իսրայելացիները ճամբար են դնում՝ լինի մի քանի օր, ամիս կամ ավելի շատ օրեր։ Այդ մասին կարդում ենք. «Եհովայի կարգադրությամբ նրանք ճամբար էին դնում ու Եհովայի կարգադրությամբ ճանապարհ էին ընկնում։ Նրանք հնազանդվում էին Եհովային՝ կատարելով այն պատվերը, որը Եհովան տվել էր Մովսեսի միջոցով» (Թվեր 9։23)։ Քանի որ մոտեցել է Սինա անապատից հեռանալու ժամանակը, մտցվում է փողերով ազդանշաններ հնչեցնելու համակարգը՝ անապատով դեգերելու ժամանակ ժողովրդին մեկտեղ հավաքելու և ճամբարի տարբեր ստորաբաժանումները առաջնորդելու համար։
17. Նկարագրիր, թե ինչպես են իսրայելացիները ճանապարհ ընկնում։
17 Դեպքեր, որ տեղի են ունենում անապատում (10։11–21։35)։ Վերջապես, երկրորդ ամսվա 20-րդ օրը Եհովան բարձրացնում է ամպը խորանից՝ այդպիսով ցույց տալով, որ իսրայելացիները պետք է հեռանան Սինա անապատից։ Իրենց հետ տանելով Եհովայի ուխտի տապանակը՝ նրանք ուղևորվում են դեպի Կադես-Բառնեա, որը գտնվում է Սինայից մոտ 240 կիլոմետր հյուսիս։ Օրվա ընթացքում Եհովայի ամպը նրանց վրա է։ Ամեն անգամ, երբ տապանակը ճանապարհ է ընկնում, Մովսեսը աղոթում է Եհովային, որ վեր կենա ու ցիրուցան անի իր թշնամիներին, իսկ երբ կանգ է առնում, նա աղոթում է Եհովային, որ վերադառնա դեպի «Իսրայելի բյուրավորներն ու հազարավորները» (10։36)։
18. Կադես-Բառնեայի ճանապարհին ինչո՞ւ է ժողովուրդը բողոքում, և ինչպե՞ս է Եհովան աստվածապետական փոփոխություններ անում ճամբարում։
18 Սակայն Կադես-Բառնեա ուղևորվելու ճանապարհին դժվարություններ են առաջ գալիս։ Առնվազն երեք անգամ ժողովուրդը բողոքում է Եհովայի առաջ։ Առաջին բողոքի դեպքում Եհովայից կրակ է բռնկվում իսրայելացիների դեմ և ոմանց կլանում է։ Այնուհետև հետևելով իրենց մեջ եղող «բազմազգ ժողովրդին»՝ իսրայելացիները սկսում են լաց լինել ու բողոքել, որ չունեն ձուկ, վարունգ, ձմերուկ, պրասասոխ, սոխ ու սխտոր, որ ուտում էին Եգիպտոսում, այլ միայն մանանա են ուտում (11։4)։ Մովսեսը այնքան է վհատվում, որ խնդրում է Եհովային սպանել իրեն, քանի որ նա այլևս ի վիճակի չէ դայակի պես հոգ տանելու այդ ժողովրդին։ Իր ծառայի զգացումները հաշվի առնելով՝ Եհովան Մովսեսի վրա եղող ոգուց վերցնում է ու դնում 70 երեցների վրա, որոնք պետք է օգնեն նրան ու մարգարեներ լինեն ճամբարում։ Հետո ժողովուրդը առատությամբ միս է ստանում։ Ինչպես որ մի անգամ արդեն արել էր, այս անգամ նույնպես Եհովան քամի է բարձրացնում ու ծովից լորեր քշում-բերում։ Ժողովուրդը ագահորեն չափից շատ լորեր է հավաքում։ Եհովայի բարկությունը բռնկվում է ժողովրդի դեմ, ու նա սկսում է խիստ մեծ հարվածով կոտորել նրանց եսասիրական ցանկություններին տրվելու պատճառով (Ելք 16։2, 3, 13)։
19. Ինչպե՞ս է Եհովան ուղղում Մարիամին ու Ահարոնին։
19 Դժվարությունները շարունակվում են։ Մարիամն ու Ահարոնը ճիշտ տեսակետ չունեն իրենց կրտսեր եղբոր՝ Մովսեսի նկատմամբ, որը Եհովայի ներկայացուցիչն է, և սկսում են նրա դեմ խոսել նրա կնոջ պատճառով, որը վերջերս է ճամբար տեղափոխվել։ Նրանք ավելի շատ իշխանություն են ուզում ունենալ, որ հավասարվեն Մովսեսին։ Իսկ «Մովսեսը երկրի երեսին եղող բոլոր մարդկանցից ամենահեզն» է (Թվեր 12։3)։ Եհովան ինքն է ուղղում նրանց։ Նա ցույց է տալիս, որ Մովսեսը ունի հատուկ դիրք, իսկ Մարիամին բորոտությամբ է հարվածում, քանի որ նա է գլխավոր սադրիչը։ Մարիամը բուժվում է միայն այն ժամանակ, երբ Մովսեսը միջամտում է ու աղերսում Եհովային։
20, 21. Ինչո՞ւ է Եհովան հայտնում, որ իսրայելացիները 40 տարի դեգերելու են անապատում։
20 Մոտենալով Ավետյաց երկրին՝ իսրայելացիները ճամբար են դնում Կադեսում։ Եհովան պատվիրում է Մովսեսին մարդիկ ուղարկել Քանանի երկիրը հետախուզելու համար։ Անցնելով հարյուրավոր կիլոմետրեր՝ այդ հետախույզները շրջում են ողջ երկրով՝ հարավից հյուսիս՝ մինչև «Եմաթի մուտքի մոտ» (13։21)։ 40 օրից նրանք վերադառնում են և իրենց հետ բերում են այդ երկրի հրաշալի մրգերից։ Հետախույզներից տասը անհավատություն են դրսևորում և ասում են, որ հիմարություն կլինի գնալ այդ ժողովրդի դեմ, քանի որ նրանք ուժեղ են, իսկ նրանց բերդաքաղաքները շատ մեծ են։ Քաղեբը, ընդհակառակը, փորձում է հանգստացնել ժողովրդին, բայց ապարդյուն։ Ըմբոստ հետախույզները վախ են գցում իսրայելացիների սիրտը՝ ասելով, որ այդ երկիրը «բնակիչներին խժռող երկիր է, և նրանում գտնվող մարդիկ, որոնց տեսան, աժդահաներ են»։ Երբ ամբողջ ժողովուրդը սկսում է տրտնջալ, Հեսուն ու Քաղեբը ասում են. «Մեզ հետ Եհովան է։ Նրանցից մի՛ վախեցեք» (13։32; 14։9)։ Սակայն ամբողջ ժողովը սկսում է խոսել նրանց քարկոծելու մասին։
21 Այդ ժամանակ Եհովան է միջամտում։ Նա ասում է Մովսեսին. «Մինչև ե՞րբ այս ժողովուրդը հարգանք չի ցույց տալու իմ հանդեպ և մինչև ե՞րբ չեն հավատալու ինձ՝ չնայած այն բոլոր նշաններին, որ արեցի նրանց մեջ» (Թվեր 14։11)։ Մովսեսը աղաչում է Եհովային չկործանել իր ազգին, քանի որ Եհովայի անվան ու համբավի հարցն է բարձրացված։ Ուստի Աստված հայտնում է, որ իսրայելացիները պետք է շարունակեն դեգերել անապատում, մինչև որ մահանան 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր հաշվառման վերցվածները։ Նրանցից միայն Քաղեբն ու Հեսուն կտեսնեն Ավետյաց երկիրը։ Այնուհետև ժողովուրդը, ինքնավստահություն դրսևորելով, դուրս է գալիս ամաղեկացիների ու քանանացիների դեմ, բայց ջախջախիչ պարտություն է կրում։ Ի՜նչ մեծ գին են նրանք վճարում Եհովայի ու նրա հավատարիմ ներկայացուցիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։
22. Ինչպե՞ս է շեշտվում հնազանդության կարևորությունը։
22 Իսկապես, իսրայելացիները դեռ պետք է հնազանդություն սովորեն։ Այդ պատճառով Եհովան լրացուցիչ օրենքներ է տալիս՝ ընդգծելով հնազանդության կարևորությունը։ Նա հայտնում է նրանց, որ երբ գան Ավետյաց երկիր, պետք է իրենց սխալների համար քավություն անեն, իսկ նա, ով միտումնավոր կերպով անհնազանդ գտնվի, պետք է վերանա ժողովրդի միջից։ Երբ մի մարդ շաբաթ օրով փայտ է հավաքում, այդպիսով խախտելով օրենքը, Եհովան պատվիրում է. «Այդ մարդն անպատճառ պետք է մահվան մատնվի» (15։35)։ Աստված պատվիրում է իսրայելացիներին իրենց հանդերձների փեշերին ծոպերիզներ պատրաստել, ինչը կհիշեցնի նրանց իր պատվիրանների ու դրանք կատարելու կարևորության մասին։
23. Ինչո՞վ է ավարտվում Կորխի, Դաթանի ու Աբիրոնի ապստամբությունը։
23 Այդուհանդերձ, նորից ապստամբություն է բարձրանում։ Կորխը, Դաթանը, Աբիրոնը և 250 անվանի մարդիկ դուրս են գալիս Մովսեսի ու Ահարոնի դեմ։ Մովսեսը խնդիրը հանձնում է Եհովային՝ ապստամբներին ասելով. «Կրակամաններ վերցրեք.... վաղը Եհովայի առաջ դրանց մեջ կրակ դրեք ու վրան խունկ լցրեք։ Այն մարդը, ում Եհովան կընտրի, նա է սուրբը» (16։6, 7)։ Եհովայի փառքը երևում է ողջ ժողովին։ Նա անմիջապես դատ է տեսնում. գետինը ճեղքվում է, երկիրը բացում է իր բերանը և կուլ տալիս Կորխի, Դաթանի, Աբիրոնի տնեցիներին։ Այնուհետև Եհովան կրակ է ուղարկում, որը կլանում է խունկ մատուցող 250 մարդկանց, այդ թվում Կորխին։ Հենց հաջորդ օրը ժողովուրդը սկսում է տրտնջալ ու քննադատել Մովսեսին և Ահարոնին այն բանի համար, ինչ արեց Եհովան։ Աստված կրկին հարվածում է իսրայելացիներին՝ կործանելով 14700 հոգու։
24. Ի՞նչ նշան է տալիս Եհովան, որ վերջ դնի ապստամբությանը։
24 Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ Եհովան պատվիրում է, որ յուրաքանչյուր ցեղ մեկական գավազան ներկայացնի իր առաջ։ Ղևիի ցեղից ներկայացվում է Ահարոնի գավազանը։ Հաջորդ օրը պարզ է դառնում, որ Եհովան Ահարոնին է քահանա ընտրել, քանի որ միայն նրա գավազանն է ծաղկել, և դրա վրա հասած նշեր են հայտնվել։ Այդ գավազանը հարկավոր է պահել ուխտի տապանակում՝ «որպես նշան ապստամբության որդիների համար» (Թվեր 17։10; Եբր. 9։4)։ Տրվում են հրահանգներ քահանաներին աջակցելու համար տասանորդ տալու վերաբերյալ, նաև ցուցումներ կարմիր կովի մոխրով մաքրման ջուրը օգտագործելու վերաբերյալ։ Այնուհետև արձանագրությունը մեզ նորից տանում է Կադես։ Այստեղ Մարիամը մահանում է ու թաղվում։
25. Ինչպե՞ս են Մովսեսն ու Ահարոնը թերանում Եհովային սրբացնել, և ի՞նչ է լինում արդյունքում։
25 Ժողովուրդը նորից Ավետյաց երկրի շեմին է կանգնած և այստեղ սկսում է վիճել Մովսեսի հետ ջուր չունենալու պատճառով։ Եհովան համարում է, որ նրանք իրականում իր հետ են վիճում, ու նրա փառքը երևում է նրանց։ Նա պատվիրում է Մովսեսին վերցնել գավազանը ու ժայռից ջուր հանել։ Արդյոք Մովսեսն ու Ահարոնը սրբացնո՞ւմ են Եհովային։ Ցավոք, ո՛չ։ Երբ Մովսեսը բարկացած երկու անգամ հարվածում է ժայռին, ու ժողովուրդը և նրա բեռնակիր անասունները սկսում են խմել, Մովսեսն ու Ահարոնը պատիվը Եհովային չեն տալիս։ Թեև անապատում դեգերումները մոտենում են ավարտին, բայց նրանք երկուսով չեն արժանանում Եհովայի հաճությանը, և նրանց ասվում է, որ չեն մտնի Ավետյաց երկիր։ Ահարոնը մահանում է Հոր լեռան վրա, իսկ քահանայապետի պարտականությունները ստանձնում է նրա որդի Եղիազարը։
26. Ի՞նչ է լինում, երբ իսրայելացիները շրջանցում են Եդոմը։
26 Իսրայելացիները ուղևորվում են դեպի արևելք։ Նրանք ուզում են անցնել Եդոմի երկրի միջով, սակայն նրանց թույլ չեն տալիս։ Այդ պատճառով նրանք շրջանցում են Եդոմի երկիրը։ Ճանապարհին ժողովուրդը կրկին խոսում է Աստծու և Մովսեսի դեմ։ Նրանք հոգնել են մանանայից ու ծարավ են։ Ապստամբության պատճառով Եհովան թունավոր օձեր է ուղարկում ժողովրդի մեջ, ու շատերը մահանում են։ Երբ Մովսեսը միջամտում է, Եհովան պատվիրում է պղնձե օձ սարքել և ամրացնել նշանաձողին։ Նա, ով խայթվի, կարող է նայել դրան ու ողջ մնալ։ Ճանապարհ ընկնելով դեպի հյուսիս՝ իսրայելացիները խոչընդոտների են հանդիպում. ռազմատենչ թագավորները՝ ամորհացիների թագավոր Սեհոնը և Բասանի թագավոր Օգը, թույլ չեն տալիս նրանց անցնել իրենց տարածքով։ Իսրայելացիները պատերազմում են ու երկուսին էլ հաղթում՝ նվաճելով նրանց տարածքները Հորդանանի իջվածքից դեպի արևելք։
27. Ինչպե՞ս է Եհովան խափանում Բաղակի ծրագրերը՝ կապված Բաղաամի հետ։
27 Դեպքեր, որ տեղի են ունենում Մովաբի հարթավայրերում (22։1–36։13)։ Անհամբերությամբ սպասելով այն ժամանակին, երբ պետք է մտնեն Քանան՝ իսրայելացիները ճամբար են դնում Մովաբի անապատային հարթավայրերում՝ Մեռյալ ծովի հյուսիսում՝ Հորդանանի արևելյան կողմում՝ Երիքովի դիմաց։ Տեսնելով իսրայելացիների մեծ ճամբարը՝ մովաբացիները հիվանդագին վախով են լցվում։ Այդ ժամանակ մովաբացի թագավոր Բաղակը խորհրդակցում է մադիանացիների հետ և պատգամաբերներ է ուղարկում գուշակ Բաղաամի հետևից, որպեսզի վերջինս անիծի Իսրայելին։ Թեև Աստված ասում է Բաղաամին՝ «նրանց հետ չգնա՛ս», բայց նա ուզում է գնալ (22։12)։ Քանի որ նա ցանկանում է վարձատրություն ստանալ, ի վերջո գնում է, բայց հրեշտակը կանգնեցնում է նրան։ Էշը հրաշքով սկսում է խոսել իր տիրոջ հետ ու հանդիմանում է նրան։ Երբ Բաղաամը ուզում է անիծել Իսրայելին, Աստծու ոգին մղում է նրան չորս առակներ ասելու, որոնցում խոսվում է Աստծու ազգին սպասվող օրհնությունների մասին։ Այդ առակներում նույնիսկ մարգարեաբար ասվում է, որ Հակոբից մի աստղ կհայտնվի և Իսրայելից մի գավազան կբարձրանա, որը կզավթի ու կկործանի։
28. Ի՞նչ ծուղակի մեջ է գցում իսրայելացիներին Բաղաամը, բայց ինչպե՞ս է կոտորածը դադարում։
28 Բաղակը կատաղում է, որ Բաղաամը չի կարողանում անիծել Իսրայելին։ Բաղաամը թագավորի սիրտը շահելու համար առաջարկում է Մովաբի աղջիկների միջոցով հրապուրել իսրայելացի տղամարդկանց ու ներքաշել Բահաղի երկրպագության հետ կապված անվայել արարողությունների մեջ (31։15, 16)։ Ավետյաց երկրի շեմին իսրայելացիները անբարոյություն են գործում ու կեղծ աստվածների երկրպագում։ Եհովայի բարկությունը բորբոքվում է, և նա սկսում է կոտորել նրանց։ Մովսեսը կանչում է Իսրայելի դատավորներին ու պատվիրում խստորեն պատժել մեղսագործներին։ Երբ Փենեհեսը՝ քահանայապետի որդին, տեսնում է, որ տոհմապետներից մեկը մի մադիանացի կին է բերում իր վրան հենց ճամբարի մեջ, նրա հետևից մտնում է վրանը ու սպանում նրանց՝ նիզակը կնոջ սեռական օրգանների մեջ խրելով։ Եվ կոտորածը դադարում է. մահանում է 24000 մարդ։
29. ա) Ի՞նչ է հայտնի դառնում հաշվառումից հետո, որն արվում է 40-րդ տարվա վերջում։ բ) Ի՞նչ հրահանգներ են տրվում իսրայելացիներին Ավետյաց երկիր մտնելուց առաջ։
29 Եհովան այժմ պատվիրում է Մովսեսին ու Եղիազարին նորից հաշվառում անել, ինչպես որ արել էին մոտ 39 տարի առաջ Սինա լեռան մոտ։ Հաշվառման տվյալները ցույց են տալիս, որ ժողովրդի թիվը չի աճել։ Հակառակը՝ Իսրայելի բանակում ծառայելու պիտանի տղամարդկանց թիվը 1820-ով նվազել է նախորդից։ Բայց նրանց թվում ոչ մեկը չկա այն մարդկանցից, ում հաշվառման էին վերցրել Սինա անապատի մոտ, բացի Քաղեբից ու Հեսուից։ Ինչպես Եհովան ասել էր, նրանք բոլորը մահացան անապատում։ Այնուհետև Եհովան հրահանգներ է տալիս որպես ժառանգություն երկիրը նրանց մեջ բաժանելու վերաբերյալ։ Նա նորից ասում է, որ Մովսեսը չի մտնելու Ավետյաց երկիր, քանի որ չսրբացրեց Եհովային Մերիբայի ջրերի մոտ (20։13; 27։14)։ Հեսուն հաջորդում է Մովսեսին որպես առաջնորդ։
30. Ինչպե՞ս են իսրայելացիները վարվում մադիանացիների հետ, և ո՞ւմ է տրվում Հորդանանի արևելյան կողմում գտնվող երկիրը։
30 Եհովան Մովսեսի միջոցով հիշեցնում է իսրայելացիներին, թե որքան կարևոր է հնազանդվել զոհերի ու տոների վերաբերյալ իր օրենքներին և լուրջ վերաբերվել երդումներ տալուն։ Նա նաև պատվիրում է Մովսեսին վրեժ լուծել մադիանացիներից, քանի որ նրանք իրենց բաժին մեղքն են ունեցել, որ իսրայելացիները սկսել են երկրպագել Փեգորի Բահաղին։ Իսրայելացիները պատերազմում են մադիանացիների հետ և սպանում են բոլոր տղամարդկանց, այդ թվում նաև Բաղաամին։ Ողջ են թողնում միայն 32000 կույս աղջիկների, որոնց գերի են վերցնում։ Իրենց հետ տանում են նաև 808000 կենդանիների։ Ոչ մի իսրայելացի չի մահանում այս պատերազմի ժամանակ։ Ռուբենի և Գադի որդիները, ովքեր անասնապահությամբ են զբաղվում, թույլտվություն են խնդրում բնակություն հաստատել Հորդանանի արևելյան կողմում։ Նրանց խոստանում են տալ այդ երկիրը այն պայմանով, որ կօգնեն մյուս ցեղերին նվաճելու Ավետյաց երկիրը։ Նրանք համաձայնում են, և այսպիսով՝ Ռուբենի ու Գադի, ինչպես նաև Մանասեի ցեղի կեսը հարուստ արոտավայրերով տարածք են ստանում։
31. ա) Ավետյաց երկիր մտնելուց հետո ինչպե՞ս կարող են իսրայելացիները ցույց տալ իրենց հնազանդությունը։ բ) Ժառանգաբար փոխանցվող տարածքների առնչությամբ ի՞նչ հրահանգներ են տրվում։
31 40 տարվա դեգերումների ժամանակ կատարած ճամփորդության փուլերը թվարկելուց հետո կրկին շեշտվում է Եհովային հնազանդվելու կարևորությունը։ Աստված իսրայելացիներին երկիր է տալիս, բայց նրանք պետք է իրագործեն նրա դատավճիռները. նրանք պետք է վռնդեն այդ երկրի այլասերված բնակիչներին, որոնք մխրճված են դիվապաշտության մեջ, և լիովին վերացնեն կռապաշտությունը։ Մանրամասնորեն նշվում են երկրի սահմանները, որ Աստված տալու է իր ժողովրդին։ Երկիրը պետք է բաժանվի վիճակ գցելով։ Ղևտացիներին, որոնք ժառանգություն չունեն, կտրվի 48 քաղաք իրենց արոտավայրերով, որոնցից վեցը պետք է լինեն ապաստանի քաղաքներ նրանց համար, ովքեր առանց դիտավորության որևէ հոգի կսպանեն։ Ժառանգաբար փոխանցվող տարածքները պետք է պատկանեն միայն տվյալ ցեղին ու երբեք չպետք է մի ցեղից մյուսին անցնեն, օրինակ՝ ամուսնությամբ։ Եթե արու ժառանգ չկա, ապա ժառանգություն ստացող աղջիկները պետք է ամուսնանան միայն իրենց ցեղի տղամարդկանց հետ, ինչպես եղավ Սալպաադի աղջիկների պարագայում (27։1–11; 36։1–11)։ Այս պատվերներով էլ, որոնք Եհովան տալիս է Մովսեսի միջոցով, ավարտվում է «Թվեր» գիրքը։ Իսրայելի որդիները վերջապես պատրաստ են մտնելու Ավետյաց երկիր։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
32. Ինչպե՞ս է «Թվեր»-ը մատնացույց անում Քրիստոսին ու նրա զոհը։
32 Հիսուս Քրիստոսը մի քանի անգամ հղում է արել «Թվեր» գրքին։ Նրա առաքյալները և Աստվածաշնչի մյուս գրողները հստակ ցույց են տվել, թե որքան արժեքավոր ու բովանդակալից է այս գիրքը։ Օրինակ՝ Պողոս առաքյալը Հիսուսի հավատարիմ ծառայությունը համեմատել է Մովսեսի ծառայության հետ, որի մասին շատ է խոսվում «Թվեր»-ում (Եբր. 3։1–6)։ Կենդանական զոհերը և կարմիր կովի մոխիրը շաղ տալը, որի մասին նշված է Թվեր 19։2–9 համարներում, կրկին մատնացույց են անում Քրիստոսի զոհը, որը շատ ավելին է իրագործում (Եբր. 9։13, 14)։
33. Ինչո՞ւ է այն դեպքը, երբ անապատում ժայռից ջուր հոսեց, հետաքրքրական մեզ համար։
33 Պողոսը նաև ցույց տվեց, որ այն դեպքը, երբ անապատում ժայռից ջուր բխեց, մեծ նշանակություն ունի մեզ համար՝ ասելով. «Նրանք խմում էին այն հոգևոր վեմից, որը գնում էր նրանց հետևից, և այդ վեմը ներկայացնում էր Քրիստոսին» (1 Կորնթ. 10։4; Թվեր 20։7–11)։ Հասկանալի է, թե ինչու Հիսուսն ասաց. «Ով խմի այն ջրից, որը ես կտամ նրան, էլ երբեք չի ծարավի։ Այն ջուրը, որը ես կտամ նրան, ջրի աղբյուր կդառնա նրա մեջ, որ կբխի հավիտենական կյանք տալու համար» (Հովհ. 4։14)։
34. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ պղնձե օձը մարգարեական նշանակություն ուներ։
34 Մի անգամ «Թվեր» գրքում նկարագրված դեպքի օրինակով Հիսուսը բացատրեց, թե ինչպես է Աստված փրկելու մարդկությանը իր միջոցով։ Նա ասաց. «Ինչպես որ Մովսեսը օձը բարձրացրեց անապատում, այնպես էլ մարդու Որդին պետք է բարձրացվի, որպեսզի ամեն ոք, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։14, 15; Թվեր 21։8, 9)։
35. ա) Քրիստոնյաները ինչի՞ց պետք է զգուշանան՝ հաշվի առնելով այն, թե ինչ եղավ իսրայելացիների հետ անապատում, և ինչո՞ւ։ բ) Հուդան և Պետրոսը իրենց նամակներում ագահության ու ըմբոստության ի՞նչ օրինակներ են բերում։
35 Ինչո՞ւ էին իսրայելացիները ստիպված 40 տարի դեգերել անապատում։ Անհավատության պատճառով։ Պողոս առաքյալը զգուշացնում է. «Զգուշացեք, եղբայրնե՛ր, որ չլինի թե կենդանի Աստծուց հեռանալով՝ ձեզնից որևէ մեկի մեջ երբևէ չար ու անհավատ սիրտ զարգանա, այլ շարունակեք իրար հորդորել ամեն օր»։ Իրենց անհնազանդության և անհավատության պատճառով այդ իսրայելացիները մահացան անապատում։ «Ուստի եկեք ամեն ինչ անենք, որպեսզի մտնենք [Աստծու] հանգստի մեջ, որ հանկարծ չլինի թե որևէ մեկը ընկնի՝ հետևելով անհնազանդության նույն օրինակին» (Եբր. 3։7–4։11; Թվեր 13։25–14։38)։ Նախազգուշացնելով անաստված մարդկանց մասին, ովքեր անարգանքով են խոսում սուրբ բաների վերաբերյալ՝ Հուդան հիշեցնում է Բաղաամի ագահության մասին, որը վարձատրություն էր սիրում, և Կորխի ըմբոստության մասին, որը խոսեց Եհովայի ծառայի՝ Մովսեսի դեմ (Հուդա 11; Թվեր 22։7, 8, 22; 26։9, 10)։ Բաղաամի մասին խոսել է նաև Պետրոսը՝ նշելով, որ նա «անիրավ գործերի վարձատրություն սիրեց»։ Նրա մասին հիշատակել է նաև փառավորված Հիսուս Քրիստոսը։ Հովհաննեսի միջոցով տրված հայտնության մեջ նա ասաց, որ Բաղաամը մովաբացիներին «սովորեցրեց մեղքի դրդել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված բաներ ուտեն և պոռնկություն գործեն»։ Նման անմաքուր մարդկանց վերաբերյալ զգուշացումները տեղին են նաև այսօրվա քրիստոնյաների համար (2 Պետ. 2։12–16; Հայտն. 2։14)։
36. Ի՞նչ վնասակար բաների մասին զգուշացրեց Պողոսը, և նրա խորհուրդը ինչպե՞ս կօգնի մեզ։
36 Երբ Կորնթոսում մի քրիստոնյա անբարոյություն գործեց, Պողոսը, հղում անելով «Թվեր»-ին, այդ քաղաքի ժողովին գրեց այն մարդկանց մասին, ովքեր «վնասակար բաներ ցանկացան»։ Նա հորդորեց. «Թող որ պոռնկությամբ չզբաղվենք, ինչպես որ նրանցից ոմանք պոռնկություն գործեցին, և մեկ օրվա մեջ քսաներեք հազար հոգի ընկավ» (1 Կորնթ. 10։6, 8; Թվեր 25։1–9; 31։16)b։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն դեպքի մասին, երբ իսրայելացիները տրտնջացին՝ ասելով, որ Աստծու պատվերներին հնազանդվելը միայն դժվարություններ է առաջ բերում, և որ իրենք հոգնել են մանանա ուտելուց, որը Եհովան էր տալիս նրանց։ Այդ մասին Պողոսը գրեց. «Չփորձենք Եհովային, ինչպես որ նրանցից ոմանք փորձեցին նրան և օձերից խայթվելով մեռան» (1 Կորնթ. 10։9; Թվեր 21։5, 6)։ Այնուհետև ավելացրեց. «Չլինենք տրտնջացողներ, ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին և սպանվեցին կործանողի ձեռքով»։ Ի՜նչ դառը հետևանքներ կրեցին իսրայելացիները այն բանի համար, որ տրտնջացին Եհովայի, նրա ներկայացուցիչների և այն ամենի դեմ, ինչ Եհովան տալիս էր նրանց։ «Այս բաները նրանց հետ պատահեցին իբրև օրինակներ», այդ պատճառով մեզ համար պետք է հստակ զգուշացում լինեն, որպեսզի մենք շարունակենք ծառայել Եհովային՝ ամեն ինչում նրան ապավինելով (1 Կորնթ. 10։10, 11; Թվեր 14։2, 36, 37; 16։1–3, 41; 17։5, 10)։
37. Օրինակներով ցույց տուր, թե ինչպես է «Թվեր» գիրքը օգնում հասկանալու Աստվածաշնչի մյուս հատվածները։
37 «Թվեր» գիրքը նաև օգնում է հասկանալու Աստվածաշնչի մյուս հատվածները (Թվեր 28։9, 10 — Մատթ. 12։5; Թվեր 15։38 — Մատթ. 23։5; Թվեր 6։2–4 — Ղուկ. 1։15; Թվեր 4։3 — Ղուկ. 3։23; Թվեր 18։31 — 1 Կորնթ. 9։13, 14; Թվեր 18։26 — Եբր. 7։5–9; Թվեր 17։8–10 — Եբր. 9։4)։
38. Ինչո՞վ է օգտակար «Թվեր» գիրքը, և ինչի՞ վրա է այն հրավիրում մեր ուշադրությունը։
38 Իսկապես, «Թվեր» գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է, քանի որ սովորեցնում է, թե որքան կարևոր է հնազանդվել Եհովային ու հարգանք դրսևորել նրանց հանդեպ, ում նա վերակացու է նշանակել իր ժողովրդի համար։ Նախազգուշական օրինակներով գրքում քննադատվում են չար գործերը։ Նկարագրվում են իրադարձություններ, որոնք մարգարեական նշանակություն ունեն։ Այդ իրադարձությունները մեր ուշադրությունը հրավիրում են Փրկչի ու Առաջնորդի վրա, որին Եհովան հետագայում տվեց իր ժողովրդի համար։ Առանց այս գրքի՝ լիարժեքորեն չէր բացահայտվի Աստվածաշնչի գլխավոր թեման՝ Աստծու Թագավորության՝ արդար երկնային կառավարության հաստատումը, որի Գլուխը Հիսուս Քրիստոսն է՝ Եհովայի կողմից նշանակված Միջնորդը և Քահանայապետը։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 540–542 (անգլ.)։
b «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 233 (անգլ.)։