Ծնողնե՛ր, հոգացեք ձեր ընտանիքի կարիքները
«Եթէ մէկը իրեններուն ու մանաւանդ իր ընտանիքին հոգ չի տանիր, անիկա հաւատքը ուրացած է» (Ա ՏԻՄՈԹԷՈՍ 5։8, ԱԱ)։
1, 2. ա) Ինչո՞ւ է քաջալերական ընտանիքի անդամներին միասին տեսնել քրիստոնեական հանդիպումներին։ բ) Ի՞նչ դժվարություններ է հաղթահարում ընտանիքը հանդիպումներին ժամանակին ներկա լինելու համար։
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ժողովի հանդիպումը շուտով կսկսվի։ Նայում ես շուրջդ և նկատում իրենց ծնողների կողքին նստած մաքուր ու գեղեցիկ հագնված երեխաների։ Մի՞թե հաճելի չէ տեսնել, որ այդ ընտանիքներում սեր գոյություն ունի՝ սեր Եհովայի ու միմյանց հանդեպ։ Սակայն հեշտ է մոռանալ, թե որքա՜ն ջանքեր են պահանջվում ընտանիքի անդամներից, որպեսզի բոլորը միասին ժամանակին գան հանդիպումներին։
2 Հիմնականում ծնողները ամբողջ օրը խիստ զբաղված են լինում, իսկ հանդիպումների օրերին՝ առավել ևս։ Հարկավոր է ճաշ պատրաստել, տան գործերն անել, երեխաներին օգնել, որ դպրոցական առաջադրանքները կատարեն։ Ծնողների ուսերին անչափ ծանր պարտականություն է դրված. նրանք պետք է հոգ տանեն, որ բոլորը լինեն մաքուր, կուշտ և պատրաստ՝ ժամանակին տանից դուրս գալու։ Իհարկե, երեխաների հետ ամենաանհարմար պահին կարող է ինչ–որ անսպասելի բան պատահել։ Օրինակ՝ ավագը խաղալիս պատռում է իր անդրավարտիքը։ Կրտսերը թափում է կերակուրը։ Երեխաները սկսում են իրար հետ վիճել (Առակաց 22։15)։ Արդյունքում նույնիսկ ամենալավ պլանավորումը կարող է ձախողվել։ Բայցևայնպես, ընտանիքը գրեթե միշտ Թագավորության սրահում է լինում հանդիպումը սկսվելուց բավական ժամանակ առաջ։ Որքա՜ն քաջալերական է նրանց այնտեղ տեսնել շաբաթից շաբաթ, տարուց տարի, տեսնել, թե ինչպես են երեխաները մեծանում և սկսում ծառայել Եհովային։
3. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան մեծապես գնահատում է ընտանիքները։
3 Ծնողնե՛ր, թեև ձեզ համար երբեմն դժվար է կատարել ծնողական պարտականությունները, իսկ երբեմն զգում եք, որ այլևս ուժ չունեք, կարող եք վստահ լինել, որ Եհովան մեծապես գնահատում է ձեր ջանքերը։ Նա ընտանեկան կառույցի Հիմնադիրն է։ Այդ պատճառով նրա Խոսքում ասվում է, որ ամեն ազգատոհմ, այսինքն՝ ընտանիք, իր անվան՝ գոյության համար Եհովային է պարտական (Եփեսացիս 3։14, 15 ԱԱ)։ Ուստի դո՛ւք, ծնողնե՛ր, ձեր ընտանեկան պատասխանատվությունները ճիշտ ձևով կատարելով պատվում եք տիեզերքի Գերիշխանին (Ա Կորնթացիս 10։31)։ Մի՞թե դա մեծ առանձնաշնորհում չէ։ Ուրեմն, տեղին է, որ քննենք, թե ծնողներն ինչպես կարող են կատարել Եհովայից ստացած այդ հանձնարարությունը։ Այս հոդվածում մենք կխորհենք այն մասին, թե ինչ է նշանակում հոգալ ընտանիքի կարիքները։ Եկեք տեսնենք, թե այս հարցում Աստված ծնողներից ինչ է ակնկալում։ Քննարկենք երեք ոլորտ։
Հոգ տարեք նյութապես
4. Ընտանիքում ի՞նչ է սահմանել Եհովան երեխաների կարիքները բավարարելու համար։
4 Պողոս առաքյալը գրեց. «Եթէ մէկը իրեններուն ու մանաւանդ իր ընտանիքին հոգ չի տանիր, անիկա հաւատքը ուրացած է ու անհաւատէ մըն ալ գէշ է» (Ա Տիմոթէոս 5։8, ԱԱ)։ Ասելով «մէկը»՝ ո՞ւմ նկատի ուներ Պողոսը. ընտանիքի գլխին, որը, սովորաբար, հայրն է։ Ինչ վերաբերում է կնոջը, Աստված նրան տվել է իր ամուսնու օգնականը լինելու պատվավոր դերը (Ծննդոց 2։18)։ Աստվածաշնչյան ժամանակներում կանայք սովորաբար օգնում էին իրենց ամուսիններին՝ հոգալու ընտանիքի կարիքները (Առակաց 31։13, 14, 16)։ Այսօր շատ են տարածված մեկ ծնողով ընտանիքները։a Բազմաթիվ քրիստոնյա միայնակ ծնողներ գերազանց կերպով են հոգում իրենց ընտանիքի կարիքները։ Բայց, անշուշտ, ամենալավն այն է, երբ ընտանիքում կա երկու ծնող, ու հայրն է առաջնորդություն վերցնում։
5, 6. ա) Ի՞նչ խնդիրների են բախվում նրանք, ովքեր ջանում են իրենց ընտանիքին նյութապես ապահովել։ բ) Աշխատանքի հանդեպ ինչպիսի՞ մոտեցումը կօգնի քրիստոնյա ծնողներին միջոցներ հայթայթել։
5 Ի՞նչ տեսակի հոգածության մասին էր խոսում Պողոսը Ա Տիմոթէոս 5։8–ում։ Համատեքստից երևում է, որ նա ուղղակիորեն խոսում էր ընտանիքի նյութական կարիքների մասին։ Այսօրվա աշխարհում ընտանիքի գլուխը թերևս ստիպված լինի հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ այդ կարիքները հոգալու համար։ Ամբողջ աշխարհում տնտեսական դժվարությունները, ինչպիսիք են՝ աշխատանքից ազատումը, գործազրկության բարձր տոկոսը, ապրուստի հետ կապված ծախսերի ավելացումը, սովորական բան են դարձել։ Ի՞նչ կարող է անել ընտանիքը կերակրողը նման պայմաններում։
6 Ծնողը պետք է միշտ հիշի, որ Եհովայից տրված հանձնարարություն է կատարում։ Պողոսի ներշնչյալ խոսքերը ցույց են տալիս, որ այն անհատը, ով ի վիճակի է հնազանդվել այդ պատվիրանին, սակայն հրաժարվում է դա անել, նման է «հաւատքիցն ուրացած» մարդու։ Քրիստոնյան ամեն ինչ կանի, որ Աստծու աչքում չլինի որպես այդպիսի անձնավորություն։ Ցավոք, այսօրվա աշխարհում շատ մարդիկ «բնական կապվածություն» չունեն (Բ Տիմոթէոս 3։1, 3 ՆԱ)։ Բազմաթիվ հայրեր անգթորեն ու անպատասխանատու ձևով հրաժարվում են կատարել իրենց պարտականությունը՝ ընտանիքին թողնելով անօգնական վիճակում։ Սակայն քրիստոնյա ամուսինները նման կերպ չեն վարվում։ Ի տարբերություն իրենց բազմաթիվ գործընկերների՝ քրիստոնյա ծնողները նույնիսկ ամենահասարակ աշխատանքը համարում են հարգի ու կարևոր, քանի որ այն հնարավորություն է տալիս հոգալ իրենց սիրելիների կարիքները և այդպիսով հաճեցնել Եհովային։
7. Ինչո՞ւ է տեղին, որ ծնողները խորհրդածեն Հիսուսի օրինակի շուրջ։
7 Ընտանիքի հայրերի համար նաև օգտակար կլինի Հիսուսի կատարյալ օրինակի շուրջ խորհրդածելը։ Հիշենք, որ Աստվածաշունչը մարգարեաբար ցույց է տալիս, որ Հիսուսը «Յաւիտենականութեան Հայր» է (Եսայիա 9։6, 7)։ «Վերջին Ադամը»՝ Հիսուսը, արժանի կերպով փոխարինեց ‘առաջին մարդ Ադամին’՝ դառնալով հավատ ունեցող մարդկանց հայրը (Ա Կորնթացիս 15։45, ԱԱ)։ Ի տարբերություն Ադամի, որն իրեն դրսևորեց որպես եսասեր ու միայն իր մասին մտածող հայր՝ Հիսուսը իդեալական հայր է։ Աստվածաշունչը վերջինիս մասին ասում է. «Սորանով գիտացինք Քրիստոսի սէրը, որ նա իր անձը տուաւ մեզ վերայ» (Ա Յովհաննէս 3։16)։ Այո, Հիսուսը պատրաստակամորեն իր կյանքը տվեց ուրիշների համար։ Բայց դա միակ բանը չէր, որ նա արեց. Հիսուսը ամեն օր նույնիսկ աննշան հարցերում էր մարդկանց շահերը սեփական շահերից վեր դասում։ Ծնողնե՛ր, լավ կանեք, եթե ընդօրինակեք Հիսուսի անձնազոհ ոգին։
8, 9. ա) Ի՞նչ կարող են ծնողները սովորել թռչուններից, որոնք անձնազոհաբար խնամում են իրենց ձագերին։ բ) Շատ քրիստոնյա ծնողներ ինչպե՞ս են անձնազոհություն դրսևորում։
8 Ծնողները անձնազոհ սիրո մասին կարող են շատ բան սովորել այն խոսքերից, որոնք Հիսուսն ասաց Աստծու կամակոր ժողովրդին. «Քանի անգամ կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը» (Մատթէոս 23։37)։ Հիսուսը պատկերավոր ձևով ցույց է տալիս, թե ինչպես է հավը ճտերին առնում իր թևերի պաշտպանության տակ։ Իսկապես, ծնողները կարող են շատ բան սովորել մայր թռչնի պաշտպանական բնազդից, որն իր կյանքը չի խնայի հանուն ձագերի։ Բայց այն, ինչ թռչուններն ամեն օր անում են իրենց ձագերի համար, նույնպես արժանի է ուշադրության։ Նրանք անդադար այս ու այն կողմ են թռչում, որպեսզի կերակուր գտնեն։ Անգամ երբ գրեթե ուժ չեն ունենում, նրանք կերակրում են կտուցները լայն բաց արած ձագերին, որոնք կուլ են տալիս սնունդը և սովորաբար էլի են ուզում։ Այն, թե Եհովայի ստեղծած էակներից շատերը ինչպես են կարողանում հոգալ իրենց ձագերի կարիքները, վկայում է նրանց բնազդային իմաստության մասին (Առակաց 30։24, ՆԱ)։
9 Նմանապես, ամբողջ աշխարհում քրիստոնյա ծնողները հիասքանչ ձևով անձնազոհ ոգի են դրսևորում։ Ծնողնե՛ր, դուք ավելի շուտ ինքներդ վնաս կկրեք, քան թույլ կտաք, որ ձեր երեխաները վնասվեն։ Բացի այդ, դուք ամեն օր պատրաստակամորեն զոհողությունների եք գնում, որպեսզի հոգաք նրանց կարիքները։ Ձեզանից շատերը վաղ առավոտյան գնում են աշխատանքի, որը գուցե հոգնեցուցիչ է կամ ձանձրալի։ Դուք աշխատում եք, որպեսզի սննդարար կերակուր լինի տանը։ Դուք ջանք չեք խնայում, որ ձեր երեխաները մաքուր հագնվեն, հարմար պայմաններում ապրեն և բավարար կրթություն ստանան։ Եվ դուք այս ամենն անում եք օրեցօր, տարեցտարի։ Ոչ մի կասկած չկա, որ նման անձնազոհությունն ու տոկունությունը հաճելի են Եհովային (Եբրայեցիս 13։16)։ Բայց միևնույն ժամանակ դուք հիշում եք, որ ձեր զավակները ավելի կարևոր կարիքներ ունեն, որոնք դուք պետք է բավարարեք։
Հոգ տարեք հոգևորապես
10, 11. Մարդու կարիքներից ո՞րն է ամենակարևորը, և քրիստոնյա ծնողները նախևառաջ ի՞նչ պետք է անեն, որպեսզի բավարարեն իրենց երեխաների այդ կարիքը։
10 Նյութական խնամքից ավելի կարևոր է հոգևոր խնամքը։ Հիսուսն ասաց. «Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը» (Մատթէոս 4։4; 5։3)։ Ծնողնե՛ր, ի՞նչ կարող եք անել ձեր երեխաների հոգևոր կարիքները բավարարելու համար։
11 Այս թեմայի հետ կապված ոչ մի սուրբգրային հատված թերևս այնքան հաճախակի չի հիշատակվում, որքան Բ Օրինաց 6։5–7 համարները։ Բաց արեք ձեր Աստվածաշունչը և կարդացեք դրանք։ Ուշադրություն դարձրեք, որ նախևառաջ ծնողներին է պատվեր տրվում կերտել իրենց հոգևորը, սեր մշակել Եհովայի հանդեպ ու սրտանց ընդունել նրա խոսքերը։ Այո, դուք պետք է Աստծու Խոսքը փութաջանորեն ուսումնասիրեք, կանոնավորաբար կարդաք և խորհրդածեք ընթերցածի շուրջ, որպեսզի իսկապես հասկանաք ու սիրեք Եհովայի ճանապարհները, սկզբունքները և օրենքները։ Արդյունքը կլինի այն, որ ձեր սիրտը կլցվի Աստվածաշնչի զմայլեցուցիչ ճշմարտություններով, որոնք կմղեն ձեզ ուրախանալ Եհովայով, ակնածել նրանից ու սիրել նրան։ Դուք ձեր երեխաներին շատ բարի բաներ կունենաք տալու։
12. Ինչպե՞ս կարող են ծնողներն ընդօրինակել Հիսուսին աստվածաշնչյան ճշմարտությունները երեխաների սրտում արմատավորելու հարցում։
12 Հոգևորապես ուժեղ ծնողները կարո՛ղ են կիրառել Բ Օրինաց 6։7–ում գրված խորհուրդը, այն է՝ Եհովայի խոսքերը զավակներին ‘կրկնել’ ամեն մի առիթով։ ‘Կրկնել’ թարգմանված եբրայերեն բառը նշանակում է՝ նորից ու նորից ասելով սովորեցնել, տպավորել։ Եհովան շատ լավ գիտի, որ բոլորս էլ, մասնավորապես երեխաները, ինչ–որ բան սովորելու համար կրկնելու կարիք ունենք։ Այդ իսկ պատճառով Հիսուսը իր ծառայության մեջ օգտագործեց կրկնության մեթոդը։ Օրինակ՝ երբ իր աշակերտներին սովորեցնում էր խոնարհ և ոչ թե հպարտ ու մրցակցող լինել, նա միևնույն սկզբունքը կրկնելու զանազան ձևեր էր գտնում։ Ուսուցանելիս Հիսուսը տրամաբանում էր, օրինակ էր բերում և նույնիսկ ցուցադրում ասածը (Մատթէոս 18։1–4; 20։25–27; Յովհաննէս 13։12–15)։ Սակայն ուշագրավ է այն, որ Հիսուսը երբեք անհամբերություն չդրսևորեց։ Նմանապես, ծնողները երեխաներին հիմնական ճշմարտությունները սովորեցնելու համար պետք է տարբեր ձևեր գտնեն՝ համբերատարությամբ կրկնելով Եհովայի սկզբունքները, մինչև որ զավակները դրանք լիովին հասկանան ու կիրառեն։
13, 14. Ի՞նչ հնարավորություններ կան, որոնցից օգտվելով՝ ծնողները կարող են աստվածաշնչային ճշմարտություններն արմատավորել երեխաների սրտում, և ի՞նչը նրանց կարող է օգնել այս հարցում։
13 Երեխաներին հոգևորապես կրթելու համար ընտանեկան ուսումնասիրությունից ավելի լավ հնարավորություն չկա։ Իրոք որ, Աստվածաշնչի կանոնավոր, կերտիչ և ուրախ ընտանեկան ուսումնասիրությունները ընտանիքի առողջ հոգևոր վիճակի հիմքն են հանդիսանում։ Ամբողջ աշխարհում քրիստոնեական ընտանիքները մեծ հաճույքով նման ուսումնասիրություններ են անցկացնում՝ օգտվելով Եհովայի կազմակերպության հրատարակություններից և ուսումնասիրությունը հարմարեցնելով երեխաների կարիքներին։ Այս առումով մեծ օրհնություն է «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը, ինչպես նաև «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը (ռուս.)։b Այդուհանդերձ, ընտանեկան ուսումնասիրությունը երեխաներին սովորեցնելու միակ հնարավորությունը չէ։
14 Ինչպես երևում է Բ Օրինաց 6։7 համարից, շատ հնարավորություններ կան, որոնցից օգտվելով՝ դո՛ւք, ծնողնե՛ր, կարող եք հոգևոր բաներ քննարկել ձեր զավակների հետ։ Անկախ նրանից՝ միասին ճանապարհորդում եք, գործ եք անում թե հանգստանում՝ դուք կարող եք հնարավորություններ գտնել ձեր երեխաների հոգևոր կարիքները բավարարելու համար։ Իհարկե, հարկ չկա երեխաներին անդադար «քարոզ կարդալ» աստվածաշնչային ճշմարտությունների մասին։ Դրա փոխարեն՝ ձգտեք, որ ընտանեկան զրույցները միշտ կերտիչ ու հոգևոր մակարդակի վրա լինեն։ Օրինակ՝ «Արթնացե՛ք» պարբերագրում տպագրվում են բազմաթիվ հոդվածներ ամենատարբեր թեմաներով։ Օգտվելով այդ հոդվածներից՝ կարելի է երեխաների հետ զրուցել Եհովայի ստեղծած կենդանական աշխարհի, երկրագնդի գեղատեսիլ վայրերի, ինչպես նաև զանազան մշակույթների ու մարդկանց նիստուկացի մասին։ Նման զրույցները գուցե մղեն երեխաներին ավելի շատ կարդալ հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի հրատարակությունները (Մատթէոս 24։45–47)։
15. Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին, որ նրանք քրիստոնեական ծառայությունը հետաքրքիր և հաճելի գործ համարեն։
15 Երեխաների հետ օգտակար զրույցներ ունենալով՝ դուք կկարողանաք բավարարել նրանց մեկ ուրիշ հոգևոր կարիքը։ Քրիստոնյա երեխաները կարիք ունեն սովորելու, թե ինչպես իրենց հավատի մասին արդյունավետորեն խոսեն մարդկանց հետ։ «Դիտարանից» կամ «Արթնացե՛ք»–ից որևէ հետաքրքիր մտքի շուրջ խոսելիս դուք գուցե կարողանաք այն կապել ծառայության հետ։ Օրինակ՝ կարող եք հարցնել երեխային. «Լավ չի՞ լինի, եթե Եհովայի մասին այս ճշմարտությունն ավելի շատ մարդ իմանա։ Քո կարծիքով՝ ինչպե՞ս կարող ենք հետաքրքրել մարդուն այս թեմայով»։ Այդպիսի քննարկումները կարող են երեխաների մեջ ավելի մեծ ցանկություն առաջացնել խոսելու ուրիշների հետ իրենց սովորածի մասին։ Իսկ երբ նրանք ձեզ հետ մասնակցում են ծառայությանը, ակնառու ձևով տեսնում են, թե ինչպես կարելի է սովորածը գործնականում կիրառել։ Բացի այդ, նրանք նաև տեսնում են, որ ծառայությունը հետաքրքիր գործ է և մեծ ուրախություն ու բավականություն է պատճառում (Գործք 20։35)։
16. Ի՞նչ կարող են երեխաները սովորել ծնողների աղոթքներից։
16 Ծնողները երեխաների հոգևոր կարիքները բավարարում են նաև աղոթքի միջոցով։ Հիսուսը իր աշակերտներին աղոթել սովորեցրեց և շատ անգամ նրանց հետ միասին աղոթեց (Ղուկաս 11։1–13)։ Հապա խորհեք, թե նրանք որքան շատ բան սովորեցին՝ իրենց ականջով լսելով Եհովայի Որդու աղոթքները։ Նույն ձևով՝ երեխաները ձեր աղոթքներից կարող են շատ բան սովորել։ Օրինակ՝ նրանք կսովորեն, որ Եհովան ցանկանում է, որ մենք անկաշկանդ ու սրտանց դիմենք իրեն՝ իր հետ խոսելով մեզ հուզող ցանկացած հարցի շուրջ։ Այո, ձեր աղոթքները կօգնեն երեխաներին սովորելու մի շատ կարևոր հոգևոր ճշմարտություն. նրանք կարո՛ղ են իրենց երկնային Հոր հետ փոխհարաբերություններ ունենալ (Ա Պետրոս 5։7)։
Հոգ տարեք էմոցիոնալ առումով
17, 18. ա) Ինչպե՞ս է Աստվածաշունչը շեշտում երեխաների հանդեպ սեր ցուցաբերելու կարևորությունը։ բ) Ինչպե՞ս պետք է հայրերը ընդօրինակեն Եհովային երեխաների հանդեպ սեր դրսևորելու մեջ։
17 Անշուշտ, երեխաները նաև ունեն էմոցիոնալ կարիքներ, որոնց բավարարումը չի կարելի հետաձգել։ Աստծու Խոսքը շեշտում է այդ կարիքները բավարարելու կարևորությունը։ Օրինակ՝ երիտասարդ կանանց հորդոր է տրվում լինել «որդեսէր»։ Հունարեն բնագրում՝ երիտասարդ մայրերին տրված այս հորդորը կապվում է նրանց մտածելակերպը շտկելու, առողջ դատողություն ունենալու հետ (Տիտոս 2։4)։ Այո, խելամիտ է սեր արտահայտել երեխաների հանդեպ։ Զգալով, որ սիրված է ծնողի կողմից՝ երեխան սովորում է սիրել, և բացի այդ, ծնողական սերը երկարատև օգուտներ է բերում նրան։ Բայց ծնողը անմտորեն է վարվում, եթե սեր չի ցուցաբերում իր երեխայի հանդեպ։ Սիրո պակասը մեծ ցավ է պատճառում նրան։ Դա վկայում է այն մասին, որ ծնողը չի ընդօրինակում Եհովային, որը անսահման սեր է ցուցաբերում մեր հանդեպ՝ չնայած մեր թերություններին (Սաղմոս 103։8–14)։
18 Եհովան նույնիսկ ինքն է նախաձեռնություն հանդես բերում իր երկրային զավակներին սիրելու մեջ։ Ինչպես Ա Յովհաննէս 4։19–ում է գրված, «առաջ նա սիրեց մեզ»։ Մասնավորապես դո՛ւք, հայրե՛ր, պետք է ընդօրինակեք Եհովային՝ նախաձեռնություն ցուցաբերելով ձեր ու ձեր երեխաների միջև սիրո ամուր կապեր հաստատելու համար։ Աստվածաշունչը հայրերին խորհուրդ է տալիս չզայրացնել երեխաներին, որպեսզի նրանք «չ’վհատին» (Կողոսացիս 3։21)։ Քիչ բան կա, որ կարող է զայրացնել երեխային ավելի, քան այն միտքը, թե իր ծնողն իրեն չի սիրում կամ չի գնահատում։ Այն հայրերը, ովքեր թերանում են արտահայտել իրենց զգացմունքները, լավ կանեն, եթե հիշեն Եհովայի օրինակը։ Եհովան նույնիսկ երկնքից խոսեց, որպեսզի իր սերն ու հավանությունը արտահայտի իր Որդու հանդեպ (Մատթէոս 3։17; 17։5)։ Որքա՜ն էր, ըստ ամենայնի, քաջալերվել Հիսուսը։ Նմանապես, երեխաները քաջություն և զորություն են ստանում իրենց ծնողների սիրո ու հավանության անկեղծ արտահայտումներից։
19. Ինչո՞ւ է խրատելը կարևոր, և ինչպե՞ս են քրիստոնյա ծնողները ձգտում հավասարակշռվածություն պահպանել։
19 Ինչ խոսք, ծնողական սերը ավելին է, քան խոսքերը։ Սերը հիմնականում գործով է դրսևորվում։ Նյութապես և հոգևորապես հոգ տանելը կարող է լինել ծնողական սիրո արտահայտություն, հատկապես եթե ծնողները դա անում են՝ գլխավորապես սիրուց մղված։ Ծնողական սիրո արտահայտություն է նաև երեխային խրատելը։ Ինքը Եհովան «իրան սիրածին խրատում է» (Եբրայեցիս 12։6)։ Իսկ եթե ծնողը չի խրատում երեխային, դա, փաստորեն, խոսում է նրա՝ իր զավակի հանդեպ ունեցած ատելության մասին (Առակաց 13։24)։ Եհովան միշտ հավասարակշռվածություն է դրսևորում՝ խրատելով «չափաւորութեամբ» (Երեմիա 46։28)։ Անկատար ծնողների համար այդպիսի հավասարակշռվածություն դրսևորելը միշտ չէ, որ հեշտ է։ Բայցևայնպես, արժե ամեն ջանք թափել այդ ուղղությամբ։ Հաստատակամորեն, բայց սիրով տրված խրատները կօգնեն երեխային ապագայում երջանիկ և արգասաբեր կյանքով ապրել (Առակաց 22։6)։ Մի՞թե յուրաքանչյուր քրիստոնյա ծնող հենց այսպիսի կյանք չի ցանկանում իր զավակի համար։
20. Ինչպե՞ս կարող են ծնողներն իրենց երեխաներին տալ ‘կյանքը ընտրելու’ լավագույն հնարավորությունը։
20 Ծնողնե՛ր, եթե դուք կատարեք այն կարևոր հանձնարարությունը, որ Եհովան տվել է ձեզ՝ հոգալ երեխաների նյութական, հոգևոր և էմոցիոնալ կարիքները, ապա մեծ օրհնություններ կստանաք։ Վարվելով այդպես՝ դուք նրանց կտաք լավագույն հնարավորությունը՝ ‘ընտրելու կյանքը’, իսկ այնուհետև ‘ապրելու’ այդ կյանքով (Բ Օրինաց 30։19)։ Այն երեխաները, ովքեր, մեծանալով, որոշում են ծառայել Եհովային և մնում են կյանքի ճանապարհին, աննկարագրելի ուրախություն են պարգևում իրենց ծնողներին (Սաղմոս 127։3–5)։ Այդ ուրախությունը անվերջ կլինի։ Բայց մեր օրերում ինչպե՞ս կարող են երեխաները գովաբանել Եհովային։ Հաջորդ հոդվածում կխոսենք այս մասին։
[ծանոթագրություններ]
a Այս հոդվածում, որպես ընտանիքի կարիքները հոգացող, գլխավորապես նկատի է առնվում ամուսինը։ Սակայն սկզբունքները կիրառելի են նաև քրիստոնյա այն կանանց դեպքում, որոնց վրա ընկած է ընտանիքի կարիքները հոգալու պատասխանատվությունը։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Ինչպե՞ս կպատասխանեք
Ի՞նչ կարող են ծնողներն անել, որպեսզի իրենց երեխաներին հոգ տանեն
• նյութապես,
• հոգևորապես,
• էմոցիոնալ առումով։
[նկար 18–րդ էջի վրա]
Շատ թռչուններ անխոնջ աշխատում են իրենց ձագերին հոգ տանելու համար
[նկար 20–րդ էջի վրա]
Ծնողները նախևառաջ պետք է կերտեն իրենց հոգևորը
[նկարներ 20–րդ և 21–րդ էջերի վրա]
Ծնողները կարող են շատ առիթներ գտնել, որպեսզի երեխաներին սովորեցնեն Արարչի մասին
[նկար 22–րդ էջի վրա]
Երեխաները զորություն և քաջություն են ստանում, երբ ծնողները դրսևորում են իրենց հավանությունը նրանց հանդեպ