ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
1, 2. Ո՞ւմ օգնությանը պետք է դիմեն ծնողները երեխաների դաստիարակության հարցում։
«ԱՀԱ որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են»,— երախտագիտության նման խոսքեր է ասել երեք հազար տարի առաջ ապրած մի ծնող (Սաղմոս 127։3)։ Իսկապես, ծնող լինելու ուրախությունը Աստծուց շնորհված մեծ պարգև է մարդկությանը, և այն վայելում է ամուսնացած մարդկանց մեծամասնությունը։ Սակայն երեխայի լույս աշխարհ գալուց հետո ծնողները շուտով հասկանում են, որ ուրախության հետ մեկտեղ երեխայի ծնունդը նաև որոշակի պատասխանատվություններ է բերում։
2 Երեխա մեծացնելը, հատկապես մեր օրերում, իրոք որ դժվարին գործ է։ Չնայած դրան՝ շատերը հաջողությամբ են այն իրականացրել, իսկ սաղմոսերգուն Աստծուց ներշնչված գրել է, թե դա ինչպես է հնարավոր. «Եթէ Տէրը չ’շինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները» (Սաղմոս 127։1)։ Որքան ճշգրտորեն հետևեք Եհովայի տված հրահանգներին, այնքան ավելի լավ ծնող կլինեք։ Աստվածաշունչն ասում է. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր» (Առակաց 3։5)։ Պատրա՞ստ եք արդյոք երեխայի դաստիարակության 20–ամյա ծրագրին անցնելու հետ մեկտեղ լսել Եհովայի խորհուրդը։
ՏԵՍԵՔ, ԹԵ ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
3. Ի՞նչ պարտականություն է դրված հոր ուսերին՝ կապված երեխայի դաստիարակության հետ։
3 Աշխարհի շատ մասերում տղամարդիկ այն կարծիքին են, թե երեխայի դաստիարակությունը միայն կնոջ պարտականությունն է։ Ճիշտ է, Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, հորը հիմնականում հատկացնում է կերակրողի դերը։ Սակայն այնտեղ նշվում է նաև, որ նա տանը ևս որոշակի պարտականություններ ունի կատարելու։ «Պատրաստիր դրսի գործքդ, եւ բանդ կարգադրիր դաշտումը, յետոյ էլ շինիր տունդ» (Առակաց 24։27)։ Աստծո տեսանկյունից՝ երեխայի դաստիարակության հարցում հայրը և մայրը պետք է համագործակցեն իրար հետ (Առակաց 1։8, 9)։
4. Ինչո՞ւ չի կարելի տղա երեխաներին վեր դասել աղջիկներից։
4 Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր երեխաներին։ Հայտնի է, որ ասիական շատ երկրներում աղջիկ երեխայի ծնվելը հաճախ «չի ողջունվում» ծնողների կողմից։ Հաղորդագրությունների համաձայն՝ աղջիկ երեխաների նկատմամբ նախապաշարում դեռևս գոյություն ունի Լատինական Ամերիկայում՝ նույնիսկ, այսպես կոչված, «լուսավորված ընտանիքներում»։ Սակայն աղջիկ երեխաները «երկրորդ կարգի» երեխաներ չեն։ Հնում հայտնի մի հայր՝ Հակոբը, իր երեխաների, այդ թվում նաև իր աղջիկ երեխաների մասին ասաց, որ նրանք բոլորն էլ պարգև են Աստծուց (Ծննդոց 33։1–5; 37։35)։ Նմանապես, երբ Հիսուսի մոտ բերեցին երեխաներ (տղա թե աղջիկ), նա օրհնեց նրանց (Մատթէոս 19։13–15)։ Կարող ենք վստահ լինել, որ դրանով Հիսուսն արտացոլեց Եհովայի տեսակետը (Բ Օրինաց 16։14)։
5. Նախօրոք ի՞նչ պետք է կշռադատեն ամուսինները և հետո միայն որոշեն, թե քանի երեխա են ցանկանում ունենալ։
5 Արդյոք ձեր շրջապատում ընդունվա՞ծ է, որ կինը հնարավորին չափ շատ երեխաներ ծնի։ Ճիշտ է, ամուսիններն իրենք են որոշում, թե քանի երեխա ունենան։ Սակայն ի՞նչ, եթե նրանք ի վիճակի չեն կերակրել, հագցնել և կրթության տալ իրենց թվով շատ երեխաներին։ Չի կարելի այս հանգամանքն աչքաթող անել, երբ որոշում եք, թե քանի երեխա ունենալ։ Որոշ ծնողներ, տեսնելով, որ ի վիճակի չեն հոգալու իրենց բոլոր երեխաների կարիքները, նրանցից ոմանց հանձնում են մոտիկ ազգականների խնամքին։ Արդյո՞ք դա ցանկալի է։ Անկեղծորեն ասած՝ ոչ։ Նման վարվելակերպը չի ազատում ծնողներին իրենց երեխաների հանդեպ ունեցած պարտականությունից։ Աստվածաշունչն ասում է. «Եթէ մէկը իրեններուն ու մանաւանդ իր ընտանիքին հոգ չի տանիր, անիկա հաւատքը ուրացած է» (Ա Տիմոթէոս 5։8, ԱԱ)։ Իրենց պարտականություններին մեծ պատասխանատվությամբ մոտեցող ամուսինները աշխատում են ունենալ այնքան երեխա, որ ի վիճակի լինեն ‘հոգ տանել ընտանիքին’։ Իսկ կարելի՞ է հղիությունից պաշտպանվելու համար միջոցներ գործածել։ Սա նույնպես անձնական որոշման հարց է, և եթե ամուսինները որոշում են պաշտպանվել, ապա այն, թե ինչ հակաբեղմնավորիչ կօգտագործեն, կախված է նրանց անձնական ընտրությունից։ «Ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ» (Գաղատացիս 6։5)։ Սակայն հարկ է նշել, որ այն հակաբեղմնավորիչները, որոնք դիտվում են որպես արհեստական վիժման միջոց, հակասում են աստվածաշնչյան սկզբունքներին։ «Կեանքի աղբիւրը» Եհովա Աստված է (Սաղմոս 36։9)։ Ուստի կյանքը սկզբնավորելուց հետո այն ոչնչացնելը հավասարազոր է սպանության և ցույց է տալիս մարդու խիստ անհարգալից վերաբերմունքը Եհովայի հանդեպ (Ելից 21։22, 23; Սաղմոս 139։16, ԱԱ; Երեմիա 1։5)։
ԲԱՎԱՐԱՐԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ
6. Ե՞րբ պետք է սկսել երեխայի դաստիարակությունը։
6 «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ»,— ասում է Առակաց 22։6–ը։ Երեխային կրթելը կամ դաստիարակելը նույնպես ծնողների կարևոր պարտականությունն է։ Ե՞րբ է հարկավոր սկսել երեխայի դաստիարակությունը. վաղ հասակից։ Պողոս առաքյալը գրում է, որ Տիմոթեոսը իր «մանկութիւնից» էր դաստիարակված եղել (Բ Տիմոթէոս 3։15)։ Այս համարում օգտագործված հունարեն բառը կարող է վերաբերել կամ մանկահասակ կամ էլ նույնիսկ դեռ չծնված երեխային (Ղուկաս 1։41, 44; Գործք 7։18–20)։ Ուստի Տիմոթեոսը դաստիարակվել կամ կրթվել է դեռևս մանուկ հասակից. և դա է ճիշտը։ Մանուկ հասակը ամենալավ ժամանակն է՝ երեխայի դաստիարակությունը սկսելու։ Նույնիսկ փոքրիկ երեխան կարող է ծարավ լինել գիտելիքի։
7. ա) Ինչո՞ւ է կարևոր, որ երկու ծնողներն էլ ջերմ հարաբերություններ զարգացնեն իրենց երեխայի հետ։ բ) Ինչպիսի՞ փոխհարաբերություններ է Եհովան ունեցել իր միածին Որդու հետ։
7 «Իմ մանկիկին ես սիրեցի առաջին իսկ հայացքից»,— ասում է մի մայր։ Համարյա բոլոր մայրերն էլ անշուշտ նույնը կասեն։ Քանի որ մանկիկի ծնվելուց հետո մայրը ամբողջ ժամանակ նրա հետ է, ուստի մոր և երեխայի միջև կապվածությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է ամրանում։ Կրծքով կերակրելն է՛լ ավելի է նպաստում այդ կապվածությանը (համեմատի՛ր Ա Թեսաղոնիկեցիս 2։7)։ Մայրական փաղաքշանքներն ու զրույցները կարևորագույն դեր են խաղում փոքրիկի էմոցիոնալ կարիքները բավարարելու հարցում (համեմատի՛ր Եսայիա 66։12)։ Իսկ ի՞նչ պետք է անի հայրը։ Նա նույնպես պետք է աշխատի մտերմանալ փոքրիկի հետ։ Այդ հարցում ինքը՝ Եհովան, մեզ համար լավ օրինակ է ծառայում։ Իր միածին Որդու հետ ունեցած փոխհարաբերությունների մասին մեզ տեղեկացնում է «Առակաց» գիրքը, որտեղ այդ Որդին ներկայացվում է հետևյալ խոսքերն ասելիս. «Տէրն ինձ ուներ իր ճանապարհի սկզբումը, իր վաղեմի գործքերիցն առաջ։ Այն ժամանակ ես.... նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ» (Առակաց 8։22, 30; Յովհաննէս 1։14)։ Այսպիսով՝ սիրող հայրը ջերմ հարաբերություններ է հաստատում իր զավակի հետ նրա կյանքի առաջին իսկ օրերից։ «Ցո՛ւյց տվեք ձեր ողջ սերը։ Դեռ ոչ մի երեխա չի մահացել համբույրներից ու գգվանքներից»,— խորհուրդ է տալիս մի հայր։
8. Ի՞նչպես կարող են ծնողները խթանել երեխայի մտային կարողությունների զարգացումը դեռևս վաղ հասակից։
8 Պետք է հաշվի առնել, սակայն, որ երեխաներին ավելին է հարկավոր։ Ծնված օրից երեխայի ուղեղը պատրաստ է տեղեկություններ ընդունելու և այն պահելու, իսկ այդ տեղեկությունների գլխավոր աղբյուրը ծնողներն են։ Որպես օրինակ վերցնենք լեզուն։ Հետազոտողներն ասում են, որ այն, թե որքանով երեխան կսովորի լավ խոսել ու կարդալ, «ինչպես որ ենթադրվում է, կախված է դեռևս վաղ հասակից ծնողների հետ ունեցած նրա փոխհարաբերությունից»։ Խոսեք ձեր մանկիկի հետ և կարդացեք նրա համար՝ ծնված օրից սկսած։ Շատ շուտով նա կցանկանա ընդօրինակել ձեզ, և կարճ ժամանակ անց արդեն կարող եք նրան կարդալ սովորեցնել։ Շնորհիվ ձեր գործադրած ջանքերի՝ ձեր երեխան, ամենայն հավանականությամբ, կարդալ կսովորի նախքան իր դպրոց գնալը։ Դա հատկապես օգտակար է, եթե ապրում եք այնպիսի երկրում, որտեղ ուսուցիչները թվով քիչ են, իսկ դասարանները՝ միշտ լեփ–լեցուն։
9. Ո՞ր կարևորագույն նպատակը պետք է իրենց աչքի առաջ ունենան ծնողները։
9 Քրիստոնյա ծնողների գլխավոր մտահոգությունը երեխայի հոգևոր կարիքների բավարարումն է (տե՛ս Բ Օրինաց 8։3)։ Նպատա՞կը. օգնել երեխային Քրիստոսին նմանվող անձնավորություն կերտել իր մեջ, այսինքն՝ «նոր մարդ» (Եփեսացիս 4։24)։ Իսկ դրա համար ծնողները պետք է պիտանի «շինարարական գործիքներ» և «շինարարական մեթոդներ» գտնեն։
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐՄԱՆԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ՍՐՏՈՒՄ
10. Ի՞նչ հատկություններ զարգացնելու կարիք ունեն երեխաները։
10 Ցանկացած կառույցի որակը մեծ մասամբ կախված է նրանից, թե շինարարության ժամանակ ինչ նյութեր են օգտագործվել։ Ինչպես նշել է Պողոս առաքյալը, քրիստոնյա անձնավորություն կերտելու համար լավագույն հումք կարող են ծառայել «ոսկին, արծաթը, ազնիւ քարերը» (Ա Կորնթացիս 3։10–12)։ Այս նյութերը ներկայացնում են այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ հավատը, իմաստությունը, խորաթափանցությունը, հավատարմությունը, հարգանքն ու երախտագիտությունը Եհովայի ու նրա սահմանած օրենքների հանդեպ (Սաղմոս 19։7–11; Առակաց 2։1–6; 3։13, 14)։ Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել երեխաներին դեռ վաղ մանկությունից իրենց մեջ նման հատկություններ մշակել. հետևելով վաղուց ի վեր սահմանված մի կարգի։
11. Ինչպե՞ս պետք է իսրայելացի ծնողներն օգնեին իրենց երեխաներին աստվածահաճո հատկություններ զարգացնել։
11 Նախքան Իսրայել ազգի՝ Ավետյաց երկիր մտնելը, Եհովան իսրայելացի ծնողներին հետևյալ պատվերը տվեց. «Այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր [«սերմանիր», ՆԱ] նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6։6, 7)։ Այո, ծնողները պետք է օրինակ ծառայեն իրենց երեխաներին, նրանց ընկեր լինեն, հաղորդակցվեն նրանց հետ և սովորեցնեն։
12. Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները լավ օրինակ ծառայեն իրենց երեխաներին։
12 Օրինակ ծառայեք։ Նախ՝ Եհովան նշեց. «Այս խօսքերը.... քո սրտի մէջ լինեն»։ Ապա միայն ավելացրեց. «[Սերմանիր] նորանք քո որդկանցը»։ Ուրեմն աստվածահաճո հատկությունները նախ պետք է արմատներ ձգեն ծնողների սրտում։ Առաջին հերթին՝ ծնողն ինքը պետք է սիրի ճշմարտությունն ու ապրի դրա համաձայն։ Միայն այդ դեպքում նրան կհաջողվի հասնել իր զավակի սրտին (Առակաց 20։7)։ Ինչո՞ւ։ Քանի որ երեխաների վրա ավելի մեծ ազդեցություն է գործում իրենց աչքերով տեսածը, քան լսածը (Ղուկաս 6։40; Ա Կորնթացիս 11։1)։
13. Երեխաներին ժամանակ տրամադրելիս ինչպե՞ս կարող են քրիստոնյա ծնողները հետևել Հիսուսի թողած օրինակին։
13 Եղեք ընկերներ։ Եհովան իսրայելացի ծնողներին ասել էր. «Խօսիր նորանց [հետ] քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ»։ Ուստի որքան էլ զբաղված լինեն ծնողները, պետք է ժամանակ հատկացնեն իրենց երեխաներին։ Հիսուսն ակներևաբար հասկանում էր, որ հարկավոր է երեխաներին ժամանակ տրամադրել։ Իր երկրային ծառայության վերջին օրերին «նորա մօտ երեխաներ էին բերում՝ որ դպչի նորանց»։ Ինչպիսի՞ն էր նրա վերաբերմունքը։ «Նորանց առաւ գիրկը, ձեռքը դրաւ նորանց վերայ, եւ օրհնեց նորանց» (Մարկոս 10։13, 16)։ Մի պահ պատկերացրեք. Հիսուսի երկրային կյանքի ժամերն արդեն հաշված էին, բայց նա ժամանակ և ուշադրություն հատկացրեց երեխաներին։ Ինչպիսի՜ դաս մեզ համար։
14. Ինչո՞վ է օգտակար, երբ ծնողները ժամանակ են անցկացնում երեխաների հետ։
14 Աշխատեք շատ հաղորդակցվել։ Երեխայի հետ ժամանակ անցկացնելով՝ կսովորեք հաղորդակցվել նրա հետ։ Որքան շատ հաղորդակցվեք, այնքան ավելի լավ կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում նրա անձնավորությունը։ Հիշեք, սակայն, որ հաղորդակցվելն ավելին է նշանակում, քան միայն երեխայի հետ զրուցելը։ Բրազիլիայից մի մայր պատմում է. «Պետք է սովորեի լսել... լսել սրտով»։ Նրա համբերությունը վարձատրվեց, երբ որդին սկսեց խոսել մոր հետ իր զգացումների մասին։
15. Ինչի՞ մասին է հարկավոր հիշել, երբ հերթը հասնում է հանգստին։
15 Երեխաներն էլ «ծիծաղելու ժամանակ[ի]» և «պարելու ժամանակ[ի]», այսինքն՝ հանգստի կարիք ունեն (Ժողովող 3։1, 4; Զաքարիա 8։5)։ Այդ ժամանակն իսկապես արդյունավետ է դառնում, երբ ծնողներն ու երեխաները միասին են անցկացնում այն։ Ցավալի է, որ շատ տներում ընտանիքի անդամները իրենց հանգստի ժամերը անց են կացնում հեռուստացույցի առջև։ Ճիշտ է, որոշ հեռուստահաղորդումներ հնարավոր է հետաքրքրաշարժ են, սակայն մեծ մասամբ դրանք ոտնահարում են բարոյական արժեքները, իսկ միացված հեռուստացույցն արդեն խանգարում է հաղորդակցվելուն։ Ինչո՞ւ, ուրեմն, ձեր երեխայի հետ միասին չզբաղվեք որևէ ստեղծագործական աշխատանքով։ Երգեք, խաղեր խաղացեք, շփվեք ընկերների հետ, հետաքրքիր վայրեր այցելեք։ Այսպիսի զբաղմունքները միմիայն կնպաստեն ձեր հաղորդակցությանը։
16. Ի՞նչ պետք է ծնողներն իրենց երեխաներին սովորեցնեն Եհովայի մասին և ինչպե՞ս պետք է դա անեն։
16 Եղեք ուսուցիչ։ «[Սերմանիր այս խոսքերը] քո որդկանցը»,— ասել էր Եհովան։ Համատեքստից պարզ երևում է, թե ի՛նչն էր հարկավոր սերմանել և ինչպե՛ս։ Նախ ասվել էր՝ «սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ» (Բ Օրինաց 6։5)։ Ապա՝ «այս խոսքերը.... սերմանիր»։ Դաստիարակեք երեխային՝ ձգտելով անկեղծ սեր զարգացնել նրա մեջ Եհովայի և նրա օրենքների հանդեպ (համեմատի՛ր Եբրայեցիս 8։10)։ «Սերմանել» նշանակում է՝ կրկնության միջոցով սովորեցնել։ Ուստի Եհովան, ըստ էության, մեզ հուշում է, որ երեխաների մեջ աստվածահաճո հատկություններ զարգացնելու համար ամենամեծ օգնությունը կլինի այն, որ իր մասին միշտ խոսենք նրանց հետ։ Դա ընդգրկում է նաև նրանց հետ կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրելը։
17. Ի՞նչ ցանկություն թերևս պետք է ծնողները զարգացնեն իրենց երեխայի մեջ և ինչո՞ւ։
17 Ծնողների մեծամասնությունը գիտի, թե որքան դժվար է երեխայի սրտին հասնելը։ Պետրոս առաքյալը իր քրիստոնյա հավատակիցներին հորդորեց. «Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր անխարդախ կաթին» (Ա Պետրոս 2։2)։ «Ցանկացէք» բառը ենթադրում է, որ շատերը չունեն հոգևոր կերակրի հանդեպ բնական ցանկություն։ Այդ իսկ պատճառով ծնողները թերևս մտածեն, թե ինչ ուղիներով կարելի է այդ ցանկությունը զարգացնել իրենց երեխայի մեջ։
18. Հիսուսի ուսուցանելու ո՞ր մեթոդներն են խորհուրդ տրվում ծնողներին կիրառել։
18 Հիսուսը մարդկանց սրտերին էր հասնում՝ իր խոսքում օրինակներ գործածելով (Մարկոս 13։34; Ղուկաս 10։29–37)։ Այս մեթոդը հատկապես մեծ օգուտներ է տալիս երեխաներին ուսուցանելիս։ Աստվածաշնչյան սկզբունքները նրանց սովորեցրեք վառ գույներով և պատկերներով զարդարված պատմությունների օգնությամբ, որոնք կարող եք գտնել այնպիսի հրատարակություններում, ինչպիսին է, օրինակ, «Աստվածաշնչյան պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։a Թույլ տվեք, որ երեխաներն էլ մասնակցեն քննարկմանը։ Հնարավորություն տվեք նրանց օգտագործելու իրենց ստեղծագործական կարողությունները՝ նկարելով և բեմականացնելով աստվածաշնչյան դեպքերը։ Հիսուսը նաև դիմում էր հարցերի օգնությանը (Մատթէոս 17։24–27)։ Ընդօրինակեք նրան ձեր ընտանեկան ուսումնասիրությունների ժամանակ։ Աստծո օրենքը պարզապես մեջբերելու փոխարեն՝ հարցրեք. «Ինչո՞ւ է Եհովան տվել մեզ այս օրենքը։ Ինչո՞ւ է անհրաժեշտ այն պահել, և ի՞նչ կպատահի, եթե այն խախտենք»։ Նման հարցերն օգնում են երեխային տրամաբանել և հասկանալ, որ Աստծո օրենքները գործնական են և օգտակար (Բ Օրինաց 10։13)։
19. Ի՞նչ օգուտներ կստանան երեխաները, եթե ծնողները նրանց նկատմամբ կիրառեն աստվածաշնչյան սկզբունքները։
19 Օրինակ ծառայելով ձեր երեխային, նրան ընկեր լինելով, հաղորդակցվելով և ուսուցանելով՝ կօգնեք նրան մանուկ հասակից մտերիմ փոխհարաբերություններ հաստատել Եհովա Աստծո հետ։ Շնորհիվ այդ մտերմության՝ ձեր երեխան հետագայում կդառնա երջանիկ քրիստոնյա անձնավորություն։ Եվ այդժամ նույնիսկ հասակակիցների ճնշման տակ գտնվելիս ու գայթակղությունների հանդիպելիս նա կձգտի իր հավատին ներդաշնակ ապրել։ Միշտ օգնեք նրան գնահատել այդ թանկագին փոխհարաբերությունները (Առակաց 27։11)։
ԽՐԱՏԻ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԸ
20. Ի՞նչ է նշանակում խրատել, և ինչպե՞ս պետք է դա անել։
20 Խրատել նշանակում է՝ ուսուցանել՝ շտկելով միտքը և սիրտը։ Երեխաները միշտ էլ խրատի կարիք ունեն։ Պողոսը բոլոր հայրերին քաջալերում է մեծացնել իրենց զավակներին «Տէրոջը վարժութիւնովն ու խրատովը» (Եփեսացիս 6։4, ԱԱ)։ Ծնողները պետք է երեխաներին խրատեն սիրով, ինչպես Եհովան (Եբրայեցիս 12։4–11)։ Իսկ սիրով խրատելն այն է, երբ ծնողը բացատրում է նաև, թե ինչու է դա անում։ Դրա համար Աստվածաշունչը մեզ հորդոր է տալիս ‘խրատ լսել’ (Առակաց 8։33)։ Ինչպե՞ս պետք է խրատել երեխային։
21. Ո՞ր սկզբունքները պետք է մտապահեն ծնողները իրենց երեխաներին խրատելիս։
21 Որոշ ծնողներ կարծում են, թե խրատել երեխային դա նույնն է, ինչ խոսել նրանց հետ ձայնի սպառնալից տոնով, կշտամբել կամ էլ նույնիսկ խոսքով վիրավորել նրանց։ Սակայն այս առումով Պողոսը զգուշացնում է. «Հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը» (Եփեսացիս 6։4)։ Բոլոր քրիստոնյաներին խորհուրդ է տրվում լինել «հեզահոգի.... հակառակողներին հանդարտութիւնով խրատել» (Բ Տիմոթէոս 2։24, 25)։ Քրիստոնյա ծնողները թեպետև գիտակցում են, որ երեխաներին խրատելու համար հաստատակամություն է հարկավոր, սակայն ջանում են չմոռանալ վերոհիշյալ խորհուրդը։ Այնուամենայնիվ, երբեմն խոսքերը բավարար չեն, ուստի որևիցե պատժի կարիք է առաջանում (Առակաց 22։15)։
22. Ի՞նչ է հարկավոր բացատրել երեխային, եթե պատժելու անհրաժեշտություն է առաջ գալիս։
22 Չի կարելի բոլոր երեխաներին միանման խրատել։ Ոմանց միայն խոսքով խրատելը բավական չէ։ Անհնազանդության համար երեխաներին տրվող պատիժը երբեմն կարող է բառի բուն իմաստով փրկել նրանց կյանքը (Առակաց 17։10; 23։13, 14; 29։19)։ Սակայն երեխան պետք է հասկանա, թե ինչո՛ւ է պատժվում։ «Գաւազանը եւ յանդիմանութիւնը իմաստութիւն կ’տայ» (Առակաց 29։15; Յոբ 6։24)։ Բացի այդ, պատիժը չափ ու սահման պետք է ունենա։ «Քեզ պիտի խրատեմ չափաւորութեամբ»,— ասել էր Եհովան իր ժողովրդին (Երեմիա 46։28բ)։ Աստվածաշունչը ոչ մի դեպքում հավանություն չի տալիս զայրույթի պահերին հասցվող հարվածներին, դաժան ծեծերին, որոնք վիրավորում են երեխային և անգամ մարմնական վնասվածքներ պատճառում (Առակաց 16։32)։
23. Ի՞նչ պետք է հասկանա երեխան, երբ պատժվում է ծնողների կողմից։
23 Երբ իր ժողովրդին պատժելու մասին նախազգուշացում էր տալիս, Եհովան նախ ասաց. «Մի վախենար.... ես քեզ հետ եմ» (Երեմիա 46։28ա)։ Նույնը վերաբերում է ծնողական խրատին. անկախ նրանից, թե ինչ մեթոդով է ծնողն իր երեխային պատժում՝ դրանից հետո երեխան չպետք է ունենա այն զգացումը, թե իրեն չեն սիրում (Կողոսացիս 3։21)։ Փոխարենը՝ նա պետք է հասկանա, որ ծնողները պատժում են իրեն, քանի որ «իր հետ են»՝ իր կողքին։
ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ ՉԱՐԻՔԻՑ
24, 25. Ո՞ր զազրելի վտանգից է անհրաժեշտ պաշտպանել մեր երեխաներին այսօր։
24 Բազմաթիվ մեծահասակներ սիրով են հիշում իրենց մանկությունը։ Հիշում են ապահովության այն ջերմ զգացումը, որ մանուկ հասակում ունեցել են. հիշում են, թե ինչքան հանգիստ են եղել, որ, անկախ ամեն բանից, ծնողները հոգ կտանեն իրենց մասին։ Ծնողների ցանկությունն է, որ իրենց երեխաները ունենան նույն այդ զգացումները, սակայն ներկա այլասեռված աշխարհում հեշտ չէ երեխաներին հեռու պահել վտանգից, ինչը որ առաջներում հնարավոր էր։
25 Մարդկանց մեջ նողկանքի զգացում առաջացնող վտանգներից մեկը, որ վերջին տարիների ընթացքում գնալով ավելի մեծ տարածում է գտնում, մանկապղծումն է։ Մալայզիայում տասը տարվա ընթացքում մանկապղծման վերաբերյալ հաղորդագրությունների թիվը ավելացել է առնվազն չորս անգամ։ Գերմանիայում ամեն տարի բռնաբարության զոհ է դառնում 300 000 երեխա, իսկ Հարավային Ամերիկայի երկրներից մեկում, մի հետազոտության տվյալների համաձայն, ամեն տարի մանկապղծման զոհ է դառնում 9 000 000 երեխա։ Ցավալին այն է, որ մեծամասնությունը այդ զազրելի արարքին է ենթարկվում հարազատ տան մեջ՝ այն մարդկանց կողմից, ում ճանաչում է և վստահում։ Սակայն երեխաները պետք է հուսալի պաշտպան ունենան՝ իրենց ծնողներին։ Ինչպե՞ս կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաներին։
26. Ինչպե՞ս կարելի է պաշտպանել երեխային, և այդ հարցում ի՞նչ դեր են խաղում գիտելիքները։
26 Փորձը ցույց է տալիս, որ մանկապղծմամբ զբաղվողների համար հեշտ զոհ են դառնում այն երեխաները, որոնք համարյա ոչ մի տեղեկություն չունեն սեռական հարաբերությունների մասին։ Ուստի դժբախտությունը կանխելու համար նախևառաջ հարկավոր է այդ մասին որոշ գիտելիքներ տալ երեխային, նույնիսկ եթե նա դեռ փոքր է։ Գիտելիքները կարող են որպես պաշտպան ծառայել «չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը» (Առակաց 2։10–12)։ Գիտելիքներ ինչի՞ մասին. աստվածաշնչյան այն սկզբունքների, թե ինչն է բարոյապես ճիշտ և ինչը՝ սխալ։ Գիտելիքներ այն մասին, որ որոշ մեծահասակներ վատ արարքներ են գործում, և որ փոքր երեխան չպետք է հնազանդվի այն մարդուն, ով անպատկառ առաջարկություններ է անում (համեմատի՛ր Դանիէլ 1։4, 8; 3։16–18)։ Մի կարծեք, որ երեխայի հետ այդ թեմայով ընդամենը մեկ անգամ զրուցելը բավական է։ Որպեսզի կարողանան դասը լիովին մտապահել, երեխաները մեծ մասամբ կարիք ունեն այն կրկնելու։ Իսկ երբ նրանք հասակ են առնում, հայրը պետք է սիրով հարգի որոշ հարցերում իր դստեր առանձին լինելու իրավունքը, իսկ մայրը՝ որդու. այսպիսով երեխան ավելի լավ կհասկանա, թե ի՛նչն է բարոյական տեսակետից ճիշտ։ Ինչ խոսք, այդ վտանգից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկը ձեր ծնողական հսկողությունն է։
ԱՍՏԾՈ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐԵՔ
27, 28. Ո՞վ է ծնողների համար օգնության մեծագույն Աղբյուրը երեխայի դաստիարակության հետ կապված խնդիրները հաղթահարելիս։
27 Ճիշտ է, մանուկ հասակից երեխային դաստիարակելը դժվարին խնդիր է, սակայն հավատացյալ ծնողները այդ խնդիրը միայնակ չեն հաղթահարում։ Դատավորների օրերում Մանուե անունով մի մարդ, իմանալով, որ շուտով հայր է դառնալու, խնդրեց Եհովային առաջնորդություն ցույց տալ իր երեխայի դաստիարակության հարցում։ Եվ ի՞նչ։ Եհովան անպատասխան չթողեց նրա աղոթքը (Դատաւորաց 13։8, 12, 24)։
28 Նույնը և այսօր. հավատացյալ ծնողները իրենց երեխաներին դաստիարակելիս կարող են աղոթքով դիմել Եհովայի օգնությանը։ Ծնող լինելը ծանր, բայցև վարձահատույց գործ է։ Հավայիից մի ամուսնական զույգ ասում է. «Նախքան պատանեկության դժվարին տարիների սկսվելը՝ տասներկու տարի ունեք ձեր գործը առաջ տանելու համար։ Եվ եթե այդ տարիների ընթացքում բարեխղճորեն ջանացել եք կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, ապա ուրախություն ու խաղաղություն կհնձեք, երբ իր ժամանակին ձեր երեխան որոշի, որ ամբողջ սրտով կամենում է ծառայել Եհովային» (Առակաց 23։15, 16)։ Այդ ժամանակ դուք էլ սրտանց կբացականչեք. «Որդիքը [և դուստրերը] Տիրոջ ժառանգութիւնն են»։
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։