Գիտելիքներ ձեռք բերենք այժմ և հավիտյան
ԳԵՐՄԱՆԱՑԻ բժիշկ Ուլրիխ Շտրունցը «Հավերժ երիտասարդ» խորագրով մի շարք գրքերի հեղինակ է։ Այդ գրքերում նա պնդում է, որ մարզանքը, ճիշտ սնվելը և առողջարար ապրելակերպը կարող են նպաստել լավ առողջություն ունենալուն և թերևս երկարացնել կյանքի տևողությունը։ Սակայն նա չի խոստանում, որ ընթերցողները, հետևելով իր խորհրդին, կապրեն հավիտյան։
Այնուամենայնիվ, կա մի գիտություն, որը հավիտենական կյանքի խոստում է պարունակում։ Իսկ եթե հավիտյան ապրեք, ապա հավիտյան կկարողանաք օգտակար գիտելիքներ ձեռք բերել։ Հիսուսն աղոթքով հետևյալն ասաց Աստծուն. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Եկեք նախևառաջ պարզենք, թե ինչ է նշանակում ‘հավիտենական կյանք’ արտահայտությունը, այնուհետև հասկանանք, թե ինչ է ներառում այս գիտությունը, և թե ինչպես կարող ենք ձեռք բերել այն։
Ըստ Աստվածաշնչի՝ Արարիչը շուտով երկիրը կվերածի դրախտի, որտեղ կտիրեն երկարակեցությանը նպաստող պայմաններ։ Սակայն երկիրը Դրախտի վերածելու համար կարիք կլինի այնպիսի վճռական փոփոխություն անել, ինչպիսին էր, օրինակ՝ Նոյի օրերի Ջրհեղեղը։ «Մատթէոս» գրքի 24–րդ գլխի 37–39 համարները ցույց են տալիս, որ Հիսուսը մեր ժամանակները համեմատեց «Նոյի օրեր[ի]» հետ, երբ մարդիկ «չ’գիտացին», թե ինչ վտանգավոր իրավիճակում են գտնվում։ Նրանք ուշադրություն չդարձրին Նոյի քարոզած լուրին։ Սակայն մի օր «Նոյը մտաւ տապանը», իսկ մարդիկ, որոնք մերժել էին նրա հաղորդած լուրը, Ջրհեղեղով կործանվեցին։ Կենդանի մնացին Նոյն ու նրա հետ միասին տապանում գտնվողները։
Հիսուսը նշեց, որ այդպիսի մի ‘օր’ էլ լինելու է մեր ժամանակներում։ Նրանք, ովքեր ուշադրություն են դարձնում այդ օրվա հետ կապված տեղեկություններին, հույս կունենան ոչ միայն վերապրել, այլ նաև ապրել հավիտյան։ Բացի դրանից, Աստծու հիշողության մեջ գտնվող մահացածները նորից կյանք կստանան՝ այլևս երբեք չմահանալու հեռանկարով (Յովհաննէս 5։28, 29)։ Ուշադրություն դարձրեք, թե Հիսուսն ինչպես արտահայտեց այս երկու մտքերը։ Մարթայի հետ հարության մասին զրուցելիս նա ասաց. «Ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։ Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ»։ Բոլոր փաստերը ցույց են տալիս, որ այդ ‘օրը’ շատ մոտ է, իսկ դա նշանակում է, որ դուք հնարավորություն ունեք ‘հավիտյան չմեռնել’ (Յովհաննէս 11։25–27)։
Այնուհետև Հիսուսը հարցրեց Մարթային. «Հաւատո՞ւմ ես սորան»։ Նա պատասխանեց. «Այո, Տէր»։ Եթե Հիսուսը ձեզ այսպիսի հարց տար, ի՞նչ կպատասխանեիք։ Գուցե դժվարանայիք հավատալ, որ հնարավոր է երբեք չմահանալ։ Եթե նույնիսկ այդպես արձագանքեիք, միևնույն է, կցանկանայիք հավատալ նրա խոսքերին։ Պատկերացրեք, թե որքա՜ն բան կկարողանաք սովորել, եթե ‘հավիտյան չմահանաք’։ Մտածեք, թե որքան բան այժմ կուզենայիք սովորել և իրականացնել, սակայն ժամանակ չունեք։ Պատկերացնո՞ւմ եք, դուք կրկին կհանդիպեք ձեզ սիրելի մարդկանց, որոնք մահացել են։ Ո՞րն է այն գիտությունը, որի շնորհիվ հնարավոր է այս ամենը, և ինչպե՞ս կարող եք ձեռք բերել այն։
Մենք կարող ենք կենսաբեր գիտություն ձեռք բերել
Արդյո՞ք Աստծու և Քրիստոսի մասին գիտելիքներ ձեռք բերելը մեր ուժերից վեր է։ Ո՛չ։ Ճիշտ է, Արարչի գործերի մասին անվերջ կարելի է սովորել, սակայն երբ Հիսուսը կապ ստեղծեց գիտելիքների և հավիտենական կյանքի միջև, նկատի չուներ աստղագիտությունը կամ գիտության մեկ ուրիշ ճյուղ։ «Առակաց» գրքի 2–րդ գլխի առաջին և հինգերորդ համարներում նշվում է, որ Աստվածաշնչում գտնվող «խօսքերն» ու «պատուէրները» անհրաժեշտ են «Աստուծոյ գիտութիւնը» ձեռք բերելու համար։ Իսկ ինչ վերաբերում է Հիսուսի մասի գիտելիքներին՝ Յովհաննէս 20։30, 31 համարներում նշվում է, որ Աստվածաշնչում գրվածը բավական է, որ մենք «կեանք ունենա[ն]ք»։
Հետևաբար Եհովայի ու Հիսուս Քրիստոսի մասին Աստվածաշնչում գտնվող գիտելիքները բավարար են՝ ցույց տալու, թե ինչպես կարող եք հավիտենական կյանք ստանալ։ Աստվածաշունչը յուրահատուկ գիրք է։ Բարություն դրսևորելով՝ Արարիչը ներշնչել է իր Խոսքը գրի առնել այնպես, որ նույնիսկ սահմանափակ հնարավորություններ ունեցող ոչ գրագետ մարդիկ կարողանան ձեռք բերել հավիտենական կյանք ստանալու համար անհրաժեշտ գիտելիքները։ Նմանապես, ընդունակ անհատը, որը ժամանակ ու հնարավորություններ ունի սովորելու, միշտ էլ կկարողանա ինչ–որ նոր բան սովորել Գրություններից։ Այն փաստը, որ դուք կարող եք կարդալ այս հոդվածը, ապացուցում է, որ սովորելու ընդունակություն ունեք։ Սակայն ինչպե՞ս օգտագործել այն։
Փորձը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում այս գիտությունը ձեռք բերելու ամենաարդյունավետ միջոցը Աստվածաշունչը անձամբ ուսումնասիրելն է այն անձնավորության հետ, որն արդեն քաջատեղյակ է սուրբգրային թեմաներին։ Ճիշտ ինչպես Նոյն էր ջանք թափում գիտելիքներ տալ իր ժամանակակիցներին, այնպես էլ Եհովայի վկաները պատրաստ են Աստվածաշունչը ուսուցանելու նպատակով գալ ձեր տուն։ Նրանք թերևս օգտվեն «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկից կամ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն»a ձեռնարկից։ Նույնիսկ եթե դժվարանում եք հավատալ այն մտքին, որ դրախտ–երկրում Աստծուն հավատարիմ մարդիկ ‘հավիտյան չեն մահանա’, աստվածաշնչյան այդ քննարկումների միջոցով դուք կկարողանաք սովորել վստահել այս խոստմանը։ Ուրեմն եթե ցանկանում եք հավիտյան ապրել կամ պարզապես ուզում եք իմանալ, թե արդյոք խելամի՞տ է հավատալ այդ գաղափարին, ի՞նչ պետք է անեք։ Օգտվեք Աստվածաշունչ ուսումնասիրելու այս հնարավորությունից։
Որքա՞ն կտևի ուսումնասիրությունը։ Վերը հիշատակված 32 էջանոց գրքույկը, որն առկա է հարյուրավոր լեզուներով, պարունակում է ընդամենը 16 կարճ դասեր։ Իսկ եթե կարող եք շաբաթական մեկ ժամ տրամադրել քննարկմանը, ապա «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» ձեռնարկի միջոցով Աստվածաշնչի հիմնական ուսուցումներին ծանոթանալու համար ձեզանից կպահանջվի ընդամենը մի քանի ամիս։ Այս հրատարակությունները շատերին են օգնել ձեռք բերելու գիտելիքներ և խորը սեր զարգացնելու Աստծու հանդեպ։ Արարիչը վարձահատույց կլինի իրեն իսկապես սիրող մարդկանց և հավիտենական կյանք կպարգևի նրանց։
Մենք իրոք կարող ենք կենսաբեր գիտություն ձեռք բերել, և դա դժվար չէ։ Աստվածաշունչը մասամբ կամ ամբողջովին թարգմանված է ավելի քան 2 000 լեզուներով։ Եհովայի վկաները, որոնց կարելի է հանդիպել ավելի քան 235 երկրներում, հաճույքով կօգնեն ձեզ և կբերեն Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակություններ, որպեսզի կարողանաք հարստացնել գիտելիքների ձեր պաշարը։
Անձնական ուսումնասիրություն
Ձեր փոխհարաբերությունը Աստծու հետ անձնական բնույթի հարց է։ Միայն դուք կարող եք պահպանել և ամրացնել այն, և միայն Նա կարող է հավիտենական կյանք տալ ձեզ։ Ուստի անհրաժեշտ է, որ շարունակեք ուսումնասիրել նրա գրավոր Խոսքը։ Ձեզ համար գուցե ավելի հեշտ լինի ժամանակ տրամադրել ուսումնասիրությանը, եթե որևէ մեկը կանոնավորաբար այցելի ձեր տուն։
Քանի որ Աստվածաշունչը և նրա ուսումնասիրության համար նախատեսված հրատարակությունները պարունակում են «Աստուծոյ գիտութիւնը», ուրեմն շատ կարևոր է խնամքով վերաբերվել դրանց (Առակաց 2։5)։ Այդպիսով այդ ձեռնարկները ձեզ կծառայեն երկար ժամանակ։ Եթե ապրում եք զարգացող երկրում, ապա դպրոցում գուցե չեք օգտագործել շատ դասագրքեր, այլ մեծամասամբ գիտելիքներ եք ձեռք բերել լսելու և դիտելու միջոցով։ Օրինակ՝ Բենինում խոսում են ավելի քան 50 լեզուներով։ Սովորաբար այնտեղի բնակիչները սահուն խոսում են չորս–հինգ լեզվով, թեև երբեք այդ լեզուներով դասագիրք չեն ունեցել։ Այն, որ դուք կարող եք սովորել լսելու, դիտելու և ուշադրությունը կենտրոնացնելու միջոցով, օրհնություն է։ Այնուամենայնիվ, կտեսնեք, որ գրքերը մեծ օգնություն են ձեր ուսման մեջ։
Նույնիսկ եթե ձեր տանը նեղվածք է, Աստվածաշունչը և նրա վրա հիմնված գրականությունը ձգտեք դնել հարմար տեղ։ Պահեք դրանք հասանելի տեղում և այնպես, որ չվնասվեն։
Ընտանեկան ուսումնասիրություն
Եթե ծնող եք, ապա հետաքրքրված եղեք այն հարցով, որ ձեր երեխաներին օգնեք ստանալ նույն գիտությունը, որը դուք ինքներդ եք ձեռք բերում։ Զարգացող երկրներում ծնողները սովորաբար երեխաներին ուսուցանում են ապրելու համար անհրաժեշտ բազմաթիվ բաներ։ Օրինակ՝ ճաշ պատրաստել, փայտ հավաքել, ջուր բերել, հող մշակել, ձկնորսություն անել, շուկայում ապրանք փոխանակել։ Սա իրոք կյանքի համար անհրաժեշտ կրթություն է։ Այնուամենայնիվ, շատ ծնողներ այս կրթության մեջ բաց են թողնում հավիտենական կյանքի առաջնորդող գիտությունն ուսուցանելը։
Ինչպիսին էլ որ լինի ձեր պարագան, հավանաբար կարծում եք, որ շատ ժամանակ չունեք։ Արարիչը նույնպես դա հասկանում է։ Օրինակ՝ նկատի առեք, թե նա հնում ինչ ասաց երեխաներին իր ճանապարհով կրթելու մասին. «Կրկնիր նորանք քո որդկանցը [աղջիկներին], խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6։7)։ Հիմնվելով այս մտքերի վրա՝ փորձեք կազմել ուսուցանելու ձեր ծրագիրը, ինչպես օրինակ սա.
1. «Տան մէջ նստած ժամանակդ»։ Ձգտեք կանոնավորաբար, թերևս ամեն շաբաթ, աստվածաշնչյան թեմաներ քննարկել ձեր երեխաների հետ տանը. գուցե ձեզ էլ են ժամանակին այդպես ուսուցանել։ Եհովայի վկաները բոլոր տարիքի երեխաների համար ունեն սուրբգրային համապատասխան հրատարակություններ։
2. «Ճանապարհ գնացած ժամանակդ»։ Ինչպես որ առօրյայում երեխաներին սովորեցնում եք կյանքում անհրաժեշտ բաներ կամ պարզապես ընկերական խորհուրդ եք տալիս, այնպես էլ նրանց հետ զրուցեք Եհովայի մասին։
3. «Պառկելիս»։ Ամեն երեկո աղոթեք երեխաների հետ միասին։
4 «Վեր կենալիս»։ Բազմաթիվ ընտանիքներ մեծ օգուտներ են քաղում՝ ամեն առավոտ աստվածաշնչյան մի խոսք քննարկելով։ Այդ անելու համար Եհովայի վկաներն օգտագործում են «Գրությունները քննենք ամեն օր»b գրքույկը։
Զարգացող երկրներում ծնողները մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի իրենց երեխաներից գոնե մեկը լավ կրթություն ստանա։ Այդպիսով երեխան կկարողանա հոգ տանել ծնողների մասին, երբ նրանք ծերանան։ Սակայն եթե դուք Աստվածաշունչ եք ուսումնասիրում և օգնում եք, որ ձեր երեխաներն էլ նույնն անեն, դուք ձեռք եք բերում մի գիտություն, որը ձեզ և ձեր ամբողջ ընտանիքին կօգնի ապրել հավիտյան։
Կգա՞ այնպիսի օր, երբ ամեն բան կիմանանք։ Ո՛չ։ Քանի դեռ մեր երկիրը պտտվում է անսահման տիեզերքում, մենք կշարունակենք գիտելիքներ ձեռք բերել։ Ժողովող 3։11 համարն ասում է. «[Աստված] ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը»։ Գիտելիք ստանալը հաճույք է, և մենք կարող ենք հավիտյան վայելել այն։
[ծանոթագրություններ]
a Երկուսն էլ հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[մեջբերում 5–րդ էջի վրա]
«Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն....»
[նկարներ 7–րդ էջի վրա]
Օգնեք ձեր ընտանիքին գիտելիքներ ստանալ այժմ և հավիտյան