Հավատով՝ Բարակը ցիրուցան արեց մի հզոր բանակ
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ դեմ–դիմաց կանգնած ես թշնամու բանակի առջև, որը զինված է նորագույն զենքերով, պատրաստ՝ կռվելու։ Դու և քո կողմնակիցները թշնամու առջև, փաստորեն, անպաշտպան վիճակում եք։
Իսրայելի դատավորների օրերում Բարակն ու Դեբորան 10 000 այլ իսրայելացիների հետ միասին նման իրավիճակում հայտնվեցին։ Նրանց հակառակորդը քանանացիների զորքն էր՝ Սիսարայի հրամանատարությամբ։ Նրանց ռազմական միջոցների մեջ ընդգրկված էին մարտակառքեր՝ անիվների վրա մետաղյա սուր ելուստներով, որ մահ էին սփռում ամենուր։ Դեպքերը տեղի էին ունենում Թաբոր լեռան և Կիսոն հեղեղատի շրջաններում։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ այնտեղ, վկայում է Բարակի օրինակելի հավատի մասին։ Քննարկենք այս հակամարտությանը նախորդած դեպքերի ընթացքը։
Իսրայելը աղաղակում է դեպի Եհովան
«Դատավորաց» գրքում պատմվում է, թե ինչպես էր Իսրայելը շարունակ լքում մաքուր երկրպագությունը, ու թե ինչ ցավալի հետևանքներ էր դա ունենում։ Ամեն անգամ, երբ իսրայելացիները անկեղծորեն Աստծուց ողորմություն էին հայցում, Աստված որևէ մեկի միջոցով փրկություն էր տալիս, ազատագրում էր նրանց, բայց դրան հետևում էր հերթական ըմբոստությունը նրա դեմ։ Այդպես «Իսրայէլի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու, եւ Աւովդը [դատավոր, որը փրկեց նրանց մովաբացիների լծից] մեռած էր»։ Փաստն այն է, որ նրանք «ընտրեցին նոր աստուածներ»։ Դրա հետևանքը եղավ այն, որ «Տէրը մատնեց նորանց Քանանացիների Յաբին թագաւորի ձեռքը, որ թագաւորում էր Հասորի մէջ, եւ նորա զօրագլուխը Սիսարան էր,.... Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին, որովհետեւ նա [Սիսարան] ինը հարիւր երկաթի կառքեր ունէր, եւ քսան տարի Իսրայէլի որդկանցը սաստիկ նեղեց» (Դատաւորաց 4։1–3; 5։8)։
Այն մասին, թե կյանքն ինչպիսին էր Իսրայելում, Գրությունները հայտնում են. «[Այդ ժամանակներում] ուղիները դադարել էին, եւ ճանապարհորդները խոտորնակ ուղիներով էին գնում։ Իսրայէլի մէջ զօրավարներ չ’մնացին» (Դատաւորաց 5։6, 7)։ Մարտակառքեր վարող գազանաբարո զինվորները ժողովրդին սարսափի մեջ էին պահում։ «Իսրայելի հասարակական կյանքը գտնվում էր վախի տիրապետության տակ,— ասում է մի գիտնական,— ողջ համայնքը, ասես, կաթվածահար ու անօգնական վիճակում լիներ»։ Եվ ահա, ինչպես որ շատ ու շատ անգամներ դրանից առաջ, հուսահատությամբ համակված իսրայելացիները աղաղակեցին դեպի Եհովան ու օգնություն խնդրեցին նրանից։
Եհովան առաջնորդ է նշանակում
Քանանացիների ճնշումը Իսրայելին կանգնեցրեց համընդհանուր ճգնաժամի առջև։ Աստված Դեբորա մարգարեուհու միջոցով հայտնեց նրանց իր դատաստանները և տվեց ցուցումներ։ Եհովան նրան պատվի արժանացրեց գործելու այնպես, ասես նա, փոխաբերական իմաստով, լիներ Իսրայել ժողովրդի մայրը (Դատաւորաց 4։4; 5։7)։
Դեբորան կանչեց Բարակին ու նրան ասաց հետևյալը. «Մի՞թէ Իսրայէլի Տէր Աստուածը չ’հրամայեց թէ. Գնա վեր ելիր Թաբօր սարը, եւ քեզ հետ Նեփթաղիմի որդկանցից եւ Զաբուղոնի որդկանցից տասը հազար մարդ վեր առ. Եւ ես կ’բերեմ քո դիմացը Յաբինի զօրագլուխ Սիսարային եւ նորա կառքերը եւ բազմութիւնը Կիսոն հեղեղատի մօտ եւ նորան քո ձեռքը կ’մատնեմ» (Դատաւորաց 4։6, 7)։ Դեբորան, ասելով «մի՞թէ Իսրայէլի Տէր Աստուածը չ’հրամայեց» խոսքերը, ընդգծված ձևով ցույց տվեց, որ բոլորովին նպատակ չունի իր իշխանությունը բանեցնել Բարակի վրա։ Նա պարզապես հանդես էր գալիս որպես միջանկյալ օղակ, որի միջոցով Աստված տեղ էր հասցնում իր պատվերը։ Ինչպե՞ս արձագանքեց Բարակը։
«Եթէ ինձ հետ գնաս կ’գնամ,— ասաց Բարակը,— բայց եթէ ինձ հետ չ’գնաս, չեմ գնալ» (Դատաւորաց 4։8)։ Ինչո՞ւ Բարակը դժկամություն դրսևորեց Աստծո տված հանձնարարությունը կատարելու հարցում։ Արդյոք նրա այդ արարքի պատճառը վախկոտությո՞ւնը չէր։ Կամ գուցե նա բավականաչափ վստահություն չունե՞ր Աստծո խոստումների հանդեպ։ Ո՛չ։ Բարակը չմերժեց իրեն տրված հանձնարարությունը և ոչ էլ անհնազանդ գտնվեց Եհովայի հանդեպ։ Նրա արձագանքը ավելի շուտ խոսում էր այն մասին, որ նա չէր կարծում, թե ի վիճակի կլինի զուտ իր սեփական ուժերով իրագործել Աստծո պատվերը։ Աստծո ներկայացուցչի այնտեղ գտնվելը կապահովեր առաջնորդություն Աստծո կողմից և վստահության զգացում կներշնչեր իրեն ու իր մարդկանց։ Հետևաբար, Բարակի արարքը ամենևին էլ թուլության նշան չէր. պայմանը, որ նա դրեց, վկայում էր նրա ուժեղ հավատի մասին։
Բարակի այդ արձագանքը հիշեցնում է Մովսեսի, Գեդեոնի ու Երեմիայի նույնանման վարվելակերպը։ Նրանք ևս Աստծո կողմից հանձնարարություն ստանալիս անվստահություն արտահայտեցին իրենց սեփական ուժերի հանդեպ։ Բայց դա պատճառ չեղավ, որ նրանք համարվեն ոչ այնքան հավատարիմ (Ելից 3։11–4։17; 33։12–17; Դատաւորաց 6։11–22, 36–40; Երեմիա 1։4–10)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Դեբորայի մտայնության մասին։ Նա չփորձեց իշխանություն բանեցնել, այլ մնաց Եհովայի համեստ ծառան։ «Անպատճառ ես քեզ հետ կ’գնամ»,— ասաց նա Բարակին (Դատաւորաց 4։9)։ Նա պատրաստ էր թողնել իր տունը, որտեղ շատ ավելի ապահով վիճակում կլիներ, ու Բարակի հետ միասին գնալ մասնակցելու մոտալուտ կռվին։ Դեբորան նույնպես հավատի ու քաջության հիանալի օրինակ է թողել։
Հավատից մղված՝ հետևում են Բարակին
Իսրայելի ուժերը պետք է համախմբվեին մի հայտնի լեռան վրա, որի անունն էր Թաբոր։ Տեղի ընտրությունը իդեալական էր։ Մոտակայքում բնակվող Նեփթաղիմի ու Զաբուղոնի ցեղերի համար այն բնականից ասես հանդիպատեղի լիներ։ Եվ այսպես, համաձայն Աստծո պատվիրածի, տասը հազար կամավորները Դեբորայի հետ միասին հետևեցին Բարակին ու բարձրացան այդ լեռը։
Հավատ պետք է ունենային բոլոր նրանք, ովքեր միացել էին Բարակին։ Եհովան Բարակին խոստացել էր, որ նրանք հաղթելու էին քանանացիներին, բայց ի՞նչ զենքեր ունեին նրանք իրենց ձեռքին։ Ահա թե ինչ ենք կարդում «Դատաւորաց» գրքի 5–րդ գլխի 8–րդ համարում. «Արդե՞օք վահան կամ նիզակ երեւեցաւ Իսրայէլի քառասուն հազարի մէջ»։ Ոչ, իսրայելացիները շատ թեթև էին զինված։ Եթե անգամ նրանք ունենային էլ այդպիսի զենքեր, միևնույն է, դրանք անհամեմատ թույլ զինուժ էին կազմում մետաղյա սուր ելուստներով մարտակառքերի դիմաց։ Երբ Սիսարային լուր հասավ, որ Բարակը բարձրացել է Թաբոր լեռը, նա իսկույն իր ջոկատներն ու մարտակառքերը հավաքեց Կիսոն հեղեղատ կոչվող վայրում (Դատաւորաց 4։12, 13)։ Սակայն Սիսարան հաշվի չէր առել մի հանգամանք. նա պատրաստվում էր կռվել Ամենազոր Աստծո դեմ։
Բարակը ցրում է Սիսարայի բանակը
Երբ եկավ հակամարտության պահը, Դեբորան ասաց Բարակին. «Վեր կաց, որովհետեւ Տէրն այսօր Սիսարային քո ձեռքը մատնեց. մի՞թէ Տէրը չէ քո առաջ դուրս գալիս»։ Բարակն իր մարդկանց հետ պետք է իջներ Թաբորի բարձունքներից դեպի նրա ստորոտի հարթավայրային տարածքը, որտեղ ստրատեգիական առավելությունը Սիսարայի մարտակառքերի կողմն էր։ Ինչպե՞ս կզգայիք ձեզ, եթե լինեիք Բարակի բանակում։ Դուք էլ պատրաստակամորեն կհնազանդվեի՞ք՝ չմոռանալով, որ այդ առաջնորդությունը գալիս է Եհովայից։ Բարակն ու նրա տասը հազար մարդիկ հնազանդվեցին։ «Եւ Տէրը խորտակեց Սիսարային եւ բոլոր կառքերը եւ բոլոր բանակը Բարակի առաջին սուրի բերանով» (Դատաւորաց 4։14, 15)։
Եհովայի հովանավորությամբ Բարակը պարտության մատնեց Սիսարայի բանակին։ Աստվածաշնչում չի խոսվում այդ կռվի բոլոր մանրամասնությունների մասին։ Սակայն Բարակի ու Դեբորայի հաղթանակի երգում կան այսպիսի խոսքեր. «Երկինքը տեղաց, եւ ամպերը ջուր տեղացին»։ Միանգամայն հավանական է, որ հորդառատ անձրևների տարափ է սկսվել և Սիսարայի մարտակառքերը մնացել են ցեխի մեջ մխրճված՝ չկարողանալով այլևս առաջ գնալ, ինչի հետևանքով ուժերի գերակշռությունը անցել է Բարակի կողմը։ Քանանացիների հզոր զինվորական միջոցները այսպիսով դարձան անպիտան։ Իսկ Սիսարայի զորքի սպանվածների մասին հետևյալն է ասվում երգում. «Կիսոն հեղեղատը քշեց նորանց» (Դատաւորաց 5։4, 21)։
Արդյոք կարելի՞ է հավատալ, որ այս ամենը իսկապես տեղի է ունեցել։ Կիսոն հեղեղատը մի ձոր է՝ գետի ցամաքած հուն, որտեղ սովորաբար շատ քիչ ջուր է հոսում։ Տեղատարափներից ու երկարատև անձրևներից հետո նման ձորերում սովորաբար շատ ջուր է կուտակվում, ու դրանք արագորեն վերածվում են վարարուն, վտանգավոր հոսանքների։ Ըստ մի աղբյուրի՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նույն այդ ծանր կավահողային տարածքների վրա 15 րոպե տեղացած հորդ անձրևը լուրջ վտանգի տակ դրեց ամբողջ հեծելազորի հետագա գործողությունները։ 1799 թ. ապրիլի 16–ին Նապոլեոնի և թուրքերի միջև Թաբոր լեռան շրջանում տեղի ունեցած ընդհարման վերաբերյալ տեղեկություններում ասվում է, որ «վերջիններից շատերը խորասույզ եղան, երբ փորձում էին կտրել–անցնել սարահարթի այն մասը, որ հեղեղել էր Կիսոնը»։
Հրեա պատմաբան Հովսեպոս Փլավիոսը հայտնում է, որ Սիսարայի ու Բարակի զորքերն ուր որ է պիտի հանդիպեին, երբ «երկնքից ուժգին փոթորիկ պայթեց, առատ անձրև ու կարկուտ տեղաց, և ուժեղ քամու տակ անձրևի շիթերն այնպես էին հարվածում քանանացիների դեմքին ու նրանց աչքերը մթնեցնում, որ նրանց ունեցած նետերն ու աղեղները ոչ մի կերպ չէին կարող պաշտպանել նրանց»։
Դատաւորաց 5։20 համարում կարդում ենք. «Երկնքիցը պատերազմեցին. աստղերն իրանց շրջաններիցը Սիսարայի դէմ պատերազմեցին»։ Ինչպե՞ս կարող էին աստղերը պատերազմել Սիսարայի դեմ։ Ոմանց կարծիքով այս արտահայտությամբ ակնարկվում է Աստծո աջակցությունը։ Կան նաև կարծիքներ, թե խոսքն այստեղ հրեշտակների կողմից օգնություն ստանալու մասին է, ասուպային հոսքի մասին, կամ այդ խոսքերն ակնարկում են Սիսարայի կախվածությունը աստղագուշական կանխատեսումներից, որոնք սխալ դուրս եկան։ Աստվածաշնչում ոչ մի կոնկրետ բան չի ասվում այն մասին, թե այս կռվում ինչպես պատերազմեցին աստղերը, ուստի կարող ենք բավարարվել միայն այնքանով, որ այս արտահայտությամբ ակնարկվում է ինչ–որ տեսակի աջակցություն, որ Իսրայելի բանակը ստացավ Աստծո կողմից։ Ինչպես էլ որ այդ ամենը տեղի ունեցած լինի, մի բան պարզ է՝ իսրայելացիներն ամբողջությամբ դարձան իրադրության տերը։ «Բարակը հալածեց կառքերը.... եւ Սիսարայի բոլոր բանակը սուրի բերանով ընկաւ, եւ մարդ չը մնաց» (Դատաւորաց 4։16)։ Իսկ ի՞նչ պատահեց բանակի զորավարին՝ Սիսարային։
Նեղիչը ընկնում է «մէկ կնկայ ձեռքը»
Աստվածաշնչում կարդում ենք. «Սիսարան [թողեց կռվի դաշտը և] ոտքով փախաւ կենեցի Քաբերի կնկայ Յայէլի վրանը, որովհետեւ Հասորի Յաբին թագաւորի եւ Կենեցի Քաբերի տան մէջտեղ խաղաղութիւն կար»։ Հայելը հոգնած Սիսարային ներս հրավիրեց, կաթ տվեց խմելու ու ծածկեց, որպեսզի նա քուն մտնի։ Հետո նա «առաւ վրանի մէկ ցից, եւ ուռն [«մուրճն», ԷԹ] էլ բռնեց ձեռքին»։ Դրանք այնպիսի իրեր էին, որ վրանում բնակվողները հաճախակի էին օգտագործում։ «Եւ կամաց գնաց նորա մօտ, եւ ցիցը մխեց նորա ծամելիքին եւ գետնին բեւեռեց եւ նա քնել էր եւ յոգնած էր, եւ մեռաւ» (Դատաւորաց 4։17–21)։
Այնուհետև Հայելը դուրս եկավ Բարակին ընդառաջ ու ասաց նրան. «Եկ ցոյց տամ քեզ այն մարդը որ դու պտրում ես»։ Շարունակության մեջ կարդում ենք. «Եւ նա այն կնկայ հետ ներս մտաւ, եւ ահա Սիսարան մեռած վայր ընկած էր եւ ցիցը նորա ծամելիքի մէջ էր»։ Ի՜նչ մեծ չափով այդ դեպքը պետք է որ ամրացներ Բարակի հավատը, քանի որ մարգարեուհի Դեբորան նրան հայտնել էր. «Փառքը քոնը չի լինիլ քո գնացած ճանապարհումը, որովհետեւ Տէրը Սիսարային մէկ կնկայ ձեռքը կ’մատնէ» (Դատաւորաց 4։9, 22)։
Կարո՞ղ է Հայելի արարքը դիտվել որպես մատնություն։ Եհովան այդ կարծիքի չէ։ Բարակի ու Դեբորայի հաղթանակի երգի մեջ նրա մասին ասվում է. «Վրանների մէջ կանայքներից օրհնեալ լինի»։ Այդ երգը մեզ օգնում է ճիշտ ձևով նայել Սիսարայի սպանությանն առնչվող դեպքերին։ Նկարագըրվում է, թե ինչպես նրա մայրը անհանգիստ սպասում է, թե երբ իր որդին պիտի վերադառնա կռվից։ Նա հարցնում է. «Ի՞նչու համար է ուշանում նորա կառքը գալու»։ «Նորա իմաստուն տիկինները» շտապում են ցրել նրա տագնապները՝ ենթադրություններ անելով, թե նա անշուշտ պիտի որ զբաղված լինի ավար բաժանելով՝ գեղեցիկ, գույնզգույն նախշազարդումներով զգեստներն ու գերեվարված աղջիկներին։ Տիկնայք ասում են. «Անշուշտ նորանք աւար են գտել, բաժանում են, մէկ կամ երկու աղջիկ՝ իւրաքանչիւր հզօրի համար, իսկ Սիսարայի համար՝ գոյնզգոյն աւար, ....երկու կողմից հիւսկէն եւ պարանոցի համար գոյնզգոյն աւար» (Դատաւորաց 5։24, 28–30)։
Դասեր՝ մեզ համար
Բարակի մասին աստվածաշնչյան դրվագը մեզ կարևոր դասեր է ուսուցանում։ Բարդ խնդիրների ու հուսախաբությունների առջև են անխուսափելիորեն կանգնում նրանք, ովքեր Եհովային դուրս են մղում իրենց կյանքից։ Սակայն նրանք, ովքեր զղջման զգացումով ետ են դառնում դեպի Եհովան ու հավատ են դրսևորում, հնարավորություն ունեն ազատագրվելու ամենատարբեր տեսակի ճնշումներից։ Չպե՞տք է մենք նույնպես հնազանդության ոգի զարգացնենք մեր մեջ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ թվա, թե Աստծո պահանջը հակասում է մարդկային բանականությանը, մենք կարող ենք վստահ լինել, որ Աստծո պահանջները միշտ ծառայում են մեր հարատև բարօրությանը (Եսայիա 48։17, 18)։ Միայն Եհովայի հանդեպ ունեցած հավատի ու նրա առաջնորդությանը հնազանդվելու պատրաստակամության շնորհիվ էր, որ Բարակը ցիրուցան արեց օտարների բանակները (Եբրայեցիս 11։32–34)։
Դեբորայի ու Բարակի սրտահույզ երգը եզրափակվում է այսպես. «Կորչեն քո բոլոր թշնամիները, ով Տէր, իսկ Նորան սիրողները լինեն ինչպէս իր զօրութեամբը ծագող արեւը» (Դատաւորաց 5։31)։ Որքա՜ն հիանալի ձևով կապացուցվի այս խոսքերի ճշմարտացիությունը, երբ Եհովան վերջ կդնի Սատանայի այս չար համակարգին։
[նկար 29–րդ էջի վրա]
Եհովան Դեբորայի միջոցով կանչեց Բարակին
[նկար 31–րդ էջի վրա]
Կիսոն գետը՝ ափերից դուրս եկած
[թույլտվությամբ]
Pictorial Archive (Near Eastern History) Est.
[նկար 31–րդ էջի վրա]
Թաբոր լեռը