Քայլիր Եհովայի ճանապարհներով
«Երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են եւ նորա ճանապարհներումը գնում» (ՍԱՂ. 128։1)։
1, 2. Ինչո՞ւ կարող ենք համոզված ասել, որ հնարավոր է երջանիկ լինել։
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ։ Բոլոր մարդիկ ցանկանում են երջանիկ լինել։ Բայց, անկասկած, կհամաձայնվես, որ այդպիսի ցանկություն, ձգտում ունենալը դեռ չի նշանակում, որ անհատը երջանիկ է։
2 Այդուհանդերձ, անհատը կարո՛ղ է երջանիկ լինել։ Սաղմոս 128։1–ում ասվում է. «Երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են եւ նորա ճանապարհներումը գնում»։ Մենք երջանիկ կլինենք, եթե վախենանք Աստծուց և կատարելով նրա կամքը՝ գնանք նրա ճանապարհներով։ Ի՞նչ հատկություններ պետք է դրսևորենք, որպեսզի փաստենք, որ վախենում ենք Աստծուց և նրա ճանապարհներով ենք գնում։
Եղիր վստահելի
3. Ո՞ր դեպքում Եհովան կվստահի մեզ։
3 Եհովայից վախեցողները նրա պես վստահելի են։ Եհովան կատարեց հին Իսրայելին տված իր բոլոր խոստումները (Գ Թագ. 8։56)։ Մենք նվիրվել ենք Աստծուն, և դա մեր կողմից երբևէ տրված ամենակարևոր խոստումն է։ Մեր այդ խոստումը կկարողանանք պահել, եթե հաճախակի աղոթենք։ Կարող ենք աղոթել սաղմոսերգու Դավթի պես. «Ով Աստուած, դու լսում ես իմ ուխտերը.... Քո անունին յաւիտեան սաղմոս կ’ասեմ, որ իմ ուխտերն օրէ ցօր վճարեմ» (Սաղ. 61։5, 8; Ժող. 5։4–6)։ Աստծու ընկերը լինելու համար մենք պետք է վստահելի լինենք (Սաղ. 15։1, 4)։
4. Ինչպե՞ս Հեփթայեն պահեց իր խոստումը, և ինչպե՞ս նրա աղջիկը թիկունք կանգնեց հորը։
4 Իսրայելի դատավորների օրերում Հեփթայեն երդվեց, որ եթե Եհովան օգնի իրեն հաղթել ամմոնացիներին, ապա որպես «ողջակեզ» կմատուցի այն մարդուն, ով իրեն առաջինը կդիմավորի, երբ ինքը վերադառնա պատերազմի դաշտից։ Նրան դիմավորելու դուրս եկավ իր դուստրը՝ միակ զավակը, որը ամուսնացած չէր։ Եհովայի հանդեպ հավատով լցված՝ Հեփթայեն պահեց իր խոստումը։ Նրա աղջիկը, նույնպես խոր հավատ ունենալով Աստծու հանդեպ, թիկունք կանգնեց հորը։ Թեև ամուսնությանն ու երեխաներ ունենալուն մեծ կարևորություն էր տրվում Իսրայելում, Հեփթայեի աղջիկը պատրաստակամորեն մնաց ամուրի և վայելեց Եհովայի սրբարանում սուրբ ծառայություն մատուցելու առանձնաշնորհումը (Դատ. 11։28–40)։
5. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աննան վստահելի կին էր։
5 Աննան, որ աստվածավախ էր, վստահելի կին էր։ Նա, նրա ղևտացի ամուսինը՝ Եղկանան, և վերջինիս մյուս կինը՝ Փենանան, ապրում էին Եփրեմի լեռնային շրջանում։ Փենանան ծնել էր մի քանի երեխա, իսկ Աննան ամուլ էր։ Փենանան անընդհատ ծաղրում էր Աննային, հատկապես այն ժամանակ, երբ ընտանիքը գնում էր խորան։ Մի անգամ Աննան խոստացավ, որ եթե որդի ունենա, ապա նրան կտա Եհովային։ Շուտով նա հղիացավ, արու զավակ ծնեց և անունը դրեց Սամուել։ Երբ երեխան կաթից կտրվեց, Աննան նրան բերեց Սելով և ներկայացրեց Աստծուն։ Սամուելը ծառայեց Եհովային «իր կեանքի բոլոր օրերումը» (Ա Թագ. 1։11)։ Այսպիսով՝ Աննան կատարեց իր խոստումը, թեև չգիտեր, որ հետագայում ուրիշ երեխաներ էլ էր ունենալու (Ա Թագ. 2։20, 21)։
6. Ինչպե՞ս Տյուքիկոսը ցույց տվեց, որ վստահարժան անձնավորություն է։
6 Տյուքիկոսը, որ ապրում էր առաջին դարում, վստահելի քրիստոնյա և «հավատարիմ ծառայող» էր (Կող. 4։7)։ Նա Պողոս առաքյալի հետ Հունաստանից Մակեդոնիայի միջով եկավ Փոքր Ասիա ու եղավ թերևս նաև Երուսաղեմում (Գործ. 20։2–4)։ Հավանաբար, նա «այն եղբայրն» էր, ով օգնեց Տիտոսին կազմակերպել Հրեաստանի կարիքավոր հավատացյալների համար նվիրաբերություններ հավաքելու գործը (2 Կորնթ. 8։18, 19; 12։18)։ Պողոսը, երբ առաջին անգամ բանտարկվել էր Հռոմում, իր վստահարժան ներկայացուցչի՝ Տյուքիկոսի միջոցով նամակներ ուղարկեց եփեսացի և կողոսացի քրիստոնյաներին (Եփես. 6։21, 22; Կող. 4։8, 9)։ Իսկ երբ նա երկրորդ անգամ էր բանտարկվել Հռոմում, Տյուքիկոսին ուղարկեց Եփեսոս (2 Տիմոթ. 4։12)։ Եթե վստահարժան անձնավորություն ենք, ապա մենք էլ օրհնություններ կվայելենք սուրբ ծառայության մեջ։
7, 8. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Դավիթն ու Հովնաթանը իսկական ընկերներ էին։
7 Աստված ակնկալում է, որ մենք միմյանց համար վստահելի ընկերներ լինենք (Առակ. 17։17)։ Սավուղ թագավորի որդի Հովնաթանը ընկերացավ Դավթի հետ։ Երբ Հովնաթանը լսեց, որ Դավիթը սպանել է Գողիաթին, «Յովնաթանի սիրտը կապուեցաւ Դաւիթի սրտի հետ. եւ Յովնաթանը նորան իր անձի պէս սիրեց» (Ա Թագ. 18։1, 3)։ Նա նույնիսկ զգուշացրեց Դավթին, որ Սավուղը ուզում է սպանել նրան։ Դավիթը փախավ։ Հետո Հովնաթանը հանդիպեց նրան և ուխտ կապեց նրա հետ։ Հովնաթանը իր կյանքը վտանգեց՝ Սավուղի հետ խոսելով Դավթի մասին։ Երկու ընկերները կրկին հանդիպեցին և վերահաստատեցին իրենց մտերմությունը (Ա Թագ. 20։24–41)։ Վերջին հանդիպման ժամանակ Հովնաթանը «նորա ձեռքը Աստուծով զօրացրեց» (Ա Թագ. 23։16–18)։
8 Փղշտացիների դեմ պատերազմելիս Հովնաթանը սպանվեց (Ա Թագ. 31։6)։ Դավիթը ողբաց նրա մահը՝ ասելով. «Ցաւում եմ քեզ համար, եղբայրս Յովնաթան, դու ինձ խիստ սիրելի էիր. բարձր էր ինձ համար քո սերը կանանց սէրից» (Բ Թագ. 1։26)։ Դավիթն ու Հովնաթանը իսկական ընկերներ էին, նրանց միջև ջերմ կապվածություն կար։
Միշտ եղիր «մտքով խոնարհ»
9. Դատաւորաց 9–րդ գլխում ինչպե՞ս է ընդգծվում խոնարհության կարևորությունը։
9 Աստծու ընկերը լինելու համար մենք պետք է «մտքով խոնարհ» լինենք (1 Պետ. 3։8; Սաղ. 138։6)։ Դատաւորաց 9–րդ գլխում ընդգծվում է այս հատկության կարևորությունը։ Գեդեոնի որդին՝ Հովաթամը, ասաց. «Ծառերը գնացին որ իրենց համար մի թագաւոր օծեն»։ Նրա պատմած առակում նշվում են ձիթենին, թզենին և խաղողի որթը։ Այս բույսերը ներկայացնում էին այն արժանավոր իսրայելացիներին, ովքեր չէին փափագում իշխել իրենց ազգակիցների վրա։ Սակայն դժնիկը, որը պիտանի էր միայն վառելու համար, խորհրդանշում էր հպարտ Աբիմելեքի իշխանությունը։ Աբիմելեքը մարդասպան էր և ցանկանում էր տիրապետել ուրիշների վրա։ Նա «Իսրայէլի վերայ երեք տարի իշխեց» և մահացավ վաղաժամ (Դատ. 9։8–15, 22, 50–54)։ Անկասկած, շատ կարևոր է «մտքով խոնարհ» լինել։
10. Ի՞նչ ես սովորում այն բանից, որ Հերովդեսը «փառքը չտվեց Աստծուն»։
10 Առաջին դարում Հրեաստանի թագավոր Հերովդես Ագրիպպասի և Տյուրոսի ու Սիդոնի բնակիչների փոխհարաբերությունները սրվեցին։ Վերջիններս ուզում էին հաշտվել նրա հետ։ Ուստի երբ Հերովդեսը մի անգամ ելույթ էր ունենում հանրության առջև, նրանք սկսեցին գոչել. «Աստծո՛ւ ձայն է և ոչ թե մարդու»։ Հերովդեսը չմերժեց այդ քծնանքը։ Եհովայի հրեշտակը հարվածեց նրան, և նա մահացավ սարսափելի մահով, «որովհետև փառքը Աստծուն չտվեց» (Գործ. 12։20–23)։ Հմուտ հռետո՞ր ենք։ Կարողանո՞ւմ ենք Աստվածաշնչի ճշմարտությունները լավ ուսուցանել։ Այդ դեպքում եկեք շնորհակալ լինենք Աստծուն այդ ամենի համար (1 Կորնթ. 4։6, 7; Հակ. 4։6)։
Եղիր քաջ և ուժեղ
11, 12. Ենովքի դեպքը ինչպե՞ս է ցույց տալիս, որ Եհովան քաջություն և ուժ է տալիս իր ծառաներին։
11 Եթե խոնարհաբար քայլենք Եհովայի ճանապարհներով, նա մեզ քաջություն և ուժ կտա (Բ Օրին. 31։6–8, 23)։ Ենովքը, որ Ադամից հաշված՝ յոթերորդն էր, քաջաբար քայլեց Աստծու հետ՝ անարատ կյանքով ապրելով ամբարիշտների մեջ (Ծննդ. 5։21–24)։ Եհովան զորացրեց Ենովքին, որ նա համարձակորեն տեղեկացնի մարդկանց իրենց չար խոսքերի ու աստվածամերժ գործերի մասին (կարդա՛ Հուդա 14, 15)։ Իսկ դու կարողանո՞ւմ ես քաջաբար հռչակել Աստծու դատաստանները։
12 Եհովան Նոյի օրերում համաշխարհային Ջրհեղեղով կործանեց ամբարիշտներին։ Այսօր Ենովքի մարգարեությունից մենք քաջալերվում ենք, որովհետև, ինչպես գրված է, շուտով Աստված իր բյուրավոր սրբերով կործանելու է մեր օրերի անաստված մարդկանց (Հայտն. 16։14–16; 19։11–16)։ Ի պատասխան մեր աղոթքների՝ Եհովան մեզ համարձակություն է տալիս, և մենք քաջաբար քարոզում ենք թե՛ իր դատաստանները և թե՛ Թագավորության օրհնությունները։
13. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված մեզ քաջություն և ուժ կտա, որ դիմանանք խնդիրներին։
13 Մերօրյա խնդիրներին դիմանալու համար մենք կարիք ունենք Աստծո՛ւց քաջություն և ուժ ստանալու։ Երբ Իսահակի և Ռեբեկայի որդի Եսավը ամուսնացավ քետացի երկու կանանց հետ, վերջիններս «Իսահակի եւ Ռեբեկայի համար հոգու դառնութիւն եղան»։ Ռեբեկան հառաչեց. «Կեանքիցս զզուել եմ Քետի աղջիկների պատճառովը. եթէ [մեր մյուս որդին] Յակոբն էլ է այս երկրի աղջիկների պէս Քետի աղջիկներից կին առնելու, էլ ինչո՞ւ է ինձ կեանքը պէտք» (Ծննդ. 26։34, 35; 27։46)։ Իսահակը քայլերի դիմեց և Հակոբին ուղարկեց կին գտնելու Եհովայի երկրպագուների միջից։ Ինչ որ Եսավն արել էր, Իսահակն ու Ռեբեկան չէին կարող փոխել, բայց Աստված նրանց տվեց իմաստություն, քաջություն և ուժ, որ դիմանան ցավին և հավատարիմ մնան իրեն։ Եհովան նույն բանը կանի մեզ համար, եթե աղոթքով օգնություն խնդրենք նրանից (Սաղ. 118։5)։
14. Ինչպե՞ս իսրայելացի փոքրիկ աղջիկը քաջություն դրսևորեց։
14 Իսահակի և Ռեբեկայի ժամանակներից դարեր անց մի իսրայելացի աղջնակ ավազակների կողմից գերի տարվեց և ասորիների զորագլուխ Նեեմանի տանը ծառա դարձավ։ Նեեմանը բորոտ էր։ Աղջիկը լսել էր, թե ինչ հրաշքներ էր գործել Աստված իր մարգարե Եղիսեի միջոցով, ուստի Նեեմանի կնոջը համարձակորեն ասաց. «Երանի թէ իմ տէրը Սամարիայումն եղող մարգարէի առաջին լինէր. այն ժամանակ նա նորան կ’բժկէր իր բորոտութիւնիցը»։ Նեեմանը այդպես էլ վարվեց։ Նա գնաց Իսրայել և հրաշքով բուժվեց (Դ Թագ. 5։1–3)։ Ի՜նչ սքանչելի օրինակ է այդ փոքրիկ աղջիկը մեր երեխաների համար, ովքեր, ապավինելով Եհովային, կարող են քաջաբար վկայություն տալ իրենց ուսուցիչներին, դասընկերներին և մյուսներին։
15. Ինչպե՞ս Աբդիան քաջություն դրսևորեց։
15 Հալածանքների ներքո մենք կարողանում ենք տոկալ, քանի որ Աստված մեզ քաջություն է տալիս։ Քննենք Աքաաբ թագավորի «տան վերակացու» Աբդիայի օրինակը։ Նա ապրել է Եղիայի օրերում։ Երբ Հեզաբել թագուհին հրամայեց սպանել Աստծու մարգարեներին, Աբդիան նրանցից 100–ին «յիսուն յիսուն՝ [թաքցրեց] քարայրներում» (Գ Թագ. 18։13; 19։18)։ Իսկ դու քաջություն կունենա՞ս օգնության ձեռք մեկնելու հալածվող հավատակիցներիդ։
16, 17. Արիստարքոսն ու Գայոսը ինչպե՞ս արձագանքեցին հալածանքին։
16 Եթե հալածվում ենք, կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեզ հետ է (Հռոմ. 8։35–39)։ Եփեսոսի բացօթյա թատրոնում Պողոսի ծառայակիցներ Արիստարքոսն ու Գայոսը բախվեցին մի բազմահազարանոց ամբոխի։ Դեմետրիոս անունով մի արծաթագործ ժողովրդի մեջ անկարգություն էր առաջացրել։ Նա և իր արհեստակիցները Արտեմիս աստվածուհու արծաթյա փոքրիկ տաճարներ էին պատրաստում և վաճառում։ Նրանց շահութաբեր աշխատանքը վտանգի տակ էր, քանի որ Պողոսի քարոզչության պատճառով քաղաքի բնակիչներից շատերը թողնում էին կռապաշտությունը։ Ամբոխը Արիստարքոսին ու Գայոսին քարշ տվեց թատրոն։ Ժողովուրդը անդադար բղավում էր. «Մե՜ծ է եփեսացիների Արտեմիսը»։ Արիստարքոսն ու Գայոսը հավանաբար սպասում էին, որ իրենց կսպանեն, բայց քաղաքի գրագիրը հանգստացրեց ամբոխին (Գործ. 19։23–41)։
17 Եթե դու նման փորձության ես բախվել, ի՞նչ կանես. կձգտես այնուհետև ավելի հեշտ կյանքո՞վ ապրել, թե՞ կշարունակես քարոզել բարի լուրը։ Ոչինչ չի մատնանշում, որ Արիստարքոսն ու Գայոսը կորցրեցին իրենց քաջությունը։ Արիստարքոսը Թեսաղոնիկեից էր և լավ գիտեր, որ բարի լուրի քարոզչության հետևանքով կարող է հալածանք լինել։ Որոշ ժամանակ առաջ, երբ Պողոսը քարոզում էր այդ նույն վայրում, այնտեղ իրարանցում էր եղել (Գործ. 17։5; 20։4)։ Արիստարքոսն ու Գայոսը քայլում էին Եհովայի ճանապարհներով, ուստի Աստված նրանց ուժ և քաջություն տվեց, որ դիմանան հալածանքին։
Փնտրենք ուրիշների շահը
18. Ինչպե՞ս Ակյուղասն ու Պրիսկան «փնտրեցին ուրիշների շահը»։
18 Անկախ այն բանից՝ հալածվում ենք, թե ոչ՝ մենք պետք է հետաքրքրվենք մեր հավատակիցներով։ Պրիսկան ու Ակյուղասը «փնտրում էին ուրիշների շահը» (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։4)։ Այդ հրաշալի ամուսինները Պողոսին հավանաբար մնալու տեղ էին տվել Եփեսոսում, որտեղ, ինչպես նշվեց, արծաթագործ Դեմետրիոսը խռովություն էր բարձրացրել։ Ըստ ամենայնի, այդ ժամանակ էր, որ Ակյուղասն ու Պրիսկան «իրենց գլուխը վտանգի տակ դրեցին» հանուն Պողոսի (Հռոմ. 16։3, 4; 2 Կորնթ. 1։8)։ Այսօր հալածվող եղբայրների մասին հոգատարությունը մղում է մեզ «զգույշ լինելու օձերի պես» (Մատթ. 10։16–18)։ Մենք զգուշորեն ենք անում մեր գործը և չենք դավաճանում մեր եղբայրներին՝ հալածողներին հայտնելով նրանց անունները կամ այլ տեղեկություններ։
19. Ի՞նչ էր անում Դորկասը ուրիշների համար։
19 Ուրիշների շահը մենք կարող ենք փնտրել տարբեր կերպերով։ Որոշ քրիստոնյաներ ամենաանհրաժեշտ բաների խիստ կարիք ունեն, և գուցե կարողանանք ինչ–որ ձևով օգնել (Եփես. 4։28; Հակ. 2։14–17)։ Հոպպեի առաջին դարի ժողովում կար Դորկաս անունով մի առատաձեռն կին (կարդա՛ Գործեր 9։36–42)։ «Նա լի էր բարի գործերով ու ողորմություններով»։ Ըստ ամենայնի, Դորկասը կարիքավոր այրիների համար հագուստ էր պատրաստում։ Նրա մահը (36 թ.) խորապես տխրեցրեց այրիներին։ Աստված Պետրոս առաքյալի միջոցով հարություն տվեց Դորկասին, և շատ հավանական է, որ նա շարունակեց ուրախությամբ քարոզել բարի լուրը և ուրիշների համար բարի գործեր անել։ Որքա՜ն երջանիկ ենք, որ այսօր մեզանում նման անձնվեր քրիստոնյա կանայք կան։
20, 21. ա) Ի՞նչ կապ ունի քաջալերանքը ուրիշների շահը փնտրելու հետ։ բ) Ի՞նչ կարող ես անել ուրիշներին քաջալերելու համար։
20 Մենք կփնտրենք ուրիշների շահը, եթե քաջալերենք նրանց (Հռոմ. 1։11, 12)։ Պողոսի ծառայակիցը՝ Շիղան, քաջալերանքի աղբյուր էր։ Երբ թլփատության հարցը որոշվեց (մոտ 49 թ.), կառավարիչ մարմինը Երուսաղեմից ներկայացուցիչների միջոցով նամակ ուղարկեց բոլոր քրիստոնյաներին։ Շիղան, Հուդան, Բառնաբասը և Պողոսը այդ նամակը տարան Անտիոք։ Այնտեղ Շիղան ու Հուդան «շատ խոսքերով քաջալերեցին եղբայրներին ու զորացրին նրանց» (Գործ. 15։32)։
21 Ավելի ուշ Պողոսն ու Շիղան բանտարկվեցին Փիլիպպեում։ Սակայն երկրաշարժ եղավ, և նրանք կարողացան վկայություն տալ բանտապահին ու նրա ընտանիքին, ինչի արդյունքում վերջիններս հավատացյալներ դարձան։ Նախքան քաղաքից հեռանալը Շիղան ու Պողոսը քաջալերեցին եղբայրներին (Գործ. 16։12, 40)։ Պողոսի ու Շիղայի պես՝ ձգտիր քաջալերել հավատակիցներիդ քո մեկնաբանություններով, ելույթներով և եռանդուն քարոզչությամբ։ Երբ էլ որ «քաջալերանքի որևէ խոսք» ունենաս ասելու, անպայման ասա (Գործ. 13։15)։
Շարունակիր քայլել Եհովայի ճանապարհներով
22, 23. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել Աստվածաշնչի պատմություններից։
22 Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք այն իրական պատմությունների համար, որ արձանագրված են Եհովայի՝ «ամենայն քաջալերանքի Աստծու» Խոսքում (2 Կորնթ. 1։3, Byington)։ Որպեսզի օգուտներ քաղենք դրանցից, պետք է կիրառենք մեր սովորածը և թույլ տանք, որ Աստծու սուրբ ոգին առաջնորդի մեզ (Գաղ. 5։22–25)։
23 Աստվածաշնչյան պատմությունների շուրջ խորհրդածելը կօգնի մեզ աստվածահաճո հատկություններ դրսևորել։ Այն կամրացնի մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ, ով տալիս է մեզ «իմաստութիւն, գիտութիւն եւ ուրախութիւն» (Ժող. 2։26)։ Մենք էլ կարող ենք ուրախացնել մեր Աստծու սիրտը (Առակ. 27։11)։ Թող որ այս հարցում վճռական լինենք՝ շարունակելով քայլել Եհովայի ճանապարհներով։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչպե՞ս կարող ես վստահելի լինել։
• Ինչո՞ւ պետք է «մտքով խոնարհ» լինենք։
• Ինչպե՞ս կարող են Աստվածաշնչի պատմությունները օգնել մեզ, որ քաջ լինենք։
• Ինչպե՞ս կարող ենք փնտրել ուրիշների շահը։
[նկար 8–րդ էջի վրա]
Թեև դժվար էր, Հեփթայեն պահեց իր խոստումը, իսկ նրա դուստրը թիկունք կանգնեց նրան
[նկար 10–րդ էջի վրա]
Երեխանե՛ր, ի՞նչ եք սովորում իսրայելացի աղջնակից
[նկար 11–րդ էջի վրա]
Ինչպե՞ս էր Դորկասը հոգում հավատակիցների կարիքները